Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

328
(Թարմացված է 00:53 10.12.2020)
Ռուսաստանի ուղղաթիռները նոր տեխնոլոգիական և աշխարհագրական բարձունքների են հասնում սիրիական անապատների և կովկասյան բարձր լեռնային գոտու պայմաններում։ Դաժան փորձարկումները նպաստում են հեռանկարային պտուտակաթև մեքենաների մարտական ներուժի աճին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Մի-28ՆՄ և Մի-26Տ2Վ ինքնաթիռների փորձարկման ծրագիրը Մերձէլբրուսյան տարածքի բարձր լեռնային (ձմեռային) գոտում։ Թռչող սարքերի համար բարդ կլինի գոյատևել լեռներում, որտեղ գերիշխում են տարբեր ուղղությունների օդային հոսքերն ու բարձրությունների կտրուկ տատանումները։ Սակայն տեխնոլոգիական շղթան հարթված է, նախկինում այդ տարածաշրջանում փորձարկվել են ռուսական «Անսատ» (թեթև բազմանպատակային) և Մի-171Ա2 (Մի-8-ի խորքային արդիականացում) ուղղաթիռները։

Հարվածային Մի-28ՆՄ ուղղաթիռը հաջողությամբ փորձարկումներ է անցել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝ մարտական պայմաններում, գործել է «վետերան» Մի-24-ին զուգընթաց: Մի քանի մեքենաներ փորձնական շահագործման մեջ են ՌԴ օդատիեզերական ուժերում։ Ռուս օդաչուները մինչև 2028 թվականը 100 նոր Մի-28ՆՄ ուղղաթիռներ կստանան:

Մի-26Տ2Վ ծանր ռազմատրանսպորտային ուղղաթիռի սերիական արտադրությունը կսկսվի 2021թ-ի սկզբին՝ պետական փորձարկումների ավարտից հետո: Մշակվում է Մի-26-ի՝ պաշտպանության նախարարության և ԱԻՆ-ի համար նախատեսված միասնականացված արկտիկական մոդիֆիկացիան։ Արկտիկական ծովերի ափամերձ գոտում շահագործման համար հարմարեցված ծանր ուղղաթիռի առաջին փորձանմուշը կհայտնվի 2022թ-ին:

Այս հսկան հատուկ ներկայացման կարիք չունի։ Ավելի վաղ արդիականացված Մի-26-ը լեռներում բեռնունակության յոթ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Մի-8ԱՄՏՇ բանակային ուղղաթիռի բեկորների տարհանման եզակի գործողության ընթացքում, որը փորձարկումների ժամանակ կործանվել էր Էլբրուսի գագաթի մոտակայքում (լեռան բարձրությունն ավելի քան 5600 մետր է):

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

Մի-28ՆՄ և Մի-26Տ2Վ ուղղաթիռներն արտահանման զգալի ներուժ ունեն և գրավում են առաջին հերթին այն երկրների մասնագետների ուշադրությունը, որոնք ավանդաբար շահագործում են ռուսական ավիատեխնիկան (Մի-28Է–ի տարբերակները): Նոր Մի-28ՆՄ-ը թույլ է տալիս միասնականացնել ու արդիականացնել ուղղաթիռային պարկը՝ պահպանելով տեխնոլոգիական «ժառանգականությունը»: Բացի Ռուսաստանից, որտեղ կառուցվել են քաղաքացիական և ռազմական մոդիֆիկացիաների 35 միավոր Մի-26-ները, «Ռոստվերտոլի» պտուտակաթև հսկաները շահագործվում են աշխարհի տարբեր երկրներում։

Գիշերային սուպերորսորդը

Նոր սերնդի Մի-28ՆՄ հարվածային մարտական ուղղաթիռն իր նախորդից՝ Մի-28Ն-ից տարբերվում է ոչ միայն ցանկացած եղանակային պայմաններում, ցերեկվա թե գիշերվա ընթացքում թիրախը խոցելու առավել զարգացած ունակությամբ։ «Թռչող տանկը» համալրված է շրջանաձև դիտարկման վերպտուտակային ռադիոտեղորոշիչ կայանով, ռուսական արտադրության հզոր շարժիչներով, ղեկավարման համակարգով և հակառակորդի ՀՕՊ համակարգի հրթիռներին հակազդելու ժամանակակից միջոցներով (ճնշման լազերային կայանը դրանց համար ուրվական-թիրախներ է ստեղծում)։

Գլխավոր կոնստրուկտոր Վիտալի Շչերբինայի հայտնած տեղեկությունների համաձայն՝ նոր հրթիռով ՄԻ-28ՆՄ ուղղաթիռն ունակ է ոչնչացնել ցամաքային թիրախները՝ չմտնելով հակառակորդի ՀՕՊ-ի ազդեցության գոտի:

Արդեն կայացել են «Хризантема-В» ուղղաթիռային հրթիռի փորձարկումները, որը համարվում է Ռուսաստանում ամենահզոր հակատանկային հրթիռը, և կարող է խոցել-անցնել 1,2 մետր զրահապողպատը:

Առայժմ գաղտնիության ստվերում է մնում «օդ-օդ»/«օդ-մակերևույթ» դասի բազմանպատակային հրթիռը՝ ինքնուրույն թիրախավորման գլխիկով։ Խոցման սպեկտրում են նաև ցածր արագության օդային օբյեկտները (անօդաչու թռչող սարքեր): Արագընթաց հարվածային ուղղաթիռը կարող է թիրախավորումը փոխանցել այլ թռչող ապարատներին, գործել ճակատային ավիացիայի կազմում, հատուկ օպերացիաներում հետախուզական խմբերին աջակցելու համար՝ ճակատային գծից հեռանալիս (հակառակորդի թիկունքում):

Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում

Ամերիկյան Forbes ամսագիրը բավականին անհանգստացած է նոր Մի-28ՆՄ-ի արագությամբ (300կմ/ժ) և մարտական կիրառման շառավղով (450կմ), բեռնունակությամբ (2300 կգ), իսկ գլխավորը՝ ուղղաթիռում «Ցիրկոն» տիպի գերձայնային թևավոր հրթիռների տեղակայման հնարավորությամբ։ Եվ դա դեռ ամեն չէ։ Արդիականացվել է նաև ամբողջ մարտական տեղեկատվական համակարգը։ Կառավարման երկրորդ փաթեթը զգալիորեն բարձրացնում է մեքենայի կենսունակությունը անձնակազմի անդամներից մեկի վիրավորվելու դեպքում։

Պետք է նշել, որ Մի-28ՆՄ–ի խցիկը հուսալիորեն պաշտպանված է մինչև 20 մմ տրամաչափի զրահախոցիչ փամփուշտներից (արկերից)։ Կրող պտուտակի թևերը պատրաստված են կոմպոզիտային նյութերից և թույլ են տալիս ավարտել թռիչքը, անգամ եթե պտուտակին մինչև 30 մմ տրամաչափի արկ է դիպել։

«Գիշերային որսորդի» նոր շարժիչը (ՎԿ-2500) հարմարեցված է լայն շրջանակի ջերմաստիճաններում շահագործելու համար (մոլորակի ցանկացած կետում), առանձնանում է ավտոմատ կառավարման արդիականացված համակարգով և հակահրդեհային պաշտպանությամբ, որոնք ավելացնում են թռիչքների անվտանգությունը, պարզեցնում սպասարկումը և բարելավում տեխնիկական բնութագրերը: Զգալիորեն աճել են հզորությունը ու ռեսուրսը (2000-ից մինչև 3000 ժամ/ցիկլ)։ Նման զենքն ընդգծում է պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի առաջատար լինելն ու սառեցնում արևմտյան «գործընկերների» տաք գլուխները։

Տեսանելի գերազանցություն

Ռուսական ռազմատրանսպորտային Մի-26–ը մոլորակի ամենամեծ և ամենահզոր ուղղաթիռն է: Մի-26Տ2Վ նորագույն տարբերակն առանձնանում է շուրջօրյա կիրառման հնարավորությամբ, էլեկտրոնիկայի ժամանակակից համակարգով, մինչև 25 տոննա բեռնունակությամբ (մինչև 56 տոննա առավելագույն թռիչքային զանգվածի պարագայում)։ Թռիչքի հեռավորությունը 800 կմ է մինչև 270 կմ / ժամ արագությամբ, մինչև 4600 մետր բարձրության վրա: Նմանատիպ ուղղաթիռներ աշխարհում չկան և դժվար թե մոտ ապագայում լինեն։

Ուղղաթիռը նախատեսված է դեսանտի տեղափոխման համար (82 մարդ)՝ զենքով հանդերձանքով, ֆյուզելյաժի ներսում և արտաքին կախոցում բեռների փոխադրման համար: Նշենք, որ Մի-26-ի շարժիչներն ունեն փոշուց պաշտպանվելու սարքեր՝ օդի մինչև 70 տոկոս մաքրման աստիճանով, ինչը սկզբունքորեն կարևոր է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրների համար (հնարավոր է շահագործել խիտ փոշու պայմաններում):

Նոր Մի-26Տ2Վ-ն հագեցած է «Վիտեբսկ» պաշտպանության բորտային համալիրով, թվային օդաչուական համալիրով: Ռադիոէլեկտրոնային սարքավորումները թույլ են տալիս ավտոմատ ռեժիմով թռչել, դուրս գալ նշանակված կետ, վայրէջք կատարել և վերադառնալ հիմնական կամ պահեստային օդանավակայան: Մի-26-ի խցիկի չափերը և բեռնունակությունն ապահովում են մարտական տեխնիկայի և մոտոհրաձգային դիվիզիայի բեռների տեղափոխման հնարավորությունը: 12x8 մետրանոց բեռնատար խցիկում հեշտությամբ տեղավորվում են խոշոր չափի ավտոմեքենաները: ՌԴ ՊՆ-ն մտադիր է գնել առնվազն 10 նման մեքենա։

Մի-26 ուղղաթիռն ունիվերսալ գործիք է ռազմական և քաղաքացիական խնդիրների լայն շրջանակի լուծման համար: Առավել հետաքրքիր մոդիֆիկացիաների ցանկը․ Մի-26ՄՍ՝ համապատասխան սարքավորումներով բժշկական ուղղաթիռ, Մի-26Տ3՝ չորս ինքնաթիռների միաժամանակյա լիցքավորման համար լրացուցիչ վառելիքային բաքերով լիցքավորիչ, Մի-26ՊՊ՝ խոչընդոտներ ապահովող (ռադիոէլեկտրոնային պայքար), ՄԻ-26ՆԵՖ-Մ հականավային ուղղաթիռ՝ արտաքին կախոցում հիդրոակուստիկ կայանով, Մի-27՝ զորքերի կառավարման օդային կետ:

Մի-26-ի բացառիկ հնարավորություններն ավելի վաղ գործնականում գնահատել են ամերիկացիները։ ԱՄՆ-ի աֆղանական արշավի ընթացքում՝ 2009թ․-ի աշնանը, թալիբների հրետակոծության տակ պարտադրված վայրէջք կատարեց Chinook CH-47 ուղղաթիռը։ Հետագայում ամերիկացի օդաչուները չկարողացան այն էվակուացնել նույնատիպ մեքենայի օգնությամբ։ ՌԴ տրանսպորտային ընկերության Մի-26-ը հեշտությամբ բարձրացրեց CH-47-ը (12 տոննա) արտաքին կախոցով և հասցրեց բազա, որը 110 կմ հեռու էր։ Իհարկե, դա միջազգային ռեկորդ չէ, որ ռուսական պտուտակաթև հսկան 14 անգամ է գրանցել` ներառյալ 25 տոննա բեռի բարձրացումը մինչև 4100 մետր բարձրություն։

Առայժմ տեխնոլոգիական մրցակցության հեռանկար չի նկատվում։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

328
թեգերը:
ուղղաթիռ, Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները
Մեծ խաղը շարունակվում է, կամ ի՞նչ է նշանակում Էրդողանի մասնակցությունը Բաքվի շքերթին
Շարժիչների հռնդյուն՝ Երևանի երկնքում․ ռուս փորձագետը պարզաբանել է ավիացիայի ակտիվությունը
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը. արխիվային լուսանկար

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

75
(Թարմացված է 23:32 02.03.2021)
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։

Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։

Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։

Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ

Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։

Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։

Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:

ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում

Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։

Արամ Թաթոյան
© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of Armenia

Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:

Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա

«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։

Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․

«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։

«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:

Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։

Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

75
թեգերը:
Իլհամ Ալիև, Քաղավիացիա, օդանավակայան, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. 1 մարտի, 2021

Անքննելի է ընտրողների վարքագիծը

77
(Թարմացված է 21:15 02.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Մենք միշտ փորձում ենք կանխատեսել առաջիկա ընտրությունների արդյունքները։
Անքննելի է ընտրողների վարքագիծը

Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում  այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։

Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։

Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։

​Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։

Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն  տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։

​Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։

Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում

Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։

2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։

​Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։  Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։

Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը

Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։

Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։

77
թեգերը:
Հայաստան, Մեծ Բրիտանիա, Ընտրություններ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Զինված մարդիկ

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

1
Երբ ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակեց լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին զեկույցը, Սպիտակ տունը նոր ռազմավարություն հայտարարեց․ ԱՄՆ–ն պնդում է, որ Եմենում պատերազմը պետք է դադարեցվի, մարդու իրավունքները՝ պաշտպանվեն։ Ի՞նչ պատասխան կտա Էր Ռիադը։

Սոֆյա Մելնիչուկ, Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

Չարտոնագրված արքայազնը

Ինչպես սպասվում էր, հերթական հայտարարություններն ընդամենը լրացնում են ամերիկյան իշխանությունների՝ ուրբաթ հնչեցրած մտադրությունները։ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտնեց վիզայի սահմանափակումների՝ այսպես կոչված «Խաշուկջիի արգելքի» մասին, որ վերաբերում է 76 սաուդցիների, որոնք, ինչպես ենթադրում են, «մասնակցել են արտասահմանում դիսիդենտների ահաբեկմանը, այդ թվում՝ Խաշուկջիի սպանությանը»։ Անհատական պատժամիջոցները վերաբերելու են նաև Ընդհանուր հետախուզության ծառայության պետ Ահմադ ալ Ասիրիին։

Հետախուզության զեկույցում ասվում է, որ սաուդյան իշխանությունների կոշտ քննադատի` «The Washington Post» թերթի հեղինակի հանդեպ դաժան հաշվեհարդարին մասնակցել է թագաժառանգ արքայազնը՝ Մուհամմեդ բեն Սալմանը։ Նրա հավանությամբ են լրագրողին առևանգել, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք, այնուհետև մասնատել են, և մարմնի մնացորդներն այլևս ոչ ոք չի տեսել։ Թագավորության ԱԳՆ-ում կտրականապես հերքել են մեղադրանքները։

Սակայն արքայազնի դեմ անհատական պատժամիջոցներ չեն սահմանել, թեև նոր նախագահ Ջո Բայդենը նախընտրական բանավեճերի ժամանակ խոստացել էր Էր Ռիադը դարձնել աշխարհից լքված երկիր։

Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի

«Կարծում եմ` պետք է հասկանալ, որ ամբողջ երկրի հետ հարաբերություններն առավել առաջնային են, քան մեկ մարդու հետ հարաբերությունները»,-այդ թեմայով այսպես էր արտահայտվել Բլինկենը։ Նրա խոսքով՝ վարչակազմը վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ կապերը, սակայն դրանք այնուամենայնիվ կարևոր են, և ԱՄՆ-ն հատկապես շահագրգռված է այդ հարցում։ «Մենք նվիրված ենք թագավորության պաշտպանությանը»,-ավելացրել է Բլինկենը և պարզաբանել` նպատակն այն է, որ Էր Ռիադն ավելի շատ համապատասխանի Նահանգների խնդիրներին և արժեքներին։

Պետքարտուղարն ընդգծել էր` Սպիտակ տան համար սկզբունքային է, որ Էր Ռիադը սահմանազատի ամերիկացիներից ստացվող օգնությունն ու իրավիճակը Եմենում, որտեղ սաուդցիները աջակցում են նախագահ Աբու-Ռաբու Մանսուր Հադիի կառավարությանը՝ ընդդեմ հուսիթների շիայական շարժման։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնն ուզում է համոզվել, որ երրորդ երկրներն ամերիկյան զենքը չեն օգտագործում մարտի դաշտում։

Հարձակողական պաշտպանություն

Երկու պետությունների հարաբերությունների հիմքում ամերիկացիների հասանելիությունն է նավթին՝ թագավորության պաշտպանությունն ապահովելու պարտավորության դիմաց։ Սաուդյան Արաբիան ամերիկյան սպառազինության ամենախոշոր գնորդն է։

Համագործակցությունն ապահովում է երկու կկողմերի ռազմավարական շահերը։ Սակայն արժեքների հարցում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, պետությունների ուղիները բաժանվում են։

Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին դաշինքը բախվեց կարծիքների տարբերության, ինչպես դա նկարագրում էր Սալման արքայի անձնական խորհրդականը։ Դրանք վերաբերում էին Իրանի՝ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակցի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցմանը։ Բացի այդ, թեև երկու երկրների հետախուզական ծառայությունները հաջողությամբ համագործակցում էին անվտանգության ոլորտում, այդուհանդերձ միապետության քննադատների դեմ պայքարի սաուդյան մեթոդները Միացյալ Նահանգներում հավանության չէին արժանանում։ Դրան ավելացավ նաև Եմենի խնդիրը։ Սպիտակ տունն անհանգստանում էր այն ռազմական գործողությունների զոհերի թվով, որտեղ հավանաբար նաև ամերիկյան զենք է շրջանառվել։

Երբ Սպիտակ տուն եկավ Դոնալդ Թրամփը, հարաբերությունները ջերմացան։ Մինչդեռ նախքան պաշտոնը ստանձնելը նա Մերձավոր Արևելքի այդ դաշնակցի հանդեպ առանձնապես համակրանք չէր ցուցաբերում․ ասում էր, որ «հաստատ թագավորության երկրպագու չէ», իսկ ԱՄՆ-ն «չպետք է օգնի սաուդյան ահաբեկիչներին»։

Պետք չէ բաց դռները թակել. Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին

Ինչևէ, առաջին պաշտոնական այցը Թրամփը կատարեց հենց Էր Ռիադ, իսկ նրա ժամկետի վերջում Պետդեպարտամենտը ահաբեկչական կազմակերպություն հռչակեց հուսիթներին։ Նախկին նախագահը թագաժառանգ արքայազնի հետ հիմնականում սերտ հարաբերություններ էր պահպանում փեսայի և խորհրդականի՝ Ջարեդ Քուշների միջոցով։ Խաշուկջիի սպանության մասին զեկույցը պատրաստ էր դեռևս նախորդ վարչակազմի օրոք, պարզապես չէին հրապարակում։

«Թրամփը խաղադրույք կատարեց դաշնակիցների ներդրումների վրա՝ Վաշինգտոնի պարտավորությունները նվազեցնելու համար։ Գործընկերները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, պետք է ավելի շատ սպառազինություն գնեին և իրենց վրա վերցնեին տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը»,-բացատրում է ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հեռանկարային ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մաքսիմ Սուչկովը։ ԱՄՆ–ն ի պատասխան ռազմաքաղաքական հովանավորություն էր ապահովում և կանաչ լույս տալիս դաշնակիցների համար կարևոր նախաձեռնություններին։

«Հիմա Թրամփի հակառակորդները ինչ էլ ասեն, հարաբերությունների այդպիսի ձևաչափը երկու կուսակցություններն էլ ինքնըստինքյան ընդունում էին։ Երբ սպանեցին Խաշուկջիին, դեմոկրատները քննադատության ալիք թափեցին հանրապետականների վրա։ Մեղադրեցին Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումներն արհամարհելու, սաուդցիների և Եմենում նրանց դաշնակիցների (որոնց Օբամայի օրոք դեմոկրատներն իրենք էին հավանություն տալիս) դաժան գործողության հանդեպ անուշադրության համար և կշտամբեցին «բարի քիմիայի» համար, որը ձևավորվել էր նախագահի փեսա Քուշների և արքայազնի միջև»,-թվարկում է Սուչկովը։

Դեմոկրատների կարծիքով, ավելացնում է նա, դա Մուհամմեդ բեն Սալմանի մոտ անպատժելիության զգացողություն առաջացրեց, և նա համոզվեց, որ ցանկացած հարց Վաշինգտոնի հետ կարելի է փողով լուծել։

Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում

Նոր վարչակազմի օրոք ուղղության փոփոխություն էին սպասում, և առաջին քայլերն արդեն արված են։ Բայդենը հայտնեց Եմենում հարձակողական գործողությունների աջակցության դադարեցման մասին, այդ թվում՝ զենքի արտահանման հաշվին։ Հայտնում էին, որ դա կվերաբերի երեք հազար հատ GBU-39 գերճշգրիտ ռումբերի՝ դեկտեմբերին հաստատված մատակարարմանը (290 միլիոն դոլար արժողությամբ), ինչպես նաև յոթ հազար Paveway IV ռումբերի մատակարարմանը (478 միլիոն դոլար արժողությամբ)։ Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստվում է Եմենի հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բացի այդ, փետրվարին հուսիթներին հանեցին ահաբեկչական խմբավորումների ցանկից։

Նոր շրջադարձ

Եվ այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերությունների լիակատար վերանայման մասին խոսել չի կարելի։ «Կկշտամբեն, թուքումուր կտան, բայց համագործակցության վերագնահատում տեղի չի ունենա»,-կարծում է Մերձավոր Արևելքի մասնագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։ Ըստ նրա` խոսքն ավելի շուտ «վերակալիբրման» մասին է, այսինքն՝ ռազմավարական առումով ոչինչ չի փոխվի։

Նրա հետ համաձայն է Ռուսլան Մամեդովը՝ Միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան խորհրդի մերձավորարևելյան նախագծերի մենեջերը։ Նրա խոսքով` շտկումների կարիք վաղուց կար։

«Դեռևս Օբամայի ժամանակներից ամերիկացիներն աճում են սեփական էներգետիկայի առումով, աշխարհում նավթի արդյունահանման հարցում առաջին տեղն են դուրս եկել և հիմա ավելի քիչ ունեն Սաուդյան Արաբիայի կարիքը,-ասում է փորձագետը,-նոր վարչակազմում որոշ մարդիկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այլ տեսլական ունեն։ Խոսքը դրա վերահավասարակշռման մասին է․ որպեսզի հիմնվեն մի քանի տարածաշրջանային տերությունների վրա և մի փոքր ազատեն իրենց ձեռքերը»։

Մամեդովն ընդգծում է, որ ներտարածաշրջանային դինամիկայում շատ բան կախված է իրանական միջուկային գործարքից։ Էր Ռիադը ԱՄՆ գլխավոր գործընկերներից է Թեհրանի հետ հարաբերություններում։ Եթե կոշտ մոտենան Սաուդյան Արաբիային, դա ինքնըստինքյան ձեռնտու կլինի Իրանին։ Եվ հանուն Խաշուկջիի սպանության հետևում կանգնած մարդկանց պատժելու ԱՄՆ այդպիսի քայլ չէր անի։

Ալեքսեյ Խլեբնիկովը պարզաբանում է` գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը կնքվեց 2015թ․-ին, ծոցի միապետությունների համար «վերջին կաթիլը» դարձավ: Վերջին տասը տարվա ընթացքում տարածաշրջանում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ։ Թունիսի և Եգիպտոսի ապստամբությունները, որոնցից հետո առանց ԱՄՆ-ի աջակցության նախագահները զրկվեցին իրենց պաշտոններից, այնուհետև Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումը և, որպես հետևանք, Կահիրեին տրվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը:

Եվ վերջապես Իրանի հետ գործարքը։ Այդ ամենը, քաղաքագետի խոսքով, թագավորություններին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային դրդեց դիվերսիֆիկացնել դիվանագիտական պորտֆոլիոն և ամրապնդել կապերը մյուս տերությունների, օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Մոսկվան նույնպես սպառազինություն է վաճառում Էր Ռիադին․ 2019-ին սկսվել են առաջին խմբաքանակների մատակարարումները՝ ըստ 2017թ․-ի պարտավորությունների։ Այդ ժամանակ թագավորությունը Ռուսաստանի հետ հուշագիր էր կնքել ՏՕՍ-1Ա համակարգերի, «Կորնետ-ԷՄ» հակատանկային համալիրների, ԱԳՍ-30 նռնականետների և Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների արտադրության տեղայնացման մասին: 2021թ․-ի սկզբին հայտնեցին, որ սաուդցիները կարող են ձեռք բերել նաև ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ և Սու-35 կործանիչներ:

Մամեդովը հիշեցնում է` պակաս կարևոր չէ նաև այն, որ երկրները համակարգում են նավթային շուկայի քաղաքականությունը։

«Էր Ռիադի և Մոսկվայի հարաբերություններում կարևոր է հաշվի առնել նաև ՕՊԵԿ+ գործարքի ազդեցությունը։ Նա թույլ է տվել երկու կողմերին շատ գումար վաստակել։ Դա շատ պրագմատիկ դասավորություն է, բոլորն էլ օգուտ են ստանում՝ դու ինձ, ես քեզ»։

Սակայն, նրա խոսքով, Վլադիմիր Պուտինի այցերը Սաուդյան Արաբիա կամ թագավոր Սալմանի այցերը Ռուսաստան հաճախ դիտարկվում էին որպես գործիք Վաշինգտոնի հետ խաղերում։

Մամեդովը կարծում է` միապետությունը կարող է ամերիկացիների համար խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ ԱՄՆ-ն չափազանց կարևոր է Էր Ռիադի համար, իսկ նման զորավարժությունները միայն ուշադրություն գրավելու միջոց են։

«Սաուդյան Արաբիայում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կախված չեն նրանից, թե այս պահին ով է Սպիտակ տանը, նրանց կարծիքով՝ երկու երկրների կապերը հաստատուն են, ձևավորվել են տասնամյակների ընթացքում և կդիմանան ցանկացած տատանման»,-եզրափակում է փորձագետը։

Տասնամյակների դաշինքը շատ բանի վրա է անդրադարձել․ գրեթե ամբողջ սաուդյան էլիտան կրթություն է ստանում ԱՄՆ-ում, սաուդյան ռիալը կապված է դոլարին, սպառազինությունն ու զինվորականների ուսուցումը հիմնականում ամերիկյան են։ Դա փոխելու համար երկար տարիներ են պետք։ Ուստի արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացիան ավելի շուտ մարտավարական քայլ է, բազմակողմանի ուղղություն, որը համապատասխանում է նոր, բազմաբևեռ աշխարհի պահանջներին։

1
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ
Հաջողվե՞ց համաձայնության հասնել Թուրքիայում ռուսական С-400-ների արտադրության հարցում
IDEX 2021. ինչով կզարմացնի Աբու Դաբիում ռուսական ռազմարդյունաբերական ոլորտը
Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին