Փոքրիկներ, արխիվային լուսանկար

Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը

253
(Թարմացված է 21:26 15.09.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն մարդ մտածում է, որ ոչ մի երջանկություն էլ գոյություն չունի, ու ռուսները շատ ճիշտ են նկատել՝ «Нет в жизни счастья…»:
Երջանկության կորը

Դա պատրանք է, որի հետևից ընկած, վազում ենք ողջ կյանքում։ Տարիներ առաջ մի շատ հետաքրքիր ֆանտաստիկ պատմվածք կարդացի, հեղինակին չեմ էլ հիշում, բայց Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստի» թեմայով էր։ Ուրեմն այլմոլորակայինը գալիս է, ուզում է հասկանալ, թե մեր մարդկությունը ինչի է ձգտում, մի մարդու է հանդիպում, հարցնում է. «Դու ինչ ես ուզում», սա էլ ասում է. «Դե, բնականաբար, ուզում եմ միշտ երջանիկ լինել»։ Էս այլմոլորակայինը մի ժամացույց է տալիս այդ մարդուն ու ասում. «Այն պահին, երբ քեզ լրիվ երջանիկ կզգաս, ասա՝ թող այս հիասքանչ պահը կանգ առնի ու հավերժ մնա, հետո ջարդիր այս ժամացույցը և երջանկության այդ պահը կհավերժանա»։

Մարդը հետզհետե սկսում են ավելի ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, պարբերաբար մտածում է՝ չջարդե՞մ էս ժամացույցը, բայց ամեն անգամ ինքն իրեն ասում է. «Չէ, էս ինչ է որ, ավելի լավ օրեր կունենամ, ավելի մեծ հաջողությունների կհասնեմ»։ Հետո գործերը սկսում են վատանալ, էլի մտածում է՝ չջարդե՞մ, գոնե էսքանը պահպանեմ, բայց էլի ամեն անգամ հավատում է, որ կյանքը կլավանա։ Լրիվ անդունդն է գլորվում, հարբեցող է դառնում, հիվանդանում, զրկվում ամեն ինչից, մի օր ընկած ցանկապատի տակ, մտածում է՝ արի գոնե էսքանը պահպանեմ, ջարդեմ ժամացույցը, ձեռքը տանում է ժամացույցին, բայց ուժ չի ունենում ջարդելու ու մահանում է… 
Երևի կարելի է պնդել, որ այ մոտավորապես էսպիսի պատրանք է երջանկությունը… Մանավանդ որ հայտնի երգիչը հորդորում է երջանկությանն անցնել իր կողքով, քանզի երջանկությունը հարատև չէ։ Սակայն այդ նույն երգիչն ասում է. «Հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը»։ Սա արդեն բավական կասկածելի պնդում է, որովհետև առնվազն որոշ գիտնականներ պնդում են, որ 70 տարեկանում մարդիկ կարող են նույնքան երջանիկ լինել, որքան 20 տարեկանում։ Ինչու։ Իհարկե, խղճուկ կենսաթոշակը չի պատճառը։ Ոչ էլ նույնիսկ պատկառելի կենսաթոշակը։ Ուղղակի, ինչպես պնդում են մասնագետները, եթե դուք 70 տարեկան եք, առողջ եք և նույնիսկ աշխատում եք, և Ձեզ համոզում եք՝ ինչ լավ է, որ դեռ կամ, առողջ եմ և աշխատում եմ, չէ որ կարող էր շատ ավելի վատ լինել, ուրեմն երջանիկ եմ։

Մեծ զեղչեր ուսանողների և թոշակառուների համար. կունենա՞նք նման տրանսպորտային համակարգ

Իսկ երջանկության ճգնաժամը հասունանում է, երբ մարդու տարիքը մոտենում է 50-ին, ավելի ստույգ՝ 48 տարեկանում։ Այս ֆենոմենը շատ վաղուց է արձանագրվել, ուղղակի հիմա դա ապացուցվել է գիտականորեն։ Մի քանի օր առաջ բրիտանական «Թայմս» թերթը հրապարակել է պրոֆեսոր Դեյվիդ Բլանչֆլաուերի հետազոտության արդյունքները։ Բլանչֆլաուերը, որը ժամանակին աշխատել է Անգլիայի բանկում, իսկ այժմ դասավանդում է ամերիկյան համալսարաններից մեկում, մի հսկայածավալ հարցում է անցկացրել, որին մասնակցել են աշխարհի 145 երկրների մոտ 500 հազար քաղաքացիներ։ Պատկերացրեք՝ կես միլիոն մարդ։ Հարցն այսպիսինն էր՝ որքանով եք բավարարված Ձեր կյանքով ներկա պահին։ Ամենից շատ բացասական պատասխաններ են տվել այն մարդիկ, որոնց տարիքը մոտենում է 50-ին։ Պրոֆեսորին զարմացրել է, որ այս երևույթը բնորոշ է ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներին, ամենատարբեր պետություններին, որտեղ կյանքի տևողությունը խիստ տարբեր է։ 


Պրոֆեսորի բացատրությունն այսպիսին է՝ ըստ երևույթին մոտենալով 50-ին մարդիկ կորցնում են պատրանքները, սկսում են գիտակցել, որ սպասելիքները կյանքից շատ ավելին էին, բայց հնարավոր է եղել հասնել ընդամենը բավական համեստ արդյունքների։ Երկրորդ գործոնը, ըստ պրոֆեսորի, երեխաներն են։ Երբ երեխաները փոքր են, նրանք ուրախության աղբյուր են, բայց մեծանալով պրոբլեմներ են ստեղծում ծնողների համար։
Այնուամենայնիվ, համաձայնեք՝ լավատեսության հիմքեր կան։ Երջանկության կորը նման է մեր այբուբենի «Ս» մեծատառին։ Ստորին մասը 48 տարեկանն է, հետո սկսում է բարձրանալ։

«Դուք էլ կարող էիք, բայց ես դա արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

253
թեգերը:
ժամացույց, տարիք, ռուս, երջանկություն, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (230)
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը
Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Սրճարան

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

76
(Թարմացված է 21:27 22.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհի երևի թե ամենաբարդ հարցերից մեկը սա է՝ որքան թեյավճար թողնեմ և եթե չթողնեմ ընդհանրապես, ինչ կկատարվի։
Ինչու ենք թեյավճար թողնում

Ճիշտն ասած, եթե թեյավճար թողնում ես, միևնույնն է, էլի կարող են անհարմար իրադրություններ առաջանալ։ Ձեզ կարող են պարզապես հասկացնել, որ ողորմության կարիք չունեն։ Իհարկե, դա միայն արտառոց դեպքերում է պատահում։

Հիշո՞ւմ եք «Միմինո» կինոնկարի այն դրվագը, երբ գլխավոր հերոսը գրեթե առանց փողի է մնում օդակայանում, մոտենում է բուֆետի աշխատակցուհուն, սկզբից հարցնում է, թե սուրճն ինչ արժե, տեսնում է, որ թանկ է, թեյ է վերցնում, բայց մեկ է` ուզում է ցույց տալ, թե, ինչպես ասում են, աղա տղա է, ասում է՝ մանրը պետք չէ, բայց աշխատակցուհին էլ պատասխանում է՝ ինձ էլ պետք չէ, այսինքն հասկացնում է՝ տղա ջան, փող չունես, էլ քեզ հարուստի տեղ մի դիր։

Հետաքրքիր է, որ Միմինոն ցանկանում էր թեյավճար թողնել հենց թեյ վերցնելուց հետո։ Իրականում թեյավճար բառը, բնականաբար, հենց թեյի հետ կապ ունի, բայց պատմությունն այսպիսին է։ Թեյավճարի հետ կապված մեր բոլոր դժվարություններում պիտի մեղադրենք անգլիացիներին, որովհետև հենց Անգլիայից է գալիս այդ երևույթը։ Հայտնի է, որ անգլիացիները սիրում են թեյ խմել։ Թեյախմության այդ ավանդույթը ծագել է 16-րդ դարում, այն ժամանակ եթե դուք մեկի տուն հյուր էիք գնում, և հնդկական թեյն ըմբոշխնելու գործընթացը տևում էր մինչև ուշ գիշեր, կարող էիք մնալ տանտիրոջ տանը, բայց հետո որոշակի գումար թողնել նրա ծառաներին, որոնք ձեր մասին հոգ էին տարել։ Հենց այդպես էլ առաջացել է թեյավճարը։

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

Իսկ ինչո՞ւ ենք մենք լրացուցիչ գումար թողնում այն դեպքում, երբ մեզ որևէ լրացուցիչ ծառայություն չեն մատուցել կամ մատուցել են, բայց դա նշված է այն հաշվի մեջ, որն արդեն վճարել ենք։ Եթե ուզում ենք շնորհակալություն հայտնել մատուցողին, ապա ինչու միայն նրան։ Եթե ինձ դուր է եկել տվյալ ռեստորանի կերակուրը, իսկ մարդը սովորաբար ռեստորան է գնում հենց ուտելիքն ըմբոշխնելու համար, ապա ինչու շնորհակալություն չեմ հայտնում խոհարարին, որը պատրաստել էր տապակած ձուկը, որն ինձ այդքան դուր էր եկել։

Ճիշտ է, ծանոթ մատուցողներից մեկի վկայությամբ՝ միշտ չէ, որ թեյավճարը հենց մատուցողին է բաժին հասնում, կան սրճարաններ և ռեստորաններ, որտեղ այդ թեյավճարը բաժանվում է բոլոր աշխատողների միջև, բայց եթե ես թեյավճարը թողել եմ հենց այն պատճառով, որ հիացած եմ մատուցողի գերազանց աշխատանքով, ես հո նրան չեմ հարցնում՝ այս ամբողջ փողը ձե՞զ է մնալու, թե՞ բաժանելու եք։ Եվ այնուամենայնիվ այն քաղաքում, որտեղ մարդը մշտապես է ապրում, թեյավճարի հարցն առանձնապես խնդիր չէ, որովհետև բոլորս էլ ի վերջո գիտենք, թե մեզանից ինչ է ակնկալվում։ Շատ ավելի բարդ է հարցը արտասահմանում։ Որովհետև չգիտես՝ տվյալ երկրում ինչ է ընդունված, ինչպիսին են, այսպես ասենք, թեյավճարային ավանդույթները։ Իսկ դրանք տարբեր երկրներում լրիվ տարբեր են։

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Պատկերացրեք՝ նույնիսկ ԲիԲիՍի-ն էր անդրադարձել այս նուրբ հարցին։ Բրիտանական այս լրատվամիջոցի վկայությամբ՝ Միացյալ Նահանգներում թեյավճարի ընդունված չափն ամենամեծն է՝ այնտեղ մարդիկ մատուցողին թողնում են հաշվում նշված գումարի 15-ից 25 տոկոսը։ Բրազիլիայում՝ 10 տոկոսը, Շվեդիայում՝ 5-ից 10 տոկոսը։ Իսկ Արևելքում ավանդույթները շատ են տարբերվում։ Ճապոնիայում թեյավճար ընդհանրապես չեն վճարում, և եթե դուք սեղանին մանր թողնեք, շատ հնարավոր է՝ մատուցողուհին ձեր հետևից վազի և ասի. «Պարոն, դուք սեղանին փող եք մոռացել»։

Բայց վերադառնանք գլխավոր հարցին՝ ինչո՞ւ ենք մենք թեյավճար թողնում։ Պատճառները տարբեր են։ Ոմանց համար դա, այսպես ասենք, սեփական սոցիալական կարգավիճակի հաստատման հարց է։ Այսինքն՝ մոտավորապես Միմինոյի հերոսի նման՝ թեկուզ փող էլ չունենամ, թեկուզ ընդամենը մի բաժակ թեյ պատվիրեմ, միևնույնն է, պետք է ապացուցեմ, որ առատաձեռն մարդ եմ, ժլատություն չեմ անում, նույնիսկ երբ նեղն եմ ընկնում։ Բայց կան նաև այլ դրդապատճառներ՝ փող եմ տալիս, որովհետև համոզված եմ, որ մատուցողի աշխատանքը ցածր է վարձատրվում, ուզում եմ ինչ-որ չափով օգնել։ Երևանում միգուցե այս տրամաբանությունը ճիշտ է, բայց դրսում չխաբվեք։ Գիտե՞ք, օրինակ, թե որքան է ստանում սովորական միջին մատուցողը նյույորքյան ռեստորանում՝ ժամում մոտավորապես 30 դոլար։ Կասկածում եմ, որ ողջ Հայաստանում շատ մարդ կգտնվի, որն այդպիսի աշխատավարձ ստանա։

Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը

76
թեգերը:
մատուցող, սրճարան, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (230)
Ըստ թեմայի
Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել
Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով
Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 
Արմեն Դուլյան

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

562
​Եկեք անկեղծ լինենք։ Այս տարի իրականացավ  գիտնականների կանխատեսումներից մեկը՝ համավարակը փոխեց հասարակ մարդու կյանքը ողջ աշխարհում։ Էլ ինչ մարտահրավերներ են մարդկությանը սպասում առաջիկա 30 տարիներին՝ մինչև 2050 թվականը։
Առաջիկա 30 տարվա մարտահրավերները՝ եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ

Դե, կլիմայի փոփոխության և հարուստների ու աղքատների միջև ահագնացող անդունդի մասին շատ է խոսվում, բայց Բի Բի Սի ընկերությունը առանձնացրել է մի քանի մարտահրավեր, որոնք պարզապես կարող են փոխել բոլորիս կյանքը և արդեն փոխում են։

Օրինակ` սոցիալական ցանցերը։ Հեռու չգնանք՝ Facebook-ը փոխեց իր այսպես կոչված ինտերֆեյսը՝ բոլորս դժգոհ ենք։ Բայց սա, իհարկե, չարյաց փոքրագույնն է, Facebook-ը ջահել երևույթ է՝ մոտավորապես 15 տարեկան։ Այսօր շատ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան սոցիալական ցանցերը մեր կյանքի վրա 2050 թվականին։

​Շատ ավելի արմատական հարցեր կան։ Օրինակ՝ մարդկային գեների մոդիֆիկացումը՝ նորացումը և փոփոխությունը։ Իհարկե, դրական պահեր կան։ Կարող ես այնպես փոխել մարդու ԴՆԹ-ն, որ այդ մարդը մահաբեր ինչ-ինչ հիվանդությունների դեմ իմունիտետ ձեռք բերի։ Բայց, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ, գեների մոդիֆիկացոումը նաև շատ վտանգավոր կողմեր ունի։ Այսինքն՝ դու հնարավորություն ես ստանում փոխել մարդուն։ Սկզբունքային հարց է ծագում՝ արդյոք մենք իրավունք ունենք փոխել մարդկային էությունը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Եվս մի մարտահրավեր։ Կյանքի տևողության մեծացումը։ Բնականաբար, շատ լավ է, որ մարդկանց կյանքը երկարում է։ Բայց դա իր հետ բազում պրոբլեմներ է բերում։ Բա ո՞վ պետք է հոգ տանի այդ մարդկանց մասին։ Տեսեք։ 2100 թվականին` այսինքն այս դարի վերջին, 100 տարին բոլորած մարդկանց թիվն աճելու է ավելի քան 50 անգամ։

Այսօր անհավատալի է թվում, բայց այժմվա 500 հազարի փոխարեն այդ մարդկանց թիվը հասնելու է 26 միլիոնի։ Ո՞վ է պահելու նրանց։ Ճապոնիայում ռոբոտներ են մշակում տարեցներին սպասարկելու համար։ Բայց սա խնդրի լուծում չի։ Բա կենսաթոշա՞կը։ Չէ՞ որ կտրուկ ավելանալու է կենսաթոշակառուների թիվը։​

Տրանսպորտի հարցը։ Եթե հիմա արդեն աշխատանքային օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 6-ից հետո, Երևանում հնարավոր չէ աշխատավայրից տուն հասնել առանց խցանման մեջ ընկնելու, բա պատկերացրեք, թե ինչ է լինելու 30 տարի հետո։ Անընդհատ խոսվում է այն մասին, որ ուր որ է` մենք քաղաքակիրթ տրանսպորտ ենք ունենալու՝ հարմարավետ ավտոբուսներով։ Բայց, կներեք, այդ ավտոբուսները ինչպե՞ս են մեզ տուն հասցնելու, եթե մայրաքաղաքի բոլոր փողոցներում խցանումներ են։

Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

​Սակայն շեղվեցինք համաշխարհային մարտահրավերներից։ Մենք ծով չունենք, ուրեմն գոնե այս հարցում խնդիր էլ չունենք։ Բայց աշխարհի առափնյա որոշ քաղաքներ կարող են անցնել ջրի տակ, քանզի ծովի մակարդակն անընդհատ բարձրանում է։ Այդ պրոբլեմի առաջ արդեն հայտնվել է Մայամի քաղաքը Ամերիկայում։ Բայց խոսքը ոչ միայն կոնկրետ քաղաքների, այլև ամբողջ կղզիների մասին է։ Դրանց բնակիչներն առաջիկա տասնամյակների ընթացքում կարող են դառնալ այսպես ասած «կլիմայական փախստականներ»։​

Երկրաքաղաքական խնդիրներ։ Դրանցից մենք չենք կարող խուսափել, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, որը դժվար թե լուծում գտնի առաջիկա տարիներին։ Բայց, ախր, խնդիրներ կան ողջ աշխարհում։ Հյուսիսային Կորեան հրթիռներ է փորձարկում։ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից։ Պարզ չի, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը Վենեսուելայում։ Արդյոք ի վերջո ընդհանուր լեզու կգտնեն Ամերիկան և Իրանը։ Այսօրվա խնդիրներն եմ թվարկում՝ բա ի՞նչ է լինելու առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ո՞վ կարող է կանխատեսել։​

Եվ վերջապես։ Հիմա արդեն աշխարհի տարբեր լաբորատորիաներում մշակվում են հաբեր, որոնք կարող են կտրուկ բարելավել մարդու ուղեղի գործունեությունը, այսինքն, պարզ ասած՝ ավելի խելոք դարձնել մարդուն։ Հիմա հարց՝ եթե ես փող ունեմ, կկարողանամ գնել այդ հաբերը, բա եթե փող չունե՞մ։ Էսպես հիմար էլ կմնա՞մ։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

562
թեգերը:
Տրանսպորտ, Facebook, կորոնավիրուս, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (230)
Ըստ թեմայի
Ինչ ուզում են՝ թող անեն. եվրոպացիները կրկին փակել են սահմանները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

Հաճախորդի լոյալությունը` բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտ

0
(Թարմացված է 23:30 22.09.2020)
Տնտեսագետ Հայկ Մանասյանն ու «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի վարող Արամ Չախոյանը զրուցել են հաճախորդի լոյալության մասին։

Հաճախորդի լոյալությունն այսօր մրցակցային միջավայրի պայմաններում բիզնեսի առաջխաղացման կարևորագույն ատրիբուտներից մեկն է։ 

«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հերթական հաղորդման ընթացքում Հայկ Մանասյանը ներկայացնում է, թե իրականում ինչ է հաճախորդի լոյալությունը, որքան կարևոր է դա բիզնեսի առաջխաղացման համար, ինչ օգուտներ կարելի է ակնկալել հաճախորդների լոյալությունից և ինչ մեթոդներով կարելի է հասնել բարձր լոյալության։

«Բիզնեսի դիալեկտիկա». որո՞նք են «երկար պոչերը» բիզնեսի պրոդուկտային պորտֆելում

0
թեգերը:
հաճախորդ, բիզնես
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա
Ըստ թեմայի
Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում
Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում
Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա