Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչները ցույց են տալիս ադրբեջանական դիրքերը

Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ

485
(Թարմացված է 22:58 10.02.2021)
Պատերազմից հետո Ներքին Խնձորեսկ փոքր գյուղը երեք կողմից շրջապատվեց Ադրբեջանով, բնակիչները զրկվեցին արոտավայրերից և ստիպված սկսեցին վաճառել իրենց անասունները։

Ներքին Խնձորեսկ ոչ մեծ գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Գորիսից դեպի հարավ–արևելք` անմիջապես Ադրբեջանի հետ ներկայիս փաստացի սահմանին։

Նախկինում Ադրբեջանից գյուղը բաժանում էին ԼՂՀ Քաշաթաղի և Հադրութի շրջանները, այսօր ադրբեջանցի զինվորականներն անմիջական տեսանելիության գոտում են։

Ցուցանակ

Այսօր գյուղից մինչև ադրբեջանական դիրքեր կիրճով ուղիղ մի քանի հարյուր մետր է։ Տնակները, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողները, գյուղի պատուհաններից տեսանելի են անզեն աչքով։ Լավ նկատելի է նաև նրանց մեքենաների տեղաշարժը անցակետի մոտ։

Дорожный знак у въезда в село Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Ցուցանակ՝ Ներքին Խնձորեսկի մուտքի մոտ

Սկզբում նրանք տեղադրեցին իրենց վրաններն անմիջապես ձորի եզրին, որտեղով անցնում է փաստացի սահմանը, այնուհետև տնակներ բերեցին և տեղակայեցին դրանցից քիչ հեռու (հավանաբար պատճառը քամիներից պաշտպանվելն էր)։ Տնակները, բնակիչների խոսքով, բերել են Իշխանաձորից (Քաշաթաղի շրջան). դրանք այնտեղ աշխատող հայերին էին պատկանում։

Այսօր գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ Առջևում հայկական ԶՈւ ստորաբաժանումներն են տեղակայվել։

Բնակիչները հստակ չգիտեն, թե որտեղից է, այնուամենայնիվ, այսօր սկսվում Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքը, նույնիսկ վիճում են միմյանց հետ այս կամ այն բլրի շուրջ։

Մարդիկ շատ չեն վախենում իրենց անվտանգության համար, թեև լիարժեք հանգստության մասին, իհարկե, խոսելն ավելորդ է։ Հայ զինվորները մոտ են, բայց գյուղի ապագան չափազանց մշուշոտ է։ Բնակիչներից մեկն ասում է. «Եթե ադրբեջանցիներն ամեն անգամ հարյուր մետր առաջ գան, ի վերջո գյուղն էլ կվերցնեն»։

Գյուղի ապագան վտանգված է

Գյուղի բնակիչ Հերմինեն (խնդրել է իրեն չլուսանկարել – խմբ.) պատմում է, որ մի քանի տասնյակ տուն ունեցող գյուղում միակ զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են։

«Ներքին Խնձորեսկը Սյունիքի դարպասներն են։ Եղբայրս հիմա հող է մշակում, ուզում ենք կարտոֆիլ ցանել... Իսկ այնտեղ շատ լավ վարելահողեր կային», – ասում է նա` ցույց տալով ադրբեջանցիների կողմ։

Հողագործություն՝ դիրքերի ֆոնին

Ձորի մյուս կողմում են մնացել գրեթե բոլոր արոտավայրերը։ Մարդիկ չգիտեն` ինչ են անելու հիմա իրենց անասուններին` կովերին ու ոչխարներին։ Ոմանք արդեն անասուններին վաճառում են։ Չէ որ դրանք գյուղի եկամտի միակ աղբյուրն են։

«400-500 հազար դրամանոց կովերը 200 հազարով են վաճառվում։ Բա ի՞նչ անեն»,– ասում է Հերմինեն։

Житель села Неркин Хндзореск Сюникской области возделывает землю
© Sputnik / Aram Nersesyan
Տղամարդը հող է մշակում ադրբեջանական դիրքերի ֆոնին

Եթե իրավիճակը չփոխվի, մարդիկ կսկսեն լքել գյուղը. նրանք պարզապես զբաղմունք չեն ունենա։ Գյուղացիներն ասում են, որ իրենց մասին ոչ ոք չի մտածում։

«Վարչապետը չգիտեր, որ Ներքին Խնձորեսկ գյուղ կա։ Երբ Խնձորեսկ եկավ, զարմացավ. «Ներքին Խնձորեսկ էլ կա՞»։ Սպարապետի օրն էր եկել (2020 թվականի սեպտեմբերի 12-ին)։ Գյուղի խնդիրներին ուշադրություն չեն դարձնում։ Յա կա, յա չկա։ Միայն պատգամավորներն են գալիս, խոստումներ տալիս ու գնում»,– նշում է Հերմինեն։

Дорога в селе Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Ներքին Խնձորեսկի գլխավոր ճանապարհը

Նոր մարզպետը ևս գյուղում չի եղել։ Գյուղացիները կատակում են՝ գուցե նա էլ չգիտի գյուղի գոյության մասին։

Արցախից` Սյունիք

Ի՞նչ անել գյուղում այսօր։ Այդ խնդրով մտահոգված է նաև Արցախի Քաշաթաղ շրջանի Հալե գյուղից Արմեն Բադալյանը։ Նա իր չորս անչափահաս երեխաների հետ (5, 4, 2 և 1,5 տարեկան) ապաստան է գտել Հերմինեի եղբոր տանը։ Միայն մանկական հագուստ են հասցրել վերցնել իրենց հետ, ողջ ունեցվածքը մնացել է ադրբեջանցիներին։

Жители села Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Ներքին Խնձորեսկի բնակիչները

Արցախում Արմենն անասնապահությամբ էր զբաղվում, հող մշակում։ Այսօր ուրիշի հոտն է արածեցնում։ «Հովիվ եմ, որը անասուններին տանում է արածելու։ Բայց չգիտեմ՝ որն է հիմա մեր տարածքը, գոնե մի ցանկապատ լիներ», – ասում է Արմենը։ Արոտավայրերի խնդրից բացի, մեծ է նաև գերի ընկնելու վտանգը։

Արմենի ընտանիքն Արցախից այստեղ եկած միակ ընտանիքը չէ։ Դեռ լուծված չէ ամենագլխավոր հարցը` ինչպես և որտեղ նրանք պետք է շարունակեն ապրել։

Вынужденные переселенцы из Карабаха Армен Бадалян с ребенком в селе Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Բադալյանը երեխայի հետ

«Մի ամսից երեխաներս փողոցում կմնան։ Ինչ–որ բան առնելու հնարավորություն այսօր չկա։ Միակ խնդրանքը պետությանը` 4 երեխաներին տանիք տան, ու մենք կփորձենք ամեն ինչ զրոյից սկսել»,– պատմում է Արմենը։

Պատերազմին մասնակցելու է եկել Ռուսաստանից

Գյուղում հանդիպեցինք նաև 21 տարեկան Մհեր Դավեյանին։ Ծնունդով Շիրակի մարզից է։ Երբ սկսվեց պատերազմը, Ռուսաստանում էր` մեկնել էր գումար աշխատելու։ Հոկտեմբերի վերջին հայրենիք վերադարձավ, զորակոչվել է որպես պահեստազորային և ներգրավվել գյուղի բնակիչներից կազմված կամավորական ջոկատում։

Житель села Неркин Хндзореск Сюникской области, резервист Мгер Давеян
© Sputnik / Aram Nersesyan
Մհեր Դավեյան

«Ես այս գյուղից չեմ, բայց պաշտպանել եմ այն, դրա համար կամա թե ակամա մտածում եմ նրա ապագայի մասին։ Եթե այսօր այստեղ սահման գծեն, մարդիկ ոչինչ չեն կարողանա անել` եթե չեզոք տարածք լինի, փշալարեր, ականապատ դաշտեր` մարդիկ չեն կարողանա անասուն պահել»,– ասում է Մհերը։

Երիտասարդը մտադիր է Ռուսաստան վերադառնալ` այստեղ աշխատանք չկա։ Եթե մնալու, հայրենիքում աշխատելու հնարավորություն լիներ, նա միայն ուրախ կլիներ։

Дом, где временно проживают вынужденные переселенцы из Карабаха в селе Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Ներքին Խնձորեսկի այս տանն ապրում են Արցախից ժամանակավորապես տեղահանվածները

Մհերը զայրացած է, որ «պատերազմը փաստացի շարունակվում է, իսկ մարդիկ մայրաքաղաքում իրենց աթոռների համար են պայքարում»...

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի ենթակայության տակ անցան ԼՂՀ որոշ շրջաններ։ Այնուհետև սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները` պահանջելով լուծել սահմանների և անօրինական սահմանագծման խնդիրը, որը զրկում է իրենց իրավունքներից, տներից ու անվտանգությունից։

Сын Армена Бадаляна показывает на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Բադալյանի երեխան ցույց է տալիս ադրբեջանական դիրքերը

Իրավիճակը հատկապես սրվեց Կապան–Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև Ճակատեն, Դավիթ Բեկ, Որոտան և Շուռնուխ գյուղերի պատճառով։

485
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Սյունիք, Ներքին Խնձորեսկ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (812)
Ըստ թեմայի
Ներքին Խնձորեսկի անհետացած բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում
Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել․ այստեղ ևս ճշգրտվում է սահմանը․ գյուղապետ
Ներքին Խնձորեսկի վերջին դեպքերը ցույց տվեցին` տարածքները հանձնում են աչքաչափով. Բալասանյան
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

188
(Թարմացված է 22:28 26.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Կանայք ողջ աշխարհում վաղուց են բարձրացնում այս վիճահարույց հարցը՝ հետո ինչ, որ աշխատանքի չենք գնում, փոխարենը անում ենք տան բոլոր գործերը՝ լվացք, արդուկ, ճաշ եփել, երեխային նայել և այլն։
Բազմոցին պառկած «Բարսելոնա» էիր նայում, իսկ ես երեխա էի մեծացնում. բարի եղիր փոխհատուցել

Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։

Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.

«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։

Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ ​Անցնենք կոնկրետ օրինակներին։

Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

​Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։

Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։

Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։

Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։

Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝  ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։

​Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։

Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։

​Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։

Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

188
թեգերը:
Բարսելոնա, ֆուտբոլ, տղամարդ, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Կանաչ ժամ եկեղեցին Շուշիում

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

250
(Թարմացված է 08:22 26.02.2021)
Ադրբեջանական կողմն իր նոր թեզն է առաջ տանում այն մասին, թե Շուշիում հայկական եկեղեցիներն ուղղափառ են։ Օրեր առաջ նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է պարզել` որն է խնդիրը։

Տեղի իշխանությունների հրավերով պետդումայի պատգամավոր (Վորոնեժի մարզից ընտրված) և «Հայրենիք» («Родина») կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը վերջերս Բաքու էր այցելել, որտեղ նրան շատ հյուրընկալ էին ընդունել, և պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով շրջելուց հետո, Facebook–ի իր էջում ադրբեջանական ԶԼՄ–ից մի հոդված էր հրապարակել Շուշիում «գողացած եկեղեցու» մասին։ Միևնույն ժամանակ խորհրդարանականն իր գրառումը բավական կտրուկ մեկնաբանությամբ էր ուղեկցել հայկական կողմի հասցեին. «Ռուսական եկեղեցու օկուպացիան, հոգևոր արժեքների վրա հարձակումը ամենավատ ռուսատյացության չարագույն դրսևորումներն են»։

Скрин поста Алексея Журавлева в Facebook от 19 февраля 2021
Ալեքսեյ Ժուրավլյովի հրապարակումը Facebook–ում

Պարզաբանեմ. լուսանկարում 1847 թվականին Շուշիում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Ժողովրդի շրջանում այն ավելի հայտնի է Կանաչ ժամ անունով։  Այդ անվանումը ստացել է, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ է եղել։ Խորհրդային տարիներին վանքն օգտագործել են որպես հանքային ջրերի ըմպելասրահ, ինչի պատճառով էլ հիմքը քայքայվել ու քանդվել էր։ Առաջին հաղթանակած պատերազմից հետո Արցախի  իշխանությունները որոշել էին վերականգնել եկեղեցին։ 1995 թվականի մայիսին վանքն օծվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի ներկայությամբ և վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Ադրբեջանական աղբյուրները, որոնց հղում է անում պատգամավոր Ժուրավլյովը, պնդում են` իբրև եկեղեցու ճակատային մասը  ի սկզբանե ռուսական ճարտարապետության ավանդույթների մեջ է արվել և միայն տասնամյակներ անց նրա արտաքին տեսքը փոխվել է ու դարձել հայկական։ Եկեղեցու գմբեթն իսկապես ժամանակին կլոր էր։ Սակայն հին լուսանկարների վրա ռուսական ճարտարապետական ոճ ճակատային հատվածում չի կարող նկատել և ոչ մի գրագետ ճարտարապետ։ Բացի այդ, եկեղեցու մուտքի վերևում քարի վրա փորագրված արձանագրությունը («Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847») վկայում է վանքը կառուցողի ու հովանավորի մասին։  Չեմ  բացառում, որ այդ գրությունն արդեն ոչնչացվել է։ Հայտնի է, որ եկեղեցու գմբեթը պայթեցվել է։ Միևնույն ժամանակ Բաքվում պնդում են, որ վանքը վնասվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծության հետևանքով։ Սակայն համացանցի որոնողական համակարգը լուսանկարներ է բերում, որոնցում ադրբեջանցի զինվոր է պատկերված եկեղեցու ֆոնին։

Оскверненная часовня Иоанна Крестителя в Шуши
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Լուսանկարը համացանցում հայտնվել է քաղաքի նկատմամբ հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկողությունը  կորցնելուց մոտավորապես հինգ օր անց։ Այդ ժամանակ եկեղեցին դեռ նորմալ վիճակում էր։  Իսկ ահա ևս մի քանի օր անց նկարահանած տեսանյութը թույլ է տալիս համոզվել, որ գմբեթն արդեն քանդված է։

Արժե ամեն դեպքում հասկանալ, թե որտեղից է հայտնվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Դատելով ամեն ինչից, այդ վարկածի կողմնակիցները դիտավորյալ են «շփոթում» երկու տարբեր եկեղեցիներ։

Հայտնի է, որ Շուշիի Ղումլուխ թաղամասում ХIХ դարի 30-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել է ուղղափառ Սուրբ Գեորգիի եկեղեցին։ Ըստ ամենայնի, «սրբավայրը հայերի կողմից յուրացման» մասին խոսելով, Ադրբեջանում նկատի ունեն հենց այդ վանքը։ Ռուսական ուղղափառ եկեղեցուն նրա պատկանելությունը հայերի կողմից երբեք կասկածի տակ չի դրվել։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի են վերածել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին հիմնահատակ քանդվեց և դրա փոխարեն մշակույթի տուն կառուցվեց։

Հետաքրքրական է, որ Բաքվում պնդում են, որ 1868 թվականին ճարտարապետ  Սիմեոն Տեր–Հակոբյանցի կառուցած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նույնպես ի սկզբանե ուղղափառ է եղել։ Իբրև հայերն այն ևս զավթել են ու հայկականացրել։ Ավելին, Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն իրենց հերթին են գողացել վանքի շենքը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Ճարտարապետը պատմում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար վանք հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակի ղեկավարությունը զանգը կախեց Ղարաբաղի խանության  խորհրդի շենքի աշտարակի վրա և այստեղ  պաշտամունքի համար պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում խորհրդի շենքը վերանորոգվեց ռուսական  բանակի հրամանատարության հրամանով և հարմարեցվեց եկեղեցական ոճին»։ Ավելին, ճարտարապետի պնդմամբ, մինչև 1989 թվականը Շուշիում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ХХ  դարի սկզբին Թիֆլիսում Կովկասի փոխարքա նորին կայսերական մեծության գրասենյակի կողմից տպագրվող «Կովկասյան օրացույց» պաշտոնական տեղեկատուի տվյալներով` Ղարաբաղի մասին բաժնում ասվում է. «Շուշի քաղաքում եկեղեցիների թիվը. ուղղափառ` 1, հայ առաքելական` 5, շիական մզկիթ` 2։ Հոգևորականություն. ուղղափառ` 1, հայ առաքելական`89, մահմեդական` 39»։

«Կովկասյան օրացույցում» հիշատակած Շուշիի հայկական եկեղեցիներից երեքը ոչնչացվել էին Ադրբեջանի խորհրդային ղեկավարության կողմից։ Ագուլեցոց եկեղեցին քանդել էին 1960 թվականին, դրա տեղում կառուցել դպրոց։

Մեղրեցոց եկեղեցու շենքը սկզբում ամառային կինոթատոնի վերածեցին, այնուհետև ամբողջությամբ վերացրին։

Կուսանաց վանքը 60-ականների կեսերին բուլդոզերներով քանդեցին և դրա տեղում բնակելի տներ կառուցեցին։

Իսկ կառավարման հայկական ժամանակահատվածում Շուշիի շիիթական երկու եկեղեցիները ոչ միայն պահպանվել էին, այլև վերականգնվել։ Ընդ որում, պահպանվել էին այն ժամանակվա մահմեդական պաշտամունքային ճարտարապետության բոլոր մանրուքները։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

250
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Եկեղեցի, Շուշի
Ըստ թեմայի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Մանկապարտեզ

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

0
(Թարմացված է 01:33 27.02.2021)
Վարչապետը կարծում է, որ բյուջեն կարող են լցվել մասնավոր մանկապարտեզներից և դպրոցներից գանձվող «նոր հարկով»։ Մասնավոր կառույցներն ահազանգում են՝ փակման առաջ են կանգնելու։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ` ներկայացնելով որոշման հավանական հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Նախորդ տարվա իրադարձությունների` կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները տնտեսության վրայից «մաքրելու» և այս տարի սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ելքեր է փնտրել ու «գտել»։ Մասնավորապես, որոշվել է, որ պետք է սահմանափակվի ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնություններն առողջապահության և կրթության ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն` կառավարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել համապատասխան օրենսդրական փաթեթը։

Ի դեպ, մինչև օրս մասնավոր նախակրթական ու կրթական հաստատություններն էին ազատված ԱԱՀ–ից, այսինքն` որոշումը հենց նրանց համար է։ Մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները, այնտեղ հաճախող երեխաների ծնողները համատարած դժգոհ են այս որոշումից, քանի որ ստացվում է` մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա 20 տոկոսով։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա որոշումը մասնավոր հատվածի, ծնողների, ինչպես նաև պետբյուջեն որքանով կավելանա այս հարկումից` Sputnik Արմենիան փորձել է պարզել ոլորտի մասնագետների հետ։

Մասնավոր մանկապարտեզների անորոշ ապագան

«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցացիայի» հիմնադիր Նելլի Խաչատրյանը հայտնում է` Հայաստանում շուրջ 150 մասնավոր նախադպրոցական հաստատություն կա, որոնք միջինում ունեն 10 աշխատակից։ Նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով դրանց 20 տոկոսն արդեն իսկ փակվել է։ Ավելին, եղածներն էլ վարկեր են վերցրել, որպեսզի փակման չգնան. 2 տարի է պետք, որպեսզի կարողանան նորից ոտքի կանգնել։

«ԻնդիգԱմի» երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյանը վրդովված է, քանի որ չգիտի` ԱԱՀ սահմանելու դեպքում ի՞նչ կլինի իրենց կենտրոնի հետ։ Հարցն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արդեն իսկ մի շարք դժվարություններ են ունեցել, որ արդյունքում էլ «Ինդիգո» և «Ամի» կենտրոնները միավորվել` մեկ մանկական կառույց են ստեղծել։

«Մի խումբ մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ քննարկել ենք այս հարցը. բոլորը նույնն են ասում` ոլորտն էական վնասներ կկրի ԱԱՀ–ով հարկման դեպքում։ 2020-ը շատ ծանր էր մեր ոլորտի համար` մի քանի ամիս պարալիզացված ենք եղել, ամբողջությամբ կորստի տարի էր։ Եվ հիմա, երբ փորձում ենք մեր մեջքն ուղղել, պարզվում է` հաջորդ հարվածն է սպասվում»,–ասաց Փահլևանյանը։

Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»

Նա նշեց նաև, որ բանավոր հարցում են իրականացրել իրենց կենտրոն հաճախողների ծնողների շրջանում. ծնողների մեծ մասն ասել է, որ պատրաստ չեն ավել վճարել, առավել ևս, որ դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Այսինքն` ոչ թե ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու կամ էլ որակը, այլ միայն վարձավճարը։

Փահլևանյանը կարծում է` եթե հարկման որոշումը կայացվի, ապա շատերն իրենց երեխաներին տանելու են պետական մանկապարտեզներ. գաղտնիք չէ, որ պետական մանկապարտեզները գերծանրաբեռնված են։ Արդյունքում դրանք կոլապսի մեջ կհայտնվեն, մասնավորներից շատերը կփակվեն, կունենանք անգործ մնացած մասնագետներ։

Մասնավոր դպրոցները նույնպես նախանձելի վիճակում չեն

ԿԳՍՄՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում կա 1402 դպրոց, որից մասնավորն են 47-ը։ Մասնավոր կրթական հաստատություններում 2020-21 ուսումնական տարում սովորում են 9701 աշակերտ, իսկ աշխատում են 953 ուսուցիչ։ 2018-ի համեմատ` շուրջ 400-ով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2020-ին առանձնապես փոփոխություններ չեն եղել։ 

«Արեգնազան» կրթահամալիրի դասվար Արա Աթայանը վստահեցնում է` եթե որոշումն ընդունվի, իրենց կրթահամալիրը կփակվի։ Ավելին, մասնավոր դպրոցների ոլորտը կոչնչանա, քանի որ կմնան 8-10 դպրոց, որոնք կսպասարկեն միայն մեծահարուստների երեխաներին։

«Այս ամենը որևէ տնտեսական արդյունքների էլ չի բերի, քանի որ երեխաների հոսքը դեպի պետական դպրոցներ կավելանա։ Այսինքն` պետությունը կսկսի ծախսել հավելյալ գումարներ այդ երեխաների համար, իսկ որոշման հետևանքով փակվող դպրոցներից այլևս չի ստանա այն հարկերը, որոնք ստանում էր։ Ընդհանուր առմամբ, դա աղետալի կլինի մասնավոր դպրոցների համար»,–ասաց Աթայանը։

Նրա խոսքով` շատ մարդկանց մի քանի թել է կապում Հայաստանի հետ, օրինակ, երեխաների` լավ դպրոցում կրթություն ստանալը. այդ թելը կտրվելուց հետո արտագաղթի հարցն էլ «լուծված կլինի»։ Ավելին, դա շատ մեծ հարված է միջին խավին, քանի որ «Արեգնազան», օրինակ, 570 երեխա է հաճախում, որից 5-6-ն են մեծահարուստի երեխաներ։ Աթայանն ասում է, որ հիմա, երբ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ծնողների մեծ մասը դիմել է զեղչ ստանալու համար` ինչպե՞ս են 20 տոկոս ավելի վճարելու։

«Արեգնազանում» նույնպես հարցում են արել ծնողներին` գերակշիռ մասը պատրաստ չէ վարձավճարի թանկացման։ Աթայանը վստահ է` օրենքի նախագիծը կրթության վերաբերյալ երկար տարիների  անլուրջ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։

Տնտեսությունը կշահի՞, թե կտուժի

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումն ի ցույց է դնում, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում կրթության ոլորտին։ Ավետիսյանն ասում է. «Կացինն առել ու տնտեսվարողների վրա են ընկել», որպեսզի անհրաժեշտ չափով հարկեր գեներացնեն։

«Կառավարությունը որոշել է հարկերը քերթել կրթության ոլորտից, սակայն սխալ հաշվարկ են արել։ Հարցն այն է, որ սա տնտեսության այն ոլորտը չէ, որ մեծ շրջանառություն ունի, որտեղից կարելի է հարկեր հավաքել։ Փաստացի թանկացնում են ծառայությունների մատուցման սակագները, ինչից կտուժի հանրակրթության մատչելիությունը»,–ասաց տնտեսագետը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Նրա խոսքով` մեծ հարց է այդ ծառայությունների արդյունքում մենք բյուջեի կրճատո՞ւմ, թե՞ ավելացում կունենանք։ Այդ հաստատություններն արդեն իսկ վճարում են շահութահարկ և եկամտահարկ, իսկ եթե դրանք փակվեն, ապա «տակը մնացած» մի քանի կառույցների ԱԱՀ–ն ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Թադևոսյանը նշում է` զրկել մասնավոր կրթության ոլորտին այդ արտոնությունից այն ժամանակ, երբ սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում և կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները չենք թոթափել, անհասկանալի է ուղղակի։

Ծնողները պատրաստ չեն ավելի վճարել

Գայանե Ավետյանը, որի տղան սովորում է մասնավոր դպրոցներից մեկում, նշում է, որ արդեն իսկ ծնողներով հավաքվել ու որոշել են` բողոքի ակցիա են անելու, եթե իրոք նման որոշում կայացվի։ Տիկին Գայանեն ասում է` իր տղան մաթեմատիկայից բավական ուժեղ է, ինչի համար էլ մաթեմատիկական ուղղվածության մասնավոր դպրոց են ուղարկում նրան։

«Ես ու ամուսինս աշխատում ենք, որպեսզի տղաս ստանա այն կրթությունը, ինչ իրեն է պետք։ Տարեկան 1 միլիոն դրամից ավելի գումար ենք վճարում, և դեռ 20 տոկոսո՞վ էլ պետք է ավելանա այդ ծախսը։ Հետաքրքիր է` իսկ կառավարության անդամները հայտնե՞լ են` ինչի հաշվին են նման որոշում կայացնում, արդյո՞ք աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են»,–ասաց տիկին Գայանեն։

Մեկ ուրիշ ծնող էլ` Արթուր Սահակյանը, նշում է, որ իրենց 3-ամյա աղջկան մասնավոր մանկապարտեզ են ուղարկում, քանի որ այնտեղ հնարավորություն կա այլ պարապմունքների միջոցով երեխային ավելի երկար ժամանակ զբաղեցնել։

«Ես մրգի կրպակ էի բացել տարիներ առաջ, ու ընտանեկան բիզնեսով էինք զբաղվում։ Նախորդ տարի «տակ տվեցինք», ու կրպակը փակվեց։ Հիմա այլ տեղ աշխատանքի եմ մտել. կինս նույնպես աշխատում է։ Այնպես չէ, որ մեծահարուստ ենք, սակայն քանի որ մասնավոր այդ մանկապարտեզը շատ ենք հավանել, որոշեցինք հանուն երեխայի մեզ մի քիչ նեղություն տալ։ Հիմա հազիվ ենք հասցնում վարձը վճարել (ամսական շուրջ 140 000 դրամ), այսինքն` եթե թանկացնեն, պետական մանկապարտեզ պիտի տանենք»,–ասաց Սահակյանը։

Հավելենք, որ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարություն էր տարածել վերոհիշյալ որոշման առնչությամբ` ասելով, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ասոցացիան կառավարությանը կոչ էր արել ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։

0
թեգերը:
դպրոց, ԱԱՀ, նախակրթարան
Ըստ թեմայի
Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր