Հենրիկ Մարգարյանը

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

2004
(Թարմացված է 08:42 10.12.2020)
Հոսպիտալի ճանապարհին նա վիրավորներից պահանջում էր խոստանալ, որ պատերազմից հետո իրեն 30 տարվա կոնյակ են նվիրելու։ Այդպես բժիշկ Մարգարյանը յուրաքանչյուր զինվորին «պարտադրում» էր ապրել։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ութ տարի սովորելուց հետո Հենրիկ Մարգարյանին զորակոչեցին բանակ։ Նա 2020 թվականի փետրվարից  ծառայում է «Եղնիկներում». վայրն ինքն է ընտրել։ Հենրիկը պատերազմի ընթացքում  էր շատ մտերմացել սարկավագ Մկրտիչի հետ։ Նրանք հաճախ էին միասին մարտական գործողությունների դաշտ գնում․բժիշկը մարտի դաշտից հանում էր տուժած զինվորներին, իսկ սարկավագն ուղեկցում էր նրանց բուժկետ։

Военный врач Генрик Маргарян беседует с корреспондентом Sputnik Армения Наной Мартиросян
© Sputnik / Andranik Ghazaryan
Հենրիկ Մարգարյանը Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի հետ

«Մենք եկեղեցում էինք բուժկետ սարքել։ Մի անգամ ուժեղ հրետակոծության ժամանակ տեսա, որ սարկավագ Մկրտիչը զինվորական համազգեստով, ինքնաձիգն ուսին եկեղեցու բակն է ավլում։ Ամեն ինչ այնքան խորհրդանշական էր՝ բուժկետ եկեղեցում, զենքով հոգևորական, սրբավայրի մաքրություն...Կարծես նորովի գիտակցեցի՝ ինչ արժեքների համար ենք կռվում», - ասաց Հենրիկը։

«Ընկնում ենք, բայց չենք ծնկում», կամ պատերազմի օգնության ծրագրերը վերածվում են ստարտափերի

Խոստովանում է`որպես բժիշկ իր համար ամենաբարդը պատերազմում ընտրություն կատարելն էր. երբ մի պայթյունից միանգամից ութ վիրավոր կա՝ ինչպես ընտրես՝ ում առաջինը օգնես, ում վրա ինչքան ժամանակ ծախսես, ինչպես տեղավորես, որ նոր հարվածներից պաշտպանես։ Հենրիկն ասում է, որ չգիտի՝ արդյո՞ք միշտ ճիշտ ընտրություն է արել, քանի որ մարտի ընթացքում անջատում էր գիտակցությունը, ու նույնիսկ հիմա փորձում է չմտածել այդ մասին, որ այդ սարսափը նորից չապրի։

Военный врач Генрик Маргарян
© Sputnik / Andranik Ghazaryan
Հենրիկ Մարգարյանը

Ամաչելով ասում է, որ վիրավորներից շատերի անունները չի հիշում, որոնց օգնություն է ցուցաբերել կամ հոսպիտալ է հասցրել։ Մարգարյանը խուսափում է հարցից, թե քանի մարդու է կարողացել փրկել ու չի համարում, որ դրա մասին խոսելու կարիք կա։ Բայց նրա պատմած մի քանի պատմությունները թույլ են տալիս ավելի մոտիկից տեսնել պատերազմը, ավելի լավ պատկերացում կազմել կատարվածի մասին։

«Երբեմն լարվածությունը ցրելու համար խնդրում էի կանգնեցնել մեքենան ու վիրավորներից պահանջում էի խոստանալ, որ պատերազմից հետո 25 կամ 30 տարվա կոնյակ ինձ կնվիրեն։ Ասում էի, որ եթե չխոստանան, հոսպիտալ չեմ տանի։ Բոլորը 30 տարվա էին խոստանում», - պատմում է նա ու ծիծաղով հայտնում է, որ դեռ ոչ ոք խոստումը չի կատարել։

Իսկ նա միշտ փորձում էր կատարել իր տված խոստումը։ Զինվորները նրան խնդրում էին զանգել իրենց ծնողներին, ու նա զանգում էր։ Ծնողները փոխանցում էին նա համարն այլ զինվորների բարեկամներին, ու նրա հեռախոսը երբեմն «պայթում» էր զանգերից ու հաղորդագրություններից։  

Իսկ իր ընտանիքի հետ բժիշկ Մարգարյանը պայմանավորվել էր` եթե լուր չկա, ուրեմն՝ ամեն ինչ լավ է։

«Տղաներն իմ հեռախոսից իրենց հարսնացուներին ու ընկերուհիներին  նամակներ էին գրում, լուսանկարվում էին ու խնդրում ուղարկել։ Պատերազմի ժամանակ բոլորն իրար վստահում են, իրարից չեն նեղանում։ Նույնիսկ ինձ համար էին հարսնացու փնտրում։ Մի անգամ բարդ գործողության էինք գնում, զինվորներից մեկը հանեց հեռախոսը, մի աղջկա լուսանկար ցույց տվեց ու ասաց, որ պատերազմից հետո անպայման ինձ կծանոթացնի նրա հետ։ Այդ ամենը շատ հուզիչ էր», - ասում է Հենրիկը։

Военнослужащий Армии Обороны Карабаха
© Photo : Areg Balayan / press office of the Government of RA
Հենրիկ Մարգարյանը` Արցախում

Գրություններով սնիկերսները զինվորների ուրախության առանձին թեմա էին, թեև սկզբում պատերազմի սարսափով շրջապատված տղաներն ասես չէին նկատում աղջիկների երկտողերը։ Ավելի ուշ, երբ մի փոքր ուշքի եկան, արդեն բուռն ու բացահայտ արձագանքում էին։ Շատերը պահել էին գրությունները՝ պատերազմից հետո հեղինակներին գտնելու համար։ Բժիշկ Մարգարյանին «Բարևներ Վրաստանից» գրությամբ սնիկերս էր բաժին ընկել։

 «Ամենածանր ապրումներն ունեցա Մարտակերտի հոսպիտալին հասցված ավիահարվածից հետո։ Կապ չկար ու չգիտեի՝ ինչ է կատարվել։ Ծանր վիրավորված զինվորին բերում էի հոսպիտալ ու տեսա, որ այն ավերված է։ Գործիքները հավաքել են, անձնակազմը լքում է քանդված հոսպիտալը։ Միայն մեկ վիրահատական սեղան կար, որ չէին հավաքել։ Վիրահատեցին իմ վիրավորին։ Նա ապրեց։ Այս պատերազմում շատ բժիշկներ զոհվեցին։ Եթե պատերազմում բժիշկներն են մահանում, ուրեմն դա անառողջ իրավիճակ է, ուրեմն արժեքները ոտնահարված են, ուրեմն կանոնները խախտված են», - կարծում է Հենրիկը։

Հենրիկենց դիրք որպես կամավոր է գալիս նաև նրա ընկերը։ Երիտասարդ բժիշկը հակասական զգացողություններ է ունենում․մի կողմից` շատ ուրախ էր հարազատ մարդու տեսնելու համար, մյուս կողմից` անհանգստությունն էր ավելացել։

Ասում է` երբ լսում էր «Խաչ» ազդակոչը, աղոթում էր, որ ընկերոջ մասին վատ լուր չլսի։ Այնուամենայնիվ ֆորս-մաժորային իրավիճակ եղավ։ Ավիահարվածից հետո նրա ընկերը փլատակների տակ էր մնացել, բայց Հենրիկին հաջողվեց նրան ողջ-առողջ հանել։ Ասում է` այդ պահին ուզում էր ուրախությունից պարել։

«Նորմալ է, երբ բժիշկը փրկում է մարդկանց կյանքը, դա մեր աշխատանքն է։ Բայց այն, ինչ անում էին 18-19 տարեկան զինվորները, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների վարորդները, անիրական է։ Նրանք «կամիկաձեներ» են։ Նրանք ինքնապահպանման բնազդ չունեն։ Դա մի անբացատրելի ֆենոմեն է։ Նրանցից ոչ ոք չէր հրաժարվում մեզ թեժ կետեր տանել, ինտենսիվ հրետակոծության տակ մեքենան պատրաստ էին պահում, որ մեզ հետ միասին կյանքեր փրկեն։ Այ նրանք բոլորը հերոսներ են։ Նրանք հոգեպես արդեն ոչ թե 18 տարեկան են, այլ քառասունն անց», - ընդգծում է բժիշկը։  

Մարգարյանն ասում է, որ երբ նոյեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ եռակողմ համաձայնության կնքման մասին, նրանք սարկավագ Մկրտիչի հետ մեկնեցին առաջնագիծ, որ սատարեն զինվորներին, որպեսզի նրանց շրջանում պարտվողական տրամադրություններ չտարածվեն։ Բժշկի խոսքով՝ բանակը չի պարտվել, ու պատերազմը դեռ ավարտված չէ։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

«Մենք կորցրեցինք ամենաթանկը՝ մարդկանց ու տարածքները։ Բայց տղաները զոհվել են, որ մենք ապրենք, հարսանիքներ անենք, շատ երեխաներ ունենանք ու նրանց ուղարկենք բանակ, որ մոտեցնեք այն հաղթանակը, որը մեր զոհված ընկերներն էլ չեն տեսնի», - ամփոփեց բժիշկը։

Հ.Գ. Հենրիկը հինգ օրով արձակուրդ էր եկել Երևան։ Մենք նրան հրավիրեցինք խմբագրություն․դատարկաձեռն չէր եկել, փողոցում չրեր վաճառող տատից մի տուփ չիր էր գնել ու բերել։ Պարանոցին կապույտ շարֆ էր, այն բազմաթիվ իրերից, որը թիկունքից էին ուղարկում։ Խոստացավ, որ հրաժեշտ չի տալու այդ շարֆին, կապելու է որպես իր ապրածի մասին հիշատակ։

2004
թեգերը:
հոսպիտալ, Լեռնային Ղարաբաղ, ընկեր, բժիշկ, Արցախյան պատերազմ, Բանակ
Ըստ թեմայի
«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում
Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ
«Մենք դեռ կվերադառնանք Շուշի». ինչով են հիմա զբաղված Արցախ գնացած հայ «գրոհայինները»
Ստամբուլ

Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար

162
(Թարմացված է 21:05 07.03.2021)
Ո՞վ կարող էր մտածել` բուն նահապետական հայ հասարակության մեջ ֆեմինիզմը սկիզբ է առել XIX դարի կեսերին։ Կանանց տոներին մենք որոշեցինք փնտրել և պարզել, թե ինչպես էին իրենց իրավունքների համար պայքարում առաջին հայ ֆեմինիստ կանայք։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

«Մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը», – նման խորհուրդ էր տվել իր կյանքի մայրամուտին առաջին հայ վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը (Վահանյան) սկսնակ գրող և կանանց իրավունքների պաշտպան Զապել Եսայանին։

XIX դարի վերջն էր, Կոստանդնուպոլիս, հայ մտավորականությունը դեմ էր Աբդուլ Համիդի ռեժիմին։ Նրանք գրական մանիֆեստներ էին պատրաստում, հավաքվում քննարկմանը, զբաղվում հայկական դպրոցների և ուսումնարանների կատարելագործմամբ` չկռահելով, որ ընդամենը 10 տարի հետո այդ ամենն այլևս կարևոր չի լինի։

Հենց այդ մթնոլորտում էլ սկսում է սկիզբ առնել հայկական ֆեմինիզմը. լույս են տեսնում կանանց նվիրված առաջին էսեները, թերթերը, գրքերը, ձևավորվում հասարակական խմբակներն ու շարժումները։ Հայ կինը սկսում է պայքարել հավասարության, ուսում ստանալու, աշխատանքի իրավունքի համար, ազատ ամուսնության և ամուսնալուծության համար` արդեն 1860 թվականին։ Այդ ժամանակ Եվրոպայում և Ամերիկայում ֆեմինիզմի առաջին ալիքն արդեն թափ էր հավաքել։

Էլպիս Կեսարացեան, Սրբուհի Տյուսաբ, Սիբիլ (Զաբել Ասատուրյան), Արշակուհի Թեոդիկ, Անաիս (Եվփիմե Ավետիսյան), Զարուհի Գալեմքերյան, Մարի Բեյլերյան, Զապել Եսայան, Զարուհի Պահրի, Հայկանուշ Մառք, Սիրան Սեզա։ Այս կանանց մեծամասնության մասին չեն լսել ոչ միայն աշխարհում, այլև ակադեմիական շրջաններում. տեքստերում և հայ գրականության, պատմության և լրագրության մասին ուսումնասիրություններում նրանց մասին հիշատակումները չափազանց քիչ են։

Նրանք իրենց կանանց իրավունքների համար պայքարող ֆեմինիստ կամ ակտիվիստ չէին կոչում, սակայն այսօրվա չափանիշներով նրանք հենց ֆեմինիստ էին` իրենց էությամբ։ Ճակատագրի բերումով այս կանանցից շատերի կյանքի ուսումնասիրմամբ սկսեց զբաղվել Ստամբուլում ծնված ևս մեկ կին` Լեռնա Էքմեքչիօղլուն։ Էքմեքչիօղլու և մի շարք այլ աղբյուրներից օգտվելով` Sputnik Արմենիան համառոտ կպատմի առաջին ֆեմինիստ կանանցից մի քանիսի մասին։

Էլպիս Կեսարացեան

«Կանայք նման են սոխակների, որոնք փոխանակ ինքնուրույն երգեն, թույլ են տալիս երգել և հպարտությունից փքվել ագռավ–տղամարդկանց»։

Эльбис Гезаратсян
Էլպիս Կեսարացեան

«Կիթառ». հենց այսպես էր կոչվում կանանց մասին և կանանց համար աշխարհի ամենաառաջին հայալեզու ամսագիրը, իսկ Էլպիս Կեսարացեանն այդ ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն էր։ «Կիթառը» լույս տեսավ ընդամենը 7 ամիս, ամսագրի առաջին համարը հրապարակվեց 1862 թվականի օգոստոսին, Պոլսում։ Ինչո՞ւ հենց «Կիթառ»։ Հայտնի չէ։ Սակայն կարելի է ենթադրել, որ կիթառը նմանեցրել են կնոջ մարմնին։ «Կիթառի» առաջին իսկ համարում Կեսարացեանը կնոջ իրավունքների վերաբերյալ 4 հոդված հրապարակեց. «Ուղերձ երիտասարդ կանանց», «Ծառայություն հասարակությանը», «Հայրենասիրության ոգի» և «Իրավունքներ ունենալը հանդգնություն չէ»։ Էլպիսի անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Նա մահացել է 1911 թվականին, Ալեքսանդրիայում, 80 տարեկան հասակում։

Սրբուհի Տյուսաբ

«Ամուսնության պայմանը երկու հոգու մեջ փոխադարձ ցանկությունն է, ոչ թե ոսկին կամ հարմարանքը։ Բայց այսօր չի հարցվիր, թե ինչ կուզե աղջիկ անձը»:

Србуи Тюсаб
Սրբուհի Տյուսաբ

— Սիրանույշ, երիտասարդ ես դու տակավին ու չգիտես, թե ինչ է կյանքը և ինչով կգոյանա։

— Հայր, եթե կանգիտանամ, թե ինչ է կյանքը, գոնե չեմ անգիտանար, թե ինչ է ուզում սիրտս։

Այս երկխոսությունը Սրբուհի Տյուսաբի «Սիրանույշ» վեպից է։ 18-ամյա Սիրանույշը հայտնում է, որ չի ցանկանում ամուսնանալ հարուստ տղամարդու հետ, որին ընտրել է հայրը, քանի որ երիտասարդ նկարչի է սիրահարված։ Պատմությունը ողբերգությամբ է ավարտվում. Սիրանույշն ամուսնանում է ունևոր տղամարդու հետ և, հոգեկան խանգարման ֆոնին, սկսում է աստիճանաբար հալումաշ լինել։ Նա մահանում է` 20 տարին չբոլորած։

«Սիրանույշը» Սրբուհի Տյուսաբի երկրորդ վեպն է։ Իր երեք վեպերը նա վերնագրել է կանացի անուններով. «Մատյա», «Սիրանույշ», «Արաքսիա»։

Սրբուհի Վահանյանը հետագայում վերցնում է ամուսնու` ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի ազգանունը։ Սրբուհին ծնվել էր մեծահարուստի ընտանիքում, կրթություն ստացել արտերկրում` Փարիզում։ Հայ մտավորականության վառ ներկայացուցիչ էր նա, հոդվածներ է գրել մի քանի հրատարակությունների համար, հայոց լեզվի ուղղագրության բարեփոխման մոլեգին կողմնակից էր: Իր հոդվածներում նա բարձրացրել էր կանանց ազատ ընտրության իրավունքի հարցը, ինչը մեծ քննադատություն էր արժանացել իր տղամարդ գործընկերների կողմից:

XIX-XX դարերի հայտնի հայ գրող Գրիգոր Զոհրապը նրա «Մատյա» վեպը նույնիսկ բնութագրել էր որպես «վտանգավոր վեպ, որը կարող է կործանել ամուր հայ ընտանիքի գաղափարը»։

Իսկ Տյուսաբը կարծում էր, որ կանանց ազատագրման միակ ճիշտ ճանապարհը կրթությունն է։

Զապել Եսայան

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»։

Забел Есаян
Զապել Եսայան

Իր հուշերում Զապել Եսայանը գրում է, որ հենց Սրբուհի Տյուսաբի հետ հանդիպումից հետո է նա որոշել գրող դառնալ։ Զապելը մի շարք վեպերի հեղինակ է. «Սիլիհտարի պարտեզները», «Կէղծ հանճարներ», «Ավերակներուն մեջ» և այլն։ Նա միակ կինն էր, որը ներառվել էր այն հայերի ցանկում, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը պետք է ձերբակալեին և աքսորեին։ Սակայն Եսայանին հաջողվեց փախչել, նա տեղափոխվեց Բուլղարիա, այնուհետև` Ֆրանսիա։

Եսայանը միակն է վերոնշյալ կանանցից, որն ապրել է Խորհրդային Հայաստանում։ Փարիզում, միանալով կոմունիստական շարժմանը, Եսայանն այնուհետև որոշում է տեղափոխվել Հայաստան, որտեղ սկսում է գրականություն դասավանդել Երևանի պետական համալսարանում։ ԵՊՀ–ի ուսանողներն առաջին անգամ էին դասախոս տեսնում, որը դասախոսություն էր կարդում սեղանի վրա նստած և ծխախոտը ձեռքին։ 1937 թվականին Եսայանը ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության համար, նրան Սիբիր աքսորեցին, որտեղից այլևս չվերադարձավ։

Հայկանուշ Մառք

«Մեր հետևում թողնում ենք մի արահետ, որը թեև տոնական կամ փայլուն ոչինչ չունի, բայց արահետ է, որին առանց ամաչելու ենք նայում, գյուղի մի նեղ արահետ, որով անցել ենք` կատարելով մեր պարտականությունները իբրև կին, իբրև ամուսին և իբրև մայր: Հիմա նոր ուղի պիտի հարթենք, այն պիտի քաղաքի լուրջ ճանապարհ լինի, ավելի լայն, ավելի ուղիղ, ավելի ձիգ դեպի նպատակը: Այդ ճամփի վրա պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները, պիտի դարբնենք մեր գործը` ամենևին չհեռացնելով մեզ մեր կանացի բնազդներից, մեր տնից»։

Айкануш Марк (слева)
Հայկանուշ Մառք

Հայկանուշ Թոփուզեանը իրեն կեղծանուն է հորինել` որպես հիմք վերցնելով հոր` Մարգարի անունը։ Իր գործունեությունը սկսել է Նիկողոսյանց կանանց ուսուցչական սեմինարիայից։ Նրա առաջին վեպը կոչվում էր «Աղջկա հոգի», իսկ առաջին հիմնադրած հանդեսը` «Ծաղիկ»։ Սակայն իր կյանքի հիմնական գործն էր համարում «Հայ կին» թերթը, որտեղ 13 տարիների ընթացքում զբաղեցնում էր խմբագրի պաշտոնը։ «Հայ կինը» լույս էր տեսնում ամսվա մեջ երկու անգամ և հայալեզու կարևոր թերթերից մեկն էր, որ հայտնվել էր Ցեղասպանությունից հետո։ Մառքը «Հայ կին» թերթը համարում էր ոչ միայն կնոջ ձայնի բարձրախոս, որը պայքարում է հավասար իրավունքների համար, այլև Խորհրդային Հայաստանը, սփյուռքին և Թուրքիայում մնացած հայերին կապող որոշակի կամուրջ։ Մառքը հավատում էր, որ կնոջ և տղամարդու միջև հավասարությունը հնարավոր է մի պայմանով` եթե պահպանվեն որոշակի նահապետական ավանդույթները։

Հետաքրքիր և հագեցած կյանք ապրելով` առաջին հայ ֆեմինիստուհիները կյանքից հեռացան տարբեր կերպ. մեկին սպանեցին Ցեղասպանության ժամանակ, մյուսին բռնաճնշեցին Ստալինյան ռեժիմով, ոմանք արժանի ծերությունը ունեցան Ֆրանսիայում կամ ԱՄՆ–ում։ Նրանց միավորում էր հավատն առ այն, որ կինը տղամարդու հետ հավասար իրավունքներ պետք է ունենա։ Տարբեր հարթակներ օգտագործելով`նրանք ողջ կյանքի ընթացքը նվիրեցին երկու սեռերի հավասարության համար պայքարին։

162
թեգերը:
ֆեմինիզմ, Մարտի 8, Կին, հայ, Թուրքիա, Օսմանյան կայսրություն
Արխիվային լուսանկար

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան

189
(Թարմացված է 10:55 07.03.2021)
«Բարեկամություն» – «Սասունցի Դավիթ» հատվածը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին: Այսօր դրա կազմում ընդգրկված է 10 կայանից բաղկացած մեկ գիծ: Ինչ ընդհանրություններ ունեն և ինչով են տարբերվում Երևանի և, օրինակ, Լոզանի մետրոները։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Ինչպես ասում են` ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում։ Վերցնենք, օրինակ, մետրոն։ Եթե չվերցնենք այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Մոսկվայի մետրոպոլիտենը, Նյու Յորքի մետրոն կամ Լոնդոնի Underground-ը, ապա ինչի՞ հետ ու ինչպե՞ս կարող ենք համեմատվել:

Ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում, այդ թվում ՝ մետրոն։ Լոզանցիները, որոնք պնդում էին, որ իրենց մետրոպոլիտենն ամենալավն է, կարող է չիմանան, որ երևանյան մետրոն էլ ավելի լավն է։ Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ Լոզանում բարձրությունների տարբերությունը 336 մետր է, իսկ Երևանում՝ 550։ Տարբերությունն էական է։

Շարունակենք համեմատել։ Գծերի ընդհանուր երկարությունն այնտեղ վեց կիլոմետր է, մեզ մոտ՝ տասնհինգ ու մի քիչ էլ ավելի։ Կարճ լոզանյան կիլոմետրերը բաշխված են տասնչորս կայարանների միջև 462 մետր միջին հեռավորությամբ, Երևանում հեռավորությունն ավելի շատ է, ճիշտ է՝ կայարանների թիվը երկու անգամ ավելի քիչ է։

Լոզանի մետրոյի մի ծայրից մյուսը կարելի է անցել 15 րոեպում, Երևանում դա կարծես մի փոքր ավելի երկար է տևում։

Լոզանի վագոններում շրջելն ավելի հարմար ու հաճելի է նաև այն պատճառով, որ վագոնները այնտեղ ռետինե ուղու վրա են։ Մերը, մեղմ ասած, անհարմար են, ու ոչ միայն մետաղական անիվների դղրդոցի պատճառով: Մեզ մոտ գնացքները վարում են մեքենավարները, Լոզանում դրանք ավտոմատ են աշխատում։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Ինչպես տեսնում ենք` տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները։ Բայցևայնպես, կա մեկ միավորող «նրբություն»։ Բանն այն է, որ Երևան էլ, Լոզան էլ առանց գետնանցումի չէին կարող։

Լոզանում (իր կատարյալ ցամաքային տրանսպորտով ու բնակչությամբ, որը նույնիսկ հարյուր երեսուն հազար չկա), դա դեռ երեկ էր հասկանալի: Այդ դեպքում ինչո՞ւ էին կառուցում։ Լոզանում` որովհետև շատ փող կար, Երևանում` որովհետև շատ ամբիցիաներ կային։

Բաքվում արդեն մետրո կար, Թբիլիսիում էլ կար, բա մենք ինչո՞վ ենք պակաս։

Լոզանում մետրո կառուցելու համար հարկավոր եղավ միայն գավառային հանրաքվեի որոշումը, իսկ Երևանում պետք էր ստանալ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի համաձայնությունը։ Իսկ դա նշանակում էր նյարդեր, ժամանակ ու գումարներ, որոնք մենք չունեինք։

Այստեղ ես վերջապես Շվեյցարիան հանգիստ կթողնեմ, որ պարզեմ՝ ինչպես էին վարվում Հայաստանում, երբ ինչ-որ բան շատ էին ուզում, բայց չէր կարելի։ Մետրոպոլիտենի կառուցման մասին հարց կարող էր բարձրացնել միայն հանրապետության առաջին դեմքը, իսկ լուծել այն՝ միայն Կրեմլի գլխավոր մարդը։ Որպեսզի իր ուզածին հասնի, Անտոն Քոչինյանը՝ այն ժամանակվա ԿԿ առաջին քարտուղարը, ստիպված էր ներկայացնել սյուժեներ «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ոճով։ Ինչ տեսք ուներ դա Երևանի մետրոպոլիտենի դեպքում։

Յոթանասնակաների սկզբին մայրաքաղաքում բնակչության թիվը քիչ էր նորմատիվ միլիոնից, ինչն, ինքնաբերաբար, հանում էր մետրոյի շինարարության հարցը, բայց տեղ էր թողնում, այսպես ասած, «արագընթաց տրամվայի», որը մշուշոտ հեռանկարում լիարժեք մետրոպոլիտենի էր վերակածվելու։ Պարզապես քաղաքին անհրաժեշտ էր միլիոն, այլ ոչ իրական յոթ հարյուր յոթանասուն հազար բնակիչ։ Իսկ որտեղի՞ց բերել նրանց։

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը

Բնությունից նվեր սպասելն անիմաստ էր, և ահա երևանյան նորածինների վիճակագրական տվյալներն արագորեն բարձրացան վեր, ինչը չէր հարաբերակցվում ծննդատների մահճակալների թվի հետ։ Նույնիսկ ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի։

Ինչպե՞ս դուրս գալ հետաքրքիր իրավիճակից։ Մշակվեց տարբերակ` իբր քաղաքացիներն ավելանում են ոչ միայն բնական աճի հաշվին, այլ նաև արտասահմանում ապրող հայերի հայրենիք վերադառնալու և Խորհրդային Հայաստանում ապրելու անսանձելի ցանկության շնորհիվ։

Սակայն ավելի էկզոտիկ դարձավ մի այլ տարբերակ։

Հանդիպելով Բրեժնևի հետ, Անտոն Երվանդի Քոչինյանը մետրոյի թեման բացեց բոլորովին այլ, անսպասելի անկյունից։ Նա ասաց այսպես.

«Տեղական փորձագետներն ուղևորափոխադրումների տեխնիկական ուսումնասիրության հաշվարկներում լուրջ սխալ են թույլ տրվել: Սխալ հաշվարկի հիմքում ընկած է հայ ժողովրդի ավանդույթների ոտնահարումը: Բանն այն է, Լեոնիդ Իլիչին բացատրեց Անտոն Երվանդովիչը,-որ յուրաքանչյուր երիտասարդ հայ, եթե ապրում է ծնողներից առանձին, չի կարող հանգիստ ապրել. նա պետք է ամեն օր տեսակցության գնա նրանց»։

Ինչ վերաբերում է նրան, որ շաբաթը յոթ օր առանց ծնողներին հանդիպելու հայերը չեն կարող ապրել, իհարկե, ականջ է շոյում, բայց… Այդ ժամանակ նման հանդիպումները եղել են շատ, քանի որ, եթե նույնիսկ չէին ապրում նույն տանիքի ներքո՝ նույն քաղաքում էին։ Երեխաները ցրվեցին ամբողջ աշխարհով շատ ավելի ուշ:

․․․Համենայն դեպս, Երևանը մետրոպոլիտենի շինարարության իրավունք ստացավ, և այն բացվեց 1981 թվականին։ Իհարկե, նոյեմբերյան մեծ տոների կապակցությամբ։ Հետո, իհարկե, փակեցին թերությունները վերացնելու համար, բայց դրանք արդեն մանրուքներ են։

Ինչը, սակայն, կրկնվեց Լոզանում։ Հանդիսավոր բացումից հետո քաղաքի իշխանությունը փակեց մետրոն հիշարժան ձևակերպումով․ «Լոզանի մետրոն ամենաանվտանգն է, բայց առայժմ անհուսալի է»:

Երևանյան մետրոյի մասին կարելի է հետևյալն ասել․ «Ամենագեղեցիկ վայրերից է, երբեմնի ոչ այնքան հայտնի, բայց այսօր երևանցիներն առանց դրա չեն կարող»։

Ի՞նչ կլինի վաղը։ Հրազդանի կիրճում մետրոյի նոր կայարան է սպասվում։

Խնդիրը հիմա այլ է. եթե նախկինում մետրոյի կառուցման թույլտվություն ստանալու համար երևանցիների թիվն օդից էին վերցնում,ապա այսօր, երբ ոչինչ հորինել պետք չէ, երևանցիներն, ավաղ, քչանում են: Բայց կառուցել, միևնույն է, պետք է։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

189
թեգերը:
Շվեյցարիա, Հայաստան, Երևան, մետրո
Ըստ թեմայի
Նա անհամբեր սպասում էր մետրոյի վերագործարկմանը, բայց չհասցրեց. մահացել է Աշոտ Երեմյանը
Երևանի մետրոպոլիտենի համար դրենաժային թունել կկառուցվի
Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել

11
(Թարմացված է 14:00 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց`երբ խոսվում է, թե ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

11
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարուքյանը գիտի ճգնաժամից դուրս գալու տարբերակը. այդ դեպքում ի՞նչն է նրան նյարդայնացնում
Վերջնաժամկետում կլսենք արձագանքը․ Բաղդասարյանը պատմել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի