Հայ գերիների ազգականները ՀՀ ՊՆ անցակետի մոտ. 16 դեկտեմբերի, 2020

Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում

450
(Թարմացված է 09:44 06.02.2021)
Գերության մեջ գտնվող կամ անհետ կորած համարվող ցանկացած զինծառայող շատ երկրներում համարվում է կռվող մարտիկ, քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել մարտի դաշտում կամ գերության մեջ նրա զոհվելու փաստը։

Գերիների և անհետ կորածների խնդիրը խորը ցավ է պատճառում ոչ միայն այդ զինվորների հարազատներին, այլև բոլոր հայերին, որոնք նրանց դժբախտությունն իրենց սեփական ցավի պես են զգում։ Իշխանություններն առայժմ ի զորու չեն լուծել այդ հարցը, ինչն էլ հանգեցնում է հանրության շրջանում դժգոհության աճին։

Ամերիկայի սխալները յուրօրինակ շտեմարան են, որոնք հնարավորություն են տալիս գործել այնպես, որ չկրկնես դրանք։ Ամերիկացիները շատ սխալներ են գործել, հիշեցնենք դրանից մեկը՝ մեջբերելով ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը։

«Մենք չպետք է երիտասարդ ամերիկացիներին ուղարկենք պատերազմ, որտեղ նրանք կարող են զոհվել, քանի դեռ պատրաստ չենք թույլ տալ նրանց հաղթանակի հասնել»,-մի անգամ ասել է Ռեյգանը, ելույթ ունենալով Վիետնամի պատերազմի Վետերանների օրվա առթիվ։

Ուշադրություն դարձրեք «երիտասարդ» բառին։ Այսինքն՝ տարիքային շեմը կարևոր է․ երիտասարդներին կարելի է պատերազմ ուղարկել միայն այն ժամանկ, երբ նրանք գիտեն, թե ինչ անել և ինչպես պահել իրենց մարտի ժամանակ։ Մենք դա հաշվի չենք առել, երիտասարդներին ուղարկել ենք առանց երկար մտածելու, և հիմա «Եռաբլուր» պանթեոնում նեղվածք է՝ վերջին արցախյան պատերազմում զոհված տղերքն են։

Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա

Ի՞նչ գիտեին նրանք, ի՞նչ էին կարողանում, ինչո՞վ էին մարտի գնում։ Գիտեին, որ Հայրենիքը վտանգված է և որ այն պետք է պաշտպանել՝ զինվոր դառնալով, որ չի կարելի անպաշտպան մնալ։ Այդ մասին պետք է մտածեին և հոգ տանեին կառավարությունն ու զինվորական հրամանատարությունը։ Չեն մտածել և հոգ չեն տարել։

Ամերիկայում՝ Վիետնամի պատերազմի վետերանների հուշահամալիրում, մի հուշարձան է տեղադրված, որի վրա փորագրված են բոլոր զոհերի և անհայտ կորածների անունները (նրանց անունները, ում ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ, խաչով են նշված, մյուսներինը՝ շեղանկյունիկով)։ Խաչերն ավելի քիչ են, շեղանկյունները՝ շատ, ժամանակի ընթացքում խաչերն ավելի ու ավելի են պակասում․ անհայտ կորածների փնտրտուքը վաղեմության ժամկետ չունի, և կորածներին պարբերաբար գտնում են։ Որովհետև նրանց փնտրում են, իսկ գերության մեջ հայտնվածներին՝ վերադարձնում։

Բայց պետք չէ Ամերիկայից կուռք սարքել։ Նույն պատերազմի ընթացքում Չինաստանի երկնքում ամերիկյան ինքնաթիռ էր խոցվել, երկու օդաչուները՝ Ջոն Դաունն և Ռիչարդ Ֆեկտոն, գերի էին ընկել։ Նրանց վերադարձնելու համար նախագահ Էյզենհաուերը պետք է ընդամենը «Կարմիր Չինաստանից» ներողություն խնդրեր գաղտնի թռիչքների համար, նա չարեց դա, և օդաչուները մնացին բանտում։

«Հինգ հայ ռազմագերիները Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել»,-օրերս հայտնեցին լրատվական գործակալությունները։

Գերության մեջ մի քանի անգամ շատ մարդ է մնացել, թե երբ նրանք տուն կվերադառնան՝ դժվար է ասել։ Ի՞նչ է լինելու նրանց հետ։

Գերված հայ զինվորների ճակատագիրը հանգիստ չի տալիս նրանց մայրերին ու հայրերին, որոնք էլ իրենց հերթին հանգիստ չեն տալիս ռազմական և քաղաքացիական իշխանություններին՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին։ Երբ գերեվարված զինվորի հայրը կոտրում է ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ անցակետի դռները, որպեսզի հանդիպի հրամանատարների հետ՝ երկրի համար ավելի մեծ խայտառակություն չկա։ Երբ երեխաներին կորցրած մայրերը սառչում են դռների մոտ սպասելով պատասխանի․ ո՞ղջ է-ողջ չէ, որտե՞ղ է մարմինը, իսկ եթե գերի է՝ երբ կվերադարձնեն։

Համաշխարհային, մասնավորապես՝ ամերիկյան փորձից (մենք գրեթե հասնում ենք «Զարմանալի աշխարհ» խորագրին)։ Հայտնի է, որ չի եղել, չկա և չի կարող լինել պատերազմ առանց ռազմագերիների։ Եվ այսպես, գերության մեջ գտնվող կամ անհետ կորած համարվող ցանկացած զինծառայող շատ երկրներում համարվում է կռվող մարտիկ, քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել մարտի դաշտում կամ գերության մեջ նրա զոհվելու փաստը։

«8 տարի գերիներ են եղել, ինչո՞ւ հին կառավարությունից հրաժարական չէիք պահանջում»․ Փաշինյան

Վիետնամի պատերազմի ընթացքում գերության մեջ էր հայտնվել 500 ամերիկացի։ Հաշվի առնելով պատերազմի մասշտաբները՝ բոլորովին էլ շատ չէ, բայց նման դեպքերում «քիչ է-շատ է» չեն հաշվում։ Օրենքն ասում է․ «Հանգամանքների բերումով հակառակորդին գերի ընկած զինծառայողը շարունակում է մնալ ԱՄՆ-ի զինված ուժերի շարքում»։

Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ եթե որևէ մեկը, զինվորական երդմանը չդավաճանելով, գերի է ընկել, նա, միևնույնն է, ստանալու է բոլոր դրամական փոխհատուցումները, օգտվելու է բոլոր արտոնություններից, որոնք նրա համար նախատեսված են, նույն ռեժիմով, ինչպես եթե շարունակեր ծառայության մեջ գտնվել։ Ավելին՝ եթե ռազմագերու համար եկել է հերթական զինվորական կոչումը ստանալու ժամանակը, նա այն կստանա։

Օրինակ․ նույն Հյուսիսային Վիետնամի երկնքում խոցվել էր ոմն Երեմիա Դեյթոնի՝ ծովային ավիացիայի փոխգնդապետի ինքնաթիռը։ Նա ութը տարի անցկացրեց գերության մեջ, ազատ արձակվեց և անմիջապես հագավ նոր համազգեստը՝ ծովակալի ուսադիրներով։

Էլ չեմ խոսում «Ռազմագերու մեդալ» հատուկ շքանշանի մասին, լռում եմ այն մասին, որ պատերազմում վիրավորված գերին վերադառնալուն պես կարող է անմիջապես ազատման դիմում գրել և, անկախ ծառայած տարիների քանակից՝ վետերան դառնալ, իսկ եթե որոշում է շարունակել ծառայությունը, ապա գերության մեջ անցկացված ժամանակը նրա համար հաշվարկվում է որպես ծառայության օրացուցային ժամանակ։

Արցախյան այս պատերազմում ոչ միայն երիտասարդներն էին կռվում. զենք վերցրին նաև նրանք, ովքեր հայրենիքը պաշտպանել էին նախորդ երկու պատերազմների ընթացքում։ Դրանք վետերաններ են, որոնք դեռ բոլորովին վերջերս հիշում էին թերևս միայն Երկրորդ Համաշխարհայինի հետ կապված։ Իսկ այսօր մենք մի ամբողջ բանակ սեփական առաջնագծի «հնաբնակներ» ունենք, հաճա՞խ ենք մենք նրանց հիշում ու ի՞նչ առիթով։

Հայկական ԶԼՄ-ների ամենաթարմ հաղորդագրություններից․ «Հունվարի 27-ին կառավարության նիստում, ի թիվս այլ որոշումների, ուղղումներ են մտցվել «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում»։ Այսուհետ Հայաստանում նոր պետական տոն կլինի՝ «Հարկ վճարողի օր», որը կնշվի ապրիլի 19-ին։ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ այդպիսի պաշտոնական տոնն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները շահագրգռված լինեն բարեխղճորեն կատարել հարկային պարտավորությունները և հպարտություն զգալ դրա համար»։

Զգո՞ւմ եք։

450
թեգերը:
ԱՄՆ, Հայաստան, Արցախյան պատերազմ, գերի
Ըստ թեմայի
Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է աղոթք գերիների վերադարձի համար․ տեսանյութ
Շիրակցի 62 գերիներ Ադրբեջանում կալանավորված են. ՄԻՊ
Ինչու Փաշինյանը Մոսկվայում ձախողեց կարևորագույն «առաջադրանքն» ու վերադարձավ առանց գերիների
Կանաչ ժամ եկեղեցին Շուշիում

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

163
(Թարմացված է 08:22 26.02.2021)
Ադրբեջանական կողմն իր նոր թեզն է առաջ տանում այն մասին, թե Շուշիում հայկական եկեղեցիներն ուղղափառ են։ Օրեր առաջ նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է պարզել` որն է խնդիրը։

Տեղի իշխանությունների հրավերով պետդումայի պատգամավոր (Վորոնեժի մարզից ընտրված) և «Հայրենիք» («Родина») կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը վերջերս Բաքու էր այցելել, որտեղ նրան շատ հյուրընկալ էին ընդունել, և պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով շրջելուց հետո, Facebook–ի իր էջում ադրբեջանական ԶԼՄ–ից մի հոդված էր հրապարակել Շուշիում «գողացած եկեղեցու» մասին։ Միևնույն ժամանակ խորհրդարանականն իր գրառումը բավական կտրուկ մեկնաբանությամբ էր ուղեկցել հայկական կողմի հասցեին. «Ռուսական եկեղեցու օկուպացիան, հոգևոր արժեքների վրա հարձակումը ամենավատ ռուսատյացության չարագույն դրսևորումներն են»։

Скрин поста Алексея Журавлева в Facebook от 19 февраля 2021
Ալեքսեյ Ժուրավլյովի հրապարակումը Facebook–ում

Պարզաբանեմ. լուսանկարում 1847 թվականին Շուշիում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Ժողովրդի շրջանում այն ավելի հայտնի է Կանաչ ժամ անունով։  Այդ անվանումը ստացել է, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթը կանաչ է եղել։ Խորհրդային տարիներին վանքն օգտագործել են որպես հանքային ջրերի ըմպելասրահ, ինչի պատճառով էլ հիմքը քայքայվել ու քանդվել էր։ Առաջին հաղթանակած պատերազմից հետո Արցախի  իշխանությունները որոշել էին վերականգնել եկեղեցին։ 1995 թվականի մայիսին վանքն օծվել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի ներկայությամբ և վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու արցախյան թեմին։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Ադրբեջանական աղբյուրները, որոնց հղում է անում պատգամավոր Ժուրավլյովը, պնդում են` իբրև եկեղեցու ճակատային մասը  ի սկզբանե ռուսական ճարտարապետության ավանդույթների մեջ է արվել և միայն տասնամյակներ անց նրա արտաքին տեսքը փոխվել է ու դարձել հայկական։ Եկեղեցու գմբեթն իսկապես ժամանակին կլոր էր։ Սակայն հին լուսանկարների վրա ռուսական ճարտարապետական ոճ ճակատային հատվածում չի կարող նկատել և ոչ մի գրագետ ճարտարապետ։ Բացի այդ, եկեղեցու մուտքի վերևում քարի վրա փորագրված արձանագրությունը («Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847») վկայում է վանքը կառուցողի ու հովանավորի մասին։  Չեմ  բացառում, որ այդ գրությունն արդեն ոչնչացվել է։ Հայտնի է, որ եկեղեցու գմբեթը պայթեցվել է։ Միևնույն ժամանակ Բաքվում պնդում են, որ վանքը վնասվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծության հետևանքով։ Սակայն համացանցի որոնողական համակարգը լուսանկարներ է բերում, որոնցում ադրբեջանցի զինվոր է պատկերված եկեղեցու ֆոնին։

Оскверненная часовня Иоанна Крестителя в Шуши
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Լուսանկարը համացանցում հայտնվել է քաղաքի նկատմամբ հայկական ստորաբաժանումների կողմից վերահսկողությունը  կորցնելուց մոտավորապես հինգ օր անց։ Այդ ժամանակ եկեղեցին դեռ նորմալ վիճակում էր։  Իսկ ահա ևս մի քանի օր անց նկարահանած տեսանյութը թույլ է տալիս համոզվել, որ գմբեթն արդեն քանդված է։

Արժե ամեն դեպքում հասկանալ, թե որտեղից է հայտնվել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ոչ հայկական ծագման մասին տեսությունը։ Դատելով ամեն ինչից, այդ վարկածի կողմնակիցները դիտավորյալ են «շփոթում» երկու տարբեր եկեղեցիներ։

Հայտնի է, որ Շուշիի Ղումլուխ թաղամասում ХIХ դարի 30-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել է ուղղափառ Սուրբ Գեորգիի եկեղեցին։ Ըստ ամենայնի, «սրբավայրը հայերի կողմից յուրացման» մասին խոսելով, Ադրբեջանում նկատի ունեն հենց այդ վանքը։ Ռուսական ուղղափառ եկեղեցուն նրա պատկանելությունը հայերի կողմից երբեք կասկածի տակ չի դրվել։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն ընդհանրապես գոմի են վերածել։ Իսկ 1970 թվականին իշխանությունների որոշմամբ եկեղեցին հիմնահատակ քանդվեց և դրա փոխարեն մշակույթի տուն կառուցվեց։

Հետաքրքրական է, որ Բաքվում պնդում են, որ 1868 թվականին ճարտարապետ  Սիմեոն Տեր–Հակոբյանցի կառուցած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին նույնպես ի սկզբանե ուղղափառ է եղել։ Իբրև հայերն այն ևս զավթել են ու հայկականացրել։ Ավելին, Ադրբեջանի ճարտարապետների միության վարչության անդամ Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն իրենց հերթին են գողացել վանքի շենքը։

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

Ճարտարապետը պատմում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար վանք հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակի ղեկավարությունը զանգը կախեց Ղարաբաղի խանության  խորհրդի շենքի աշտարակի վրա և այստեղ  պաշտամունքի համար պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում խորհրդի շենքը վերանորոգվեց ռուսական  բանակի հրամանատարության հրամանով և հարմարեցվեց եկեղեցական ոճին»։ Ավելին, ճարտարապետի պնդմամբ, մինչև 1989 թվականը Շուշիում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ХХ  դարի սկզբին Թիֆլիսում Կովկասի փոխարքա նորին կայսերական մեծության գրասենյակի կողմից տպագրվող «Կովկասյան օրացույց» պաշտոնական տեղեկատուի տվյալներով` Ղարաբաղի մասին բաժնում ասվում է. «Շուշի քաղաքում եկեղեցիների թիվը. ուղղափառ` 1, հայ առաքելական` 5, շիական մզկիթ` 2։ Հոգևորականություն. ուղղափառ` 1, հայ առաքելական`89, մահմեդական` 39»։

«Կովկասյան օրացույցում» հիշատակած Շուշիի հայկական եկեղեցիներից երեքը ոչնչացվել էին Ադրբեջանի խորհրդային ղեկավարության կողմից։ Ագուլեցոց եկեղեցին քանդել էին 1960 թվականին, դրա տեղում կառուցել դպրոց։

Մեղրեցոց եկեղեցու շենքը սկզբում ամառային կինոթատոնի վերածեցին, այնուհետև ամբողջությամբ վերացրին։

Կուսանաց վանքը 60-ականների կեսերին բուլդոզերներով քանդեցին և դրա տեղում բնակելի տներ կառուցեցին։

Իսկ կառավարման հայկական ժամանակահատվածում Շուշիի շիիթական երկու եկեղեցիները ոչ միայն պահպանվել էին, այլև վերականգնվել։ Ընդ որում, պահպանվել էին այն ժամանակվա մահմեդական պաշտամունքային ճարտարապետության բոլոր մանրուքները։

Ինչո՞ւ է «ադրբեջանականացվում» Շուշին. փորձագետները` Փաշինյանի հայտարարության մասին

163
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Եկեղեցի, Շուշի
Ըստ թեմայի
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում առաքելություն ուղարկել Արցախ
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին
Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Այլմոլորակայիններ

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

255
​Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ մտածել ենք՝ արդյոք կա՞ն այլմոլորակայիններ, ինչպե՞ս պիտի կայանա մեր հանդիպումը նրանց հետ և ինչ կարելի է սպասել երկու քաղաքակրթությունների նման շփումից։
Ինչու չեն գալիս այլմոլորակայինները. միգուցե մտավախություն ունեն, որ մենք ինքներս կկործանենք մեր մոլորակը

Այդ հնարավոր հետևանքների  ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է էկզոսոցիոլոգիա։ Ավստրիական «Դեր Շտանդարտ» թերթի թղթակիցը զրուցել է էկզոսոցիոլոգիայի հարցերով փորձագետ, Ֆրայբուրգի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Միխեիլ Շեչեի հետ, որը փաստում է՝ ֆուտուրոլոգիայում այլ քաղաքակրթությունների հետ շփումների հնարավորությունն անվանում են «ջոկեր»։

​Ինչո՞ւ հենց «ջոկեր»։ Դե երևի լավ գիտեք, որ այդ՝ բառիս բուն իմաստով եզակի խաղաքարտը շատ հազվադեպ է հայտնվում խաղացողի ձեռքին, բայց եթե այնուամենայնիվ հայտնվում է, կարող է արմատապես փոխել շատ բան, ողջ խաղի ընթացքը։ Համաձայնեք՝ նույնն է արտերկրի քաղաքակրթության հետ հանդիպման դեպքում, բայց դրա հավանականությունը, ըստ որոշ գիտնականների, բավական փոքր է, մանավանդ, որ նման բան կարծես թե դեռ երբեք չի պատահել, համենայնդեպս 100 տոկոսով հավաստի գիտական տվյալներ այս մասին գոյություն չունեն։

Բայց եթե մենք ելնում ենք այն թեզից, որ բնակելի մոլորակներ այնուամենայնիվ գոյություն ունեն, մենք պիտի ընդունենք, որ այդ մոլորակներում նաև քաղաքակրթություններ են ձևավորվել, որոնց հետ մենք ի վերջո հաղորդակցության մեջ կմտնենք։ Կլինի դա առաջիկա 10 տարո՞ւմ, թե՞ մի հազարամյակ հետո՝ այ սա հարց է, որին որևէ մեկը գոնե առայժմ դժվար թե համարձակվի պատասխանել։

​Միխեիլ Շեչեն վկայակոչում է շվեդ պրոֆեսոր Նիք Բոստրյոմին, որը դեռ տարիներ առաջ էր մշակել մի տեսություն, ըստ որի, ապագայում արհեստական բանականությունը անխուսափելիորեն կգերազանցի մարդկային բանականությանը և ի վերջո կգերակայի ողջ աշխարհում։ Եթե այս՝ մեզ համար բավական տխուր կանխատեսումը, իրոք կարող է իրականություն դառնալ մեր մոլորակում, ապա պարզ չէ, թե այլ քաղաքակրթություններն ինչու չպիտի զարգանան նույն ճանապարհով։ Եվ ուրեմն՝ եթե մենք ի վերջո հանդիպենք այլմոլորակայինների հետ, մեծ հավանականությամբ դրանք ոչ թե կենդանի արարածներ, այլ ռոբոտներ կարող են լինել։

«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում

​Բայց լավ, դառնանք այլ քաղաքակրթությունների հետ մեր հանդիպման երեք սցենարներին, որոնք նկարագրում է Միխեիլ Շեչեն և որոնք ամենից հաճախ է դիտարկում նրա ղեկավարած գիտական խումբը։ «Առաջինն այն է, որ մենք տիեզերքից ազդանշան ենք ստանում։ Սրա հետևանքները կախված են այն բանից, թե ինչ հեռավորությունից է ուղարկված ազդանշանը։ Եթե պարզում ենք, որ հեռավորությունը 5 հազար լուսային տարի է, պիտի միանգամից ինքներս մեզ հարց տանք՝ իսկ արդյոք այդ քաղաքակրթությունը դեռ գոյություն ունի՞։ Մանավանդ, որ մեր պատասխանն էլ պիտի 5 հազար լուսային տարի գնա։ Նկատեք՝ ոչ թե պարզապես տարի, այլ լուսային տարի։ Նման սցենարն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի գիտնականների համար, որոնք վերջապես հաստատ կկարողանան պնդել՝ բացի Երկրից տիեզերքում առնվազն մեկ այլ քաղաքակրթություն առաջացել է։ Սակայն այս սցենարը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա մեր կյանքի վրա»,–ասում է փորձագետը։

​Սցենար թիվ երկու։ Տիեզերքի մեզ արդեն հասու տարածքում, օրինակ, Լուսնի, Մարսի կամ որևէ աստերոիդի վրա մենք հայտնաբերում ենք ինչ-որ մի բան, որը վկայում է այլ քաղաքակրթության գոյության մասին։ Նկատեք՝ ոչ թե ապացույց, որ նախկինում Լուսինը, Մարսը կամ մեծ աստերոիդը բնակեցված են եղել, այլ պարզապես այլ քաղաքակրթությունների գոյության վկայություն։ Օրինակ` անհայտ ծագման ջարդված զոնդ լուսային խառնարաններից մեկում կամ ձախողված գիտարշավի հետքեր Մարսի ցամաքած լճերից մեկի հատակին։ Սա էլ կարող է մեծ նշանակություն ունենալ գիտության համար՝ որպես հավաստումն այն ենթադրության, որ միջաստղային տարածությունը կարելի է հաղթահարել։ Բայց Միխեիլ Շեչեն փաստում է, որ սա էլ մեր առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա։

​Երրորդ սցենարն էլ, երևի կռահում եք, այն է, որ այլմոլորակայինները պարզապես Երկիր կժամանեն իրենց տիեզերանավով։ Այդ դեպքում բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են առաջանալու։ Բայց անկեղծ ասեմ, ինձ շատ հավանական է թվում նաև Միխեիլ Շեչեի նկարագրած՝մարդկության համար ամենատխուր սցենարը, ըստ որի, այլմոլորակայիններն ընդհանրապես չեն գալիս մեզ մոտ՝ տրամաբանելով. «Տո լա′վ, մեր ինչի՞ն է պետք այդ Երկիրը, որի խելահեղ բնակիչները ուր որ է իրենք կկործանեն իրենց մոլորակը»։

Հույս ունեմ, որ փորձագետը պարզապես կատակել է։

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»

255
թեգերը:
Երկիր մոլորակ, Այլմոլորակային
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայելային իրավիճակ. կողմերը պարզապես փոխանակեցին իրենց ցավը
Կա ավելի ծանր հանցագործություն, քան գիրք այրելը, կամ ե՞րբ է գիրք նվիրելու «իսկական» օրը
Կատալոնիա. անկախության կողմնակիցները հաղթեցին, բայց չգիտեն ինչ անել իրենց հաղթանակի հետ
Արման Աբովյան

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

0
(Թարմացված է 19:21 26.02.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահի հետ։
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։

«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։ 

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։ 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ  Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

0
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել