Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

«Սերժ Սարգսյանը ռիսկի դիմեց ու պարտվեց». փորձագետները՝ ՀՀ նախկին նախագահի մեսիջների մասին

759
(Թարմացված է 23:45 17.02.2021)
Դիտորդների կարծիքով, երրորդ նախագահի մի շարք փաստարկներ քննադատության չեն դիմանում, նա լսարանի հետ մինչև վերջ անկեղծ չէր։ Ասածը վերաբերում է ինչպես 2018 թվականի իրադարձություններին, այնպես էլ Արցախի վերաբերյալ բանակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երկար տարիների դադարից հետո Սարգսյանը խոսեց, և խոսեց շատ բանի մասին` փողոցի ճնշման տակ իր հեռանալու, Նիկոլ Փաշինյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի, բանակի և այլն։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ փորձագետների, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական լայն շրջանակներում։ Հարցազրույցի նույնիսկ մակերեսային վերլուծության դեպքում այնտեղ որևէ «սխալների ուղղում» նկատել հնարավոր չէ, որևէ խոստովանություն սեփական բացթողումների վերաբերյալ մենք չտեսանք։ Չէ՞ որ իշխանության անփոփոխելիությունը, ՀՀԿ–ի տոտալ քաղաքական մենաշնորհը, քաղաքական մրցակցության և արդարության տեսանկյունից վիճահարույց ընտրությունները գրավական դարձան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, որին այսօր նույն Սարգսյանն այդքան եռանդագին նշավակման է ենթարկում։ Արատավոր այս երևույթներից ոչ մեկի մասին Սարգսյանը մի բառ անգամ չասաց։

Ավելին, պարզվեց, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը լքելիս, Սարգսյանը փոխանցել էր իշխանությունը ոչ թե Փաշինյանին, այլ այդ պահի դրությամբ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, որից ավելի վաղ անձամբ էր խլել վարչապետական աթոռը։ Այստեղ անհնար է չնկատել պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու քողարկված փորձը։

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի կարծիքով` 2018 թվականի ապրիլի վերջին տեղի ունեցածը կարելի է անվանել ցանկացած բառով, բայց ոչ «իշխանության փոխանցում»։

«Սերժ Սարգսյանը լքեց  պաշտոնը «փողոցի» ազդեցության տակ, իր քաղաքական թիմին նախապես պատային իրավիճակի մեջ դնելով, ինչից իսկզբանե կարելի էր խուսափել։ Հիշեցնեմ, որ «թավշյա հեղափոխության» գլխավոր կարգախոսը` «մերժի՛ր Սերժին» էր, այսինքն բավական հեշտ էր հաշվարկել սցենարները, որի շրջանակում Սարգսյանի նոր ժամկետը կհանգեցներ բնակչության դժգոհությանը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց փորձագետը։

Հուսով եմ` Փաշինյանը հեռանալու համարձակություն կգտնի իր մեջ. Կարեն Կարապետյան

Միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանի թեկնածությունն ու 2018 թվականից առաջ կառավարության կազմի թարմացումը քաղաքական և սոցիալ–տնտեսական իրավիճակի փոփոխությունների և կայունության հույս էին ներշնչում։  Փորձագետը կարծում է, որ նախկին նախագահն ու նախկին վարչապետը կանխամտածված էր դիմել ավելի ռիսկային սցենարի, որը ստեղծվել էր արդեն 2015 թվականի նոր Սահմանադրության հետ մեկտեղ, բայց պարտվեց։

«Հատկանշական է, որ նա հասցրեց երկու անգամ վարկաբեկել նաև Կարեն Կարապետյանին։ Սկզբում նրա շուրթերով առաջարկեց իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար 2018 թվականի ապրիլին, իսկ արդեն այսօր` նրա վրա բարդեց Փաշինյանին իշխանությունը «հանձնելու» պատասխանատվությունը։ Այդ պատճառով քաղաքական գործիչներից անկեղծություն ակնկալել չարժե, սակայն արարքների տրամաբանական լինելու վրա ամեն դեպքում պետք է ուշադրություն դարձնել», – ասում է Դունամալյանը։

Նախկին նախագահի հարցազրույցի կենտրոնական թեման Արցախյան պատերազմն էր ու վերջին տարիների բանակցային գործընթացը։ Սարգսյանը հերքեց Փաշինյանի բազմիցս հնչեցրած այն պնդումները, որ նախկին իշխանությունների օրոք բանակցությունները տարվում էին բացառապես Հայաստանի կողմից տարածքային զիջումների շուրջ։

Իրականում, երրորդ նախագահի խոսքով, սեղանի վրա դրված էր փաստաթուղթ, որի իրականացումը վաղ թե ուշ բերելու էր Արցախի անկախությանը։ Թեև ԼՂՀ–ի շուրջ 7 շրջանները (խոսքը Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Քելբաջարի, Լաչինի, մասնակիորեն Ֆիզուլիի և Աղդամի շրջանների մասին է) ամեն դեպքում պետք է հանձնվեին։

Դունամալյանի խոսքով, դժվար է ասել, թե որքանով էին  խնդրի լուծման` Սարգսյանի ուրվագծած հեռանկարները իրատեսական, քանի որ արցախյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմից։  Նաև չի կարելի չընդունել, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո Վիեննայում և Սանկտ–Պետերբուրգում կողմերը բավական կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին հրադադարի պահպանման ռեժիմը վերահսկելու մոնիթորինգային առաքելության վերաբերյալ։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո բանակցությունների գործընթացը զրոյական մակարդակի վերադարձավ։

«Չի կարելի ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հակամարտության կարգավորմանը 2018 թվականից առաջ կամ հետո (եթե վարչապետ մնար), սակայն նա կարող էր ինչ–որ կերպ վերահսկել իրավիճակը` պատերազմի այն չհասցնելով», – ասում է մեր զրուցակիցը։

Այստեղ շատ բան կախված կլիներ ռազմական հավասարակշռությունից։ Այսպես, հաղթանակում լիարժեք վստահ լինելով՝ Իլհամ Ալիևն ամեն դեպքում կգնար Արցախի դեմ պատերազմի հրահրմանը, քանի որ Բաքուն միշտ նախապատվություն է տվել խնդրի ուժային լուծմանը։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Սարգսյանը հենց այսօր որոշեց խախտել լռությունը, ապա, ըստ Դունամալյանի, Արցախում հայտնի իրադարձություններից հետո նախկին նախագահը քաղաքական դաշտում իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն տեսավ։

«2015 թվականին Սահմանադրության փոփոխումն ամեն դեպքում խոսում է Սարգսյանի երկարաժամկետ ծրագրերի մասին, որոնք խախտվեցին «հեղափոխությամբ», բայց, հավանաբար, չեն դադարել արդիական լինել։ Միևնույն ժամանակ նա հասցրեց իր շուրջը աշխատունակ քաղաքական ու վարչական թիմ ձևավորել, որը կարող էր պետք գալ քաղաքական պայքարի նոր փուլի դեպքում», – կարծում է փորձագետը։

Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն իր հերթին նշում է, որ Սարգսյանն իրավացի է, երբ խոսում է Կարապետյանին իշխանությունը փոխանցելու մասին։ Սակայն նա զուտ ֆորմալ էր այն փոխանցել, քանի որ այդ պահին նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունները անցնում էին առաջին փոխվարչապետին, որն էլ Կարապետյանն էր։ Սակայն նախկին նախագահը չէր կարող չիմանալ, որ Կարապետյանը չի կարող վերցնել իշխանությունը, և որ իրականում նա կառավարումը հանձնում է Փաշինյանին։  Չէ՞ որ հենց Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ն, ավելի ստույգ, նրա խմբակցությունը խորհրդարանում Փաշինյանին վարչապետ ընտրեց՝ հրապարակում կանգնած ժողովրդի ճնշման տակ։

«Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել պատասխանատվության բեռից, հերքել այն մեղադրանքները, թե իբր ինքը իշխանությունը հանձնել է ներկայիս թիմին, որը երկիրը կործանման հասցրեց։ Դա Կարապետյանի վրա պատասխանատվության մի մասը բարդելու փորձ է», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց  Բաղդասարյանը։

Նրա կարծիքով` Սարգսյանի այն խոսքերը, թե նա որոշել էր վարչապետ դառնալ արցախյան կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով, քննադատության չեն դիմանում։ Որևէ երաշխիք չկար և չէր կարող լինել, որ Ադրբեջանը կհամաձայնի այն ժամանակ սեղանին դրված առաջարկների փաթեթին։ Սարգսյանը չէր կարող համոզված լինել, որ վերջին պահին Բաքուն չի հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, ինչպես դա տեղի ունեցավ Կազանում։

«Ալիևի ախորժակն անընդհատ մեծանում էր, և որոշակի պահի Բաքուն մեծ հավանականությամբ կմերժեր Երևանին քիչ թե շատ ձեռնտու տարբերակը։ Եվ արդեն բոլորովին կարևոր չէ, որ Սարգսյանը պատրաստ էր ստորագրելու այս կամ այն փաստաթուղթը», – նշեց նա։

Սրանից ելնելով, փորձագետը համոզված չէ, թե Սարգսյանին կհաջողվեր հասնելու կարգավորման այն տարբերակին, որի մասին նա խոսում էր հարցազրույցում։

Բաղդասարյանը նախկին նախագահի հարցազրույցը գնահատում է նաև քաղաքական կյանքում ավելի ակտիվ մասնակցության հայտ։ Ընդդիմադիր դաշտում այժմ խիստ մրցակցություն է գնում առաջատար լինելու համար։ Եվ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ ակտիվացումից ու ընտրություններին  (եթե դրանք տեղի ունենան) մասնակցելու պատրաստակամության մասին նրա հայտարարություններից հետո սպասելի էր, որ ՀՀԿ–ն ևս կբարձրաձայնի իր մասին։

759
թեգերը:
Կարեն Կարապետյան, Նիկոլ Փաշինյան, հարցազրույց, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան
Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան
Կանաչ ժամ եկեղեցին Շուշիում

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

120
(Թարմացված է 08:22 26.02.2021)
Ադրբեջանական կողմն իր նոր թեզն է առաջ տանում այն մասին, թե Շուշիում հայկական եկեղեցիներն ուղղափառ են։ Օրեր առաջ նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է պարզել` որն է խնդիրը։

Տեղի իշխանությունների հրավերով պետդումայի պատգամավոր (Վորոնեժի մարզից ընտրված) և «Հայրենիք» («Родина») կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը վերջերս Բաքու էր այցելել, որտեղ նրան շատ հյուրընկալ էին ընդունել, և պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով շրջելուց հետո, Facebook–ի իր էջում ադրբեջանական ԶԼՄ–ից մի հոդված էր հրապարակել Շուշիում «գողացած եկեղեցու» մասին։ Միևնույն ժամանակ խորհրդարանականն իր գրառումը բավական կտրուկ մեկնաբանությամբ էր ուղեկցել հայկական կողմի հասցեին. «Ռուսական եկեղեցու օկուպացիան, հոգևոր արժեքների վրա հարձակումը ամենավատ ռուսատյացության չարագույն դրսևորումներն են»։

Скрин поста Алексея Журавлева в Facebook от 19 февраля 2021
Ալեքսեյ Ժուրավլյովի հրապարակումը Facebook–ում

Պարզաբանեմ. լուսանկարում 1847 թվականին Շուշիում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Ժողովրդի շրջանում այն ավելի հայտնի է Կանաչ ժամ անունով։  Այդ անվանումը ստացել է, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ է եղել։ Խորհրդային տարիներին վանքն օգտագործել են որպես հանքային ջրերի ըմպելասրահ, ինչի պատճառով էլ հիմքը քայքայվել ու քանդվել էր։ Առաջին հաղթանակած պատերազմից հետո Արցախի  իշխանությունները որոշել էին վերականգնել եկեղեցին։ 1995 թվականի մայիսին վանքն օծվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի ներկայությամբ և վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Ադրբեջանական աղբյուրները, որոնց հղում է անում պատգամավոր Ժուրավլյովը, պնդում են` իբրև եկեղեցու ճակատային մասը  ի սկզբանե ռուսական ճարտարապետության ավանդույթների մեջ է արվել և միայն տասնամյակներ անց նրա արտաքին տեսքը փոխվել է ու դարձել հայկական։ Եկեղեցու գմբեթն իսկապես ժամանակին կլոր էր։ Սակայն հին լուսանկարների վրա ռուսական ճարտարապետական ոճ ճակատային հատվածում չի կարող նկատել և ոչ մի գրագետ ճարտարապետ։ Բացի այդ, եկեղեցու մուտքի վերևում քարի վրա փորագրված արձանագրությունը («Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847») վկայում է վանքը կառուցողի ու հովանավորի մասին։  Չեմ  բացառում, որ այդ գրությունն արդեն ոչնչացվել է։ Հայտնի է, որ եկեղեցու գմբեթը պայթեցվել է։ Միևնույն ժամանակ Բաքվում պնդում են, որ վանքը վնասվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծության հետևանքով։ Սակայն համացանցի որոնողական համակարգը լուսանկարներ է բերում, որոնցում ադրբեջանցի զինվոր է պատկերված եկեղեցու ֆոնին։

Оскверненная часовня Иоанна Крестителя в Шуши
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Լուսանկարը համացանցում հայտնվել է քաղաքի նկատմամբ հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկողությունը  կորցնելուց մոտավորապես հինգ օր անց։ Այդ ժամանակ եկեղեցին դեռ նորմալ վիճակում էր։  Իսկ ահա ևս մի քանի օր անց նկարահանած տեսանյութը թույլ է տալիս համոզվել, որ գմբեթն արդեն քանդված է։

Արժե ամեն դեպքում հասկանալ, թե որտեղից է հայտնվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Դատելով ամեն ինչից, այդ վարկածի կողմնակիցները դիտավորյալ են «շփոթում» երկու տարբեր եկեղեցիներ։

Հայտնի է, որ Շուշիի Ղումլուխ թաղամասում ХIХ դարի 30-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել է ուղղափառ Սուրբ Գեորգիի եկեղեցին։ Ըստ ամենայնի, «սրբավայրը հայերի կողմից յուրացման» մասին խոսելով, Ադրբեջանում նկատի ունեն հենց այդ վանքը։ Ռուսական ուղղափառ եկեղեցուն նրա պատկանելությունը հայերի կողմից երբեք կասկածի տակ չի դրվել։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի են վերածել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին հիմնահատակ քանդվեց և դրա փոխարեն մշակույթի տուն կառուցվեց։

Հետաքրքրական է, որ Բաքվում պնդում են, որ 1868 թվականին ճարտարապետ  Սիմեոն Տեր–Հակոբյանցի կառուցած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նույնպես ի սկզբանե ուղղափառ է եղել։ Իբրև հայերն այն ևս զավթել են ու հայկականացրել։ Ավելին, Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն իրենց հերթին են գողացել վանքի շենքը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Ճարտարապետը պատմում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար վանք հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակի ղեկավարությունը զանգը կախեց Ղարաբաղի խանության  խորհրդի շենքի աշտարակի վրա և այստեղ  պաշտամունքի համար պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում խորհրդի շենքը վերանորոգվեց ռուսական  բանակի հրամանատարության հրամանով և հարմարեցվեց եկեղեցական ոճին»։ Ավելին, ճարտարապետի պնդմամբ, մինչև 1989 թվականը Շուշիում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ХХ  դարի սկզբին Թիֆլիսում Կովկասի փոխարքա նորին կայսերական մեծության գրասենյակի կողմից տպագրվող «Կովկասյան օրացույց» պաշտոնական տեղեկատուի տվյալներով` Ղարաբաղի մասին բաժնում ասվում է. «Շուշի քաղաքում եկեղեցիների թիվը. ուղղափառ` 1, հայ առաքելական` 5, շիական մզկիթ` 2։ Հոգևորականություն. ուղղափառ` 1, հայ առաքելական`89, մահմեդական` 39»։

«Կովկասյան օրացույցում» հիշատակած Շուշիի հայկական եկեղեցիներից երեքը ոչնչացվել էին Ադրբեջանի խորհրդային ղեկավարության կողմից։ Ագուլեցոց եկեղեցին քանդել էին 1960 թվականին, դրա տեղում կառուցել դպրոց։

Մեղրեցոց եկեղեցու շենքը սկզբում ամառային կինոթատոնի վերածեցին, այնուհետև ամբողջությամբ վերացրին։

Կուսանաց վանքը 60-ականների կեսերին բուլդոզերներով քանդեցին և դրա տեղում բնակելի տներ կառուցեցին։

Իսկ կառավարման հայկական ժամանակահատվածում Շուշիի շիիթական երկու եկեղեցիները ոչ միայն պահպանվել էին, այլև վերականգնվել։ Ընդ որում, պահպանվել էին այն ժամանակվա մահմեդական պաշտամունքային ճարտարապետության բոլոր մանրուքները։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

120
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Եկեղեցի, Շուշի
Ըստ թեմայի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Այլմոլորակայիններ

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

239
​Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ մտածել ենք՝ արդյոք կա՞ն այլմոլորակայիններ, ինչպե՞ս պիտի կայանա մեր հանդիպումը նրանց հետ և ինչ կարելի է սպասել երկու քաղաքակրթությունների նման շփումից։
Ինչու չեն գալիս այլմոլորակայինները. միգուցե մտավախություն ունեն, որ մենք ինքներս կկործանենք մեր մոլորակը

Այդ հնարավոր հետևանքների  ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է էկզոսոցիոլոգիա։ Ավստրիական «Դեր Շտանդարտ» թերթի թղթակիցը զրուցել է էկզոսոցիոլոգիայի հարցերով փորձագետ, Ֆրայբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Միխեիլ Շեչեի հետ, որը փաստում է՝ ֆուտուրոլոգիայում այլ քաղաքակրթությունների հետ շփումների հնարավորությունն անվանում են «ջոկեր»։

​Ինչո՞ւ հենց «ջոկեր»։ Դե երևի լավ գիտեք, որ այդ՝ բառիս բուն իմաստով եզակի խաղաքարտը շատ հազվադեպ է հայտնվում խաղացողի ձեռքին, բայց եթե այնուամենայնիվ հայտնվում է, կարող է արմատապես փոխել շատ բան, ողջ խաղի ընթացքը։ Համաձայնեք՝ նույնն է արտերկրի քաղաքակրթության հետ հանդիպման դեպքում, բայց դրա հավանականությունը, ըստ որոշ գիտնականների, բավական փոքր է, մանավանդ, որ նման բան կարծես թե դեռ երբեք չի պատահել, համենայնդեպս 100 տոկոսով հավաստի գիտական տվյալներ այս մասին գոյություն չունեն։

Բայց եթե մենք ելնում ենք այն թեզից, որ բնակելի մոլորակներ այնուամենայնիվ գոյություն ունեն, մենք պիտի ընդունենք, որ այդ մոլորակներում նաև քաղաքակրթություններ են ձևավորվել, որոնց հետ մենք ի վերջո հաղորդակցության մեջ կմտնենք։ Կլինի դա առաջիկա 10 տարո՞ւմ, թե՞ մի հազարամյակ հետո՝ այ սա հարց է, որին որևէ մեկը գոնե առայժմ դժվար թե համարձակվի պատասխանել։

​Միխեիլ Շեչեն վկայակոչում է շվեդ պրոֆեսոր Նիք Բոստրյոմին, որը դեռ տարիներ առաջ էր մշակել մի տեսություն, ըստ որի, ապագայում արհեստական բանականությունը անխուսափելիորեն կգերազանցի մարդկային բանականությանը և ի վերջո կգերակայի ողջ աշխարհում։ Եթե այս՝ մեզ համար բավական տխուր կանխատեսումը, իրոք կարող է իրականություն դառնալ մեր մոլորակում, ապա պարզ չէ, թե այլ քաղաքակրթություններն ինչու չպիտի զարգանան նույն ճանապարհով։ Եվ ուրեմն՝ եթե մենք ի վերջո հանդիպենք այլմոլորակայինների հետ, մեծ հավանականությամբ դրանք ոչ թե կենդանի արարածներ, այլ ռոբոտներ կարող են լինել։

«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում

​Բայց լավ, դառնանք այլ քաղաքակրթությունների հետ մեր հանդիպման երեք սցենարներին, որոնք նկարագրում է Միխեիլ Շեչեն և որոնք ամենից հաճախ է դիտարկում նրա ղեկավարած գիտական խումբը։ «Առաջինն այն է, որ մենք տիեզերքից ազդանշան ենք ստանում։ Սրա հետևանքները կախված են այն բանից, թե ինչ հեռավորությունից է ուղարկված ազդանշանը։ Եթե պարզում ենք, որ հեռավորությունը 5 հազար լուսային տարի է, պիտի միանգամից ինքներս մեզ հարց տանք՝ իսկ արդյոք այդ քաղաքակրթությունը դեռ գոյություն ունի՞։ Մանավանդ, որ մեր պատասխանն էլ պիտի 5 հազար լուսային տարի գնա։ Նկատեք՝ ոչ թե պարզապես տարի, այլ լուսային տարի։ Նման սցենարն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գիտնականների համար, որոնք վերջապես հաստատ կկարողանան պնդել՝ բացի Երկրից տիեզերքում առնվազն մեկ այլ քաղաքակրթություն առաջացել է։ Սակայն այս սցենարը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա»,–ասում է փորձագետը։

​Սցենար թիվ երկու։ Տիեզերքի մեզ արդեն հասու տարածքում, օրինակ, Լուսնի, Մարսի կամ որևէ աստերոիդի վրա մենք հայտնաբերում ենք ինչ-որ մի բան, որը վկայում է այլ քաղաքակրթության գոյության մասին։ Նկատեք՝ ոչ թե ապացույց, որ նախկինում Լուսինը, Մարսը կամ մեծ աստերոիդը բնակեցված են եղել, այլ պարզապես այլ քաղաքակրթությունների գոյության վկայություն։ Օրինակ` անհայտ ծագման ջարդված զոնդ լուսային խառնարաններից մեկում կամ ձախողված գիտարշավի հետքեր Մարսի ցամաքած լճերից մեկի հատակին։ Սա էլ կարող է մեծ նշանակություն ունենալ գիտության համար՝ որպես հավաստումն այն ենթադրության, որ միջաստղային տարածությունը կարելի է հաղթահարել։ Բայց Միխեիլ Շեչեն փաստում է, որ սա էլ մեր առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։

​Երրորդ սցենարն էլ, երևի կռահում եք, այն է, որ այլմոլորակայինները պարզապես Երկիր կժամանեն իրենց տիեզերանավով։ Այդ դեպքում բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են առաջանալու։ Բայց անկեղծ ասեմ, ինձ շատ հավանական է թվում նաև Միխեիլ Շեչեի նկարագրած՝մարդկության համար ամենատխուր սցենարը, ըստ որի, այլմոլորակայիններն ընդհանրապես չեն գալիս մեզ մոտ՝ տրամաբանելով. «Տո լա′վ, մեր ինչի՞ն է պետք այդ Երկիրը, որի խելահեղ բնակիչները ուր որ է իրենք կկործանեն իրենց մոլորակը»։

Հույս ունեմ, որ փորձագետը պարզապես կատակել է։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

239
թեգերը:
Երկիր մոլորակ, Այլմոլորակային
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
Артур Ванецян на проспекте Баграмяна перед началом митинга оппозиции (26 февраля 2021). Еревaн

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

0
(Թարմացված է 14:26 26.02.2021)
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։

«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք  ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Արթուր Վանեցյան