Ծաղկաձոր. արխիվային լուսանկար

Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

765
(Թարմացված է 13:56 28.12.2020)
Թեև արդեն երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկվում է այս տարի Ամանորը չնշելու թեման, բայց հայաստանյան հանգստավայրերում Նոր տարվա օրերին արդեն ազատ տեղեր գրեթե չկան։ Մարդիկ տոնական, ճոխ սեղանները որոշել են մաքուր օդով և նոր տպավորություններով փոխարինել։

Այս տարի Ամանորը տասնյակ հազարավորների ընտանիքներում ավանդական տարբերակով`ճոխ սեղանով, երգ ու պարով չի նշվելու կամ առհասարակ չի նշվելու։ 2020-ը սիրտ չի թողել... Ցավն այնքան մեծ է, կորուստները՝ մարդկային ու տարածքային` այնքան մեծաթիվ, որ շատերն անգամ անհարմար են զգում տունը զարդարել, սեղան գցել, հյուր գնալ կամ հյուր ընդունել։ Այս առումով բազմաթիվ ընտանիքների համար այլընտրանք է դարձել տարեմուտը ոչ թե տանը, այլ  հայաստանյան որևէ հանգստավայրում դիմավորելը՝ գոնե մաքուր օդ կշնչեն, ամենօրյա ռիթմը կփոխեն։

Ամեն տարի Ամանորին Հայաստանը մեծ թվով հյուրեր էր ունենում արտերկրից, հատկապես՝ ՌԴ-ից։ Կորոնավիրուսն ու պատերազմը փոխել են տուրիզմի պատկերը․հիմա տարբեր հանգստավայրերում մատերի վրա հաշված արտասահմանցիների կհանդիպեք, փոխարենը ներքին տուրիզմն է զարգանում։ Ու ներքին զբոսաշրջիկների հաշվին հանգստավայրերում արդեն իսկ գրեթե տեղ չկա։ Դե դրա հիմնական պատճառներից մեկն էլ կրկին կորոնավիրուսն է՝ հայաստանցիներն անհամեմատ քիչ են ճամփորդում հիմա։ Նախկինում, եթե շատերը Ամանորը դիմավորում էին արտերկրում՝ արաբական տաք երկրներում, Եվրոպայում, հարավարևելյան Ասիայում, ապա հիմա նրանց թիվը կտրուկ կրճատվել է։

Ջերմուկ

Ջերմուկի հյուրանոցներում, հանգստյան տներում ազատ տեղեր գրեթե չկան։ Բոլոր ամրագրումներն էլ տեղացիներն են արել։ Ջերմուկի զբոսաշրջության կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանի խոսքով՝ մեծ թվով հարցումներ են ունեցել Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, սակայն ամրագրումներ դեռ չկան։ Թեպետ նա չի բացառում, որ վերջին պահին կարող է իրավիճակ փոխվել։ Այս տարի հյուրանոցներում տոնական ծրագրեր, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ շոուներ, հրավառություններ չեն լինելու։

«Հյուրերն այդ մասին տեղեկացված են և ըմբռնումով են մոտենում։ Միայն փոքրիկ հյուրերի համար են լինելու անակնկալներ` Ձմեռ պապ, Ձյունանուշ, նվերներ»,- նշում է Միրզոյանը։

Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

Քանի որ շոու ծրագրերը կրճատվել են, նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով, առաջարկում որոշակի գնային փոփոխություն կա։ Ջերմուկում, օրինակ, Ամանորյա փաթեթների առաջարկները մոտ 10-15 տոկոսով ավելի մատչելի են, քան նախորդ տարի էր։

2 անձի համար 5-օրյա հանգստի փաթեթը միջինը 350 հազար դրամ է, ամենաթանկը՝ մոտ 600 հազար դրամ։ Ստանդարտ փաթեթներին Ջերմուկում ավելանում են բուժական ծառայությունները։ Գնառաջարկը դրանք էլ է ներառում։

Ջերմուկում այսօր դժվարությամբ նաև վարձով բնակարան կամ առանձնատուն կգտնեք։ Ոչ միայն զբոսաշրջիկներն են արդեն ամրագրել, այլև քաղաքում դեռ մեծ թվով արցախցիներ կան։

Ծաղկաձոր

Հայաստանյան ձմեռային ամենասիրելի հանգստավայրերից այստեղ էլ ազատ տեղեր քիչ են մնացել։ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանը մեզ հետ զրույցում ասում է, որ օրերս մեծ դժվարությամբ են կարողացել ազատ քոթեջ գտնել։

«Համաքաղաքային հրավառություն, տոնական համերգներ և նման բաներ չեն լինելու»,- նշում է պաշտոնյան։

Հյուրանոցներում Ձմեռ պապն ու Ձյունանուշն են փոքրիկ հյուրերին նվերներ բերելու։ Ծաղկաձորում ևս շոու ծրագրերի կրճատումը գնիջեցման է բերել՝ 15-20 տոկոսով։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրից տեղեկացանք՝ 2 անձի համար 3-անգամյա սնունդով 5-օրյա փաթեթն Ամանորին միջինը 270․000 դրամ արժե։ Նախորդ տարիների համեմատ ամրագրումները քիչ են, արտերկրից հյուրեր առհասարակ չկան, մինչդեռ ծաղկաձորյան հյուրանոցային համարների առյուծի բաժինը նախկինում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներն էին զբաղեցնում։

Посетители канатной дороги в Цахкадзоре
© Sputnik / Aram Nersesyan
Ծաղկաձոր

«Էլեգանտ» հյուրանոցի վաճառքի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը ևս մեզ հետ զրույցում նշեց՝ Ամանորն այս անգամ առանց տոնական երգ ու պարի է լինելու, գնիջեցումը 20-25 տոկոս է։ 2 անձի համար 2-անգամյա սնունդով, գալա ընթրիքով 5-օրյա հանգստի փաթեթը միջինը 560 հազար դրամ է։ Ազատ տեղեր գրեթե չունեն։ Մովսիսյանը նշում է՝ այդպես է գրեթե բոլոր հայտնի հյուրանոցներում։

Դիլիջան

Պատերազմի օրերին Դիլիջանը մեծ թվով արցախցիների հյուրընկալեց։ Քաղաքապետի խորհրդական Լևոն Ավագյանի խոսքով՝ նույն թվով բնակիչներ ունեցող քաղաքների շարքում Դիլիջանն ամենաշատ արցախցիների ընդունած քաղաքն է։ Նրանց մի մասը հյուրանոցներում է ապրում։

Պաշտոնական տվյալներով՝ 14-16 հազար բնակիչ ունեցող քաղաքը հյուրընկալել է 2000 արցախցիների։

Տավուշյան հանգստավայրը ևս բացառություն չէ․ հյուրանոցային համարները գրեթե 100 տոկոսով զբաղված են։

«Օրեր առաջ 1-2 գերմանացի եմ տեսել, բայց, կարելի է ասել, արտերկրից զբոսաշրջիկներ չկան։ Զբաղվածությունը ներքին տուրիզմի հաշվին է»,- նշեց Լևոն Ավագյանը։

Ինչպես թոթափել ամանորյա հոգնածությունը և հանել սթրեսը. խորհուրդներ հայ կանանց

Ի տարբերություն Ջերմուկի և Ծաղկաձորի, Դիլիջանում հյուրանոցների գնառաջարկներում կամ առհասարակ փոփոխություն չի եղել, կամ էլ՝ չնչին։

Օրինակ, Dilijan Park Resort-ում գնային փոփոխություն չկա․31․12.20 - 04․01.21–ը ընկած ժամանակահատվածի համար 2 անձի համար փաթեթը՝ 3-անգամյա սնունդով, գալա ֆուրշետով միջինը 350 հազար դրամ է։

Монастырский комплекс Агарцин
© Sputnik / Andranik Ghazaryan
Հաղարծինը

Տոնն անցնելու է առանց հրավառության, երաժշտության և շոու ծրագրերի։ Ինչպես գրեթե ամենուր, այստեղ էլ միայն փոքրիկներին են փորձելու ուրախացնել` Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներով են գալու Դիլիջան։

Ինչպես և որտեղ ենք դիմավորելու տարեմուտը՝ տարբերակները շատ են, մարդկանց նախասիրություններն  ու տրամադրվածությունն էլ՝ տարբեր։ Մի բան բոլորին է միավորում՝ 2020 թվականը, ինչպես ժողովուրդն է ասում, մի «ոտք շուտ ճանապարհ ընկնի»՝ իր հետ տանելով այս տարվա բոլոր դժվարությունները։ Նոր տարվա ամենակարևոր մաղթանքն է՝ խաղաղություն և առողջություն լինի։

765
թեգերը:
Ձմեռ պապ, Ջերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր, գին, Հյուրանոց, Հայաստան, Ամանոր
Ըստ թեմայի
Ամանորին քանի՞ մարդ է այցելել թանգարաններ. Փաշինյանը թվեր է հրապարակել
Հաջորդ Ամանորը հանգիստ խղճո՞վ կնշենք. պայթուցիկների վաճառքը կարգելեն
«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց
Արցախ. արխիվային լուսանկար

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

444
(Թարմացված է 18:00 22.01.2021)
Այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է առաջատար տեխնոլոգիաներին, սակայն Արցախում ծնելիություն աճը արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) միջոցով բարձրացնելու՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունն ականջ է ծակում։

Առաջինը, ինչի մասին մտածում ես հրահանգի մասին իմանալիս՝ ինչի՞ համար է պետք երեխաներ ունենաս ու նրանց որպես զինվոր մեծացնես, եթե պետությունն այդքան անտաղանդ ձևով է տնօրինում մարդկանց կյանքը պատերազմի ժամանակ։ Վերջին արցախյան պատերազմում 5000 զոհված (որոշ տվյալներով` նույնիսկ ավելի շատ)․ այս թիվը շշմեցնող է, նույնիսկ եթե դա է հաղթանակի գինը։ Իսկ այստեղ ոչ ի հաղթանակ չկա, այլ բոլոր առումներով ամոթալի պարտություն է։

Մարշալ Ժուկովին վերագրում են գեներալ Էյզենհաուերին (որը հետագայում ԱՄՆ նախագահ դարձավ) ուղղված մի արտահայտություն։ Պոստդամի մատույցներում, որտեղ գեներալը զորավարի իր գործերով էր հասել, նա ռուս զինվորների աճյուններով պատված մի դաշտ է տեսել։ Պարզվել է, Ժուկովի հրամանը կատարելիս զինվորները գրոհել են քաղաքը գերմանացիների դաշույնային հարձակման տակ, ու գրեթե բոլորը մահացել են։

Ամերիկացին ցնցվել է այդ տեսարանից ու ասել է. «Ինչի՞ համար էր ձեզ պետք Պոստդամը»։

Ու Ժուկովն իբրև պատասխանել է․ «Ոչինչ, ռուս կանայք էլի կծնեն»։

Մեծ հայրենական պատերազմի ավարտից նույնիսկ կես դար անց մարդկային կորուստների հետևանքները տարածվում էին` ինչպես ջրի մեջ գցած քարից առաջացած օղակները։ Հիշում եմ իմ հետպատերազմյան մանկությունից․ շուրջբոլորը բազմաթիվ կանայք էին, տղամարդիկ` քիչ, երեխաները` էլ ավելի քիչ։ Դպրոցում ավելի շատ ուսուցչուհիներ կային, քան ուսուցիչներ, նույնը` շինհրապարակներում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Պարահրապարակներում տղաներին միանգամից տանում էին, իսկ ահա աղջիկների հետ պարող աղջիկներ տեսնելը սովորական բան էր։

Մեզ էլ կարող է դա սպառնալ։ Փոքր Հայաստանի ու տարածքի 75 –ը կորցրած էլ ավելի փոքր Արցախի համար հայ հարսնացուներին առանց փեսացու թողնելը նշանակում է մեծ ժողովրդագրական բաց թողնել։ Ինչո՞վ է պետք լրացնել այդ բացը։

Հույսը դնել այն բանի վրա, որ «հայ կանայք էլի կծնեն», դժվար է։ Հնարավոր է և ծնեն, բայց ավելի հավանական է` ոչ թե Արցախում կամ Հայաստանում, այլ շառից–փորձանքից հեռու` այնտեղ, որտեղ ավելի հանգիստ է։

Մի փոքր համեմատական վիճակագրություն։ Հետպատերազմյան Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց (30-69 տարեկան) հարաբերակցության մեջ կանայք նախկինի պես գերակշռող են։

Նախորդ տարվա վերջին Հայաստանում 1.383. 231 (46,5 %), տղամարդ կար ու 1.588.588 (53,5) կին։

Ադրբեջանում՝ (նույն ժամանակահատվածում) 5.070.036 (49,5%) կին ու 5.171.343 (50,5%) տղամարդ։ (Տվյալները Google-ի բնակչության հաշվիչից են)։

Տնտեսագետ Արա Գալոյանի տվյալները․ «Պաշտոնական ժողովրդագրությունը վկայում է, որ մեր բնական աճը աստիճանաբար դանդաղում է»։

Տնտեսագետը որպես ապացույց ներկայացնում է վերջին երեք տարվա հունվար-հուլիսի բնական աճի տվյալները։ 2018 թվականին ՝ 4087 մարդ, 2019 թվականին՝ 3579 մարդ, 2020 թվականին՝ 2394 մարդ։

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն

«Բայց մենք նախընտրում ենք լռել այդ մասին։ Բոլորս միասին։ Գրեթե», - ամփոփում է Արա Գալոյանը։

Ավելացնեմ, որ դա մինչ պատերազմն էր։

Հիմա խոսենք արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մասին ու այն մասին, թե ինչ է կարելի դրանից սպասել։ Ժողովրդական լեզվով դրան ասում են «բեղմնավորում սրվակում»։ Ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում սրվակում բեղմնավորված արցախցու, բայց խոսքը դրա մասին չէ։

Այդ ճանապարհով բեղմնավորում ստացած պատմության մեջ առաջին երեխան Լուիզա Բրաունն է Մեծ Բրիտանիայից։ Լույս աշխարհ գալու նման եղանակը զարգացնելու համար դրա հեղինակ Ռոբերտ Էդվարդսը Նոբելյան մրցանակ է ստացել։

Հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր է ընթացել։ ԽՍՀՄ-ում սրվակից առաջին երեխան (նույնպես աղջիկ, Լենա անունով) 1986 թվականին է ծնվել։ Հասկանալի է, որ արտամարմնային բեղմնավորումը չէր կարող շրջանցել Հայաստանը։ Բայց դժվար է ասել, որ այն շատ է օգնել բնակչության աճի հարցում։ Ինչ չի եղել՝ չի եղել։

Էմբրիոլոգիայի ու մարդու վերարադրողության եվրոպական միության (չկա նման ոչ մի բան հայերենով) տվյալների համաձայն՝ կանանց միայն 33 տոկոսն են հաջողության հասնում այդ գործընթացքում։ Ստացվում է` կարևորը ոչ թե սրվակի մեջ է, այլ ինչ-որ ուրիշ բանի։

Օրինակ, նյութական միջոցներն ու նյութական խթանները ընտանիքին աջակցելու համար։

«Պետք է այնպես անել, որ երկու ու ավելի շատ երեխա ունենալը նորաձև ու հարգարժան լինի, ինչպես սպորտով զբաղվելն է նորաձև դառնում»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Սրանք Պուտինի խոսքերն են Ռուսաստանի ընտանիքների մասին, սակայն Հայաստանի դեպքում էլ են պետքական։

1944 թվականին՝ դեռ պատերազմի ընթացքում հաստատված «Հերոս մայր» կոչման մասին մեզ մոտ կարծես մոռացել են։ Ճիշտ է՝ Հայաստանում նույն հերոսության համար սեփական մեդալն են ստեղծել, սակայն մի քսան հոգի են այն ստացել։ Այդպես ժողովրդագրությունը չես ուղղի։

Այսօր ավելի հազվադեպ են ամուսնանում, ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ այսպես կոչված «քաղաքացիական ամուսնությունները» նույնպես չեն նպաստում «Հերոս մայր» կոչում ստանալուն. ազատ ընտանիքի արևմտյան մոդելը, որտեղ անհասկանալի շատ բաներ կան, փորձում է հետ մղել ավանդական հայկական մոդելը, որտեղ բազում երեխաներ կան․․․

․․․ «Հիշիր, որդիս, ամուրիների համար ամեն տեղ վատ է, իսկ ամուսնացածների համար՝ միայն տանը», - սիրում է կատակել իմ հարևանուհի Մարո տոտան։ Մայր, տատ, նախատատ։ Նրա մեծ, բարի տանը, որտեղ տպավորիչ թվով երեխաներ, թոռներ ու ծոռներ կային, բոլորի համար լավ է ու նախևառաջ` հարգարժան Մարո տոտայի։ Հակառակ դեպքում նա ավելի քան իննսուն տարի այս աշխարհում չէր մնա։ Հաշվի առեք դա ու երկար ապրեք։

444
թեգերը:
Արտամարմնային բեղմնավորում, հայ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում

2368
(Թարմացված է 15:45 25.01.2021)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Լոռու մարզի Վանաձոր քաղաք, որտեղ շուկաներից մեկը ժողովրդի կողմից ստացել է «Լաչինի միջանցք» անվանումը։ Շուկայի պատմությունը` մեր նյութում։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Վանաձորը մեզ ուրախացրեց մարզային քաղաքի համար փոքր–ինչ արտասովոր աշխուժությամբ։ Ձմեռային փողոցներում տասնյակ մարդիկ կան. ոմանք շտապում են, ոմանք հանգիստ ճեմում։ Գլխավոր փողոցներից մեկում` Տիգրան Մեծում, մի քանի մարդ իրար հետևից մտնում են երկու շենքերի միջև գտնվող նեղ նրբանցքը, որտեղից գունեղ շարքեր են երևում և հոտերի բազմազանություն է տիրում. այստեղ է գտնվում քաղաքի ամենաաշխույժ շուկաներից մեկը։ Անվանումն էլ իր նման յուրահատուկ է` «Լաչինի միջանցք»։

Лачинский рынок в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

– Լաչին է կոչվել 90-ականներին` պատերազմի ժամանակ։ Միջանցքի ա նման, չէ՞, – ժպտալով հարցնում է  արտաքինից մոտ 30 տարեկան վաճառողը։

– Ինչքան ինձ հիշում եմ, ստեղ միշտ շուկա է եղել։ Խորհրդային տարիներին էս տները չկային, մեքենա կարող էր անցնել էս ճանապարհով, էնքան լայն էր, – պատմում է մեկ այլ վաճառող։ Նրա դիմաց աղացած ու չաղացած սուրճի մի քանի պարկ է դրված։ Մեր զրույցի ժամանակ վաճառասեղանին մի կին է մոտենում, սուրճ ընտրելով, մեզ նայում։

– Իսկ խորհրդային տարիներին շուկան ինչպե՞ս էր կոչվում։

– Անուն չուներ, ոնց որ թե, – փորձում է մտաբերել ավելի մեծահասակ վաճառողը, – էն ժամանակ վաճառողներն ավելի քիչ էին, ու քաղաքում վաճառքի ավելի հայտնի կետեր կային..., – հանկարծ տղամարդն ինչ–որ բան է հիշում, – Մարտուն քեռուն հարցրեք, ստեղ շատ վաղուց է ապրում։

Бездомные собаки у мясной лавки в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Մարտուն քեռին կաշվե գլխարկով է, ձեռքին հավկիթներով տոպրակ կա։

– Այստեղ ե՞ք ապրում, – հարցնում եմ ես։

– Հա, հեսա իմ տունը, – ցույց է տալիս նա կոշիկի խանութի ուղղությամբ։

– Չհասկացա, – տարակուսում եմ ես։

– Իսկ դու մի քանի քայլ հետ արա ու կտեսնես։

Նրա խորհրդին հետևելով հետ եմ գնում, և «Լիմար» ցուցանակով մեկ հարկանի խանութի հետևում երկհարկանի մոխրագույն տուն է երևում։

– Էրեխեքի պատվի՞ն է։ Լիանա՞, Մարիա՞մ։

– Գուշակեցիր, Լիանա, – ասում է, ժպտում է Մարտուն քեռին, – Լիանան մեծ թոռս է, հինգերորդ դասարանում է սովորում։ Իսկ «մար»–ը երկվորյակ թոռներիս պատվին` Մարատ և Մարտուն։

Մարտուն Լալայանը որդու հետ կոշիկի և գործվածքեղենի խանութը բացել է 12 տարի առաջ։ Շուկան արդեն այն ժամանակ էր «Լաչին» կոչվում։

– «Լաչին» անունը ստացավ 90-ականների արցախյան պատերազմի ամենաթեժ ժամանակ, – պատմում է Լալայանը, – 1992 թվականին Լաչինի միջանցքը մե՛կ հայերի կողմն էր անցնում, մե՛կ ադրբեջանցիների, միշտ կռիվ էր գնում այդ միջանցքի համար։ Նույնը ստեղ` ամեն օր վաճառողները շուկայի ամեն սանտիմետրի համար կռիվ էին անում։ Մենք ստեղ էինք ապրում, ու միշտ տեսնում ու լսում էինք էդ կռիվները, – պատմում է  Լալայանը։

– Ստեղ արցախյան մարտերից ավելի թեժ մարտեր էին գնում, – կատակում է երիտասարդ վաճառողը,– հիմա էլ կռվելու համար հատուկ ժամ ունենք ամեն օր։

Տղամարդիկ ծիծաղում են։ Արցախյան նոր պատերազմի մասին եմ նրանց հարցնում, որի հետևանքով Հայաստանին ամբողջ Լաչինից (Բերձոր) միայն մի միջանցք մնաց, այն էլ` ռուս խաղաղապահների հսկողության տակ։

– Մեզ էլ խաղաղապահները չէին խանգարի, – կրկին կատակում է երիտասարդը։

Рыбная лавка в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

Իսկ Լալայանը շարունակում է պատմել` ցույց տալով այն վաճառասեղանը, որտեղ նրանք հավաքվում էին պատերազմի օրերին, ծխախոտ ու այլ իրեր բերում ռազմաճակատ ուղարկելու համար։

Мартун Лалаян, владелец дома и магазина в ванадзорском Лачинском рынке
© Sputnik / Aram Nersesyan
Մարտուն Լալայանը

– Արծրունին էինք լսում միասին։ Հետո իզուր ամեն ինչ էդ տղու վրա քցեցին, – ասում է մեկ այլ տարիքով վաճառող։

– Նիկոլի վրա էլ, – ասում է մյուսը։

– Հա՞ – զարմանում եմ ես։

– Հա, բա ինչ, – վստահ ասում է նա, – մեր մոտ ամենալավ առևտուրը հեղափոխության տարին է եղել։ Էնքան մարդ էր Երևանից գալիս, զբոսաշրջիկներ, իրանցիներ, ղազախներ...

Посетители Лачинского рынка в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի միջանցքը» Վանաձորում

2018 թվականից հետո շուկայում գործերը վատ էին։ Մրգերի 60-ամյա վաճառողն ասում է, որ վերջին մեկ տարում առևտուրն այնքան քիչ էր, որ նույնիսկ մտածում էր իր նախկին գործին վերադառնալու մասին։

– 30 տարի վարորդ եմ աշխատել հրշեջ ծառայությունում։ Հետո թոշակի անցա։ Ձանձրույթից չմեռնելու համար շուկա մտա։ Սկզբում վատ չէր, բայց հիմա... Հազիվ հացի փող եմ առնում։

Այսօր շուկայի և իրական «Լաչինի միջանցքի» նմանությունը միայն երկուսի նեղ լինելու մեջ է. շուկայում ավելորդ սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում։

– Սաղ կյանքս էս շուկա որպես գնորդ եմ եկել, միշտ նկատել եմ, որ ազատ տեղ կա։ Հենց թոշակի անցա, միանգամից եկա ստեղ ու իմ սեղանիկը բացեցի։ Ոչ մեկ ոչ մի բան նույնիսկ չհարցրեց։

Լուսանկարվել տղամարդը չցանկացավ։ Բացատրեց, որ այնքան չի սիրում լուսանկարվել, որ նույնիսկ ձգձգում է անձնագրի փոխումը, որի ժամկետը վաղուց լրացել է։

Մերձակայքում «Լաչին Սիթի» անունով հսկայական խանութ է գործում։ Խանութը հավակնում է սուպերմարկետի կոչման. այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` վարսակալից մինչև սպասք։

– Իսկ ինչի՞ «Լաչին Սիթի», – հարցնում եմ տնօրենին։

– Բա էլ ի՞նչ, – ժպտում է նա, – շուկան «Լաչին» է կոչվում, մենք էլ, որ 2009–ին խանութը բացեցինք, ամենահարմար անունն ընտրեցինք։

 «Լաչին Սիթիի» հարևանությամբ սուրճի սարք է դրված, որի վրա գրված է «Լաչին սուրճ»։

Магазин Лачин сити в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի Սիթին» Վանաձորում

Շուկայի ժողովրդական անվանումն այնքան է տարածվել, որ նույնիսկ Գուգլի քարտեզը որոնման ժամանակ «Լաչինի միջանցք» բառակապակցություն գրելիս երկու տարբերակ է առաջարկում` Արցախի և Վանաձորի։

Автомат по приготовлению кофе Кофе Лачин в Лачинском рынке в Ванадзоре
© Sputnik / Aram Nersesyan
«Լաչինի սուրճը» Վանաձորում

«Լաչինի շուկայից» մի քանի քայլ այն կողմ Արցախ պուրակն է։ Պուրակը կտրվում է Լաչինից Տիգրան Մեծ փողոցով։ Վանաձորյան «Արցախում» մի քանի հուշարձան կա ու «Արցախ» առևտրի կենտրոնը։ Շենքի վրա էլ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի (Տատիկ–Պապիկ) նարնջագույն պատկերն է: Իրական Արցախի նման այգին էլ դատարկվել է. ասում են` տարվա տաք եղանակին այստեղ ասեղ գցելու տեղ չկա։ Սպասենք` ե՞րբ «Արցախում» կրկին գարուն կգա։

  • Վանաձորի Արցախ պուրակը
    Վանաձորի "Արցախ" պուրակը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վանաձորի Արցախ պուրակը
    Վանաձորի "Արցախ" պուրակը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    «Լաչինի միջանցքը» Վանաձորում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan
Վանաձորի "Արցախ" պուրակը
2368
թեգերը:
Արցախ, Հայաստան, Լաչինի միջանցք, Շուկա, Վանաձոր
Ըստ թեմայի
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Աշխատուժի պակաս կա, ձնամաքրման տեխնիկայի մի մասն էլ մնացել է Ադրբեջանին. Արցախի խնդիրները
Հայաստանի և սփյուռքի ներգրավմամբ․ նախարարները քննարկել են արցախցիների սոցիալական խնդիրները
Եվրախորհրդի շենքը Ստրասբուրգում

Հայաստանը հավատարիմ է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին․ Այվազյան

0
(Թարմացված է 21:51 25.01.2021)
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առիթով։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության»,- նշված է ուղերձում։

Նախարարի խոսքով՝ ԵԽ-ն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Նախարարը հետադարձ հայացք է նետել Հայաստանի անդամակցության երկու տասնամյակներին՝ ամփոփելով դրանք։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի, իսկ 2013 թվականին մեր երկիրը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ «ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը»։

«Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում»,- նշվում է ուղերձում։

Առաջին անգամ ԵԽԽՎ նստաշրջանն անցկացվում է հիբրիդային ձևաչափով

Նախարար Այվազյանն իր խոսքում ընդգծում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Նա շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Ուղերձի վերջում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել ու շնորհավորել է նաև  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը։

«Այսօր, Ստրասբուրգում, Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր մենք հասել ենք այս հանգրվանին»,-մասնավորապես նշել է Բուրիչը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև:

0
թեգերը:
ուղերձ, Արցախ, Հայաստան, Եվրախորհուրդ
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը. Նաղդալյանի արձագանքը ԵԽ բանաձևերին