Ստեփանակերտը՝ ադրբեջանցիների հրթիռակոծությունից հետո

Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը

1712
(Թարմացված է 12:15 13.02.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մինչև հիմա պարզ չի, թե ինչու էինք մենք այդքան անպատրաստ աշնանային պատերազմին։
Քաղաքացիական ակտիվիստներ. «Կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը եւ ստեղծեցին հայելային իրավիճակ»

​Անփո՞ւյթ էինք, պարզապես օբյեկտիվորեն շատ ավելի թո՞ւյլ, քան Թուրքիայի աջակցությունը վայելող Բաքուն, թե՞ կողմերից մեկը համոզված էր՝ կտանք հակառակ կողմին այն ամենը, ինչն այդ կողմը իրենն է համարում, ու դրանից հետո հաշտ ու խաղաղ կապրենք դարեր, միգուցե հազարամյակներ շարունակ։ Միայն մենք չէ, որ անընդհատ խորհում ենք այս ամենի մասին։

Օտարերկրյա առաջատար լրատվամիջոցներն էլ փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց, և արդյոք այս պատերազմը վերջինն էր։

Այսօր ուզում եմ ներկայացնել ԲիԲիՍի հեռուստառադիոընկերության վերլուծությունը։ ​Նախ, ԲիԲիՍի-ն մի դրվագ է հիշեցնում այն ադրբեջանական կինոնկարից, որը նկարահանված է եղել առաջին պատերազմի ավարտից մոտ երեք տարի անց՝ 1997 թվականին։

Խոստովանեմ, կյանքումս ոչ մի ադրբեջանական ֆիլմ չեմ դիտել, բացի «Արշին Մալ Ալանից», որն, իմ կարծիքով, բավական հաջողված երաժշտական կատակերգություն է։ Բայց այն կարճամետրաժ տրագիկոմեդիան, որը հիշատակում է ԲիԲիՍի-ն, ըստ կինոքննադատների, հետաքրքիր սյուժե ունի։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ օրերին ճակատային գծից Բաքու են բերում զինվորի դագաղը։ Բայց պարզվում է, որ սխալ է տեղի ունեցել՝ զոհված զինվորը հայ է։ Թե ինչու են հենց Բաքու բերում հայ զինվորականի դին, միանգամայն բացատրելի է՝ նա Բաքվում էր ապրում պատերազմից առաջ և, բնականաբար,անձնագրում և զինվորական գրքույկում Ադրբեջանի մայրաքաղաքի հասցեն է։ Ի՞նչ կանեիք դուք նման իրավիճակում։

Մի խելապակասի խորհրդով ադրբեջանցիները օրիգինալ ու հետաքրքիր որոշում են կայացնում՝ տանել հայի աճյունը Վրաստան և թաղել այնտեղ։ Համաձայնեք, բավական խորհրդանշական է, որովհետև շատ լավ գիտեք՝ տասնամյակներ շարունակ տարբեր միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումների են մասնակցել, այսպես ասած, չեզոք տարածքում՝ Վրաստանում։ Սակայն փաստն այն է, որ դա էապես չի նպաստել ժողովուրդների մերձեցմանը։

Առաջին պատճառն այն է, որ այդ նախաձեռնություններում ներգրավված չեն եղել հանրության լայն շերտեր։ Հայաստանցի լրագրող Մարկ Գրիգորյանը, որը տարիներ առաջ եղել է Բաքվում և նույնիսկ հանդիպել է այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հետ, ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում արձանագրում է. «Իրականում խաղաղարարության ողջ գործընթացը հանգում էր մարդկանց միջև պարզ շփումներին»։

Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»

Երկրորդ պատճառը նման միջոցառումներից մեկի կազմակերպիչը այսպես է նկարագրում. «Այստեղ՝ Թբիլիսիում, նրանք այնպես են խոսում և գրում, որ մարդ պարզապես զարմանում է՝ լավ, որքա′ն խորն է այս լրագրողների մեջ նստած հավատարմությունը խաղաղության գաղափարներին։ Բայց հենց նրանք վերադառնում են հայրենիք, կարծես վերափոխվում են, սկսում են հայրենասիրական բաներ գրել և փնովել հակառակ կողմին»։

Ի դեպ, ԲիԲիՍի-ի քննարկման անխտիր բոլոր մասնակիցները ցավով արձանագրել են՝ հակամարտող պետությունների կառավարությունները երբեք չեն աջակցել երկարատև խաղաղությանն ուղղված առանձին նախաձեռնություններին, ինչի արդյունքում ամեն ինչ մնացել է զուտ անձնական մակարդակում, և խաղաղության գաղափարները հանրության լայն շրջանակների սեփականությունը չեն դարձել, այնինչ հիշենք, որ միջնորդները՝ Մինսկի խմբի համանախագահները, շարունակաբար հորդորել են իշխանություններին խաղաղության պատրաստել հենց ժողովուրդներին։

Մարկ Գրիգորյանը փաստում է. «Իշխանությունները երբեք շահագրգռված չեն եղել քաղաքացիական խաղաղարար նախագծերով։ Ես գիտեմ, թե ինչու. որովհետև կառավարությունը մի օրակարգ ունի, իսկ խաղարարները՝ մեկ այլ։ Կառավարության օրակարգը դիվանագիտական բանակցություններն են,և իշխանավորները ամենևին չեն ցանկանում, որ հասարակությունը միջամտի այդ բանակցություններին»։

Եկեք անկեղծ լինենք՝ չի′ կարելի չհամաձայնել քաղաքացիական ակտիվիստների հետ, որոնք երկու կողմից էլ պնդում են, որ այժմ՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարելի է հայելային անվանել, և կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը։

Այն փաստարկին, թե այս փոխանակումից հետո, երբ հաղթեց մերթ մի կողմը, հետո նույն ռազմական ձեռքբերումներ ունեցավ մյուսը, Մարկ Գրիգորյանը հակադարձում է. «Պատերազմը ոչինչ էլ չի որոշում, և դժգոհությունը, խնդիրները մնում են։ Պրոբլեմն ընդամենը մի կողմից անցավ մյուս կողմ։ Եվ ցավով կանխատեսում եմ, որ պրոբլեմը մի օր կրկին կվերադարձնի մեզ հակամարտության թեժ փուլ»,- մտավախություն է հայտնում Մարկ Գրիգորյանը։

1712
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (319)
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում ՄԽ համանախագահող երկրները շահագրգռված կլինեն բեկում մտցնել արցախյան հարցում
Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար
Արցախյան պատերազմում տուժածներն ու նրանց հարազատները հոգեբանական աջակցություն կստանան
Այլմոլորակայիններ

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

4
​Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ մտածել ենք՝ արդյոք կա՞ն այլմոլորակայիններ, ինչպե՞ս պիտի կայանա մեր հանդիպումը նրանց հետ և ինչ կարելի է սպասել երկու քաղաքակրթությունների նման շփումից։
Ինչու չեն գալիս այլմոլորակայինները. միգուցե մտավախություն ունեն, որ մենք ինքներս կկործանենք մեր մոլորակը

Այդ հնարավոր հետևանքների  ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է էկզոսոցիոլոգիա։ Ավստրիական «Դեր Շտանդարտ» թերթի թղթակիցը զրուցել է էկզոսոցիոլոգիայի հարցերով փորձագետ, Ֆրայբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Միխեիլ Շեչեի հետ, որը փաստում է՝ ֆուտուրոլոգիայում այլ քաղաքակրթությունների հետ շփումների հնարավորությունն անվանում են «ջոկեր»։

​Ինչո՞ւ հենց «ջոկեր»։ Դե երևի լավ գիտեք, որ այդ՝ բառիս բուն իմաստով եզակի խաղաքարտը շատ հազվադեպ է հայտնվում խաղացողի ձեռքին, բայց եթե այնուամենայնիվ հայտնվում է, կարող է արմատապես փոխել շատ բան, ողջ խաղի ընթացքը։ Համաձայնեք՝ նույնն է արտերկրի քաղաքակրթության հետ հանդիպման դեպքում, բայց դրա հավանականությունը, ըստ որոշ գիտնականների, բավական փոքր է, մանավանդ, որ նման բան կարծես թե դեռ երբեք չի պատահել, համենայնդեպս 100 տոկոսով հավաստի գիտական տվյալներ այս մասին գոյություն չունեն։

Բայց եթե մենք ելնում ենք այն թեզից, որ բնակելի մոլորակներ այնուամենայնիվ գոյություն ունեն, մենք պիտի ընդունենք, որ այդ մոլորակներում նաև քաղաքակրթություններ են ձևավորվել, որոնց հետ մենք ի վերջո հաղորդակցության մեջ կմտնենք։ Կլինի դա առաջիկա 10 տարո՞ւմ, թե՞ մի հազարամյակ հետո՝ այ սա հարց է, որին որևէ մեկը գոնե առայժմ դժվար թե համարձակվի պատասխանել։

​Միխեիլ Շեչեն վկայակոչում է շվեդ պրոֆեսոր Նիք Բոստրյոմին, որը դեռ տարիներ առաջ էր մշակել մի տեսություն, ըստ որի, ապագայում արհեստական բանականությունը անխուսափելիորեն կգերազանցի մարդկային բանականությանը և ի վերջո կգերակայի ողջ աշխարհում։ Եթե այս՝ մեզ համար բավական տխուր կանխատեսումը, իրոք կարող է իրականություն դառնալ մեր մոլորակում, ապա պարզ չէ, թե այլ քաղաքակրթություններն ինչու չպիտի զարգանան նույն ճանապարհով։ Եվ ուրեմն՝ եթե մենք ի վերջո հանդիպենք այլմոլորակայինների հետ, մեծ հավանականությամբ դրանք ոչ թե կենդանի արարածներ, այլ ռոբոտներ կարող են լինել։

«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում

​Բայց լավ, դառնանք այլ քաղաքակրթությունների հետ մեր հանդիպման երեք սցենարներին, որոնք նկարագրում է Միխեիլ Շեչեն և որոնք ամենից հաճախ է դիտարկում նրա ղեկավարած գիտական խումբը։ «Առաջինն այն է, որ մենք տիեզերքից ազդանշան ենք ստանում։ Սրա հետևանքները կախված են այն բանից, թե ինչ հեռավորությունից է ուղարկված ազդանշանը։ Եթե պարզում ենք, որ հեռավորությունը 5 հազար լուսային տարի է, պիտի միանգամից ինքներս մեզ հարց տանք՝ իսկ արդյոք այդ քաղաքակրթությունը դեռ գոյություն ունի՞։ Մանավանդ, որ մեր պատասխանն էլ պիտի 5 հազար լուսային տարի գնա։ Նկատեք՝ ոչ թե պարզապես տարի, այլ լուսային տարի։ Նման սցենարն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գիտնականների համար, որոնք վերջապես հաստատ կկարողանան պնդել՝ բացի Երկրից տիեզերքում առնվազն մեկ այլ քաղաքակրթություն առաջացել է։ Սակայն այս սցենարը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա»,–ասում է փորձագետը։

​Սցենար թիվ երկու։ Տիեզերքի մեզ արդեն հասու տարածքում, օրինակ, Լուսնի, Մարսի կամ որևէ աստերոիդի վրա մենք հայտնաբերում ենք ինչ-որ մի բան, որը վկայում է այլ քաղաքակրթության գոյության մասին։ Նկատեք՝ ոչ թե ապացույց, որ նախկինում Լուսինը, Մարսը կամ մեծ աստերոիդը բնակեցված են եղել, այլ պարզապես այլ քաղաքակրթությունների գոյության վկայություն։ Օրինակ` անհայտ ծագման ջարդված զոնդ լուսային խառնարաններից մեկում կամ ձախողված գիտարշավի հետքեր Մարսի ցամաքած լճերից մեկի հատակին։ Սա էլ կարող է մեծ նշանակություն ունենալ գիտության համար՝ որպես հավաստումն այն ենթադրության, որ միջաստղային տարածությունը կարելի է հաղթահարել։ Բայց Միխեիլ Շեչեն փաստում է, որ սա էլ մեր առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։

​Երրորդ սցենարն էլ, երևի կռահում եք, այն է, որ այլմոլորակայինները պարզապես Երկիր կժամանեն իրենց տիեզերանավով։ Այդ դեպքում բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են առաջանալու։ Բայց անկեղծ ասեմ, ինձ շատ հավանական է թվում նաև Միխեիլ Շեչեի նկարագրած՝մարդկության համար ամենատխուր սցենարը, ըստ որի, այլմոլորակայիններն ընդհանրապես չեն գալիս մեզ մոտ՝ տրամաբանելով. «Տո լա′վ, մեր ինչի՞ն է պետք այդ Երկիրը, որի խելահեղ բնակիչները ուր որ է իրենք կկործանեն իրենց մոլորակը»։

Հույս ունեմ, որ փորձագետը պարզապես կատակել է։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

4
թեգերը:
Երկիր մոլորակ, Այլմոլորակային
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (319)
Ըստ թեմայի
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ-ն ոչինչ չէր որոշում, կամ ովքեր են զբաղեցրել Արա Այվազյանի աշխատասենյակը

213
(Թարմացված է 17:26 24.02.2021)
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում ընդամենը մի քանի ամիս առաջ նշանակված ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի մոտալուտ հրաժարականի մասին։ Sputnik Արմենիան վերհիշում է՝ ովքեր էին ղեկավարում հայկական դիվանագիտությունը՝ սկսած Առաջին հանրապետության ժամանակներից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղած տեղից չի ստեղծվել։ Արա Այվազյանն այդ գերատեսչության գլխավոր աշխատասենյակը զբաղեցնող իններորդ, իսկ եթե հաշվի առնենք նախախորհրդային ժամանակաշրջանը, ապա քսանմեկերորդ պաշտոնակատարն է։

Ի դեպ, աշխատասենյակի մասին։ Հին տարիներին այն Աբովյան փողոցում գտնվող շենքում էր․այն հայտնի է որպես ԱՕԿՍ-ի (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն) շենք։ Ի՞նչ էր անում այդ աշխատասենյակը զբաղեցնող մարդը, եթե Խորհրդային Միության ամբողջ արտաքին քաղաքականությունը իրականացնում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունը։ Առանց Մոսկվայի համաձայնության Հայաստանի ԱԳՆ-ն ընդհանրապես չէր անում ոչինչ, ինչը կարող էր հիշեցնել ինքնուրույն հարաբերությունների ձևավորում անգամ մոտակա հարևանի հետ։

Միանգամից ասեմ՝ դա լավ էր։ Եթե Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում չլիներ, Թուրքիան վաղուց կլուծեր հարցերը, թեև այն այսօր էլ պատրաստ է նվաճել մեր հանրապետությունը, եթե չլինի Գյումրիի ռուսական ռազմաբազան ու ՀՀ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելու Մոսկվայի պարտավորությունները։

Անցած հարյուրամյակի հիսունականներն էին... Աբովյան փողոցի շենքի մուտքին առավոտյան միշտ մոտենում էր բաց երկնագույն ամերիկյան Buick-ը, մեքենայից դուրս էր գալիս նախարար Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը, բարձրանում էր երկրորդ հարկ, ու մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչով կարող էր այդ օրերին զբաղվել նախարարությունը, որի կազմում կար ռեֆերենտ, ընդունարանի քարտուղար, մեքենավարուհի և վարորդ։

Սակայն այն տարի, երբ Հայրենական մեծ պատերազմն իր հաղթական ավարտին էր մոտենում, Մոսկվան որոշեց ընդլայնել արտաքին քաղաքականության մեջ հանրապետությունների լիազորությունները, թույլ տալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել արտասահմանյան երկրների հետ ու նույնիսկ հասնել ՄԱԿ-ի անդամության:

Ճիշտ է, միայն Ուկրաինային ու Բելառուսին հաջողվեց ՄԱԿ-ի անդամ դառնալ, բայց ինքնուրույն դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելուց այն կողմ գործը չգնաց։ 1945 թվականին Երևանի համալսարանում բացեցին միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (հայտնի ՄԳԻՄՕ-ն ծնվել է ընդամենը մեկ տարի առաջ), և Հայաստանում հայտնվեցին դիվանագիտության առաջին մասնագետները։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Մինչդեռ բաց երկնագույն Buick–ն արդեն նոր տեր ուներ՝ Բալաբեկ Մարտիրոսյանը։ Մի հետաքրքիր փաստ՝ Մարտիրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում  իր գործունեությունը հաջողությամբ  համատեղում էր բարձրագույն և միջին կրթության պետական կոմիտեի նախագահի աշխատանքի հետ՝ այդպիսով լուծելով արտգործնախարարի ազատ ժամանակի ավելցուկի հարցը։

Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ չեմ հիշում, որ հայկական թերթերից որևէ մեկը հարցազրույց էր վերցներ այն ժամանակվա նախարարներից․ինչ՞ մասին է կարելի հարցնել նրանց, ովքեր ոչինչ չեն որոշում։

Բալաբեկ Մարտիրոսյանը դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր  վեհաժողովի երեք նստաշրջանների աշխատանքներին մասնակցած առաջին հայ արտգործնախարարը (խորհրդային պատվիրակության կազմում), և հայ հասարակությունն ուրախությամբ գրանցեց դա հանրապետության ակտիվի մեջ։

Նոր ժամանակներ եկան, արտաքին գործերի նախարարությունն Աբովյան փողոցում գտնվող պատմական առանձնատնից տեղափոխվեց նոր շենք, ամերիկյան Buick-ին փոխարինելու եկան խորհրդային ԶԻՄ-երը, ապա «Վոլգան», որի մեջ նստում էին նոր մարդիկ՝ Կամո Ուդումյանը, Ջոն Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի վերջին արտգործնախարար Անատոլի Մկրտչյանը, ում օրոք ինձ առաջին անգամ հաջողվեց արտասահման մեկնել ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում ստացած վիզայով։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

1990 թվականի ամռանն էր։ Իրանում երկրաշարժ էր եղել (7,4 մագնիտուդով, մոտ 50 հազար մարդ էր զոհվել), փրկարարներով և այլ օգնությամբ ինքնաթիռը հաջորդ օրը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն Թեհրան մեկնելու վիզա ստանալու համար մարդիկ այլևս ստիպված չէին Մոսկվա դիմել. դա արվում էր ՀՀ ԱԳՆ–ում:

Կարևոր ճշգրտում։ Բացի արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում գործում էր Կենտկոմի միջազգային կապերի և տեղեկատվության բաժինը և ինչպես ամեն կուսակցական ստորաբաժանում, դա իհարկե ավելի կարևոր էր։ Պարզ ասած՝ ցանկացած հարցի լուծման համար Հայաստանի արտգործնախարարը սկզբում ստանում էր Կենտկոմի բաժնի «հավանությունը», բաժինն էլ իր հերթին թույլտվություն էր խնդրում ԽՄԿԿ Կենտկոմից։

Ինչևէ, աշխատանքն ԱԳՆ-ում համարվում էր պատվավոր և նույնիսկ օգնում էր դուրս գալ միջազգային հարաբերությունների մեծ հարթակ։ Բացատրեմ: Եվրոպայի բոլոր երկրներից ամենից շատ հայեր են ապրել (ու ապրում են) Ֆրանսիայում, դրա համար Մոսկվան համաձայնել էր Փարիզում ԽՍՀՄ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնում Երևանից մարդ նշանակել։ Այսպես Ֆրանսիայում հայտնվեցին Մարատ Խարազյանը, Հենրիկ Լիլոյանը, Ռուբեն Սահակյանը։ Բոլորը ֆրանսերենի գերազանց իմացությամբ ու փայլուն ուղեղով։

Հետխորհրդային Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը (մուտքին արդեն ժամանակակից արտասահմանյան ավտոմեքենա էր մոտենում) դարձավ Աշոտ Եղիազարյանը, երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչով է առանձնացել Րաֆֆին, բացի այն, որ ուներ հայտնի հայր` ամերիկացի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը։ Րաֆֆին միանգամից երկու քաղաքացիություն ուներ (ԱՄՆ և ՀՀ), ինչը շատ հազվադեպ է պատահում ԱԳՆ ղեկավարների մոտ։ Հրաժարականից հետո զբաղվում էր ներքաղաքական ակտիվ պայքարով՝ նախագահի աթոռին հասնելու ճանապարհին օգտագործելով բոլոր միջոցները, այդ թվում՝ հացադուլը։

Հովհաննիսյանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի աշխատասենյակում եղան ևս վեցը՝ Արման Կիրակոսյանը (Ջոն Կիրակոսյանի՝ խորհրդային ժամանակների արտգործնախարարի որդին), Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը և ահա հիմա Արա Այվազյանը:

213
թեգերը:
Արա Այվազյան, Նախարար, Հայաստան, ԽՍՀՄ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
Ըստ թեմայի
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին