Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարը

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը

3171
(Թարմացված է 10:47 20.09.2020)
Շաբաթներ առաջ համացանցը ողողվեց հեքիաթ հիշեցնող հարսանիքի լուսանկարներով։ Չկար բազմահարկ տորթ, ծաղիկներով զարդարված ռեստորան, մի քանի միլիոն արժեցող հարսանեկան զգեստ, կային Խուստուփի գագաթին՝ ամպերից էլ վեր կանգնած հարս ու փեսա։

Կապանցի Գևորգն ու Սյունեն ցանկանում էին բոլորի աչքից հեռու, անաղմուկ հարսանիք անել, բայց լրիվ հակառակը ստացվեց։ Որոշել էին՝ ռեստորանը, թամադան ու ճոխ սեղաններն իրենցը չեն, հեքիաթը վերևում է սպասում։ Արևածագին բարձրացան ու Խուստուփի գագաթին, բառիս բուն իմաստով, ամպերից վեր իրենց «հարսանիք լեռներումն» արեցին առանց հյուրերի։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : provided by Gevorg Gasparyan
Սյունեի հարսանեկան ծաղկեփունջը

Հաջորդ օրն արթնացան ու պարզեցին` լուսանկարչի ֆիքսած հեքիաթային կադրերը ոչ մեկին անտարբեր չեն թողել։ Ծանոթ-անծանոթ զարմացան, հիացան, շնորհավորեցին, լուսանկարները տարածեցին ու երազեցին, որ իրենց հեքիաթն էլ այդպիսին լինի։

Գևորգ

Մասնագիտությամբ ցանցային ադմինիստրատոր է, համակարգիչների հանդեպ սերը դպրոցական տարիներից է։ Հենց դպրոցում էլ Գևորգի կարողությունները նկատեց միջազգային ընկերություններից մեկի հայաստանյան գրասենյակը։ 8-րդ դասարանում նա արդեն կենտրոնի աշխատակից էր։ Համալսարանն ավարտելուց հետո Գևորգը նաև որպես ինֆորմատիկայի ուսուցիչ աշխատեց։ Ասում է՝ ինքը միշտ է ոչ ստանդարտ մոտեցումներ ունեցել։ Հաճախ աշակերտներին առաջարկում էր դասն անել ոչ թե դասասենյակում, այլ բնության գրկում։

Սեր «հայկական ձևով», կամ ինչ կարելի է երազել «արծաթե» հարսանիքից հետո

«Մանկությունից բննությունն ինձ համար ուրիշ տեղ ուներ, պապիկի հետ սարեր էինք գնում, բույսերին էր ծանոթացնում»։

Բնության ձգողականությունն այնքան ուժեղացավ, որ Գևորգը սկսեց տուրիստական երթուղիներ կազմել, ծանոթացնել Սյունիքի բնությանը, դեպի Խուստուփ արշավների տանել։ Բնության ու Գևորգի կապն այնքան ուժեղացավ, որ ի վերջո բնապահպան դարձավ։

«Բնությունն ինձ համար ամենաամենան է. բնապահպանությունը հենց հայրենիքի պահպանությունն է։ Սյունեին հանդիպելուց հետո հասկացա, որ իմ բնությունը Սյունեն է»։

Սյունե

Արև-աղջիկ։ Այսպես են Սյունեին հաճախ անվանում դեղին գույնի հանդեպ սիրո համար։Դեղին հագուստ, աքսեսուարներ հաճախ է կրում, հիշում է՝ երեք տարեկանում տատիկի նվիրած զգեստն էլ էր դեղին։

Առաջին մասնագիտությամբ հոգեբան է, երկրորդի համար լրագրությունն ընտրեց. համոզված էր՝ լավ լրագրող լինելու համար հոգեբան լինելն անհրաժեշտ է։

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները

«Մինչև Գևորգի հետ ամուսանալը լրագրության հետ էի ամուսնացել»,- ծիծաղելով ասում է Սյունեն ու նշում՝ մշակութային կյանքի մասին էր գրում, բայց միշտ էլ իմացել է՝ պետք է մի բան անի, որ դեռ չի արել։ 2016 թվականի ապրիլի 2-ը հենց այդ չարածն անելու օրը դարձավ։ Մեկնեց առաջնագիծ` կրակահերթերի տակ լուսաբանելու Ապրիլյան պատերազմը։ Ընտանիքին ասաց, թե Ստեփանակերտ է գնում, առաջնագծի մասին իմացան հեռուստացույցով, երբ Սյունեի ռեպորտաժներից մեկը ցուցադրվեց։ Խոստովանում է՝ առաջնագծում անցկացրած 16 օրերն իր կյանքում ամենաիմաստալին էին։

Ամուսնության առաջարկություն երկնքում և Գեղամա լեռներն ընկած մատանին

Բնապահպան Գևորգն ու լրագրող Սյունեն իրար վաղուց էին ճանաչում, բայց նրանց սիրո պատմությունը մոտ մեկ տարեկան է։

«Եկել եմ, որ քո բոլոր երազանքներն իրականացնեմ»,- հենց առաջին օրից խոստացավ Գևորգն ու որոշեց համատեղել ամուսնության առաջարկությունն ու Սյունեի թռչելու երազանքը։

«Նախադեպը չունի Հայաստանում». «Հարսանիք թիկունքումը» մեծ էկրան կբարձրանա

Գնացին Սևան։ Սյունեն կարծում էր, թե հերթական արշավն է սպասվում։ Այն մասին, որ պարապլանով են թռչելու, օդում հայտնվելուց րոպեներ առաջ իմացավ։ Գևորգը նախապես զինվել էր մատանիով, Սյունեի սիրելի նարինջներով ու շոկոլադով։ Միասին թռչել չէին կարող, յուրաքանչյուրի հետ պետք է հրահանգիչը լիներ, ուստի օդում ամուսնության առաջարկությունը հաջողացնելու մի ամբողջ սցենար էր մշակված։ Շոկոլադը Գևորգի մոտ էր, մատանին՝ նարնջի մեջ, նարինջն էլ` պարապլանից կախված։ Եկավ սպասված պահն ու հրահանգիչը Սյունեին խնդրեց վերցնել կախված նարինջը։ Մինչ Սյունեի ձեռքը կհասներ, թելը պոկվեց, նարինջն ու մատանին էլ Գեղամա լեռներում հայտնվեցին։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : Hayk Barseghyan / provided by Gevorg Gasparyan
Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարներից

«Հրահանգիչը շատ վատ զգաց, ես էլ ասում եմ՝ դե լավ, հա, նարինջ էր էլի»,- ծիծաղելով պատմում է Սյունեն ու ավելացնում, որ Գևորգն իրեն չկորցրեց և ռադիոկապով ամուսնության առաջարկություն արեց։

«Պատրա՞ստ ես սկսկել մեր հեքիաթի երկրորդ մասը»,- ասաց Գևորգը։

«Պատրաաաստ եմ»,- արցունքն աչքերին բացականչեց Սյունեն։

Մի քանի օր անց Սյունեն ստացավ նաև Գեղամա լեռների գիրկն ընկած մատանու կրկնօրինակը։

Արևածագին հարսանիք լեռներում

Գևորգն ասում է՝ Խուստուփը ուխտատեղի է, սուրբ սար։ Սյունյաց գրեթե բոլոր լեռներն է բարձրացել, բայց Խուստուփն ամենասարն է։ Խոստովանում է՝ երբ դեռ չէին հանդիպում, բայց ֆեյսբուքյան ընկերներ էին, Սյունեն իր անձնական էջում տեսանյութ, նաև լուսանկարներ էր տարածել արտերկրում լեռներում ամուսնացածների մասին։ Այնպես որ, գիտեր՝ «հարսանիք լեռներումը» սիրելիի սրտով է։

Սյունեն էլ ավելացնում է՝ դեռ շատ վաղուց, երբ չգիտեր, թե կողքին ով է լինելու, վստահ էր՝ իր հարսանիքը լեռներում է լինելու։

Որոշեցին օգոստոսի 20-ի արևածագին Խուստուփի գագաթին լինել։ Դե, բնականաբար, Գևորգի ջանքերով «հարսի ավտոն» էլ դեղին էր։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : Hayk Barseghyan / provided by Gevorg Gasparyan
«Հարսի ավտոն»

Գիշերը ժամը 2-ին ճանապարհ ընկան, մոտ ժամ ու կես անց ստորոտին հասան։ Որոշեցին մի քիչ քնել, հետո վերջին հինգ հարյուր մետրը բարձրանալ ու հենց արևածագին իրենց հեքիաթի երկրորդ մասը հյուսել։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : provided by Gevorg Gasparyan
Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարներից

«Արդեն կեսը հասել էինք, Սյունեն ասաց՝ վայ, քողս մեքենայի մեջ է։ Մի քանի րոպեից արևածագն էր, վազելով գնացի, քողը բերեցի, հասցրեցինք»,- պատմում է Գևորգը։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : Hayk Barseghyan / provided by Gevorg Gasparyan
Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարներից

Արևածագ, Խուստուփ, ամպեր, հարսի ու փեսայի առաջին պարը Սյունեի անակնկալ երգի ներքո... Ընկերները Գևորգի ու Սյունեի համար փոքրիկ սեղան էին գցել Խուստուփի գագաթին, հատուկ շամպայնի բաժակներ պատվիրել «Երջանկությունը սարերի հետևում չէ, այլ սարերում է» գրությամբ։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : Hayk Barseghyan / provided by Gevorg Gasparyan
Հարսանիք լեռներում

Սյունեն խոստովանում է՝ փոքրուց ամպերի վրա նստելու անիրական երազանք ուներ։ Հարսանիքի օրը հասկացավ՝ երազանքն անիրական չէր։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : Hayk Barseghyan / provided by Gevorg Gasparyan
Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարներից

«Մենք իսկապես քայլում էինք ամպերի միջով, նստում ամպերի վրա։ Գևորգն իսկապես եկել է իմ բոլոր երազանքներն իրականացնելու»,- ասում է Սյունեն ու ավելացնում՝ ծաղկեփունջն էլ հենց ամպերի մեջ է նետել նրա համար, ով երջանկություն է փնտրում։

Свадебная фотография Геворга и Сьюне на горе Хуступ
© Photo : provided by Gevorg Gasparyan
Գևորգի և Սյունեի հարսանեկան լուսանկարներից

Գևորգն ասում է՝ այս հարսանիքն իրենց հեքիաթի մի մասն է, բայց ուղերձ է մարդկանց համար. վարկով, պարտքով հարսանիքը, թամադան ու խորովածը չեն երջանկություն բերողը։ Ի դեպ, իրենց օրինակը վարակիչ է եղել, օրեր առաջ ևս մի արշավական զույգ է Խուստուփի գագաթին ամուսնացել։

Հ.Գ. Իսկ այս հեքիաթի վերջում երեք նարինջ է ընկնում...

3171
թեգերը:
Խուստուփ լեռ, Սյունիք, հարսանիք
Ըստ թեմայի
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Ինչպես հայերն ընտրեցին պայքարը․ Մուսալեռի 53-օրյա անհավանական հերոսապատումը
Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը
Թիկնապահ

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

295
(Թարմացված է 22:55 28.02.2021)
Մարդը կարող է և՛ շատ ընկերներ ունենալ, և՛ շատ թշնամիներ, իսկ երկրի առաջնորդները նաև թիկնապահներ ունեն, որոնք ստվերի պես քայլում են նրանց հետևից ու պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել առաջնորդներին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այս թեմայի շուրջ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական մի շենքից մյուսը գնաց գրեթե հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ, բայց անմիջապես վարչապետի կողքին միայն նրա թիկնապահներն էին` առաջին դեմքի անվտանգության թիվ մեկ պատասխանատուները։

Премьер-министр Никол Пашинян заходит в здание Правительства (23 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Փաշինյան

Հիշեմ նրանց, ովքեր եղել են Հայաստանի առաջին դեմքերի անձնական թիկնապահները։ Իվան Հարությունով`պատասխանատու էր ԿԿ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին անվտանգության համար։ Թովմասյանը հեռացավ, հեռացավ նաև Հարությունովը, եկավ Քոչինյանն իր անվտանգության աշխատակցով։ Անունը Սաշիկ էր (ազգանունը չեմ հիշում), նա էլ հեռացավ Քոչինյանի հետ` տեղը զիջելով Ալիկ Մերանգուլյանին, որը մինչև վերջ աշխատեց Հայաստանի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Առանց անձնական թիկնապահի չմնաց նաև Սուրեն Հարությունյանը` Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերից վերջինը։

Այդ ողջ ընթացքում Հայաստանում որևէ մահափորձ տեղի չունեցավ։ ՊԱԿ–ի 9-րդ վարչության թիկնապահներն իրենց գործին լավ էին տիրապետում` ի տարբերություն նրանց, ում հանձնարարված էր ապահովել Լևոն Տեր–Պետրոսյանի անվտանգությունը։

Գերագույն խորհրդի դահլիճ։ Լրագրողները մոտենում են Լևոն Տեր–Պետրոսյանին, թիկնապահները նայում են առաջին նախագահին` իրենց անվտանգության տակ գտնվողին, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է, այսինքն` շուրջը։ Նայում են սիրով ու հավատարմությամբ` մոռանալով, որ Տեր–Պետրոսյանին հարցախեղդ անող լրագրողների կողքին կարող է նաև ահաբեկիչ լինել։ Ամեն ինչ, իհարկե, բարեհաջող ավարտ է ունենում, բայց Տեր–Պետրոսյանի թիկնազորին որոշ ժամանակ անց փոխում են` բացատրելով, թե ուր է պետք նայել։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

– Հին ժամանակներից մինչ օրս թիկնապահներն իրենց պահպանության տակ գտնվող դեմքերի պաշտպանության համար առանձնահատուկ մեթոդներն են կիրառում` առաջնորդվելով տարբեր պատճառներով։ Սակայն բոլոր ժամանակներում էլ թիկնապահ են դառնում նրանք, ովքեր հիանալի տիրապետում են ուրիշի կյանքը պաշտպանելու հնարքներին։ Դա մարդկանց հատուկ աշխարհ է,– բացատրում էր ինձ ընկերս` Դ.Պ.–ն, որն ապահովել է Ռուսաստանի գլխավոր ղեկավարներից մեկի անվտանգությունը։

Այստեղ պետք է մոռանալ այսօրվա իրողությունն ու հայացք գցել վաղվա ուղղությամբ` ասելու համար, որ պրոֆեսիոնալ թիկնապահ կարող են լինել ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, որոնք ինչպես ընդունված է համարել, ավելի նվիրված են իրենց ղեկավարներին։

Կոտ դ'Իվուարի նախագահ Լորան Գբագբոն անձնական թիկնապահների ջոկատը համալրել էր 300 կանանցով, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կին թիկնապահների ծառայություններից օգտվում էին բազմաթիվ պետական գործիչներ։ Այդուհանդերձ, Հայաստանում պաշտպանության տակ գտնվող այրերի կողքին ատրճանակով կին թիկնապահներ մենք դեռ չենք տեսել։

Հետաքրքիր մանրամասներ։ Հնում անձնական անվտանգությունն ապահովելու համար մարդկանց ընտրելիս` նրանց, ինչպես կասեին այսօր, թեստավորում էին։ Թեկնածուին մտցնում էին առյուծի վանդակն ու հետևում նրա դեմքի գույնին։ Համարվում էր, որ վտանգի պահին կտրուկ աճում է նրանց հնարամտությունը, ովքեր արագ են շիկնում։ Սփրթնածներին «մաղում» էին անմիջապես։

Իմ ընկեր Դ.Պ.–ին առյուծի վանդակ չեն մտցրել, բայց նրա հնարամտության ու խելքի վրա կարելի է չկասկածել։ «Մասնագիտական հմտությունները, – բացատրում է նա, – մնում են ամբողջ կյանքում։ Նստում ես սրճարանում ու ձայնից կռահում, թե ինչ առարկա ընկավ, թե աստիճանով ինչ սեռի ու տարիքի մարդ իջավ»։

– Բա ուրի՞շ, – հարցնում եմ ես։

– Եթե կառավարական ավտոմեքենան կանգնեց շենքի մոտ, պիտի մի վայրկյանում գնահատես իրավիճակը։

– Ինչպե՞ս։

– Բաց պատուհան ես տեսնում, հեռավորությունը 100 մետր է, մինչև թիրախին հասնելը փամփուշտի թռիչքի տևողությունը տասներեք հարյուրերորդական վայրկյան է։ Այդ ընթացքում մարդը կարողանում է տեղաշարժվել 22 սմ։ Մարդասպանը չի հասցնի հաշվել թիրախի շարժման հետագիծը։ Հետևություն` այնտեղից չեն կրակի, թիկնապահը կհասցնի փակել իր պաշտպանության տակ գտնվողին։

– Հիմա նստած ենք փողոցում գտնվող սրճարանում ու նախաճաշում ենք, ի՞նչ ես տեսնում դու, որը ես կարող եմ չնկատել։

– Շարունակեմ խիստ ուսումնական ձեռնարկի համաձայն։ Կասկածելի արկղ։ Իր չափերով կարող է 30 տրոտիլային պայթագլանիկ տեղավորել, յուրաքանչյուրը` 400 գրամ, ընդհանուր` 12 կգ։ Բայց եթե արկղում այդքան լիներ, այդպես կախված չէր լինի։ Այդ դեպքում ինչի՞ համար է այն այստեղ։ Պարզ է, որ շեղող հնարք է։ Նկատում եմ տոպրակներով կանգնած մի մարդու, որի ոտքերի տակ սիգարետի մնացորդներ կան. ակնհայտ է, որ ինչ–որ մեկին է սպասում։

– Եվ ի՞նչ ես անում։

– Մի կողմ եմ քաշում նրան, ում անվտանգության պատասխանատուն եմ, կրակում եմ մարդասպանին, ինձնով փակում իմ պաշտպանության տակ գտնվողին, հասցնում մեքենայի մոտ, ու արագ հեռանում ենք։ Մահափորձը ձախողվում է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ–մայոր Վլադիմիր Վելիչկոյի հիշողություններից։

«Գորբաչովի կինը` Ռաիսա Մաքսիմովնան, հաճախ ասում էր ամուսնուն. «Միշ, տեսե՞լ ես` Ռեյգանն ինչ թիկնապահներ ունի։ Իսկ մեզ մոտ ինչ փոքր են, նիհար»։ Նրան դժվար էր բացատրել, որ այս դեպքում «փոքրը» վատ բան չէ։ Հակառակը` լավ է։ Թիկնապահը բազմության մեջ է աշխատում, իր հանդեպ մեծ ուշադրություն չի գրավում»։

... Այնուամենայնիվ, պետությունների ղեկավարների և կառավարությունների համար մահափորձից խուսափելու լավագույն տարբերակը սեփական համաքաղաքացիների կյանքն անվտանգ, ապահով և երջանիկ դարձնելն է։

295
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, թիկնապահ, Հայաստան
Ըստ թեմայի
Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը
Կփոխվե՞ն արդյոք Կոնդի կառավարական առանձնատների բնակիչները
«Ես ձեզ որտեղի՞ց Ղարաբաղ տամ», կամ ինչ է լինում, երբ «սայթաքում է» պետական գործչի լեզուն
Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում
Արխիվային լուսանկար

Ֆուտբոլային վրեժ, կամ կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա

203
(Թարմացված է 22:28 26.02.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Կանայք ողջ աշխարհում վաղուց են բարձրացնում այս վիճահարույց հարցը՝ հետո ինչ, որ աշխատանքի չենք գնում, փոխարենը անում ենք տան բոլոր գործերը՝ լվացք, արդուկ, ճաշ եփել, երեխային նայել և այլն։
Բազմոցին պառկած «Բարսելոնա» էիր նայում, իսկ ես երեխա էի մեծացնում. բարի եղիր փոխհատուցել

Այսինքն, միջուցե ավելի շատ ենք աշխատում, քան տղամարդիկ, որոնք գնում են գրասենյակ և օրն անցկացնում համակարգչի առջև։ Եվ ուրեմն մեզ էլ վճարեք մեր աշխատանքի դիմաց. պահանջում են կանայք։

Այս պահանջը, որը գոնե ես բավական արդարացի եմ համարում, հիմնականում ուղղված էր պետությանը։ Բայց, ինչպես երևում է, պետությանն այս ամենը բոլորովին դուր չեկավ՝ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը բազմոցին փռված ըմբոշխնի Մեսսիի խաղը, իսկ կառավարությունը նրա փոխարեն վճարի, և ի վերջո պետությունն ասաց կանանց.

«Կներեք, թող հենց ձեր ամուսիններն էլ բաժանվելիս վճարեն ձեզ՝ իրենց «բորշչն» ու թանապուրը պատրաստելու, նաև ձեր համատեղ երեխային մենակ մեծացնելու համար, որովհետև ինքը բացարձակ ոչինչ չի արել»։

Ու տարբեր երկրների խորհրդարանները սկսեցին համապատասխան օրենքներ ընդունել հօգուտ կանանց։ ​Անցնենք կոնկրետ օրինակներին։

Ուղիղ 10 տարի առաջ ՝ 2011 թվականին, դատարան դիմեց արգենտինացի մի կին, որը մոտ 30 տարի ապրել էր ամուսնու հետ, բայց ի վերջո բաժանվել նրանից։ Եվ դատարանը վճռեց՝ 70-ամյա տղամարդը պետք է մոտ 180 հազար դոլար փոխհատուցում վճարի կնոջը։ Առաջին հայացքից տպավորիչ մի գումար է, բայց կինը բացատրում էր՝ ախր չէի էլ դիմի դատարան, բայց 30 տարի նստել եմ տանը, այսինքն՝ նստելու ժամանակ էլ չեմ ունեցել, ոչ մի մասնագիտություն ձեռք չեմ բերել, բայց ամենակարևորը՝ 60-նն անց եմ, կենսաթոշակային տարիքի, իսկ թոշակներն Արգենտինայում, ինչպես գիտեք, բավական խղճուկ են։ Համաձայնեք` գոնե թոշակների մասով մեզ՝ հայաստանցիներիս համար ոչ մի զարմանալի բան չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

​Հիմա երկրորդ՝ ամենաթարմ օրինակը։ Նույն իրավիճակը ստեղծվեց Չինաստանում, երբ ամուսինը մի քանի ամիս առաջ ասաց կնոջը՝ էլ չեմ ուզում քեզ հետ ապրել։ Կինը հակադարձեց՝ այդ դեպքում վճարիր, քանզի 5 տարի շարունակ ես առավոտից իրիկուն զբաղվել եմ տան գործերով, իսկ դու բացարձակ ոչինչ չես արել ո′չ տան, ո′չ էլ մեր տղայի համար։

Առաջ նման պահանջը հաստատ չէր անցնի, որովհետև ֆինանսական պահանջներ ներկայացնելու համար կինը պետք է նախօրոք ամուսնական պայմանագիր կնքեր տղամարդու հետ, բայց Չինաստանում նման պայմանագրերը բոլորովին տարածված չեն, ինչպես նաև Հայաստանում։

Բայց վերջերս Չինաստանում օրենսդրություն ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնալուծության դեպքում փոխհատուցում պահանջել։ Եվ չինուհին ստացավ այդ փոխհատուցումը։ Ճիշտ է, արգենտինուհու ստացածի հետ այն չես համեմատի՝ մոտ 8 հազար դոլար։

Իհարկե, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ չինուհին ընդամենը 5 տարի էր ապրել ամուսնու հետ, իսկ արգենտինուհին՝ 30 տարի։

Այնումենայնիվ, մեկնաբաններից մեկը նկատում է՝  ժամկետն ի՞նչ կապ ունի, Նիկոլաս Քեյջի նախկին կինը ֆինանսական հատուցում պահանջեց նախկին ամուսնուց, այնինչ նրա հետ ապրել էր գիտե՞ք որքան՝ ընդամենը 4 օր։

​Մի խոսքով` թեժ վիճաբանությունն այս հարցի շուրջ շարունակվում է։ Ոմանք ասում են` բա չե՞ք վախենում, որ այս ամենը նախադեպ դառնա և սրանից հետո անխտիր բոլոր կանայք սկսեն փոխհատուցում պահանջել։ Բայց, ինչպես ցույց են տալիս հենց Չինաստանում արված հարցումները, նման տեսակետի կողմնակիցները շատ չեն։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

Քաղաքացիների 92 տոկոսը ոչ միայն հավանություն է տվել դատարանի վճռին, այլև զայրացել՝ այդ ի՞նչ փող է, որ, փորձեք բաժանել այն 5 տարվա վրա և կհամոզվեք, որ ամսական 100 դոլարից մի փոքր ավելի գումար է ստացվում։ Ուրեմն ամսական 100 դոլա՞ր եք գնահատում կնոջ աշխատանքը։

Եվ սա այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության տվյալներով` ընդհանուր առմամբ աշխարհում կինը 2 անգամ ավելի շատ է զբաղվում տան գործերով, իսկ Չինաստանում՝ 2,5 անգամ ավելի։

​Այնուամենայնիվ, անկեղծ խոստովանեք՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ կինը բաժանվելիս կլորիկ գումար ստանա տան գործերն անելու համար։

Վախենամ՝ կանանց և տղամարդկանց պատասխաններն այնքան էլ չեն համընկնի։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

203
թեգերը:
Բարսելոնա, ֆուտբոլ, տղամարդ, Կին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում, կամ նման վեճեր լինում են նաև ԱՄՆ–ում
Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

0
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

0
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին