Խաշի աման

Ո՞վ է ասում, որ կանայք այս գործում չկան, կամ խաշի չգրված օրենքները

271
(Թարմացված է 10:04 12.09.2020)
Խաշը միայն հայկական խոհանոցի համեղ և սիրված կերակուր չէ․ այն ազգային ավանդույթի մի մասն է։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե իրականում ինչ է խաշը նշանակում հայերի համար, ինչ ծիսակարգեր են պահպանվում այն պատրաստելիս և մատուցելիս։

«Թեժ աշնան» մասին ոչինչ չգիտեմ, բայց ձմռանը որքան ավելի ցուրտ լինի Երևանում, այնքան ավելի թեժ կլինի այստեղի հանրային սննդի կետերի խոհանոցներում։ Մոտենում է «Մեծ խաշի» սեզոնը։ Այն եփում են նաև թբիլիսյան ձևով, օսիական ձևով և անգամ հյուսիս-կորեական ձևով։ Եվ այնուամենայնիվ․․․

Մի անգամ հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը քվեարկություն անցկացրեց և պարզեց, որ խաշն իսկական հայկական կերակուր է, բայց անգամ եթե արդյունքներն այլ լինեին, հայերը հաստատ հարցումը կեղծված կհամարեին։ Խաշը, իհարկե, «մեր ամեն ինչը» չէ, և այնուամենայնիվ․․․

Հարցը նույնիսկ այն չէ, որ մի քանի հազարամյակ առաջ Ուրարտուում բնակվող ժողովուրդն առաջինն է գլխի ընկել կաթսայի մեջ լցնել հորթի ոտքերն ու փորոտիքը և եփել մինչև ցնդելու աստիճան համեղ դառնալը, այլ այն, որ խաշը հայի սեղանին միայն ուտելիք չէ։ Դա հայկական ավանդույթի,  գաստրոնոմիկ մշակույթի մի մասն է, իսկական ծիսակարգ նախ կրակի մոտ, ապա սեղանի։ Եվ ընդհանրապես, խաշը համով բան է։ Ով կերել է, գիտի, որ այդպես է, իսկ այսօր խաշ ուտում են ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Ինչ վերաբերում է հանրային սննդին, եղել է ժամանակ, և հեղինակը հիշում է այդ ժամանակը, երբ խաշը պատրաստում էին բացառապես տանը, և չգիտես ինչու` համարվում էր, որ սպիտակելու աստիճան մաքուր ոտքերով լի կաթսան անքուն հսկում էին միայն տղամարդիկ։ Ստիպված եմ ժխտել․ նման բան չի եղել։ Տանտիկինները գործընթացին հավասար մասնակցություն էին ունենում, եթե չասենք՝ ավելի շատ։

Երկրորդ մոլորությունը․ ասում են, թե հայուհիները խաշի սեղան չէին նստում։ Նստում էին, այն էլ ինչպե՜ս, և լավ էլ ուտում էին։ Այսօրվա մասին խոսելն իսկ ավելորդ է․ «խաշասեր տիկնանց» ընկերախմբեր կարելի է հանդիպել գրեթե բոլոր ռեստորաններում։

Դե որ խոսք գնաց ռեստորանների մասին, այո՛, մի ժամանակ այս գերհամեղ  ուտեստը միայն տանն էին պատրաստում։ Ով տեսել է այդ ժամանակները, կհիշի․ գործընթացը, մեղմ ասած, աշխատատար էր (մաքրել տոտիկները, լվանալ, խանձել մազերի մնացորդները, նորից քերել, թրջել, երկարությամբ կտրատել)։ Այլ կերպ ասած՝ անցավ գլուխը ցավի տակ դնել մի հարցով, որով քո փոխարեն հանգիստ կարող են զբաղվել խոհարարները։ Ի վերջո դա բոլորին ձանձրացրեց, և տների խոհանոցներից խաշի պատրաստումը տեղափոխվեց հանրային սննդի ցանցեր։ Իսկ հիմա կարելի է այն պատվիրել ռեստորանում, բայց ուտել տանը։ Տաք-տաք կառաքեն։

Ինչն է անփոփոխ մնացել գրեթե Ուրարտուի ժամանակների՞ց։ Սեղանին որպես ոգելից խմիչք պետք է լինի միայն ու միայն օղի։ Ոչ մի կոնյակ, գինի, լիկյորի մասին էլ չենք խոսում։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

Եվս մեկ կասկածելի պնդում․ ասում են՝ խաշ ուտելուց հետո մի ամբողջ օր կարելի է մոռանալ ուտելիքի մասին, սառնարանին մոտենալ անգամ չես ուզում։ Իհարկե, խաշի կալորիականությունը ռեկորդներ է սահմանում, բայց ինչ վերաբերում է «մինչև հաջորդ առավոտ հերիքելուն»՝ ավելի շուտ հեքիաթներ են, քան իրականություն։ Խաշից հետո որոշ ժամանակ է ծախսվում նարդու, սուրճի, դեսից-դենից զրուցելու վրա, այնուհետև հայկական տներում սովորաբար «ձկնային» սեղան են գցում, ապա՝ աղանդեր, իսկ հետո արդեն մութն ընկնում է և կարելի է կամաց-կամաց տուն գնալ։

Մութն ընկնելու մասին։ Հին ու բարի ժամանակներում խաշ ուտելու գնում էին լուսաբացին։ Երևանի հնաբնակները կհիշեն․ սառը կիսախավարում քայլում էին տղամարդիկ, բոլորի վերարկուների գրպանները միանման ուռած՝ օղու շշից։

Սպասելով ուշացողներին ՝ սթափ շարժվում էին տվյալ ուղղությամբ, Իսկ ահա ժամանակին եկածներն արդեն փշրել էին չորացրած լավաշը, պատրաստել սխտորն ու լցրել բաժակները։

Խաշի չգրված օրենքը․ երեք կենացից ավելի չասել (պարտադիր խախտվում է)։ Առաջինը՝ բարի լույս, երկրորդը՝ խաշը եփողների կենացը, երրորդը՝ ուտողների կենացը։ Սահմանափակման բացատրությունը․ Կովկասում կենացները երկար են, խաշն էլ արագ է սառչում, իսկ սառը խաշն արդեն խաշ չէ, այլ ուկրաինական «խոլոդեց»։ Էլի համեղ ուտելիք է, բայց ուրիշ բան է ոչ միայն ձևով, այլև «բովանդակությամբ» (դափնու տերև, սև հատիկ պղպեղ, մանանեխ, քացախ)։

Սովորաբար խաշն ուտում են ցուրտ եղանակին, բայց եթե շատ ես ուզում, ամռանն էլ կարելի է։ Նման դեպքերում այն լցնում են ալյումնե տարաների մեջ, բեռնում մեքենան, որը ճամփա է ընկնում սարեր։

Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը

Կիսամոռացված հասարակական-գաստրոնոմիական պատմությունից։ նախորդ դարի 60-ականներին Երևանում սկսեցին մեկը մյուսի հետևից ձևավորվել խաշի սիրահարների ակումբներ։ Ոչ մի քաղաքականություն. միայն ընդհանուր, թեժ սեր ազգային կերակրատեսակի հանդեպ, բոլոր տարիքների, համոզմունքների և մասնագիտությունների մարդկանց միավորող սեր։ Այս նախաձեռնությունը վերցրին և զարգացրին անգամ Հայաստանի սահմաններից դուրս։

ԶԼՄ-ների հրապարակումներից․ «1988թ․-ին Տյումեն քաղաքում Մալխասյան Գրիգոր Արամովիչն առաջին անգամ խաշ պատրաստեց և այն փորձելու հրավիրեց միայն նեղ ընկերական շրջապատին։ Առաջին քաղաքային հիվանդանոցի բժիշկներ Գիբերտ Բորիս Կորնեևիչը, Կոգան Միխայիլ Իվանովիչը, Յարցև Սերգեյ Եվգենևիչը, փորձելով զարմանահրաշ խաշը, առաջարկեցին խաշի սիրահարների ակումբ հիմնել, որի նախագահ ընտրվեց Գրիգոր Արամովիչը։ Արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի մեր քաղաքի «խաշ-ակումբը», դրա մասնակիցների թիվն արդեն հասել է 200-ի։ Այսօր «Խաշ-ակումբի» անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը և «Խաշ-ակումբի» պատվավոր անդամի վկայական ստանալ»։

Իսկ ամեն ինչ սկսվել է Լենինականից՝ խաշի մայրաքաղաքից, ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ էր գտնվում մսի կոմբինատը (մսի կոմբինատներ կային Երևանում, Կիրովականում, Ղափանում և այլն), այլ որովհետև գյումրեցիներն ուտելիքից ու կատակներից լավ են հասկանում։ Անգերազանցելի կերակրատեսակի երկրպագուների ակումբի հիմնից հիշողությանս մեջ մնացել են դրա անվանման հետ հանգավորվող բառերը․ խաշ-տուշ, քաշ-մաշ, լավաշ-մատնաքաշ․․․

«Խաշ-մաշի» սեզոնը մոտենում է, վաղ արթնացեք և անուշ լինի․․․

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

271
թեգերը:
հայեր, հայ
Ըստ թեմայի
Դավթյանից մինչև Քաթանյան. ինչպես հայերը ստեղծեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը
Առաքում դրոնով. ժամանակն է, որ Հայաստանը պատրաստվի անօդաչուները գործարկել խաղաղ նպատակով
Երևանը ձեզ համար Փարիզ չէ. ադամանդ ձայնով Այդինյանի վիրահատությունն ու հայրենադարձությունը
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

129
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

129
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

425
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

425
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

23
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

23
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում