Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները

«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը

8204
(Թարմացված է 15:42 25.01.2021)
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են արցախյան պատերազմում զոհված ոստիկաններ Կարեն և Գևորգ Գևորգյանների ընտանիքին։ Ընտանիքն օգնության կարիք ունի։

Գևորգյանների ընտանիքում կնոջ լաց ու մանկան զրնգուն ծիծաղ է լսվում։ Արևիկը սգում է Արցախում զոհված որդիների` Գևորգի ու Կարենի մահը, իսկ նրա փոքրիկ թոռնուհին, որին կոչել են տատի անունով, ուրախանում է նվեր ստացած տիկնիկի համար։ Ավագ որդին` Գևորգը, սիրում էր գրկել մորն ու դստերը։ Ասում էր, որ միայն իր գրկում կարող է միաժամանակ երկու արև լինել։

Аревик Геворкян, мама погибших полицейских Геворка и Карена с внучкой Аревик
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ Գևորգյանի մայրը` Արևը` իր անունը կրող թոռնիկի հետ

Փոքրիկն ընդամենը 1.5 տարեկան է, և նա չի հասկանում` ինչու է տատիկն ամբողջ օրը լալիս, ինչու հայրիկը տուն չի գալիս։ Նա մոտենում է հյուրասենյակի ամենակենտրոնում գտնվող «հիշատակի անկյունին», որտեղ սեղանին խնամքով տեղադրված են լուսանկարներ, պարգևներ ու որոշ անձնական իրեր։ Աղջիկը վերցնում է հոր լուսանկարն ու համբուրում։ Իսկ երբ հոր ծառայակիցներն են գալիս, երկար նայում է նրանց ոստիկանական համազգեստին ու ասում. «Պապա, պապա, պապա»... 

Ի պատասխան հյուրերի ծանր լռության` իրեն էլ ավելի է կորցնում ու կանչում սիրելի հորեղբորը։ Բայց ամեն ինչ ապարդյուն...

Мама погибших полицейских Геворка и Карена показывает фронтовые фотографии сыновей
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների մայրը` որդիների հիշատակի անկյունում

Գևորգն ու Կարենը ծառայում էին ոստիկանության զորքերում։ Ավագ եղբայրը 26 տարեկան էր, կրտսերը` 22։ Նրանք զինակոչվեցին պատերազմի առաջին օրին։ Սկզբում ծառայում էին Քարվաճառում, բայց նոյեմբերի սկզբին նրանց Շուշի տեղափոխեցին։ Որքան էլ ընկերներն ու հրամանատարները համոզում էին իրարից առանձին մեկնել առաջնագիծ, եղբայրներին համոզել չհաջողվեց։

Նույնիսկ երբ մայրը համոզում էր նրանցից գոնե մեկին չմեկնել, նրանք խորամանկության դիմեցին` խնդրեցին ընտրել, թե կոնկրետ որ մեկն է մնալու։ Թեպետ մայրն իր ընտրությունն արել էր, ընտրել էր ավագին. չէ՞ որ Գևորգն ընտանիք ունի...

Բայց նա չկարողացավ թողնել եղբորն ու որոշեց ռազմաճակատ մեկնել Կարենի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում նրան ամեն կերպ պաշտպանել վտանգից։

Мама погибших полицейских Геворка и Карена показывает нагрудные кресты сыновей
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հիշատակի անկյունը

«Երբ խնդրեցի Գևորգին մնալ, նա նայեց ինձ ու իրեն բնորոշ բարձր ծիծաղով ասաց. «Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ»։ Մեր ընտանիքում այնպես է ստացվել, որ մենք Գևորգի հետ էինք մտերիմ, իսկ Կարենը` հոր։ Բայց տղերքն անբաժան էին. միշտ պաշտպանում էին իրար և օգնում», – պատմում է Արևիկն ու նայում լռակյաց ամուսնուն` Արթուրին։

Артур и Аревик Геворкяны, родители погибших полицейских Геворка и Карена
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների ծնողները

Եղբայրների ծառայակիցները ծնողներին պատմել են, որ Ստեփանակերտ մեկնելուց առաջ լսել են, թե ինչպես են նրանք վիճում։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր մյուսին տուն ուղարկել։ Կարենը խնդրում էր, որ Գևորգը վերադառնա ընտանիքի մոտ. ասում էր` իրեն միայն ծնողներն են սպասում, իսկ ավագ եղբորը` նաև Արևիկը։ Գևորգը չէր համաձայնում։ Ավելի ուշ նրանք տարբեր ավտոբուսներով մեկնեցին Ստեփանակերտ, իսկ երբ Կարենն իմացավ, որ եղբորը Շուշի են տարել, ուշ գիշերով մեկնեց նրա հետևից։ Հրամանատարները հատուկ էին այնպես կազմակերպել հերթափոխը, որ երկու եղբայրները միաժամանակ առաջնագծում չլինեն, բայց դա էլ չօգնեց։

«Երբ ադրբեջանցիներն արդեն Շուշի էին մտել,Կարենն այնտեղ էր, իսկ Գևորգը` քաղաքի մատույցներում։ Նրան ասացին, որ Կարենը վիրավոր է և նրան չեն կարողանում դուրս բերել։ Նա գնաց փրկելու եղբորը, թեև լավ հասկանում էր, որ ողջ չի մնա։ Երբ նրանց գտան, նրանք կողք–կողքի էին պառկած։ Գևորգն, այնուամենայնիվ, հասել էր եղբորը։ Նրանք զոհվեցին նոյեմբերի 8-ին` հրադադարի հաստատումից մեկ օր առաջ։ Եթե պատերազմն ավելի շուտ կանգնեցնեին...», – արցունքներից խեղդվելով պատմում է Արևիկը։

Аревик Геворкян, мама погибших полицейских Геворка и Карена
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների մայրը

Արթուրը վեր է կենում տեղից ու մի քանի վայրկյան անց վերադառնում մեկ բաժակ ջրով ու ուղղում այն կնոջը։ Խոսակցության ամբողջ ժամանակ նա լուռ էր, բայց հիմա պարզում է կարմիր դիպլոմն ու պատմում, որ Կարենը սիրում էր սովորել. հինգերորդ կուրսի ուսանող էր։

Երազում էր բարձրաստիճան ոստիկան դառնալ, որ հայրն իրեն հպարտությամբ «գնդապետ Գևորգյան» անվաներ։ Իսկ Գևորգը մեքենաներով էր հետաքրքրվում և կարող էր վերանորոգել ցանկացած ավտոմեքենա։

Հանկարծ Արթուրը նկատում է սենյակ մտած փոքրիկ Արևիկին և սկսում նրան զբաղեցնել, որպեսզի նա չտխրի տատի հեկեկոցից։ Ինքն էլ հնարավորինս զսպում է հույզերը, բայց նրա աչքերից էլ արցունքներ են գլորվում։

Артур Геворкян, папа погибших полицейских Геворка и Карена
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների հայրը` որդիների հիշատակի անկյունում

«Մենք սովորական կյանքով էինք ապրում, բայց երբ ամուսինս լուրջ առողջական խնդիրներ ունեցավ սրտի հետ կապված և վիրահատության կարիք եղավ, տղաները որոշեցին ծառայության անցնել ոստիկանությունում և օգնել մեզ։ Նրանք էին մեզ կերակրում, նրանք մեր ուրախությունն ու հպարտությունն էին։ Նրանք երազում էին բուժել հորը, ավարտել տան կառուցումը։ Գևորգը երկու որդի էր ուզում ունենալ, իսկ Կարենը պատերազմի ժամանակ որոշեց ամուսնանալ. եղբոր կնոջը խնդրել էր հարսնացու գտնել մինչ ինքը վերադառնա, բայց չհասցրեց», – հազիվ լսելի պատմում է զոհված տղաների մայրը։

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

Վերջին անգամ նրանք նոյեմբերի 7-ին են կապի դուրս եկել։ Կարենը զանգահարել էր մորեղբոր աղջկան` Արփիին, իսկ Գևորգը` կնոջը` Գայանեին։ Մորը չէին զանգում, քանի որ նա շատ էր լացում ու անհանգստանում։ Գևորգը կնոջը պատմել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել, և ամենայն հավանականությամբ, այլևս չի կարողանա զանգահարել։ Ուրիշ ինչ է ասել` կինը չի պատմում։ Գայանեն ընդհանրապես քչախոս է և գերադասում է հույզերը չարտահայտել, բայց նրան մատնում են արցունքներից ուռած աչքերը։

Супруга и дочь погибшего полицейского Геворка Геворкяна Гаяне и Аревик
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ Գևորգյանի կինն ու փոքրիկ դուստրը

Արցախյան պատերազմները Գայանեի կյանքում ճակատագրական նշանակություն են ունեցել. 1992–ին, երբ ինքը դստեր այժմյան տարիքին էր, Շուշիի գրավման ժամանակ զոհվել է հայրը, իսկ հիմա` Շուշին կորցնելիս, կորցրեց նաև սիրելի ամուսնուն...

Այս ընտանիքում բոլորը հասկանում են միմյանց ցավն ու փորձում ամեն կերպ օգնել իրար, իսկ ցավը փարատել բոլորին օգնում է փոքրիկ Արևիկը։ Հենց նրա համար են բոլորն իրենց մեջ ուժ գտնում ապրելու։

Գևորգյանները կորցրին տան կերակրող ձեռքերը և ընտանիքում վշտից բացի լուրջ ֆինանսական խնդիրներ առաջ եկան, բայց նրանք ի վիճակի չեն բյուրոկրատական քաշքշուկով փաստաթղթեր հավաքել ֆինանսական փոխհատուցում ստանալու համար։ Նրանք ընդհանրապես քիչ բան գիտեն այդ գործընթացի մասին։

– Ինչո՞վ կարելի է ձեզ օգնել։

– Ինչով կարող է քույրը եղբորն օգնել։ Մեր որդիները հերոսներ են, մենք հպարտանում ենք նրանց սխրանքով, բայց նաև ցավ կա։ Ցավալի է, որ իշխանության ոչ մի ներկայացուցիչ, բացի գյուղապետից, չեկավ ու չհարցրեց` ո՞նց ենք, ինչի՞ կարիք ունենք, ո՞նց ենք աղջկան մեծացնելու, – ասում է Արթուրը։

–Կարո՞ղ եք հավաքել ուժերն ու հանուն նրա փոխհատուցում ստանալ։

-Դժվար է ուժ գտնելը։ Երևի աշխատող մեխանիզմ է պետք. մենք բյուրոկրատիայի ուժ չունենք։

Մեզ կրկին շեղում է Արևիկն ու մենք հասկանում ենք, որ զրույցն արդեն երկու ժամից ավել է տևում։ Բաժանումը դժվար է։ Տղաների ծնողներն ուզում են արտահայտվել և պատմում են «հիշատակի անկյունում» դրված յուրաքանչյուր լուսանկարի, յուրաքանչյուր մեդալի ու իրի մասին։ Վերջապես դուրս ենք գալիս ու մեզ հետ տանում Գևորգի ու Կարենի մորեղբոր աղջկան` Արփիին։

Арпи Меликян двоюродная сестра погибших полицейских Геворка и Карена Геворкянов с племянницей Аревик
© Sputnik / Asatur Yesayants
Շուշիում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների մորեղբոր աղջիկը` փոքրիկ Արևիկի հետ

«Գևորգն ուզում էր որդիներին Արեն ու Արեգ անվանել, իսկ Կարենը մի աղջկա հետ էր հանդիպում, չգիտեմ` որքանով էին լուրջ նրանց հարաբերությունները»,– ասում է Արփին խզված ձայնով։

Նրա հետ զրույցի ընթացքում տեղեկանում ենք, որ Խանջյան գյուղում, որտեղ ապրում է Գևորգյանների ընտանիքը, հերոսների փոքր ծառուղի կա, որտեղ զոհված հերոսների հիշատակին հուշարձաններ են կանգնեցնում։ Ընտանիքը չնայած ֆինանսական դժվարություններին, երազում է միջոցներ գտնել և կանգնեցնել Գևորգի ու Կարենի հուշարձանները։

Նշենք, որ Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստ է օգնել զոհվածների ծնողներին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու գործում` դրամական փոխհատուցում ստանալու համար։ Ավելի մանրամասն` այստեղ։

Ավելի վաղ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավար Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ զոհվածներին, անհետ կորածներին և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին 10 մլն դրամի չափով միանվագ դրամական փոխհատուցում է տրամադրվում։ Այնուհետև 20 տարվա ընթացքում հիմնադրամը ամսական 200-300 հազար դրամ է վճարում։ Գումարի չափի տարբերությունը պայմանավորված է զինծառայողի զինվորական կոչումով. ժամկետային զինծառայող, պայմանագրային կամ սպա։ Մանրամասն տեղեկանալու համար անցեք հղումով։

8204
թեգերը:
Պատերազմ, եղբայր, Շուշի
Ըստ թեմայի
Ինչպես մեկնած ձեռքը հայ զինվորի «ցավը տարավ»․ հայտնի լուսանկարի պատմությունը
Արցախյան պատերազմը «ռուս հայի» աչքերով․ գնդապետ Ստանիսլավ Երյոմինի պատմությունը
Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

46
(Թարմացված է 21:43 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

46
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյան. արխիվային լուսանկար

Կենտրոնական բանկը միջամտեց, դրամը փոքր–ինչ արժևորվեց. իսկ ի՞նչ սպասել ապագայում

268
(Թարմացված է 23:07 18.04.2021)
Դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը արժույթ է նետել շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրել արժույթի պաշարները։

Վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, հանրապետությունում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյմբերին այն աճել է մինչև 520 և կայունացել, բայց ապրիլի սկզբին ավելացել մինչև 530 և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազել է մինչև 520:

Արժութային ինտերվենցիաներն ավելի համեստ են

Պետք է նշել, որ նույնիսկ ներկա բարդ օրերին ԿԲ ինտերվենցիաներն ավելի քիչ են, քան 2014-2015 թթ-ին, երբ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը նվազեց, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին, իսկ Ռուսաստանից փոխանցումները և այդ երկիր արտահանումը կրճատվեցին։

Այդ ժամանակ Կենտրոնական բանկը մեկ տարում վաճառեց մոտ 320 միլիոն դոլար։ Համեմատության համար` 2015 թ-ի հունվար-փետրվարին ԿԲ-ն շուկա դուրս բերեց մոտ 140 միլիոն դոլար։ Այժմ հունվար-փետրվարին բանկը շուկայում վաճառել է միայն 47 միլիոն։

Բանկը շուկայում ավելի ակտիվ ինտերվենցիաներ է կատարել 2020 թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին (ընդհանուր առմամբ մոտ 110 միլիոն դոլար), բայց այդ ժամանակ էլ դրանք այդքան մեծ չէին, ինչպես մարտ-ապրիլին՝ առաջին վիրուսային շոկից հետո (այդ ժամանակ բանկը շուկայում վաճառել է մոտ 130 միլիոն դոլար)։

ԿԲ զուսպ պահվածքի պատճառներից մեկը դրամի փոխարժեքի կտրուկ բարձրացումից խուսափելն է՝ շուկայում ցնցումներ չառաջացնելու համար։ Եթե գնորդները տեսնեն, որ դոլարը վերջապես էժանացել է, կսկսեն զանգվածաբար գնել այն «սև օրվա» համար, իրարանցման պատճառով փոխարժեքը կրկին կբարձրանա, և ԿԲ ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի։ Ուստի ԿԲ-ն զգուշորեն է բարձրացնում փոխարժեքը, որպեսզի կանգնեցնի այն չափազանց արագ փոփոխության դեպքում։

Սվոփերը հեշտացել են

ԿԲ-ն ավելի քիչ է օգտագործում արժութային քաղաքականության մեկ այլ գործիք՝ սվոփը, քան 2015-ին։ Սվոփը գործիք է, որով ԿԲ-ն բանկերին փոխանցում է արժույթը՝ նրանցից ստանալով դրամով համարժեքը (օրինակ, բանկին տալիս է հարյուր միլիոն դոլար՝ ստանալով 52 միլիարդ դրամ), իսկ որոշակի ժամանակ հետո վերադարձնում է նույն փոխարժեքով որոշակի տոկոսադրույքով։ Բանկերի համար դա դառնում է իրենց արժութային ռիսկերն ապահովագրելու միջոց։ Բանկերը տարեվերջին մեծ ծավալով նման ապահովագրություն են ստացել։

Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին ԿԲ-ն բանկերին սվոփերով տրամադրել է ավելի քան 210 միլիոն դոլար (համեմատության համար նշենք, որ 2019 թ-ին ԿԲ արժութային սվոփերը գրեթե չեն համընկել)։ Հունվար-փետրվարին սվոփերի ծավալը կազմել է մոտ 38 միլիոն դոլար։

Ավելին, ԿԲ-ն այդ ծառայությունը բանկերին տրամադրել է չափազանց ցածր տոկոսադրույքներով. հոկտեմբերին՝ միջինում 2%-ով, նոյեմբերին՝ 1%-ով, իսկ 2021-ի հունվար-փետրվարին՝ 0,5%-ով։ Նույնիսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ նման ցածր տոկոսադրույքն անհամադրելի է ներկա արժութային ռիսկերի հետ, բայց ԿԲ-ը գնում է դրան, որպեսզի շուկա նետի դոլարի լրացուցիչ ծավալ և բավարարի դրա պահանջարկը։

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ի դեկտեմբերին և 2015թ-ի սկզբին ԿԲ-ն նման սվոփեր է իրականացրել 10% և ավելի տոկոսադրույքով, այնուհետև որպես հակաճգնաժամային միջոց նվազեցրել է դրանք, բայց ոչ այնպես, ինչպես հիմա (մինչև 3,5%):

Բանկերը նույնպես ռետինից չեն

Նշենք, որ բանկերը նույնպես սահմանափակված են իրենց արժութային գործողություններում։ Կենտրոնական բանկը նորմատիվներ է դնում դրանց վրա արժութային հավասարակշռության համար։ Բանկը չպետք է անհավասարություն ունենա տարբեր արժույթների ակտիվների և պասիվների հարցում (նման անհավասարակշռությունը չի կարող կարող գերազանցել բանկի կապիտալի 10 տոկոսը)։ Ուստի բանկերը չեն կարող զանգվածաբար դոլար գնել կամ, հակառակը, վաճառել այն բնակչությանը։ Դա արվում է նրա համար, որպեսզի բանկը մի արժույթի պաշարների գերակշռում չունենա ի վնաս մյուսի (օրինակ, դոլարի գերակշռում՝ ի վնաս դրամի)։

Իրական հատվածը

Եվ վերջապես, ինչպե՞ս կարող են ազդել վերջին տատանումները տնտեսության վրա։ Բնականաբար, դոլարի թանկացումը հանգեցրել է ներկրվող ապրանքների գնի աճին։ Բայց, մյուս կողմից, թույլ դրամից պետք է շահեին արտահանողները։ Եթե, օրինակ, Հայաստանում արտադրված փայլաթիթեղի արտադրական գլանափաթեթը ԱՄՆ-ում վաճառվում է (պայմանականորեն) 100 դոլարով, ապա նախկինում դա վերածվում էր 48 հազար դրամի, իսկ հիմա՝ 52 հազարի։ Բացի դրանից, տեղի արտադրողները «պատուհան» են ստանում գինը նվազեցնելու համար և մրցակցային առավելություն ձեռք բերում արտասահմանում (այդ պատճառով Չինաստանի  իշխանությունները մշտապես արժեզրկում են յուանը՝ հսկայական միջոցներ ծախսելով դրա վրա)։

Հնարավոր է նաև այդպես, բայց այստեղ հայ արտադրողների համար օգուտը խիստ սահմանափակ է, որովհետև տեղի արտադրողները մեծ կախում ունեն ներկրումից։ Համեմատության համար` նույնիսկ Ռուսաստանում, ըստ տարբեր գնահատականների, ներկրվող հումքից և սարքավորումներից տեղի արտադրողների կախվածությունը միջինում կազմում է 50 % (KPMG-ն գնահատում է ագրոարդյունաբերությունում նման կախվածության բաժինը, իսկ նավթագազային հատվածում ներկրվում է սարքավորումների մոտ կեսը)։

Ի՞նչ ասել Հայաստանի մասին։ Լեռնահանքային և ագրոարդյունաբերական արտադրությունը հիմնված է տեղի արտադրության վրա (բայց այստեղ պատրաստի արտադրանք գրեթե չի թողարկվում)։ Այստեղ էլ տեղի արտադրողները կախված են ներկրվող սարքավորումներից և, իհարկե, գազի գնից։ Իսկ այն ոչ միայն ներկրվում է դոլարով, այլ նաև դրա սակագինը բիզնեսի համար կապված է դոլարի հետ։ Հայկական արդյունաբերության՝ ներկրումներից կախվածության գնահատական չկա, բայց այն մոտավորապես կարող է կազմել 70% և ավելի։

Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ճիշտ է, նույնիսկ նման տեսքով այն կարող է օգնել ամրապնդելու ազգային արժույթը։ Լեռնամետաղագործական հումքը, որը թեև համարյա չի մշակվում Հայաստանում, բայց գոնե արժույթ է բերում։ Ի հավելումն դրան՝ ամռանը սկսվում է մրգի և բանջարեղենի, պահածոների և հյութերի արտահանումը, որը լրացուցիչ արժույթ կբերի երկիր։

Միրգը` մրգով, բայց․․․

Միրգը` մրգով, բայց հանգստություն պետք է պահպանել։ Շատ դեպքերում դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է եղել արժույթի պահանջարկի հետ կապված իրարանցումով (այսինքն` պահանջարկով, որը չի առաջացել իրական անհրաժեշտությունից)։ Նշանակում է՝ շատ բան կախված է ձեռնարկություններից և քաղաքացիներից։ Եթե զանգվածաբար արժույթ չգնվի և չվերածվի խնայողությունների, դոլարի պահանջարկը կնվազի, իսկ դրամինը կամրապնդվի։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

268
թեգերը:
գնաճ, դոլար, դրամ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Եթե դրամի փոխարժեքը դարձել է 510, ապա ԿԲ–ն չի պատրաստվում այն վերադարձնել նախկին 480-ի
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում
Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա
Վլադիմիր Պողոսյան

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

52
(Թարմացված է 22:09 19.04.2021)
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այս ամիսներին փորձում է պատասխանատվությունը գցել զինվորականների վրա։ Սակայն գեներալներն իրենց ճշմարտությունն ունեն, որը հաճելի չէ իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ և մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռևս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ և վերլուծությամբ։

«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, և ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչև 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի և բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ և զարգանալ առանձին»,–ասաց Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել և կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցնում է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչև պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաև Հայաստանի հարևանների և միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երևան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելեց Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց և կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում և Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու և խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին և տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ և սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշեց Գասպարյանի խորհրդականը։

«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրեց աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն և զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետևանքները համարում է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաև բազմաթիվ ուղեկցող երևույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի և անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները և լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասում է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշում է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը և նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումը ԲԴԽ-ն ուղարկել է դատախազություն

Պողոսյանը հիմա դժվարանում է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ և ծրագրեր։ Բայց նշում է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

52
թեգերը:
Վլադիմիր Պողոսյան, Պատերազմ, խորհրդական, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան
ՀՔԾ-ում Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը