Արթուր Սուքիասյանի հիշատակի անկյունը

Հայրենիքը հայ կարատեիստի համար սկսվում էր Եռաբլուրից ու այնտեղ էլ ավարտվեց

808
(Թարմացված է 23:48 16.02.2021)
Արթուր Սուքիասյանը մանկուց կիոկուշին կարատեով զբաղվում էր ինքնապաշտպանության նպատակով, բայց դարձավ հայրենիքի պաշտպան ու անմահացավ 19 տարեկանում։

Երբ տեղեկացանք, որ իրանցի կարատեիստ Ահմադ Բագերիպուրը իր մեդալն է նվիրել արցախյան պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին, անմիջապես որոշեցինք հանդիպել զինվորի ծնողներին՝ իմանալով հանդերձ, որ շատ դժվար ու ծանր է զրուցել մեծ ցավ ու ողբերգություն ապրող մարդկանց հետ։

Հայրական խորհուրդը

Արթուրի հայրը՝ տխուր հայացքով ու սպիտակած մորուքով Գագիկ Սուքիասյանը, փորձում է հանգիստ խոսել որդու մասին, բայց հոգոցները չէր կարողանում զսպել․ «Ինչ որ հատուկ հայրենասիրական դաստիարակություն իմ որդին չի ստացել։ Բայց դեռևս 4 տարեկանում նայելով Արարատ լեռին, ուզում էր այն բերել ու մեր մուտքում տեղադրել, որ ոչ մի այլ ազգի չդիպչի ու չերազի հայկական Արարատի մասին։ Մինչև բանակ գնալը որդուս միշտ ասում էի, որ առաջինը պետք է լինի՝ միշտ արագ մտածի ու կողմնորոշվի։

Семья погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна - Седа, Гагик и Грануш Сукиасяны и тренер (второй справа) Арцрун Мисакян (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեդա, Գագիկ ու Հրանուշ Սուքիասյանններն ու մարզիչ (աջից երկրորդը) Արծրուն Միսակյանը

Պատերազմի սկսվելը ես շատ ծանր եմ տարել։ Պատերազմի ընթացքում էլ ասում էի՝ զգույշ եղիր, իսկ որդիս ասում էր, որ այնտեղ բոլորն էլ Արթուր են, բոլորն էլ ծնող ու հարազատներ ունեն։ Առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, որդիս Ստեփանակերտի հոսպիտալում էր առողջական խնդիրների պատճառով։ Բայց երբ ցերեկը հոսպիտալ էին հասել մեր առաջին վիրավորներն ու զոհերը, անմիջապես որոշել էր մեկնել դիրքեր։ Այդպես Երևանում բուժումը շարունակելու փոխարեն նա կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Ես չկարողացա արգելել։ Իսկ հոկտեմբերի 10-ին ականի պայթյունի հարվածային ալիքից Արթուրըթ լրջորեն վիրավորվեց։ Չորս օր անց, սակայն, կրկին գնաց առաջնագիծ»- հիշում է Գագիկ Սուքիասյանը։

Հայրենիքը սկսվում է Եռաբլուրից

Արթուր Սուքիասյանի մտածելակերպը ու մտքերը երբեմն նույնիսկ ծնողների համար են անհասկանալի եղել։ Նրա հերոսներն էին Նժդեհն ու Մոնթեն, ու նրանց օրինակը երիտասարդի համար ուղեցույց էր։

Отец и тренер погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна - Гагик Сукиасян и Арцрун Мисакян (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Սուքիասյանի հայրը՝ Գագիկ Սուքիասյանն ու մարզիչ Արծրուն Միսակյանը

«Արթուրը հաճախ էր գնում Եռաբլուր ու մաքրում Մոնթեի գերեզմանը։ Ես երբեք նրան չեմ ասել, որ դա անի։ Երբ քրոջս տղան եկավ Բելգիայից, ու ուզում էր շրջել Հայաստանում, ասելով որ ուզում է հայրենիքին ծանոթանալ, Արթուրը ասեց, որ սկզբից գնալու են Եռաբլուր, որովհետև այնտեղից է սկսվում հայրենիքը»- ասում է հայրը։

Ինչ իմանար Արթուրը, որ տարիներ անց ինքն էլ է հանգրվանելու հերոսների պանթեոնում...

Առաջնորդ՝ մանկուց

Արթուրի մայրը՝ տիկին Հրանուշը, մեր ամբողջ զրույցի ժամանակ լուռ արտասվում էր։ Արցունքը սրբելով տիկին Հրանուշը հիշում է.

«Արթուրս մանկապարտեզից առաջնորդ էր։ Նա պետք է առաջինը լիներ։ Եթե դպրոցում միջոցառում էր լինում, ինքը պետք է Նժդեհի կամ Մոնթեի դերը խաղար։ Մեր դպրոցը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը, ու Արթուրը այդ ոգով էլ առաջ էր շարժվում։ Զինվորի շորերով, Արցախի դրոշը ձեռքին։ Սա էր որդուս էությունը»։

Կարատեիստը

Արթուրը կիոկուշին կարատեով էր զբաղվում մինչև բանակ մեկնելը։ Ծնողները նշում էին, որ մարզաձևի ընտրությունը պատահական է եղել։ Ցանկացել են, որ իրենց որդին կարողանա պաշտպանվել հարկ եղած դեպքում, բայց հետո նա պարզապես սիրահարվել է իր մարզաձևին։

Награды погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Սուքիասյանի պարգևները

«Կարատեն Արթուրին շատ բան տվեց։ Իր մարզիչներով ու ընկերներով հպարտանում էր»- պատմում են ծնողները։

Չեմպիոնը

Պարզվում է, որ Արթուրը շատ հումորով տղա է եղել։ Անչափ սիրել է կարդալ, ու նրա գրքերի հավաքածուն դրված է իր հիշատակի անկյունում։ Մարզիչ Արծրուն Միսակյանն էլ միանալով զրույցին նշում է, որ նա անփոխարինելի էր մարդկային շփման առումով։

Тренер погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна, Арцрун Мисакян (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարզիչ Արծրուն Միսակյան

«Երբ Արթուրը փոքր էր՝ ինձ շատ ուշադիր էր լսում ու մարզվում։ Հետո եկավ մի պահ, որ հասկացա, որ արդեն ես եմ լսում իրեն։ Իսկ իրանցի կարատեիստի մեդալ փոխանցելը Արթուրի ծնողներին նշանակում է, որ ոչ միայն իրանցի մարզիկն է մեծահոգի, այլ նաև մեր Արթուրը։ Հակառակ դեքում նրա ծնողներին մեդալ չէին փոխանցի արտերկրից... 2015 թվականին Թբիլիսիում երբ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին ու դարձել չեմպիոն, նա իր հպարտությունը չէր թաքցնում» - պատմում է մարզիչը։

Նախագահն ու վարչապետը

Արթուրը տարբերվել է իր հայացքներով, որոշումներով և գիտելիքներով։ Ավագ դպրոց գնալուց առաջ ուսուցիչները նրան համարել էին մեր երկրի ապագա ղեկավարը։

Золотая медаль, переданная семье погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна от иранского спортсмена (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Իրանցի կարատեիստ Ահմադ Բագերիպուրի նվիրած մեդալը

«Ասում էին, որ Արթուրը մեր ապագա նախագահն է լինելու, իսկ երբ մեր երկրի կառավարումը անցավ վարչապետին, Արթուրին դիմում էին որպես ապագա վարչապետ։ Նույնիսկ դասախոսներից մեկի հեռախոսի մեջ Արթուր համարի առջև գրանցված էր «վարչապետ»։ Սովորում էր համալսարանի երկու ֆակուլտետներում՝ հանրային կառավարման և բանասիրական։ Մեկում ստացիոնար, մյուսում՝ հեռակա»,- ասում է մայրը։

Արթուրը մեզ հետ է

Արթուր Սուքիասյանը չնայած իր տարիքին՝ հասցրել էր երկու անգամ տպագրվել։ Երուսաղեմի «Սիոն» ամսագրում լույս է տեսել Արթուրի «Ծնողասպանության հոգեբանական հիմնախնդիրը» հոդվածը, որտեղ երիտասարդ հայորդին Րաֆֆու հայտնի վեպի հերոս Սամվելին փորձել է արդարացնել։

«Այդպիսին էր մեր տղան, ոչինչ անել հնարավոր չէր։ Հոդվածը կարդալուց հետո էլ մեզ համար դժվար էր հասկանալ մեր որդուն, բայց նա գեղեցիկ խոսքերով ու մտքերով չէր թողնում, որ մենք կասկածենք իր ճիշտ լինելուն։ Արթուրը սպասված զավակ էր մեր տանը երկու քույրերից հետո։ Եվ մենք չենք էլ մտածում, որ նա չկա կամ մեզ հետ չէ։ Արթուրը միշտ լինելու է մեր տան անդամը»,-նշեցին հայրն ու մայրը։

Сестра погибшего в карабахской войне спортсмена Артура Сукиасяна - Седа Сукиасян (10 февраля 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեդա Սուքիասյան

Զրույցին ներկա երկու քույրերից մեկը՝ Սեդան է հիշում.

«Ինքը պատերազմում էր, ամենաթեժ կետերից մեկում, բայց այնտեղից հանգստացնում էր մեր ծնողներին։ Ասում էր կգամ, ու ամեն ինչ լավ կլինի։ Նրա որոշումները բեկանման ենթակա չէին, ու իր համար միշտ ինքն էր որոշում կայացնում։ Վերջը եկավ, բայց, ցավոք, ամեն ինչ լավ չեղավ...»։

808
թեգերը:
մեդալ, Զոհ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից
«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին
«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է
Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

85
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

85
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

381
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

381
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին

«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ

0
(Թարմացված է 12:12 06.03.2021)
Մի քանի ամիս է, ինչ Ռիտա Սարգսյանը հեռացել է կյանքից։ Հայաստանյան երգիչները նրան նվիրված երգ են կատարում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրվել, որը թողարկվել է այսօր` նրա ծննդյան օրը։ Ռիտա Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ «Ի սրտե» խորագրով երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը Կարեն–Սևակինն է (Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը)։

Երգը կատարում են Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Սարո Թովմասանն ու Շուշան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերի 20-ին` կորոնավիրուսի հետևանքով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով է վարակվել և գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռիտա Սարգսյանին տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց։

Ռիտա Սարգսյանը ժամանակին բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում։ Մասնավորապես, նա 2009 թ. հիմնադրված «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամն աջակցում էր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Ռիտա Սարգսյանին ծանր վիճակում տեղափոխել են արտերկիր

0
թեգերը:
տեսանյութ, Շուշան Պետրոսյան, Ավետ Բարսեղյան, երգ, Ռիտա Սարգսյան
Ըստ թեմայի
«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում». Արայիկ Հարությունյան
Սերժ Սարգսյանի կինը մահացել է
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է արել Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի մասին