Այս հոդվածը գրելու պահին հրաժարական էր տվել Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը։ Նույն օրը, բայց մի ժամ ուշ հրաժարական տվեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Նրանցից առաջ պատգամավորական մանդատներից հրաժարվել կամ ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից դուրս էին եկել Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գոռ Գևորգյանը և այլք։ «Տերևաթափը» շարունակվում է։
Զարմանալի բան չկա․ երբ ծառի բունը թափ են տալիս, սաղարթի տերևները թափվում են։ «Բունը», եթե նկատի ունենանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դեռ կանգուն է, բայց նա էլ է ենթակա նյութերի դիմադրության օրենքին։ Իսկ ճնշումներին ու ազդեցություններին դիմադրելը որոշակի սահման ունի։ Դրանից հետո գործընթացն արագանում է։
Ինչո՞ւ են հեռանում այն կադրերը, որոնք պետք է վճռեն ամեն բան։ Որովհետև նրանք քիչ բան էին վճռում․ երկրում ամեն ինչ որոշում է վարչապետը, և չես ասի, թե հոյակապ է որոշումներ է կայացնում։ Մինչդեռ հեռանում են ոչ միայն այդ պատճառով։ Չմոռանանք «քիթը քամու ուղղությամբ պահելու» երևույթի մասին։
Արցախյան պարտությունից հետո Փաշինյանի համար վատ ժամանակներ եկան, դիմակայությունը վտանգավոր է դառնում նրա քաղաքական ապագայի համար, և ոչ բոլորն են պատրաստ կիսելու անհաջողությունների պատասխանատվությունը։ Այստեղ ևս զարմանալու բան չկա։ Նման պատճառներով հեռացողներ եղել են, կան ու կլինեն։
Ի՞նչ տարբերակ էր առաջարկվել 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար
Իսկ հիմա փոքրիկ էքսկուրս դեպի անցյալ։ Հիշողությանս մեջ դաջվել է մի տեսարան Ազգային ժողովի հետևի դարպասների մոտ, որոնք այսօր վերահսկում է ոստիկանությունը, իսկ այն ժամանակ կողպեքի տակ էր պահում միլիցիան։
Հինգշաբթի է, Կենտկոմի նիստերի օրը, «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի լրագրողների ներկայությունը պարտադիր է։
-Ողջույն,-սովորականի պես գլխով բարևում եմ միլիցիոներին,-ո՞նց են գործերը։
-Նորմալ։ Իսկ այ նրան հանելու են,-ցույց է տալիս մինիստրներից մեկին։
-Ինչո՞ւ ես այդպես կարծում։
-Որովհետև բարևեց․․․
Երևում է՝ հիմա էլ իշխանական թիմից շատերը ստիպված կլինեն նվազեցնել ամբարտավանությունը և ավելացնել մարդկային նորմալ շփումը, եթե իհարկե իշխանության արբեցումն անդառնալի պահելաձև չի դարձել։ Ինչ արած, ստիպված կլինեն հետ վարժվել։ Չարախնդություն չկա, ֆորմալ տրամաբանական փաստ է։
․․․-Խոսում ենք միավորման անհրաժեշտության, «սև-սպիտակ» բաժանման վտանգավորության մասին, գոռում ենք` մեկ ազգ` մեկ պետություն, բայց եթե բոլոր հեռացողներին նորից «նախկին» անվանենք, իսկ նրանց փոխարինողներին՝ «նոր», ո՛չ ժողովուրդ կունենանք, ո՛չ երկիր,-կարծում է Հայաստանի համար անհանգստացող մոսկվացի Յուրի Նազարեթյանը։
Գոռ Գևորգյանի՝ «Իմ քայլը» խմբակցությունը լքող պատգամավորներից մեկի հայտարարությունից․ «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են: Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով:»
Կարելի է հարցնել․ «Առաջ որտե՞ղ էիր»։ Իսկ կարելի է նկատի ունենալ և, պարզաբանումները հետագային թողնելով, փրկել երկիրը կործանման վտանգից (դավաճանության, հայրենիքի դավաճանության կամ կոռուպցիայի անժխտելի փաստերն առանձին դեպք են)։
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն
-Արարատ լեռան բարձրության, Մոնբլանն էլ վրան դրած, չլուծված խնդիրներ ունենք։ Բայց հարաբերություններ պարզելու ժամանակ չկա, եկեք հետո զբաղվենք դրանով։ Սթափ մտածողներ կան նաև պատգամավորների, կառավարության անդամների, իշխանության մարզային կառույցների շարքերում, նրանց պետք է ոչ թե ճնշել, այլ աջակցել, ըմբռնումով մոտենալ,-շարունակում է նույն Նազարեթյանը։
․․․Արցախի սահմանների «սեղմումից» հետ հանրության տրամադրությունները հիշեցնում են 1988թ-ի երկրաշարժին հաջորդած մթնոլորտը․ անսպասելիությունից ցնցված մարդիկ այն ժամանակ սկզբում թևաթափ եղան, բայց հետո հավաքվեցին (ինչպես հոգեպես, այնպես էլ թվաքանակով) և, հաշվելով ավերակները, սկսեցին քանդված տեղերում վերականգնել ու կառուցել։ Կամաց-կամաց սկսեց ստացվել։ Բայց պետք է գործի անցնել առանց հետաձգելու, այսօր ևեթ։
Իմ բազմակողմանի զարգացած զրուցակիցը՝ Յուրի Նազարեթյանը, այդ առիթով հիշում է Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում Անգլիայի Քովենտրի քաղաքի ավերման հետ կապված պատմությունը։
Մի ծեր լեդիի տունը հիմնահատակ քանդվում է։ Ավերակների միջով քայլող փրկարարները հրաշքով չփշրված մի շիշ կոնյակ են գտնում, որը տանտիկինը պահում էր աստիճանների տակ։ Փրկարարներից մեկը բացում է շիշն ու մոտեցնում տիկնոջ շուրթերին, որպեսզի ուշքի բերի նրան։ Ծեր լեդին անմիջապես ուշքի է գալիս ու գոռում․ «Տեղը դի՛ր շիշը։ Դա ծայրահեղ դեպքի համար է»։
Թե որ դեպքն է մեզ մոտ, ինքներս ենք որոշում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ



