Դիմակով համբուրվող զույգ

Առանց դիմակի համբուրվել չի կարելի․ ում են տուգանում հայ ոստիկանները և ինչի համար

245
Հայաստանում դիմակային ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ, որի հետ կապված բազմաթիվ անհասկանալի իրավիճակներ են լինում։ Դրանցից մի քանիսը ականատեսի աչքերով պատմում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը մինչև հունվարի 11-ը կարանտին հայտարարելու որոշում ընդունեց։ Ի տարբերություն մինչ այդ գործող արտակարգ դրության, հայտարարվեց որոշ մեղմացումների մասին։ Օրինակ՝ հարսանքիներին և թաղումներին 40-ի փոխարեն այսուհետ կարող է 60 մարդ մասնակցել, կարևորը, որ բոլորը դիմակով լինեն։ Ի դեպ՝ դիմակային ռեժիմի չեղարկման մասին խոսք անգամ չկա, չնայած այն հանրության մեջ արդեն լուրջ դժգոհություններ է առաջացնում։

Անձամբ ես դիմակների հետ բարեկամական հարաբերություններ ունեմ՝ մայրիկիս շնորհիվ, որը համավարակի սկզբում, հենց տուն էի մտնում հերթական «վտանգավոր» նկարահանումից հետո, իսկույն դիմակ էր դնում։ Ստիպված էի լինում երկար համոզել նրան, որ վարակիչ չեմ։ Նա ինձ նաև հիանալի «լայֆհաք» է սովորեցրել՝ խնայել դիմակի տակից չերևացող շրթներկի և տոնային քսուքի գումարը և ներկել միայն աչքերը։ Բայց որքան էլ դրական տրամադրված լինենք, ամեն օր բախվում ենք իրավիճակների, որոնք բացահայտ դժգոհություն են առաջացնում։

Ինչո՞ւ, օրինակ, անձնական ավտոմեքենաներում կարելի է դիմակ չդնել, իսկ տաքսու մեջ դա պարտադիր է։ Չնայած, եթե անկեղծ լինենք, մեծամասնությունը տաքսու մեջ էլ դիմակ չեն դնում։ Իսկ դրանից առաջ իրավիճակն էլ ավելի զվարճալի էր․ նույն ընտանիքի անդամներն ամբողջ օրը շփվում էին իրար հետ, բայց մեքենայի մեջ պետք է անպայման դիմակ դնեին։ Սոցցանցերում քիչ չէին հրապարակումները, որ ամուսիններին տուգանել են մեքենայում դիմակ չդնելու համար, և պարետի որոշումը խախտողների նկատմամբ արձանագրություն կազմող ոստիկանները խորապես թքած ունեին, որ այդ մարդիկ միասին քնում են, ուտում և ապրում։ Նրանք իրենց աշխատանքն էին կատարում։

Կարանտինի մասին օրենքով կառավարությունը 6 ամիս ժամկետով մենաշնորհ է ստանում. պատգամավոր

Հիմա զբոսայգիներում և փողոցներում է նույն իրավիճակը։ Պարետի որոշմամբ՝ բացօթյա հանգստի համար նախատեսված վայրերում (հանգստի գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բաց տարածություններում) կարելի է դիմակ չդնել, իսկ այ քաղաքային զբոսայգում դիմակ դնելը պարտադիր է։ Որոշումը չկատարելու համար՝ տուգանք է սահմանված։ Ընդ որում՝ ոստիկաններն իրենք էլ խոստովանում են, որ այդ որոշման տրամաբանությունը չեն հասկանում, բայց պարտաճանաչ տուգանում են։

Եվ այսպես՝ այս բարձրաձայն մտքերը պատահական չեն։ Դրանք ծնվել են երեկ ինձ հետ տեղի ունեցած միջադեպից։

Ընկերուհուս հետ որոշեցինք զբոսնել Երևանի արվարձաններից մեկում գտնվող զբոսայգում։ Քանի որ ուզում էինք մաքուր օդ շնչել, գնացինք այգու խորքը՝ մարդկանցից հեռու, նստեցինք նստարանին՝ պարտաճանաչ պահպանելով 1,5-2 մետր սոցիալական հեռավորությունը, և իջեցրինք դիմակները։

Մի քանի րոպե անց, հայտնի չէ, թե որտեղից, գաղտագողի մեզ մոտեցավ ոստիկանների չորս հոգանոց խումբ։ Նկատելով իջեցրած դիմակները, օրինապահները որոշեցին մեզ տուգանել։ Ընկերուհիս լրագրող չէ և կարճ բանակցություններից հետո հնազանդորեն լրացրեց վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, հաշտվելով այն մտքի հետ, որ ստիպված է լինելու 10 հազար դրամ տուգանք վճարել։

Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները

Իսկ ես, որպես լրագրող, որը արտակարգ դրության և խիստ կարանտինի ամբողջ ընթացքում բազմիցս ականատես է եղել ոստիկանների անգործությանը իսկական իրավախախտների նկատմամբ, նետվեցի մարտի։ Հիշեցի ամեն ինչ՝ սկսած կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին ամսվա ձախողումից վերջացրած գողից, որն անցած տարի օրը ցերեկով, բազմաթիվ տեսախցիկներով հագեցած տարածքում գողացավ իմ հեռախոսը, իսկ ոստիկանությունը նրան որոնելու փոխարեն այգիներում դարանակալած դիմակ չդրած կամ ոչ պատշաճդրած մարդկանց է սպասում։

Տասը րոպե բուռն վեճից, բարկացած ճառերից և փոքրիկ հիստերիայից հետո արդյունքը երևաց․ ոստիկանները որոշեցին, որ չեն ուզում ինձ հետ գործ ունենալ։ Որքան էլ ոմն Հովհաննիսյանն ինձ համոզում էր, որ համաներում է լինելու, իսկ ինքը գոնե իր հաշվին տուգանված լրագրող կունենա, ես չնահանջեցի և միայն բանավոր նկատողություն ստացա։

Մինչ մենք բանավիճում էինք ոստիկանների հետ, մեզնից ոչ հեռու նստարանին՝ թփերի ստվերում, սիրահար զույգ էր համբուրվում։ Նրանք ոչ մի վայրկյան չկտրվեցին միմյանցից՝ արհամարհելով շրջապատող աշխարհում եռացող կրքերը։ Ես և ընկերուհիս նախանձում էինք նրանց և արդեն ուզում էինք համբուրվել, միայն թե Հովհաննիսյանը մեզ հանգիստ թողնի, բայց ոստիկանները հանկարծ լուրջ զարմացրին մեզ։


Նրանցից մեկը, հավաքելով համարձակությունը, մոտեցավ համբուրվող աղունիկներին և նկատողություն արեց՝ առանց դիմակի համբուրվել չի կարելի։ Մեր երևակայությունը չհերիքեց պատկերացնելու, թե ինչպես է պետք համբուրվել դիմակով, բայց դա, հավանաբար, նշանակություն չունի։ Բանավոր նկատողությունից հետո ոստիկանը, ինչպես վայել է իսկական տղամարդուն, որոշեց հանգիստ թողնել տիկնոջը և առաջարկեց արձանագրություն կազմել միայն երիտասարդի նկատմամբ։

-Գրեք, թե ինչու դիմակ չէիք դրել։

-Համբուրվում էի,-ցույց տալով ձեռքի դիմակը, ասաց երիտասարդը։

-Այդպես էլ գրեք։

Երիտասարդը չցանկացավ գրել պատճառը, բայց զարմանքից նրա աչքերն այնպես կլորացան, որ անգամ մթության մեջ նկատելի էին։

Ոստիկանները նկատողություններ արեցին մեզ և զույգին, հաշվեցին կազմած արձանագրությունները և հեռացան։ Անգամ ուշադրություն չդարձրին ծխող դեռահասներին, որոնք, բնականաբար, իջեցրած դիմակներով էին։ Էլ չեմ խոսում խորամանկների մասին, որոնք քայլում էին կիսադատարկ շշով, իսկ ոստիկանների մոտենալու դեպքում հայտարարում էին, որ հենց նոր «կում արեցին»։

Ստացվում է, որ այնուամենայնիվ կարելի է դիմակ չդնել, միայն թե փոքր-ինչ խորամանկություն է պետք։ Եվ հարցը բոլորովին էլ ԱՀԿ-ի կամ Առողջապահության նախարարության՝ դիմակ կրելու խորհուրդներն ու կոչերը չեն, կորոնավիրուսի համավարակի կանխարգելումը չէ, այլ տրամաբանությունը, որ հաճախ բացակայում է։ Արդյունքում՝ քաղաքացիները տանջվում են կասկածներից՝ փորձելով հասկանալ պարզագույն բաներ, որոնց մասին պետք է մտածեին որոշում կայացնող պաշտոնյաները։

Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը

Եվ կրկին բարձրաձայն մտքեր․․․ այնուամենայնիվ հետաքրքիր է՝ ինչո՞ւ այգում առանց դիմակի գտնվել չի կարելի, իսկ նույն այգու տարածքում գտնվող սրճարանում կարելի է․․․

245
թեգերը:
Տուգանք, կարանտին, Ոստիկանություն, համավարակ, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Համերգները կթույլատրվեն, հաղորդավարները որոշ դեպքերում դիմակ չեն դնի․ պարետի նոր որոշումը
Առանց դիմակի վարորդ, գերբեռնված տրանսպորտ. այս անգամ ովքե՞ր են կարգազանցները
«Միայն դիմակն է պակասում». օրինապաշտ ագռավը սովորեցնում է, թե ինչպես պետք է անցնել փողոցը
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

132
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

132
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

433
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

433
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
ՏՕՍ համակարգ, արխիվային լուսանկար

Հայկական զինուժը ոչնչացրել է հակառակորդի ծանր հրանետային «ՏՕՍ-1Ա» հրետանային համակարգը

0
Մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայկական զինուժը ոչնչացրել է հակառակորդի ծանր հրանետային «ՏՕՍ-1Ա» համակարգը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,– հայտնում է նա։

ՊՆ խոնակը նաև նշում է, որ այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։

0
թեգերը:
Արցախ