ԱԹՍ

​Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից

1205
​Եկեք անկեղծ լինենք։ Սպառազինությունների տեսակետից հիմնականում մի էական տարբերություն կա 90-ականների առաջին կեսի և այժմվա ղարաբաղյան պատերազմների միջև։
Ղարաբաղյան կռիվներ՝ դրոնների և պատերազմի կանխատեսվող ավարտի մասին

Այն ժամանակ անօդաչու թռչող սարքեր չէին օգտագործվում, այժմ այսպես կոչված դրոնները հսկայական դեր են խաղում, որովհետև թե՛ կրակում են, թե՛, այսպես ասած, ինքնասպանություն են գործում` պարզապես մխրճվելով նշանակետի մեջ ու պայթելով։ Բայց հարձակվող կողմն այդ ընթացքում մարդկային կորուստ չի կրում։ Այսինքն՝ այդ սարքերի կիրառումը շատ շահեկան է։

​Մասնագետները պնդում են, թե Ադրբեջանը Արցախում հիմնականում օգտագործում է «Բայրաքթար» կոչվող թուրքական դրոններ, որոնք մի քանի տարի առաջ սկսել է արտադրել «Բայքար» ընկերությունը՝ տարբեր երկրներից ստացվող էլեկտրոնային սարքերի հիման վրա։ Ի դեպ, այդ երկրներից մեկը Կանադան է, որտեղ ապրող հայերը բողոք են բարձրաձայնել, ինչից հետո Կանադայի իշխանությունները, կարծես թե, վերանայել են իրենց դիրքորոշումը։

Համենայնդեպս BBC-ին վկայակոչում է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին, որն ասել է. «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին համապատասխան և շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ես կասեցրել եմ Թուրքիային տրամադրվող արտահանման թույլտվությունները՝ մինչև իրավիճակի հետագա գնահատումը։ Ի պատասխան Թուրքիայի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի իմաստը մոտավորապես սա՝ ինչպես թե՝ երկուսս էլ ՆԱՏՕ-ի անդամ ենք, և Կանադան մեր դեմ պատժամիջոցներ է կիրառո՞ւմ։

​Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքում մասնագետները չեն կարողանում միանշանակ գնահատական տալ։ Փորձագետ Անդրեյ Ֆրոլովը փաստում է, որ Հայաստանը իր սպառազինության մեծ մասը հիմնականում ձեռք է բերում Ռուսաստանից, որը դրոնների զանգվածային արտադրություն չունի։ Այսինքն` Երևանը ստիպված է անօդաչու թռչող սարքերը ձեռք բերել Չինաստանից կամ այլ երկրներից, որոնք, սակայն, զեղչված գներով չեն տրամադրում սպառազինությունը, ինչպես դա անում է Ռուսաստանը։

Ինչու Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը, կամ ինչ կլինի, եթե ճանաչի

​«Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին». հարց է տալիս BBC -ի թղթակիցը։ Պատասխանը միանշանակ չէ։ Լոնդոնի Քինգս քոլեջի փորձագետ Ռոբ Լին փաստում է. «Ադրբեջանական դրոնների թիրախ են դարձել ոչ միայն ռազմական տեխնիկան, պահեստներն ու մարդուժը, այլև «Օսա» ու «Ստրելա» հակաօդային կայանքները։ Սակայն այդ կայանքները նախատեսված են հիմնականում հակառակորդի ինքնաթիռներն ու ուղղաթիռները խոցելու համար, իսկ փոքր դրոնները դրանք մեծ դժվարությամբ են հայտնաբերում։

​Ինչպես պաշտպանվել դրոններից։ Փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասում է. «Թեև դրոնները նոր զինատեսակ են, դրանցից պաշտպանվելու միջոցներն արդեն մշակվել են, մասնավորապես սիրիական պատերազմում։ Ստորգետնյա շինություններ և թաքստոցներ, ռազմական տեխնիկայի տեղակայումն այնպիսի վայրերում, որոնք դրոնները չեն կարող հայտնաբերել»։ Մասնագետը խորհուրդ է տալիս՝ պարզապես ծածկեք ձեր տեխնիկան կտավով, որպեսզի այն չերևա, ու մի թույլ տվեք զինվորների կուտակումներ։  Դրոնը մի առանձին զինվորի հետևից հաստատ չի ընկնի։ Վերջապես կարելի է պարզապես խաբել հակառակորդին։

​Վիկտոր Մուրախովսկին փաստում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անընդհատ տեսանյութեր է տարածում, թե ինչպես են իրենց անօդաչու թռչող սարքերը խոցում հայկական նշանակետերը, սակայն այդ տեսանյութերից մեկում նույնիսկ անզեն աչքով երևում է, որ ադրբեջանական դրոնը ոչնչացնում է ոչ թե իրական զենիթահրթիռային կայանքը, այլ դրա մակետը։

Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

​Եվ վերջում կրկին այն հարցի մասին, որը հետաքրքրում է անխտիր բոլորիս՝ երբ է ավարտվելու պատերազմը։ Երևի հիշում եք իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որին որոշ ժամանակ պահեցին ադրբեջանական բանտերից մեկում, բայց ի վերջո ազատ արձակեցին։ Այդ մարդը, որը մի քանի անգամ այցելել է Հայաստան և Արցախ, հիմա պնդում է։ Պարզապես մեջբերեմ։ «Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կիլոմետր դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն ու հարձակումները կդադարեն: Ինչ կարելի է ասել՝ երևի միայն մի բան՝ Աստված ձայնդ լսի։

1205
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, անօդաչու թռչող սարք, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (255)
Ըստ թեմայի
Արցախի բժիշկները պայքարում են եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի կյանքը փրկելու համար
Ավերված տներ, կոտրված ապակիներ. Ստեփանակերտը` գիշերային հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ղազանչեցոցի հրթիռակոծումը ծայրահեղ կրոնական անհանդուրժողականություն է. Մայր Աթոռ
Ստեփանակերտի բնակիչ. արխիվային լուսանկար

Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

481
(Թարմացված է 23:18 29.10.2020)
Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

481
թեգերը:
Պատերազմ, հայեր, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև
Վահե և Շուշան Քարամյանները

Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը

9307
(Թարմացված է 12:31 30.10.2020)
Արցախյան այս պատերազմում հերոսական պատմություններն իրար հերթ չեն տալիս: Համազգային ոգևորության կողքին ցավը բոլորիս դուռն է թակել: Անմահանում են մեր հայրերը, որդիները, եղբայրները...

Օրերս համացանցում ահասարսուռ մի պատմություն տարածվեց. Արցախում զոհված ամուսնու թաղման ճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ կինն էր մահացել։ Ընդ որում, երրորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը 8 օր անց։

32-ամյա Վահե Քարամյանն Արցախում հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 19-ին։ Ամուսնու հուղարկավորության ճանապարհին չարաբաստիկ վթարից մահացավ նաև նրա կինը` 31-ամյա Շուշանը: Սիրող ու սիրուն զույգից հարազատներին մնացին անսահման ցավը, կարոտն ու 3 որբացած երեխաները, որոնցից ամենափոքրը մի քանի օրական է:

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Վահեն ու Շուշանն առաջին անգամ հանդիպեցին Ճարտարագիտական համալսարանում: Շուշանն այնտեղ էր աշխատում, Վահեին էլ գործն էր բերել: Շուշանի խոշոր, գեղեցիկ աչքերը տեսնելու առաջին րոպեից Վահեն հասկացավ` իր ապագա կնոջն է հանդիպել: Շփվող, նախաձեռնող, միշտ օգնության հասնող, աշխույժ Վահեն Շուշանի սիրտն արագ նվաճեց։ Այդպես ամուսնացան, ընտանիք դարձան։

Մոտ մեկ տարի է` Վահեն խաղաղապահների գնդում էր ծառայում, սերժանտ էր: Դրանից առաջ էլ Սիսիանում պայմանագրային զինծառայող էր: Զինվորականի կյանքը պատահական չէր ընտրել:

«Աղջիկս, մենք զինվորականների ընտանիք ենք: Եղբայրս` Վահեի հայրը, 20 տարվա զինվորական է, վերջերս է թոշակի անցել, արցախյան ազատամարտի մասնակից է, Սիսական գնդի հիմնադիրներից մեկը: Մայրս «связист» է եղել», - պատմում է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը, հետո խորը հոգոց քաշում ու շարունակում` երկու եղբայրներով մեր մինուճար տղաներին կորցրինք: Վահեի հորեղբոր որդին` Հայկը, 2018 թվականին մարտական դիրքում է զոհվել, 23 տարեկան էր: Ընտանիքը մի ողբերգությունից դեռ աչք չէր բացել, երբ...

Վահեն ու Շուշանն իրենց 4-ամյա դստեր և 2-ամյա որդու հետ վարձով ապրում էին Երևանում: Երկուսի աշխատանքն էլ մայրաքաղաքում էր, դրա համար էլ Վահեի ծննդավայր Սիսիանից հեռացել էին: Վահեի հորեղբոր աղջիկը` Նաիրան, ասում է` նրանք ոչ միայն սիրով ամուսիններ էին, այլ նաև լավ ընկերներ:

«Շատ համերաշխ, սիրով, նախանձելի հայկական ընտանիք էր։  Կես բառից իրար հասկանում էին ու անսահման շատ էին սիրում միմյանց։ Միշտ հպարտացել եմ, որ Շուշանի նման հարսիկ ունեմ, հարսիկ չէ, քույր՝ շատ խելացի, բարի ու հասկացող»։

2020 թվականը Վահեի ու Շուշանի ընտանիքին մեծ երջանկություն պիտի բերեր` տարեվերջին 2-րդ որդին էր լույս աշխարհ գալու:

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմն, ու զինվորական Վահեն հենց առաջին օրն Արցախ մեկնելու հրաման ստացավ: Որպեսզի հղի կինը չանհանգստանա, ասել էր, թե Հայաստանում է ծառայությունն իրականացնելու, կոնկրետ վայր չէր նշել` ծառայողական գաղտնիք է: Բայց կնոջ սիրտը վկայում էր` ամուսինն Արցախում է։ Անհանգստությունից, հուզմունքից ժամկետից գրեթե 2 ամիս շուտ` հոկտեմբերի 15-ին, Շուշանը ծննդաբերեց: Որոշել էին` տղային Հայկ են անվանելու ի հիշատակ զոհված հորեղբորորդու: Հոկտեմբերի 18-ի կեսօրին ամուսինները վերջին հեռախոսազրույցն ունեցան: Հաջորդ օրը Ֆիզուլիում ծանր մարտերի ժամանակ Վահեն զոհվեց: 

Ваге Карамян
© Photo : provided by Karamyan's family
Վահե Քարամյանը

Հորեղբայրն ասում է` երբ լուր չունեին, սկսեցին հարցուփորձ անել, լսել էին, թե վիրավոր է, միայն հոկտեմբերի 21-22 իմացան՝Վահեն էլ չկա:

Հոկտեմբերի 23-ին նոր ծննդաբերած Շուշանը  հոր և եղբոր հետ ճանապարհ է ընկնում դեպի Սիսիան: Շտապում էր րոպե առաջ տեղ հասնել։ Հույս ուներ՝ սխալվել են, կգնա ու կտեսնեի, որ Վահեն չէ։ Իսկ եթե Վահեն է, մինչև հողին հանձնելը սիրելի ամուսնու կողքին կլինի։ Ճանապարհին ցավոք ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի հատվածից ու կողաշրջվում։ Շուշանը տեղում մահանում է...

Սիսիանի պանթեոնում կողք կողքի հողին են հանձնում Վահե և Շուշան Քարամյաններին: Հարազատներն ասում են` նրանց սերն այնքան մեծ էր, այնքան իսկական, որ այս աշխարհից էլ միասին հեռացան:

Ինչ է լինելու երեխաների հետ: Հորեղբայրը հարցիցս զարմանում է ու հարցիս հարցով պատասխանում:

«Իսկ ի՞նչ պիտի լինի, եղբայրս ու իր կինն են երեքի խնամակալությունն էլ ստանձնելու, իրենք են մեծացնելու»:

Նորածին փոքրիկը դեռ ծննդատանն է։ Բժիշկներն ասում են՝ առողջ է, բայց քանի որ ժամանակից շուտ է ծնվել, փոքրիկը դեռ կուվեզում է։ Տղան պաշտոնապես անուն դեռ չունի, որովհետև ծննդյան վկայական դեռ չեն հանել։ Տատիկն ու պապիկը ծնողների մահվան վկայականների հիման պետք է փոքրիկի ծննդյան վկայական ստանան, նրանք ել կորոշեն՝ ինչ անուն տան նրան։

Հրաժեշտից առաջ հորեղբորը հարցնում եմ՝ բա էս հողերի հարցն ի՞նչն է լինելու։

«Ի՞նչ պիտի լինի, մինչև վերջին մարդը կռվելու ենք։ Թուրքն ով է, որ մեզ հաղթի: Եթե պետք է երեխայիս մեր պարտության մասին պատմեմ, ավելի լավ է՝ հիմա մեռնեմ: Իմ միակը զոհվեց, եղբորս միակը զոհվեց, շատերը զոհվեցին էս հողը պահելու համար»,- ասում է Սամվել Քարամյանն ու պատմում. այսօր Սիսիանում վեց զինվորի հողին հանձնեցին, նախորդ օրերին երեք, երկու... ու այսպես շարունակ։ Բայց սիսիանցու աչքերում սուգ չկա,  խուճապ չկա, կա ցասում, ատելություն ու պայքար։

Ասում է՝ պետք լինի, ես էլ կգնամ կռիվ, բայց եղբորս չեմ թողնի։ Եղբայրը երեք մանուկ պիտի մեծացնի, նպատակներին հասցնի, Իր որդի Հայկը զավակներ ունենալ չհասցրեց...

Հ.Գ. Քանի որ նյութը թողարկելուց հետո շատերը գրեցին մեզ` ցանկություն հայտնելով իրենց աջակցությունը բերել այս ընտանիքի մանուկներին, ընտանիքի թույլտվությամբ տրամադրում ենք հաշվեհամար և քարտի համար.

Հաշվեհամար
1930047674250400
Քարտի համար
4847040000728100
Բանկը Կոնվերս Բանկ
Ստացող Արսեն Քարամյան (զոհված Վահեի հայրը)։

9307
թեգերը:
նորածին, ավտովթար, ամուսին, Կին, Սիսիան, Զոհ, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները
Հայտնի նկարի հերոս Ալբերտի հայրն անձնական մեքենան նվիրում է բանակին. լուսանկարներ
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

0
(Թարմացված է 15:08 30.10.2020)
Ռազմագերին նշել է, որ իրենց խոստացվել է 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են։

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Արծրուն Հովհաննիսյան
© Photo : Facebook / Screenshot / Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

«Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

0
թեգերը:
գերի, Ադրբեջան, վարձկաններ, Արցախյան պատերազմ, ահաբեկիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020