«Զվարթնոց» օդանավակայան

Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»

2050
«Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ փետրվարը կաշխատի նախակարանտինյան ռեժիմով. սովորականի պես Երևանից Մոսկվա չվերթերն ամենապահանջվածն են։ Միգրացիայի և այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, հիշում է սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ «թռել» են մինչև 700 դոլար, լրացուցիչ բարդություններ են առաջացել կորոնավիրուսի թեստի տեղեկանքների հետ կապված, բոլոր տոմսերը նախապես վաճառված են, բայց ժողովուրդը միևնույնն է ձգտում է մեկնել երկրից։ Որևէ լավ բան այստեղ չեմ տեսնում։ Հակառակը. Արցախում հողեր են կորսված, Հայաստանում կրճատվում է բնակչությունը, իսկ դա իրական ազդակ է վտանգի մասին, որ շուտով կարող ենք էլի հողեր կորցնել։

... Զանգվածային արտագաղթի առաջին ալիքը մեզ մոտ սկսվել է դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք. ոմանք` Ռուսաստան էին մեկնում, մյուսները` ԱՄՆ։  Այդ տարիներին ես «Գրին քարտ» շահեցի։ Եվ ահա ես ու կինս դստեր և թոռների մոտ հետախուզական առաջին թռիչքը կատարեցինք, այնուհետև էլի ու էլի... իսկ հետո հանձնեցինք մեր «Գրին քարտը» Երևանի ԱՄՆ դեսպանատանն ու սկսեցինք Միչիգան մեկնել սովորական տուրիստական վիզայով։

Դա ավելի շատ ժամանակ է խլում, որոշակի ջանքեր պահանջում, կոնկրետ ծախսերի հետ է կապված, բայց դու ազատ ես տարվա մեջ գոնե վեց ամիս տանը չապրելու պարտավորությունից:

Հիմա «բայց»–ի մասին ավելի մանրամասն։ Առաջինը, ինչ գիտակցում ես Ամերիկայում նույնիսկ ամենահարազատ ու մտերիմ մարդկանց մոտ մի քանի ամիս ապրելուց հետո, այն է, որ Ամերիկայում դու օտար ես։ Ոչ բոլորն են հանդգնում ասել այդ մասին, բայց նախ` կողքից ավելի լավ է երևում, բացի այդ էլ կան այնպիսիք, ովքեր իրենց ապրումները չեն թաքցնում։

«Ժողովրդական ալիք» ռուսական ռադիոյի հաղորդավար Միխայիլ Գուտկինի անկեղծ խոստովանությունից։ «Քսան տարի առաջ, երբ ես այստեղ եկա, շատ էի ուզում ամերիկացի լինել։ Ուզում էի, որ ոչինչ չհիշեցնի ինձ իմ ծագման մասին։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ դա սխալ է, այստեղ ինձ երբեք հարյուր տոկոսով յուրային չեն համարելու։ Բացի այդ ես էլ ինձ լիարժեք ամերիկացի չեմ զգում։ Շատ բաների ես այլ կերպ եմ նայում, ոչ ամերիկյան ձևով»։

ԱՄՆ–ում կյանքի նկատմամբ ոչ ամերիկյան հայացք ունենալը դեռ չի նշանակում հակաամերիկյան լինել, բայց հետագա մտորումների տեղիք է տալիս։ Օրինակ` մեզանից շատերն այսօր իրենց հողի վրա էլ կարծես իրենց տեղում չեն, բայց  այնուամենայնիվ, հարազատության զգացումը չի կորում, հատկապես նրանց համար, ովքեր հիսունն անց են։ Նման «հարազատ» պատեր օտարության մեջ երկար ժամանակ չեք ունենա, երկար ժամանակ` միայն ապաստարան։

Լրացում անեմ միչիգանյան իրականության հետ կապված, որտեղ հայերն ավելի սակավաթիվ են, քան Կալիֆոռնիայում։ Սակայն և՛ Միչիգանում, և՛ Կալիֆոռնիայում, և՛ ամենուր, որտեղ դու արմատներով օտար ես, դեռ երկար ես մնալու եկվորի կարգավիճակում։

«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին

Դրան գումարած չվերացող հակաէմիգրացիոն տրամադրությունները։ Աբրահամ Լինքոլնն իր ընդդիմախոսների մասին ժամանակին ասում էր. «Եթե նրանց ձեռքը տաս իշխանությունը, ապա «Բոլոր մարդիկ հավասար են»–ի փոխարեն, նրանք կգրեն. «Բոլոր մարդիկ հավասար են, բացառությամբ սևամորթների, օտարերկրացիների և կաթոլիկների»»։

Այն օգուտը, որն ԱՄՆ–ն ունի եկվորներից, հասկանում են ոչ միայն խելացի նախագահները, այլև հասարակ ամերիկացիները, որոնք ևս հիմար չեն։ Երկրում տեխնիկական առարկաներ դասավանդող յուրաքանչյուր երկրորդ մասնագետն ու յուրաքանչյուր հինգերորդ բժիշկը ներգաղթյալներ են։ Բացի այդ ֆիզիկոսները, քիմիկոսները, ծրագրավորողները, ինժեներները, շինարարները` աշխարհի բոլոր երկրներից... Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Դովլաթովը, մշակութաբան Վահրիճ  Բախչանյանը («Ձեռքերդ քաշի՛ր Վեներա Միլոսսկայայից» հայտնի պաստառի հեղինակ)։ Ու էլի մի շարք լավ մարդիկ։

Սա ասում եմ նրա համար, որ հայերը իրենց երկրորդական լինելու հետ կապված առանձնակի բարդույթներ չպետք է ունենան, բայց մի բան է հասկանալը, բոլորովին այլ բան` կարողանալ հեշտությամբ ինտեգրվել նոր իրականության մեջ և այնտեղ սահուն կյանքով ապրել։

...Վերադառնանք «Զվարթնոց» օդանավակայան, որը հայերին ճանապարհում է օտար քաղաքներ ու երկրներ` առանց հետդարձի տոմսի։ Նրանց դատապարտելը հեշտ է, բայց և հասկանալ էլ կարելի է.  երկրում խառնաշփոթ է, իշխանությունը ցնցումների մեջ է, բանակը վերքերն է բուժում, թուրքերը մոտ են, միակ հույսը Ռուսաստանն է, ուր էլ շատ են մեկնում հայերը։

Մեկնողներն ունեն երեխաներ, որոնց ոտքի է պետք կանգնեցնել, ծերեր, որոնց բուժել է պետք, հույսեր, որոնք տանն իրականություն դառնալու հնարավորություն չունեն...

Երկիրը լքելու մտքից հետ համոզելու ու «թավշյա հեղափոխության» մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է երկրին վերադարձնել նրա գեղեցիկ դեմքն ու ժամանակի փառքը, ինչում կարող էին օգնել նաև մեկնողները։ Ցավոք... Ի զորո՞ւ է դա անել ներկայիս իշխանությունը։ Պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»։

Թեպետ ՀՀ վարչապետին կից սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ մարդիկ` շոկային վիճակից դուրս գալուն զուգահեռ, արտագաղթի հետ կապված իրենց մտադրությունները կսկսեն փոխել։ Նա համոզված է, որ Հայաստանը լքելու ցանկություն այսօր ավելի շատ մարդ ունի, քան կլինի վաղը։  Դե ինչ` կապրենք–կտեսնենք։ Բայց մինչ այդ «Զվարթնոցում» դեռ ասեղ գցելու տեղ չկա։

2050
թեգերը:
ներգաղթ, ԱՄՆ, թռիչք, Մոսկվա, Հայաստան, արտագաղթ, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից
Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում
Խոսե Մուխիկա

Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով

17
(Թարմացված է 22:27 01.03.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Որոշ երկրների ղեկավարներ կերազեին պաշտոնավարել հավերժ, որովհետև շատ դժվար է գուշակել, թե ինչպես կդասավորվի ճակատագիրդ, երբ ի վերջո ստիպված կլինես վերադառնալ սովորական կյանքին։
Երկրի նախկին ղեկավարի անկանխատեսելի ճակատագիրը պաշտոնավարության ավարտից հետո

Ոմանց համար պրոբլեմ չկա։ Օրինակ, Խոսե Մուխիկան, որը 2010 թվականից մինչև 2015 թվականը Ուրուգվայի նախագահն էր, հիմա էլ շարունակում է ապրել իր գյուղական տանը, ջրհորից ջուր բերել տան համար և վարել իր հին, շատ հին «Ֆոլքսվագենը», որի համար տարիներ առաջ իրեն 1 միլիոն դոլար էին առաջարկում։ Ի դեպ, մի քանի տարի առաջ նա հրաժարվել է նաև նախկին նախագահներին հասնող կենսաթոշակից՝ հիմնավորելով, որ այդ փողի կարիքը չունի։ Համաձայնեք, ոչ մի զարմանալի բան չկա, հաշվի առնելով, որ պաշտոնավարման տարիներին էլ իր ամսական 12 հազար դոլար աշխատավարձի գերակշիռ մասը նա հատկացնում էր բարեգործությանը։

​Կան, իհարկե, նաև բոլորովին այլ օրինակներ։ Դիցուք, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի պաշտոնավարման ավարտից հետո իշխանությունները նրան մեղադրեցին սոցիալիզմի օրոք հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Էլ չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում այնպիսի զարգացած պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է, պաշտոնաթող ղեկավարներին շատ կոնկրետ քրեական մեղադրանքներ են ներկայացվում (այսօր նախկին նախագահ Սարկոզին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման-խմբ.)։ Ոմանք նույնիսկ պաշտոնավարման ընթացքում են ընդունում իրենց մեղքը։ Օրինակ, մի քանի տարի առաջ Հարավային Կորեայի պաշտոնազրկված նախկին նախագահներից մեկը դատապարտվեց 25 տարի ազատազրկման, և պետք է որպես տուգանք վճարի ֆանտաստիկ մի գումար՝ գրեթե 20 միլիոն դոլար։

​Հայտնի է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, էսպիսի հստակ համոզմունք կա. մարդը ցանկանում է ղեկավար դառնալ միայն մի նպատակով՝ հարստանալու։ Ճիշտն ասած, շատ մեծ վերապահումներով եմ վերաբերվում նման միանշանակ պնդումներին և ավելի շատ հակված եմ կարծելու, որ ամեն ինչ կախված է տարբեր մակարդակների մեծ ու փոքր ղեկավարների, այդ թվում՝ երկրի առաջնորդների անձից, բարոյական կերպարից և դավանած սկզբունքներից։ Չեմ ուզում հիմա լրջորեն վերլուծել այս հարցը և կոնկրետ անուններ տալ, որովհետև, գիտեք երևի, հենց մի անուն ես տալիս և կարծիք հայտնում, թե այս մարդը մաքուր է, միանգամից ի պատասխան ստանում ես ծռմռված դեմք, հեգնական ժպիտ և շատ երկար դասախոսություն այն մասին, թե ինչ սրիկա է այդ մարդը։ Ու հենց հարցնում ես՝ բայց որտեղի՞ց գիտես, որ այս մարդը ֆանտաստիկ հարստություն է դիզել, հետևում է մահացու մի պատասխան՝ հարևանս է պատմել, ինքն էլ հո գիտի։

​Իսկ կարո՞ղ է արդյոք երկրի ղեկավարը ոչ թե շահել, այլ կորցնել նախագահ կամ վարչապետ լինելուց։ Իհարկե, կարող է։ Հեռու չգնանք։ Դոնալդ Թրամփը ձեզ օրինակ։ Ահա թե ինչ է գրում գերմանական «Ֆոկուս» հանդեսը։

«Թրամփն առաջվա պես մնում է միիարդատեր, բայց նրա ֆինանսական կայսրությունը ճաքեր է տվել նախագահության օրոք։ Ճիշտ է, նրա կարողությունը կազմում է 2,5 միլիարդ դոլար, բայց ամերիկացի մեծահարուստների ցուցակում նա իջել է գրեթե 65 կետով։ Վաշինգտոնում և Չիկագոյում գտնվող նրա անշարժ գույքը, կարծես թե, այլևս եկամուտ չի բերում»։

Բայց ամենագլխավորը՝ քիչ առաջ փաստեցի, որ նախկինների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել։ Դոնալդ Թրամփի օրինակը հենց այդ դեպքերից է։ «Թրամփին մի քանի դատական հայցեր են սպասում, քանզի նա այլևս նախագահ չի և քրեական հետապնդումից պաշտպանված չի։ Միանգամից մի քանի դատախազներ փորձում են ապացուցել, որ Թրամփը հարկային խարդախություններ է թույլ տվել», - գրում է գերմանական պարբերականը։

​Ճիշտ է, իր կորուստները Թրամփը կարող է մասամբ փոխհատուցել բարձր թոշակով, որը ստանում են պաշտոնաթող ամերիկացի նախագահները՝ տարեկան ավելի քան 220 հազար դոլար։ Բայց ինձ մեկ ուրիշ թիվ շշմեցրեց և անհագ ցանկությունս առաջացրեց աշխատել պաշտոնաթող որևէ նախագահի կամ թեկուզ վարչապետի գրասենյակում։ Ախր Միացյալ նահանգների, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահները գրասենյակ պահելու իրավունք ունեն։ Ես չգիտեմ, թե որքան է ստանում, ասենք, Վիկտոր Սողոմոնյանը՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը, բայց Ամերիկայում պաշտոնաթող նախագահը իրավունք ունի իր գրասենյակի աշխատողներին վճարել տարեկան 150 հազար դոլար։ Ճիշտ է, դա միայն առաջին 30 ամսվա ընթացքում, դրանից հետո այդ թիվն իջնոմ է մինչև տարեկան 96 հազար դոլար։ Ոչինչ, 96 հազարին էլ եմ համաձայն։

17
թեգերը:
Ուրուգվայ, Հայաստան, ԱՄՆ, Նախագահ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

679
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

679
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում