Զորամաս

Երկտեղանի «կռավաթի» հետքերով․ ինչպես Փաշինյանը մոռացավ, որ «լեզվի կտրածը չի լավանա»

2564
(Թարմացված է 16:16 01.12.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է սկանդալային իրավիճակին, որը Փաշինյանը ստեղծեց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեգնական արտահայտություններ աներ Արցախում ծառայող զինվորների համար երկտեղանի մահճակալների մասին։ Ծնողներն այդ կատակը չընդունեցին, և վարչապետը ստիպված եղավ ներողություն խնդրել։

Մարտում զոհված ամերիկացի զինվորի մասին Դոնալդ Թրամփն ասել է․ «Նա գիտեր, թե ինչի է գնում, բայց դա, միևնույնն է, երևի ցավոտ է»։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը ստիպված եղավ ներողություն խնդրել զոհված զինվորի մորից։ Բանն այն է, որ հավերժական «լեզվի կտրածը չի լավանա»-ն բոլորին է վերաբերում։

Զինվորը բանակի հրամանատարների համար զինվոր է, իսկ ծնողի համար՝ զավակ, որին Հայաստանում կկարողանան տեսնել դեկտեմբերին, երբ Արցախում ծառայող ժամկետայիններին արձակուրդ կտրամադրեն։ Ծնողները չեն ուզում սպասել, վրդովված գնում են պաշտպանության նախարարի մոտ ու հետ գալիս, խոստանում են շրջափակել Փաշինյանի նստավայրը, պահանջում են շտապ լուծել այդ հարցը։

Ինչո՞ւ են շտապում։ Վախենում են, որ կփակվի Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը, և այդ դեպքում որդիները կարող են գերի մնալ Ադրբեջանում, իսկ թե ինչպես են նրանց այնտեղից դուրս բերում, բոլորն են տեսնում։

Իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, խոստացավ զայրացած մայրերին պատասխանել երկու օրից, նրանք հաշվեցին օրերը, և ստացվեց, որ հենց դեկտեմբերի մեկին վարչապետը մեկնում է Մոսկվա, և արդեն չի ստացվի նրա մոտ գալ և լրացուցիչ բացատրություններ պահանջել։

«Նորից ստում է»,-իրավիճակը մեկնաբանեց Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը։

«Վարչապետը Մոսկվա է մեկնում պետական գործերով, նա չի կարող իր աշխատանքային գրաֆիկը հարմարեցնել քաղաքացիների ընդունելության հետ»,-հակադարձեցին նրա կողմնակիցները։

Իշխանության խոսքի հանդեպ վստահությունը կտրուկ նվազեց արցախյան պատերազմից հետո, որովհետև պաշտոնական խոսափողները հավատացնում էին, որ հաղթանակը համարյա մեր գրպանում է, բայց պարզվեց, որ այդ գրպանը բնավ էլ հայկական չէ։

Ինչո՞ւ են զինվորների մայրերը բոլոր դռները ծեծում, որպեսզի իրենց խնդիրը լուծվի։ Որովհետև տեսել են համացանցում պտտվող տեսանյութը, որում զինվորները քնած են գետնին ու հաստատ ելակ չեն ուտում։ Հրամանատարներ չեն երևում, հնարավոր է՝ նրանք էլ են գետնին, բայց նրանք էլ են ինչ-որ մեկի զավակները։ Բոլորը հյուծված տեսք ունեն, վիրավորներ ու հիվանդներ կան։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունը հավանաբար իրավիճակի մասին բոլորից լավ է տեղեկացված․ նա վստահեցրել է, որ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային արժանապատիվ պայմանների ապահովման, զինվորների ծնողների բարձրացրած հարցերի լուծման ուղղությամբ կարվի հնարավոր ամեն բան:

Նրան չեն հավատում, պահանջում են՝ թող մեր որդիներին Հայաստան վերադարձնեն, թող այստեղ ծառայեն, մենք հո դեմ չենք առհասարակ ծառայելուն։

Թե որտեղ է զինվորը ծառայելու, որոշում է Գլխավոր շտաբը, բայց երբ կռվող Ստեփանակերտի շտաբի ապաստարանում հանկարծ հայտնվեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որի որդին՝ Աշոտը, նույն պատերազմող բանակի շարքերում էր, զինվորների մայրերի գլխում փոխվեց կանոնավոր բանակի կյանքում առանց ուսադիրների կանանց դերի պատկերացումը։ Եթե նրան կարելի է, ինչո՞ւ մեզ չի կարելի։

Ի՞նչ կլինի հետո։

Ամենայն հավանականությամբ զինվորների մայրերի հանրույթը կվերաձևավորվի՝ դառնալով առավել արդյունավետ կառույց։ Առաջին անգամ չէ, որ հայ զինվորների մայրերը գալիս են բարձրագույն կաբինետներ․ ոչ մարտական իրավիճակներում զինվորների զոհվելու թեմայով նրանք բազմաթիվ անգամ են հանդիպել են նաև վարչապետ Փաշինյանի հետ, սակայն չի կարելի ասել, թե հասել են իրենց նպատակին։

Ընդհանրացնենք դժգոհության պատճառները` վարչապետն ավելի շատ խոսում է, քան լսում։

․․․ Մայրերը շատ ավելին են տեսնում, բայց ոչ միշտ են կարողանում ասել. արցունքները խեղդում են։ Երևանի փողոցներով անցնելիս կարելի է տեսնել սև երկար ժապավեններ՝ անուններով և ծննդյան ամսաթվերով։ Այդ սգո ժապավենները կախում են Արցախում զոհված զինվորի կամ կամավորի տան մոտ (Երևանի հնաբնակները լավ գիտեն, թե այդպիսի ժապավենները որքան շատ էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ)։

Այդպիսի ժապավեններից մեկի վրա գրված է` «Տիգրան-24», մյուսի վրա՝ «Դավիթ-19», երրորդինը՝ «Ռուբո-20»․․․ Զինվորների մայրերը կարդում են դրանք, ու այն մտքից, որ նմանատիպ ժապավենների վրա կարող են հայտնվել իրենց զավակների անունները, նրանց սիրտը կանգնում է։

Վիետնամի պատերազմից հետո (կրկին նոյեմբերին, բայց 1988թ-ի) նախագահ Ռեյգանն այցելեց զոհերի հուշարձան ու ասաց․ «Գուցե հիմա, երբ արդեն չափազանց ուշ է, մենք պետք է մի դաս հիշենք․ մենք չպետք է երիտասարդ ամերիկացիներին ուղարկենք պատերազմ, որտեղ նրանք կարող են զոհվել, քանի դեռ մենք պատրաստ չենք թույլ տալ, որ նրանք հաղթանակի հասնեն»։

Մենք, չգիտես ինչու, դասեր չենք քաղում ուրիշի սխալներից։

2564
Ըստ թեմայի
«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին
Ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
ՄԱԿ

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

203
(Թարմացված է 21:49 22.01.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ փոխել են իրենց պետությունների անունները, և այդ գործընթացը շարունակվում է։
Ինչու են երկրները փոխում իրենց անունները

Հիշում եք երևի՝ մի քանի տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հանել իր երկրի անվանման վերջին «ստանը», հիմնավորելով՝ ախր «ստանը» նշանակում է, որ մենք հետամնաց ասիական երկիր ենք։ Ի վերջո երկրի անունը չփոխվեց, փոխվեց մայրաքաղաք Աստանայի անունը, այն անվանվեց Նուր-Սուլթան։

 Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, նման մի առաջարկություն էր արել  Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն ասում էր՝ եկեք Հայաստանն անվանենք Արմենիա։ Էս դեպքում գոնե ինչ-որ տրամաբանություն կար, որովհետեւ եթե Ղազախստանին դրսում էլ են Ղազախստան անվանում, ապա Հայաստանն արտերկրում հայտնի է հենց որպես Արմենիա։

ԲիԲիՍի-ն հիշեցնում է մի միջադեպի մասին, որը պատահել է 2011 թվականին։ Պաշտոնական այցով ժամանելով Մյանմա` այն ժամանակվա պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը շատ նուրբ իրավիճակում հայտնվեց։ Տասնամյակներ շարունակ այդ երկիրը, որն, ինչպես հիշում եք առաջ կոչվում էր Բիրմա, ղեկավարում էին զինվորականները։ Հիմա սկսվել էր ազատականացումը և իշխանությունները պետությունն անվանել էին Մյանմա։ Սակայն ամերիկյան վարչակազմը որոշել էր շարունակել անվանել երկիրը Բիրմա։ Հիմա ինչ պետք է աներ խեղճ Քլինտոնը։ Ասես Բիրմա՝ կվիրավորես տեղի իշխանություններին, ասես Մյանմա՝ խիստ նկատողություն կստանաս Աերիկայում ։ Ու Քլինթոնը գտավ ելքը՝ ո՛չ Բիրմա էր ասում, ո՛չ էլ Մյանմա, այլ պարզապես «այս երկիրը»։ Համաձայնեք, խելոք  կին  է, ափսոս նախագահ չդարձավ։

Հիմա ասիական մեկ այլ պետության մասին։ Երևի հիշում եք Հնդկաստանի ափերի մոտ գտնվող այդ մեծ կղզին կոչվում էր Ցեյլոն։ Դեռ 16-րդ դարում էին պորտուգալացիներն այն այդպես անվանել։ Հետո կղզին անցել էր հոլանդացիներին,վերջում էլ բրիտանացիներին, բայց Ցեյլոն անունը  պահպանվել էր։ Եվ միայն անցած դարի 70-ական թվականներին, վերականգնելով պատմական արդարությունը, երկրի իշխանությունները սկզբում կղզին անվանեցին Շրի Լանկա, վերջում էլ՝Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն։ Եվ այնուամենայնիվ ողջ աշխարհը բուրումնավետ տաք հեղուկը գավաթի մեջ լցնելիս` ասում է. «Ինչ լավն է Ցեյլոնի թեյը»։

«Ճշմարիտ եմ, ջանասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինք

Կարող եմ թվարկել այն երկրները, որոնք անվանափոխվել են։ Նախկին Հարավային Ռոդեզիան այժմ դարձել է Զիմբաբվե, նախկին Ֆրանսիական Սուդանը՝ Մալի, Լատինական Ամերիկայում գտնվող Բրիտանական Հոնդուրասը՝ Բելիզ, իսկ նախկին Վերին Վոլտան՝ Բուրկինա Ֆասո։ Պատկերացրեք` կան երկրներ, որոնք մի քանի անգամ են փոխել անվանումը։ Նման պետություններից է Կամբոջան, որը մի ժամանակ դարձավ Կխմերյան Հանրապետություն, հետո Դեմոկրատական Կամպուչիա եւ վերջապես կրկին Կամբոջա։

Մեր հարևանի մասին։ Այնտեղ չեն դադարում վեճերը՝ Ջորջիա՞, թե՞ Սաքարթվելո։ Համաձայնեք՝ Սաքարթվելո շատ գեղեցիկ է հնչում։ Եվ բացի այդ, մի հատ Ջորջիա նաև Ամերիկայում կա։ Ի դեպ մի քանի օր առաջ Լիտվան պաշտոնապես հաստատել է Վրաստանի Սաքարթվելո անունը։ Բայց ամենահետաքրքիր դեպքը երևի կապված է  Նոր Զելանդիայի հետ։ Տարիներ շարունակ այնտեղի ակտիվիստները պայքար են մղում, որպեսզի իրենց երկիրը կոչվի շատ տարօրինակ մի բառով՝ փորձեք արտասանել՝ Աօտեարօա։ Բովանդակությունն էլ է նույնքան տարօրինակ ու արտառոց՝ երկար սպիտակ ամպի երկիր։ Սա բնիկ ժողովրդի՝ մաորիների լեզվով է, որոնք այս կղզում ապրում էին մինչև անգլիացիների ժամանումը և որոնց նկատմամբ բրիտանացիները մեղքի զգացում ունեն, որովհետեւ կոտորել էին թե՛ այստեղ, թե՛ Ավստրալիայում։

Եվ, վերջապես, այսպես ասած ստիպողական անվանափոխության մասին։ 30 տարի է որպես անկախ պետություն գոյություն ուներ Մակեդոնիան։ 30 տարի շարունակ բողոքում էին հույները՝ ինչպես թե Մակեդոնիա, բոլորին հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին հույն է եղել, փոխեք ձեր երկրի անունը։ Մակեդոնիայի իշխանությունները անընդհատ ընդդիմանում էին, մինչև Հունաստանը պարզապես կոշտ պայման դրեց՝ կամ տեղի եք տալիս, կամ մենք թույլ չենք տալիս ձեր մուտքը Եվրամիության և ՆԱՏՕ։ Գտնվեց կոմպրոմիսային տարբերակ՝ երկիրն անվանվեց Հյուսիսային Մակեդոնիա։ Եթե կարծում եք, թե կողմերը գոհ են, չարաչար սխալվում եք։ Մակեդոնացիները գոհ չեն, որ իրենց Հյուսիսային են անվանում, հույները Մակեդոնիա բառից են բողոքում։

203
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, անուն, Մակեդոնիա, Հայաստան, աշխարհ, Երկիր մոլորակ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչպես 11 երեխաներից կրտսերը դարձավ հայտնի և հարուստ. Պիեռ Կարդենի բրենդի պատմությունը
Ավարտվող տարվա իրողությունները. միայն Հայաստանում չէ, որ բողոքում են վարչապետից
Ներումների քանակը կտրուկ մեծացել է. Թրամփը մտադիր է կանխավ ներում շնորհել նաև ինքն իրեն
Վազգեն Մանուկյան. արխիվային լուսանկար

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն

4365
(Թարմացված է 13:43 22.01.2021)
Գյումրու մի խումբ բնակիչների, որոնք որոշել էին Վազգեն Մանուկյանին թույլ չտալ մտնել քաղաք, հյուրը «բոմժեր» անվանեց։ Դա շատերին նեղացրեց և զանազան բանավեճերի առիթ դարձավ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է համեմատական վերլուծություն անցկացնել։

Կենսափորձով ու քաղաքական փորձով հարուստ քաղաքական գործչի համար, որը որոշել է անցումային կառավարության վարչապետ դառնալ, նման արտահայտությունն անթույլատրելի է։ Եվ չնայած գյումրեցիների հետ հանդիպումն անցավ ժողովրդի մեծ կուտակումով և փոխըմբռնման մթնոլորտում, նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է։ Որովհետև «լեզվի կտրածը չի լավանա»։

Արցախը չի կարող գրպանում լինել

80-ականների վերջն էր։ Հայաստանում եռում էին արցախյան կրքերը, բազմահազարանոց ամբոխներն աղաղակում էին «Մի-ա-ցում», «Մենք ծայրահեղական չենք», չգիտես ինչու՝ «Լենին, պարտիա, Գորբաչով», Կարեն Դեմիրճյանից վճռական քայլեր էին պահանջում՝ ի աջակցություն արդար գործի, սպասում նրա խոսքին։

Եվ ահա Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը գալիս է ծայրահեղ բորբոքված Ազատության հրապարակ, բարձրանում մուտքի առջևի հարթակին և մեն-մենակ մնում բազմահազարանոց ամբոխին դեմ հանդիման։

Դեմիրճյանը, պետք է ասել, երկչոտներից չէր, կարողանում էր լսարանն իր ձեռքում պահել և ճառելուց լավ էր։ Իսկ այստեղ, սկսելով կարծես թե լավ նոտայից, ավարտեց․

«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ։ Ղարաբաղը ջեբս չի, որ տամ»։

Ըստ էության՝ ամեն ինչ ճիշտ է․ Դեմրիճյանը չէր կարող ԼՂՀ-ի հարցերը լուծել հօգուտ Հայաստանի, ինչքան էլ որ ցանկանար։ Իսկ ցանկություն նա անկասկած ուներ։ Եվ նա ասաց այն, ինչը բոլորը պետք է հասկանային և բոլորն էլ հասկանում էին։ Բայց խնդիր, միևնույնն է, առաջացավ՝ բառերի ոչ պատշաճ օգտագործման պատճառով. դա վիրավորել էր ոգևորված ու բոբոքված մարդկանց։ Հանրապետության առաջնորդը պետք է հաշվի առներ քաղաքացիների տրամադրությունն ու ավելի զգույշ լիներ արտահայտություններ ընտրելիս։ Նա սխալվեց։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար

Ճիշտ է, ժողովուրդը հարգում էր Դեմիրճյանին, բայց իրավիճակի փոփոխությունը խստություն էր պահանջում դիրքորոշում հայտնելիս, իսկ դա տեղի չունեցավ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարին դավաճանեց չափից դուրս ինքնավստահությունը․ ցուցարարները նրան սուլոցներով արձագանքեցին և դա անվստահության առաջին հրապարակային արտահայտումն էր մի մարդու նկատմամբ, որը մինչև վերջերս հավաքվածների կուռքն էր․ երկրի ղեկավարի համբավը կոտրվեց և կոտրվեց անդառնալիորեն։ Տարիներ պետք եղան, որպեսզի մարդիկ սառեն ու մոռանան։

Թե ինչպես Կենտկոմի առաջին քարտուղարը կռվեց երկրորդի հետ

60-ականներին Հայաստանում գլխավոր ղեկավար Յակով Նիկիտիչ Զարոբյանն էր, իսկ հանրապետության երկրորդ մարդը՝ Հովհաննես Մինայիչ Բաղդասարյանը (ժողովրդի լեզվով՝ Հովմինը)։ Երկուսն էլ փորձառու և իրենց գործն իմացող ղեկավարներ էին։

Զարոբյանը Հայաստան էր եկել երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց և աշխատելուց հետո, որտեղ «․․․քու մերը» արտահայտությունը հաճախ հայհոյանք չէ, այլ ընդամենը հավանության, համաձայնության կամ անհամաձայնության, աջակցության ու մտերմության զգացմունքային արտահայտում։

Բաղդասարյանը՝ հակառակը։ Նա մեծացել ու դաստիարակվել էր Լենինականում` խիստ ավանդապաշտ ընտանիքում, որտեղ նման խոսքային ազատությունները բառացիորեն էին ընկալվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն` հնարավոր չէ իմիջիայլոց արտաբերել «․․․քու մերը» և դրանից հետո հույս դնել հայերի ըմբռնման վրա։ Իսկ Յակով Նիկիտիչն արտաբերեց։

Չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ հանգամանքներում և հատկապես ինչ համատեքստում (բայց միանշանակ՝ ոչ վիրավորելու համար) Զարուբյանը նախադասության մեջ ներառեց այդ արտահայտությունը, բայց այն ասվել էր, և Բաղդասարյանը չհապաղեց պատասխանել։ Դարձավ կռիվ։

Ո՞ւմ հետ նոր կյանք սկսել, կամ Սողոմոն իմաստունի մատանու առակը

Այնպես չէ, որ Հովհաննես Մինայիչը մինչ այդ խոսքը չէր լսել ու չգիտեր, այլ հարց է, որ նա չէր կարող պատկերացնել, որ այն կհնչի ղեկավարի կողմից՝ իր հասցեին։ Թեկուզ և առանց չարության, առանց վիրավորելու որևէ ցանկության, սովորության համաձայն, բայց, միևնույնն է․․․ խոսքն ասվել էր, վիրավորանքը հասցվել էր, և այն այնքան էլ արագ չանցավ․․․․

Թե ինչու Հայաստանի երկաթուղու տնօրենը վիրավորեց Գագիկ արքային 

Համբարձում Կանդիլյանը նույնպես Ռուսաստանից էր եկել, երկաթուղու ղեկավար էր աշխատել Աստրախանի մարզում, ապա տեղափոխվել էր Հայաստան՝ տեղը գցելու «գծերից ընկած» երկաթուղային ոլորտը։ Ավելի լավ ստացվեց, քան սպասում էին։ Բայց ոչ անմիջապես և ոչ հեշտությամբ։

Անդրկովկասյան երկաթուղիների երևանյան վարչության (այն ժամանակ այդպես էր կոչվում վարչությունը) անգործությունից հալված երկաթուղային էլիտան սկզբում՝ փորձեց նոր ղեկավարին իրենց ռելսերի վրա դնել և որպես ճնշման կետ ընտրեց Կենտրոնից նշանակվածի՝ հայոց դարավոր ավադույթների չիմացությունը։ Ինչ չկար՝ իրոք չկար, և սկզբում Կանդիլյանը չէր դիմադրում «լիկբեզ»-ին («գրագիտության» դասերին,–խմբ.)։

․․․ Մաքրման աշխատանքների ամենաթեժ պահին երկաթուղու հայկական հատվածում լարված իրավիճակ ստեղծվեց․ հարյուրավոր վագոններ երկրի այլ շրջաններրում բեռնաթափման էին սպասում։ Եվ ահա, Կանդիլյանն իր մոտ է կանչում բեռնափոխադրումների պատասխանատուին և ասում․ «Այսպես չի լինի։ Անհապաղ լուծել հարցը և զեկուցել»։

«Գորգի կանչված» ընկերը համաձայնում է, բայց փորձում է իր բացթողումն արդարացնել պատմական հղումներով։

-Դեռ Գագիկ թագավորի ժամանակներից,-բացատրում է նա,-հայերը սովորել են չշտապել․․․ ազգի բնույթն է․․․ ավանդույթների անհաղթահարելիությունը․․․ և այլն, և այլն։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Կանդիլյանը լսում է, զարմանում, բայց լռում է։ Իսկ վագոններն այդ ընթացքում շարունակում են չբեռնաթափված մնալ։ Նորից իր մոտ է կանչում նույն ղեկավարին, և երբ վերջինս նորից սկսում է Գագիկ թագավորի երգը, Կանդիլյանը չի դիմանում․ «․․․Քո մերն էլ, Գագիկ թագավորինն էլ․․․ Եթե մինչև հինգշաբթի մինչև վերջին վագոնը դատարկված չեղավ, կգնաս Գագիկ թագավորի հետևից։ Հասկացա՞ր»,-հունից դուրս է գալիս Կանդիլյանը։

Հրահանգը կատարվում է լավագույն ձևով, երկիրը ճիշտ ժամանակին ստանում է անհրաժեշտ վագոնները։ Այսպիսով՝ որոշ դեպքերում խոսքը նույնպես գործ է։

Ի՞նչ կարելի է անել նմանատիպ իրավիճակներում. բացատրել պե՞տք է

Այնուամենայնիվ, մեր իրավիճակում չի կարելի չհամաձայնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Հանրային համերաշխությունը երաշխավորելու համար հասարակական գործիչները պետք է զերծ մնան մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններից, հաշի առնեն բոլոր ենթատեքստերն ու յուրաքանչյուր բառի ու արտահայտությանն փոխաբերական իմաստները։

Վազգեն Մանուկյանը դա հաշվի չառավ։ Նա սխալվեց։ Թե ինչ են անում նման դեպքերում սխալվողները՝ բացատրելու կարիք կա՞։

Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին

4365
թեգերը:
ընդդիմություն, Գյումրի, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին