Խաղաղապահներ, արխիվային լուսանկար

Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին

34334
Երևանից Ստեփանակերտ գնացող ռուսական շարասյանը հետևելով` մարդիկ միայն մի բան էին ասում․ «Ինչո՞ւ այսքան զոհ տվեցինք, եթե պիտի վերջը սա լիներ»։

Ռուս խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է հրադադար ապահովեն հակամարտության գոտում, կանգ են առել Արցախի ճանապարհին, ծխախոտ ու ջուր գնել խանութներից, խոսել են ու իրենց առաքելությունը բացատրել մարդկանց։ Մեր թղթակիցն անցել է նրանց երթուղով ու խոսել տեղացիների հետ, որոնք առաջինն են դիմավորել ռուս զինծառայողներին։

Այսուհետ Սյունիքի լոգիստիկան կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի համար

Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Արցախ տանող ճանապարհը կարճ չէ՝ 350 կիլոմետր։ Ճանապարհամերձ գյուղերի բնակիչները հետաքրքրությամբ են հետևել ռուս զինվորականներին։ Ռուսական ռազմակայանի ամբողջ զորախումբը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ Գյումրիում։ Այնտեղ սովոր են ռուս զինվորների ներկայությանը։ Երևանում էլ ռուսական ավիախումբ ու ռուսական զորամաս կա։

Երկրի հարավային հատվածում՝ Սյունիքում, նույնքան հաճախ չեն հանդիպում ռուսների։ Միայն Մեղրիում ծառայող սահմանապահներն են։ Այնտեղ ռուսական սահմանապահ զորքերը հայ-իրանական սահմանի մի փոքր հատվածն են պահպանում (մոտ 45 կմ)։

Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կատարվել է միջազգային իրավունքի շրջանակում. Զախարովա

Արդեն պարզ է, որ հիմա Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինվորները հաճախ են այստեղի հյուրերը լինելու։ Այսուհետ Գորիսով, նաև ամբողջ Սյունիքի մարզով անցնող լոգիստիկան շատ կարևոր նշանակություն է ստանում ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի համար։ 1960 զինծառայողը քիչ չէ, իսկ նրանց երթուղին հիմնականում այս մայրուղին է ապահովելու։

Դա հասկանում են բոլորը, առաջին հերթին՝ տեղացիները։ Այդ պատճառով սյունեցիներն ուզում էին հասկանալ՝ ով է հյուր եկել տարածաշրջան (հնարավոր է՝ երկար ժամանակով)։ Բոլորն ուզում էին շփվել ռուս խաղաղապահների հետ։

Ինչո՞ւ այսքան ուշ եկան խաղաղություն հաստատելու

— Համակրելի, բոյով, բաց գույնի մազերով տղաներ էին, - ասում է Գորիսի մուտքից մի քանի կիլոմետր այս կողմ գտնվող առևտրի կետի վաճառողուհին, որը հյութ, ջուր, քաղցրավենիք, թխվածք ու սիգարետ է վաճառում։

— Շատ բարեկիրթ տղաներ էին, 25-30 տարեկան, - շարունակում է նա։– Հարցրի՝ Ղարաբա՞ղ եք գնում։ Ասացին՝ այո։ Ասացին, որ խաղաղապահներ են, ապրելու են Ստեփանակերտի ռազմաբազայում։ Խոստացան` անցնելիս միշտ միայն ինձ մոտից սիգարետ ու ջուր առնել։

Կինը նաև հարցրել է՝ ինչո՞ւ են այդքան ուշ եկել խաղաղություն հաստատելու, ախր այսքան երիտասարդներ մահացան, ինչքանն էլ վիրավոր պառկած են հոսպիտալներում...

— Նա ցավակցեց ինձ ու բոլոր գյուղացիներին, որոնք մոտեցել էին մեզ։ Ասաց, որ իրենք զինվորներ են, ղեկավարությունից հրաման ստանալուն պես եկել են։ Քաղաքական գործիչներն ու ղեկավարությունը պիտի ավելի շուտ որոշում կայացնեին, որ այդքան զոհեր չլինեին․․․ Ընդհանուր առմամբ շատ բարեկիրթ, խելացի տղաներ էին, - ամփոփեց տարեց վաճառողուհին։

Զինվորականն ասել է, որ իրենք հնարավոր ամեն բան կանեն․․․

Բուն Գորիսում շարասյունն ավելի երկար է մնացել․ ամենայն հավանականությամբ զինվորականները ճաշել են այնտեղ։ Մի քանի մեքենաներ կանգնել են մայրուղու մոտ գտնվող կամրջի վրա՝ խաչմերուկում, որի ճանապարհներից մեկը Երևան է բերում, մյուսը Կապան-Մեղրի է դուրս գալիս, երրորդը Բերձոր (Լաչին) ու Ստեփանակերտ է տանում։ Պայմանագրային զինվորներն ու սպաներն այստեղ էլ են մանր–մունր առևտուր արել։

— Երկու հոգի ինձ մոտ մտան, - ասում է խաչմերուկում գտնվող փոքր սրճարանի տաղավարի մոտ նստած մի տարեց մարդ, - կոչումներից այդքան էլ գլուխ չեմ հանում, բայց երևի սպաներ էին։ Քաղաքավարի բարևեցին, հարգանքով էին խոսում, ինձ «отец» էին ասում։ Ցավոք, նրանց միայն գարեջուր, սուրճ ու ջուր կարող էի առաջարկել, խոհանոց չունեմ։ Խոստացան մյուս անգամ անպայման ինձ հետ սուրճ խմել, խոսել, իսկ հիմա սոված էին, ամբողջ օրը ճանապարհին էին եղել։ Խոստացան նաև` մի օր, երբ հանգստյան օր ունենան, գան հատուկ ինձ հետ գարեջուր խմելու․ Ստեփանակերտը շատ մոտ է մեզ։ Ցույց տվեցի նրանց այն սրճարանը, որտեղ լավ խորոված են վաճառում, այնտեղ գնացին։

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

Սրճարանի սեփականատերն ասաց, որ հետո, երբ արդեն հեռանալիս են եղել, հատուկ մտել են իր մոտ, ճանապարհի համար ջուր գնել ու կրկնել գալ–շփվելու խնդրանքը։

— Ես էլ վերջում ասացի, որ այնտեղ՝ Ղարաբաղում, ուշադիր հետևեն իրավիճակին։ Որ ղարաբաղցիներին չնեղացնեն, առանց դրա էլ նրանք այս մեկուկես ամսում ծանր ժամանակներ ապրեցին։ Շատերը զրկվեցին հայրերից, որդիներից․․․ Խոստացան․․․ Ու գիտե՞ք՝ հավատում են նրան։ Լավ տղա էր։ Ասաց, որ ինքն ու իր զինվորները հնարավոր ամեն բան կանեն, որ կյանքը նորմալ հուն ընկնի։

Մի խոսքով՝ ռուս խաղաղապահների ու հայ բնակչության հետ կապը հաստատվել է։ Ինչպես ասում են, իրարից գոհ են մնացել։ Ու արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հարավային շրջանների բնակչությունը հասկանում է խաղաղության պահպանման ու անվտանգ կյանքի ապահովման հարցում խաղաղապահների կարևորությունը։

․․․Դատելով տեղացիների խոսքերից՝ զորախմբում խիստ բանակային կարգապահություն է տիրում։ Ամեն ինչ հստակ է՝ հրամանով։ Յուրաքանչյուր զինվոր գիտի իր տեղը շարասյունում։ Անձնակազմը, զրահատեխնիկան ու ավտոմեքենաները Ստեփանակերտ են տեղափոխվում հնարավորինս արագ։

34334
թեգերը:
Սյունիքի մարզ, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (58)
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Գորիսից ուղևորվում է Արցախ. տեսանյութ
Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը
Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը
Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

453
Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած ոչ բարենպաստ իրադարձությունների ֆոնին Արցախի կարգավիճակի որոշման հարցը կրկին արդիական է դարձել։

Դեռ 2016 թվականի ապրիլի 2-ին, հակամարտության գոտում մարտական գործողությունների սկսելուց երկու ժամ անց Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտոնական Երևանը կարող է ճանաչել Արցախը։ Սակայն դա տեղի չունեցավ։

2020 թվականի օգոստոսի կեսին Սարգսյանն իր որոշումը պարզաբանեց` դա կարող էր խանգարել հայկական կողմի դիվանագիտական ջանքերին, և ավելացրեց, որ եթե մարտերը Ղարաբաղում ավելի երկար տևեին, Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր Արցախի անկախությունը։ Ավելին՝ նախկին նախագահը վստահություն հայտնեց, որ լայնածավալ պատերազմի դեպքում Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախը։

Այս անգամ մարտական գործողությունները 44 օր տևեցին Արցախում։ Դաժան մարտեր ընթացան շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը դիմադրեց ոչ միայն ադրբեջանական զորքերին, այլև գրոհայիններին ու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատներին։ Փոքր Արցախի համար դժվար է ավելի լայնածավալ պատերազմ պատկերացնել։ Սակայն այս անգամ էլ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը։

Ինչի՞ց էր վախենում Հայաստանը

1994 թվականին մարտական գործողություններում հաղթելուց հետո ու հրադադարի մասին բիշքեկյան արձանագրությունից հետո Արցախի ճանաչման հարցը բազմաթիվ անգամ է դրվել Հայաստանի իշխանության առջև։ Բոլոր կշտամբանքներին Հայաստանի ղեկավարությունը նույն պատասխանն էր տալիս` ՀՀ կողմից Արցախի ճանաչումն այս պահին ոչ նպատակահարմար է, քանի որ նման քայլի դեպքում համաշխարհային հանրությունը մեզ օկուպանտ երկիր կհամարի, պատժամիջոցներ կկիրառի, ու դա բացասաբար կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող բանակցությունների վրա։

Կարծում եմ՝ այս անգամ էլ Հայաստանի իշխանությունը զգուշացավ իրենց տեսանկյունից անխուսափելի ու բացասական հետևանքների պատճառով։

Չմոռանանք, որ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակվել է կարգավորման երեք հիմնական բաղադրիչ՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Արցախի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը խախտեց երրորդ սկզբունքը։ Բաքուն 2016 թվականին էլ այդ քայլին դիմեց։ Առանց վարանելու նույնն արեց նաև 2020 թվականին։ Ավելին՝ այս անգամ Բաքուն լայնածավալ մարտական գործողություններում ներգրավեց նաև հազարավոր սիրիացի գրոհայիններին․ այդ փաստն ընդունեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։

Ադրբեջանի կոպիտ խախտումները Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություն տվեցին Հայաստանին` որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի։

Ի՞նչ կտար դա

Հաճախ կարծիքներ են հնչում, որ Հայաստանի կողմից ճանաչումը գլոբալ առումով ոչինչ չէր տա, քանի որ դա դեռ չէր նշանակի, թե մյուս պետություններն էլ մեխանիկորեն կճանաչեն Արցախի անկախությունը։

Եթե խոսենք հակամարտության ներկայիս «թեժ փուլի» մասին, պարզ է մի բան` Հայաստանի Հանրապետության նման քայլը թույլ կտար բացահայտ պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ ու ամբողջ ուժով Արցախը պաշտպանել արտաքին ագրեսիայից։ Դա կնշանակեր ոչ միայն զորքեր մտցնել հակամարտության գոտի, այլև երկրորդ ճակատ բացել Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ բուն Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքում կարելի էր համարձակ խնդրել ու ռազմական օգնություն ակնկալել դաշնակից երկրներից։ Այդ դեպքում շատ հավանական է՝ մեզ հաջողվեր բեկել իրավիճակն ու պահպանել տարածքները։

Արցախ գնացող կամավորականների մոտ ելույթ ունենալիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանը դաշնակիցներ ու ընկերներ ունի՞։ Ինքն էլ պատասխանեց` այո, ու դաշնակիցները Հայաստանին կընդունեն ինչպես հաղթանակի, այնպես էլ պարտության դեպքում։

Եթե այդպես է, ապա ինչու Հայաստանն իր քայլերով չի «դրդում», որ դաշնակիցներն աջակցության ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկեն։ Ինչու է Հայաստանն անընդհատ սպասում դաշնակիցների առաջին քայլին։

94 թվականից ի վեր մենք անընդհատ պատասխանում ենք Ադրբեջանի նախաձեռնություններին․ դա տեղի է ունենում ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական ասպարեզում։ Ժամանակը չէ՞, որ ինքներս ավելի համառ դառնանք, այդ թվում նաև դիվանագիտական ճակատում։

Ի՞նչ արդյունք ունենք

Արցախը չճանաչելով`Հայաստանի Հանրապետությունը «ապահովագրեց» իրեն ու ընդհանուր առմամբ սխալ հաշվարկ արեց։ Հայաստանն Ադրբեջանին ցույց տվեց, որ իր բոլոր սպառնալիքները գործնականում փուչ էին։ Հայաստանը չկարողացավ պատշաճ մակարդակով կազմակերպել Արցախի ժողովրդի պաշտպանությունը։ Դրա վկայությունն է հանրապետության մոբիլիզացված բնակչության տոկոսը (ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ զորահավաք չի կատարվել, պատերազմի 5-րդ օրը Արցախում 78, իսկ Հայաստանում 52 տոկոսով է լրահամալրումն իրականացրել)։ ՀՀ-ն փաստացի կորցրել է Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը, ինչի մասին են վկայում Արցախի իշխանության հրապարակային հայտարարությունները․ նրանք արդեն հույսը չեն դնում Երևանի վրա։ Տարածքները կորցնելու ու եռակողմ հայտարարության հետևանքների մասին լռում ենք․ մեկնաբանություններն ավելորդ են։

Արցախի կարգավիճակի որոշման հեռանկարները

Արդեն մեծ հարց է` այսօր Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախի անկախությունը, թե ոչ։ Անհասկանալի է նաև՝ ինչ սահմաններով պիտի ճանաչի։ Այս դեպքում էլ է հայերի հայացքը նորից ուղղվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Ֆրանսիան վստահեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության արդար լուծման է հասնելու Ղարաբաղի կարգավիճակի ճանաչմամբ, և Սենատն արդեն ընդունեց Արցախի անկախությունը։ 

Ինչպես կվարվի ԱՄՆ-ն, դեռ հայտնի չէ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր վարչակազմը կձևավորվի միայն եկող տարվա հունվարին։

Արդեն պարզ է, որ Արցախի կարգավիճակի հարցն արագ չի լուծվի։ Իսկ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, հակամարտությունը չի կարելի կարգավորված համարել։

Հայաստանը պետք է իր դիվանագիտական ողջ ներուժն ու սփյուռքի կարողություններն օգտագործի Արցախի անկախության միջազգային ճանաչման համար (Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինակով մենք ցույց տվեցինք, որ կարող ենք անել)։ Սփյուռքահայերի «Ես ճանաչում եմ Արցախը» կարգախոսով ակցիաները պետք է հզոր շարժման սկիզբ դառնան։

Միայն Արցախի ճանաչումից հետո հայ ժողովուրդը կկարողանա հակամարտության պատմության վերջակետը դնել։ Իսկ հիմա միայն բազմակետեր են․․․

453
թեգերը:
անկախություն, Հայաստան, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Ի՞նչն է գերակա ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` ըստ Գերմանիայի
Արցախի նախագահն այցելել է Մոսկվա, ապա Երևանում հանդիպել իշխող ուժի պատգամավորների հետ
Էրդողանն ուզում է Արցախի շրջանները բնակեցնել սիրիացի գրոհայիններով. Սեմյոն Պեգով
Քարվաճառ. 24 նոյեմբերի, 2020

1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

241
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր, երբ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվում է Քելբաջարի շրջանը, կարելի է հիշել, թե ինչպես այն ազատագրվեց և ինչպիսի խնդիրներ ծագեցին դրա հետ կապված։
Հիշենք, թե ինչպես ազատագրեցինք Քելբաջարը

​1993 թվականի ապրիլին հայկական ուժերը մտան Քելբաջար։ Ադրբեջանական այդ շրջանի բնակիչները նախապես զգուշացված էին՝ պետք է հնարավորինս արագ լքեք ձեր բնակության վայրերը։ Մի քանի օր էր տրված, որից հետո Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը ասաց. «Լավ, հո անվերջ չենք կարող սպասել, որ ադրբեջանցիները դուրս բերեն իրենց վերջին դոշակները»։

​Մի առիթով Վազգեն Մանուկյանը պատմել է. «Իմ վարչապետությունից հետո մինչև պաշպանության նախարար նշանակվելը մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ շրջանը գրավել էին ադրբեջանցիները։ Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում՝ գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր։ Հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, քանի դեռ Քելբաջարը քոնը չէ»,- տարիներ առաջ ասել էր պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

​Իսկ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հիշում է. «Հակառակորդը սպասում էր, որ կշարունակենք խորանալ Մարտակերտի ուղղությամբ, բայց ռազմական գործողությունների կենտրոնը տեղափոխեցինք Լաչին-Քելբաջար։ Քելբաջարը փայլուն օպերացիա էր։

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

Պատերազմի ժամանակ պետք է կարողանաս թելադրել, և հակառակորդը չպետք է զգա կամ հասկանա, թե որտեղ է լինելու հաջորդ հարվածը։ Ռազմի դաշտում հաղթում է նա, ով իր կամքն է թելադրում։ Մինչև 1992 թվականի նոյեմբեր հակառակորդն էր մեզ իր կամքը թելադրում, թե որտեղ կռվենք, որտեղ պաշտպանվենք։ Շատ մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց ստեղծել միասնական ղեկավարություն և փոխել իրավիճակը», փաստել է Սամվել Բաբայանը։

​Քանզի այդ տարիներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ աշխատում էի Հայաստանի պաշտպանության նախարարությունում և ապրիլի սկզբին ուղղաթիռով գնացել էի Քելբաջար, կարող եմ վկայել, որ այդ օպերացիան իրոք փայլուն էր և իրականացվեց նվազագույն զոհերով։ Քելբաջար շրջկենտրոնի բնակիչները հիմնականում հեռացել էին Բաքվից ուղարկված ուղղաթիռներով, բայց որոշ ընտանիքներ նաև ստիպված էին ավտոմեքենաներով կամ նույնիսկ ոտքով ուղևորվել դեպի հյուսիս։

​Խոստովանենք՝ այն ժամանակ մեծ մտահոգություն կար՝ բա միջազգային հանրությունն ինչպես կընկալի այս ամենը, միգուցե նույնիսկ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ։ Անհասկանալի է, թե ինչ պատժամիջոցների մասին էր խոսքը, որովհետև Հայաստանն առանց այն էլ աղետալի վիճակում էր՝ լույս չկար, ջուր չկար, ջեռուցում չկար։ Տարբեր շրջանակներում սկսվեցին խոսակցությունները Քելբաջարը ադրբեջանցիներին վերադարձնելու հնարավորության մասին։ Բայց ախր հանրության գերակշիռ մասը հասկանում էր՝ Քելբաջարը հայկական ուժերի վերահսկողության տակ պահելը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության ապահովման հարց է։

​Ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հիշեցնում էր, որ Քելբաջարի իրադարձություններից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց։ Պարզապես մեջբերեմ. «Քելբաջարից հետո Ադրբեջանում անկայունություն էր, եղավ իշխանափոխություն, այսինքն չէր էլ կարող նման հարց քննարկվել։ Այնպիսի վիճակ էր, որ բանակցող չկար, նույնիսկ միջնորդները չգիտեին՝ այս պահին ում հետ բանակցել»։

Մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ է Ղարաբաղ վերադարձել․ ՌԴ ՊՆ

Քելբաջարից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց մի բանաձև, որում, ինչպես նաև հետագա բանաձևերում, Հայաստանի նկատմամբ պահանջ չկար, բացի այն, որ Երևանը պետք է օգտագործեր իր ազդեցությունը Ստեփանակերտի վրա, փաստել է Դավիթ Շահնազարյանը, արձանագրելով. « Քելբաջարը լուրջ բեկում մտցրեց ռազմական գործողություններում, որովհետև Շուշիից ու Լաչինից հետո ադրբեջանական բանակին հաջողվել էր օկուպացնել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի գրեթե կեսը։ Քելբաջարը ռազմական առումով չափազանց կարևոր էր, ճակատային գիծն էապես կրճատվեց։ Պատերազմի ողջ ընթացքում թվային գերակայությունը միշտ եղել է Ադրբեջանի կողմը, և ճակատային գծի կրճատումը չափազանց կարևոր էր», կարծիք է հայտնել Դավիթ Շահնազարյանը, որին իր գրքում մեջբերում է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը։

241
թեգերը:
Արցախյան պատերազմ, Քարվաճառ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ի՞նչ կատարվեց Արցախում. արևմտյան ու ռուսաստանյան լրատվամիջոցների անդրադարձը
Սպիտակ տանը մեկ նախագահի տեղ կա. տարօրինակ իրավիճակ ԱՄՆ-ում՝ ընտրություններից հետո
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
ՀՀ ԱԱԾ

ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների միության նախագահի բնակարանը

0
(Թարմացված է 19:50 26.11.2020)
Աշոտ Անդրեասյանը շեշտել է, որ խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը: Տեղեկությունը հայտնում է ինքը՝ Աշոտ Անդրեասյանը Facebook-ի իր էջում։

«Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը»,-նշված է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է, որ այդ ամենը խոսում է «երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին»։

«Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-եզրափակել է նա։

«Է՞ս ինչ բան էր». բերման են ենթարկել Ավետիք Իշխանյանին

Հավելենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ են սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ ընթացքում ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ու որոշ ժամանակ անց ազատ արձակվել, ոմանց բնակարաններում խուզարկություն է անցկացվել։

Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն անժամկետ հացադուլ են հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

0
թեգերը:
խուզարկություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)