Անգելա Մերկելն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվային լուսանկար

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

600
(Թարմացված է 14:10 11.09.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս օրերին բոլորը խոսում են Լուկաշենկոյի մասին, փաստում, որ այդ մարդն ավելի քան քառորդ դար ղեկավարում է երկիրը և մոռանում են, որ Արևմտյան Եվրոպայում էլ կա մի լիդեր, որն անընդհատ վերընտրվում է։ Խոսքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին է։
Անգելա Մերկել. «Վախի վրա հիմնված հասարակությունը ապագա չունի»

Շատ հետաքրքիր կյանք է ապրել այդ կինը․ ծնվել է Արևմտյան Գերմանիայում՝ Համբուրգում, բայց հայրը, որը հոգևորական մանկավարժ էր, հանկարծ որոշեց ընտանիքով տեղափոխվել Արևելյան Գերմանիա: Պատկերացնո՞ւմ եք՝ այն ժամանակ՝ 50-ականներին, հարյուր հազարավոր գերմանացիներ Սովետի վերահսկողության տակ գտնվող հատվածից փախչում էին դեպի Արևմուտք, իսկ այդ մարդը՝ Մերկելի հայրը, հակառակն արեց: Անգելան մեծացավ սոցիալիստական Գերմանիայում, ընդունվեց համալսարան, ամուսնացավ համակուրսեցու հետ, չորս տարի հետո բաժանվեց և այդ երիտասարդից՝ Ուլրիխ Մերկելից, իրեն մնաց միայն ազգանունը, որը մինչև հիմա էլ պահպանում է:

Այսպիսի արտառոց փաստ էլ կա այդ կնոջ կենսագրությունում՝ երիտասարդ Մերկելը նույնիսկ ցանկացել է անդամակցել Շտազիին՝ Արևելյան Գերմանիայի հատուկ ծառայություններին։ Չեն վերցրել, ասել են․ «Քեզանից լրտես դուրս չի գա, շատախոս աղջիկ ես»: Ու հիմա արդեն կարելի է փաստել՝ հաստատ բախտը բերել է, որ մերժել են, որովհետև դրանից հետո, բնականաբար, երբեք միավորված երկրի կանցլեր չէր դառնա, թույլ չէին տա: 

​Սակայն տասնամյակներ շարունակ ապրելով Բեռլինյան պատի մի կողմում, այդ կինն ամեն օր տեսնում էր, որ այդ արհեստական գծից անդին մարդիկ ազատ են, ապրում են դեմոկրատական կանոններով, բարգավաճում են, այնինչ իրենք չեն կարող նույնիսկ մոտենալ այդ սահմանին: 1989-ին Բեռլինի պատը վերջապես քանդվեց։ Այդ օրը Մերկելը Բեռլինի արևելյան մասից անցավ արևմտյան հատվածը, անծանոթ մարդկանց հետ մի բաժակ գարեջուր խմեց, անմիջապես վերադարձավ տուն ու պառկեց քնելու: Պատկերացրեք՝ ողջ Գերմանիան ցնծում ու քեֆ էր անում, իսկ Մերկելը քնած էր: Որովհետև վաղ առավոտյան պիտի աշխատանքի գնար՝ վախենում էր ուշանալ: Հիմա հասկանո՞ւմ եք, թե որտեղից է գալիս այն հորդորը, որը մի քանի տարի առաջ Մերկելը հասցեագրեց չափազանց ծանր կացության մեջ հայտնված հույներին․ «Եթե ուզում եք լավ ապրել, զսպեք ձեզ, ավելորդություններ թույլ մի տվեք, հրաժարվեք ինչ-որ բաներից նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր շուրջը քեփ են անում, կարգ ու կանոն հաստատեք՝ սա է բարեկեցիկ կյանքի գրավականը»:

Բայդենը շահեկան դիրքում է. կհաջողվի՞ Թրամփին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ուղիղ 5 տարի առաջ՝ 2015 թվականին, «Թայմ» ամերիկյան հանդեսը «Տարվա մարդ» ճանաչեց Անգելա Մերկելին: Դոնալդ Թրամփը, որը «Տարվա մարդ» չճանաչվեց, այլ զբաղեցրեց երրորդ տեղը, սոցիալական ցանցերից մեկում գրեց. «Թայմի» խմբագրությունը լավ էլ գիտեր, որ ես եմ առաջատարը, բայց գերադասեց «Տարվա մարդ» ճանաչել այդ կնոջը, որը քանդեց Գերմանիան»։ Ինչ ի նկատի ուներ Թրամփը։ Այն, որ Մերկելը թույլ տվեց փախստականներին մուտք գործել Գերմանիա։

Պարզապես էսպիսի մի դրվագ հիշեցնեմ։ Մերկելը Բեռլինի դպրոցներից մեկում միջոցառման էր մասնակցում: 14 տարեկան պաղեստինցի մի աղջիկ վեր կացավ ու վարժ գերմաներենով ասաց. «Ես այստեղ եմ սովորում, բայց փախստականների ընտանիքից եմ և մեզ շուտով արտաքսելու են Լիբանան, որտեղ պետք է ապրենք փախստականների ճամբարում: Բայց ես ուզում եմ սովորել, սիրում եմ Գերմանիան, ես ընկերներ ունեմ այստեղ: Նրանք շարունակելու են վայելել կյանքը, իսկ ես…»։ Ու սկսեց հեկեկալ:

Կանցլերը հուզվեց, ակամայից բացականչեց․ «Աստված իմ», մոտեցավ աղջկան ու ասաց. «Ես քեզ լավ եմ հասկանում, բայց պիտի ասեմ… Դու հրաշալի աղջիկ ես, բայց դու նաև գիտես, որ Լիբանանի ճամբարներում տասնյակ հազարավոր պաղեստինցի փախստականներ են ապրում, ու եթե մենք հայտարարենք․ «Բոլորդ կարող եք գալ այստեղ, մենք պարզապես դրա տակից դուրս չենք գա»։

Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Չգիտեմ՝ արդյոք այս դրվագը ազդեց Մերկելի վրա, բայց փաստն այն է, որ, ի վերջո, նա արեց այն, ինչն անթույլատրելի էր համարում՝ բոլորին էլ ասաց՝ եկեք այստեղ, այսինքն՝ բացեց Գերմանիայի սահմանները ներգաղթյալների առջև: Շատերն էին բողոքում։ Բայց երբ ինչ-որ միջոցառման ժամանակ մի կին դժգոհեց․ «Ախր այսքան փախստականներ ընդունելով, մենք վտանգում ենք մեր հասարակությունը, մեր մշակույթը», Մերկելը պատասխանեց․ «Մենք երբեք չպետք է վախենանք… Որովհետև վախի վրա հիմնված հասարակությունը, վախի վրա հիմնված մշակույթը ապագա չունեն»:

600
թեգերը:
վախ, Գերմանիա, Անգելա Մերկել, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (231)
Ըստ թեմայի
«Գուցեև մի քիչ երկար մնացի»․ Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է կատարվում Բելառուսում
Բալթյան երկրները Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ են սահմանել
Կարելի է ասել` խոստովանական էր. Սիմոնյանն ու Բաբայանը` Լուկաշենկոյի հետ հարցազրույցի մասին
Լուկաշենկոն նորից ինքնաձիգը ձեռքին հայտնվել է իր նստավայրի մոտ
Լուկաշենկոն հայտարարել է, որ Նավալնու մասին զրույցը գաղտնալսել են
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

156
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

156
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (231)
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Սրճարան

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

2916
(Թարմացված է 21:27 22.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհի երևի թե ամենաբարդ հարցերից մեկը սա է՝ որքան թեյավճար թողնեմ և եթե չթողնեմ ընդհանրապես, ինչ կկատարվի։
Ինչու ենք թեյավճար թողնում

Ճիշտն ասած, եթե թեյավճար թողնում ես, միևնույնն է, էլի կարող են անհարմար իրադրություններ առաջանալ։ Ձեզ կարող են պարզապես հասկացնել, որ ողորմության կարիք չունեն։ Իհարկե, դա միայն արտառոց դեպքերում է պատահում։

Հիշո՞ւմ եք «Միմինո» կինոնկարի այն դրվագը, երբ գլխավոր հերոսը գրեթե առանց փողի է մնում օդակայանում, մոտենում է բուֆետի աշխատակցուհուն, սկզբից հարցնում է, թե սուրճն ինչ արժե, տեսնում է, որ թանկ է, թեյ է վերցնում, բայց մեկ է` ուզում է ցույց տալ, թե, ինչպես ասում են, աղա տղա է, ասում է՝ մանրը պետք չէ, բայց աշխատակցուհին էլ պատասխանում է՝ ինձ էլ պետք չէ, այսինքն հասկացնում է՝ տղա ջան, փող չունես, էլ քեզ հարուստի տեղ մի դիր։

Հետաքրքիր է, որ Միմինոն ցանկանում էր թեյավճար թողնել հենց թեյ վերցնելուց հետո։ Իրականում թեյավճար բառը, բնականաբար, հենց թեյի հետ կապ ունի, բայց պատմությունն այսպիսին է։ Թեյավճարի հետ կապված մեր բոլոր դժվարություններում պիտի մեղադրենք անգլիացիներին, որովհետև հենց Անգլիայից է գալիս այդ երևույթը։ Հայտնի է, որ անգլիացիները սիրում են թեյ խմել։ Թեյախմության այդ ավանդույթը ծագել է 16-րդ դարում, այն ժամանակ եթե դուք մեկի տուն հյուր էիք գնում, և հնդկական թեյն ըմբոշխնելու գործընթացը տևում էր մինչև ուշ գիշեր, կարող էիք մնալ տանտիրոջ տանը, բայց հետո որոշակի գումար թողնել նրա ծառաներին, որոնք ձեր մասին հոգ էին տարել։ Հենց այդպես էլ առաջացել է թեյավճարը։

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

Իսկ ինչո՞ւ ենք մենք լրացուցիչ գումար թողնում այն դեպքում, երբ մեզ որևէ լրացուցիչ ծառայություն չեն մատուցել կամ մատուցել են, բայց դա նշված է այն հաշվի մեջ, որն արդեն վճարել ենք։ Եթե ուզում ենք շնորհակալություն հայտնել մատուցողին, ապա ինչու միայն նրան։ Եթե ինձ դուր է եկել տվյալ ռեստորանի կերակուրը, իսկ մարդը սովորաբար ռեստորան է գնում հենց ուտելիքն ըմբոշխնելու համար, ապա ինչու շնորհակալություն չեմ հայտնում խոհարարին, որը պատրաստել էր տապակած ձուկը, որն ինձ այդքան դուր էր եկել։

Ճիշտ է, ծանոթ մատուցողներից մեկի վկայությամբ՝ միշտ չէ, որ թեյավճարը հենց մատուցողին է բաժին հասնում, կան սրճարաններ և ռեստորաններ, որտեղ այդ թեյավճարը բաժանվում է բոլոր աշխատողների միջև, բայց եթե ես թեյավճարը թողել եմ հենց այն պատճառով, որ հիացած եմ մատուցողի գերազանց աշխատանքով, ես հո նրան չեմ հարցնում՝ այս ամբողջ փողը ձե՞զ է մնալու, թե՞ բաժանելու եք։ Եվ այնուամենայնիվ այն քաղաքում, որտեղ մարդը մշտապես է ապրում, թեյավճարի հարցն առանձնապես խնդիր չէ, որովհետև բոլորս էլ ի վերջո գիտենք, թե մեզանից ինչ է ակնկալվում։ Շատ ավելի բարդ է հարցը արտասահմանում։ Որովհետև չգիտես՝ տվյալ երկրում ինչ է ընդունված, ինչպիսին են, այսպես ասենք, թեյավճարային ավանդույթները։ Իսկ դրանք տարբեր երկրներում լրիվ տարբեր են։

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Պատկերացրեք՝ նույնիսկ ԲիԲիՍի-ն էր անդրադարձել այս նուրբ հարցին։ Բրիտանական այս լրատվամիջոցի վկայությամբ՝ Միացյալ Նահանգներում թեյավճարի ընդունված չափն ամենամեծն է՝ այնտեղ մարդիկ մատուցողին թողնում են հաշվում նշված գումարի 15-ից 25 տոկոսը։ Բրազիլիայում՝ 10 տոկոսը, Շվեդիայում՝ 5-ից 10 տոկոսը։ Իսկ Արևելքում ավանդույթները շատ են տարբերվում։ Ճապոնիայում թեյավճար ընդհանրապես չեն վճարում, և եթե դուք սեղանին մանր թողնեք, շատ հնարավոր է՝ մատուցողուհին ձեր հետևից վազի և ասի. «Պարոն, դուք սեղանին փող եք մոռացել»։

Բայց վերադառնանք գլխավոր հարցին՝ ինչո՞ւ ենք մենք թեյավճար թողնում։ Պատճառները տարբեր են։ Ոմանց համար դա, այսպես ասենք, սեփական սոցիալական կարգավիճակի հաստատման հարց է։ Այսինքն՝ մոտավորապես Միմինոյի հերոսի նման՝ թեկուզ փող էլ չունենամ, թեկուզ ընդամենը մի բաժակ թեյ պատվիրեմ, միևնույնն է, պետք է ապացուցեմ, որ առատաձեռն մարդ եմ, ժլատություն չեմ անում, նույնիսկ երբ նեղն եմ ընկնում։ Բայց կան նաև այլ դրդապատճառներ՝ փող եմ տալիս, որովհետև համոզված եմ, որ մատուցողի աշխատանքը ցածր է վարձատրվում, ուզում եմ ինչ-որ չափով օգնել։ Երևանում միգուցե այս տրամաբանությունը ճիշտ է, բայց դրսում չխաբվեք։ Գիտե՞ք, օրինակ, թե որքան է ստանում սովորական միջին մատուցողը նյույորքյան ռեստորանում՝ ժամում մոտավորապես 30 դոլար։ Կասկածում եմ, որ ողջ Հայաստանում շատ մարդ կգտնվի, որն այդպիսի աշխատավարձ ստանա։

Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը

2916
թեգերը:
մատուցող, սրճարան, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (231)
Ըստ թեմայի
Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել
Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով
Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 
Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը

2
(Թարմացված է 19:46 24.09.2020)
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

2
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ