Արմեն Ջիգարխանյան

Ջիգոն... ի՞նչ մնաց մեծ արտիստի մահվանից հետո. հիշողություններ Արմեն Ջիգարխանյանի մասին

638
(Թարմացված է 19:09 17.11.2020)
85 տարեկանում հավերժի ճամփան բռնեց հայազգի մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Նա ուներ ընտանեկան ու առողջական խնդիրներ և վերջին տարիներին ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում ավելի հաճախ հայտնվում էր հենց այդ լույսի ներքո։

Արմեն Ջիգարխանյանի վերջին տարիները հեշտ չէին։ Դավաճանություն, բամբասանքներ, անձնական կյանքի հանրային քննարկումներ. ինչի միջով ասես չի անցել արտիստը։ Բայց այս ամենն անցողիկ բան դուրս եկավ։ Նրա հեռանալուց հետո մարդիկ ոչ թե այս ամենն են հիշում, այլ այն, թե ինչպիսի դերասան և անձնավորություն էր նա։

Ինչի՞ց էի ես վախենում։ Այն բանից, որ սիրված արտիստի հեռանալը, ինչպես պարզվեց՝ ոչ սիրելի կնոջից, կարող է աղավաղել անկրկնելի Արմեն Ջիգարխանյանի կերպարը, և երբ վաղ թե ուշ նա լքի մեզ (բոլորը ցանկանում էին, որ դա տեղի ունենա հնարավորինս ուշ), կեղտը կմաքրվի, բայց տհաճ նստվածքն այնուամենայնիվ կմնա։ Այ դա բոլորովին ցանկալի չէր։

Մտավախություններն անտեղի էին. ամեն ինչ անցավ գարնան անձրևի նման։ Հիշողություններում մնաց Ջիգարխանյանն այնպիսին, ինչպիսին նա կար իրականում. առանց ասեկոսեների և չարախոսությունների։

Յուրաքանչյուրիս համար նա մերն է։ Ամեն ոք, ով հանդիպել է նրան, սեղմել է ձեռքը կամ մի սեղանի շուրջ նստել նրա հետ, հուշերում կպահպանի իր սեփական Ջիգարխանյանին։ Ի՞նչ կմնա իմ հուշերում։

Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին

Մենք այնքան մտերիմ չէինք, որպեսզի ինչ-որ բան իմ անունից պատմեմ, բայց Ջիգարխանյանն իմ ընկերոջ՝ ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն էր, իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ վերաբերում էր Ջիգոյին (այդպես էին անվանում նրան մտերիմ ընկերները), վաղ թե ուշ հասնում էր մեզ։

Որտեղ է մտադիր նկարահանվել, ինչպես է առողջությունը (մանավանդ, երբ արդեն 70-ն անց էր), ինչու է գնում Հայաստան, երբ է թռչում Ամերիկա (Ամերիկա այցելում էր ավելի հաճախ, քան Հայաստան), ինչ պարգև կշնորհեն 80-ամյակին և ինչ պրեմիերա սպասենք Մոսկվայի Լոմոնոսովյան պողոտայում գտնվող նրա թատրոնում, որի կողքով ես հաճախ էի անցնում։

«Կանգառ՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոն, հաջորդը՝ Չերյոմուշկիի շուկա»,-հայտարարում էր տրոլեյբուսի մեխանիկական ձայնը, բայց ինձ ձայնը չէ, որ շփոթեցնում էր։ Ինձ հաճելի էր լսել կարևորը՝ «Արմեն Ջիգարխանյանի թատրոն», և հաճելի էր նաև գիտակցել, որ այդ անունը լսում են հազարավոր մարդիկ։ Ամեն օր, տարեցտարի։

Ինչ-ինչ, բայց գովազդի կարիք Ջիգարխանյանը չուներ. նրա հռչակը ապշեցնում էր, վեր էր բոլոր ցուցանիշներից, ուրախացնում էր, բայց երբ պետք էր, ձեռք էր բերում պրագմատիկ և կիրառական բնույթ։

Նրա օգնության կարիքը հաճախ և շատերն էին զգում. պարտադիր չէ, որ հայրենակիցներ լինեին։ Օգնում էր հաճույքով, բայց ընտրողաբար։

Հուշերիս մեջ մնացած դրվագներից։

Զանգ նախագահ Ելցինի վարչակազմի բնավ ոչ վերջին մարդկանցից մեկին` ազգությամբ հայի։ Ոչինչ չնշանակող մի երկու խոսք, ապա հարց է հնչում․ «Չե՞ք ուզում ինձ խաշի հրավիրել»։ Չցանկանալ անհնար էր, վարպետի խնդրանքը չկատարել՝ նույնպես։ Դերասանի ճանաչելիությունը շշմեցնող էր, անծանոթ մարդկանց՝ որևէ կերպ նրան ծառայություն մատուցելու ցանկությունը՝ հսկայական։

Մոսկվայի՝ վրացական խոհանոցով ռեստորաններից մեկի սրահը։ Պատին Վախթանգ Կիկաբիձեի նկարն է կախված, դրա տակ՝ սպասքապահարանը, որի վրա կոնյակի ոչ սովորական շիշ է։ 

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»

-Հայկակա՞ն է,-հարցնում է Ջիգարխանյանը մատուցողին։

-Իսպանական։ Նույնպես շատ լավն է,-պատասխանում է մատուցողը։

-Չեմ հավատում,-Ստանիսլավսկու ոճով ասում է արտիստը։

Երբ ռեստորանից դուրս էին գալիս, մատուցողը Ջիգարխանյանին փաթեթ է փոխանցում։

-Սա ի՞նչ է։

-Կոնյակ։ Մեր անձնակազմից։

-Իսպանակա՞ն,-հարցնում է Ջիգարխանյանը։

-Հայկական,-հավատացնում են։

․․․Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Ջիգարխանյանը եկավ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո։ Իսկ դրանից առաջ ռեժիսորի օգնական էր աշխատում «Հայֆիլմ» կինոստուդիայում։

-Կարո՞ղ եմ ասել, որ միասին ենք սկսել,-հարցրի նրան, բացատրելով, որ ինքս էլ ժամանակին ռեժիսորի օգնական եմ եղել, նույնպես «Հայֆիլմում»։

-Միանշանակ,-վստահ պատասխանեց Ջիգարխանյանը։

1967 թ.-ին Ջիգարխանյանին հրավիրեցին Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, որը նրան սկզբում հայտնի դարձրեց, ապա՝ հռչակավոր, իսկ հիմա` մահից հետո, մեծագույն։

Անթիվ-անհամար դերեր է խաղացել, բայց դժվար է հիշել գեթ մեկը, որ միջանկյալ, իմիջիայլոց լինի։ Թեև Լոմոնսովի պողոտայում գտնվող տունը Մոսկվայի թատերասերների կյանքում իրադարձություն չդարձավ, բայց Ջիգարխանյանի ներկայությունն իր թատրոնի բեմում միշտ էլ առաջին աստիճանի իրադարձություն էր։

Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը

Ուրիշ ի՞նչ են հիշում մարդիկ սիրելի արտիստի կյանքից։ Դստեր ողբերգական մահվան սարսափելի օրերը, բեմական և կինեմատոգրաֆիական հաղթանակները, Ֆիլ անունով կատվին, հայտնի «դա քեզ չի վերաբերվում» արտահայտությունը, որից ոչ ոք չէր նեղանում, հեգնական ժպիտը՝ իմաստուն խորամանկությամբ, խորհրդային ժամանակներից չմոռացված պատկերացումը ժողովուրդների միասնական ընտանիքի մասին։

Չգիտեմ` օտարազգիներն ինչպես, բայց հայերը պարբերաբար իրենց հռչակավոր հայրենակիցների մարդահամար են անցկացնում․ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ամենուր։ Այնուհետև ամփոփում են արդյունքները։ Ավա՜ղ, մեծագույններն ավելի հաճախ հեռանում են, քան հայտնվում։ Գուցե ժամանակի հետ վիճակը բարելավվի, բայց առայժմ վիճակը հենց այսպիսին է։ Ահա և Ջիգարխանյանն էլ գնաց՝ մեզ թողնելով հուսահատություն և թախիծ։

Գիտեինք, հասկանում էինք, որ մարդն ութսունն անց է, բայց այնուամենայնիվ․․․

638
թեգերը:
հիշողություն, Մահ, Արմեն Ջիգարխանյան
Ըստ թեմայի
Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել
Ջիգարխանյանի մահը հսկայական կորուստ է բոլորիս համար. Պուտինը ցավակցական ուղերձ է հղել
Մոսկվայի դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին
Վազգեն Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

323
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ ավելի քան մեկուկես տասնյակ կուսակցություններ հայտարարեցին, թե վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, բազմաթիվ ու բազմապիսի հարցեր ծագեցին։ Մի քիչ նման է դեժավյուի. այս ամենը մենք արդեն մի անգամ տեսել ենք։
Վազգեն Մանուկյան. «1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր»

Հա, բայց ախր տեսել ենք 1996 թվականին, երբ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը սատարեցին մի քանի քաղաքական ուժեր, սակայն չմոռանանք, որ այն ժամանակ նախագահական ընտրություններ էին։ Հիմա արդեն ոչ միայն համապետական նախագահական ընտրություններ չկան, այլև անհասկանալի է, թե ինչ լեգիտիմ հիմնավորումով պիտի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին շարունակ խոսում է ընդդիմությունը։

​Ի դեպ, 1996 թվականի մասին։ Թեև որոշ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, թե հիմա պետք է քննություն սկսել և վերջապես պարզել ողջ իրականությունը այն ժամանակ կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Ի դեպ, հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած տարի հանդիպելով Հանրային խորհրդի անդամների հետ և խոսելով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ընտրությունները Հայաստանում կեղծվել են, դիմելով Հանրային խորհրդի ղեկավարին, ասել է.

«Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Բացասական էներգիայի ուժը, կամ եկեք հավատանք հաղթանակի ուժին

Սակայն ինքը՝ Վազգեն Մանուկյանը, երբեք չի ընդունել, թե երբևէ զոհ է դարձել։ Պարզապես մեջբերեմ «առաջին դեմքից» «Առավոտ» թերթին տված նրա հարցազրույցից.

«Ես մասնակցել եմ ընտրություններին ոչ միայն 1996 թվականին։ Բայց «զոհ» բառին համաձայն չեմ: 1996-ի ընտրությունը շրջադարձ էր մեր պետության պատմության մեջ. տուժողը հասարակությունը, ժողովուրդն էր: Չեմ համարում, թե երկրի ղեկավար լինելը բարիք է, և եթե այն ձեռքիցդ խլում են՝ զոհ ես դառնում: Զոհ դարձավ ողջ պետությունը»:

Վազգեն Մանուկյանը կողմ չէ նաև 1998 թվականին կայացած ընտրությունների արդյունքների վերանայմանը։ Երևի հիշում եք, որ այն ժամանակ նախագահության համար մրցակցում էին Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։

«Ինչո՞ւ բոլոր ընտրություններից վերցվեց հենց 1998-ը: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե ընտրությունների հարց է այստեղ լուծվում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Դա գեղեցիկ խաղ չի: 1998-ին կեղծվե՞լ են ընտրությունները: Ես հարց կտամ՝ իսկ ո՞ր ընտրությունները չեն կեղծվել»,– ասել է Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնեմ, որ Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը 88-ին սկսված Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերին ակտիվորեն ներգրավվել է այդ շարժմանը, դարձել «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, հետո էլ այդ կոմիտեի համակարգողը։

Մեկնաբանները փաստում են՝ եթե Վազգեն Մանուկյանն ի վերջո իրոք դառնա Հայաստանի վարչապետ, դա նրա համար նոր պաշտոն չի լինելու, որովհետև հենց ինքն էր անկախ Հայաստանի առաջին վարչապետը, հետո էլ՝ 90-ականների սկզբի ղարաբաղյան պատերազմի ժամանակ նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և հենց այդ օրերին էլ հայկական ուժերն իրենց վերահսկողության տակ առան Քելբաջարի շրջանը։

Վերլուծաբանները հիշեցնում են՝ Վազգեն Մանուկյանը լարված հարաբերություններ ուներ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև Սերժ Սարգսյանի հետ։ Բայց հենց Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009 թվականին, դարձավ նորաստեղծ Հանրային խորհրդի նախագահ, ինչը հանրության առնվազն մի մասի կողմից այնքան էլ լավ չընդունվեց։

Մարդիկ հարցնում էին՝ լավ, ինչ դիրքորոշում ունի այս գործիչը, որը մի կողմից անընդհատ քննադատում է իշխանություններին, մյուս կողմից ընդունում է պաշտոն ստանձնելու` այդ նույն իշխանությունների առաջարկը։

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

Եվ վերջում մեջբերեմ Վազգեն Մանուկյանի շատ կոնկրետ առաջարկը։

«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,– ասել էր Վազգեն Մանուկյանը։

Բայց հիշեցնեմ՝ այս ամենը նա ասել էր պատերազմի ժամանակ՝ մինչև հրադադարը։

323
թեգերը:
Վարչապետ, Վազգեն Մանուկյան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Դավիթն ու Ռուբենը

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ

4117
(Թարմացված է 22:09 04.12.2020)
Դավիթ և Ռուբեն Բադալյանները միասին են ծառայել Մարտակերտում։ Դավիթը, ցավոք, զոհվել է։ Ռուբենը ողջ է մնացել, Երևան է եկել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը։ Երբ նա սգո սրահ է մտել, մայրն ինքնաբերաբար ծափահարել է. գոնե մի տղան ողջ է մնացել։

«Միայն եղբորս ոչինչ չլինի». պատերազմում զոհված ապագա բժիշկ Դավիթ Բադալյանի վերջին խոսքերն են եղել, որը հետո Դավիթի ընկերը փոխանցել է նրա ընտանիքին։

Դավիթենց տանն ենք` հարցազրույցի. հյուրասենյակում ենք, որտեղ սիրում էր նստել Դավիթը և պարապել։ Սեղանին շատ-շատ կոնֆետներ են դրված. Դավիթը քաղցրակեր էր, և, սովորության համաձայն, ընտանիքը շարունակում է կոնֆետ շատ գնել։ Զինվորական համազգեստով ու ժպտացող աչքերով մեզ նայող Դավիթի նկարի առջև նույնպես կոնֆետներ են դրված, որոնց թվում է նրա սիրած «KitKat»-ը։

Фотографии Давида Бадаляна
© Sputnik / Karine Hovhannisyan
Դավիթ Բադալյանի լուսանկարների դիմաց կոնֆետներ են դրված

Դավիթն ու եղբայրը` Ռուբեն Բադալյանը, այս տարվա հունվարին միասին են բանակ գնացել։ Ռուբենը ֆիզկուլտինստիտուտում անվճար էր սովորում, բայց որոշել է տարկետում վերցնել և եղբոր հետ ծառայության մեկնել։ Բնավորությամբ շատ տարբեր երկու եղբայրները դեռ մանկուց բոլոր հարցերում միասին են եղել, և ծառայության ժամանակ էլ ավագ եղբայրը որոշել է Դավիթի կողքին լինել։

Давид Бадалян (слева) с братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը

«Երևանում վիճակահանության ժամանակ ես քաշեցի թուղթը, ու պարզվեց` Արցախում պետք է ծառայենք։ Արցախում արդեն Դավիթը հանեց թուղթը, և գնացինք Մարտակերտ։ Շատ ուրախ էինք, ու ամենևին էլ տեղը կապ չուներ, կարևորը` միասին էինք։ Իսկ միասին լինելն ավելի էր հեշտացնում ծառայությունը, մեկս մյուսից էինք տան ու ծնողների կարոտն առնում»,–պատմում է քչախոս ու զուսպ Ռուբենը։

Եղբայրները նույն զորամասում են ծառայել, երկուսն էլ նռնականետորդ են եղել։ Ռուբենն ասում է` սահման գնալիս քաջ գիտակցել են` ուր են գնում և ինչի համար. ամեն վայրկյան պատրաստ են եղել պատերազմի։ Եղբայրներն առաջնագծում, բայց տարբեր դիրքերում մարտական հերթապահության են եղել, երբ պատերազմը սկսել է։ Ռուբենի առաջին քայլը եղբոր` Դավիթի համար աղոթելն է եղել. Ռուբենը վստահ է` նույնն էլ եղբայրն է արել։

Давид Бадалян (слева) с отцом и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ու Ռուբենը հոր հետ

Քանի որ հեռահար կերպով է կրակ վարվել (հիմնականում հրթիռակոծել են), Ռուբենն ընկերների հետ թաքստոցում են որոշ ժամանակ եղել։ Այդ ժամանակ, սակայն, այլ իրավիճակ է եղել Դավիթի հենակետում. ամեն ինչ շատ արագ է զարգացել։ Հակառակորդը տանկերով փորձել է առաջ գալ, Դավիթը գործի է անցել` դիրքավորվել և դիպուկ հարվածով մեկ տանկ է խոցել։ Զոհվել է նրա ընկերը. Դավիթն իր բաճկոնը, որի գրպանում զինգրքույկն է եղել, ընկերոջ վրա է գցել ու շարունակել մարտը։ Ապագա բժիշկը հաջորդ տանկը խոցելուն է պատրաստվել, սակայն հակառակորդի թիրախում է հայտնվել. գնդակն ուղիղ Դավիթի սրտին է դիպչել...

Այդ ընթացքում Ռուբենը սկսել է անհանգստանալ եղբոր համար և, անտեսելով վտանգը, թաքստոցից դուրս է եկել` ներքին հեռախոսով եղբոր հետ կապ հաստատելու համար։

«Հեռախոսին ոչ ոք չէր պատասխանում, բայց ես անընդհատ զանգում էի։ Դիրքի ավագը, որն ինձ լավ էր ճանաչում, վերջապես վերցրեց հեռախոսը։ Ասաց` այս պահին կրակում են, չի կարող եղբորս կանչել։ Բայց երբ ես շատ պնդեցի, ասաց, որ Դավիթը թեթև վիրավորվել է, դիրքերից իջեցրել են։ Ամբողջ գիշեր չքնեցի։ Անհամբեր սպասում էի, քանի որ ասել էին առավոտյան ինձ հոսպիտալ են տանելու, որ եղբորս տեսակցեմ։ Առավոտյան ինձ տարան զորամասի տեղակալի մոտ, որը նույնպես վիրավոր էր. նա հայտնեց եղբորս զոհվելու լուրը»,–պատմեց Ռուբենը։

Ռուբենի` Երևան գալն ու եղբոր հուղարկավորությանը մասնակցելը հեշտ չի եղել։ Տղաների հայրը` Կարեն Բադալյանն ասում է, որ պաշտպանության նախարարությունը չէր թույլատրել, որ Ռուբենը Երևան գար։ Այդ դժվար պահերին, երբ պետք էր տղայի հուղարկավորությունը կազմակերպել, ավելի տհաճ է եղել այդ ամենին առնչվելը։ Հարցը լուծվել է միայն, երբ դիմել են Արցախի նախագահին, որն անմիջապես ստորագրել է անհրաժեշտ գրությունը։ Ռուբենը Երևան է հասել եղբորը վերջին հրաժեշտ տալու օրը. տղաների մայրը` տիկին Էլիզը, ասում է` երբ Ռուբենը սգո սրահ է մտել, ինքնաբերաբար ծափահարել է, որ գոնե մի տղան ողջ է մնացել։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

Տիկին Էլիզը Դավիթի մասին ներկա ժամանակով է խոսում, չնայած ամենադժվարը հենց նրա համար է. Դավիթն ամենաշատը մոր հետ էր կապված։

«Դավիթն ինձ ավելի շատ էր կապված, քան աղջիկս։ Ամեն ինչի մասին կիսվում էր հետս. նա շատ խղճով էր, բայց և շատ ուժեղ։ Դեռ մանուկ հասակում էր որոշել, որ բժիշկ է դառնալու։ Մտածում էինք` կմեծանա, այլ մասնագիտություն կընտրի, բայց չմտափոխվեց։ Ասում էր` մամ, երազում եմ, որ ինձ Դավիթ Կարենովիչ ասեն»,–պատմեց տիկին Էլիզն ու հավելեց` տղայի ծննդյան օրը բժշկի խալաթի պատկերով տորթ էր գնել, որի վրա այդպես էլ գրված էր` Դավիթ Կարենովիչ։

Давид Бадалян (справа ссверху) с семьей
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթն ընտանիքի հետ

Դավիթը բժշկին բնորոշ բնավորություն ուներ` չափից դուրս կոկիկ էր, սրտացավ։ Մայրն ասում է, որ տղան հպարտությամբ էր սպիտակ խալաթը հագնում, հաճույքով ու անտրտունջ սովորում։ Անգամ բանակից մոր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իր գրքերը կարոտում է և խնդրել էր որոշներն ուղարկել։ Տիկին Էլիզն ասում է` եթե Ռուբենը երազում էր զինծառայության անցնելու մասին և անհամբեր է սպասել այն օրվան, երբ պետք է զինվորական համազգեստ կրի, ապա Դավիթն ասում էր, որ գնում է ծառայության հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար. Դավիթի համար սովորելն ու լավ բժիշկ դառնալն էր առաջնային։

Давид Бадалян
© Photo : provided by family of David Badalyan
Դավիթը

Ապագա բժշկի համար շատ կարևոր էր նաև ընտանիքը. երազում էր եռահարկ մեծ տուն կառուցել, որ երկու եղբայրն ու ծնողները միասին ապրեին։ Ավելին, մոր մտքից դուրս չի գալիս Դավիթի` տարիներ առաջ արած այն արտահայտությունը, թե չեմ ուզում մեծանալ, այսպես մենք երջանիկ ենք...

«Դավիթի զոհվելուց հետո այլևս ոչ մի նպատակ ու ծրագիր չունեմ, հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է։ Ես չեմ չարացել Աստծո առաջ, գիտակցում եմ, որ պատերազմ էր։ Բայց աղոթում եմ, որ ոչ մի ծնող չտանի այն վիշտը, ինչ ես եմ տարել»,–ասում է տիկին Էլիզը։

Давид Бадалян (справа)с матерью и братом Рубеном
© Photo : provided by family of David Badalyan
Ռուբենը, մայրն ու Դավիթը

Ընտանիքի համար ամենադժվարը հիմա Ռուբենի ծառայությունը շարունակել–չշարունակելու հարցն է` ինչպես ծնողները, այնպես էլ Ռուբենը, հոգեպես պատրաստ չեն դրան։

... Հարցազրույցն ավարտել ենք, բայց դեռ զրուցում ենք Դավիթի մասին, ընտանեկան լուսանկարները նայում, տեսանյութեր դիտում։ Բոլոր լուսանկարներում Դավիթը ժպտում է, իսկ տեսանյութերում` պարում, երգում։

Տիկին Էլիզը մի տեսանյութ է ցույց տալիս, որտեղ տղան երգում է Դավիթ Ամալյանի հայտնի երգը` «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ինձ, զենքս` որդուս, իսկ սերս մայրերին կտամ»... Լսում ենք երգը, արցունքները հոսում են մոր աչքերից։ Շշնջալով ասում է. «Էդպես էլ արեցիր, տղես»...

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

4117
թեգերը:
Զոհ, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад

Բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա. Փաշինյան

22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ որոշակի տեղաշարժ կա: Այսօր իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հանդես են եկել հայտարարությամբ՝ դրանում կարևոր շեշտադրումներ անելով:

«Վերահաստատվել է ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու ցանկությունը: Սա ևս մի կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված հրադադարն ամրապնդելու համար»,- ասաց Փաշինյանը;

Նրա խոսքով` այս կերպ նաև զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Փաշինյանն ընդգծեց, որ ներկայում սահմանային լարում չկա: Իսկ իշխանությունն այս պահին առավելապես զբաղված է զինվորների կեցության պայմանների ապահովմամբ:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չենք պատրաստվում ու պատրաստվում ենք այդ ծանրությունը կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունը հաղթահարել»,- ասաց նա՝ մեկնաբանելով, որ կորուստների ծանրությունն անհաղթահարելի է: Դրանք մեր սրտերում կրելով` պետք է ավելի ուժեղացնենք ապրելու, հաղթահարելու ու հաղթելու մեր կամքը»,– ասաց Վ:

22