Ստեփանակերտ, 10 հոկտեմբերի

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

760
(Թարմացված է 00:05 15.10.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Այս պատերազմի աչքի զարնող առանձնահատկություններից մեկն այն է, որ միգուցե Բեռլինում և Փարիզում բնակվողներն ավելի համապարփակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, քան երևանցիներն ու բաքվեցիները։
«Դի ցայտ». «Այս պատերազմը վտանգավոր է, որովհետեւ ծավալվում է միանգամից երեք հարթություններում»

Ու դա միանգամայն հասկանալի է՝ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը իր տեսանկյունից է ներկայացնում կատարվողը, մինչդեռ օտարերկրյա լրագրողները հիմնականում նման պրոբլեմ չունեն։ Նրանք պարզապես նկարագրում են իրենց աչքով տեսածը։ Օրինակ, բրիտանական ԲիԲիՍի-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ չնայած քաղաքը ռմբակոծությունների է ենթարկվել և մարդիկ պատսպարվել են նկուղներում, որոշ ժամանակ պայթյունների ձայներ չեն լսվում և բացվում են խանութները, նույնիսկ մի սրճարան է սկսել աշխատել, որից ընդամենը մոտ 50 մետր հեռավորության վրա գետնին է մխրճվել չպայթած արկը։ Եվ ստեփանակերտցիները գիտե՞ք ինչ են արել, արկը չեն հանել, բոլոր կողմերից այն շրջապատել են ծաղկամաններով։ Համաձայնեք՝ հուզիչ տեսարան է՝ դուք մահաբեր զենքով, իսկ մենք գեղեցիկ ծաղիկներով։

​Իհարկե, օտարերկրյա թղթակիցները նաև այլ տեսարաններ են նկարագրում՝ թե ինչպես են ստեփանակերտցիները ապրում իրենց շենքերի նկուղներում, ջրատար խողովակի վրա էլ մոմեր են ամրացրել, որ վառեն, եթե հանկարծ էլեկտրականությունն անջատվի։ Սա նոր բան չի, ժամանակին, երբ ադրբեջանցիները ամեն օր մեթոդաբար հրթիռակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը Շուշիից՝ «Գրադ» կայանքներից, ես էլ եմ եղել այս նկուղային կյանքի ականատեսը։ Բայց այն ժամանակ ով կարող էր մտածել, որ այդ ամենը դեժավյուի նման կկրկնվի գրեթե 30 տարի հետո։

​Բայց վերադառնանք օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումներին։ Եվրոպացի մեկնաբանները փորձում են ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատկերն ու պատճառները։ «Դի ցայտ» գերմանական պարբերականը գրում է. «Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ծավալվում է միանգամից երեք հարթություններում՝ երկրաքաղաքական, ռազմաքաղաքական և ներքաղաքական։ Պատմականորեն Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նախկին երեք կայսրությունների՝ Ռուսաստանյան, Օսմանյան և Պարսկական կայսրությունների հատման կետում և այս հանգամանքը բավարար հիմք կարող է ծառայել ներկա հակամարտության սրման համար»։

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ

​Գերմանական պարբերականն այսպես է ներկայացնում հակամարտությում ներգրավված կողմերի դիրքորոշումները։ Մեջբերեմ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բիլդ« թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ 1915 թվականի ցեղասպանությունը շարունակելու համար, նշում է հոդվածագիրը, շարունակելով. «Անկարան այս պատերազմում իրականում պաշտպանում է Ադրբեջանին որպես եղբայր պետություն և դատապարտում է Հայաստանին այսպես ասած սադրանքների համար։ Թուրքիան, ասում է նախագահ Ռեջեփ Էրդողանը, միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»։ Հոդվածի հեղինակը մանրամասնում է, որ Էրդողանը նկատի ունի ռազմական խորհրդատուների ծառայությունները, ինչպես նաև առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք նորօրյա Թուրքիայի արտահանման մեծ սպառում ունեցող արտադրանքն են։ Այս սարքերի օգնությամբ թուրքական բանակն արդեն էականորեն ազդել է Լիբիայում ընթացող քաղաքացիական կռիվների վրա», փաստում է գերմանական լրատվամիջոցը։

​«Դի ցայտ» գերմանական պարբերականն արձանագրում է. «Թուրքիայում և Ադրբեջանում հիմնականում մահմեդականներ են ապրում, Հայաստանում՝ քրիստոնյաներ, սակայն իրականում այս պատերազմը շատ քիչ առնչություն ունի կրոնի հետ։ Հավատացյալ Էրդողանին և ԽՍՀՄ-ում ծնված աշխարհիկ Ալիևին իրենց կրոնը չէ, որ կապում է, մանավանդ, որ թուրքերի մեծամասնությունը սուննի են, ադրբեջանցիները՝ գերազանցապես շիա։ Խոսքը երկրաքաղաքական շահերի մասին է», փաստում է գերմանական պարբերականը։

​Այս լրատվամիջոցը մի հետաքրքրական դիտարկում է անում։ Մեջբերեմ։ «Վերջին տարիներին Ադրբեջանի բանակի զինման գործում ավելի մեծ դեր է խաղացել Իսրայելը, քան Թուրքիան։ Խաղաղության հարցերի ուսումնասիրման Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, այժմ ներկրվող սպառազինությունների 60 տոկոսը Ադրբեջանը ստանում է Իսրայելից», գրում է գերմանական պարբերականը, արձանագրելով պարադոքսալ մի իրականություն՝ Իսրայելը զենք է մատակարարում շիա բնակչություն ունեղող Ադրբեջանին, որին սատարում է նաև Թուրքիան, որի հետ Իսրայելը լարված հարաբերություններ ունի։ Սա ցույց է տալիս, թե որքան է խճճված իրավիճակը Կովկասում»։

760
թեգերը:
Իսրայել, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Արցախյան պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (252)
Ըստ թեմայի
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը
Ահաբեկված ահաբեկիչները, կամ ինչ պահանջներ ունի հակառակորդը
​Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից
Խաղաղապահներ

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

423
Եկեք անկեղծ լինենք։ Տարիներ շարունակ հակամարտող կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, միշտ շատ մեծ վերապահումներով էին ընդունում առճակատման գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարը։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը

Դա բոլորովին զարմանալի չէ, քանզի խաղաղապահ ուժերի կիրառման փորձը աշխարհի տարբեր երկրներում ամենևին միանշանակ չէ։ Մոտ կես տարի առաջ՝ մայիսին, Խաղաղապահների միջազգային օրվա կապակցությամբ փաստել էի, որ խաղաղապահները, թեև զենք են կրում, իրականում գրեթե անպաշտպան են, որովհետև իրավունք ունեն այդ զենքն օգտագործելու միայն մի դեպքում, եթե վտանգ է սպառնում իրենց կյանքին։ Ու մեջբերել էի Անջեյ Սիտկովսկիին, որը բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում և գիրք գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ընդամենը մի փոքր հատված այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել», -գրել է խաղաղապահի մեծ փորձ ունեցող Սիտկովսկին։ Համաձայնեք՝ բավական պատկերավոր է։

​Ինչու եմ այսօր շոշափում խաղաղապահների թեման։ Այն պարզ պատճառով, որ շատ երկար ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր կողմերը սկզբունքորեն մերժում էին խաղաղապահների տեղակայման գաղափարը։ Բայց այս շաբաթ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ պատերազմը դադարեցնելու համար խաղաղապահ ուժերի օգտագործումն այնուամենայնիվ ընդունելի են համարում, թեև դեռ այս ամսվա սկզբին վերլուծաբաններն ու քաղաքագետները փաստում էին, որ կողմերը դրան պատրաստ չեն։ Պարզապես մեջբերեմ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ղարաբաղում կարելի է խաղաղապահներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Կարևոր է՝ հակամարտող կողմերը համաձայնեն դրան։ Մենք դեռ կողմերից այդ հարցի պատասխանը չենք լսել»։ Կրկնեմ՝ սա եղել է մոտ տասն օր առաջ։

Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

​Այժմ իրավիճակը փոխվել է. թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել են, որ խաղաղապահ ուժերի տեղակայումը ընդունելի է։ Ու միանգամից էլ բազմաթիվ և բազմապիսի հարցեր են ծագում, որոնցից գլխավորն, իհարկե, սա է՝ ովքեր են լինելու այդ խաղաղապահները։ Տվյալ դեպքում չափազանց կարևոր մի նրբություն կա։ Եթե բոլոր հակամարտող կողմերը մի պաշտպանական կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ լինեին, որևէ խնդիր չէր առաջանա՝ այդ կազմակերպությունը խաղաղապահ ուժեր կձևավորեր ու կուղարկեր տարածաշրջան։ Բայց մեր դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Այնուամենայնիվ, ըստ տարբեր աղբյուրների,  այդ կազմակերպությունում խաղաղապահների հարցը աշխուժորեն քննարկվում է։ Սա հավաստել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստաիխսլավ Զասը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայաստանում մեղադրվող գեներալ Յուրի Խաչատուրովին։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը մանրամասնել է՝ նախ, պետք է լինի հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը  խաղաղապահ գործունեության անցկացման համար։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենամեծ բարդությունը։ Լավ, ասենք Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես համաձայնեցին։ Բա Ղարաբա՞ղը։ Չէ որ պատերազմը հիմնականում Արցախի և Ադրբեջանի սահմանին է ընթանում։

​Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խոսնակ Զայնետդինովը նաև հիշեցնում է, որ 13 տարի առաջ այդ կազմակերպությունը համաձայնագիր է ընդունել, ըստ որի խաղաղապահներ տեղակայելու որոշումն ընդունվում է այդ կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների և ազգային անվտանգության քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո։ Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թեժ բանավեճեր են ընթանալու, և արդյոք կազմակերպության անդամ երկրներն ընդհանրապես կարող են երբևէ համաձայնության գալ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Ու էլի մի քանի հարց, որոնք բարձրաձայնում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Ի՞նչ սահմանագծով պետք է տեղակայվեն այդ խաղաղապահները, ի՞նչ կազմ պետք է ունենան։ Ինչպե՞ս դրան կվերաբերվի Իրանը, եթե, օրինակ, ամերիկացիներ կանգնեն սահմանին։ Ինչպե՞ս կվերաբերվի Ադրբեջանը, եթե սահմանին կանգնեն ռուսները։ Այս ամենը շատ բարդ է և դժվար իրականացվող»։ Համաձայնեք, իրոք, խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված ոչ բոլոր հարցերի հստակ պատասխաններն առայժմ ունենք։

423
թեգերը:
խաղաղապահ, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (252)
Ըստ թեմայի
Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ
Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Արխիվային լուսանկար

ՆԱՏՕ-ն արցախյան պատերազմով թակում է Իրանի դարպասները

896
(Թարմացված է 00:12 24.10.2020)
Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունները, իհարկե, չեն կարող չմտահոգել տարածաշրջանային հիմնական խաղացողների մեկին, ով բավական ակտիվ է արտաքին քաղաքական դաշտում։ Խոսքն Իրանի մասին է։

Թեհրանում գերադասում են չխոսել այն մասին, որ հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները, որոնք կրում են «Երկնքի պահապանները-99» անվանումը, ուղղակիորեն կապված են այն օպերատիվ իրավիճակի հետ, որը տիրում է պետական սահմանի հյուսիսային հատվածի արևմտյան մասում։ Սակայն զորավարժությունների մասշտաբները, որոնք ընդգրկում են երկրի տարածքի կեսից ավելին, ինքնին խոսուն են։

Իրանի հյուսիսային սահմաններում «համաշխարհային հեգեմոնն» իրական հետաքրքրություն ունի

Իրանի ղեկավարությունը մտահոգվելու առիթներ շատ ունի։ Դրանք և՛ երկրի տարածք ընկնող հրետանային արկերն ու հրթիռներն են, և՛ ադրբեջանական անօդաչուները, որոնք պատահաբար կամ դիտմամբ հայտնվում են այնտեղ մարտական գործողությունների ընթացքում։ Տեղեկությունն այն մասին, որ Իրանի տարածքում խոցված (որոշ պնդումների համաձայն` հենց իրանական ՀՕՊ–ի կողմից) անօդաչուն իսրայելական արտադրության էր, Թեհրանին ստիպեց ավելի լարվել։

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով Իրանն ուժեղացրել է սահմանների պաշտպանությունը

Առավել ևս, որ վարկած կա, համաձայն որի ԱԹՍ–ն (մարտական գործողությունների «քողի տակ») սահմանից այն կողմ հետախուզում էր երկրի սահմանային ենթակառուցվածքների տեղակայումը։ Այդպես էր իրականում, թե պարզապես Իրանի ՀՕՊ–ը ձանձրացել էր ձեռքերը ծալած նստելուց, երբ օտար ԱԹՍ–ներ են «գնում-գազիս»` պարզ չէ։ Ինչպես ասում են` no comment։

Սակայն փաստը մնում է փաստ. Իրանը լայնածավալ ռազմական զորավարժություններում օգտագործում է և՛ անմիջապես ՀՕՊ միջոցներ, և՛ դրանց ուղեկցող հսկողության համակարգեր։ Բացի այդ զորավարժություններում ներգրավված են ռազմական ավիացիան և մի քանի տեսակ հայրենական (իրանական) արտադրության ԱԹՍ–ներ։ Թեպետ, ներգրավված տեխնիկայի ծավալները հաշվի առնելով, ՀՕՊ զորավարժությունների թափը միայն Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններով բացատրելը դժվար է։

Իրականում ակնհայտ է մեկ այլ բան` Թեհրանն իսկապես լուրջ մտահոգվում է, որ արցախյան պատերազմը, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայությունը հաշվի առնելով, պարզապես ՆԱՏՕ–ի կողմից ծրագրվող մեկ այլ՝ ավելի լայնածավալ մարտական գործողությունների նախերգանք է։

Չէ՞ որ գերտերության` ԱՄՆ–ի ծրագրերը, որն էլ իրականում ղեկավարում է Հյուսիսատլանտյան դաշինքը, հայտնի են։ Վաշինգտոնն առանձնակի չի էլ թաքցնում, որ տարածաշրջանում իր հիմնական ռազմական նպատակը հենց Իրանն է, որը հաջողացնում է նույնիսկ պատժամիջոցների և խիստ ճնշման ամենաբարդ պայմաններում անկախ արտաքին քաղաքականություն վարել և չենթարկվել «համաշխարհային հեգեմոնին»։ Հարավկովկասյան տարածաշրջանը, ինչպես հայտնի է, բնական Հյուսիսային դարպաս է` մուտք իրանական տարածք։

Եվ այստեղ արդեն բոլորովին մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչու է ՆԱՏՕ–ն այդքան դժկամորեն արձագանքում իր անդամներից մեկի` Թուրքիայի, ագրեսիայի նմանվող ակտիվությանը։ Հաշվարկ կա, որ Բաքվին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Անկարան այստեղ կամրապնդվի եթե ոչ ընդմիշտ, ապա բավական երկար ժամանակով։

Մի՞թե Անկարայում որոշել են, որ հարվածն Իրանին վճռված հարց է

Եվ ահա այստեղ, երբ, պատկերավոր ասած, ժամանող և մեկնող թուրքական (այսինքն ՆԱՏՕ-ական) ռազմական ինքնաթիռները, ինչպես կործանիչները, այնպես էլ տրանսպորտայինները,  համաշխարհային հանրության համար սովարական երևույթ կդառնան` պետք է դժբախտության սպասել։  Չէ՞ որ եթե Միացյալ Նահանգները որոշեն նման խոշոր ավանտյուրայի մեջ մտնեն, ինչպիսին է 80-միլիոնանոց Իրանին ռազմական հարված հասցնելը, ապա առանց հյուսիսում ռազմական պլացդարմի գործը գլուխ չի գա։

Եվ այդ առումով Իրանի տեսանկյունից արյունալի պատերազմը, որը Թուրքիայի աջակցմամբ Արցախի վզին է փաթաթել Ադրբեջանը, կարելի է դիտարկել զուտ որպես  հավանական հակառակորդի կողմից իրականացվող ինքնատիպ «հետախուզություն` մարտով»։   Խոսքն այն Անկարայի մասին չէ, որը դեռ փորձում է Թեհրանի հետ լավ հարաբերություններ պահապնել և նույնիսկ անհրաժեշտության դեպքում իրանական էներգակիրների (նավթ և գազ) որոշ քանակ է գնում։

Տվյալ դեպքում, խոսքը այն նույն ՆԱՏՕ-ական Թուրքիայի մասին է, որի գործառույթն Իրանի դեմ նախապատրաստվող (կարելի է չկասկածել) մեծ ռազմական գործողությունների ընթացքում լինելու է Հյուսիստլանտյան դաշինքի զորքերի համար Ադրբեջանում պլացդարմ պատրաստելը։ Չէ՞ որ որքան էլ խոսեն Էրդողանի ֆանտաստիկ կայսերական ամբիցիաների մասին, նա ունի խելամտություն և աշխարհաքաղաքական դաշտում հիմնական խաղացողների գործողությունները մի քանի քայլ առաջ հաշվարկելու ունակություն։ Իսկ դա նշանակում է, որ Անկարայում, ինչպես և Վաշինգտոնում ու Թել Ավիվում, հասկանում են, որ հարվածն Իրանին վճռված հարց է։  Թեև դեռ չեն կողմորոշվել ժամանակի առումով։ Այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է կա՛մ կանխորոշել իրադարձությունները, կա՛մ էլ ընդհանրապես արդեն պայմանավորվել է ՆԱՏՕ-ական ավագ դաշնակից ԱՄՆ–ի հետ։

Ահա և Թեհրանը հանդգնեց, պատկերավոր ասած, քայլ անել ձիով, առաջ ընկնել, ու թևքից հանել հաղթաթղթերից մեկը, որի վրա հույս է դնում պոտենցիալ հակառակորդի կողմից ռազմական մեծ արկածախնդրության դեպքում։ Այդ խաղաթուղթը երկրի հզոր ՀՕՊ–ն է, որը միակը չէ Իրանի ղեկավարության ձեռքում։ Իրանը նաև բավական լավ բալիստիկ համակարգեր և հրթիռներ, ինչպես նաև լավ զրահատեխնիկա ունի։

Սակայն այս փուլում, երբ արցախյան պատերազմի ընթացքն ապացուցեց, որ ԱԹՍ–ները լուրջ ռազմական ներուժ ունեն, այդ փաստով պետք է լրջորեն մտահոգվել։ Ահա և մտահոգվել են ու որոշել ցույց տալ աշխարհին, որ Իրանի ղեկավարությունը և՛  տարբեր նշանակության (թե՛ հետախուզական, թե՛ հարվածային, թե՛ «կամիկաձե») սեփական անօդաչուներ ունի, և՛ միջոցներ՝ դրանց դեմ պայքարելու միջոցներ։

Կարող է և չկրակեն` չեզոք հարևանին չզայրացնելու համար

Զորավարժությունների ծավալն այլ կերպ հնարավոր չէ բացատրել։ Այդ հսկա մեքենան չէր կարող գործի դրվել ադրբեջանական բանակի կամ ղարաբաղյան պաշտպանության բանակի դեմ։ Ակնհայտորեն կռվող կողմերին վախեցնելու համար չէ, որ դրանք ավելի զգույշ լինեն, ավելի ճշգրիտ նշան բռնեն ու չվրիպեն՝ հրետակոծության ժամանակ ու արկեր և հրթեռներ չարձակեն, որոնք հաճախ իրանական տարածք են ընկնում։ Իրանն այն բանի համար չի ցուցադրում իր ՀՕՊ-ի հզորությունը, որ, ասենք, ադրբեջանական զորքերը վախենան Արցախի վրա հարձակվել սահմանի երկայնքով՝ հարավային ուղղությամբ։

Հայկական զորքերը չէին կրակի նրանց վրա, վախենալով չեզոք երկրի հետ դիվանագիտական խնդիրներից։ Հասկանալի է, որ ադրբեջանական զինվորականները երբեմն օգտագործում են այդ հանգամանքը, հասկանալով, որ հայկական հրետանին երբեմն կարող է նաև չկրակել՝ իրանցիներին չբարկացնելու համար։

Հենց այդպես էլ կարողացել են 30-40 կիլոմետր անցնել հարավով՝ Իրանի սահմանին «կպած»։ Մինչև չընկան «Զանգելանի կաթսայի» մեջ ու չկտրվեցին հիմնական ուժերից ու ռազմական մատակարարման կարգավորված լոգիստիկայից։

Ինչ դեր կարող է ունենալ Իրանն Արցախի հարցում. Փաշինյանի հարցազրույցը IRNA գործակալությանը

Իսկ հետո հայ զինվորականների մանրակրկիտ մշակած թակարդը փակվեց, քանի որ իրականում սարերից ու հարթավայրի բարձունքներից կարելի է այնպես կրակել հատուկ նշանակության ադրբեջանական խմբավորումների վրա որ արկերն Իրանի տարածք չընկնեն։

Ինչ-որ պահի Իրանն իհարկե անհանգստացավ, երբ կարճ ժամանակով Ադրբեջանի ԶՈւ-ն հսկողություն հաստատեց Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ։ Դա հասկանալի է։ Բաքվի համար ջրամբարի վերահսկողությունը կարող էր լուրջ լծակ դառնալ Թեհրանի վրա ազդելու համար, իսկ իրանական ղեկավարությունը շատ չի սիրում, երբ իրեն փորձում են ինչ-որ բան ստիպել։

Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չէր կարող առիթ դառնալ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի ներկայիս ծավալուն զորավարժությունների համար։ Այնտեղ ներգրավված են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար կազմավորումները։ Դա ուժի ցուցադրությու՞ն է։ Մկանների խա՞ղ։ Իհարկե։ Սակայն հասցեատերերը ամենևին էլ Ղարաբաղն ու Ադրբեջանը չեն։

896
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ՆԱՏՕ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Դիտարկման միջոցներ, ԱԹՍ–ներ ու որսացող ինքնաթիռներ. Իրանում զորավարժություններ են սկսել
Ուժեղ, բայց առանց միջուկային զենքի. Թրամփի երազանքների Իրանը
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

0
(Թարմացված է 13:57 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան