Այլումին

Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար

2178
(Թարմացված է 23:19 09.02.2021)
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը, իր գործարաններից ստացված բողոքի հիման վրա, հետաքննություն է սկսել Հայաստանից և մի շարք այլ երկրներից ԱՄՆ փայլաթիթեղի ներկրման նպատակահարմարության վերաբերյալ։ Նպատակն ակնհայտ է՝ պահպանել սեփական, որակավորված մասնագետներով գործարանները։

ԱՄՆ-ում արդեն հինգ ամիս շարունակ ընթանում է հայկական ալյումինե փայլաթիթեղի գործով քննությունը։ Ըստ դրա արդյունքների ամերիկյան իշխանությունները կորոշեն՝ առհասարակ թողնե՞լ այդ ապրանքը մուտք գործի շուկա, թե՞ միայն սահմանափակել ներկրումը։

Շատերի համար անսպասելի կերպով՝ Հայաստանից ԱՄՆ արտահանման հիմնական բաղադրիչը համակարգչային ծրագրերը չեն, ոչ էլ ծիրանը։ Արտահանման կեսից ավելին ալյումինե փայլաթիթեղն է։ 2000-ականներից, երբ ռուսական «Ռուսալ» կորպորացիան ձեռք բերեց Քանաքեռի ալյումինի գործարանը, այստեղ զգալիորեն աճեցին արտադրության ծավալները, և սկսվեց արտահանում դեպի Եվրամիություն և ԱՄՆ։

Հիմա գործարանում գրեթե 700 մարդ է աշխատում՝ 360 հազար դրամ միջին աշխատավարձով։ Եթե ամերիկյան շուկան (գործարանի արտադրանքի իրացման մոտ 1/3) փակվի, ընկերությունը ստիպված կլինի լիովին կենտրոնանալ ԵՄ-ի վրա, իսկ այնտեղ մրցակցությունը հիմա շատ ավելի կոշտ է, քան առաջ․ այնտեղ դիրքերն ամրապնդում է չինական էժան փայլաթիթեղը, որը դուրս է մղվել ամերիկյան շուկայից։

Չե՞ն օգնում յուրայիններին

Երեք տարի առաջ ԱՄՆ-ն փակեց իր շուկան փայլաթիթեղի չինական արտադրողների համար՝ նրանց համար ներկրման բարձր մաքսատուրքեր սահմանելով։ Չինական գործարանները հսկայական պետական աջակցություն են ստանում, իսկ նրանց արտահանմանը նպաստում է յուանի արհեստականորեն ցածր փոխարժեքը։ Հենց դա էլ հիմք է դարձել ԱՄՆ-ի որոշման համար, քանի որ տեղական արտադրությունը պետությունից որևէ աջակցություն չի ստանում։

Ճիշտ է, դա այնքան էլ այդպես չէ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն շահավետ պայմաններով ֆինանսավորեց իր ավտոարտադրողներին՝ 80 միլիարդ դոլարի չափով։

Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում

«Կրայսլերին» պետությունն այն ժամանակ արդեն երկրորդ անգամ էր օգնում (առաջին անգամ՝ դեռ 1979թ․-ին)։

Եթե խոսենք այլ ոլորտների մասին, ապա կառավարությունը նրանց օգնում է անուղղակիորեն՝ շուկայից դուրս մղելով մրցակիցներին։ Չինական փայլաթիթեղի համար շուկան փակելուց հետո գործ բացեցին մյուս երկրներից ներկրողների վրա․ բացի Հայաստանից, այդ երկրներն են Ռուսաստանը, Բրազիլիան, Օմանը և Թուրքիան։ Հայաստանը ԱՄՆ արտահանում է տարեկան 30 միլիոն դոլարի փայլաթիթեղ։ Ամբողջ ամերիկյան շուկայի մասշտաբներում դա մեկ տոկոսից էլ քիչ է։ Բացի այդ, Հայաստանը փաստացի որևէ կերպ չի օգնում իր արտադրությանը՝ ի տաբերություն Թուրքիայի, որտեղ սուբսիդիաները զանգվածային բնույթ ունեն։

Չնայած այս ամենին, երբ ամերիկյան գործարանները բարձրացրին հայկական փայլաթիթեղի հարցը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը կանգնեց իր արտադրության և իր հարկատուների կողքին (ի տարբերություն Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների)։

Զգուշացե՛ք, բենզատար է

Sputnik Արմենիան դիմեց ԱՄՆ Ալյումինի ասոցիացիային՝ խնդրելով հայտնել, թե հայկական գործարանի որ գործողություններում են իրենք անբարեխիղճ մրցակցություն տեսել։

Ասոցիացիայի մամուլի ծառայությունը տեղեկություններ տրամադրեց «Ռուսալ-Արմենալի» հետ նամակագրության մասին (ԱՄՆ միջազգային առևտրի հարցերով վարչակազմին կից ACCESS էլեկտրոնային տվյալների բազայում)։

Պարզվեց, որ հետաքննությունը սկսվել է հետին թվով․ ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը դեռ նոր պետք է պարզի՝ արդյո՞ք Հայաստանը խախտում է մրցակցությունը։ Դրա համար «Ռուսալ-Արմենալ»-ից արտադրության մասին ամենամանրամասն հաշվետվություն են պահանջել․ ի՞նչ գնով է ընկերությունը ալյումինե կտորներ բերում Ռուսաստանից, ինչքանո՞վ է գնում էլեկտրականությունն ու գազը, որքա՞ն է վճարում աշխատողներին՝ մարդ/ժամ հաշվարկով, ի՞նչ գներով է պատրաստի ֆոլգան ուղարկում Ամերիկա։ Ոչ մի մանրուք չեն մոռացել․ պահանջել են մանրամասնել, թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվում արտադրության էներգատարությունը, իսկ եթե գործարանն իր համար բենզին է գնում, ապա՝ մինչև գործարան քանի կիլոմետր է անցնում բենզատարը։

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը հունվարի 4-ին դիմել է «Ռուսալ-Արմենալին»՝ պահանջելով ողջ տեղեկատվությունըտրամադրել նշված ժամկետում, այն է՝ մինչև փետրվարի 5-ը։ Դեպարտամենտը նախնական որոշում պետք է կայացներ մարտի 8-ին, սայց ավելի ուշ ԱՄՆ Ալյումինի ասոցիացիան խնդրել է երկարաձգել այդ ժամկետը մինչև ապրիլի 21-ը։

«Մենք թերություններ ենք հայտնաբերել մեզ ուղարկված (արտասահմանյան գործարաններից՝ խմբ․) տեղեկություններում, և այդ թերությունները նրանք պետք է շտկեն։ Դրա համար Դեպարտամենտը կարող է նրանց նոր հարցումներ ուղարկել և հստակ պարզել, թե ինչ աստիճանի դեմպինգ է թույլ տրվել»,-ասվում է Ասոցիացիայի նամակում։ Այսպիսով, հետաքննություւնը դեռ չի ավարտվել, իսկ Ասոցիացիան արդեն իր արտերկրյա մրցակիցներին մեղադրում է դեմպինգի մեջ։

Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) լիբերալ տնտեսական մոդելի հոյակապ աշակերտներ են եղել և երբեք, ոչ մի դրամով չեն օգնել մեր գործարաններին․ ո՛չ հարկային արտոնություններով, ո՛չ էլեկտրականության կամ գազի շահավետ սակագներով, ոչ էլ անգամ մասնագետների նպատակային պատրաստմամբ։

Բայց հիմա անգամ դա չի օգնում։

Ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական

Sputnik Արմենիան դիմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյոք նրանք տրամադրել են ամերիկացի գործընկերներին որևէ բացատրություն։ Առայժմ այդ մասին մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Ի՞նչ է ազգային անվտանգությունը

Ակնհայտ է, որ գործն ուղղված է ոչ Հայաստանի և ոչ էլ անգամ Ռուսաստանի դեմ (քանի որ բողոքներ են ներկայացրել նաև մյուս երկրների դեմ)։ Ամերիկյան կառավարությունը պարզապես պաշտպանում է իր բիզնեսը (կրկնենք՝ ի հակառակ ՀՀ հին ու նոր իշխանությունների)։

Ամերիկյան տնտեսությամն ամբողջ լիբերալությամբ հանդերձ օտարերկրյա մրցակցության դեմ խիստ միջոցները բացեիբաց ամրագրված են տեղական օրենսդրության մեջ՝ 1962թ․-ի օրենքում (Trade Expansion Act)։ Դրա 232 կետը (Section 232) իշխանություններին թույլ է տալիս հետազոտություն անցկացնել՝ որևէ ապրանքի ներմուծումը չի՞ սպառնում արդյոք ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Եթե այո, օտար  ապրանքը կարելի է արգելել կամ «շտկումներ կատարել դրանում», ինչպես պարզաբանում է Առևտրի դեպարտամենտը:

Եվ ահա մենք մոտեցանք, թերևս, ամենահետաքրքիր պահին․ իսկ ինչպե՞ս է այդ օրենքում բնութագրվում «ազգային անվտանգություն» հասկացությունը։ Այդ մասին խոսվում է 232 կետին կից բացատրական բուկլետում։

«Հաշվի առնվող ամենակարևոր չափանիշների թվում են ներքին արդյունաբերության բարեկեցության վրա ներմուծման մրցակցության ազդեցությունը, զանգվածային գործազրկության վտանգը, պետական եկամուտների կրճատումը, ներդրումների և աշխատուժի մասնագիտացված աշխատանքային հմտությունների կորուստը»,-նշված է տեքստում։

Այսպիով, ԱՄՆ-ն պաշտոնապես խոստովանում է, որ ազգային անվտանգությունը միայն զենքը չէ։ Եթե դուք մեխանիկներ ու խառատներ, մետալուրգներ և ինժեներներ, ֆիզիկոսներ ու քիմիկոսներ չունեք, փոխարենն ունեք պրոֆեսիոնալ ցուցարարներ՝ դա երկարաժամկետ սպառնալիք է ձեր երկրի համար;

«Հայէլեկտրամեքենա» գործարանի (Խորհրդային Միությունում գեներատորների ամենախոշոր արտադրողներից մեկի) խոշոր արտադրամասերից մեկում հիմա ներկրվող հագուստի պահեստ է։ «Նաիրիտ» գործարանի նախկին մեխանիկներն ու քիմիկոս-տեխնոլոգները հիմա աշխատում են որպես տաքսիստ, դերձակ կամ հավաքարար։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակումից հետո  մետաղագործ-վարպետները ստիպված են պարտքով հաց գնել խանութից։

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Սակայն Հայաստանում զանգվածաբար շրջանառվող ազգային անվտանգության ուսումնասիրություններից ոչ մեկում ոչ մի բառ չկա այն մասին, թե ինչպես է այս ամենն ազդել և ազդելու երկրի անվտանգության վրա։

2178
Ըստ թեմայի
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը
Հովհաննես Մկրտչյան

«Փորի, ախպեր ջան, փորի». ինչպես համշենահայ երիտասարդը հայտնվեց Թաղավարդում ու ողջ մնաց

69
(Թարմացված է 18:13 04.03.2021)
2020 թվականի 44–օրյա պատերազմը ինքնությունը պահելու պայքար էր ոչ միայն Արցախի ու ՀՀ հայերի, այլև Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Հովհաննեսը համշենցի երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում Արցախի Թաղավարդում էր։

Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։    

Ованнес Мкртчян
© Photo : provided by Hovhannes Mkrtchyan
Հովհաննես Մկրտչյան

Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։ 

«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։

Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։

«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։

Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։

Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։

Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։

Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը

69
թեգերը:
Թաղավարդ, Պատերազմ, հայ, համշենահայերեն
Ըստ թեմայի
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Թուրքը նահանջում է, երբ տեսնում է կռվող հայի. Սասունում ապրող հայի պատգամը
Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

100
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

100
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն