Ընտրացուցակներ

Զրոն կյանքի շրջափուլն է և կոչվում է «հավերժության օձ». ինչով այն կօգնի ընտրություններին

102
(Թարմացված է 21:37 09.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Նույնիսկ թվաբանության և մաթեմատիկայի հետ որևէ կապ չունեցող մարդկանց ժամանակ առ ժամանակ գերում է թվերի զարմանահրաշ աշխարհը։
«Զրոյի» զարմանահրաշ աշխարհը

Այսօր ուզում եմ անդրադառնալ ամենաառեղծվածային թվանշաններից մեկին՝ «զրոյին»։  Դեռ բաբելոնցիներն են օգտագործել այդ թվանշանը, բայց համընդհանուր ճանաչում այն ստացել է միայն 2 հազար տարի անց, Հնդկաստանում։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, օրինաչափ է ու համապատասխանում է հնդկական փիլիսոփայության  դրույթներին։ Եթե կա այսպես կոչված Նիրվանա, այսինքն` ամեն ինչի, այդ թվում նաև մտահոգությունների և հույզերի իսպառ բացակայության վիճակ, ուրեմն պիտի լինի նաև թվանշան, որը խորհրդանշում է ամեն ինչի բացակայություն, այսինքն` հենց որ նկարում եք մի շրջանակ, այն դառնում է զրո։ Բայց, պնդում է «Նեյչուր» պարբերականի մեկնաբան Հաննա Ֆրայը, դա շատ պարզունակ պատկերացում է, իրականում հնդիկները համոզված էին, որ զրոն խորհրդանշում է կյանքի շրջափուլը և կոչվում է «հավերժության օձ»։

​Ժամանակի ընթացքում զրոն Հնդկաստանից շարժվեց դեպի արևելք, հասավ Մերձավոր Արևելք ու տեղ գտավ արաբական թվարկության համակարգում։ Ի դեպ, բազմաթիվ մասնագետներ ասում են՝ բայց չէ՞ որ ոչ միայն զրոն, այլև արաբական կոչվող թվագրության ողջ համակարգն է եկել Հնդկաստանից, ու պատմական արդարությունը գոնե մասամբ վերականգնելու համար պետք է անվանվի հնդարաբական համակարգ։ Ճիշտ է, բոլորը քաջ գիտակցում են, որ նման փոփոխությունն իրականացնելը մեր օրերում գրեթե անհնար է։ Ինչ վերաբերում է զրոյին, ապա այն շարունակեց իր երթը դեպի Եվրոպա, բայց ժամանակները դրա համար այնքան էլ նպաստավոր չէին՝ սկսվել էին Խաչակրաց արշավանքները, և արաբների հետ առնչվող ամեն ինչ  բառիս բուն իմաստով սվիններով էր ընդունվում։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

​Իսկ զրոն այնուհետև մեծ դեր խաղաց մարդկության պատմության ու կոնկրետ մարդկանց կյանքում։ Տեսեք, մի կողմից տասնամյակներ առաջ, երբ սկսեց զարգանալ հաշվիչ տեխնիկան նաև Հայաստանում, մասնագետները կիրառում էին երկթիվ համակարգը՝ մեկ և զրո, ինչը հաշվիչ մեքենան՝ ժամանակակից համակարգչի նախատիպը, շատ լավ էր հասկանում։ Հո պատահաբա՞ր չի, որ հետագայում համակարգիչն անվանվեց կոմպյուտեր, իսկ կոմպյուտ անգլերեն նշանակում է հենց հաշվել։ Բայց մյուս կողմից, զրոն Դեկարտի թեթև ձեռքով դարձավ կոորդինատների համակարգի ելման կետ։ Այդ համակարգի շնորհիվ կարելի է գուշակել ապագան։ Դա շատ գեղեցիկ ու գրավիչ անվանում ունի՝ մաթեմատիկական անալիզ և թույլ է տալիս հետևել որոշ գործընթացների, որոշ շարժերի ժամանակի ընթացքում։

Օրինակ` ավելորդ փող ունեք և ուզում եք բաժնետոմսեր գնել Նյու Յորքի կամ Լոնդոնի բորսաներում, բայց չեք կողմնորոշվում, թե կոնկրետ որ ընկերության բաժնետոմսերի գինը շարունակաբար կաճի ու կաճի, այն էլ՝ ֆանտաստիկ տեմպերով։ Վերցնում եք ձեր նախընտրած ընկերությանը վերաբերող կոորդինատների համակարգը, որի ելման կետը, եթե հիշում եք, զրոն է։ Դիմում եք մասնագետին՝ արդյոք ճի՞շտ ընտրություն եմ արել, և մասնագետը ժպիտով ձեզ պատասխանում է. «Իհարկե, հիմարություն եք արել, որովհետեւ չնայած հիմա նրա դիրքերը բորսաներում ամուր են թվում, շատ մեծ հավանականությամբ այս ընկերությունը առաջիկա ամսվա ընթացքում ընդհանրապես քանդվելու է»։

​Բայց մենք՝ հայերս, ինչպես հայտնի է, չափից դուրս թերահավատ ենք։ Մտքում մի-երկու թթու խոսք եք ասում այդ հիմար մասնագետի հասցեին ու մի հսկա գումար եք տեղադրում ձեր նախընտրած ընկերության բաժնեմասերի դիմաց։ Մի ամսից ընկերությունն իրոք քանդվում է, ու դուք արդեն սկսում եք անիծել զրոյից սկսվող կոորդինատները, որոնք փայլուն ապագա էին խոստանում ընկերությանը։ Սակայն զրոն նաև շատ հարմար է ընտրությունների արդյունքներն ամփոփելիս. տեսնում եք, որ իշխող կուսակցության պատգամավորն այսինչ ընտրատարածքում 300 ձայն է հավաքել, ձեռքի հմտացած շարժումով թերթիկի վրա մի կլորակ եք նկարում, և միանգամից ստացվում է, որ թեկնածուն ստացել է տասն անգամ ավելի շատ ձայն։ Համաձայնեք՝ սրա դեմ պայքարելու միակ արդյունավետ միջոցն ընտրությունների ժամանակ հռոմեական թվարկության համակարգին անցնելն է՝ այնտեղ ընդհանրապես զրո չկա։

102
թեգերը:
Ընտրություններ, թիվ, զրո, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (321)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսին վերաբերող բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են, կամ հակասական թվեր
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի
Մեզ, բնականաբար, կարագի գինն է հետաքրքրում
Խոսե Մուխիկա

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

36
(Թարմացված է 22:27 01.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Որոշ երկրների ղեկավարներ կերազեին պաշտոնավարել հավերժ, որովհետև շատ դժվար է գուշակել, թե ինչպես կդասավորվի ճակատագիրդ, երբ ի վերջո ստիպված կլինես վերադառնալ սովորական կյանքին։
Երկրի նախկին ղեկավարի անկանխատեսելի ճակատագիրը պաշտոնավարության ավարտից հետո

Ոմանց համար պրոբլեմ չկա։ Օրինակ, Խոսե Մուխիկան, որը 2010 թվականից մինչև 2015 թվականը Ուրուգվայի նախագահն էր, հիմա էլ շարունակում է ապրել իր գյուղական տանը, ջրհորից ջուր բերել տան համար և վարել իր հին, շատ հին «Ֆոլքսվագենը», որի համար տարիներ առաջ իրեն 1 միլիոն դոլար էին առաջարկում։ Ի դեպ, մի քանի տարի առաջ նա հրաժարվել է նաև նախկին նախագահներին հասնող կենսաթոշակից՝ հիմնավորելով, որ այդ փողի կարիքը չունի։ Համաձայնեք, ոչ մի զարմանալի բան չկա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիներին էլ իր ամսական 12 հազար դոլար աշխատավարձի գերակշիռ մասը նա հատկացնում էր բարեգործությանը։

​Կան, իհարկե, նաև բոլորովին այլ օրինակներ։ Դիցուք, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի պաշտոնավարման ավարտից հետո իշխանությունները նրան մեղադրեցին սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է, պաշտոնաթող ղեկավարներին շատ կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվում (այսօր նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման-խմբ.)։ Ոմանք նույնիսկ պաշտոնավարման ընթացքում են ընդունում իրենց մեղքը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախկին նախագահներից մեկը դատապարտվեց 25 տարի ազատազրկման, և պետք է որպես տուգանք վճարի ֆանտաստիկ մի գումար՝ գրեթե 20 միլիոն դոլար։

​Հայտնի է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, էսպիսի հստակ համոզմունք կա. մարդը ցանկանում է ղեկավար դառնալ միայն մի նպատակով՝ հարստանալու։ Ճիշտն ասած, շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվում նման միանշանակ պնդումներին և ավելի շատ հակված եմ կարծելու, որ ամեն ինչ կախված է տարբեր մակարդակների մեծ ու փոքր ղեկավարների, այդ թվում՝ երկրի առաջնորդների անձից, բարոյական կերպարից և դավանած սկզբունքներից։ Չեմ ուզում հիմա լրջորեն վերլուծել այս հարցը և կոնկրետ անուններ տալ, որովհետև, գիտեք երևի, հենց մի անուն ես տալիս և կարծիք հայտնում, թե այս մարդը մաքուր է, միանգամից ի պատասխան ստանում ես ծռմռված դեմք, հեգնական ժպիտ և շատ երկար դասախոսություն այն մասին, թե ինչ սրիկա է այդ մարդը։ Ու հենց հարցնում ես՝ բայց որտեղի՞ց գիտես, որ այս մարդը ֆանտաստիկ հարստություն է դիզել, հետևում է մահացու մի պատասխան՝ հարևանս է պատմել, ինքն էլ հո գիտի։

​Իսկ կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը ոչ թե շահել, այլ կորցնել նախագահ կամ վարչապետ լինելուց։ Իհարկե, կարող է։ Հեռու չգնանք։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ։ Ահա թե ինչ է գրում գերմանական «Ֆոկուս» հանդեսը։

«Թրամփն առաջվա պես մնում է միիարդատեր, բայց նրա ֆինանսական կայսրությունը ճաքեր է տվել նախագահության օրոք։ Ճիշտ է, նրա կարողությունը կազմում է 2,5 միլիարդ դոլար, բայց ամերիկացի մեծահարուստների ցուցակում նա իջել է գրեթե 65 կետով։ Վաշինգտոնում և Չիկագոյում գտնվող նրա անշարժ գույքը, կարծես թե, այլևս եկամուտ չի բերում»։

Բայց ամենագլխավորը՝ քիչ առաջ փաստեցի, որ նախկինների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել։ Դոնալդ Թրամփի օրինակը հենց այդ դեպքերից է։ «Թրամփին մի քանի դատական հայցեր են սպասում, քանզի նա այլևս նախագահ չի և քրեական հետապնդումից պաշտպանված չի։ Միանգամից մի քանի դատախազներ փորձում են ապացուցել, որ Թրամփը հարկային խարդախություններ է թույլ տվել», - գրում է գերմանական պարբերականը։

​Ճիշտ է, իր կորուստները Թրամփը կարող է մասամբ փոխհատուցել բարձր թոշակով, որը ստանում են պաշտոնաթող ամերիկացի նախագահները՝ տարեկան ավելի քան 220 հազար դոլար։ Բայց ինձ մեկ ուրիշ թիվ շշմեցրեց և անհագ ցանկությունս առաջացրեց աշխատել պաշտոնաթող որևէ նախագահի կամ թեկուզ վարչապետի գրասենյակում։ Ախր Միացյալ նահանգների, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները գրասենյակ պահելու իրավունք ունեն։ Ես չգիտեմ, թե որքան է ստանում, ասենք, Վիկտոր Սողոմոնյանը՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, բայց Ամերիկայում պաշտոնաթող նախագահը իրավունք ունի իր գրասենյակի աշխատողներին վճարել տարեկան 150 հազար դոլար։ Ճիշտ է, դա միայն առաջին 30 ամսվա ընթացքում, դրանից հետո այդ թիվն իջնոմ է մինչև տարեկան 96 հազար դոլար։ Ոչինչ, 96 հազարին էլ եմ համաձայն։

36
թեգերը:
Ուրուգվայ, Հայաստան, ԱՄՆ, Նախագահ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (321)
Ըստ թեմայի
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

679
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

679
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Արխիվային լուսանկար

Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է

0
(Թարմացված է 23:02 01.03.2021)
Դավիթաշեն 4-րդ թաղամասում բախվել են «Opel Vectra G» և «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

0
թեգերը:
Դավթաշեն, Տուժածներ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է