Չգործող օդանավակայանի թռիչքուղին հարևան շենքի լուսամուտից

Ադրբեջանցիները Շամշադինից Երևան էին թռչում. ի՞նչ պատահեց Բերդի օդանավակայանի հետ

3895
(Թարմացված է 21:57 03.09.2020)
Այժմյան Տավուշի մարզից (նախկին Շամշադինի շրջանից) Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք թռիչքները տևում էին մոտ 20-25 րոպե և արժեին գրեթե նույնքան, որքան տաքսիով ուղևորությունը։

Ավիացիայի զարգացումը Հայաստանի համար շարունակում է մնալ ամենացավոտ հարցերից մեկը։ Sputnik Արմենիայի խմբագրությունը բազմիցս ուշադրություն է հրավիրել ոչ միայն ազգային ավիափոխադրող ստեղծելու, այլև Հայաստանում փոքր ավիացիան վերականգնելու անհրաժեշտության վրա։

Корреспондент Армения Давид Галстян смотрит на взлетную полосу недействующего аэропорта Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Andranik Ghazaryan
Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանն Այգեպարում

Այդ կապակցությամբ մենք հոդվածաշար ենք սկսում Հայաստանի փոքր օդանավակայանների մասին։ Առաջին օդային նավահանգիստը, որի պատմությունն ու ճակատագիրն ուզում ենք պատմել՝ Բերդի օդանավակայանն է։

Տեղակայումը

Բերդի օդանավակայանը, չնայած իր անվանմանը, գտնվում է Այգեպար սահմանամերձ գյուղի կողքին։ Դրա առանձնահատկությունն այն է, որ թռիչքուղին ընդհուպ մոտենում է Ադրբեջանի հետ սահմանին։

Օդանավակայանի ասֆալտի երկարությունը կազմում է 1720, լայնությունը՝ 28 մետր։ Անվտանգության հողե գիծը ևս 250-ական մետր է ամեն կողմից, լայնությունը՝ 50 մետր։

Пасущиеся коровы у взлетно-посадочной полосы недействующего аэропорта Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Բերդի օդանավակայանի թռիչքուղին

Հիմա դրա հենց մեջտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Իսկ հաշվի առնելով երկու երկրների միջև ներկայիս հարաբերությունները՝ ռազմաճակատի գիծը։

Ծաղկունքի շրջանը

Երևանից թռչող առաջին ինքնաթիռն այստեղ վայրէջք է կատարել 1980 թ.-ի նոյեմբերի 20-ին։ Օդանավակայանի նախկին դիսպետչեր, այնտեղ ավելի քան 10 տարի աշխատած Վանիկ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեց նաև այդ ինքնաթիռի (Як-40) հրամանատար, Ռուսաստանի հերոս (2006), փորձարկող օդաչու Ռուբեն Եսայանին։

Бывший диспетчер аэропорта Берда Ваник Акопян
© Sputnik / Aram Nersesyan
Օդանավակայանի նախկին դիսպետչեր Վանիկ Հակոբյանը

Իրականում նախքան Բերդի օդանավակայանի բացումը շրջակայքում արդեն իսկ ոչ մեծ օդակայան կար․ հիմա այնտեղ խաղողի այգիներ են։ Այնտեղից օդ էին բարձրանում Ан-2-ները և սանիտարական ինքնաթիռները։ Հենց այդ օդանավակայանի առկայությունը հիմք դարձավ ավելի խոշոր օդանավակայանի կառուցման համար, որը կարող էր սպասարկել ուղևորափոխադրող Як-40 ինքնաթիռները։

«Գոյություն ունեցող օդանավակայանն ընդլայնելու տեղ չկար։ Ստիպված եղանք փոխել Տավուշ գետի հունը։ Հսկայական ծախսեր արեցինք թռիչքուղու վրա»,-պատմեց Հակոբյանը։

Измененное русло реки Тавуш рядом со взлетно-посадочной полосой недействующего аэропорта Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Տավուշ գետը

Ընդհանուր առմամբ, նոր օդանավակայանի վրա 5 միլիոն ռուբլի ծախսվեց (այն ժամանակ մեկ դոլարը հավասար էր 91-93 կոպեկի)։ Ստացվում է՝ մոտ 5,4 միլիոն դոլար՝ այն ժամանակվա չափանիշերով։

«Մի հատ ստանկովի պլիմոտ տվեք, գնամ, բարձրունքումը նստեմ»․ Այգեպարի 87–ամյա բնակիչ

Խորհրդային ժամանակներում Այգեպարը սեփական հողատարածքներ չունեցող գյուղ էր(մարդիկ աշխատում էին տեղի գործարաններում), ուստի, անգամ թռիչքուղու համար տարածք գնեցին Ներքին Կարմրաղբյուր գյուղից։ Դրա վրա ծախսվեց մոտ 900 հազար ռուբլի։ Մնացած գումարը գնաց շինարարության վրա։

Հիմնականում թռչում էին Як-40-ները, որոնք 26-30 մարդ էին տեղավորում՝ կախված կոնկրետ մոդիֆիկացիայից։ Սովորաբար օրական 5 չվերթ էր լինում։

Самолеты в аэропорту
© Sputnik / Георгий Зельма
Як-40 ինքնաթիռներ

«Առաջին չվերթն առավոտյան 7։20 էր։ Մարդիկ կարող էին առավոտյան աշխատանքի գնալ Երևան և երեկոյան տուն վերադառնալ։ Ճանապարհը 20-25 րոպե էր տևում։ Ինքնաթիռը միշտ լիքն էր, հերթեր կային։ Տոնական օրերին չվերթերի թիվը հասնում էր 10-ի»,-պատմում է Հակոբյանը։

Երբ ակտիվությունը շատ էր, ավելացնում էին նաև Ан-2-ը (10-12 ուղևոր)։

Բուն Երևան-Բերդ չվերթն իր ծախսը չէր փոխհատուցում՝ Як-40-ները շատ փոքր էին։ Սակայն օդանավակայանում «Աերոֆլոտի» ներկայացուցչություն էր գործում։ Մարդիկ տոմս էին գնում՝ Երևանից տրանզիտով դեպի Սարատով, Մոսկվա և այլն։ Այդպիսի մոդելը շահավետ էր։

Недействующий аэропорт Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Բերդի չգործող օդանավակայանի շենքը

Տոմսերի գինը սկզբում 5 ռուբլի էր, հետո արդեն` 7-10։ Բայց համեմատության համար նշենք, որ Երևան տանող ավտոբուսի տոմսը նույնպես 5 ռուբլի արժեր։ Մարդիկ կարող էին իրենց նման թռիչքներ թույլ տալ։

«Մոտակա բոլոր գյուղերն ու քաղաքներն օգտվում էին տեղի օդանավակայանից։ Անգամ ադրբեջանցիները։ Թռչում էին Երևան, այնտեղից՝ Սիսիան կամ Գորիս։ Այնպես որ, օդանավակայանը լիակատար բեռնվածությամբ էր աշխատում»,-պատմեց Հակոբյանը։

Նա աշխատել է մոտ 10 տարի, այդ ընթացքում ոչ մի վթար չի եղել, քանի որ թռիչքուղին Հայաստանում ամենահարմարավետներից էր համարվում թե՛ երկարության, թե՛ տեղանքի առումով։ Այստեղ ձյուն քիչ էր գալիս. տարվա մեջ մոտ 300 օր լավ եղանակ էր։

Здание недействующей табачной фабрики Айгепара на фоне взлетно-посадочной полосы недействующего аэропорта Берда, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Բերդ

Իսկ հազվադեպ պատահող վատ եղանակային պայմանների դեպքում որպես այլընտրանք կարող էին ծառայել Թբիլիսիի օդանավակայանը կամ Վրաստանի «Դալյարի» ռազմական օդանավակայանը։

«Միայն մետրոն էր պակասում»,-կատակում է օդանավակայանի դիսպետչեր Հակոբյանը։

Անկման շրջանը

Ուղևորահոսքը սկսեց նվազել երկրաշարժից հետո։ Չնայած այն ժամանակ Հայաստանում վերականգնողական աշխատանքներ էին իրականացնում թուրքմենները։ Շաբաթը մեկ անգամ Երևան-Աշխաբադ չարտերային չվերթեր էին լինում։ Երբեմն, եթե շատ մարդ էր հավաքվում, շաբաթական երկու չվերթ էր իրականացվում։

Իսկ հետո սկսեցին Ադրբեջանի հետ ռազմական գործողությունները։ Այդ շրջանում հիմնականում ուղղաթիռներն էին աշխատում՝ տարհանում էին հայերին Կիրովաբադից, Գանձակից և մոտակա հայաբնակ գյուղերից։

Հայաստանը` «սև ցուցակում», կամ ինչպես փրկել քաղաքացիական ավիացիան

Վերջին ինքնաթիռը Բերդից թռել է մոտ 1990 թվականին։

  • Չգործող օդանավակայանը
    Չգործող օդանավակայանը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Չգործող օդանավակայանը
    Չգործող օդանավակայանը
    © Sputnik / Andranik Ghazaryan
  • Օդանավակայանի նախկին դիսպետչեր Վանիկ Հակլոբյանը
    Օդանավակայանի նախկին դիսպետչեր Վանիկ Հակլոբյանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Չգործող օդանավակայանի թռիչքուղին
    Չգործող օդանավակայանի թռիչքուղին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Չգործող օդանավակայանը
    Չգործող օդանավակայանը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Andranik Ghazaryan
Չգործող օդանավակայանը

Վերջին տարիներին Հակոբյանը «գործուղումների վրա» էր աշխատում․ սկսել էր Արցախի պատերազմը, և դիսպետչերներն ըստ անհրաժեշտության` տեղից տեղ էին քոչում։

Դատապարտված օդանավակայանը

Իր հուշերում («Տեղական օդային գծերի օդանավակայաններ») Հայաստանի Քաղավիացիայի պետական վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը գրում է, որ Як-40 ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայանը հեռանկարում (թռիչքուղու աննշան երկարացումից հետո) պետք է ընդուներ ուղևորատար Як-42 և բեռնատար Ил-76 ինքնաթիռները։

Բայց տեղի ունեցան երկրաշարժը, Արցախի պատերազմը, ԽՍՀՄ-ի փլուզումը, և իրավիճակը փոխվեց։ Հիմա օդանավակայանի տարածքն ամբողջովին երևում է ադրբեջանական դիրքերից։ Թռիչքուղի դուրս գալ, մեղմ ասած, խորհուրդ չի տրվում։

Пасущаяся корова у взлетно-посадочной полосы недействующего аэропорта Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Նախկին օդանավակայանի տարածքը

Խորհուրդները չեն անհանգստացնում միայն կովերին, որոնք արածում են թռիչքուղու եզրերին։ Գծից դուրս գտնվող` հարևան համայնքից գնված ոչ մեծ հողատարածքները և այնտեղ աշխատող գյուղացիները պարբերաբար գնդակոծության տակ են ընկնում։

Հնարավոր լուծումները

Ավիացիայի ոլորտի փորձագետ, Հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախկին անդամ Լևոն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ չգործող օդանավակայանի փոխարեն կարելի է նորը կառուցել։

Անվճար պանիրը միայն թակարդում է, կամ որքան են ծախսում լոուքոսթերները չվերթի համար

«Չեմ կարող ասել, թե կոնկրետ որտեղ, բայց Չինչին գյուղի մոտակայքում (Բերդ քաղաքից դեպի հյուսիս-արևելք,– խմբ․)։ Պետք է սկսել հողային ծածկույթից և աստիճանաբար ամրացնել»,-նշեց Ղազարյանը։

Недействующий аэропорт Берда, Айгепар, Тавушская область
© Sputnik / Aram Nersesyan
Նախկին օդանավակայանի անվտանգության գրունտային գոտին

Նախկին դիսպետչեր Վանիկ Հակոբյանը նույնպես վստահ է, որ Հայաստանի փոքր օդանավակայաններն անպայման պետք է վերականգնել։

«Նոր թռիչքուղին մեծ ծախսեր չի պահանջի, հատկապես, եթե հողածածկ լինի»,-ասում է Հակոբյանը։

Նա ինքն էլ դեռ կարող է ծառայել այդ ոլորտում։ 56 ժամ թռիչքը Ан-24-ով և դիսպետչերի 10 տարվա փորձը քիչ բան չեն։

Օդանավակայանը փակվելուց հետո Հակոբյանն ուսուցիչ էր աշխատում, 65 տարեկանում նրան թոշակի են ուղարկել։

Свидетельство диспетчера и архивная фотография Ваника Акопяна
© Sputnik / Aram Nersesyan
Վանիկ Հակոբյանի արխիվային լուսանկարները
3895
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, օդանավակայան, Բերդ, Տավուշ
Ըստ թեմայի
Վժժժ... տեսնես այս անգա՞մ ում տունը քանդվեց. կյանքը կրակոցների տակ ապրող Չինարիում
«Առաջինը տղերքի կենացն ենք խմել». ի՞նչ են պատմում հրետակոծված Այգեպարի բնակիչները
Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

346
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

346
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

70
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

70
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

10
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

10
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը