Դոնալդ Թրամփ

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

354
(Թարմացված է 21:51 10.02.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Այն գործընթացը, որն սկսվել է Ամերիկայում, աննախադեպ է։ Բոլոր մեկնաբանները փաստում են՝ ԱՄՆ-ի պատմության ընթացքում դեռ երբեք չի եղել գեթ մի դեպք, երբ նախագահի դեմ ինփիչմենթի գործընթաց սկսեն երկու անգամ։

Խոստովանեմ` ինձ համար այս փաստում որևէ զարմանալի, առավելևս արտառոց պահ չկա։ Հետո՞ ինչ։ Փորձում ես պաշտոնազրկել նախագահին, չի ստացվում, երկրորդ անգամ ես փորձում, էլի չի ստացվում, և սա կարող է կրկնվել մի տասն անգամ՝ մինչև բոլորը և առաջին հերթին հասարակ քաղաքացիները չասեն. «Լա′վ էլի, էս ի՞նչ եք անում, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։

Ու նաև փորձենք հայաստանյան տեսակետից նայել ամերիկյան զարգացումներին։ Այս օրերին ամերիկյան Սենատը վերածվել է դատարանի։ «Իսկ դատավորներն ովքե՞ր են»,– միանգամից կբացականչեր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի գլխավոր հերոս Ալեքսանդր Չացկին։

Դատավորները 9 դեմոկրատ սենատորներն են, որոնք մեղադրանք են ներկայացնելու նախկին նախագահին։ Չէ, դուք երևի ուշադրություն չդարձրիք՝ հանրապետականին մեղադրանք են ներկայացնում դեմոկրատները։ Պատկերացրեք, թե ինչ աղմուկ էր բարձրանալու մեզ մոտ. ինչպե՞ս թե այն մարդիկ, որոնք շարունակաբար քննադատում էին նախկին նախագահին, հիմա պիտի նրան մեղադրանք ներկայացնեն։ Սա խայտառակություն է, պարզ չէ՞, որ խիստ կողմնակալ են լինելու։

Իսկ ամերիկացիներն ուրախ են՝ հենց այդպես էլ պիտի լինի, որպեսզի ոչ մի կասկած չմնա։ Եվ կարծես ապացուցելու համար, որ դեմոկրատներն անկողմնակալ են, նրանք բոլոր փաստաթղթերը միանգամից դեռ փետրվարի 2-ին տրամադրեցին Դոնալդ Թրամփի փաստաբաններին և ասացին. «Ուսումնասիրեք, որքան ուզում եք, որովհետև դատավարությունը, ինչպես երևում է, բավական երկար է տևելու»։

Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

Իհարկե, Թրամփի պաշտպանները դատն ավելի շատ երկարացնելու հնարավորություն ունեին՝ հրավիրելով բազմաթիվ վկաների, որոնք մանրամասն կպատմեին, թե ինչ է կատարվել այս տարվա հունվարի 6-ին, երբ ամբոխը հարձակվեց Կապիտոլիումի վրա, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ։ Բայց այս դեպքում էլ Թրամփի թիմը ազնվություն դրսևորեց` հիմնավորելով՝ մեր ինչի՞ն են պետք վկաների երկարաշունչ ու ձանձրալի բացատրությունները այն դեպքում, երբ այս դատավարությանը մասնակցող անխտիր բոլոր պատգամավորները եղել են շենքում և սեփական աչքերով են տեսել կատարվածը։ Ի դեպ, իմպիչմենտի գործընթացը սկսելուց մոտ մեկ շաբաթ առաջ Թրամփին պաշտպանող իրավաբանական խմբի բոլոր անդամները հեռացան։ Այնպես չէ, որ նրանք անկեղծացան՝ այս մարդուն երբեք չենք սիրել, նա քանդել է մեր երկիրը։ Ամեն ինչ տեղի ունեցավ փոխադարձ համաձայնության հիմքի վրա։

Ուղղակի Թրամփը համառորեն պնդում էր՝ գլխավոր շեշտը պետք է դնել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների վրա, որոնց պատճառով էլ ես չվերընտրվեցի։ Իսկ իրավաբանները հակադարձում էին. «Ախր հիմա, երբ ընտրություններից երեք ամիս է անցել, խախտումներ բացահայտելը, այն էլ լուրջ խախտումներ, պարզապես անհնար է։ Մենք պետք է անձամբ ձեզ պաշտպանենք, ապացուցենք, որ դուք ոչ մի հակասահմանադրական բան չեք արել, իսկ դա լիովին իրական է, որովհետև, ճիշտ է, դիմելով ձեր ընտրողներին, դուք ասել եք` մի′ ընդունեք ընտրությունների արդյունքները և շարունակեք պայքարել, բայց ախր այդտեղ կրիմինալ չկա, դուք պարզապես օգտվել եք խոսքի ազատության ձեր իրավունքից, իսկ այդ իրավունքը Ամերիկայում պաշտպանված է Սահմանադրական առաջին փոփոխությամբ»։

Եվ վերջապես այս ամենի ամենազավեշտական մասը։ Անկեղծ ասեք էլի՝ դուք երբևէ տեսե՞լ եք, որ պաշտոնազրկեն մի մարդու, որն ընդհանրապես պաշտոն չունի և տվյալ պահին ընդամենը մասնավոր անձի կարգավիճակում է։ Օրինակ` դուք շատ լավ կոշկակար եք, որի արտադրանքը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում։ Ժպտում եք՝ մեր հանրապետությունից դուրս ապրող այդ ո՞ր մի արտասահմանցին Հայաստանում արտադրած կոշիկ կհագնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

Իսկ ես շատ լավ հիշում եմ՝ որ մի ժամանակ, սովետի օրոք Հայաստանից դուրս բնակվող մեր հարազատները խնդրում էին, որ այստեղից՝ Երևանից, կոշիկ ուղարկենք։ Լավ, ինչ էի ուզում ասել։ Պատկերացրեք, որ դուք նստած կոշիկ եք կարում, և այդ պահին ձեզ մոտենում են ինչ-որ մարդիկ ու ասում՝ մենք ձեզ իմպիչ ենք արել։ Ու դուք, քահ-քահ ծիծաղելով նրանց երեսին` հակադարձում եք՝ այսինքն, վերջին ընտրություններում ինձ այսինչ կուսակցության ցուցակով կոշկակա՞ր են ընտրել, որ հիմա ուզում եք զրկել կոշկակարությունից։

Ճիշտ է, Դոնալդ Թրամփի դեպքում ուրիշ է՝ նա մի անգամ իրոք ընտրվել է, ու կարող են զրկել նախագահական թոշակից։ Ավելին, կարող են որոշել, որ նա այլևս երբեք չի կարող մասնակցել նախագահական ընտրությունների։ Համաձայնեք՝ իշխանատենչ մարդու համար դա 1000 անգամ ավելի ցավագին է, քան թոշակից զրկվելը։ Բայց եկեք դեպքերից առաջ չընկնենք։

Պրիգոժինի հայկական կոշիկները, կամ ինչպես հասկանալ, որ պետությունը ճիշտ են կառավարում

354
թեգերը:
հայեր, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
Ինչպես փլուզվեց կայսրությունը, կամ ընդամենը վարորդի ձեռքի սիգարետն է փոխվել
Սահակաշվիլիի դասերը, կամ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»
«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

669
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

669
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

214
(Թարմացված է 22:28 26.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Կանայք ողջ աշխարհում վաղուց են բարձրացնում այս վիճահարույց հարցը՝ հետո ինչ, որ աշխատանքի չենք գնում, փոխարենը անում ենք տան բոլոր գործերը՝ լվացք, արդուկ, ճաշ եփել, երեխային նայել և այլն։
Բազմոցին պառկած «Բարսելոնա» էիր նայում, իսկ ես երեխա էի մեծացնում. բարի եղիր փոխհատուցել

Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։

Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.

«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։

Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ ​Անցնենք կոնկրետ օրինակներին։

Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

​Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։

Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։

Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։

Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։

Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝  ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։

​Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։

Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։

​Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։

Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

214
թեգերը:
Բարսելոնա, ֆուտբոլ, տղամարդ, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (320)
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

43
(Թարմացված է 19:48 01.03.2021)
Օնիկ Գասպարյանի հեռացման հարցում վարչապետ Փաշինյանն անդրդվելի է, բայց նշում է, որ այդ հանգամանքը ԶՈւ–ում վենդետաների առիթ չի դառնալու։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` ՀՀ նախկին իշխանությունները փորձում են բանակը հանել ՀՀ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության դեմ։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում` մեկնաբանելով ՀՀ ԳՇ հայտարարությունը` իր հրաժարականի պահանջի վերաբերյալ։

«Այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է։ ԶՈւ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով` նրանց փորձում է հանել ժողովրդի դեմ»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Փաշինյանի բնորոշմամբ, ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև ՀՀ Սահմանադրության համաձայն` ԶՈւ–ն պարտավոր են քաղաքական չեզոքություն պահպանել։ 

«ԳՇ հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Որովհետև այն ԳՇ պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների, հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ–ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ–ն նման ԳՇ պետ ուղղակի չի կարող ունենալ»,– ասաց նա։

Միաժամանակ վարչապետը խոստացավ, որ այդ հանգամանքը ԶՈւ–ում վենդետաների առիթ չի դառնալու, քանի որ այս պահի դրությամբ ԶՈւ–ն ու Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել։

Եվ այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանի հեռացման հարցում վարչապետ Փաշինյանն անդրդվելի է։

«Կապ չունի այդ թուղթն ովքեր են ստորագրել։ Որոշումը նման թուղթ սեղանին դնելու ու ստորագրություններ հավաքելու կայացրել է Օնիկ Գասպարյանը` Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է,– ասա Փաշինյանը,– Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները` վերադառնան իրենց ծառայության»։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահն ի վերջո կստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, ինչի մասին նա Արմեն Սարգսյանին միջնորդել է ՀՀ Անվտանգության խորհրդի այսօր կայացած նիստի արդյունքում ու ինչ խնդրանքով նրան դիմել է անձամբ վարչապետը`այցելելով վատառողջ նախագահին։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Սարգսյանը կկատարի իր սահմանադրական պարտքը և մաղթեց նրան շուտափույթ ապաքինում։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

43
թեգերը:
Մարտի 1, հանրահավաք, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան