Արմեն Ջիգարխանյան. ախրիվային լուսանկար

«Եթե կյանքը գերեզմանում է վերջանում, ուրեմն դա սուտ բան է, մեզ խաբեցին». Ջիգարխանյան

220
(Թարմացված է 22:40 19.11.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Մեզ` հայաստանցիներիս համար մի տեսակ աննկատ` կյանքից հեռացավ Արմեն Ջիգարխանյանը։ Ուրիշ խնդիրներով էինք տարված։ Էդպես լինում է։
Արմեն Ջիգարխանյան. «Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք դնում մեր գործունեության հիմքում։ Ես հիմքում դնում եմ սերը»

Այն առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ կյանքից հեռացան մշակույթի հայտնի գործիչներ, որոնց կորուստը գրեթե չզգացինք, բայց այն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր՝ լույս չկար, ուրեմն նաև հեռուստատեսություն նայելու հնարավորությունից էինք զրկված, այնքան էլ խղճուկ աշխատավարձ էինք ստանում, որ ափսոսում էինք օրական գոնե 50 դրամ տալ կրպակից որևէ օրաթերթ գնելու համար։

Հիմա իրավիճակն այլ է, բայց չեմ ուզում ժամանակ ծախսել Արմեն Ջիգարխանյանի կենսագրությունը և գործունեությունը ներկայացնելու համար, մանավանդ որ, խոստովանեմ, շատ էլ չեմ շփվել նրա հետ։ Մի անգամ եկել էր Պրահա, որտեղ այն ժամանակ աշխատում էի, և գործընկերներիս հետ միասին նրան հրավիրեցինք «Ու Կալիխու», որն անվանում են Շվեյկի ռեստորան, քանզի Յարոսլավ Հաշեկը իր հայտնի ստեղծագործության մեջ նկարագրել է, թե ինչպես է այդ անվախ զինվորը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ասում ընկերոջը՝ կհանդիպենք այդ ռեստորանում պատերազմի ավարտից հետո՝ երեկոյան ժամը 8-ն անց կեսին։

Ու մեկ էլ մի անգամ ռուսաստանյան նախագահական ընտրությունները լուսաբանելիս Մոսկվայում զանգահարեցի Արմեն Ջիգարխանյանին ու հարցրեցի. «Դուք ո՞ւմ օգտին եք քվեարկելու»։

Բարկացած ձայնով շատ կարճ պատասխանեց. «Այ բալամ, ես ի՞նչ կապ ունեմ քաղաքականության հետ»։

Ու անջատեց հեռախոսը։

Մոսկվայի դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին

Այդ ժամանակ հիշեցի, որ երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք հանդիպում է Հայաստանի ղեկավարության հետ և եթե հանդիպում է, ինչ խորհուրդներ է տալիս, հայտնի դերասանը էլի շատ կարճ պատասխանել էր.

«Ամենավատ բանը տգիտությունն է: Եթե ես խնդիրը չգիտեմ, չեմ կարող խորհուրդ տալ»։

Այսօր ուզում եմ պարզապես ներկայացնել Արմեն Ջիգարխանյանի մտորումները՝ առանց որևէ մեկնաբանության։

«Միշտ պատմել ու պատմում եմ, որ Նիագարայի ջրվեժն եմ տեսել՝ ինձ համար ամենաշշմեցուցիչ բանը։ Առաջին անգամ երբ տեսա, հասկացա՝ անվերջություն կա, հենց այնտեղ էլ գնում է այդ ջուրը: Իմիջիայլոց, սկզբում շատ թույլ ջուր է, ոչ մի ուժ չունի, հոսում, գալիս-գալիս է, բայց վերջում դառնում է ուրիշ երևույթ. ամենահզորը դա է՝ Նիագարայի ջրվեժը։ Այն ինձ շշմեցնում է, որովհետև վերջ չունի։ Ամենավախենալու հասկացողությունն է՝ հավերժություն։ Քիչ թե շատ հասկանում ենք, որ ամեն ինչ իր վերջն ունի, բայց դա... Մի անգամ գնում էի Ճապոնիա, ինքնաթիռի պատուհանից նայեցի՝ անտառ էր, քնեցի, արթնացա, նորից նայեցի՝ էլի անտառ է։ Հարցնում եմ՝ այս ի՞նչ է։ Պատասխանեցին՝ «это тайга». Ասում եմ՝ բա վերջ չունի՞։ Չէ, չունի։ Դրանից ենք կամ վախենում, կամ ուժ գտնում` վերջ չունի»:

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել

«Մենք մահկանացու ենք։ Ի՞նչ պիտի մնա մեզնից հետո՝ ոչ ոք չգիտի: Հա, հետո կհիշեն, կասեն Ջիգարխանյանը շատ էր սիրում այդ բողկը, կամ չէր սիրում, բայց… Ունեի մամա, ինձ համար գուցե ամենաթանկ մարդն էր: Նա էր ու ես էի, մեր կյանքը դա էր։ Հիմա չկա։ Ամենապրիմիտիվ հարցն եմ ինձ տալիս՝ բա ո՞ւր գնաց։ Գիտեմ, մահկանացու ենք, ամեն ինչ գիտեմ, այդ օրենքները գիտեմ՝ կարդացել եմ, բայց հարցը մնում է՝ բա իմ մաման ո՞ւր գնաց։ Պատասխան չկա, որովհետև եթե կյանքը գերեզմանում է վերջանում, ուրեմն դա սուտ բան է, մեզ խաբեցին։ Հեշտ հարց չի, բայց դա իմ խնդիրն է, ու ես պետք է մտածեմ՝ ուր եմ գնալու... Պատասխան դեռ չունեմ, դրա համար էլ պատմեցի Նիագարայի ջրվեժի մասին»:

«Ես ավելի քան 60 տարի աշխատել եմ թատրոնում և կարող եմ ասել՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք դնում մեր գործունեության հիմքում։ Ես հիմքում դնում եմ սերը։ Իմ կարծիքով՝ մյուս տարբերակներն ավելի վատն են»։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն անսովոր խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին

220
թեգերը:
Պատերազմ, Արմեն Ջիգարխանյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (269)
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

454
Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ոչ բարենպաստ իրադարձությունների ֆոնին Արցախի կարգավիճակի որոշման հարցը կրկին արդիական է դարձել։

Դեռ 2016 թվականի ապրիլի 2-ին, հակամարտության գոտում մարտական գործողությունների սկսելուց երկու ժամ անց Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտոնական Երևանը կարող է ճանաչել Արցախը։ Սակայն դա տեղի չունեցավ։

2020 թվականի օգոստոսի կեսին Սարգսյանն իր որոշումը պարզաբանեց` դա կարող էր խանգարել հայկական կողմի դիվանագիտական ջանքերին, և ավելացրեց, որ եթե մարտերը Ղարաբաղում ավելի երկար տևեին, Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր Արցախի անկախությունը։ Ավելին՝ նախկին նախագահը վստահություն հայտնեց, որ լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախը։

Այս անգամ մարտական գործողությունները 44 օր տևեցին Արցախում։ Դաժան մարտեր ընթացան շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը դիմադրեց ոչ միայն ադրբեջանական զորքերին, այլև գրոհայիններին ու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներին։ Փոքր Արցախի համար դժվար է ավելի լայնածավալ պատերազմ պատկերացնել։ Սակայն այս անգամ էլ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը։

Ինչի՞ց էր վախենում Հայաստանը

1994 թվականին մարտական գործողություններում հաղթելուց հետո ու հրադադարի մասին բիշքեկյան արձանագրությունից հետո Արցախի ճանաչման հարցը բազմաթիվ անգամ է դրվել Հայաստանի իշխանության առջև։ Բոլոր կշտամբանքներին Հայաստանի ղեկավարությունը նույն պատասխանն էր տալիս` ՀՀ կողմից Արցախի ճանաչումն այս պահին ոչ նպատակահարմար է, քանի որ նման քայլի դեպքում համաշխարհային հանրությունը մեզ օկուպանտ երկիր կհամարի, պատժամիջոցներ կկիրառի, ու դա բացասաբար կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցությունների վրա։

Կարծում եմ՝ այս անգամ էլ Հայաստանի իշխանությունը զգուշացավ իրենց տեսանկյունից անխուսափելի ու բացասական հետևանքների պատճառով։

Չմոռանանք, որ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակվել է կարգավորման երեք հիմնական բաղադրիչ՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Արցախի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը խախտեց երրորդ սկզբունքը։ Բաքուն 2016 թվականին էլ այդ քայլին դիմեց։ Առանց վարանելու նույնն արեց նաև 2020 թվականին։ Ավելին՝ այս անգամ Բաքուն լայնածավալ մարտական գործողություններում ներգրավեց նաև հազարավոր սիրիացի գրոհայիններին․ այդ փաստն ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։

Ադրբեջանի կոպիտ խախտումները Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություն տվեցին Հայաստանին` որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի։

Ի՞նչ կտար դա

Հաճախ կարծիքներ են հնչում, որ Հայաստանի կողմից ճանաչումը գլոբալ առումով ոչինչ չէր տա, քանի որ դա դեռ չէր նշանակի, թե մյուս պետություններն էլ մեխանիկորեն կճանաչեն Արցախի անկախությունը։

Եթե խոսենք հակամարտության ներկայիս «թեժ փուլի» մասին, պարզ է մի բան` Հայաստանի Հանրապետության նման քայլը թույլ կտար բացահայտ պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ ու ամբողջ ուժով Արցախը պաշտպանել արտաքին ագրեսիայից։ Դա կնշանակեր ոչ միայն զորքեր մտցնել հակամարտության գոտի, այլև երկրորդ ճակատ բացել Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ բուն Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կարելի էր համարձակ խնդրել ու ռազմական օգնություն ակնկալել դաշնակից երկրներից։ Այդ դեպքում շատ հավանական է՝ մեզ հաջողվեր բեկել իրավիճակն ու պահպանել տարածքները։

Արցախ գնացող կամավորականների մոտ ելույթ ունենալիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանը դաշնակիցներ ու ընկերներ ունի՞։ Ինքն էլ պատասխանեց` այո, ու դաշնակիցները Հայաստանին կընդունեն ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում։

Եթե այդպես է, ապա ինչու Հայաստանն իր քայլերով չի «դրդում», որ դաշնակիցներն աջակցության ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկեն։ Ինչու է Հայաստանն անընդհատ սպասում դաշնակիցների առաջին քայլին։

94 թվականից ի վեր մենք անընդհատ պատասխանում ենք Ադրբեջանի նախաձեռնություններին․ դա տեղի է ունենում ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում։ Ժամանակը չէ՞, որ ինքներս ավելի համառ դառնանք, այդ թվում նաև դիվանագիտական ճակատում։

Ի՞նչ արդյունք ունենք

Արցախը չճանաչելով`Հայաստանի Հանրապետությունը «ապահովագրեց» իրեն ու ընդհանուր առմամբ սխալ հաշվարկ արեց։ Հայաստանն Ադրբեջանին ցույց տվեց, որ իր բոլոր սպառնալիքները գործնականում փուչ էին։ Հայաստանը չկարողացավ պատշաճ մակարդակով կազմակերպել Արցախի ժողովրդի պաշտպանությունը։ Դրա վկայությունն է հանրապետության մոբիլիզացված բնակչության տոկոսը (ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ զորահավաք չի կատարվել, պատերազմի 5-րդ օրը Արցախում 78, իսկ Հայաստանում 52 տոկոսով է լրահամալրումն իրականացրել)։ ՀՀ-ն փաստացի կորցրել է Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը, ինչի մասին են վկայում Արցախի իշխանության հրապարակային հայտարարությունները․ նրանք արդեն հույսը չեն դնում Երևանի վրա։ Տարածքները կորցնելու ու եռակողմ հայտարարության հետևանքների մասին լռում ենք․ մեկնաբանություններն ավելորդ են։

Արցախի կարգավիճակի որոշման հեռանկարները

Արդեն մեծ հարց է` այսօր Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախի անկախությունը, թե ոչ։ Անհասկանալի է նաև՝ ինչ սահմաններով պիտի ճանաչի։ Այս դեպքում էլ է հայերի հայացքը նորից ուղղվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Ֆրանսիան վստահեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծման է հասնելու Ղարաբաղի կարգավիճակի ճանաչմամբ, և Սենատն արդեն ընդունեց Արցախի անկախությունը։ 

Ինչպես կվարվի ԱՄՆ-ն, դեռ հայտնի չէ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր վարչակազմը կձևավորվի միայն եկող տարվա հունվարին։

Արդեն պարզ է, որ Արցախի կարգավիճակի հարցն արագ չի լուծվի։ Իսկ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, հակամարտությունը չի կարելի կարգավորված համարել։

Հայաստանը պետք է իր դիվանագիտական ողջ ներուժն ու սփյուռքի կարողություններն օգտագործի Արցախի անկախության միջազգային ճանաչման համար (Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինակով մենք ցույց տվեցինք, որ կարող ենք անել)։ Սփյուռքահայերի «Ես ճանաչում եմ Արցախը» կարգախոսով ակցիաները պետք է հզոր շարժման սկիզբ դառնան։

Միայն Արցախի ճանաչումից հետո հայ ժողովուրդը կկարողանա հակամարտության պատմության վերջակետը դնել։ Իսկ հիմա միայն բազմակետեր են․․․

454
թեգերը:
անկախություն, Հայաստան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի
Արցախի նախագահն այցելել է Մոսկվա, ապա Երևանում հանդիպել իշխող ուժի պատգամավորների հետ
Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով
Քարվաճառ. 24 նոյեմբերի, 2020

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

242
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր, երբ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվում է Քելբաջարի շրջանը, կարելի է հիշել, թե ինչպես այն ազատագրվեց և ինչպիսի խնդիրներ ծագեցին դրա հետ կապված։
Հիշենք, թե ինչպես ազատագրեցինք Քելբաջարը

​1993 թվականի ապրիլին հայկական ուժերը մտան Քելբաջար։ Ադրբեջանական այդ շրջանի բնակիչները նախապես զգուշացված էին՝ պետք է հնարավորինս արագ լքեք ձեր բնակության վայրերը։ Մի քանի օր էր տրված, որից հետո Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը ասաց. «Լավ, հո անվերջ չենք կարող սպասել, որ ադրբեջանցիները դուրս բերեն իրենց վերջին դոշակները»։

​Մի առիթով Վազգեն Մանուկյանը պատմել է. «Իմ վարչապետությունից հետո մինչև պաշպանության նախարար նշանակվելը մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ շրջանը գրավել էին ադրբեջանցիները։ Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում՝ գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր։ Հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, քանի դեռ Քելբաջարը քոնը չէ»,- տարիներ առաջ ասել էր պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

​Իսկ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հիշում է. «Հակառակորդը սպասում էր, որ կշարունակենք խորանալ Մարտակերտի ուղղությամբ, բայց ռազմական գործողությունների կենտրոնը տեղափոխեցինք Լաչին-Քելբաջար։ Քելբաջարը փայլուն օպերացիա էր։

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

Պատերազմի ժամանակ պետք է կարողանաս թելադրել, և հակառակորդը չպետք է զգա կամ հասկանա, թե որտեղ է լինելու հաջորդ հարվածը։ Ռազմի դաշտում հաղթում է նա, ով իր կամքն է թելադրում։ Մինչև 1992 թվականի նոյեմբեր հակառակորդն էր մեզ իր կամքը թելադրում, թե որտեղ կռվենք, որտեղ պաշտպանվենք։ Շատ մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց ստեղծել միասնական ղեկավարություն և փոխել իրավիճակը», փաստել է Սամվել Բաբայանը։

​Քանզի այդ տարիներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ աշխատում էի Հայաստանի պաշտպանության նախարարությունում և ապրիլի սկզբին ուղղաթիռով գնացել էի Քելբաջար, կարող եմ վկայել, որ այդ օպերացիան իրոք փայլուն էր և իրականացվեց նվազագույն զոհերով։ Քելբաջար շրջկենտրոնի բնակիչները հիմնականում հեռացել էին Բաքվից ուղարկված ուղղաթիռներով, բայց որոշ ընտանիքներ նաև ստիպված էին ավտոմեքենաներով կամ նույնիսկ ոտքով ուղևորվել դեպի հյուսիս։

​Խոստովանենք՝ այն ժամանակ մեծ մտահոգություն կար՝ բա միջազգային հանրությունն ինչպես կընկալի այս ամենը, միգուցե նույնիսկ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ։ Անհասկանալի է, թե ինչ պատժամիջոցների մասին էր խոսքը, որովհետև Հայաստանն առանց այն էլ աղետալի վիճակում էր՝ լույս չկար, ջուր չկար, ջեռուցում չկար։ Տարբեր շրջանակներում սկսվեցին խոսակցությունները Քելբաջարը ադրբեջանցիներին վերադարձնելու հնարավորության մասին։ Բայց ախր հանրության գերակշիռ մասը հասկանում էր՝ Քելբաջարը հայկական ուժերի վերահսկողության տակ պահելը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության ապահովման հարց է։

​Ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հիշեցնում էր, որ Քելբաջարի իրադարձություններից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց։ Պարզապես մեջբերեմ. «Քելբաջարից հետո Ադրբեջանում անկայունություն էր, եղավ իշխանափոխություն, այսինքն չէր էլ կարող նման հարց քննարկվել։ Այնպիսի վիճակ էր, որ բանակցող չկար, նույնիսկ միջնորդները չգիտեին՝ այս պահին ում հետ բանակցել»։

Մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ է Ղարաբաղ վերադարձել․ ՌԴ ՊՆ

Քելբաջարից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց մի բանաձև, որում, ինչպես նաև հետագա բանաձևերում, Հայաստանի նկատմամբ պահանջ չկար, բացի այն, որ Երևանը պետք է օգտագործեր իր ազդեցությունը Ստեփանակերտի վրա, փաստել է Դավիթ Շահնազարյանը, արձանագրելով. « Քելբաջարը լուրջ բեկում մտցրեց ռազմական գործողություններում, որովհետև Շուշիից ու Լաչինից հետո ադրբեջանական բանակին հաջողվել էր օկուպացնել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի գրեթե կեսը։ Քելբաջարը ռազմական առումով չափազանց կարևոր էր, ճակատային գիծն էապես կրճատվեց։ Պատերազմի ողջ ընթացքում թվային գերակայությունը միշտ եղել է Ադրբեջանի կողմը, և ճակատային գծի կրճատումը չափազանց կարևոր էր», կարծիք է հայտնել Դավիթ Շահնազարյանը, որին իր գրքում մեջբերում է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը։

242
թեգերը:
Արցախյան պատերազմ, Քարվաճառ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (269)
Ըստ թեմայի
Ի՞նչ կատարվեց Արցախում. արևմտյան ու ռուսաստանյան լրատվամիջոցների անդրադարձը
Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
Արցախ

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

0
(Թարմացված է 20:01 26.11.2020)
Շահումյանի շրջանի երկու գյուղերի հետ կապված անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրանք նախկինում եղել են Մարտակերտի կազմում, ապա տրվել են Շահումյանի շրջանին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի- Sputnik. Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղը մնում է հայկական վերահսկողության տակ։ Ամենայն հավանականությամբ, նույն ճակատագրին կարժանանա նաև Չարեքթար գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ կառավարությունը հրապարակեց Արցախի այն 121 բնակավայրերի (քաղաքներ ու գյուղեր) ցանկը, որոնք նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության արդյունքում անցնում են  Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ ցուցակում ներառված էին նաև Ակնաբերդը և Չարեքթարը։

«Ակնաբերդը մնում է մեզ։ Եթե չեմ սխալվում, Չարեքտարը` նույնպես», - ասաց Բախշիյանը։

Նրա խոսքով` նախկինում, երկու գյուղերն էլ Մարտակերտի շրջանի մեջ էին մտնում։ Հետո դրանք հանձնվել են Շահումյանի շրջանին։

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է

Նա նշել է, որ հայկական վերահսկողության տակ պետք է մնա Դադիվանքից արևելք ընկած տարածքը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

0
թեգերը:
Շահումյանի շրջան, Գյուղ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Եռակողմ հայտարարություն, Արցախյան պատերազմ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը