Երևանի կապույտ մզկիթը. արխիվայյին լուսանկար

ՀՀ–ի մահմեդական հուշարձանները, կամ ինչպես եղավ, որ Կապույտ մզկիթը գինու գործարան չդարձավ

571
(Թարմացված է 11:46 08.01.2021)
Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է Հայաստանի տարածքում գտնվող երկու հուշարձանների մասին, որոնցից մեկը պահպանվում է Իրանի, մյուսը՝ Թուրքմենստանի դեսպանատան կողմից։

Նախորդ դարի 30-ականներին առաջին անգամ խորհրդային Երևան այցելեց երիտասարդ ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը։ Մայրաքաղաքում նրա ամենասիրելի անկյուններից մեկը դարձավ Կապույտ մզկիթի բակը, որտեղ նա «պարսկական թեյ» էր խմում տեղացի բարեկամների հետ։

«Մենք գնում էինք Կապույտ մզկիթ` թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:

Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի` իր ավանակով:

- Այս էշը ես եմ,-ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:

- Ինչու՞,-զարմացա ես:

- Իմ հայրս միշտ ինձի կըսեր՝ երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,-եղավ պատասխանը»

Այս պատմությունը Գուրգեն Մահարու «Երևանյան քանդակներ» հուշերից է (1963թ․)։ Այստեղ Մահարին նաև հպարտանում է, որ Երևանի փողոցներում վաղուց արդեն էշեր չեն քայլում, իսկ եթե որևէ քաղաքացի մայրաքաղաքի փողոցներում էշ նկատի, կմտածի՝ կենդանաբանական այգուց է փախել։

Պատահական չէ, որ Սարոյանին հայաստանցի գրողները թեյ խմելու էին հրավիրում հենց Կապույտ մզկիթի բակ։ 20-րդ դարի 20-ականների սկզբից այն հայ մտավորականության առանձնահատուկ հավաքատեղի էր դարձել։ Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցն ու այլ գրողներ և նշանավոր գործիչներ մզկիթի բակը վերածել էին գրական քննարկումների անկյունի, և դրա շնորհիվ փրկեցին մզկիթը։ Հայկական ծագումով իրանցի լրագող Ժորժ Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ խորհրդային իշխանությունն արդեն իսկ այն քանդելու հրաման էր ստորագրել։

Голубая мечеть Еревана
© Sputnik / Asatur Yesayants
Երևանի Կապույտ մզկիթը

«Երբ ես հոդված էի գրում Կապույտ մզկիթի մասին, երկար փորփրում էի արխիվները, որտեղ փաստաթուղթ գտա՝ հրաման, որ մզկիթը պետք է քանդվի և դրա տեղում գինու գործարան կառուցվի։ Ավելի վաղ խորհրդային իշխանությունն այդպես էր վարվել նաև Երևանի բերդի հետ. դրա տեղում այսօր էլ կանգնած է Կոնյակի գործարանի շենքը։ Սակայն գրողներն իրենց ակտիվ այցելություններով աշխուժացրին այդ վայրը, և «պարտիան» (Կոմունիստական կուսակցությունը,–խմբ.) որոշեց թողնել մզկիթի շենքը՝ վերածելով այն թանգարանի»,-ասաց Աբրահամյանը։

Քաղաքում ասում են` մզկիթի փրկության գործում նշանակալի դեր է ունեցել հենց Չարենցը։ 2018թ․-ի հունիսին մզկիթում անգամ հատուկ միջոցառում են անցկացրել ի հիշատակ և ի երախտագիտություն Չարենցի՝ մզկիթի փրկության հարցում նրա ներդրման համար։ Սակայն չարենցագետ Դավիթ Գասպարյանը հավատացնում է՝ բանաստեղծը մզկիթի փրկության հետ ուղիղ կապ չուներ, թեև իր անուղղակի ներդրումն ունեցել է։ 

Голубая мечеть, Ереван
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանի կապույտ մզկիթը

«Մզկիթում ոչ մեծ, հարմարավետ բակ կա՝ հսկայական թթենիով, որի տակ թեյ էին խմում Չարենցն ու նրա գրող ընկերները։ Նրանք հաճախ էին այնտեղ լինում և իսկապես կենդանություն են տվել այդ վայրին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Սկզբում Կապույտ մզկիթում տեղակայված էր Երևանի պատմության և բնության թանգարանը, որտեղ հնագիտական, պատմական և մշակութային ցուցանմուշներ էին պահվում, ավելի ուշ՝ պլանետարիում։ Իսկ Հայաստանի անկախության հաստատումից հետո՝ արդեն 1995թ․-ին, իրանական կողմի աջակցությամբ Կապույտ մզկիթը դարձյալ գործող մզկիթ դարձավ։

Այսօր Կապույտ մզկիթը Հայաստանում իրանական համայնքի մշակութային կենտրոնն է։ Սա Երևանի տարածքում գոյություն ունեցած ութ մզկիթներից միակն է, որ պահպանվել է։ Նախախորհրդային ժամանակներում Երևանում 8 մզկիթ էր գործում՝ 2 խոշոր և 6 փոքր։ Խորհրդային տարիներին բոլշևիկների հակակրոնական օրակարգի շրջանակում բոլորը քանդեցին, բացի Կապույտ մզկիթից։ Նույն պատճառով էլ Երևանում քանդեցին Մլեր մատուռը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Սիմոն եկեղեցիները, ինչպես նաև ուղղափառ Նիկոլսկի տաճարը։

Մահմեդական արտեֆակտը թուրքմեն էմիրների դամբարանն է, որն այսօր պահպանվում է Թուրքմենստանի դեսպանատան կողմից։ Արգավանդ գյուղում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևմուտք, գտնվում է 14-րդ դարի դամբարանը՝ արաբերեն գրառումներով։ Դամբարանի կողքին ցուցանակ է` «Կարա-Կոյունլու տոհմի թուրքմեն Էմիրների դամբարան. կառուցվել է էմիր Փիր Հուսեյնի՝ էմիր Սաադի որդու կողմից»։

Խորհրդային տարիներին դամբարանը ոչ միայն չի քանդվել, այլև որպես ճարտարապետական հուշարձան հաշվառվել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր շինարարության և ճարտարապետության գործերով պետական կոմիտեում։ 2012թ․-ի դեկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում դամբարան այցելեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Առաջարկվեց համատեղ ուժերով ռեստավրացիայի ենթարկել հուշարձանը և վերականգնել դրա գմբեթը։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում 2015թ․-ին սկսվեց դամբարանի վերակառուցումն ու վերանորոգումը։

Փլուզվել է Կոնդի` չգործող մզկիթի մի հատվածը. տեսանյութ

Ըստ ադրբեջանցի պատմաբանների վարկածի՝ 250 տարի առաջ կառուցված մզկիթն ու 600 տարի առաջ կառուցված դամբարանը ադրբեջանական ծագում ունեն, որքան էլ դա տարօրինակ հնչի։ Եվ այդ հարցում Բաքուն անհամաձայնություններ ունի ոչ միայն Երևանի, այլև Թեհրանի ու Աշխաբադի հետ․ մզկիթը պաշտոնապես փոխանցվել է Իրանի, իսկ դամբարանը՝ Թուրքմենստանի դեսպանատան հոգածությանը։ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, արդեն հայտ է նախապատրաստել Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Ի դեպ՝ մզկիթն Իրանին է փոխանցվել 99 տարի ժամկետով` որպես մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով։

Բաքուն ՅՈւՆԵՍԿՕ-ին չի ենթարկվում․ ինչ պետք է անել Արցախի ժառանգությունը պահպանելու համար

571
թեգերը:
Հայաստան, Երևան, Կապույտ մզկիթ
Ըստ թեմայի
Երևանը պատասխանել է Շուշիում գտնվող մզկիթը «յուրացնելու»` Բաքվի մեղադրանքներին
Եթե գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ. Փաշինյանը հակադարձել է մեղադրանքներին
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Ըմբշամարտի ֆեդերացիան. Արայիկ Բաղդադյանը կանգնածներից աջից 2–րդը

Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին

497
(Թարմացված է 09:07 21.01.2021)
Ըմբիշ, մարզիչ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն իր կյանքը չի պատկերացնում առանց ըմբշամարտի։ Sputnik Արմենիային նա պատմել է ուրախ մարզական օրերի և պատերազմում ըմբիշների մասնակցության մասին։

Արայիկ Բաղդադյանն իր ամբողջ կյանքը նվիրել է ազատ ոճի ըմբշամարտին. եղել է ըմբիշ, մարզիչ, հիմա էլ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ Իր կյանքի ամենադժվար պահերից մեկը համարում է Արցախյան պատերազմը, որի մասնակիցը դարձան շատ ըմբիշներ, ինչպես նաև որդին` Նարեկը։

Ըմբշամարտն ամեն ինչ է

Արայիկ Բաղդադյանն ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից սկսած։ Արդեն 2000 թվականին նա անցել է մարզչական աշխատանքի ու մինչև օրս իրեն չի պատկերացնում առանց այդ մարզաձևի։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

«Ըմբշամարտն ինձ համար ամեն ինչ է։ Ես ոչ ուզում եմ, ոչ էլ պատկերացնում եմ, թե ինչ եմ անելու առանց այդ մարզաձևի։ Արթնանում եմ ըմբշամարտով, մինչև քնելս նորից ըմբշամարտում եմ։ Եթե մարզչական գործ էլ չունենամ, կգամ իմ աշխատասենյակ, նորից կդիտեմ որոշ գոտեմարտեր, նորից կստուգեմ տղաների արդյունքները, կմտորեմ, թե ինչ տարբերակներ ունենք օլիմպիական վարկանիշ վաստակելու համար։ Մի խոսքով` ըմբշամարտն իմ կյանքի իմաստն է և վերջ»,- ասում է Բաղդադյանը։

Կյանքի ամենաուրախ օրերից մեկը

Մարզչական աշխատանքում, գլխավորելով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, Արայիկ Բաղդադյանը շատ էմոցիոնալ պահեր է ապրել։ Հիշարժան օրերից մեկը ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի` աշխարհի չեմպիոն դառնալն էր 2013 թվականին, Բուդապեշտում։

Секретарь федерации борьбы Армении Араик Багдадян (слева) с чемпионом мира и Европы 2013 Давидом Сафаряном
© Photo : provided by Araik Baghdasaryan
Արայիկ Բաղդադյանը Դավիթ Սաֆարյանի հետ

«Դա իմ կյանքի անմոռանալի պահերից մեկն էր։ Որպես հավաքականի մարզիչ` ես ինձ զգում էի աշխարհի ամենաբարձր կետում։ Երկար տարիներ ազատ ոճի ըմբշամարտում աշխարհի չեմպիոն չէինք ունեցել, ու Դավիթը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին ավելացրեց նաև աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բառեր չեմ գտնում ասելու, թե ինչքան մեծ ուրախություն էի զգում, սիրտս ուղղակի դուրս էր թռնում կրծքիցս»,- հիշում է հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։

Կոնյակ, հետո վիսկի

Մինչև Դավիթ Սաֆարյանի չեմպիոնական տիտղոսը՝ 2013 թվականը, ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանը աշխարհի չեմպիոն ունեցել էր 2002 թվականին, երբ ոսկե մեդալ նվաճեց Արամ Մարգարյանը։ Տասնմեկ տարի անց ոսկե մեդալը հավաքականի մարզչի նույնիսկ ախորժակի վրա ազդեց։

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

«Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը եկավ իմ սենյակ, շնորհավորեց ու ասեց, որ ընթրելու ժամանակն է։ Կարենին ասեցի, որ ուրախությունից ախորժակս փակվել է, սովածություն չեմ զգում, որ միայն խմել եմ ուզում, ուզում եմ նշել Դավիթի հաղթանակը։ Մինչև լույս Կարենի հետ ինչքան կոնյակ ունեինք, խմեցինք, հետո անցանք վիսկիի »,- պատմում է Բաղդադյանը։

Պատերազմն ու ըմբիշները

Արցախյան պատերազմի ժամանակ շատ ըմբիշներ կամավոր մեկնեցին ճակատ, ոմանք էլ հենց այդ ժամանակ ծառայում էին բանակում։ Երբ խոսեցինք պատերազմի մասին Բաղդադյանի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց։ Նա մի պահ մարտական տրամադրվեց, սակայն խոսելու ընթացքում զգացվեց նաև նրա խորը տխրությունը։

«Շատ ըմբիշներ մեկնեցին ճակատ։ Ամեն մի գնացողի հետ ինձանից ինչ -որ մասնիկ էր գնում։ Որդիս՝ Նարեկը, նույնպես Արցախում էր` պարտադիր ժամկետային ծառայության էր մեկնել։ Ըմբշամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմով անում էինք ամեն ինչ տղաներին աջակցելու համար։ Շատ ծանր էր օրեր էին», - ասում է Բաղդադյանը։

Նշենքմ որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայ ըմբիշներից շատերը մեկնեցին առաջնագիծ։ Ցավոք, նրանցի ոմանք անմահացան։ Հայաստանի օլիմպիական պետական քոլեջի սաներ Հունան Մանվելյանը, Արսեն Աղասյանը, Վահե Խաչատրյանն ու Կարեն Խաչատրյանը հավերժ կմնան բոլորի սրտերում։

Զինվորի հայրը

ԽՍՀՄ տարիներին վրացական հայտնի ֆիլմ կար՝ «Զինվորի հայրը»։ Արցախյան պատերազմի ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հայրեր, որոնք իրենց որդիներին սպասում էին անհամբեր։ Այդ օրերին Արայիկ Բաղդադյան հոր ամեն վայրկյանն էլ սպասում էր։ Նրա մխիթարությունը որդու` ոչ հաճախակի զանգերն էին։

«Միայն ինձ համար չէր դժվար։ Հայրենիքի համար մարտնչում էին շատերը, ու բոլորի ծնողների համար էլ աննկարագրելի ծանր էր։ Հոկտեմբերի վերջին որոշեցի, որ ես էլ եմ մեկնելու առաջնագիծ, բայց հիվանդացա Covid-19-ով ու այլևս չկարողացա մեկնել», - ասում է Բաղդադյանը։

Զինվորը

Զինվոր որդին` Նարեկ Բաղդադյանը, մեր զրույցի պահին մեկ շաբաթով արձակուրդում էր եկել։ Պատերազմի մասին զրուցելիս`զինվորի աչքերում մեկ կայծ ու վրեժ էր վառվում, մեկ` դատարկություն։  «Պատերազմի ընթացքում ամենամեծ ցանկությունը հաղթելն ու մեր հողը պահպանելն էր։ Զինադադարը լավ էր բոլորիս համար, բայց շարունակությունը...»,- տխուր ասում է Նարեկը։

Секретарь федерации борьбы Армении Араик Багдадян (слева) с сыном Нареком
© Photo : provided by Araik Baghdasaryan
Արայիկ Բաղդադյանը որդու` Նարեկի հետ

Զգացի, որ մթնոլորտը սենյակում ծանրացավ, որոշեցի նորից խոսել ըմբշամարտի մասին։ Արայիկ Բաղդադյանն ասում է, որ լավ ներուժով ըմբիշներ շատ ունենք, բայց միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել մեծ բարձրունքների։ Դրա վառ ապացույցը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է։

497
թեգերը:
Արցախյան պատերազմ, հաղթանակ, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբիշ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Համակարգչի դիմաց նստած օգտատեր

«Սկզբում գերիներին վերադարձրեք», կամ հայ–ադրբեջանական հարթակների թաքնված զսպանակները

110
Թեև նման հարթակներում կարող են ներգրավվել իսկապես խաղաղասիրաբար տրամադրված քաղաքացիներ, բայց նմանատիպ նախաձեռնությունների մեծ մասը քաղաքական շահ է հետապնդում։ Որոշ ժամանակ անց միամիտ, ավելի ճիշտ՝ խաբված մարդիկ հեշտությամբ հասկանում են, թե ինչն ինչոց է։

«Բարի լույս բոլորին, խմբում ճապոնական մշակույթի սիրահարներ կա՞ն», «Հարց հայ աղջիկներին` դո՞ւք էլ եք խնդիրներ ունենում ամուսնու ազգականների հետ», «Իսկ դուք եվրոպակա՞ն նախաճաշ եք նախընտրում, թե՞ մերը՝ կովկասյանը»։ Սրանք Facebook սոցիալական ցանցի խմբերից մեկում հրապարակված հարցերից մի քանիսն են։

Скриншот из Facebook группы армяно-азербайджанского диалога Перекресток
© Photo : Screenshot / Facebook
«Перекресток» խմբի գրառումներից մեկի սքրինշոթը

Խումբը, որը կոչվում է «Перекресток» («Խաչմերուկ»), ստեղծվել է բոլորովին վերջերս, ունի մոտ 900 մասնակից, մեծ մասը՝ հայեր և ադրբեջանցիներ։ Խումբը, ադմինիստրատորների և մոդերատորների խոսքով, բացել են ժողովուրդների միջև երկխոսություն սկսելու և խաղաղության հասնելու համար։ Քննարկման համար հայտարարված թեմաների թվում սոցիալ-մշակութային բնույթի ամենաանմեղ հարցեր են, օրինակ՝ կովկասյան նախաճաշ, սկեսուրի հետ հարաբերություններ, երթուղային տաքսիներ։

Սակայն անգամ առաջին հայացքից ամենաանմեղ թվացող երկխոսություններում երևում է Ղարաբաղյան հակամարտության ստվերը։ Բոլոր նրանց, ովքեր ջերմեռանդորեն կամ, ըստ խմբի համակարգողների, «ագրեսիվ» պնդում են իրենց կարծիքն ու «ատելություն են տարածում», խմբի ադմինիստրատորներն իսկույն արգելափակում են։ Ի դեպ, խմբի ադմինիստրատորների և համակարգողների թվում ինչպես ադրբեջանցիներ կան, այնպես էլ հայեր։

Скриншот из Facebook группы армяно-азербайджанского диалога Перекресток
© Photo : Screenshot / Facebook
«Перекресток» խմբի գրառումներից մեկի սքրինշոթը

Facebook-ում և ԶԼՄ-ներում արդեն սկսվել են խմբի հասցեին ակտիվ քննադատությունները. «Ինչպե՞ս կարող եք ընդհանրապես բարեկամանալ մարդասպանների հետ։ Դուք լրի՞վ գժվել եք, թե՞ հիշողություններդ եք կորցրել»։ Մյուսները զգացմունքները մի կողմ են դնում և օգտատերերին խելամտորեն զգուշացնում նման խմբերում հավանական գաղտնի օրակարգի, քողարկված նպատակների, քարոզչության մասին։

Խմբում ընդամենը մի քանի րոպե անցկացնելու ընթացքում մենք տեսանք նաև ադրբեջանցիների ռուսատյաց դիրքորոշումը։ Ներկայացնում ենք մեկնաբանություններից երկուսը. «Եթե Մոսկվան չլիներ, մեր ժողովուրդները համերաշխ կապրեին», «Հայաստանը միշտ էլ ուզում էր մեզ վերադարձնել մեր հողերը, Ռուսաստանն էր խանգարում»։

Скриншот из Facebook группы армяно-азербайджанского диалога Перекресток
© Photo : Screenshot / Facebook
«Перекресток» խմբի գրառումներից մեկի սքրինշոթը

Ավելին`ըստ նրանց` Արցախի Հադրութի շրջանում (Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում) տեղի ունեցած միջադեպի մեղավորը ոչ թե հարձակում նախաձեռնած ադրբեջանական զինված ուժերն են, այլ ռուս խաղաղապահները։ «Ո՞վ է մեղավոր, որ 62 հայ զինծառայողներ մեզ մոտ գերի են ընկել։ Իհարկե, խաղաղապահերը։ Ռուսաստանը չի ուզում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի», - վստահ հայտարարել է խմբի ադրբեջանցի ակտիվիստներից մեկը։ Հայ մասնակիցները հիմնականում ծուլորեն են պատասխանում նմանատիպ հայտարարություններին, ինչը բավականին կասկածելի է թվում։

Скриншот из Facebook группы армяно-азербайджанского диалога Перекресток
© Photo : Screenshot / Facebook
«Перекресток» խմբի գրառումներից մեկի սքրինշոթը

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ խմբի բովանդակությանը, բայց շատ է կասկածում, որ հայերն այդ խմբերում իրենց պահում են այնպես, ինչպես պետք է։

«Նմանատիպ հայ-թուրք-ադրբեջանական խմբերում շատ հայեր կարծես փորձում են ամեն կերպ բավարարել մյուս կողմին, երբեմն դա նույնիսկ շողոքորթության է նմանվում։ Շատ կուզեի սխալվել, բայց ինձ թվում է՝ հիմա նման խմբերում մասնակցում են հայկական իշխանությունների կողմից «հավաքագրված» հայերը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նկատմամբ իրենց վախվորած են պահում, նրանց քաղաքականությունը զիջողական է, խաղաղություն քարոզելու փորձ է արվում», - ասաց Իշխանյանը։

Նա նշեց նաև, որ կարող են հավաքագրված լինել ոչ միայն հայերը, այլև ադրբեջանցիները։ Նրա խոսքով` նմանատիպ միջազգային ծրագրերում և քաղաքացիական հարթակներում Ադրբեջանի կողմից հիմնականում մասնակցում են այն անձինք, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, համաձայն են երկրի քաղաքականության հետ, փորձում են Բաքվի համար օգտակար տեղեկություններ ձեռք բերել։

Ըստ նրա` հայերը նման խմբերում պետք է հստակ գիտակցեն սեփական առաջնահերթությունները, որպեսզի հնարավոր լինի խոսել տարածաշրջանում իրական խաղաղության մասին։ Նման նախաձեռնությունների հայ մասնակիցներին, որոնք անկեղծորեն հավատում են կազմակերպիչների հայտարարած նպատակներին, փորձագետը խորհուրդ տվեց ընդդիմախոսների առաջ կոնկրետ հարցեր դնել։

«Առաջինը` Ադրբեջանը պետք է վերադարձնի անխտիր բոլոր գերիներին։ Երկրորդ` Ադրբեջանը պետք է վերջ տա ատելության հռետորաբանությանը, ֆեյք քարտեզների տարածման քաղաքականությանը, չպետք է հավակնի Հայաստանի տարածքներին։ Երրորդ` դուք` որպես ադրբեջանցի, որոնք ուզում են մեզ հետ խաղաղ ապրել, պետք է քննադատեք ձեր իշխանություններին իրենց վայրագության և ագրեսիվ քաղաքականության համար։ Միայն այդ ամենից հետո հնարավոր է երկխոսություն հաստատել։ Սակայն շատ եմ կասկածում, որ հայերից ինչ–որ մեկը նման հարցեր է բարձրացրել», – ասաց իրավապաշտպանը։

«Перекресток» խմբում քարտեզների խնդիրը շատ խիստ է դրված։ Հայերին, օրինակ, արգելվում է հրապարակել Մեծ Հայքի քարտեզները։

«Մեր քարտեզները պատմություն են։ Իրենց քարտեզները` ագրեսիա», – կարճ եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Խաղաղասեր գործիչներ միշտ են եղել, կան ու կլինեն բոլոր երկրներում։ Ընդամենը մեկ օր առաջ մենք ստամբուլցի լրագրող Սևան Դեյիրմենճյանի հետ հարցազրույց էինք հրապարակել։ Նա իրապես նկատել էր, որ Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ «դատապարտված է հարևանության»։

«Մենք պարտավոր չենք սիրել իրար, բայց մենք պարտավոր ենք գտնել իրար հետ ապրելու, համակեցության ուղիները։ Ուրիշ ճանապարհ չունենք, ուղղակի չունենք։ Մենք երկխոսություն պետք է սովորենք, բարդը սա է, և այդ բարդը պետք է անենք հանուն Հայաստանի, հանուն մեր երկրների ու հանրությունների առողջացման», – ասել էր լրագրողը։

Այդ օրը նշվում էր «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր, ժողովուրդներին երկխոսության կոչ անող Հրանտ Դինքի սպանության տարելիցը։ Նրան, ի դեպ, տանել չէին կարողանում ոչ միայն թուրք, այլ նաև հայ ազգայնականները։ Սակայն նման միայնակ խաղաղարարները քիչ բան կարող են անել, եթե մի պետության քաղաքականությունը միտված է իրավունքի ոտնահարմանը, մյուս երկրի ժողովրդի ու մշակույթի ոչնչացմանն ու վերացմանը։ Եվ եթե նման պետության հասարակությունը ոչ միայն չի քննադատում սեփական իշխանությանը, այլև ինքն է այլատյացություն, ագրեսիա դրսևորում, ապա զրույցները կարող են սահմանափակվել ձվածեղի ու երթուղային տաքսիների թեմաների շուրջ քննարկումներով, բայց ոչ մի կերպ չեն կարող մերձեցման, վստահության ու խաղաղ համագոյակցության մթնոլորտ ձևավորել։

110
թեգերը:
ադրբեջանցի, հայեր, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Երևան սիթի» սուպերմարկետում ադրբեջանցիներ գնումներ չեն կատարել. ՊՆ
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին
Ադրբեջանցիները հպարտանում են իրենց վայրագություններով. Թաթոյանը՝ Ալիևի սպառնալիքների մասին
«Ադրբեջանցիները մեր վարորդներին վիզը կտրելու նշան են տալիս». ընդդիմադիրների դժգոհությունը

24 տարի միասին. Գարիկ Մարտիրոսյանի կինը լուսանկար է հրապարակել

0
Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ճանաչված շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը` Ժաննա Լևինան, արդեն 24 տարի է, ինչ միասին են։ Այս մասին Ժաննան գրել է Instagram–ի իր էջում ու լուսանկար հրապարակել։

«Այսօր ուղիղ 24 տարի եղավ, որ մենք ծանոթացել ենք»,–գրել է երգիծաբանի կինը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու նրանց երկար տարիների միություն մաղթել։

«Ամենասիրածս զույգը, շնորհավոր»,«Երջանիկ եղեք», «Ինչ լավն եք, փայլում եք»,–գրել են նրանք։

Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։

«Ուշագրավ պատմություն է». Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը «Ազերչայ» չի խմում

0
թեգերը:
Ժաննա Լևինա, ամուսնություն, Լուսանկար, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Նրբագեղ մողեսիկը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը պարծենում է իր գեղեցիկ ոտքերով
«Պարզապես հրաշալի է». Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել, թե ում հետ է «զվարճանում»
Նա ապրում էր սևահեր կնոջ հետ. Գարիկ Մարտիրոսյանի կինը արխիվային լուսանկար է հրապարակել