Գրախանութ

Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը

262
(Թարմացված է 21:12 15.02.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր առիթ կա խոսելու գրականության մասին, որովհետև երեկ, կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, Գիրք նվիրելու օրն էր։
Մենք՝ հայերս, ավելի շուտ գիրք գրող ենք, քան գիրք կարդացող

​Շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես են հիմա ունկնդիրներն ու ընթերցողները հեգնական ժպիտով ասում. «Ո՞վ է այս անգրագետը, որը տարրական բաներ չգիտի և տեղյակ էլ չի, որ Գիրք նվիրելու օրը ամսի 19-ին է՝ մեծն Թումանյանի ծննդյան օրը»։ Բոլոր հեգնողներին պարզապես ուզում եմ պատասխանել հենց մեծն Թումանյանի դիպուկ խոսքով. «Աշխարքում հաստատ մի բան կա մենակ, այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»։

Խորհուրդ եմ տալիս՝ միշտ հիշե′ք հանճարեղ գրողի այս խոսքերը՝ ձեր ժպիտին հեգնական ու արհամարհական արտահայտություն հաղորդելուց առաջ։ Հետո բացեք համացանցային հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, և զարմանքով կհայտնաբերեք, որ ողջ աշխարհը հենց փետրվարի 14-ին է նշում գիրք նվիրելու միջազգային օրը։ Մենք նաև փետրվարի 19-ին ենք նշո՞ւմ, ավելի լավ՝ երկու գիրք նվեր կստանաք։

​Ճիշտ է, գիրք նվիրելու օրերին երբեմն նաև բավական տխուր մտորումներ են մեզ այցելում։ Տարիներ առաջ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող իմ հեղինակային հաղորդման հյուրն էր Հայաստանի գրողների միության այն ժամանակվա ղեկավար Լևոն Անանյանը, որը նախանձով փաստում էր. «Մոսկվայի մետրոն ես նստում՝ բոլորը բաց գրքերով են, բոլորը կարդում են։ Հիմա գնանք մեր մետրոն նստենք՝ գիրք կարդացող գեթ մի ուղևորի չեք հանդիպի»։ Տակից մի կերպ դուրս գալու համար կատակեցի. «Պարո′ն Անանյան, դա հաստատ մետրոյի երկարությունից է։ Մոսկվայի մետրոն ունի մոտ 250 կայարան, մինչև քաղաքի մի ծայրից մյուսն ես հասնում, երևի կարող ես Ջեյմս Ջոյսի «Ուլիս»-ն էլ ավարտել։ Իսկ մեր մետրոն ամենևին հարմարեցված չի նույնիսկ բարալիկ գիրք կարդալու համար՝ ընդամենը 10 կայարան»։

​Սա, իհարկե, կատակ էր, բայց հո չե՞ք վիճի, որ մեզ մոտ, Հայաստանում, բնակչությունն իրոք այնքան էլ մեծ հաճույքով չի գիրք կարդում, ավելի շատ սիրում են գրել։ Վերցրեք մեր ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրքեր գրում է, կարող եմ հավաստել, որովհետև այդ գրքերից առնվազն մեկը՝ խաչակիրների մասին, մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ։

Երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի գիրք գրել է։ Այ, Սերժ Սարգսյանը չի գրել, երևի պատրաստվում էր վարչապետության տարիներին գրել, բայց մենք շատ շուտ մերժեցինք նրան ու չթողեցինք, որ գրի։ Այժմվա մեր ղեկավարն էլ գիրք է գրել, և մեկ-մեկ ես մտածում եմ՝ միգուցե մեր մեջ իսլանդական արյուն կա։ Գիտե՞ք չէ՝ Իսլանդիայում ամեն տասներորդ բնակիչ գիրք ունի հրատարակած։ Բա հո իզո՞ւր չէր, որ Թավշյա հեղափոխության ժամանակ մենք վանկարկում էինք իսլանդական հանրահայտ «Դը′մփ դը′մփ, հո′ւ»-ն։

​Առաջ ասում էին՝ դե Երևանում գրախանութ չի մնացել, դրա համար էլ կորել է ընթերցանության սերը։ Հիմա դա էլ չենք կարող ասել։ Գնացեք Աբովյան փողոց. ընդամենը մի քանի հարյուր մետր տարածության վրա երեք մեծ գրախանութ՝ «ԱրթԲրիջ», «Զանգակ» և «Նոյյան տապան»։

Երևանի գիրք–տնակներն ապամոնտաժվել են. լուսանկարներ

Փո՞ղ չկա գիրք գնելու համար, կամ ափսոսո՞ւմ ենք գրքի վրա փող ծախսել։ Դե դա հավերժ պրոբլեմ է։ Դեռ ավելի քան 100 տարի առաջ նույն Հովհաննես Թումանյանը շատ ճիշտ բան էր ասում. «Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի համար փող ծախսելը ուղղակի չի հասկանում, մանավանդ, երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավելի է»,- փաստում էր պոետը։

Բայց կներեք էլի, ախր իրոք թանկ են։ Այն օրը ուզում էի գնել Հարուկի Մուրակամիի երկհատորյակը, հարցրի՝ ի՞նչ արժե։ Ու երբ լսեցի՝ 10 հազար դրամ, միանգամից փոխվեց վերաբերմունքս ճապոնացու նկատմամբ։ Տո լա′վ, մի առանձնապես հանճարեղ բան չի գրում, որ չկարդամ էլ, ոչինչ չեմ կորցնի։ Լրիվ մոռացել էի իմ սիրելի գրողներից մեկի՝ գրքերն այրելու մասին հոյակապ ստեղծագործության հեղինակ Ռեյ Բրեդբերիի ասածը. «Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը։ Դա գիրք չկարդալն է»։

 

262
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր
ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ
Հայ երեխաները հայկական սուպերհերոս կունենան. «Վիշապն» արդեն գրախանութներում է
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

306
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

306
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

203
(Թարմացված է 22:28 26.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Կանայք ողջ աշխարհում վաղուց են բարձրացնում այս վիճահարույց հարցը՝ հետո ինչ, որ աշխատանքի չենք գնում, փոխարենը անում ենք տան բոլոր գործերը՝ լվացք, արդուկ, ճաշ եփել, երեխային նայել և այլն։
Բազմոցին պառկած «Բարսելոնա» էիր նայում, իսկ ես երեխա էի մեծացնում. բարի եղիր փոխհատուցել

Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։

Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.

«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։

Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ ​Անցնենք կոնկրետ օրինակներին։

Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

​Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։

Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։

Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։

Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։

Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝  ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։

​Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։

Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։

​Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։

Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

203
թեգերը:
Բարսելոնա, ֆուտբոլ, տղամարդ, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

0
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

0
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին