Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Իրանի սահմանների մոտ պայթյունավտանգ իրավիճակ է. Թեհրանը ծրագիր ունի Արցախի վերաբերյալ

1700
(Թարմացված է 23:00 06.10.2020)
Բաքվի և Անկարայի ագրեսիվ գործողությունների պատճառով տարածաշրջանային իրավիճակը վտանգավոր է բացառապես բոլորի համար։ Ու նախևառաջ դա վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադե. «Իրանը ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու ծրագիր ունի, որը թույլ կտա նաև թուլացնել իսլամական հանրապետության սահմանին անվտանգության ոլորտում առկա լարվածությունը»։

Իրավիճակն Իրանի համար պակաս վտանգավոր չէ, որքան բուն հակամարտող կողմերի համար

Այն, որ Իրանը կարձագանքի արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացմանը, դժվար չէր կանխատեսել։ Բնական է՝ իրավիճակի ցանկացած էսկալացիա Իրանի պետական սահմանի մերձակայքում Թեհրանում մտահոգություն է առաջացնում։ Իրանցիներն իսկզբանե պատրաստ էին բավական վճռական արձագանքել, քանի որ այդ երկրի համար ներկայիս իրավիճակում սահմանի ողջ երկայնքով կայունությունը գոյատևման համար անհրաժեշտ պայման է։ Պետք չէ մոռանալ, որ Թեհրանը երաշխավորված չէ իրանական խնդիրը Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից ուժային մեթոդով լուծելու փորձերից։ Համենայնդեպս, միջնաժամկետ հեռանկարում։

Հենց սրանով էլ պայմանավորված են իրանական կողմի հայտարարությունները, որոնք հնչեցին Արցախում մարտական գործողությունների վերսկսումից հետո։ Առավել ևս, որ մարտական բախումների ընթացքում ադրբեջանական մի քանի արկ հայտնվել ու պայթել են Իրանի տարածքում։ Այնտեղ է ընկել նաև Արցախի ՊԲ–ի խոցած ադրբեջանական ռազմական ուղղաթիռը։

Իրանական ՀՕՊ–ի խոցած ադրբեջանական ԱԹՍ–ն, որը հայտնվել էր իրենց տարածքում, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծանր զրահատեխնիկայի տեղափոխումն անմիջապես պետական սահմանի մոտ, վկայում է, որ Թեհրանն արդեն պատրաստ է կտրուկ արձագանքել Արցախում իրավիճակի փոփոխությանը։ Եվ դա հասկանալի է. անկարգությունների հավանականությունը Իրանի հյուսիսային շրջաններում, որոնք գերազանցապես բնակեցված են թուրքալեզու բնակիչներով, չի կարող չմտահոգել երկրի ղեկավարությանը։

Իրանին մտահոգում է նախիջևանյան հատվածում ահաբեկիչների ներկայության հանգամանքը. իրանագետ

Մյուս կողմից, հասկանալի է, որ հենց այնպես Իրանը չի մտնի թեկուզ իր տան շեմին ընթացող կռվի մեջ։ Մենթալիտետն այլ է։ Բացի այդ, իրանական դիվանագիտությունն ավանդաբար գերադասում է յոթ անգամ չափել մեկ անգամ կտրել, ևս մի քանի անգամ ծանրութեթև անել բոլոր հարցերը, և նոր դրանից հետո միայն կոնկրետ արտաքին քաղաքական քայլեր ձեռնարկել։ Դրանում է իրանական դիվանագիտության էությունն ու հաջողության գրավականը, որը դեռ գոյատևում է, անկախ ԱՄՆ–ի խստագույն քաղաքական և տնտեսական ճնշման։ Այս է պատճառը, որ իսկզբանե պետք չէր խաբվել ԼՂՀ հակամրտության գոտում մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ Իրանի ղեկավարության թվացյալ անտարբերությունից։

Թեհրանը բոլորին «հավասար առաջարկ» ունի

Սահմանի մոտ մարտական գործողությունների միայն ութերորդ օրը Իրանի ԱԳՆ–ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, այն էլ բարձրագոչ, եթե չասենք, սենսացիոն հայտարարությամբ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն բառացիորեն ասաց հետևյալը. «Իրանը ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու ծրագիր ունի, որը թույլ կտա նաև թուլացնել իսլամական հանրապետության սահմանին անվտանգության ոլորտում առկա լարվածությունը»

Այ քեզ բան, ո՛չ ավել ո՛չ պակաս. «հակամարտության կարգավորման ծրագիր»։ Ճիշտ է, իր հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ–ն, ինչպես ասում են, բոլորին «հավասար առաջարկ արեց»։ Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարության, որը խնդրի լուծումը «տեսնում» է ռազմական ճանապարհով, Թեհրանը նման հնարավորություն չի տեսնում։

Բացի այդ իրանական դիվանագիտությունն ասում է, որ արդեն իսկ մշակված ծրագրի հիմքում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» դրույթն է ընկած, ինչն առաջին հայացքից որևէ կերպ ձեռք չի տալիս Արցախին ու Հայաստանին։ Սակայն եթե խորանանք ոչ վաղ անցյալի մեջ, ապա կարելի է հիշել, որ իրենց հայտարարություններում և՛ Երևանը, և՛ Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ իրենք գործ չունեն, չէ՞ որ Արցախը երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Իսկ 2000-ականներին ժամանակի միջազգային հանրությունը ընդունել է 1918 թվականի ադրբեջանական սահմանները, երբ Արցախը հաստատ այդ երկրի կազմում չէր։ Այնպես որ եթե իսկական կռիվ սկսվի միջազգային իրավական մակարդակով, դեռ հարց է, թե ով կհաղթի։

Թեև հիմա իրավական նրբությունների ժամանակը չէ, քանի որ հակամարտության գոտում մարդիկ են զոհվում. ոչ միայն զինծառայողներ, այլև՝ խաղաղ բնակիչներ։ Բացի այդ, Անկարայի և Բաքվի կտրուկ ու անկանխատեսելի քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակն էլ այնքան վտանգավոր է տարածաշրջանի ու միջազգային հանրության համար, որ անհրաժեշտ է նախևառաջ կանգնեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունները։

Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ

Վստահորեն կարելի է ասել, որ Իրանի համար, ինչպես արդեն նշեցինք, ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում և հասկանալի է, որ Թեհրանն անպայման ակտիվ գործողությունների կդիմի, նույնիսկ հակամարտող կողմերի վրա լուրջ ճնշման գնով։ Իրանցիները, ինչպես և նշված էր ԱԳՆ հայտարարության մեջ, փորձում են մեղմել լարվածությունը սեփական սահմանների մոտ։

Իրանի և Ադրբեջանի միջև սակարկությո՞ւն է սկսվել

Գրեթե բոլոր փորձագետները, իրանագետները նշում են, որ մանրամասներ այն նախագծի վերաբերյալ, որը Թեհրանը մտադիր է առաջարկել հակամարտող կողմերին դեռ հայտնի չէ։ Եվ զարմանալ պետք չէ. ծրագիրը դեռ միայն ԱԳՆ-ի մակարդակով է կազմված։ Սակայն մասնագետներն իրենց վարկածներն ունեն։

Օրինակ, վերլուծաբանները կարծում են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղյակ է այդ գործընթացին։ Դատում են, ամենայն հավանականությամբ, ըստ նրա, որ մի քանի օր առաջ ՌԴ և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը, հեռախոսազրույց են ունեցել և մանրամասն քննարկել իրավիճակն արցախյան հակամարտության շփման գծում։

Բացի այդ հայտնի է, որ վերջին օրերին և՛ Լավրովը, և՛ Զարիֆը մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Բնականաբար բանակցությունների մանրամասները հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, որ խոսքը հրադադարին ուղղված որոշակի իրական քայլերի մասին է։

Հարկ է կրկին հիշել Ալիևի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ամեն դեպքում արցախյան հակամարտության ռազմական լուծում գոյություն ունի։ Ըստ ամենայնի, Թեհրանն արդեն սկսել է շփումները Բաքվի հետ իր ծրագրի իրականացման համար։ Այլապես Ադրբեջանի նախագահի այս դիրքորոշումը կարող է միջազգային ասպարեզում լուրջ հարված հասցնել Բաքվի հեղինակությանը։

Չէ՞ որ նման մոտեցումներ վերջին տարիներին ունի Թուրքիան, որն այսօր ամենևին էլ չի վայելում միջազգային հանրության համակրանքը։ Ավելին, կարելի է չկասկածել, որ արցախյան պլացդարմում իր վարքի համար Անկարան դեռ ստիպված կլինի պատասխանել արտաքին քաղաքական դաշտում։ Բաքվում դա չհասկանալ չեն կարող։

Այդ է պատճառը, որ Ալիևի կտրուկ արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել միայն այն գործընթացին նախնական նախապատրաստվելու տրամաբանության շրջանակում, որի մասին խոսում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը իր պաշտոնական հայտարարության մեջ։ Համենայնդեպս, արդեն հասկանալի է, որ Թեհրանն այժմ երկար չի ձգձգի։ Չէ՞ որ իր սահմանների մոտ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է։

1700
թեգերը:
Ռուսաստան, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ
Ըստ թեմայի
Մակրոնը, Իրանն ու Թուրքիայի զինյալները. ինչպես արցախյան պատերազմը «պայթեցրեց» աշխարհը
ՌԴ ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը հակամարտության գոտում
Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ
Հիվանդանոց

Սա զուտ հայաստանյան երևույթ չէ. կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

19
Եկեք անկեղծ լինենք։ Այն կանխատեսումները, որոնք արվում էին գարնանը, թե կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, հիմա՝ աշնանային այս օրերին, ցավոք, արդարանում են։
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ»․ Կորոնավիրուսի երկրորդ ալիքն ահագնանում է ողջ աշխարհում

Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց նախ եկեք ամփոփենք անցած ամիսների արդյունքները, որովհետև ըստ Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի մասնագետների, որոնք ամեն օր ուշիուշով հետևում են զարգացումներին, երեկ կորոնավիրուսով հիվանդների թիվը ողջ աշխարհում գերազանցեք 45 միլիոնը։

Այսօր առավոտյան ժամը 9-ին այդ ուսումնական հաստատության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այդ համավարակի հետ կապված հիվանդություններից մահացել է մոտ 1 միլիոն 200 հազար մարդ։ Բայց լավ լուր էլ կա՝ ավելի քան 30 միլիոն մարդ ողջ աշխարհում բուժվել է։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Հիմա ըստ երկրների։ Ընդամենը երեք պետություն կա ողջ աշխարհում, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 5 միլիոնը։ Պարզ է, որ դրանք այն երկրներն են, որոնք ունեն մեծ բնակչություն։ Բայց հետաքրքիր մի դիտարկում՝ Չինաստանը այդ երկրների թվում չէ։ Առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը հենց առաջիկա օրերին, ըստ երևույթին, կգերազանցի 10 միլիոնը, որովհետև հիմա ընդհուպ մոտենում է այդ սահմանագծին, և ի դեպ մահացածների թվով էլ ԱՄՆ-ը առաջատարն է՝ այդ երկրում մահացել է մոտ 230 հազար մարդ, չնայած 3,5 միլիոնն էլ բուժվել է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ ավելի քան 8 միլիոն վարակված։ Եվ երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ անցած ամիսների ընթացքում վարակվել է շուրջ 5,5 միլիոն մարդ։ Մնացած երկրներում վարակվածների թիվը շատ ավելի փոքր է։

Միայն մի թիվ բերեմ՝ չորրորդ տեղում հիմա Ռուսաստանն է, որտեղ վարակվածների թիվը մոտ մեկուկես միլիոն է։ Հիմա հիվանդության երկրորդ ալիքի մասին։ Հեռուն չգնանք՝ գիտեք, իհարկե, որ այս վերջին օրերին Հայաստանում էլ վարակվածների թիվն ավելին է, քան գարնանը։ Ինչով էլ սա բացատրենք, պիտի փաստենք, որ սա զուտ հայաստանյան երևույթ չէ։

Շտապօգնությունն աշխատում է ուժերի գերլարմամբ․ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ

Այսպես ասած լոքդաունի, այսինքն` նոր սահմանափակումների մասին օրերս հայտարարել են Գերմանիան, Ֆրանսիան և Չեխիան։ Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ ամռանը եվրոպական որոշ երկրներում նկատվեց համավարակի դեպքերի շատ հուսադրող անկում, և այդ պետությունների իշխանությունները պարզապես կորցրին զգոնությունը` ենթադրելով, թե վտանգն անցնում է կամ միգուցե արդեն անցել է։ Սակայն այս շաբաթ Եվրոպայի լիդերները հավաքվեցին և խոստովանեցին, որ սխալվել էին։ Այս վերջին վիրտուալ, այսինքն` առցանց գագաթնաժողովում եթե ոչ հոռետեսական, գոնե իրատեսական կանխատեսումներ հնչեցին այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ամենևին էլ այս տարի չի ավարտվի, այլ կշարունակվի առնվազն մինչև հաջորդ տարվա վերջը։

Ինչու։ Այն պարզ պատճառով, որ դեղամիջոցը դեռ գտնված չէ, թեև ինտենսիվ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են, փողն էլ հատկացվում է։ Դիցուք՝ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը արդեն մոտ 350 միլիոն եվրո է հատկացրել 6 ընկերությունների, որոնք զբաղված են կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ մշակելու գործով։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բավական անորոշ է՝ կհաջողվի արդյոք պատրաստել նման դեղամիջոց։

Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ խոստովանում են՝ շատ հնարավոր է, որ 100-տոկոսանոց արդյունավետություն ունեցող պատվաստանյութ առաջիկայում հնարավոր չի լինի մշակել, իսկ եթե հնարավոր էլ լինի, մենք դեռ շատ երկար ժամանակ բավարար քանակ չենք ունենա անխտիր բոլորին ներարկելու համար։ Մասնագետները հակադարձում են՝ ոչինչ, եթե նույնիսկ ունենանք այնպիսի պատվաստանյութ, որի արդյունավետությունը 80 կամ նույնիսկ ընդամենը 70 տոկոս կլինի, այն անպայման անհրաժեշտ է կիրառել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե առաջին հերթին ովքեր պետք է պատվաստման ենթարկվեն, մասնագետները միանշանակ պատասխանում են՝ առաջին հերթին բժիշկները, որոնք անմիջականորեն շփվում են վարակվածների հետ, պետական ծառայողները, որոնք բոլոր դեպքում ստիպված են գալ աշխատանքի և ապահովել պետության բնականոն գործունեությունը և վերջապես տարեցները, որոնք գտնվում են ռիսկային գոտում։

19
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի դատարանները կարող են նիստերը հեռավար անցկացնել
Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը
Ստեփանակերտի բնակիչ. արխիվային լուսանկար

Ինչպես օտարերկրացիներին ներգրավել հայերի պայքարի մեջ. 7 խորհուրդ ԱՄՆ–ից

496
(Թարմացված է 23:18 29.10.2020)
Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պատերազմում, սակայն շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն մարդու իրավունքների նկատմամբ և որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության, եթե միայն իրենց հուշեն` ինչպես։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում բնակվող Դալիթա Գեցոյանը (Dalita Getzoyan) The Armenian Weekly–ում մի հոդված է հրապարակել, որում 7 գործնական խորհուրդ է տրվում, թե ինչպես օտարերկրացիներին ներգրավել հանուն Արցախի հայերի պայքարին կամ գոնե իրազեկել այն մասին, թե ինչ է տեղի ունենում հակամարտության գոտում։

Գեցոյանը գրում է, որ օտարերկրացիներից շատերին անձամբ է պատմել Արցախի հայերի գոյամարտի մասին և որոշել է ներկայացնել իր փորձը։ Եվ այսպես` 7 քայլ, որոնք կարելի է անել.

1. Արցախի իրավիճակի մասին «ելույթ վերելակի համար»

 «Ելույթ վերելակի համար» (Elevator Speech) տերմինը մարքեթինգում և բիզնեսում ընդունված տերմին է, որը մի քանի նախադասությամբ կարճ պատմություն է որևէ գաղափարի կամ հայեցակարգի մասին։ Գեցոյանը խորհուրդ է տալիս նախապես պատրաստած մի քանի նախադասություն պարունակող տեքստ ունենալ օտարերկրացիներին Արցախում տիրող իրավիճակի մասին արագ տեղեկություն փոխանցելու համար։

 «Սա Հայաստանի համար իսկապես ծանր ժամանակ է։ Ադրբեջանն ու Թուրքիան իմ պատմական հայրենիքի վրա հարձակում են իրականացնում արդեն մի ամբողջ ամիս։ Ես այս պատերազմի պատճառով ծանոթներ եմ կորցրել, ընկերներիցս շատերը վտանգված են։ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործություններ են կատարում, նրանք պատերազմ են սկսել համավարակի շեժ շրջանում, խախտել հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը, ռմբակոծում են բնակավայրերը։ Ոչ ոք նրանց պատասխանատվության չի կանչում։ Թուրքիան փորձում է ավարտել ավելի քան 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ սկսածը։ Մեզ վրա նոր ցեղասպանության սպառնալիք է կախված, այդ պատճառով փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ` ժողովրդիս հենց այս պահին օգնելու համար»։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Երբեմն նման մի պատմություն բավարար է, նույնիսկ ազգությամբ ոչ հայ մարդկանց մոտիվացնելու մասնակցել սփյուռքի ակցիաներին կամ սոցցանցերում Արցախի մասին տեղեկություն տարածելու համար։

2. Պատմեք ձեր պատմությունը

Դալիթա Գեցոյանը խորհուրդ է տալիս սոցցանցերում և առանձին զրույցներում հիշատակել պատերազմի հետ անձնական կապի մասին։ Օրինակ` նա պատմում է իր նախնիների պատմությունը, որոնք մազապուրծ են եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պատմում է ներկայիս պատերազմի պատճառով զոհված կամ տուժած ծանոթների ու ընկերների մասին։

«Դրանից բացի պատմում եմ` ինչպես է պատերազմն ազդել հոգեկան առողջությանս վրա։ Մեր ընկերները հոգ են տանում մեր մասին։ Երբ պատերազմը քննարկում ես որպես իրականություն, որն անձամբ քեզ վրա է ազդում, այլ ոչ որպես հեռու քաղաքական իրադարձություն, ընկերները կլսեն և կփորձեն խորանալ պատմության մեջ», – նշվում է հոդվածում։

3. Արցախի թեման կապեք նրա հետ, ինչ տեղի է ունենում աշխարհում

Հնարավորինս շատ մարդկանց հետաքրքրելու համար անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել Արցախի և աշխարհում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների միջև։ Արցախի դեմ մղվող պատերազմը կարելի է կապել Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ճակատագրի հետ, որոնք սպանվել են կամ ստիպված եղել թողնել հարազատ հողերը։ Հայ–ադրբեջանական պատերազմի վերաբերյալ մամուլում առկա կեղծիքը կարելի է համեմատել Black Lives Matter շարժումը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ ակցիաները ԶԼՄ–ների կողմից բացասական ներկայացնելու փորձի հետ։ Հենց նման զուգահեռների շնորհիվ մարդիկ կկարողանան հասկանալ անարդարության մասշտաբները, ավելի խորն ընկալել հայերին պատուհասած դժբախտությունը։

4. Ոչ միայն հրապարակային գրառումներ, այլև առանձնազրույցներ

Հսկայական քանակի տեղեկության առկայության պարագայում մարդիկ կարող են  թերթել լրահոսն ու սոցցանցերում իրենց էջերը, իսկ նկատելով Արցախի մասին գրառումները, մտածել. «Դա սարսափելի է»։ Սակայն նրանք նախկինի պես կարող են կապ չզգալ այդ իրադարձությունների հետ։ Դրա համար առանձնազրույցներ է պետք վարել չաթերում և մեսենջերներում։ Կարելի է տեղեկացնել պատերազմի մասին և անմիջականորեն օգնություն կամ աջակցություն խնդրել։  Մարդիկ կգնահատեն այն ժամանակն ու էներգիան, որը նրանց հետ շփման մեջ եք ներդրել։

5. Հուշեք ընկերներին` կոնկրետ ինչ է պետք անել

Զրույցները պետք է գործողությունների վերածվեն։ Այն պահին, երբ օտարերկրյա ընկերները կհասկանան պատերազմի հայեցակարգը, նրանց պետք  է հուշել օգնություն ցուցաբերելու կոնկրետ եղանակները։ Black Lives Matter շարժումը մեծ հնչեղություն ստացավ շնորհիվ այն բանի, որ դրան մասնակցում էին ոչ միայն սևամորթները։

Սպիվակովն առաջիկա համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Եվ այսպես` ի՞նչ կարող է անել ձեր օտարերկրյա ընկերը։ Նա համապատասխան հեշթեգերով ինֆորմացիա կարող  է տարածել սոցցանցերում։ Բացի այդ, նա կարող է մասնակցել հայ համայնքի տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին և հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։

6. Միշտ շնորհակալություն հայտնեք. երբեք մի մեղադրեք

Հայերին կարող է թվալ, որ իրենք միայնակ են իրենց պայքարում, և դա կարող է դրսևորվել մեղադրանքների տեղատարափի և անմասն մնալու համար ամոթանք տալու փորձերում։ Սակայն նման մարտավարությունը օտարերկրացիների հետ շփման մեջ որևէ լավ բանի չի հանգեցնի։

Դրա փոխարեն շնորհակալություն է պետք հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են հայկական նախաձեռնություններին։ Նման մարդկանց հասցեին երախտիքի խոսքեր կարելի է գրել սոցցանցերում։ Մարդիկ ուզում են որևէ դրական բանի մաս լինել, և նրանց մոտիվացնում է այն գիտակցումը, որ կարող են աշխարհը դեպի լավը փոխել, և որ իրենց ջանքերը կգնահատվեն ըստ արժանվույն։

7. Հայերին ներկայացրեք ոչ թե որպես զոհ, այլ տոկուն ժողովուրդ, որն ի հեճուկս բոլոր դժբախտությունների` գոյատևում է

«Զոհի դեր խաղալով` դուք հուսահատության և անզորության զգացում եք առաջացնում,  որոնք կարող են դեմոտիվացնել օտարերկրացուն  և Հայաստանին օգնելու նրա ցանկությունը զրոյի հավասարեցնել. չէ՞ որ նրանց դա կարող է անիմաստ թվալ»,– գրում է հոդվածի հեղինակը։ Հակառակը, ներկայացնելով հայ ժողովրդին որպես տոկուն և անկոտրում ազգ, մարդկանց բոլորովին այլ տրամադրվածություն է փոխանցվում։

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել մշակույթի, քաղաքականության, տնտեսության բնագավառում ի հեճուկս այն բանի, որ աշխարհում դեռ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել։ Այո, դժվար է պայքարել, երբ մեզ վրա հարձակվում են համավարակի թեժ պահին, սակայն կանգ առնել չի կարելի, պետք է փոփոխությունների և իրավիճակի բարելավման հույս ունենալ։ Հակառակ դեպքում` մենք միայն  թույլ ենք տալիս շարունակել մեզ ոչնչացնել։ Ոչինչ չի փոխվի, քանի դեռ մենք զոհի կերպարում ենք», – ասվում է հոդվածում։

«Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում  հազարավոր անգամներ են գոյամարտ մղել  և կրկին գոյատևելու են։ Կան մարդիկ, որոնք անտարբեր չեն դրա նկատմամբ, որոնք հավատ ունեն մարդկության և արդարության հանդեպ։  Եվ հենց այդպիսի մարդկանց հետ պետք է փորձել այս աշխարհն ավելի լավը դարձնել և թույլ չտալ հաղթել այնպիսի ահաբեկչական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան»,– եզրափակել է հոդվածի հեղինակը։

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

496
թեգերը:
Պատերազմ, հայեր, ԱՄՆ, Արցախ
Ըստ թեմայի
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ
«Եվրոպայում գիտեն` ով է սկսել պատերազմը». ԵՄ դեսպանն ընդունել է բողոքի ակցիա անողներին
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

19
(Թարմացված է 23:20 30.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Տղա է» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

19
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը