Գևորգ Վարդանյանը

Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ

909
(Թարմացված է 18:46 18.02.2021)
2020 թվականի Արցախի պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցների համար։ Նրանք պատերազմի օրերին ոչ պակաս սրտատրոփ էին սպասում ռազմի դաշտից եկող լուրերին։

Թուրքիայի Մուշ քաղաքի հայ բնակիչ Արմեն Վարդանյանը, ապրելով թուրքերի ու քրդերի մեջ, իր զավակներին կնքել է հայկական անուններով՝ Հայկ, Գևորգ․․․

Գևորգն այսօր ապրում է Հայաստանի Հանրապետությունում։ Լավ գիտի, թե ինչու է կրում այդ անունը։

Геворг Варданян
© Sputnik / Nairi Hokhikyan
Գևորգ Վարդանյանը

«Իմ անունը դրել է հայրիկս՝ ի պատիվ հայ ֆիդայի Գևորգ Չաուշի։ Նա շատ է սիրում Չաուշին և միշտ ուզել է, որ ես նրա նման լինեմ»,-մեր զրույցի ժամանակ պատմում է Արմենի որդի Գևորգը։

Геворг Варданян на боевой позиции
© Photo : provided by Gevorg Vardanyan
Գևորգ Վարդանյանը

Կապ եմ հաստատում Արևմտյան Հայաստանում բնակվող Արմենի հետ։ Առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում ՀՀ-ում ապրող իր որդու մասին․

«Իմ տղան որ ծնվեց, ես երազ տեսա, որ որդուս անունը դնեմ Գևորգ Չաուշ։ Այդպես էլ կոչեցի նրան՝ Գևորգ։ Հիմա նա Հայաստանում է ապրում, դարձավ հայ զինվոր, փառք Աստծո։ Ես եմ դաստիարակել նրան, քանի որ ամեն հայ ուզում է՝ իր որդին Չաուշի նման քաջ հայ լինի»։

Արմեն Վարդանյան

Ապրելով Թուրքիայի տիրապետության տակ գտնվող տարածքում՝ մշեցի մեր հայրենակիցը գերադասել է, որ իր որդին ապրի Հայաստանում և դառնա հայկական բանակի զինվոր։ Ցանկությունն իրականություն է դարձել։ Գևորգը ոչ միայն ծառայել է ազգային բանակում, այլև հասցրել լինել 2020-ի պատերազմի ամենաթեժ կետերում։

«Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն Արցախի Մարտունիում էի։ Այնտեղ մեզ վրա եղավ թշնամու ԱԹՍ-ների հարձակում։ Մեր գումարտակի բարոյահոգեբանական գծով հրամանատարը փրկեց մեզ, բայց ինքը զոհվեց։ Ես էլ վիրավորվեցի, բայց կարողացա ապրել»,-պատմում է Գևորգը։

Ասում է` պատերազմն ունի իր կանոնները։ Կռվի ամենաթեժ պահերին չես մտածում ապագայի պլանների մասին։ Առավել կարևոր են դառնում հայրենի հողն ու ծառայակից ընկերները։ Մշեցի հայրը Գևորգին շատ է պատմել հայրենիքի մյուս հատվածի՝ Արևմտյան Հայաստանի պատմությունը, թե ինչպես են ֆիդայիները կռիվ տվել թշնամու դեմ այն ժամանակ, երբ չկար հայկական կանոնավոր բանակ։ Այսօր կա այդ բանակը, Գևորգն էլ բանակի մի մասն է։

Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը

«Մեր բանակը պատերազմին միշտ էլ պատրաստ է եղել։ Մենք պատերազմական երկիր ենք»,-ասում է Գևորգը։

Արմենն էլ անկեղծանում է, թե ինչ ապրումներ ուներ պատերազմի ժամանակ, երբ որդին առաջնագծում էր։

Армен Варданян
© Photo : provided by Gevorg Vardanyan
Արմեն Վարդանյանը

«Քո երեխան է, քո աշխարհն է, քո ամեն ինչն է։ Ճիշտ է, որդուս կողքին շատ հայ երեխաներ կային, բայց այդ 44 օրվա ընթացքում մեծ էր անհանգստությունս։ Կարելի է ասել` չեմ ապրել այդ օրերին»։

Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում

Արմենն ուրախ է, որ իր որդին կարողացել է պատերազմի փորձությունների միջով անցնելուց հետո էլ պահպանել հայրենիքին տեր լինելու գիտակցումը։ Մշեցու հպարտությամբ ասում է՝ իմ դաստիարակությունն է․

«Շատ ուրախ եմ, որ որդիս հայրենիքի պաշտպանությանն է մասնակցել։ Երբ գիտակցում ես, որ այդքան մարդ գալիս է քեզ վրա, ուզում է քեզ ոչնչացնել, դու պիտի պայքարես, քո որդին պիտի պայքարի»,-եզրափակում է մշեցի հայը, որի որդին հերոսաբար կռվեց թշնամու դեմ։

Армен Варданян
© Photo : provided by Gevorg Vardanyan
Արմեն Վարդանյանը

Ազգային պետությունը համարելով բարձրագույն արժեք՝ Արմենն ասում է, որ հայ տղամարդու ծառայությունը հայկական բանակում անհրաժեշտ է։ Չես ծառայում քո բանակում, ստիպված կլինես ծառայել ուրիշի բանակի համար։ Արմենի նշանաբանն է։

909
թեգերը:
Արցախ, Պատերազմ, Բանակ, հայ, Մուշ
Ըստ թեմայի
«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել
Խոսե Մուխիկա

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

18
(Թարմացված է 22:27 01.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Որոշ երկրների ղեկավարներ կերազեին պաշտոնավարել հավերժ, որովհետև շատ դժվար է գուշակել, թե ինչպես կդասավորվի ճակատագիրդ, երբ ի վերջո ստիպված կլինես վերադառնալ սովորական կյանքին։
Երկրի նախկին ղեկավարի անկանխատեսելի ճակատագիրը պաշտոնավարության ավարտից հետո

Ոմանց համար պրոբլեմ չկա։ Օրինակ, Խոսե Մուխիկան, որը 2010 թվականից մինչև 2015 թվականը Ուրուգվայի նախագահն էր, հիմա էլ շարունակում է ապրել իր գյուղական տանը, ջրհորից ջուր բերել տան համար և վարել իր հին, շատ հին «Ֆոլքսվագենը», որի համար տարիներ առաջ իրեն 1 միլիոն դոլար էին առաջարկում։ Ի դեպ, մի քանի տարի առաջ նա հրաժարվել է նաև նախկին նախագահներին հասնող կենսաթոշակից՝ հիմնավորելով, որ այդ փողի կարիքը չունի։ Համաձայնեք, ոչ մի զարմանալի բան չկա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիներին էլ իր ամսական 12 հազար դոլար աշխատավարձի գերակշիռ մասը նա հատկացնում էր բարեգործությանը։

​Կան, իհարկե, նաև բոլորովին այլ օրինակներ։ Դիցուք, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի պաշտոնավարման ավարտից հետո իշխանությունները նրան մեղադրեցին սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է, պաշտոնաթող ղեկավարներին շատ կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվում (այսօր նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման-խմբ.)։ Ոմանք նույնիսկ պաշտոնավարման ընթացքում են ընդունում իրենց մեղքը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախկին նախագահներից մեկը դատապարտվեց 25 տարի ազատազրկման, և պետք է որպես տուգանք վճարի ֆանտաստիկ մի գումար՝ գրեթե 20 միլիոն դոլար։

​Հայտնի է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, էսպիսի հստակ համոզմունք կա. մարդը ցանկանում է ղեկավար դառնալ միայն մի նպատակով՝ հարստանալու։ Ճիշտն ասած, շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվում նման միանշանակ պնդումներին և ավելի շատ հակված եմ կարծելու, որ ամեն ինչ կախված է տարբեր մակարդակների մեծ ու փոքր ղեկավարների, այդ թվում՝ երկրի առաջնորդների անձից, բարոյական կերպարից և դավանած սկզբունքներից։ Չեմ ուզում հիմա լրջորեն վերլուծել այս հարցը և կոնկրետ անուններ տալ, որովհետև, գիտեք երևի, հենց մի անուն ես տալիս և կարծիք հայտնում, թե այս մարդը մաքուր է, միանգամից ի պատասխան ստանում ես ծռմռված դեմք, հեգնական ժպիտ և շատ երկար դասախոսություն այն մասին, թե ինչ սրիկա է այդ մարդը։ Ու հենց հարցնում ես՝ բայց որտեղի՞ց գիտես, որ այս մարդը ֆանտաստիկ հարստություն է դիզել, հետևում է մահացու մի պատասխան՝ հարևանս է պատմել, ինքն էլ հո գիտի։

​Իսկ կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը ոչ թե շահել, այլ կորցնել նախագահ կամ վարչապետ լինելուց։ Իհարկե, կարող է։ Հեռու չգնանք։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ։ Ահա թե ինչ է գրում գերմանական «Ֆոկուս» հանդեսը։

«Թրամփն առաջվա պես մնում է միիարդատեր, բայց նրա ֆինանսական կայսրությունը ճաքեր է տվել նախագահության օրոք։ Ճիշտ է, նրա կարողությունը կազմում է 2,5 միլիարդ դոլար, բայց ամերիկացի մեծահարուստների ցուցակում նա իջել է գրեթե 65 կետով։ Վաշինգտոնում և Չիկագոյում գտնվող նրա անշարժ գույքը, կարծես թե, այլևս եկամուտ չի բերում»։

Բայց ամենագլխավորը՝ քիչ առաջ փաստեցի, որ նախկինների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել։ Դոնալդ Թրամփի օրինակը հենց այդ դեպքերից է։ «Թրամփին մի քանի դատական հայցեր են սպասում, քանզի նա այլևս նախագահ չի և քրեական հետապնդումից պաշտպանված չի։ Միանգամից մի քանի դատախազներ փորձում են ապացուցել, որ Թրամփը հարկային խարդախություններ է թույլ տվել», - գրում է գերմանական պարբերականը։

​Ճիշտ է, իր կորուստները Թրամփը կարող է մասամբ փոխհատուցել բարձր թոշակով, որը ստանում են պաշտոնաթող ամերիկացի նախագահները՝ տարեկան ավելի քան 220 հազար դոլար։ Բայց ինձ մեկ ուրիշ թիվ շշմեցրեց և անհագ ցանկությունս առաջացրեց աշխատել պաշտոնաթող որևէ նախագահի կամ թեկուզ վարչապետի գրասենյակում։ Ախր Միացյալ նահանգների, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները գրասենյակ պահելու իրավունք ունեն։ Ես չգիտեմ, թե որքան է ստանում, ասենք, Վիկտոր Սողոմոնյանը՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, բայց Ամերիկայում պաշտոնաթող նախագահը իրավունք ունի իր գրասենյակի աշխատողներին վճարել տարեկան 150 հազար դոլար։ Ճիշտ է, դա միայն առաջին 30 ամսվա ընթացքում, դրանից հետո այդ թիվն իջնոմ է մինչև տարեկան 96 հազար դոլար։ Ոչինչ, 96 հազարին էլ եմ համաձայն։

18
թեգերը:
Ուրուգվայ, Հայաստան, ԱՄՆ, Նախագահ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

679
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

679
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Սեյսմոգրաֆ

Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ-ի սեյսմիկ քարտեզը. շինարարության նոր նորմերը և վտանգավոր գոտիները

0
Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը տեղավորվում էին 2018 թ․-ին հայ գիտնականների կազմած սեյսմիկ քարտեզի տրամաբանության մեջ։ Դրա հիման վրա գնահատականներ են տրվել առաջիկա 50 տարիների հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ։

2020 թ․-ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունեց սեյսմակայուն շինարարության նախագծման նոր նորմերը։ Դրանց համար հիմք է ծառայել սեյսմիկ վտանգի քարտեզը և դրա հիման վրա կազմված Հայաստանի տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը։ Այս քարտեզները կազմել է ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիքի վրա ստեղծված «Գեոռիսկ» ձեռնարկությունը։

Քարտեզի վրա Հայաստանը բաժանված է գոտիների, որտեղ 10% հավանականությամբ 50 տարվա ընթացքում կարելի է որոշակի ուժգնությունից բարձր ուժի երկրաշարժեր սպասել։ Որպես չափման միավոր ընտրված է հողի պիկային արագացումը (ոչ պրոֆեսիոնալ լեզվով ասած՝ թե որքան արագ է «ճոճվում» հողը ոտքերի տակ)։

Այդ արագացումը հաշվարկվում է g մեծության, այսինքն՝ ազատ անկման արագացման (9.8մ/վ) համամասնությամբ։ Այլ կերպ ասած՝ 0,5 g գոտում մոտակա 50 տարում 10 տոկոս հավանականությամբ կարելի է ստորգետնյա ցնցումներ սպասել՝ հողի 4,9մ/վ արագացմամբ (մոտավորապես նույն ուժի, ինչ և Սպիտակի երկրաշարժը)։ Կազմված քարտեզի և շինարարության նոր նորմերի հետ դրա կապի մասին Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է «Գեոռիսկի» տնօրեն Սուրեն Առաքելյանը։ Զրուցել է Արամ Գարեգինյանը։

- Հայաստանի տարածքում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը տեղավորվո՞ւմ են ձեր սխեմայի մեջ։ Ճի՞շտ է արդյոք այն ենթադրությունը, որ մի քանի թույլ երկրաշարժերը լիցքաթափում են լիտոսֆերային սալերի լարվածությունը և թույլ չեն տալիս, որ մեկ ուժեղ երկրաշարժ լինի։

-Հայաստանի տարածքում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը համապատասխանում եմ մեր սեյսմոտեկտոնիկ մոդելին․առաջինը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Սյունիքի բեկվածքի Փամբակ-Սևան հատվածում, իսկ երկրորդը՝ Երևանյան խորքային բեկվածքում։ Երկու երկրաշարժերն էլ միջին ուժի են եղել և դրանց առաջացրած արագացումները, ըստ մեր քարտեզի, սպասվողներից նկատելիորեն ավելի փոքր են եղել։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թույլ երկրաշարժերը լիցքաթափում են տեկտոնիկ լարվածությունները՝ դա միայն ենթադրություն է։ Հակառակ օրինակներ ևս կան։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժից առաջ մոտավորապես միևնույն գոտում երկու թույլ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը շատ բարդ բնական գործընթաց է, ոչ բավարար չափով ուսումնասիրված, և գիտության ներկայիս մակարադակը հնարավորություն չի տալիս ապացուցել կամ հերքել այսպիսի ենթադրությունները։

-Սպիտակի երկրաշարժի ժամանակ հողի արագացումը կազմել է 0,48 g։ Արդյո՞ք դա նշանակում է, որ 0,4 – 0,5 g գոտիներում շենքերը պետք է կառուցել Սպիտակի երկրաշարժի համար հաշվարկված սեյսմակայունությամբ։ Ո՞ր գոտում է Երևանը։

-Քարտեզը բաժանված է 3 սեյսմիկ գոտու՝ 0.3g, 0.4g և 0.5g առավելագույն նշանակությամբ։ Համապատասխանաբար, Հայաստանի բոլոր բնակավայրերի համար շինարարության   նորմերում սեյսմիկության աստիճանի մասին նշում է արվում։ Այդ աստիճանից է կախված, թե ինչ ստանդարտներով պետք է կառուցվեն բնակելի շենքերն ու այլ օբյեկտները, որոնց օգտագործման ժամկետը 50 տարին չի գերազանցում։ Ըստ այդ ցուցակի, Սպիտակ քաղաքը երրորդ, առավելագույն գոտում է՝ 0,5g, իսկ Երևանը ներառված է երկրորդ գոտում՝ 0,4 g։

Սեյսմիկ վտանգի քարտեզի և դրա հիման վրա կազմված Հայաստանի Սեյսմիկ գոտիավորման քարտեզի կազմման աշխատանքներն իրականացվել են 2016-2018 թթ. միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում էին ամերիկյան «AIR Worldwide Corporation» ընկերությունը, իտալական «Global Earthquake Modeling Foundation»-ը և հայկական «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը։ Նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ «Գեոռիսկը» համագործակցել է Հայաստանի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և համապատասխան պետական կառույցների հետ (սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն և այլն)։

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փամբակ-Սևանի և Գառնիի բեկվածքների շուրջ գտնվող տարածքները Հայաստանի ամենասեյսմավտանգ գոտիներն են։

-Վերջին սեյսմոտեկտոնիկ մոդելը, որն օգտագործված է քարտեզը պատրաստելիս, ստեղծվել է «Գեոռիսկ» ընկերության երջանկահիշատակ հիմնադրի՝ Արկադի Կարախանյանի կողմից։ Այս մոդելն է օգտագործվել նաև Հայաստանի ԱԷԿ-ի սեյսմիկ վտանգավորության գնահատման ժամանակ, որը նույնպես իրականացնում էր կոնսորցիումիը՝ «Գեոռիսկի» ղեկավարությամբ, 2009-2012թթ․-ին։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

Ըստ այդ մոդելի՝ Փամբակ-Սևան-Սյունիքի և Գառնիի բեկվածքներն առավելագույն սեյսմիկ ներուժն ունեն․ համապատասխանաբար 7,6 և 7,3 մագնիտուդի։

-Ինչպես է հաշվարկվել քարտեզի վրա նշված երկրաշարժի 10 տոկոս հավանականությունը։

-Քարտեզն 90 տոկոս հավանականությամբ ցույց է տալիս այն գոտիները, որտեղ 50 տարվա ընթացքում հողի սպասվող առավելագույն արագացումը g-ի համամասնությամբ չի գերազանցի նշված նորմերը։ Դա չի նշանակում, որ այնտեղ չեն կարող ավելի մեծ արագացումներ լինել, սակայն մոտակա 50 տարում դրա հավանականությունը 10 տոկոսը չի գերազանցում։

Որևէ տարածքի սեյսմիկ վտանգի գնահատումը բարդ գործընթաց է, այն օգտագործում է գիտական նվաճումներ թե՛ բնական գիտությունների (երկրաբանություն, սեյսմաբանություն, գեոֆիզիկա), թե՛ ճշգրիտ (մաթեմատիկա, վիճակագրություն), թե՛ հումանիտար գիտությունների (հնագիտություն և պատմություն) ոլորտում։

Այնպես որ դժվար է բոլորին հասկանալի ձևով բացատրել, թե ինչպես է հաշվարկվում ստորգետնյա ցնցումների հավանականությունը։ Անալիզի համար ամենատարբեր տվյալներ են օգտագործվում` երկրաշարժերի գործիքային և պատմական կատալոգներ, պալեոսեյսմոլոգիական և հնէաբանական հետազոտություններ, երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրություն, արբանյակային լուսանկարներ, երկրաֆիզիկական հետազոտություններ, GPS-ի միջոցով ճշգրիտ չափումների տվյալներ:

Այնուհետև գնահատվում է յուրաքանչյուր մեթոդի արժանահավատությունը և ճշգրտությունը և դրանից հետո՝ բեկվածքի յուրաքանչյուր հատվածի սեյսմիկ պոտենցիալը՝ հնարավոր սխալանքով։

Սեյսմիկ վտանգի գնահատման ժամանակ շատ կարևոր է ուսումնասիրվող տարածքի սեյսմոտեկտոնիկ մոդելը։ Սեյսմոտեկտոնիկ մոդելն ակտիվ բեկվածքների քարտեզ է՝ բեկվածքի յուրաքանչյուր հատվածում առավելագույն հնարավոր երկրաշարժերի նշումով։

-Հնարավո՞ր է արդյոք քարտեզի հիման վրա գնահատել երկրորդային ավերածությունների ռիսկը, հաշվի առնելով ջրամբարների տեղակայումը(հատկապես՝ գետայինների, քանի որ գետերը հոսում են բեկվածքների երկայնքով), ինչպես նաև աղբյուրների և թափոնների տեղակայումը։

-Վտանգի գնահատումն ու ռիսկի գնահատումը տարբեր հասկացություններ են, որոնք շատերը հաճախ շփոթում են։ Կփորձեմ անջատել այդ երկու հասկացությունները։

Ռիսկը կախված է ոչ միայն երկրաշարժի ուժից, այլև բնակչության խտությունից, պատրաստվածությունից, վաղ ազդարարման համակարգերից, շինարարության որակից և բազմաթիվ այլ գործոններից: Ջրամբարների և պոչամբարների դեպքում կարելի է հաշվարկել, թե ինչ տեղի կունենա ամբարտակի ճեղքման դեպքում, որքան տարածք կհեղեղվի, ինչ բարձրության ալիք կլինի, ինչ արագությամբ այն կշարժվի և այլն:

Պետք է նշել, որ բոլոր ջրամբարներն ու պատվարներն ունեն անձնագրեր, որոնցում այդ տվյալները նշված են։ Դրանք ունենալով` դուք կարող եք հաշվարկել տնտեսական և մարդկային կորուստները, այսինքն՝ գնահատել ռիսկը։

Իսկ վտանգի գնահատումը ցույց է տալիս երկրաշարժի բուն ուժը, այսինքն՝ ինչ առավելագույն արագացում կարելի է ակնկալել պատվարի հիմքում և ինչ հավանականությամբ։ Իմանալով դա` կարելի է հաշվարկել, թե ինչ կայունության  պետք է լինի պատվարը։

Ինչպես արդեն նշվեց՝ բնակելի շենքերի և մի շարք այլ օբյեկտների համար ռիսկը հաշվարկվում է 50 տարով։ Այլ օբյեկտների համար, ինչպիսիք են ջրամբարները, թափոնների պահեստավայրերը, էլեկտակայանները և այլն, առավել խիստ ստանդարտներ են կիրառվում, այդ թվում՝ միջազգային։ Օրինակ՝ ջրամբարների համար կարող է լինել 475 կամ 1000 տարի, իսկ ատոմակայանի համար՝ 10 000 տարի։

Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք

Ինչպես արդեն նշվեց, «Գեոռիսկը» սեյսմիկ վտանգավորության գնահատում է անցկացրել Հայաստանի ԱԷԿ-ի համար։ Նմանատիպ աշխատանքներ մենք իրականացրել ենք որոշ ջրամբարների և թափոնների պահեստավայրերի համար, մասնավորապես՝ 2019թ․-ին, ՀԷԿ-ի Որոտանի կասկադի երեք պատվարների համար։

0
թեգերը:
ջրամբար, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), գիտնական, քարտեզ, Երկրաշարժ, սեյսմոլոգ, Հայաստան
Ըստ թեմայի
Գրանցված վերջին երկրաշարժից խուճապի մատնվելու հիմքեր չկան. սեյսմոլոգ 
Թույլ հետցնցումներից շենքերը չեն կարող լրջորեն վնասվել. ի՞նչ է խորհուրդ տալիս սեյսմոլոգը
Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաև սեյսմիկ կայաններ. ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է