Աննա Ալավերդյան

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

8302
(Թարմացված է 14:25 28.08.2020)
Մոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հույս ունի` այս անգամ ևս ելք կգտնվի։ Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։

Քարաշեն գյուղական տուն` մյուսներից ոչնչով չտարբերվող, որի բակում երեխաներ են խաղում։ Սև, խոշոր աչուկներով մի աղջնակի հարցնում եմ` Աննայենց տունը սա՞ է։

Գյուղում քաղաքից եկողներին միանգամից են ճանաչում` լինի մեծ, թե մանուկ։ Աղջիկը հասկանում է` հյուր ենք, խաղը թողնում է, լրջանում և պատասխանում` այո, ճիշտ եք եկել, միայն թե մայրը տանը չէ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ հայրական տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված զինծառայողի նկատմամբ 5 հոդվածով քրգործ է հարուցվել

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Мика Алавердян, сын офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни
© Sputnik / Aram Nersesyan
Միկան

Վիկան հասկանում է` մեր այցը հոր հետ է կապված, քանի որ վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է` մոր ձեռքն է շոյում, վզի տակ մտնում։

–Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի 6-ին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց ու եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։

Вика Алавердян, дочь офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни
© Sputnik / Aram Nersesyan
Վիկան

Օգոստոսի 14-ին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, սակայն դրանից մեկ օր առաջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։

Սպայի կինն ասում է`միասին լավ ու վատ օրեր շատ են անցկացրել, բայց երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է ու պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։

«Գուրգենն անհայր է մեծացել և անում էր ամեն ինչ, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն։ Ամենաբարձր դիրքում էր ծառայության անցել, հեշտ չէր, բայց ասում էր` ոչինչ, փոխարենը կկարողանանք երեխաների համար մի բան հետ գցել։ Երևանում վարկով տուն ենք վերցրել, դրա գումարն էինք վճարում»,–պատմում է Աննան ու նորից լռում։

Գուրգեն Ալավերդյանն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող։ Հենց սկզբում աչքի է ընկել որպես լավ զինծառայող, և նրան առաջարկել են վերապատրաստվել ու խորանալ իր գործում։ Ալավերդյանը համաձայնել է և սկզբում ծառայության անցել Շամշադինի զորամասերից մեկում։ Նա մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի այն զորամասում, որտեղից էլ մոլորվել է։

Աննայի ամուսինն արդեն Արցախում տուն էր փնտրում, ինչպես նաև աշխատանք կնոջ համար (կենսաբանության ուսուցչուհի է), որպեսզի ընտանիքին մոտ լիներ։ Ավելին, նրանց աղջիկն էլ այս տարի պետք է դպրոց գնար, և փորձում էին արագ տեղավորվել Արցախում։

Վիկան դպրոցի անուն լսելիս` լայն ժպտում է, ասում է` շատ է ուզում դպրոց գնալ։ Մայրը, սակայն, երեխային ձեռքի տակ է առնում, ամուր գրկում ու ասում, որ գուցե այս տարի իր մեջ ուժ չգտնի երեխային դպրոց տանելու, դեռ չի կարողանում իրեն հավաքել։ Վիկան մեծ աղջիկ է, հասկանում է ամեն ինչ ու դեռ մի բան էլ ինքն է մորը հանգստացնում` ոչինչ, մյուս տարի կգնամ դպրոց։

Նաիրա Զոհրաբյանը հայ սպայի հարցով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

«Հոր հետ կապված դեպքից օրեր առաջ աղջիկս արթնացավ ու ասաց` մամ, գիտե՞ս, ես ադրբեջանցուն պատկերացնում եմ այսինչ արտաքինով։ Զարմացել էի` ինչո՞ւ է երեխաս նման բաներից խոսում։ Երազ էր տեսել, կանխազգացել էր»,–ասում է Աննան ու իր գրկում ավելի ամուր սեղմում աղջկան։

Анна Алавердян, жена офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни
© Sputnik / Aram Nersesyan
Աննա Ալավերդյանն ու դուստրը

2 տարեկան Միկան խաղալ է ուզում, քրոջ ձեռքը քաշում է, և դուրս են վազում։ Մայրն ասում է` երեխաների մոտ այդ մասին չէր ուզում խոսել. ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը վիրավորական էր։ Նրա խոսքով` անգամ Գուրգենին չճանաչողների համար է պարզ, որ տեսանյութն իրականության հետ որևէ կապ չունի, սակայն, միևնույնն է, վիրավորական է։ Աննան նշում է, որ Գուրգենի կարգավիճակում գտնվող որևէ անձ, որն ընտանիք, երեխաներ ունի, անկախ ազգությունից, ցանկություն չէր հայտնի մնալ հակառակորդ երկրի տարածքում, ինչպես ստիպել էին, որ ասի Գուրգենը։

«Մեզ մոտ էլ կան, չէ՞, ադրբեջանցի գերիներ, սակայն մենք նրանց հանդեպ այդպես չենք վարվում, և չեմ էլ ուզի, որ վարվենք»,–ասում է կինն ու հավելում, որ աչքից չի վրիպել` ամուսնու ճակատի վրա ինչ–որ կարմիր հետք է նաև եղել...

Մեր զրույցն ընդհատում է 6-ամյա Վիկան, որը շնչակտուր ներս է վազում ու մորը փաթաթվում. «Մամ, դրսից ձայն լսեցի, ճիշտն ասա` էլի լացո՞ւմ էիր։ Մամ, գիտես, չէ՞, որ դու լացես, ես էլ կսկսեմ լացել»։

Մայրն աղջկան հանգստացնում է. «Չեմ լացում, քանի որ օրեր առաջ ինձ ասացիր, որ գիտես` պապան կա, ուղղակի հեռու է։ Դու ճիշտ ես, աղջիկս»։

Ընտանիքի հույսն այժմ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունն է, որի միջոցով կինն ուզում է ուղղակի ամուսնու ձայնը լսել...

Ի դեպ, այսօր Գուրգեն Ալավերդյանը պետք է իջներ դիրքերից ու արդեն տուն վերադառնար։ Երեխաները հոր` տուն գալու օրերն արդեն անգիր գիտեն, և Աննան ասում է` հատկապես այս օրերին դժվար է նրանց սպասումն ինչ–որ բանով լցնել։ «Պապան բա ե՞րբ կգա»,–երեխաների հարցին չգիտեն` ինչ պատասխան տալ։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

8302
թեգերը:
ընտանիք, Գուրգեն Ալավերդյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը
«Մոլորվել է». Հայաստանի ՊՆ–ն` ադրբեջանական կողմում հայտնված հայ սպայի մասին
Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

40
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

40
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Միշա Ալոյան

Կյանքը սկսվում է մայրիկից. ինչպես չեմպիոն Ալոյանը հաղթեց Բաքվում

68
(Թարմացված է 14:47 25.09.2020)
Հայաստանում ծնվածների թվում շատ են տաղանդավոր մարզիկները, որոնք հայրենիքից դուրս փառքով են պսակում իրենց տաղանդը։ Նրանցից մեկը բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանն է։ Նա հանդես է գալիս ՌԴ դրոշի ներքո, բայց չի մոռանում իր հայրենիքի մասին՝ գործնականում ապացուցելով սերը ՀՀ հանդեպ։

Տոկիոյում Օլիմպիական խաղերը կկայանան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։ Այդպես է որոշել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։ Մեր մարզիկն այդ նորության համար միայն ուրախ է և պատրաստվում է Տոկիո մեկնել` իրագործելու իր երազանքը։

Բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը երազում է ոչ միայն մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք նրա համար թվով երրորդն են, այլ Տոկիոյում ոսկի նվաճել․ բրոնզե և արծաթե մեդալներ նա արդեն ունի։ Բայց սա դեռ ամենը չէ, ամեն ինչ առջևում է` չէ՞ որ Ալոյանն ընդամենը 32 տարեկան է։

Миша Алоян во время поединка против Марвина Солано
© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսական բռնցքամարտի օրը Կարմիր հրապարակում

Հետագա մեր շարադրանքն ավելի շատ կլինի ոչ այնքան բռնցքամարտի, որքան ուժեղ բնավորության տեր տղամարդ ձևավորելու մասին, և որ ամենակարևորն է՝ ոչ միայն ռինգում։ Դրանից էլ ավելի կարևոր է այն, որ նա ինքնուրույն է իրենից իսկական տղամարդ կերտել։

Ինչպե՞ս իջևանցի Միշան հայտնվեց Ռուսաստանում և ինչո՞ւ դարձավ Միխայիլ։ Պատասխանը շատ պարզ է․«Որովհետև մրցումներին անդադար հարցնում էին՝ ինչպես Ձեզ ներկայացնենք` անձնագրո՞վ, թե՞ օնոմաստիկայի նորմերով» ։

Արդյունքում՝ իր անվան գրությունը նա փոխեց նաև անձնագրում, դարձավ Միխայիլ, սակայն ընկերների համար այդպես էլ մնաց Միշա։ Եվս մեկ պատճառ, որը նրան դրդեց փոփոխություն կատարել անվան մեջ. Ալոյանի կարծիքով՝ երեխաները պետք է «ճիշտ» հայրանուն ունենան։

... Իջևանից «հեռավոր երկրներ» տեղափոխվելու մասին․ նրանց տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես այն ժամանակվա հայկական ընտանիքների մեծ մասում։ Հայրը մեկնում էր արտագնա աշխատանքի, այնուհետև որոշեց ընտանյոք Ռուսաստան տեղափոխվել։  Ընտրեցին Նովոկուզնեցկը, որտեղ ածուխ են արդյունահանում և մետաղ հալեցնում։ Հասունացման շրջանում գտնվող տղայի ձևավորման համար ճիշտ ընտրություն էր։ Ճիշտ չի լինի ասել, որ եթե Ալոյաններն ընտրեին բոլորին քաջ հայտնի հարսների քաղաքը, Միշան ավելի հանգիստ բնավորություն կունենար, սակայն...

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Ռինգում հաղթանակներ տոնելուց առաջ, տղան ստիպված էր պաշտպանել ինքն իրեն և բնավորություն ձևավորել Նովոկուզնեցկի փողոցներում։ Եկվոր տղայի ոչ հռոմեական քիթը բազմաթիվ հարցեր էր առաջացնում, և չի կարելի ասել, թե դրանք բացառապես քաղաքակիրթ ձևով էին հնչում։ Որոշ ժամանակ անց քթի հետ կապված հարցեր ուղղելու ցանկությունն անհետացավ, փոխարենը քաղաքի բնակիչները սկսեցին հետաքրքրվել բռնցքամարտում նրա հաջողություններով, հետո սկսեցին հպարտանալ դրանցով և վերջապես ասել, որ «Միշա–նովոկուզնեցկին» աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է։  Իրավունք ունեին, նա դարձել էր այդպիսին, սակայն արդեն հասունանում էր Նովոսիբիրսկ տեղափոխվելու գործընթացը։

Շատերը կարող են մեզ նախանձել. բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը` Տետեի հետ առաջիկա մարտի մասին

... 2011 թվականին Ալոյանը մեկնեց Բաքու`մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այնտեղ Միխայիլ Ալոյանը ռինգում հանդիպեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, դահլիճը վանկարկում էր նրա անունը և սպասում հայրենակցի հաղթանակին և «յան» ազգանունը կրողի պարտությանը։ Ալոյանը, որը մինչ այդ ոչ միայն մարզել էր մկանները, այլև իր մեջ տղամարդու բնավորություն և երկաթե կամք դաստիարակել (շնորհակալություն Նովոկուզնեցկին), հաղթեց՝ դառնալով ռուսաստանյան միակ բռնցքամարտիկը, որը հասավ եզրափակիչ և այդ մրցումներում ոսկե մեդալ նվաճեց։

Миша Алоян
© Sputnik / Михаил Фомичев
Միշա Ալոյան

Ալոյանին հաղթանակի առթիվ շնորհավորեց ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Բաքվում գտնվելու ժամանակ բռնցքամարտիկի անվտանգությունն ուժեղացրել էին։

Չեմպիոն, մեդալներ, գավաթներ, գովասանագրեր... Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր և միշտ չէ, որ հաջողվում էր հեշտ դուրս գալ իրավիճակից։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին Ալոյանը պարգևատրվեց արծաթե մեդալով, ապա դոպինգ ընդունելու կասկածով, այն հետ վերցրին։

«Ինձ մեղադրում էին ոչ թե դոպինգ ընդունելու, այլ հակադոպինգային կանոնները խախտելու մեջ։ Սփրեյը դոպինգ չէ։ Քննությունը կես տարի տևեց, ես մարզվում էի, բայց ելույթ չէի ունենում»,– պարզաբանում է բռնցքամարտիկը և հավելում, որ ամեն մարզիչը ոչ մի բանում մեղավոր չէ։

«Այստեղ պետք է պատասխանատվության կանչել բժշկին և բռնցքամարտիկին։ Ինձ համար, որպես ինքնաքննադատող և բացառապես սեփական ուժերի վրա հույս դնող մարդու, ավելի հեշտ է մեղադրել ինքս ինձ, քան մարզիչին»,- վստահեցնում է մարզիկը։

Միշա Ալոյանը նվաճեց WBA International գոտին թեթևագույն քաշային կարգում

Ընտանիքի վերաբերյալ մարզիկի պատկերացումները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների։ «Ունեմ մայր, հայր, եղբայր, որը մեկ տարի ինձնից մեծ է, իր ընտանիքի հետ միասին, իհարկե։ Կին, որդի։ Եվ պատահական չէ, որ սկսեցի մայրիկից, քանի որ կյանքը սկսվում է մայրիկից» ։

Հայաստանի մասին ևս Ալոյանը շատ հակիրճ է խոսում․ «Իմ հայրենիքն է, առաջին հայրենիքս։ Այնտեղ եմ ծնվել, մեծացել։ Այստեղ կարելի է երկար խոսել ընկերների և ծանոթների մասին, բայց, եթե անկեղծ, չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել»։

Ալոյանը Հայաստանում

18 տարի անց ընկերոջ` Դավիթ Հայրապետյանի հետ, որը ևս բռնցքամարտիկ է և կրկին ճանաչված, այցելեց Հայաստան։ Զբոսնեցին, ընկերներին տեսակցեցին, համադասարանցուն հանդիպեցին։

«Այստեղ շուրջբոլորը յուրային են, բոլորը քեզ նման են։ Քեզ զգում ես, ինչպես տանը։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է։ Շատ են գեղեցիկ հուշարձանները։ Նախկինում ես դա չէի նկատում։ Գիշերային Երևանը նույնպես շատ գեղեցիկ է։ Ես հիացած եմ», – ասում է Հայրապետյանը։

Ալոյանի խոսքով՝ իրենց ուղևորության պարտադիր մաս էր կազմում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցելելը։

«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը»,- եզրափակում է նա։

Միշան ճիշտ է մտածում։  Առավել ևս, որ նա Հայաստանի մարզային պատմության մի մասն է։  Սպասենք օլիմպիական ոսկուն, իսկ Օլիմպիադան ինչպես հայտարարեց ՄՕԿ–ը, պետք է կայանա՝ ի հեճուկս կովիդի։

68
թեգերը:
Դմիտրի Մեդվեդև, Բաքու, դոպինգ, մեդալ, հաղթանակ, բռնցքամարտիկ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ
Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Երբ միավորում է ընդհանուր հաղթանակը. նախկին ԽՍՀՄ երկրների զինծառայողները Մոսկվայում
Լևոն Արոնյանի հերթական հաղթանակը. հայ գրոսմայստերն ունի 9 միավոր և 5–րդ տեղում է
Տոս

Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ

177
(Թարմացված է 08:51 28.09.2020)
Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Գիշերվա ընթացքում արցախա–ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ»,–գրել է նա։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Արցախի ՊՆ-ն սահմանին նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել

 

 

177
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել
Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ
Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ