Հենրիկ Նիկողոսյանը

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

2261
(Թարմացված է 15:05 27.01.2021)
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կրկին ոտքի կանգնելու և նորմալ կյանքին վերադառնալու համար պայքարում են տարբեր սերնդի զինհաշմանդամները։ Տղաները հավատում են բժիշկներին․«եթե ասել է քայլելու եմ, ուրեմն ամեն ինչ անելու է դրա համար»։

Նա գնաց իմ փոխարեն...

Հետախուզական դասակի դիպուկահար 19-ամյա Հենրիկ Նիկողոսյանը 16 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի հոտը Հադրութում դեռ մինչև սեպտեմբերի 27-ն էին առել։ Առավոտը սկսվեց անձրևի պես թափվող արկերի ձայնից։

Պատերազմի ժամանակ ամենածանր խնդիրը զոհված ընկերների դիերը մարտի դաշտից դուրս բերելն էր: Լուր հասավ, որ իր հրամանատարներից մեկն է զոհվել, մարմինը թշնամուն թողնել չի կարելի։

Իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո Հենրիկը հիշում է, թե ինչպես վիրավորվեց թշնամու հրազենից։

«Հետ գալու ճանապարհին վազեցի, որ մտնեմ կողքի խրամատ, հետևիցս խփեցին։ Ուժերս հավաքեցի ու գոռացի` օգնեցեք, տղերքն ասում էին` սպասիր, գալիս ենք։ Երևի մոտ 20 րոպե անց, երբ արդեն ցավից աչքերս փակվում էին, երկու սերժանտներս ու ընկերս ինձ դուրս բերեցին թշնամու կրակի տակից ու շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Ստեփանակերտ»,-պատմում է Հենրիկը։

Հետո շտապում ավելացնել, որ իր կյանքն իրականում երկու անգամ է փրկվել։ Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Հենրիկը Հադրութի խրամատներից մեկում պետք է մարտական հերթապահություն անցկացներ, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա հերթապահեց տեսախցիկների առջև, իսկ ընկերը՝ խրամատում։ Առավոտյան արկերից մեկն այդ խրամատի մեջ ընկավ, ընկերը զոհվեց։

Այժմ Հենրիկի պայքարը հանուն առողջության է։ Հարյուրավոր տղաների նման բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ու փորձում կրկին ոտքի կանգնել։ 

Пациент Реабилитационного центра Защитника Отечества, снайпер разведывательного взвода Генрик Никогосян (14 января 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Հենրիկ Նիկողոսյանը

«Ողնաշարս երկաթներով են հավաքել, բայց ես էլ եմ վստահ, որ քայլելու եմ։ Սկզբում պառկած տեղից միայն կարողանում էի գլուխս բարձրացնել, հիմա ինքնուրույն նստում եմ, սայլակով տեղաշարժվում, հատուկ սարքերի օգնությամբ կանգնում։ Այսքան բանի միջով անցել եմ, սա ինչ է, որ չհաղթահարեմ»,-վստահեցնում է տղան։

Մինչև բանակ գնալը Հենրիկն ավարտել է Արտաշատի պետական քոլեջի համակարգչային գեղարվեստական նախագծման բաժինը։ Վերականգնողական կենտրոնում տղաներին հնարավորություն է տրվում ոչ միայն մասնագիտական ուսումը շարունակելու, այլև նոր մասնագիտություն ձեռ բերելու և աշխատելու։ Պետք է հստակ ֆիքսել` վերականգնողականում բուժումը ոչ միայն մարմնի ֆիզիկական, առողջական խնդիրների լուծում է, այլ այն վերականգնում է անձին նաև սոցիալապես։

Հենրիկն իր մասնագիտությունը շատ է սիրում, ուստի որոշել է խորացնել գիտելիքները, իսկ մասնագետներն իրենք են գալիս կենտրոն։ Այստեղ սովորեցնում են նաև օտար լեզուներ։

«Առավոտից իմ օրը հագեցած է։ Մարզումներ, բուժումներ, մասնավորապես ասեղնաբուժություն, մեխանոթերապիա , կինեզոթերապիա, հետո արդեն ուսումնական դասընթացներ»,-պատմում է տղան։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տղաների բուժումն իրականացվում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքից անմիջապես հետո։ Պատերազմում ծանր վիրավորում ստացած մոտ 300 զինվոր հիմա գտնվում է այս կենտրոնի վերահսկողության տակ։ Այստեղ հիմնականում նյարդավերականգնողական բուժման կարիք ունեցողներն են։ Միկրովիրաբույժները փորձում են փրկել տղաների վերջույթները` ապահովելով դրանց սնուցումը։

Կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը փաստում է, որ այս պատերազմում տղաների ստացած վիրավորումները նման չէին հուլիսյան դեպքերի կամ ապրիլյան պատերազմի վիրավորումներին։

Главный врач реабилитационного центра Защитника Отечества Лусине Погосян (14 января 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը

«Ավելի շատ ականապայթյունային վնասվածքների էինք հանդիպում, որոնք հիմնականում փափուկ հյուսվածքներում բազմաթիվ բեկորներ էին թողնում, անգամ կոտրվածքները շատ բարդ վիրահատական միջամտություն էին պահանջում։ Պետք է խոսեմ նաև գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների մասին, որոնց դեպքում մենք կարողանում ենք այդ նյարդավերականգնողական բուժումն ամբողջ թիմով լիարժեք կատարել »,-պատմում է բժիշկը։

Նրա խոսքով՝ բուժման տևողությունը շատ տարբեր է, և իրենց առաքելությունն է աշխատել մինչև վերջ, եթե կա առաջընթաց, երբեք կանգ չառնել։

Այս կենտրոնում բուժում է ստանում նաև Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) Արարատի մարզի հրամանատար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ակտիվ մասնակից 55-ամյա գեներալ-մայոր Հրաչյա Մարտիրոսյանը։

Командующий Армянской национальной армией (АНА) Араратского района, пациент реабилитационного центра Защитника Отечества генерал-майор Грачья Мартиросян (14 января 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Գեներալ-մայոր Հրաչյա Մարտիրոսյանը

«Էս կռիվն ուրիշ էր, եթե լիներ հետևակային մարտեր ու գրոհ, հավատացեք մեր ամեն մի զինվորը մի թուրքի գումարտակ արժեր, որովհետև բոլորս էլ փորձառու, կռված տղերք էինք։ Ես իմ գումարտակով եղել եմ Օմար լեռնանցքի տակ, չորս կողմից սարեր էին, ու չգիտեինք, որ կողմից ինչի սպասենք։ 10 օրում 48 հոգուց 8 զոհ տվեցինք, 20 վիրավոր։ Մինչև վերջին վայրկյանը կանգնել ենք մեր դիրքում, բայց թուրքն անօդաչուներն էր գործի դրել...»,- պատմում է Մարտիրոսյանը։

Գեներալ-մայորն ականի պայթյունից վիրավորվել է հոկտեմբերի 10-ին։

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները

«Որ պալատից դուրս եմ գալիս, էսքան ջահել երեխեք եմ տեսնում, իմ ցավերը մոռանում եմ։ Միակ ցանկությունս այն է, որ էս երեխեքը ոտքի կանգնեն, պետությունը նրանց չանտեսի, իրենք են մեր ապագան։ Նայում ես, շատերը ձեռք ու ոտք են կորցրել, բայց ժպտում են, չնայած երևի չեք էլ պատկերացնի` ինչեր են էդ աչքերով տեսել»,-ասում է Մարտիրոսյանն ու սայլակի ուղղությունը թեքում դեպի միջանցք։

Րոպեներ անց հետ է գալիս․ «Աղջիկ ջան, էդ ձայնագրիչդ միացրու, մի բան եմ մոռացել ասել, քանի դեռ հայ ազգը կա, թուրքը մեր թշնամին է, փոխանցի իմ ժողովրդին, թող երբեք մտքներից չհանեն` մեր պայքարը չի վերջացել․ մահ թուրքին»...

Пациент реабилитационного центра Защитника Отечества, снайпер разведывательного взвода Генрик Никогосян (14 января 2021). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Հենրիկ Նիկողոսյանը

Իմ առջև նստած Հենրիկն աչքերի փայլով է նայում գեներալ-մայորին, հետո խորհրդավոր ժպտում, հայացքը թեքում դեպի ինձ ու գոհունակությամբ շարժում գլուխը։

2261
թեգերը:
Վերականգնողական կենտրոն, Վիրավոր, հաշմանդամ, զինծառայող, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

36
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

36
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. արխիվային լուսանկար

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

262
(Թարմացված է 23:07 18.04.2021)
Դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթ է նետել շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրել արժույթի պաշարները։

Վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, հանրապետությունում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյմբերին այն աճել է մինչև 520 և կայունացել, բայց ապրիլի սկզբին ավելացել մինչև 530 և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազել է մինչև 520:

Արժութային ինտերվենցիաներն ավելի համեստ են

Պետք է նշել, որ նույնիսկ ներկա բարդ օրերին ԿԲ ինտերվենցիաներն ավելի քիչ են, քան 2014-2015 թթ-ին, երբ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը նվազեց, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին, իսկ Ռուսաստանից փոխանցումները և այդ երկիր արտահանումը կրճատվեցին։

Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մեկ տարում վաճառեց մոտ 320 միլիոն դոլար։ Համեմատության համար` 2015 թ-ի հունվար-փետրվարին ԿԲ-ն շուկա դուրս բերեց մոտ 140 միլիոն դոլար։ Այժմ հունվար-փետրվարին բանկը շուկայում վաճառել է միայն 47 միլիոն։

Բանկը շուկայում ավելի ակտիվ ինտերվենցիաներ է կատարել 2020 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին (ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլար), բայց այդ ժամանակ էլ դրանք այդքան մեծ չէին, ինչպես մարտ-ապրիլին՝ առաջին վիրուսային շոկից հետո (այդ ժամանակ բանկը շուկայում վաճառել է մոտ 130 միլիոն դոլար)։

ԿԲ զուսպ պահվածքի պատճառներից մեկը դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուսափելն է՝ շուկայում ցնցումներ չառաջացնելու համար։ Եթե գնորդները տեսնեն, որ դոլարը վերջապես էժանացել է, կսկսեն զանգվածաբար գնել այն «սև օրվա» համար, իրարանցման պատճառով փոխարժեքը կրկին կբարձրանա, և ԿԲ ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ուստի ԿԲ-ն զգուշորեն է բարձրացնում փոխարժեքը, որպեսզի կանգնեցնի այն չափազանց արագ փոփոխության դեպքում։

Սվոփերը հեշտացել են

ԿԲ-ն ավելի քիչ է օգտագործում արժութային քաղաքականության մեկ այլ գործիք՝ սվոփը, քան 2015-ին։ Սվոփը գործիք է, որով ԿԲ-ն բանկերին փոխանցում է արժույթը՝ նրանցից ստանալով դրամով համարժեքը (օրինակ, բանկին տալիս է հարյուր միլիոն դոլար՝ ստանալով 52 միլիարդ դրամ), իսկ որոշակի ժամանակ հետո վերադարձնում է նույն փոխարժեքով որոշակի տոկոսադրույքով։ Բանկերի համար դա դառնում է իրենց արժութային ռիսկերն ապահովագրելու միջոց։ Բանկերը տարեվերջին մեծ ծավալով նման ապահովագրություն են ստացել։

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ԿԲ-ն բանկերին սվոփերով տրամադրել է ավելի քան 210 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ 2019 թ-ին ԿԲ արժութային սվոփերը գրեթե չեն համընկել)։ Հունվար-փետրվարին սվոփերի ծավալը կազմել է մոտ 38 միլիոն դոլար։

Ավելին, ԿԲ-ն այդ ծառայությունը բանկերին տրամադրել է չափազանց ցածր տոկոսադրույքներով. հոկտեմբերին՝ միջինում 2%-ով, նոյեմբերին՝ 1%-ով, իսկ 2021-ի հունվար-փետրվարին՝ 0,5%-ով։ Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ նման ցածր տոկոսադրույքն անհամադրելի է ներկա արժութային ռիսկերի հետ, բայց ԿԲ-ը գնում է դրան, որպեսզի շուկա նետի դոլարի լրացուցիչ ծավալ և բավարարի դրա պահանջարկը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին և 2015թ-ի սկզբին ԿԲ-ն նման սվոփեր է իրականացրել 10% և ավելի տոկոսադրույքով, այնուհետև որպես հակաճգնաժամային միջոց նվազեցրել է դրանք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա (մինչև 3,5%):

Բանկերը նույնպես ռետինից չեն

Նշենք, որ բանկերը նույնպես սահմանափակված են իրենց արժութային գործողություններում։ Կենտրոնական բանկը նորմատիվներ է դնում դրանց վրա արժութային հավասարակշռության համար։ Բանկը չպետք է անհավասարություն ունենա տարբեր արժույթների ակտիվների և պասիվների հարցում (նման անհավասարակշռությունը չի կարող կարող գերազանցել բանկի կապիտալի 10 տոկոսը)։ Ուստի բանկերը չեն կարող զանգվածաբար դոլար գնել կամ, հակառակը, վաճառել այն բնակչությանը։ Դա արվում է նրա համար, որպեսզի բանկը մի արժույթի պաշարների գերակշռում չունենա ի վնաս մյուսի (օրինակ, դոլարի գերակշռում՝ ի վնաս դրամի)։

Իրական հատվածը

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող են ազդել վերջին տատանումները տնտեսության վրա։ Բնականաբար, դոլարի թանկացումը հանգեցրել է ներկրվող ապրանքների գնի աճին։ Բայց, մյուս կողմից, թույլ դրամից պետք է շահեին արտահանողները։ Եթե, օրինակ, Հայաստանում արտադրված փայլաթիթեղի արտադրական գլանափաթեթը ԱՄՆ-ում վաճառվում է (պայմանականորեն) 100 դոլարով, ապա նախկինում դա վերածվում էր 48 հազար դրամի, իսկ հիմա՝ 52 հազարի։ Բացի դրանից, տեղի արտադրողները «պատուհան» են ստանում գինը նվազեցնելու համար և մրցակցային առավելություն ձեռք բերում արտասահմանում (այդ պատճառով Չինաստանի  իշխանությունները մշտապես արժեզրկում են յուանը՝ հսկայական միջոցներ ծախսելով դրա վրա)։

Հնարավոր է նաև այդպես, բայց այստեղ հայ արտադրողների համար օգուտը խիստ սահմանափակ է, որովհետև տեղի արտադրողները մեծ կախում ունեն ներկրումից։ Համեմատության համար` նույնիսկ Ռուսաստանում, ըստ տարբեր գնահատականների, ներկրվող հումքից և սարքավորումներից տեղի արտադրողների կախվածությունը միջինում կազմում է 50 % (KPMG-ն գնահատում է ագրոարդյունաբերությունում նման կախվածության բաժինը, իսկ նավթագազային հատվածում ներկրվում է սարքավորումների մոտ կեսը)։

Ի՞նչ ասել Հայաստանի մասին։ Լեռնահանքային և ագրոարդյունաբերական արտադրությունը հիմնված է տեղի արտադրության վրա (բայց այստեղ պատրաստի արտադրանք գրեթե չի թողարկվում)։ Այստեղ էլ տեղի արտադրողները կախված են ներկրվող սարքավորումներից և, իհարկե, գազի գնից։ Իսկ այն ոչ միայն ներկրվում է դոլարով, այլ նաև դրա սակագինը բիզնեսի համար կապված է դոլարի հետ։ Հայկական արդյունաբերության՝ ներկրումներից կախվածության գնահատական չկա, բայց այն մոտավորապես կարող է կազմել 70% և ավելի։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ճիշտ է, նույնիսկ նման տեսքով այն կարող է օգնել ամրապնդելու ազգային արժույթը։ Լեռնամետաղագործական հումքը, որը թեև համարյա չի մշակվում Հայաստանում, բայց գոնե արժույթ է բերում։ Ի հավելումն դրան՝ ամռանը սկսվում է մրգի և բանջարեղենի, պահածոների և հյութերի արտահանումը, որը լրացուցիչ արժույթ կբերի երկիր։

Միրգը` մրգով, բայց․․․

Միրգը` մրգով, բայց հանգստություն պետք է պահպանել։ Շատ դեպքերում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է եղել արժույթի պահանջարկի հետ կապված իրարանցումով (այսինքն` պահանջարկով, որը չի առաջացել իրական անհրաժեշտությունից)։ Նշանակում է՝ շատ բան կախված է ձեռնարկություններից և քաղաքացիներից։ Եթե զանգվածաբար արժույթ չգնվի և չվերածվի խնայողությունների, դոլարի պահանջարկը կնվազի, իսկ դրամինը կամրապնդվի։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

262
թեգերը:
գնաճ, դոլար, դրամ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

0
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

0
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը