Արկադի Անդրեասյան

Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը

353
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն ամբողջ կյանքում նվիրված էր միլիոնների խաղին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խաղընկերները պատմում են նրա մարդ ու ֆուտբոլիստ տեսակի մասին։

Լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակների գրավականը հանդիսացող ֆուտբոլիստներից մեկն էր։ Նա միշտ աչքի էր ընկնում տեխնիկական պատրաստությամբ, խաղադաշտում նույնիսկ տեսնում էր, թե ինչ է կատարվում իր թիկունքում։ Դրա համար էլ Անդրեասյանը միշտ նշում էր, որ մարդ ծոծրակին էլ պետք է աչք ունենա, որ կարողանա խաղին ճիշտ շարունակություն հաղորդի։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան 73 տարեկան հասակում հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ նախկին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը հեռացավ կյանքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արկադի Անդրեասյանի խաղընկերները պատմել են նրա մարդկային ու խաղային որակների մասին։

Հարցրու, նոր վերցրու

Բացի ֆուտբոլային բարձր որակներից Արկադի Անդրեասյանը նաև բավականին լավ հումոր ուներ։ Նրա մասին այսպես է արտահայտվում  խաղընկերներից մեկը` Սերգեյ Պողոսյանը։ Նա մի դեպք է պատմում 1974 թվականի Սոչիի ուսումնամարզական հավաքից։ «Մարզումից առաջ մենք հանդերձարանում նախապատրաստվում էինք խաղադաշտ դուրս գալ։ Այն ժամանակ քրտինքի ազդեցությունը թուլացնելու համար մեր ոտքերին վազելին էինք քսում։ Ես Արկադի Անդրեասյանի մոտ տեսա մի տուփ, որի վրա գրված էր` վազելին։ Վերցրեցի ու քսեցի ոտքերից»,- հիշում է Սերգեյ Պողոսյանը։

Հետո պարզվել է, որ դա տաքացնող քսուկ էր, ու Պողոսյանի ոտքերը սկսել են վառվել։ Նա հարցրել է Անդրեասյանին. «Սա ինչ վազելին է, ես վառվում եմ»։ Արկադին ժպտալով պատասխանել է. «Քեզ տեղն է, հարցրու, նոր վերցրու»։ Լավ ծիծաղել են, բայց Պողոսյանն այդ օրն այլևս մարզվել չի կարողացել ու հանդերձարանում մոտ մեկ ժամ լողանալով փորձել է ազատվել վառող քսուկի ազդեցությունից ։

Իմաստուն ֆուտբոլիստը

Սերգեյ Պողոսյանը նշում է, որ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր «Արարատի» կազմում 70-ական թվականներին խաղային բոլոր դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստներն էլ վառ անհատականություններ էին։ Բացի այդ թիմն ուներ պահեստային ֆուտբոլիստների հզոր նստարան, ու փոխարինման դուրս եկող յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուժեղացնում ու փոխում էր խաղի ընթացքը։

Բայց նույնիսկ այպիսի կազմ ունեցող թիմում կար «առաջին ջութակ», որը Պողոսյանի խոսքով Արկադի Անդրեասյանն էր։ «Խաղադաշտում նրան փոխանցում կատարելիս սպասում էիր գրոհի, որը մրցակցի համար անսպասելի շարունակություն էր բերում։ Անդրեասյանը մտածող ու իմաստուն ֆուտբոլիստ էր », - ավելացնում է Պողոսյանը։

Ձեռքերս վեր

«Արարատի» առաջատարներից Էդուարդ Մարգարովը մեզ հետ զրույցում խոսում է Արկադի Անդրեասյանի վարպետության մասին։ «Երբ ես տեղափոխվեցի «Արարատ» Անդրեասյանն իր տեխնիկական պատրաստականությամբ լավագույնն էր թիմում։ Նա խաղը զգում էր։ Շատ են եղել դեպքեր, երբ ես արագություն հավաքելով` ստացել եմ նրա «ոսկերչական» փոխանցումներն ու դարձել գոլի հեղինակ։ Ես ձեռքերս վեր եմ բարձրացնում նրա ֆուտբոլային տաղանդի ու Արկադի Անդրեասյան ֆուտբոլիստի առջև», - ասում է Մարգարովը։

Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը Երևանի «Արարատի» ս գլխավոր մարզիչն էր։ Հայաստանի անկախացումից հետո էլ նա չհեռացավ իր հարազատ թիմից, եղավ ակումբի նախագահն ու գլխավոր մարզիչը։

Իսկ մինչև մահը Անդրեասյանն իր ֆուտբոլային փորձն ու էներգիան փոխանցում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին ու նրա ֆուտբոլիստներին։

353
թեգերը:
Մահ, «Արարատ» ՖԱ, ֆուտբոլիստ, Արկադի Անդրեասյան
Ըստ թեմայի
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է
Հայտնի դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Դոնալդ Թրամփի կողմնակիցները Կոնգրեսի շենքի մոտ. 7 դեկտեմբերի, 2021

Ովքե՞ր և ինչո՞ւ էին սպասում Թրամփի վերադարձին մարտի 4-ին

91
(Թարմացված է 21:41 05.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ամերիկացիները լավ պրծան։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ երկրի իրավապահ մարմինները տեղեկություններ ունեին, որ մարտի 4-ին ծայրահեղականները կրկին հարձակվելու էին Կապիտոլիումի, այսինքն՝ իրենց պառլամենտի շենքի վրա։

Դոնալդ Թրամփը, որի վերադարձին սպասում էին մարտի 4-ին, այդպես էլ չվերադարձավ

Կոնգրեսի ստորին պալատի անդամները նույնիսկ որոշեցին անվտանգության նկատառումներով չեղյալ հայտարարել հինգշաբթի օրվա իրենց նիստը։ Ինչպես հայերն են ասում՝ շառից հեռու։ Բայց սենատորներն այնուամենայնիվ տղամարդ գտնվեցին և նիստ արեցին, չնայած լրիվ իրավունք ունեին ձեռնպահ մնալու, հիշելով հունվարի 6-ի դեպքերը, երբ Կապիտոլիումի վրա հարձակում ձեռնարկվեց։ Երևի հիշում եք՝ այն ժամանակ զոհվեց 5 մարդ, դեմոկրատները պնդեցին, թե հենց նոյեմբերյան ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփն է սադրել մարդկանց և դրդել նրանց հարձակվել խորհրդարանի վրա։ Կոնգրեսում իմպիչմենտ նախաձեռնվեց, այն էլ աննախադեպ իմպիչմենտ, որովհետև մինչ այդ Ամերիկայի որևէ նախագահի նկատմամբ երկրորդ անգամ պաշտոնազրկելու գործընթաց չէր նախաձեռնվել, բայց Սենատը արդարացրեց Դոնալդ Թրամփին։

​Կարող եմ ենթադրել, որ հիմա ձեզ մոտ հաստատ բնական հարց է ծագել՝ բայց ինչու էր Կոնգրեսի վրա երկրորդ հարձակումը սպասվում հենց մարտի 4-ին։ Ուղղակի մինչև 1933 թվականը Ամերիկայի բոլոր նախագահների պաշտոնադրման արարողությունը միշտ տեղի էր ունենում նույն օրը՝ մարտի 4-ին։ Բայց մոտ 90 տարի առաջ ընդունվեց ԱՄՆ-ի Սահմանադրության 20-րդ ուղղումը, որով այդ արարողության ամսաթիվը փոխվեց, և այժմ, ինչպես գիտեք, ամերիկացի նախագահները երդում են տալիս հունվարին։ Բայց կա Ամերիկայում առնվազն մի շատ տարօրինակ կազմակերպություն, որը շատ է նման աղանդի, և դրա հետևորդները չգիտես ինչու, հավատում են, թե Թրամփը կարող էր «օրինական հիմքերով» վերադառնալ Սպիտակ տուն հենց մարտի 4-ին ու կդառնար Ամերիկայի 19-րդ նախագահը Ուլիս Գրանտից հետո, որը պաշտոնավարել է 1869-ից մինչև 1877 թվականը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ինչո՞ւ են «Քենոն» կոչվող կազմակերպության կամ աղանդի անդամները Ամերիկայի պատմությունից դուրս թողնում մի հսկա հատված և համարում, որ 1871 թվականից հետո ընդունված բոլոր օրենքները որևէ իրավական ուժ չունեն։ Ուղղակի այդ թվականին Ամերիկայի իշխանությունները կազմավորեցին, այսպես կոչված, Կոլումբիայի շրջանը, որտեղ, ինչպես հայտնի է, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը։ «Քենոնի» անդամները համոզված են, որ նման իրավասություն կառավարությունը չուներ այն պարզ պատճառով, որ երկիրը կազմված է նահանգներից, հենց այդպես էլ կոչվում է Միացյալ նահանգներ, այլ ոչ թե նահանգներ և շրջան։ 

​Ավելին, ծայրահեղականները համոզված են, որ չպիտի լինեն դաշնային, այսինքն բոլոր բնակիչների համար պարտադիր օրենքներ, քաղաքացին չպետք է հարկեր մուծի՝ սա, իհարկե, որոշ հայաստանցիների սրտով է, և վերջապես ազգային տարադրամ՝ դոլար, չպիտի գոյություն ունենա, քանզի այդ դոլարը սահմանափակում է մարդկանց անձնական իրավունքները։ Այ սա հազիվ թե դուր գա հայաստանցիներին, որոնք թե դոլարով փող են ստանում արտերկրից, թե իրենց կուտակումներն են առաջվա պես դոլարով պահում, չնայած մեր հարազատ դրամը, կարծես թե, վաղուց է ապացուցել իր կենսունակությունը։

Չգիտեմ՝ արդյո՞ք Վաշինգտոնում իրավապահները ժողովրդից անթաքույց պաշտպանում էին իրենց հարազատ պատգամավորներին լուսաձայնային սարքերով, ինչպես մեր Ազգային ժողովի բակում՝ Բաղրամյան պողոտայում ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ, բայց փաստն այն է, որ Կապիտոլիումի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչպես տեղեկացնում է ԲիԲիՍի-ն, աշխատանքից ազատվել է ամերիկյան պառլամենտի պահպանության գլխավոր պատասխանատուն։

​Եվ վերջում այն մասին, թե արդյոք ոմանք իրոք ցանկանում էին, որ Թրամփը հետ գա և կարգ ու կանոն հաստատի Ամերիկայում, և ինչու չստացվեց։ Այն, որ ուզում էին՝ նույնիսկ Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության նախարարությունն են հաստատում։ Նրանց տվյալներով, դեռ այս տարվա փետրվարին ծայրահեղականները Կապիտոլիումի վրա հարձակվելու ծրագրեր էին կազմում և մտադիր էին 4 հազար ամերիկացի հավաքել մարտի 4-ին Կոնգրեսի շենքի մոտ։

Դժվար է ասել, թե ինչը խանգարեց՝ միգուցե լավ չէին մշակել ծրագրերը, միգուցե Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, այդքան մեծ հեղինակություն չի վայելում։ Սակայն վարկածներից մեկն էլ սա է՝ մարդիկ չուզեցին դիպուկահարների զոհ դառնալ։ Իհարկե, եթե այդ դիպուկահարները կային։

91
թեգերը:
իմպիչմենտ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա
Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

388
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

388
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Անահիտ Ավանեսյան

Հետպատերազմական առողջապահության համակարգը կարդիականացվի. Ավանեսյանն Արցախում է

0
Անահիտ Ավանեսյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:

«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:

0
թեգերը:
Պատերազմ, Անահիտ Ավանեսյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արցախ