Անասնաբույժներ

«Շան» գործ. ինչպես հա՛մ խաշլաման օգտակար լինի, հա՛մ անասնաբույժը լավ ապրի

254
(Թարմացված է 17:06 01.09.2020)
Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունն ամենաանցանկալիներից մեկն է։ Հատուկենտ մարդիկ են ուզում սովորել կենդանիներին բուժելու նրբությունները, բայց էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ լավ անասնաբույժը կարող է լավ գումար վաստակել։

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը չեն ընտրում անգամ գյուղի պատանիները, էլ ինչ ասենք քաղաքաբնակների մասին։ Շատերն այդ աշխատանքը կեղտոտ ու ոչ եկամտաբեր են համարում։ Բայց տխուր պատմությունը դրանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է։ Մի քանի հազար գլուխ անասուններ խրոնիկ հիվանդություններ ունեն և ավելի վատ են կերակրում թե՛ մեզ, թե՛ իրենց տերերին։ Դրա պատճառով որքա՞ն եկամուտ է կորցնում պետությունը, քանի՞ ֆերմեր է թողել իր տունը և մեկնել Երևան կամ արտերկիր՝ ոչ ոք չի հաշվել։

«Շան բերանը գցելով»

Այս տարի անասնաբուժական ֆակուլտետը հատուկենտ դիմորդներ է ունեցել։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուծության ֆակուլտետում անասնաբույժների համար 40 տեղ է բացվել առկա վճարովի ուսուցման համար, 7 թափուր տեղ՝ պետպատվերով և 2 տեղ՝ համայնքների նպատակային պատվերով:

Ցավոք, այդ տեղերի ընդամենը կեսն է զբաղված, իսկ անասնաբուծության բաժնում դիմորդներ ընդհանրապես չեն եղել։

Հիմա անասնաբուժական դիմում են՝ «թիրախավորելով» շներին ու կատուներին։ Ոչ ոք չի ուզում կով ու գառ բուժել և դրա համար ամսական 50-60 հազար դրամ ստանալ՝ «շան բերանը գցելով» ուսումնառության ու երիտասարդության տարիները։

«Սովորողների 90 տոկոսն ուզում է աշխատել տնային կենդանիների համար նախատեսված կլինիկաներում։ Նախորդ մի քանի տարում բազմաթիվ այդպիսի կլինիկաներ են հայտնվել թե՛ Երևանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ Գյումրիում և Արտաշատում։ Ուսանողներն ուզում են այնտեղ աշխատել, քանի որ մի քանի անգամ ավելի լավ են վճարում, քան գյուղի անասնաբույժներին»,-Sputnik Արմենիային ասաց Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը։

Որոշ փոփոխություններ նկատվում են նոր ֆերմաների ի հայտ գալուց հետո, որոնք կառուցվում են պետության աջակցությամբ (այսպես կոչված SMART ֆերմաներ)։ Դրանք բացում են այն գյուղացիները, որոնք ուզում են լուրջ գումարներ վաստակել անասնապահությամբ, ինչը նշանակում է, որ պատրաստ են լուրջ մասնագետներ հրավիրել։

Այնտեղ ուսանողական պրակտիկա կազմակերպելու համար Ագրարային համալսարանը հուշագիր է ստորագրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) հետ։

«Ուսանողներից շատերը նման ֆերմաներում աշխատելու ցանկություն են հայտնում, երբ տեսնում են, թե ինչպես է այնտեղ կազմակերպված գործը»,-ասաց Աբովյանը։

Հայաստանում արդեն ավելի քան 20 նման ֆերմա է բացվել։

Անասնաբուծության մեջ նոր տեխնոլոգիաների կղզյակները գնալով շատանում են։ Բայց այդ կղզյակներից դուրս ամեն ինչ առաջվա պես է։ Գյուղի անասնաբույժն առաջվա պես 60 հազար է ստանում, որից դեռ մի բան էլ պետք է «զապռավակայի» փող առանձնացնի (վառելիքի ծախսը նրան չի փոխհատուցվում)։ Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, իրենք իրենց հարց են տալիս երիտասարդներն ու նրանց ծնողները։

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջրաձոր գյուղին. նախարարի խորհրդականը մանրամասներ է հայտնում

Ի լրումն ամենի, բոլոր գյուղերում չէ, որ հարկ եղած դեպքում կարելի է անասնաբույժ կանչել։ Կան գյուղական համայնքներ, որտեղ անասնաբույժների հաստիքներ չկան ( անգամ երկրի անասնաբուծական շրջաններում)։ Բայց այդ հաստիքները, միևնույնն է, առանձնապես ոչինչ չեն փոխի, կարծում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որը պատասխանատու է անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման և զարգացման համար։ Անասնաբուժությունը պետք է մասնավոր լինի, և ոչ մի սարսափելի բան այդտեղ չկա։ Այդպես է ընդունված ամբողջ աշխարհում, հիշեցնում է նա։

Անասնաբույժները գոհ են, խաշլաման՝ օգտակար

Քչերը գիտեն (մենք էլ չգիտեինք), որ Հայաստանում անասնաբույժները կարող են լավ վաստակել ոչ միայն շներ ու կատուներ բուժելով, այլև անասուններ խնամելով։ Մասնավոր տնտեսություններում անասնաբույժին կարող են 300-400 հազար դրամ առաջարկել, նույնիսկ դրանից էլ շատ։ Համայնքի անասնաբույժի համար նման աշխատավարձը ֆանտաստիկայի ժանրից է։ Բանն այն է, որ ֆերմերները չեն ուզում վճարել, եթե չեն հասկանում` ինչի համար։

Առաջարկների հիմնական էությունը հետևյալն է․ նախ՝ անասնաբույժները պետք է պարտադիր հավաստագրում անցնեն։ Երկրորդ՝ միայն նրանք կկարողանան անասնաբուժական դեղամիջոցներ գնել և օգտագործել ։ Եվ երրորդ՝ որպեսզի նրանց հավաստագրումը ձևական չդառնա, անասնաբույժները պետք է պատասխանատու լինեն իրենց աշխատանքի որակի համար, նշում է Գաբրիելյանը։

Մեր երկրում հաճախ են կատակում, որ Հայաստանում ամեն առավոտ արթնանում է 3 միլիոն վարչապետ։ Այդպես է թե՛ քաղաքում, թե՛ գյուղում։ Եթե այդ գյուղական «վարչապետներից» որևէ մեկին հարցնենք` դու կարո՞ղ ես անասուններին սրսկել, գրեթե բոլորը կպատասխանեն` ինձնից լավ ոչ ոք չի անի։ Ոմանք կասեն` իսկ ի՞նչ կա որ, անասուններն իրենն են, ինքն էլ որոշում է` ինչպես բուժի։

Բայց հետևյալ խնդիրն է ծագում։ Ֆերմերը գնում է անասնաբուժական դեղատուն և հակաբիոտիկներ ընտրում մոտավորապես («ինչ-որ տեղ լսել եմ, ինչ-որ մեկի մոտ տեսել եմ» սկզբունքով)։ Սովորաբար այդպիսի դեղատների վաճառողներն էլ մոտավորապես նույն մակարդակի գիտելիքներ ունեն (գուցե մի փոքր ավելի)։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Արդյունքում, նախ՝ ոչ ոք չի երաշխավորի, որ ֆերմերը ճիշտ դեղամիջոց կգնի, երկրորդ՝ չի ներարկի ավելի շատ, քան պետք է («դե, մարդ ես» սկզբունքով)։ Իսկ հակաբիոտիկների ավելորդ չափաբաժինն անցնում է մսի ու կաթի մեջ, որոնք մենք ենք գնում։ Մեր օրգանիզմն աստիճանաբար սովորում է հակաբիոտիկներին, և երբ իրոք հակաբիոտիկներով բուժվելու կարիք է առաջանում, դրանք մեզ վրա այլևս չեն ազդում։

Այդ պատճառով, եթե անասնաբուժությամբ զբաղվել թույլ տան միայն մասնագետներին, նրանք գրագետ կերպով կորոշեն թե՛ դեղամիջոցը, թե՛ չափաբաժինը։ Իսկ քանի որ նրանց պետք է վճարել, բոլորը կսկսեն լավ մասնագետ որոնել, որպեսզի գումարն իզուր չվատնեն։

«Արդեն հիմա կան ֆերմերներ, որոնք ասում են․ «Ավելի լավ է` լավ անասնաբույժին 10 հազար տամ, քան վատ անասնաբույժի ձեռքում իմ 500 հազարանոց կովս սատկի։ Ու գնալով ավելի ու ավելի շատ անասնապահներ կսկսեն դա հասկանալ»,-ընդգծում է Գաբրիելյանը։

Փոխնախարարն այս ամենը սեփական փորձով է ստուգել․ ավելի քանի 15 տարի նա մասնավոր անասնաբույժ է եղել, ոչ միայն խոշոր տնտեսություններ է սպասարկել, այլև անհատ ֆերմերներին։ Նրա խոսքով` որքան էլ գյուղացիները չուզենան վճարել անասնաբույժին, լավ մասնագետի համար գումար չեն ափսոսի, քանի որ տեսնում են, թե այդ գումարի դիմաց ինչ են ստանում։

Անասնաբույժների լիցենզավորման և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի սահմանափակման մասին արդեն օրինագիծ է կազմվել, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ուղարկել մյուս գերատեսչություններին։

254
թեգերը:
անասնաբույժ, մասնագիտություն, Հայաստան
Ըստ թեմայի
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ
Սիմբա-2․ ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմ կնկարի կորյունին փրկած հայ անասնաբույժի մասին
Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

132
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

132
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

433
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

433
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ը

Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

197
(Թարմացված է 13:29 30.09.2020)
Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն զոհվել էր:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Армянский самолет СУ-25, сбитый турецким истребителем F-16
Թուրքական F-16 կործանիչի խոցած ՍՈւ-25-ի մնացորդները

Նախարարությունը նաև հայտնում է, որ թուրքական սադրիչ թռիչքներն այժմ էլ իրականացվում են նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում խախտելով Հայաստանի օդային սահմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Անկարան խրախուսում է Բաքվին` տրամադրելով զենք. Արցախի ԱԳՆ–ի հայտարարությունը

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 74 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

197
թեգերը:
համացանց, Թուրքիա, Վարդենիս, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
«Չենք բացառում, որ կարող են տուժել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները». ԱՀ նախագահի խոսնակ