Արցախցի երեխաները Գորիսում

«Չենք տա Շուշին մենք ուրիշին», երեխաները երգում են, մեծերը` լալիս. արցախցիները` Գորիսում

780
(Թարմացված է 15:53 20.11.2020)
Sputnik Արմենիայի թղթակիցները կանգ են առել Գորիսի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաստան են գտել ավելի քան հարյուր արցախցի փախստականներ։ Նրանք պատմել են, թե ինչպես են տեղավորվել տնից հեռու։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Մեղրի էինք մեկնել փախստականների հետ առնչություն չունեցող ռեպորտաժ նկարահանելու։ Բայց այնպես ստացվեց, որ մարզ հասանք միայն ուշ երեկոյան և ստիպված եղանք գիշերելու համար հյուրանոց փնտրել։ Ընտրեցինք առաջին պատահածը։

Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ

Ամենասովորական գորիսյան հյուրանոց։ Ընդունարանի աշխատակցուհին փոխանցում է բանալին և քաղաքավարի զգուշացնում, որ մեր հարկում փոքր-ինչ աղմկոտ է։ Հյուրանոցում Արցախից հարկադիր տեղահանված ավելի քան հարյուր կանայք ու երեխաներ են ապրում։ Աշխատակցուհին ավելացնում է, որ նրանց մի մասը կորցրել է տան տղամարդկանց` հայրերին, եղբայրներին, ամուսիններին, և լավ կլիներ, որ ըմբռնումով մոտենայինք։ Բացի այդ, մեր հարկում նաև սփյուռքից ժամանած երիտասարդներ են մնում և նրանք շուն ունեն։

Карабахские дети в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսում

Վերելակում երեք փոքրիկի ենք հանդիպում։

-Շտեղա՞ն եք (որտեղի՞ց եք՝ Արցախի բարբառով – խմբ․)

-Երևանից, իսկ դո՞ւք։

-Մունք ղարաբաղցի ենք։

Карабахские дети в лифте отеля в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսի հյուրանոցի վերելակում

Չորրորդ հարկում վերելակից դուրս գալուն պես մեզ դիմավորում են դխկոց-շխկոցով և բարձր մանկական ծիծաղով։ Միջանցքում երեխաները խաղալիք թրերը թափահարելով անկյունից անկյուն են վազում, իսկ ակնոցներով երիտասարդը կոտրտված արցախյան բարբառով պահանջում է իջնել պատուհանագոգից․«Ա խոխա, քշացի»(«Այ երեխա, իջիր»)։

Мальчики играют в «войнушки» в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Տղա երեխաները կռիվ-կռիվ են խաղում Գորիսի հյուրանոցում

Միջանցքի մյուս հատվածում աղջիկները գունավոր թղթից արև են սարքում ու նվիրում միմյանց։ Ինչն, ի դեպ, չի խանգարում նրանց խառնվել մեծերի խոսակցություններին և մեկնաբանել տղաների խաղերը։

«Իմ ընկերուհի Ռայկային` Էլինկայից հիշատակ»,-թելադրում է թմբլիկ աղջնակը խոշոր աչքերով ընկերուհուն՝ Ռայային, որ գեղեցիկ գրում է։

Поделки, которые сделали карабахские девочки в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Ձեռքի աշխատանքները, որոնք արցախցի աղջնակները պատրաստել են Գորիսի հյուրանոցում

Աղջնակը մոր՝ Վալենտինայի և եղբոր՝ Արմանի հետ Գորիս է եկել պատերազմը սկսվելուց անմիջապես հետո։ Հիշում է դղրդոցը, որից արթնացավ, և թե ինչպես էին ծնողները հավաքում իրերը։ Հետո հայրիկը մեկնեց ռազմաճակատ, իսկ իրենք գնացին Մարտունի։ Մի քանի օր անցավ, և մի օր մայրիկը սկսեց լաց լինել։ Աղջկան ասացին, որ իր հայրիկը հերոս է՝ նա զոհվել է հայրենիքը պաշտպանելիս։

Рая, переселенка из Карабаха, живущая в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախից տեղահանված Ռայան
 

«Ես նրան այլևս չեմ տեսնի, արդեն կարոտում եմ։ Մամայի հետ լաց եղանք, բայց էլ չեմ լացի, որ Արմանը չիմանա։ Տյոտյայիս ամուսինն էլ է զոհվել, նրա երեխաներն էլ չգիտեն։ Մեր ընտանեկան գաղտնիքները ես եմ պահում»,-պատմում է աղջնակը։

Валентина со своими детьми в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Վալենտինա իր երեխաների հետ Գորիսի հյուրանոցում է

Աղջնակը վազելով մոտենում է միջանցքում փափուկ աթոռակի վրա լուռումունջ նստած երիտասարդ կնոջը։ Վերջինս բարեհամբույր ժպտում է և հարցուփորձ անում Երևանում իրավիճակի մասին։ Հետաքրքրվում է, թե որտեղ և ինչպես են ապրում տեղահանվածները, իսկ հետո հանկարծ կտրուկ փոխում է թեման և ասում, որ շոկի մեջ է ստորագրված փաստաթղթից։

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

Ինչ-որ հուսահատ հանգստությամբ պատմում է, որ ամուսինը զոհվել է պատերազմի կեսերին՝ իր ծննդյան հաջորդ օրը։ Նույնքան հանգիստ հիշում է, թե ինչպես գնաց նրա թաղմանը։ Երեխաներին չտարավ՝ վտանգավոր էր, ռմբակոծում էին։ Ռայայի մայրիկն է։

Ցավակցություններս են հայտնում նրան։

-Շնորհակալ եմ։ Մեր Ճակատագիրն այդպիսին է։ Բոլորն էլ ինչ-որ մեկին կորցրել են։ Իմ ամուսինը գոնե երեխաներ ուներ, իսկ հարևանիս տղան դեռ լրիվ երեխա էր։ Ընդամենը 18 տարեկան։

-Տուն վերադառնալո՞ւ եք։

-Իհարկե, հո մեր հողը թշնամուն չենք թողնելու։

Карабахские женщины беседуют в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի կանայք զրուցում են Գորիսի հյուրանոցում

Հետզհետե կանայք շատանում են, երեխաներն ու աղմուկը՝ նույնպես։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն է պատմում։ Լիլիթը, օրինակ, Ստեփանակերտից է, նրա ամուսինը ոստիկան է, ընտանիքը տեղափոխել է Գորիս, իսկ ինքը մնացել է քաղաքում։ Լիլիթը հյուրանոցում տեղավորվել է երկու երեխաների և ամուսնու ազգականների հետ։ Նեղվածքի մեջ են ապրում, որոշ անհարմարություններ կան, բայց տանելի է։ Ուզում են Երևան գնալ, մի փոքր ցրվել և վերադառնալ տուն։

«Պատկերացնո՞ւմ ես՝ նրանք ութ հոգով մի համարում են ապրում»,-ընդհատում է Ռայկան, իսկ Լիլիթը բարձր ծիծաղում է։

Малыш Ашот пытается вырезать игрушку, по взрослые отвлеклись
© Sputnik / Arsen Haytyan
Փոքրիկ Աշոտը փորձում կտրտել խաղալիքը, քանի դեռ մեծերն իրեն ուշադրութթյուն չեն դարձնում

Իռա անունով կինը պատմում է, որ արկը հայտնվել է իր խոհանոցում, ընկել ճիշտ կենտրոնում։ Երբ հարևանուհին ուղարկել է խոցված խոհանոցի լուսանկարը, միասին ծիծաղել են, իսկ հետո որոշել քաղաք վերադառնալուն պես մաքրություն անել։

Այստեղ առավոտյան բոլորը միասին սուրճ են խմում, միասին ճաշարան են գնում, զբոսնում են քաղաքում և կարդում սոցցանցերի մեկնաբանությունները։ Հաճախ լալիս են։

- Տխուր է։ Մեր մասին այնպիսի բաներ են գրում... Բա մենք այդպիսի՞ն ենք։

-Մի կարդացեք այդ հիմարությունները։

-Փոխանցեք նրանց, որ մենք ճիշտ այնպիսին ենք, ինչպեսին իրենք են։ Մենք մի ամբողջություն ենք, մի ժողովուրդ։ Եվ երբ իմ տունը վերանորոգեն, բոլորին պատրաստ եմ հյուրընկալել,-ասում է Վալենտինան։

Ընկերուհիները գլխի շարժումով հավանություն են տալիս նրա ասածին։

Волонтер из Диаспоры Сипан Короглян с детьми из Карабаха в отеле Гориса
© Sputnik / Arsen Haytyan
Սփյուռքահայ հոգեբան Սիփանը երեխաների հետ

Հանկարծ մանկան բացականչություններ են լսվում և շան հաչոց։ Բաֆֆի բուլդոգն է Ֆրանսիայից, նրան բերել է կամավոր Սիփանը։ Վերջինս ընկերոջ՝ Իսրայելից եկած Սեդրակի հետ երեխաներին օգնում է վերականգնվել ցնցումներից։ Երիտասարդները նրանց հայրենասիրական երգեր են սովորեցնում, իսկ երեխաները դրա փոխարեն՝ իրենց բարբառը։

«Ա խոխեք, քինանք ներքև ` զբոսնելու, հետո էլ հանելուկներ կգուշակենք»,-ասում է Սեդրակը և իր հետևից տանում Բաֆֆիին։

Իսկ Սիփանը վերցնում է ջեմբեն(աֆրիկյան թմբուկ՝ խմբ․) և կանչում երեխաներին։ Բոլորը մեկ մարդու պես իջնում են նրա  հետևից։ Մայրիկներն ուրախ են՝ վայելում են լռությունն ու սկսում են գովել կամավորներին։

Волонтер из Диаспоры Седрак Балян с карабахскими детьми в отеле Гориса
© Sputnik / Arsen Haytyan
Սեդրակը արցախցի երեխաների հետ Գորիսի հյուրանոցում

Պատմում են, որ այստեղ գալուց հետո երեխաներն ամեն աղմուկից վախենում էին ու թաքնվում անկյուններում։ Բայց Սեդրակի ու Սիփանի հայտնվելը շատ բան է փոխել, նրանք նորից սկսել են ժպտալ և դադարել են վախենալ։ Հիմա միասին երգում են, խաղում, սպորտով զբաղվում և գիրք կարդում։

Մենք իջնում ենք բակ, որտեղից երաժշտություն է լսվում։ Երեխաները հայրենասիրական երգեր են երգում, իսկ Սիփանը ջեմբե է նվագում։ Բոլորն ուրախ են։ Թվում է, թե լարվածությունը թուլացել է, բայց այդ պահին երեխաները սկսում են երգել․«Չենք տա Շուշին մենք ուրիշին, կյանքով ենք պահել»..., մեծերը սկսում են արտասվել։

-Բայց արդեն տվալ ենք,-ասում է փոքրիկներից մեկը։

-Մենք չենք տվալ, Նիկոլն ա տվալ,-պատասխանում է մյուսը։

Карабахские дети в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսի հյուրանոցում
780
թեգերը:
Շուշի, Հյուրանոց, Գորիս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (594)
Ըստ թեմայի
Կոչ արցախցիներին` եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք. բնակարանները չեն հերիքում
Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից
Բողոքի ցույց, արխիվային լուսանկար

Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

398
(Թարմացված է 21:32 01.12.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները ի սկզբանե բավական բարդ և վիճահարույց են եղել։
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն

Ինչու եմ այսօր այդ մասին խոսում՝ որովհետև շատ լավ հիշում եք` հենց դեկտեմբերի 1-ին, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ազգային խորհուրդը Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում ընդունեցին։ Ու սկսվեց խաղը։ Բայց խոստովանենք` խաղում էինք երևի հիմնականում ինքներս մեզ հետ։ Այսինքն՝ երբ պետք էր, ասում էինք, թե ոչ մի խնդիր չկա, մենք ու Ղարաբաղը անբաժանելի մի մարմին ենք, իսկ երբ հակառակն էր պետք ապացուցել, ասում էինք, թե Արցախը ընդամենը պայքարում է ինքնորոշման համար, ինչը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի ընդունված նորմերին։

Այն ժամանակ էլ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ոչ բոլորն էին կողմ վերամիավորման օգտին որոշում ընդունելուն։ Հիշենք, որ շատ լուրջ տարաձայնություններ կային։ Նոր սերնդի ներկայացուցիչները երևի չեն էլ հիշում, որ այն ժամանակ՝ ավելի քան 30 տարի առաջ, Ղարաբաղյան շարժման հայտնի գործիչներից մեկը՝ Արկադի Մանուչարովը, հիմնավորում էր՝ դեկտեմբերի 1-ի որոշումը խաղաթուղթ է Բաքվի ձեռքում` իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից։

«Այդ որոշումը պատմական տեսակետից նշանակալի է, մինչդեռ մենք գործնական քայլեր չենք կատարել դրա իրականացման համար: Այդ պատճառով էլ տվյալ որոշումը ոչ մի ուժ չունի, նույնիսկ վնասում է Արցախի ժողովրդին: Մեր առջև դիլեմա է` կա՛մ շտապ կերպով միացնել երկու վարչատարածքային միավորները, կա՛մ գրագետ ձևով «սառեցնել» դեկտեմբերյան որոշումը` աշխարհին ապացուցելու, որ կա ինքնորոշման հարց և ոչ թե տարածքային պահանջատիրության», ասում էր Արկադի Մանուչարովը:

Ավելին, դեկտեմբերի 1-ի վիճահարույց որոշման դեմ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հետագայում Հայաստանի նախագահ դարձավ։

«Դա կարող է ներկայացվել իբրև միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հաստատել Հայաստանի տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ, իսկ քաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաև արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը», հիմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այնուամենայնիվ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումն այն ժամանակ ընդունվեց։ Դե, անորոշ տարիներ էին, որքան էլ հիմա կարող է անհավանական և անհավատալի թվալ, այդ անցումային տարիներին Հայաստանի պառլամենտի անդամ դարձան ղարաբաղցի գործիչները, որոնք ընտրվեցին Հայաստանի որոշ ընտրատարածքներից։ Այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը։

Ի դեպ, ըստ հայաստանյան որոշ լրատվամիջոցների, հենց Ռոբերտ Քոչարյանն էլ ամենից շատ շահեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, որովհետև երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականի փետրվարի սկզբին հրաժարական տվեց, և նշանակվեցին նախագահական արտահերթ ընտրություններ, իր թեկնածությունն առաջադրեց այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։ Վարչապետների առումով այն ժամանակվա մեր Սահմանադրությունը ոչ մի սահմանափակում չուներ՝ կարող էինք նույնիսկ, ասենք, Սինգապուրից վարչապետ բերել, մինչդեռ նախագահի մասին այն Սահմանադրությունում շատ հստակ ասված էր։ Պարզապես մեջբերեմ։ «Նախագահ կարող է դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա արդեն ավելի քան երեք տասնամյակ առաջ դեկտեմբերի ամենասկզբին Հայաստանի խորհրդարանում ընդունված որոշման մասին կարծես թե որևէ մեկը չի էլ հիշում։

Ու միայն կարգախոսներ են հնչում՝ «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»։ Այսինքն՝ մենք չենք հիշեցնում, որ ավելի քան 30 տարի առաջ պաշտոնապես միավորվել ենք, բայց սպասում ենք, որ այլ երկրներ կճանաչեն Արցախի անկախությունը։

398
թեգերը:
Արցախ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել
Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
«Սարմատ»

Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները

162
Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրն ու ՌԴ ՊՆ վերազինման ծրագիրը բարձր կայունություն ցուցադրեցին անցնող տարվա տնտեսական մրրկայնության պայմաններում և գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների ֆոնին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսական ճգնաժամն այս տարի չխաթարեց սպառազինության զարգացման ռուսական պետական ծրագիրը (Սպառազինության պետական ծրագիր-2020) և ՌԴ դիրքերը զենքի միջազգային շուկայում։ Ռուսական զորքերի համար մատակարարումներն անցած տարվա համեմատ աճեցին 11%–ով։ «Ռոսոբորոնէքսպորտը» արտասահմանյան պատվիրատուներին 10 մլրդ դոլարի չափով ռազմական նշանակության ապրանք մատակարարեց, պահպանեց պատվերների պորտֆելը մոտ 50 մլրդ դոլարի մակարդակում և 9 մլրդ դոլարի նոր պայմանագրեր կնքեց։

Չներքաշվելով սպառազինության մրցավազքի մեջ` Ռուսաստանը 2019 թվականից ավելի քան 1.5 տրիլիոն ռուբլի է ծախսում բանակի ու նավատորմի վերազինման վրա, ընդ որում` 70%–ը ժամանակակից սերիական նմուշների համար։ Մեկ տարվա ընթացքում զորքերն ավելի քան 2300 միավոր նոր սպառազինություն են ստացել։

Ռուսական նավատորմը համալրվել է 35 սուզանավով, վերջրյա նավերով. միայն Բալթյան նավատորմը 6 նոր հրթիռային նավ է ստացել։ ՀՕՊ–ը համալրվել է 4 հատ Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի գնդային հավաքածուով և 6 հատ «Պանցիր» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի դիվիզիոն հավաքածուով։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

Սպառազինության պետական ծրագիր-2020–ի կատարման ընթացքում բանակի և նավատորմի ժամանակակից սպառազինության մակարդակը հասել է 70%–ի, ռազմավարական միջուկային ուժերինը` 83%–ի, ՕՏՈւ–ինը` 75%–ի։ Եվ ընդհանուր առմամբ 2011–2020 թվականների ՌԴ սպառազինությունների զարգացման պետական ծրագիրը դարձավ առաջին լիարժեք իրականացվող ծրագիրը, ինչպես նաև սպառազինության ու տեխնիկայի նոր և ժամանակակից նմուշների զանգվածային մատակարարումներ ապահովեց զորքերի համար։ Արագացումը շարունակվում է, նոր տարում զորքերն ավելի քան 3400 միավոր նոր ռազմատեխնիկա կստանան, 2022 թվականի սկզբին մշտական պատրաստության զորամիավորումների համալրումը սպառազինության նորագույն նմուշներով կգերազանցի 71%–ը։

Խնդիրների օղակում

Հակառուսական պատժամիջոցների և արևմտյան «գործընկերների» անբարեխիղճ մրցակցության հետ մեկտեղ ՌԴ զենքի արտահանման համար մեծ խնդիր դարձավ համավարակը։ Նկատենք, որ 2020 թվականին զենքի համաշխարհային առևտրի ցուցանիշների ընդհանուր «քովիդյան» իջեցում է կանխատեսվում 10%–ի մակարդակում, սակայն Ռուսաստանը պահպանել է առաջատարի դիրքը։ Ռուսական զենքը զբաղեցնում է սպառազինության համաշխարհային շուկայի շուրջ մեկ երրորդը (երկրորդ տեղը ԱՄՆ–ից հետո)։

Ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկությունը գերազանցապես փակ բնույթ է կրում, բայց հայտնի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ս-400 ԶՀՀ մատակարարման համար երկրորդ պայմանագիրն են ստորագրել, Եգիպտոսը 500 հատ Տ-90ՄՍ տանկեր է պատվիրել, արտասահմանյան պատվիրատուին Մի-38Տ բազմաթիրախային ուղղաթիռներ մատակարարելու համաձայնագիր է ստորագրվել։ Հնդկաստանը պատրաստ է ռուսական Միգ-29 և Սու-30 կործանիչների համար 2 մլրդ դոլար ծախսել։ Արտահանման բարձր ներուժ ունեն հինգերորդ սերնդի Սու-57Է կործանիչները, Մի-28ՆԷ արդիականացված ուղղաթիռներն ու Կա-52Կ նավի վրա տեղակայվող ուղղաթիռները։

Պակաս պահանջարկ չեն վայելում «Անթեյ-4000» Ս-300Վ4 ԶՀՀ–ն ու «Արմատա» զրահամեքենաները։ Ռուսաստանի առաջատարության գինը հասկանալու համար նշենք, որ ՌԴ զենքի արտահանման մոտ 45%–ը ավիացիան է։ 2020 – 2023 թվականներին էլ բազմաթիրախային կործանիչների համաշխարհային արտահանման ծավալը գնահատվում է 110,7 մլրդ դոլար, մարտական ուղղաթիռներինը` 65,3 մլրդ դոլար։

Բարձր տեխնոլոգիաները մարտական շարքերում

Անցնող տարին հատկանշական է ռուսական զենքի քանակական (սերիական արտադրություն) և որակական (մարտական օգտագործում) առաջընթացով։ Մի քանի վառ շտրիխներ` ժամանակագրական կարգով։

Կա-52 «Ալիգատոր» ժամանակակից և ունիվերսալ հետախուզական-հարվածային ուղղաթիռը ստուգվել է Սիրիայի մարտական պայմաններում, կարող է կրել 2,8 տոննա կշռով զինանոց, և այսօր մինչև 100 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ է «փորձում» (աշխարհում նմանատիպը չկա): Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական շարքերում մոտ 140 այդպիսի մեքենա կա։

«Պանցիր» ԶՀՀՀ-ն 2020 թ-ին առաջին անգամ «ոտք դրեց» մարտական նավի տախտակամածին։ Ժամանակի պահանջն էր: Օդային թիրախների արագության և խոցման հնարավորություններն անընդհատ աճում են, դրանց չափն ու նկատելիությունը՝ նվազում։ Հակառակորդի էժանագին անօդաչուների վրա Ս-300 կամ Ս-400 թանկարժեք հրթիռներ ծախսելը ռացիոնալ չէ։ Կոմպակտ համակարգի ծովային մարմնավորումն արդյունավետ կերպով ոչնչացնում է բոլոր տեսակի օդային թիրախները՝ սկսած 20 կմ հեռավորությունից մինչև նավի տախտակամած։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են Ս-350 «Վիտյազ» նորագույն զենիթահրթիռային համակարգի մարտական շահագործումը Լենինգրադի մարզում, և այդ զենքը թույլ է որակական ցատկ կատարել ՀՕՊ-ի ամրապնդման գործում՝ Արևմտյան ռազմավարական ուղղությամբ: Դիվիզիոնում կա 12 կայանք, յուրաքանչյուրի վրա՝ 12 հրթիռ։ Ընդհանուր առմամբ՝ 1728 հրթիռ, որոնք պատրաստ են արագ և ճշգրիտ, ավտոմատ ռեժիմով օդային թիրախներ խոցել ավելի քան 120 կմ հեռավորության և մինչև 30 կմ բարձրության վրա: Ավարտվում են Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի փորձարկումները, որոնց ընթացքում հրթիռը խոցել է թիրախը 553 կմ ռեկորդային հեռահարությամբ:

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Սևծովյան ուղղությամբ Ս-500 համակարգերը կարող են (ուղղակի տեսականորեն) Ղրիմից խոցել ագրեսորի ռմբակոծիչները Բուխարեստի, Անկարայի կամ Կիևի երկնքում (այս բոլոր դեպքերում հեռավորությունը 550 կմ-ից քիչ կլինի)։

ՌԴ ռազմածովային նավատորմը 2020թ․-ին 28 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունում է միանգամից վեց սուզանավ․ չորս ատոմային՝ 955Ա և 885Մ նախագծերի և երկու դիզելային-էլեկտրական՝ 636․3 և 677 նախագծերի։ Չորրորդ սերնդի տասը ռազմավարական ստորջրյա հածանավերը (երեք «Բորեյ» և յոթ «Բորեյ-Ա») մոտակա տասնամյակների համար ռուսական ատոմային եռամիասնության ծովային հիմքը կդառնան և կկրեն ամենաքիչը 160 «Բուլավա» հրթիռներ (դա 1600 առանձնացող մարտագլխիկ է՝ 100-150-ական կիլոտոննա հզորությամբ)՝ 8000 կմ գործողության շառավղով։ Ռուսաստանը սրընթաց կերպով նոր ստորջրյա նավատորմ է ստեղծում, որը կարող է պաշտպանել երկրի շահերը Համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում։

Սկսվել է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների արտադրությունը։ Նորագույն կործանիչն ունակ է օդային և ցամաքային թիրախներ հայտնաբերել մինչև 400 կմ հեռավորության վրա, մինչև 62 օբյեկտ ուղեկցել և թիրախանշում փոխանցել այլ ինքնաթիռներին՝ հարվածային և անօդաչու։ Առաջին խմբաքանակում 76 կործանիչ է ՌԴ պաշտպանության նախարարության համար, հեռանկարում Սու-57-երի երեք ավիագունդ կապահովեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական հնարավորությունների կայուն աճը։

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր մուտք գործելուց առաջ վերջնական փորձարկումներ է անցել նոր ծանր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է թռչել մոլորակի երկու բևեռների վրայով։ Սկզբունքային տարբերությունն այն է, որ նոր ՄԲՀ-ն՝ Յու-71 տիպի գերձայնային բլոկերով, կարելի է օգտագործել որպես գերճշգրիտ ոչ միջուկային զենք։ Մթնոլորտում մոտ 15 Max (7կմ/վ) արագության պարագայում բլոկի կինետիկ էներգիան երաշխավորում է միջուկային զենքին բնորոշ ավերածություններ՝ առանց տարածքի ռադիոակտիվ աղտոտման։ Հիպերձայնային մանևրող մարտագլխիկների զգալի առավելությունը հետագիծը խիստ ճշգրիտ շտկելու և մեկնարկի կետից հազարավոր կիլոմետրեր հեռու անշեղորեն խոցելու ունակությունն է:

Միջուկային էներգետիկ կայանքով խորջրյա «Պոսեյդոն» սարքի փորձարկումները հաստատել են անօդաչու նավարկության եզակի բնութագրերը և գրեթե անսահմանափակ հեռավորությունը։ Դա ռազմավարական միջմայրցամաքային խորջրյա սարք է, որը կարող է 1000 մետր խորությամբ մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն կտրել 100 հանգույց (185 կմ/ժ) արագությամբ: 24 մետր երկարությամբ սարքը կարող է հագեցած լինել սովորական կամ մեգատոննանոց ջերմամիջուկային զինամթերքով և նախատեսված է ավիակիր խմբավորումների, ռազմավարական սուզանավերի բազաների, հակառակորդի առափնյա ենթակառուցվածքի ոչնչացման համար:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Ռուսաստանը հաջողությամբ ավարտում է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռի՝ արդյունավետ բարձր ճշգրտության զենքի փորձարկումները, որի համանմանը չկա աշխարհի ոչ մի երկրում: Հոկտեմբերին Սպիտակ ծովում «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատից արձակված «Ցիրկոնը» չորսուկես րոպեում խոցել է Բարենցի ծովում՝ 450 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը և հաստատել է ՌԴ արկտիկական սահմանների և Հյուսիսային ծովային ճանապարհի պաշտպանության հուսալիությունը: Արագությունը գերազանցել է 8 Max-ը, թռիչքի առավելագույն բարձրությունը հասել է 28 կմ-ի։ Նախագծով նախատեսված է հրթիռների մինչև 9 Max (ավելի քան 10789 կմ/ժամ) արագություն և թռիչքի ավելի քան 1000 կիլոմետր հեռավորություն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է զորքերը համալրել «Ուրան-6» ականազերծող ռոբոտներով։ Ականազերծման բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը նախատեսված է ականապատ տարածքներում անցուղիներ բացելու և զգալիորեն մեծ տարածքներ ականազերծելու համար (ավելի վաղ փորձարկվել է Սիրիայում):

162
թեգերը:
Զենք, Ռուսաստան
Բողոքի ակցիա, քրեական գործ

ՔՊ–ի գրասենյակից զինվորական համազգեստ ու զենք չի բաժանվել. քրգործի հարուցումը մերժվել է

0
(Թարմացված է 16:43 02.12.2020)
Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել։

ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին 17 կուսակցությունների նախատեսած գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին:

Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արարքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով:

Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից: Նրանք ասել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն` պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:

Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու ՔՊ գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել:

Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպվում, մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

0
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստան