Սյունիք

Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը

1192
Հայաստանի մարզերում գործող իշխանության «տարածքային զիջողականությամբ» պայմանավորված դժգոհություն է հասունանում։ Ադրբեջանական ներխուժմանը զինված դիմադրություն ցույց տալու կոչեր են հնչում։

Նիկոլ Փաշինյանը, ում ավելի ու ավելի հաճախ են անվանում «վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ», իր ընդդիմադիրներին խորհրդակցության է հրավիրել։ Օրակարգը․ խոսել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին։

Երկխոսության էությունը․ Հայաստանի ճակատագիրը պետք է վճռվի ոչ թե փողոցային ապստամբություններով, որի կոչն անում է Հանուն հայրենիքի փրկության շարժումը, այլ զանգվածների ազատ կամարտահայտման միջոցով, ինչպես ենթադրում է Նիկոլ Փաշինյանը։

Կողքից դիտորդի կանխատեսում․ հեղափոխական պայթյունը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ, քան Փաշինյանի հակառակորդները կընդունեն կամ կմերժեն վարչապետի առաջարկը։

Որտեղի՞ց է այս կանխատեսումը։ Ադրբեջանին սահմանակից քաղաքների, գյուղերի և ավանների ղեկավարների մարտական (բառի ամենաուղիղ իմաստով) տրամադրությունից, որոնք իրենց մաշկի վրա են զգում իրենց տներին, դաշտերին և գետերին թշնամու սողեսող մոտենալու հետևանքները։ Խոսքը, մասնավորապես, Քաջարանի, Կապանի, Գորիսի քաղաքապետների, այլ համայքների ղեկավարների, կամավորական ջոկատների հրամանատարների մասին է, որոնք առանց զենքի մնացել են հակառակորդի զինված ուժերին դեմ հանդիման, ոչ թե հրացանի կրակոցի, այլ մեկնված ձեռքի հեռավորության վրա։

Կապանի քաղաքապետը սահմանների դեմարկացիայի որևէ փաստաթուղթ չի տեսել

Մինչ Երևանում ընթացող բողոքի ակցիաները ձանձրացնում են իրենց միօրինակությամբ և դադարում են տպավորություն գործել, Ադրբեջանը Հայաստանից մեկը մյուսի հետևից յուղոտ կտորներ է պոկում, ասելով․ «Սա մերն է, իսկ այ նա՝ ձերը»։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների նրբազգաց լսողությունը որսում է չասված «դեռ»-ը, այսինքն՝ «դեռ ձերն է»։ Ախորժակը, ինչպես գիտենք, ուտելիս է բացվում, և ոչ ոք չգիտի, թե Բաքուն դեռ քանի քաղաք, գյուղ, ավան, տուն, գյուղատնտեսական տարածք և այլ բաներ կվերցնի։

Հայաստանի իշխանությունների լռությունը համաձայնությո՞ւն է հարևանի կամայականություններին, իրենք իրենց հարցնում են գյուղացիները, որոնք չեն պատրաստվում մատաղացու գառ դառնալ։ Արդեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու պահանջներ են հնչում, աչքերը բացելու, ինքնապաշտպանություն կազմակերպելու կոչեր են լսվում։ Եվ ահա օրվա գերագույն հարցը․ իսկ Հայաստանը բանակ ունի՞։ Եվ եթե ունի, որտե՞ղ է այն և ինչո՞վ է զբաղված։ Եթե իշխանությունը ականջ չդնի «հեռուներից» հնչող ահազանգերին, ևս մեկ սխալ կգործի, գուցե՝ ճակատագրական։

Ներկայիս ծայրահեղ իրավիճակում այնպես է ստացվել, որ հայ գյուղացիները քաղաքացիներից առաջ են անցնում ոչ միայն ծրագրերով, այլև գործողություններով և երևում է՝ սովորել են հասնել իրենց ուզածին։ Հիշեցնենք։

Շուռնուխ գյուղից ոչ մի հատված Ադրբեջանին դեռ չի հանձնվել. գյուղապետ

Տարեսկզբին իշխանությունը ֆերմերներին արգելել էր կենդանիներին բակում մորթել, գյուղացիներին ուղղորդելով սպանդանոց, որը շատ ավելի թանկ կնստեր։ Նրանք զիջումներ պահանջեցին։ Կառավարությունն ասաց՝ ո՛չ։ Ֆերմերները հասան կառավարության մուտքի մոտ և միաձայն ասացին․ «Մեր ասածով կլինի»։ Կառավարությունը ստիպված եղավ զիջել։

Իրենց ասածը պնդելով՝ անհնազանդ գյուղացիները հասնում էին ջրատարների, գյուղական ճանապարհների կառուցմանը և այլն։ Բայց դրանք տնտեսական պահանջներ էին։ Հասել է ռազմաքաղաքական պահանջների ժամը։

Ամենաթարմերից։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ՀՀ պաշտպանության նախարարից բացեիբաց բացատրություն է պահանջում․ ինչո՞ւ կապանցիներին ստիպեցին հանձնել լավ ամրացված դիրքերը։ Պաշտպանական ամրույթները ամբողջ գյուղական համայնքով էին ստեղծել, իսկ դրանք թողնել-հետ քաշվելու հրամանը քաղաքից եկավ։ Ինչպե՞ս հասկանալ։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը իշխանություններին մեղադրում է անգործության համար և խոստանում է ժողովրդին ոտքի հանել՝ սեփական քաղաքը պաշտպանելու։ Եվ սա դեռ ամենամեծ պահանջները չեն։ Մինչ մայրաքաղաքային բողոքավորները ձնագնդիկներ են շպրտում վարչապետի ու նրա նախարարների լիմուզինների վրա, կամավորականների՝ պատերազմի անցած հրամանատարներն արդեն մարդկանց ի զեն են կոչում և չեն թաքցնում Փաշինյանի ու նրա թիմի դեմ ուժ կիրառելու մտադրությունը։ Սա արդեն պարզապես վտանգավոր չէ, սա շատ վտանգավոր է։

Որտեղի՞ց այսպիսի վճռականությունը։ Գյուղերում ապրող մարդիկ բառացիորեն իրեն հողերն են կորցնում, կորցրածը վերադարձնելու և մնացածը պահպանելու համար նրանք ամեն ինչի պատրաստ են։ Այս հողում են ապրել նրանց պապերը, նախապապերը, այս հողում են իրենք մեծացել, այսօր այնտեղ ապրում են նրանց որդիներն ու թոռները, իսկ հիմա գյուղով ադրբեջանական տանկ է անցնում, ճանապարհին տրորելով «Որոտան» ցուցանակը։ Տանկիստների համար զվարճալի է, որոտանցիների համար՝ ցավալի ու անհասկանալի, թե ինչու են Հայաստանի վերահսկողության տակ մնացած տարածքներում ադրբեջանցի տանկիստները խուլիգանություն անում։

Ադրբեջանցիները պահանջում են իրենց փոխանցել Շուռնուխի 12 տները. ի՞նչ է պատմում գյուղապետը

Երևանում նստած իշխանությունների վրա սահմանամերձ շրջաններում արդեն հույս չեն դնում, բայց դա չի նշանակում, թե հաշտվել են իրավիճակի հետ։ Ժամանակին հուսահատության հասած ռուս գյուղացիների շրջանում հայտնվեցին պուգաչովները, բոլոտնիկովները, ռազինները, որոնք պատրաստ էին կատաղած ապստամբներին առաջնորդել Մոսկվայի դեմ կռվելու։ Չարժե զարմանալ, եթե վաղը-մյուս օրը Գորիսի, Կապանի, Գեղարքունիքի լեռներից Երևանում հայտնվեն ինքնապահպանման հույսին մնացած մարդիկ։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք վերահսկում են Գորիս-Կապան ավտոճանապարհը, բոլոր վարորդների հեռախոսահամարներ են տալիս և խորհուրդ․ «Երբ կհայտնվեք հակառակորդի նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածում, արագ անցեք, ոչ մի դեպքում կանգ չառնեք։ Գերի ընկնելու դեպքում զանգել այս հեռախոսահամարով»։ Ականջ է սղոցում․ «Երբ կհայտնվեք․․․»։ Հնարավոր չէ հայտնվել սեփական հողում, ինչպես հնարավոր չէ հայտնվել սեփական տանը։

Սահմանամերձ շրջանների բնակիչների արձագանքը․ «Հիմա ի՞նչ, նրանք, ովքեր 2018թ․-ին փողոց էին փակում ու Նիկոլին իշխանության բերում, գո՞հ եք։ Ստացա՞ք այն, ինչ ուզում էիք»։

Հիմա էլ Ամանորյա տոնածառը Արցախի մայրաքաղաքում, որը նույնպես փորձում էին ՀՀ մարզերի թվում ներառել։ Տոնածառը մերժեցին, քանի որ այն առաջարկում էր Փաշինյանի տիկինը։ «Վալեքս Գարդեն» հյուրանոցում, որտեղ պատրաստվում էին մանկական տոնահանդես կազմակերպել, հայտարարություն էր կախված․ «Ես դեմ եմ Աննա Հակոբյանի կազմակերպած ամանորյա մանկական տոնակատարությանը։ Դավաճանն իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ, որից ընդամենը փոքր մասն է մնացել։ Մենք մեր երեխաներին Նոր տարի կնվիրենք առանց ձեր կեղտոտ նվերների»։

Վարչապետի գործունեությունը սպառնում է պետության շահին, հնարավոր չէ սպասել. Ղազինյան

․․․ Վերջին օրերի ժամանակագրությունից․ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղ չհասած, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ խցանման մեջ են ընկել, հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նրանք, հավանաբար, եկել էին հողերն ընդունելու, բայց ոչ ոք չէր պատրաստվում հանձնել դրանք։

-Էս երկիրը տեր չունի,-շարունակում է փոխքաղաքապետը,-Հայաստանը, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, լրիվ տարբերվում է Հայաստանից, որը մենք ենք ներկայացնում։ Նա հիմա ընտրությունների մասին է մտածում, փոխանակ մեր հողերի մասին մտածի։ Նա պատասխան կտա նրա համար, ինչ այսօր կատարվում է Սյունիքում,-ասում է Մենուա Հովսեփյանը։

Այս խոսքերը ոչ մի դեպքում չի կարելի ականջի հետև գցել։

1192
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, Հայաստան, Սյունիք
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (793)
Ըստ թեմայի
Երևանում այլ իրականություն է. Գորիսի քաղաքապետը չի հասկանում` ինչու են հանձնում տարածքները
Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. քաղաքապետ
Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը` իրավիճակի մասին
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

15
(Թարմացված է 17:52 15.01.2021)
Պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին առաջնագծում կանգնած զինվորին օգնելու համար։ Չնայած պատերազմն ավարտվել է, բայց «Տաք գուլպաներ զինվորի համար» ծրագիրը բերդավանցի կանայք մտադիր են շարունակել։

Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։

Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գուլպաները

«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։

Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։

Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։

«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։

Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցները

Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։

Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած գլխարկները

Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների աշխատանքը

Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։

Женщины и девушки Ноемберяна вяжут носки и шапки для солдат
© Photo : provided by Gohar Aslikyan
«Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության մասնակիցների գործած աշխատանքը
15
թեգերը:
առաջնագիծ, Սահման, Կին, գուլպա, Զինվոր, Արցախյան պատերազմ, Բերդ, Տավուշ
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն
«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի
Նախազգուշացնող ցուցանակ՝ կառավարական առանձնատների մոտ

Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները

218
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրությունը հիմա անկայուն է։ Ընդդիմությունը նրա հրաժարականն է պահանջում։ Եթե վարչապետը լքի իր պաշտոնը, նրան առանձնատնից կհանե՞ն։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշեցնում է Կոնդի կառավարական ամառանոցների պատմությունը։

Լրատվամիջոցների հաղորդագրություններից. «Նշված հասցեում գտնվող կառավարական առանձնատները փոխանցվում են Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ բուժիչ-կազդուրիչ ու բժշկական հաստատությունների վերապրոֆիլավորման համար»։ Հրապարակվել է 1988 թվականի օգոստոսին։

Իշխանությունը չէր ուզում, որ լարված իրավիճակ լինի, ու սոցիալական արդարությունը վերականգնելու համար դուրս գրեց կուսակցական վերնախավին կառավարական ամառանոցներից ու գրանցեց այնտեղ սովորական քաղաքացիներին։ Այնուամենայնիվ՝ մարդկանց նյարդերի վրա ամենաշատը ազդող՝ Կոնդում գտնվող առանձնատանը ձեռք չտվին։ Դրան չափազանց լավ են պահպանվել ու հիմա էլ նույն կարգավիճակն ունեն. այնտեղ այսօր ապրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա միայն նրա համար է լավ։

Հարց․ ինչու, երբ խորհրդային Կոնդում ուրիշ մարդիկ էին ապրում, ամեն ինչ այդքան վատ չէր։ Խորհրդային համակեցության կանոնները թույլ էի տալիս, որ կոմունիստական գլխավոր ղեկավարներն արտոնություններ ունենան, ու դա ինչպես հարկն էր ընդունվում։ Եթե պետք է՝ պետք է։

Եվ երկրորդ՝ այն ժամանակ հայերը թեև ճոխ կյանքով չէին ապրում, բայց երաշխավորված աշխատանք, անվճար կրթություն, բուժում, նաև սոցիալական արտոնությունների փաթեթ ունեին։

7 օլիմպիադաների մասնակցած Յուրի Սարգսյանի մոսկովյան սխրանքն ու Կարեն Դեմիրճյանի խոստումը

Եվ ի վերջո կադրերն ամեն ինչ որոշում էին։ Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Հրանտ Ոսկանյանը փողոցից մարդիկ չէին, նրանք կենսագրություն ու արժանի աշխատանքային ցանկ ունեցող մարդիկ էին։

Այնուամենայնիվ սկսվեց վերակառուցումը, պետք էր ժամանակին համահունչ քայլել. այն, ինչ երեկ սովորական էր, այսօր աչք էր ծակում։

Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի տեղակալ Ռոբերտ Մեհրաբյանի խոսքից.

«Հանրապետության գեղատեսիլ, բայց հեռավոր անկյուններում կան բազում տներ ու տնակներ, որոնք տարվա մեծ մասը փակ են մնում։ Դա այդպես կոչված` կառավարական ամառանոցներն են, ընդունելության տները և նման հաստատությունները։ Հիմա դրանց տերերն են դառնալու աշխատանքի վետերանները, որբ երեխաները, ինտերնացիոնալիստ մարտիկները»։

Դարձան։ Ընտրյալների համար դադարեցրին նոր դղյակներ կառուցել, բայց Կոնդն ինչպես կար, այդպես էլ մնաց՝ սպասելով նոր տերերին։

Խորհրդային տիպի բնակարանից Կոնդի ամառանոց տեղափոխվելուց հետո Փաշինյանն առաջին հերթն ի՞նչ արեց։ Լայն բացեց դռներն ու ներկայացրեց հասարակությանը տան ներքին հարդարանքը, այդ թվում՝ լոգասենյակները։ Ու՞մ էր դա պետք։ Հենց իրեն․ իբր՝ տեսեք, Հայաստանի հպարտ քաղաքացիներ՝ ինչպես են այստեղ ապրել նախկիններն ու ինչպես եմ ես ապրելու։

Տեսանք։ Լավ ճոխ սկսեց ապրել, փակ ռեժիմով և ուժեղացված անվտանգության համակարգով, ամեն ինչ ինչպես կար, այդպես էլ մնաց, մի բան չէր ստացվում, աններդաշնակ էր հնչում, մի բան այն չէր։ Ինչը՞։ Հարցը Նիկոլ Վովայի Փաշինյանի մեջ էր։

Նա շատ միջին դպրոց է ավարտել Իջևանում, կիսատ է թողել ուսումը ԵՊՀ-ում, գոռգոռացել, աղմկել ու համաժողովրդական դժգոհության ալիքի վրա քաղաքական բարձրունքների է հասել։ Վատ հավաքվող կոմունալ բնակարանից հայտնվել է «իշխանական» պալատներում։ Ինչի՞ համար էր դա պետք ժողովրդի սիրելիին։

Երբ աշխատում էի որպես «Իզվեստիա» թերթի սեփական թղթակից, ժամանակ առ ժամանակ աշխատանքի բերումով Կոնդ էի այցելում։ Փաշինյանի էքսկուրսիաներից հետո ամառանոցները նկարագրելու կարիք չկա։ Ի՞նչն է ամենաշատը հիշվել։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

Մատուցող Պատրիկը։ Նա անգլոսաքս էր, միշտ ձիգ էր, տիրապետում էր էթիկետի նրբություններին․ նրան ուզում էր միշտ «դուք»-ով դիմել։ Պարզապես անհնար է պատկերացնել, որ նրա սպասարկած սեղանի մոտ չալաղաջի ոսկոր կրծեն կամ ձեռքով բերան մաքրեն։

Այնպիսի տպավորություն է, որ Կոնդի «հավերժական» ամառանոցները շուտով նոր տերեր կունենան։ Դեռ անհայտ է՝ ով կբնակվի այնտեղ։ Իսկ գուցե արժե ինչպես 80-ականներին, փոխանցել այն ղարաբաղյան պատերազմում տուժածներին, դարձնել վերականգնողական կենտրոն, այլ կիրառություն գտնել՝ մեկընդմիշտ «վատ բնակարանի» չար համբավից ազատվելու համար։

Ձեռքի հետ՝ չիմացողների համար։ Անցյալ դարի 50-ականներին Հայաստանի առաջին դեմքերը հրաժարականից հետո շարունակում էին ապրել այնտեղ, որտեղ ապրում էին․ ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը՝ Աբովյան փողոցում, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Շմավոն Առուշանյանը՝ Թումանյան պողոտայում, ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը՝ «Կասկադում»։

218
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, առանձնատուն, Կոնդ
Ըստ թեմայի
Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը
ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը. տեսանյութ
Վաճառիր առանձնատունդ ու քաղաք գնիր ԱՄՆ–ում. 4 հետաքրքիր առաջարկ հայ օլիգարխներին
Ապուր

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններ են արտասովոր ապուրներ մատուցում

0
(Թարմացված է 10:03 17.01.2021)
Գաղտնի լոլիկով կրեմ-ապուրից, որը մենյուում նշված չէ, մինչև թթվաշ ավանդական նռանե․Sputnik Style-ը պարզել է, թե Երևանում որտեղ են մատուցում լավագույն ապուրները։

 

Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։

Ռեստորան Gallia

Պուշկինի 40

Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։

Грибной суп с соевым соусом
© Photo : Виктория Писаренко
Սնկով ապուր

Ռեստորան Sorriso Gelato

Հյուսիսային պողոտա 10/5

Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։

Суп ньокки с курицей
© Photo : Виктория Писаренко
Հավով նյոկկի

Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։

Սրճարան N’Joy 

Ղազար Փարպեցի 4

Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։

Ռեստորան Lavash

Թումանյան 21

Կողբացի 30

Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։

Суп нране
© Photo : Виктория Писаренко
Նռանե

Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։

0
թեգերը:
Ռեստորան, ապուր, Երևան