Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում. 28 դեկտեմբերի, 2020

Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից

404
(Թարմացված է 22:36 31.12.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Այնուամենայնիվ ճշմարտության հատիկ կա մասնագետների այն պնդումներում, թե յուրաքանչյուր տարվա ընթացքում մարդիկ սովորաբար երկու կոնկրետ առիթ են ունենում հետադարձ հայացք ձգելու, իմաստավորելու անցյալը ու նաև փորձելու կանխագուշակել ապագան։
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չեն բողոքում վարչապետի դեմ

Մեկը մարդու ծննդյան օրն է՝ դե դա բոլորիս համար զուտ անձնական պահ է, իսկ երկրորդը, այո, Ամանորն է, երբ արդեն ողջ մարդկությունն է ջանում ինչ-որ ընդհանրական գնահատական տալ անցած տարուն ու գուշակել, թե ինչ է լինելու առաջիկա 365 օրերի ընթացքում։ Համաձայնեք՝ բարդ պահ է, մանավանդ քաղաքագետների և վերլուծաբանների համար, որովհետև ոչ ոք չի սիրում սխալվել, առավել ևս ընդունել իր սխալը, իսկ դեկտեմբերի վերջին ստիպված խոստովանում ես, որ տարվա ընթացքում չի կատարվել այն, ինչ դու ակնկալում էիր, ու սկսում են լուրջ կասկածներ առաջանալ ապագան կանխատեսելու սեփական ունակությունների նկատմամբ։

​Հիմա, իհարկե, շատերը կպնդեն՝ ասում էի, չէ՞, որ 2020-ին մեր տարածաշրջանում, Հայաստանում և Արցախում նման զարգացումներ կլինեն։ Ճիշտն ասած չեմ հիշում, որ ինչ-որ մեկն այդպիսի ստույգ կանխատեսումներ աներ պատերազմի, դրա հետևանքների և հայաստանյան գրեթե ամենօրյա բողոքի ակցիաների մասին, բայց միգուցե եղել են նման կանխատեսումներ, ուղղակի կամ տեղյակ չեմ եղել, կամ պարզապես մոռացել եմ։ Համենայնդեպս առնվազն մեր բողոքի ակցիաները ու նաև հանրության պառակտումը համահունչ են եղել, այսպես ասենք, համաշխարհային միտումներին։

​Ճիշտն ասած, չեմ ուզում կրկին խոսել ամերիկյան նախագահական ընտրությունների մասին, որովհետև եթե մեզ մոտ իշխանությունները հաստատ պնդում են, թե երկրի ղեկավարի վարկանիշը շատ բարձր է, իսկ ընդդիմությունը համոզված է, որ դա բոլորովին այդպես չէ, և երկուսն էլ վկայակոչում են բողոքի հանրահավաքների մասնակիցների թիվը, Ամերիկայում գոնե ընտրություններ են տեղի ունեցել, որոնք ունեն շատ կոնկրետ պաշտոնական արդյունքներ։ Է, մեզ մոտ էլ անցկացրեք ու պարզեք մարդկանց տրամադրությունները։ Մանավանդ որ, կարծես թե, արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում բոլորը կողմ են՝ թե վարչապետը, թե նախագահը, էլ չեմ ասում ընդդիմության մասին։

​Բայց դառնանք աշխարհին։ Չնայած կորոնավիրուսին, այս տարի բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Արգենտինայում, Չիլիում, Պերուում, Թաիլանդում և այլ երկրներում։ Եթե Հայաստանում բողոքի ակցիաները գոնե առայժմ շոշափելի արդյունք չեն տվել, և իշխանությունները հիմնականում անտեսում են դրանք կամ պնդում, որ այդ բողոքները նախաձեռնում են, այսպես կոչված, նախկինները, ապա այլ երկրներում բողոքողները ինչ-որ արդյունքի հասել են։

«Դեր Շպիգել» գերմանական պարբերականը  փաստում է. «Պերուում, Չիլիում և Թաիլանդում բողոքի շարժումները կարողացան իրականացնել քաղաքական և տնտեսական փոփոխություններ։ Նախաձեռնող խմբերից շատերին իրենց ակտիվությունը հաջողվեց տեղափոխել համացանց, և հիմա նրանք մոբիլիզացնում են մարդկանց սոցիալական ցանցերում»։

​Գերմանական պարբերականը կոնկրետ օրինակ է բերում։ Այս տարվա հուլիսից սկսած տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են Թաիլանդում, հիմնականում նրանք երիտասարդներ են Բանկոգի փողոցներում։ Այդ մարդիկ պահանջում են, որ երկրի վարչապետը հրաժարական տա։ Բողոքավորների առաջնորդներից շատերը արդեն հրավիրվել են ոստիկանություն և հարցաքննվել։ Սակայն Թաիլանդում շատ բան փոխվել է՝ որոշ լրատվամիջոցներ լուսաբանում են բողոքի ակցիաները», գրում է գերմանական լրատվամիջոցը։

Համաձայնեք՝ բավական էական նմանություններ կան հայաստանյան և թաիլանդական իրողությունների միջև։

404
թեգերը:
Հայաստան, աշխարհ, Բողոքի ակցիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (292)
Ըստ թեմայի
Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Անկախության տոնին նվիրված շքերթի փորձ, արխիվային լուսանկար

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին

302
(Թարմացված է 19:40 17.01.2021)
Հայաստանի ղեկավարության` արտաքին քաղաքական դաշտում նահանջը կանգնեցնելու անկարողության ֆոնին հասարակության մեջ սրվում են բացասական տրամադրությունները։ Հարց է ծագում` արդյոք կանխորոշվա՞ծ է Հայաստանի երրորդ հանրապետության ճակատագիրը։

Դարեր շարունակ հայ ժողովուրդը սեփական պետություն չի ունեցել և գտնվել է վասալային վիճակում: Փայփայելով պետության վերածննդի երազանքը` ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ ընթացքում մասամբ կորցրել է պետականաշինության հիմունքները, շեղվել պետական մտածողությունից։ Փոխարենը` ավելի է ամրապնդվել ընտանիքի պաշտամունքը։ Պետությունը պաշտպանելու կամ պետության վրա հենվելու հնարավորություն չի եղել, հետևաբար բոլոր ուժերը` ֆիզիկական և ինտելեկտուալ, հայերն ուղղել են ընտանիքի պաշտպանությանը։

Ընտանիքի պաշտամունք VS պետական շահեր

Դատելով նրանից, թե ինչ է այսօր կատարվում հայ հասարակության մեջ, կարելի է ասել` այն ժամանակներից քիչ բան է փոխվել, անձնական շահերն այսօր էլ են պետականից վեր դասվում։ Մենք առաջվա պես շարունակում ենք ինդիվիդուալիստների ազգ մնալ։ Մեզնից յուրաքանչյուրն առանձին վերցրած ուժեղ է որևէ բանում, լավ ներուժ ունի, սակայն միասին հավաքվելն ու մեծ նպատակի հասնելը մեզ համար գրեթե անհաղթահարելի խնդիր է։

Արցախում պարտություն կրելուց հետո հասարակության մեջ խորանում է պառակտումը, հուսահատությունը և ուժեղանում սեփական շահերը պաշտպանելու փորձերը, չէ՞ որ պետության նկատմամբ հավատը զգալիորեն թուլացել է։

Մի դրվագ մեջբերենք, որի հետևում բավական վտանգավոր միտում է թաքնված։ Մարտական գործողությունների օրերին Արցախում ծառայած և արձակուրդ եկած զինվորների ծնողները Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում` իշխանություններից պահանջելով, որ իրենց որդիներին հետ չուղարկեն, նրանց անվտանգության երաշխիքներ տրամադրեն և ուղարկեն Հայաստանի տարածքում գտնվող զորամասեր։

Որպես ծնող նրանց կարելի է հասկանալ, որպես քաղաքացի` ոչ։ Մարդիկ մոռանում են, որ լինելով գործող հայկական բանակի զինծառայող` հենց իրենց զավակներն են հանդիսանում հայրենիքի անվտանգության երաշխիքը։ Երաշխիքներ պահանջող, երաշխավորներ, այն էլ հետպատերազմական շրջանում (չէ՞ որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հույսներս միայն ռուս խաղաղապահների վրա չդնենք)` մի փոքր անհեթեթ է հնչում։

Ավելին, Արցախում ծառայելուց հրաժարվելով` այդ քաղաքացիները կամավոր հրաժարվում են Ղարաբաղը պաշտպանելուց։ Նրանց թվում է, որ ՀՀ տարածքում ավելի անվտա՞նգ կլինի։ Ուղարկեք նրանց Շուռնուխ, Որոտան և այլ սահմանամերձ բնակավայրեր։ Իսկ եթե վաղն այնտեղ մարտեր սկսվեն, կպահանջեն ավելի խոր թիկունք տեղափոխե՞լ։ Եթե այդպես է, այդ դեպքում ընդհանրապես բանակ ունենալու իմաստը ո՞րն է։

Համեմատության համար։ Հայրենական մեծ պատերազմից առաջ Հայկական ԽՍՀ բնակչությունը շուրջ 1.5 մլն էր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատերազմ մեկնեց ավելի քան 500 հազար հայ (ԽՍՀՄ բոլոր հանրապետությունենրից)։ Նրանցից ավելի քան 300 հազարը զոհվեցին կամ անհետ կորան։ Այդպիսին էր Խորհրդային Միության (որտեղ Հայաստանը միայն հանրապետություններից մեկն էր) Մեծ հաղթանակում մեր ժողովրդի ներդրումը։

Ներկայիս Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 2.9 մլն է։ Եվս մոտ 150 հազար նախապատերազմական Արցախի բնակչությունն էր կազմում։ 2020 թվականի մարտերի ընթացքում, տարբեր գնահատականների համաձայն, մենք մինչև 5 հազար մարդ ենք կորցրել։ Սա հայրենիքի պաշտպանության գործում ժամանակակից հայերի ներդրումն է։

300 հազար և 5 հազար. ինչպես ասում են, զգացե՛ք տարբերությունը։

Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ Հայրենական մեծ պատերազմի օրերին, ինչպես նաև պատերազմից հետո զինվորների ծնողները բողոքեին զինկոմիսարիատների մոտ` պահանջելով իրենց երեխաներին չուղարկել սահմանի այս կամ այն հատված։ Կարծում ենք, որ նույնիսկ վառ երևակայություն ունենալու պարագայում նման բան պարզապես անհնար է պատկերացնել։ Իսկ գուցե խնդիրը մե՞կն է` այն ժամանակ չկային սոցցանցեր և տարատեսակ «լայվեր»։

Մեծն Բոնապարտը ժամանակին ասում էր, որ նա, ով չի ցանկանում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին։ Մեր կողմից հավելենք. «Ով չի ցանկանում ծառայել սեփական բանակում, կծառայի օտարի բանակում»։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնի` հայ զինծառայողը պատրա՞ստ է օտարի շահերի համար կռվելու աշխարհի այս կամ այն անկյունում։

Մյուս կողմից ակնհայտ է, որ վախերն ու պարտվողական տրամադրությունները հասարակության մեջ սրվում են ներկայիս իշխանության ամորֆ պահվածքի պատճառով, իշխանության, որն ի զորու չէ դուրս գալ շոկային վիճակից և անցնել առաջին հերթին զինված ուժերի մոբիլիզացիայի ու համալրման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման։

Իշխող դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ փոխխոսնակ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել էր, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։

Նազարյանն ընդգծել էր, որ ինքը քաղաքական գործիչ է, և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հողերն ուզում է վերադարձնել քաղաքական գործընթացների օգնությամբ։

Միայն թե նման «քաղաքական գործընթացներ» վարելու համար անհրաժեշտ է Ալեքսանդր Գորչակովի (ում հետևում Ռուսաստանի կայսրությունն էր կանգնած), Շառլ Թալեյրանի (որի հետևում Ֆրանսիայի թագավորությունն էր կանգնած), Կլեմենս ֆոն Մետերնիխի (որի հետևում կանգնած էր Ավստրո–Հունգարիան) մասշտաբի դիվանագետ լինել։ Լենա Նազարյանի հետևում կանգնած է ընդամենը 29 հազար քմ մակերես և 2.9 մլն բնակչություն ունեցող Հայաստանը։

Իշխանության առավելագույն խնդիրը ոչ թե «ռևանշը» կանխելն է, այլ այնպես անել, որ ապագա պատերազմի դեպքում մենք միայնակ չկռվենք թշնամական տրամադրված պետությունների տանդեմի հետ, այլ հասնենք սեփական կոալիցիայի ստեղծման։ Դրա հետ մեկտեղ մեր պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է հիշեն, որ իրենք կարող են քաղաքական գործիչ լինել միայն Հայաստանում. այլ պետություններում նրանք կարող են լինել ով ասես, բայց ոչ լուրջ որոշում կայացնողներ։

Առաջին քրիստոնեական պետությունն ու Երրորդ հանրապետության «վախճանը»

Օտարերկրացիների հետ ծանոթանալիս` շատ հաճախ մենք պարծենում ենք, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է։ Քրիստոնեական պետություն լինելը ոչ միայն հպարտության առարկա է, այլև ծանր բեռ` հաշվի առնելով մեզ շրջապատող երկրների գործոնը։ Եվ պետք է հասկանալ, որ մեզ համար միշտ էլ դժվար է լինելու։

XX դարում մենք երկու անգամ ինքնուրույն պետականություն կառուցելու հնարավորություն ստացանք` Առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը մի քանի տարի (1918-1920 թթ.)։ Երրորդ հանրապետությունը ստեղծվեց 1991 թվականին. ուղիղ 30 տարի անց կարծիքներ հնչեցին այն մասին, որ այն վախճանված է։

Հարց է առաջանում և՛ հանրությանը, և՛ էլիտային. մի՞թե 30 տարվա ընթացքում մենք այնքան ենք հոգնել, որ պատրաստ ենք հրաժարվել սեփական պետականությունից։

ՀՀ նախագահը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ է վերբեռնել համակարգն ու «Չորրորդ հանրապետությունը» կառուցել։ Ռուսական մի ասացվածք մտքիս եկավ. «Хоть горшком назови, только в печь не ставь»։ Ուզում եք «Չորրորդ հանրապետություն» անվանեք, ուզում եք «հեռավոր թագավորություն», միայն թե վերջապես կենսունակ պետություն ստեղծեք։ Կամ գուցե մեր քաղաքական գործիչներն առաջնորդվում են հետևյալ կարգախոսով. «Այն ինչ մեռած է, մեռնել չի կարող»։

«Նախաձեռնության» հաջողության համար անհրաժեշտ է, որ ազգային էլիտան ու ժողովուրդը, «Չորրորդ հանրապետություն» կառուցելիս, առաջնորդվեն պետական մտածողությամբ և հենց այս երկրում տեսնեն իրենց սերունդների ապագան։

Ժամանակին գերմանացիների (որոնց հաճախ նախանձով ու հիացմունքով ենք նայում) պետական օրհներգը սկսվում էր «Գերմանիան ամենից վեր է» բառերով։ Ի՞նչն է հայերի համար ամենից վեր։ Գուցե արդեն միասնական բռունցք դառնալու ժամանա՞կն է, չէ՞ որ ժամանակն այժմ մեր դեմ է գործում։

302
թեգերը:
Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը
Հրաժարվել սխալ ռազմավարությունից․ որոնք են հայ-ռուսական հարաբերությունների բացթողումները
Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

120
(Թարմացված է 17:52 15.01.2021)
Պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար։ Չնայած պատերազմն ավարտվել է, բայց «Տաք գուլպաներ զինվորի համար» ծրագիրը բերդավանցի կանայք մտադիր են շարունակել։

Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։

Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։

Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։

Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։

«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։

Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։

Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գլխարկները

Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների աշխատանքը

Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած աշխատանքը
120
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Կին, գուլպա, Զինվոր, Արցախյան պատերազմ, Բերդ, Տավուշ
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի
Эдуард Агаджанян

Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից

7
(Թարմացված է 17:18 18.01.2021)
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ իր աշխատակազմը պետք է ղեկավարի Արսեն Թորոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։

7