Նուբարաշեն

Հայաստանի քիմիական սպառնալիքը․ արդյունաբերական անցյալը խանգարում է էկոլոգիական ապագային

436
(Թարմացված է 14:08 24.08.2020)
Հայաստանում վտանգավոր քիմիական նյութերը պահվում են ամբողջ երկրում ցրված մի քանի խոշոր օբյեկտներում և ավելի քան հիսուն պահեստներում։

Բեյրութում ամոնիումի նիտրատի պայթյունից հետո Հայաստանում շատերը հիշեցին, որ մեր երկրում էլ են վտանգավոր քիմիական նյութեր են պահվում։ Հիմնական ուշադրությունն ուղղվեց Վանաձորի չգործող քիմիական գործարանին, բայց պարզվեց, որ դա ամենևին էլ միակ տեղը չէ, որտեղ բնակչության համար սպառնալիք հանդիսացող նյութեր են պահվում։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԻՆ-ը տրամադրեց երկրի տարածքում գտնվող պահեստարանների ցուցակը, և «Վանաձոր Քիմպրոմը» դրանցից ամենավտանգավորը չէ։

«Վանաձոր Քիմպրոմ» գործարան

1929թ․-ին հիմնադրված, բայց այսօր «մեռած» քիմիական կոմբինատը սնանկության գործընթաց է սկսել։

Ընդամենը մեկ տարի առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոստովանեց, որ «Վանաձորի Քիմպրոմի» ապամոնտաժումը հղի է բնապահպանական ռիսկերով։

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո ԶԼՄ-ներում և սոցցանցերում կրկին արդիական դարձավ հսկա գործարանում պահվող նյութերի վտանգավորության հարցը։ ՀՀ ԱԻՆ-ը և տեղական իշխանությունները շտապեցին հանգստացնել բնակչությանը` հայտնելով, որ դրանց մեծ մասը վաճառված է, իսկ մնացած մասը ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Տեղում ստուգումներ իրականացնելու մեկնեցին Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ԱԻՆ-ի աշխատակիցները։ Տարաները, որոնց մեջ պահվում են քիմիական նյութերը, ցույց տվեցին ԶԼՄ-ներին։

Մարզպետարանը հրապարակեց սնանկացման գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի պարզաբանումն այն մասին, որ գործարանի 4 հատուկ տարողություններում պահվում է մոտ 2 տոննա ամոնիակ և 0,5 տոննա ծծմբական թթու։ Չորս տարողությունները անվտանգության համակարգով միացված են հինգերորդ պահեստային տարողությանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ գործարանի տարածքում պայթյունավտանգ նյութեր գրեթե չեն մնացել։

«Այնտեղ եղած ամոնիակը մնացորդներն են` մոտ 1,5-2 տոննա։ Բացի այդ, այն ցնդելու հատկություն ունի»,-ասաց Ասատրյանը` նշելով, որ մնացած մասը վաճառվել է։

Բացի այդ, նրա խոսքով, տարողություններում մնացած ամոնիակը կարող էր խառնվել ջրին` այդպիսով դառնալով պակաս թունավոր։

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Ելենա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ «Վանաձոր-Քիմպրոմի» և «Նաիրիտի» բոլոր պահեստարաններում ստուգումները սովորաբար անցկացվում են տարեկան պլանի համաձայն՝ եռամսյակ առ եռամսյակ։

«Բայց Լիբանանի իրադարձություններից հետո մենք խախտեցինք սովորական գրաֆիկը և արտահերթ ստուգեցինք խոշոր պահեստարանները»,-ասաց Զոհրաբյանը։

Ստուգումների մի մասն ավարտված է, մյուս մասը` դեռ ընթացքի մեջ։

«Նաիրիտ» կաուչուկի գործարան

2017թ․-ին Երևանի «Նաիրիտ» կաուչուկի գործարանում պայթյուն տեղի ունեցավ, և հրդեհ բռնկվեց։ ԱԻՆ-ի տվյալներով՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ:

Пожар на заводе Наирит
© Sputnik / Asatur Yesayants
Հրդեհ «Նաիրիտում»

2020թ․-ի մայիսին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ» գործարանում գտնվող վտանգավոր քիմիական նյութերը մնացել են առանց ԱԻՆ-ի վերահսկողության։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԻՆ-ից հայտնեցին, որ վտանգավոր քիմիական նյութերի սպասարկումը սնանկության գործով կառավարչի պարտականությունն է։ Այդ աշխատանքն իրականացնում են հատուկ աշխատակիցները, որոնք աշխատավարձ են ստանում Հայաստանի կառավարությունից։

«Հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար ԱԻՆ-ը «Նաիրիտի» տարածքում տեղակայել է հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ, որը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»,-ասվում է հաղորդագրության մեջ

«Նաիրիտի», ինչպես նաև «Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտնեց, որ վտանգավոր նյութերը պահվում են ազոտի «բարձիկի» մեջ (տարողության ազատ ծավալը պարբերաբար կամ մշտապես լցվում է ազոտով – խմբ․)։

«Հիմնական վտանգն այնտեղ ներկայացնում են հրդեհավտանգ նյութերը։ Դրանք մեր մասնագետների շուրջօրյա հսկողության տակ են։ Մոնիտորինգ է իրականացվում, ԱԻՆ-ի խումբը մշտապես գտնվում է տեղում»,-ասաց Ասատրյանը։

Ինչ վերաբերում է ծավալներին, ապա այնտեղ մոտ 1500 տոննա հրդեհավտանգ նյութեր կան` ներառյալ էթինոլը։ Մի մասը կարելի է վաճառել արտասահմանում, պարտադիր չէ դրանք վերամշակել։

Ասատրյանը նպատակահարմար չի համարում Վանաձորի կոմբինատի ու «Նաիրիտի» վերագործարկումը. հումք չկա, էներգակրիչները թանկ են, սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես հնացել են։

В цехе производства искусственного (синтетического) корунда Кироваканского химического комбината (ныне ЗАО Ванадзор-Химпром)
© Sputnik / Дмитрий Донской
Կիրովականի քիմիական կոմբինատի արտադրամաս

Այլ հարց է, եթե գործարկվեն առանձին արտադրամասեր, որոնց արտադրանքը կարող է պահանջված լինել։ Օրինակ՝ կաուստիկ սոդայի և քլորի արտադրությունը։ Դրա համար կան թե՛ տեխնոլոգիաներ, թե՛ հումք, թե՛ մասնագետներ։ Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա Երևանի և Վանաձորի սահմաններից դուրս։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց

Առաջին երկու դեպքերում թունաքիմիկատներն առաջացել են որպես գործարանների գործունեության հետևանք։ Իսկ ահա Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանատունը ստեղծվել է, երբ 1970-ականներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը։

Свалка химикатов в Нубарашене
© Sputnik / Aram Nersesyan
Նուբարաշեն

80-ականների սկզբին դրանք թաղելու համար Հայաստանում հատուկ տարածք առանձնացվեց, որը, ինչպես պարզվեց, սողանքային գոտում էր գտնվում։

Երևանի քաղաքապետարանի զարգացման 5-ամյա ծրագրում թունաքիմիկատների գերեզմանոցը նշված է որպես «խնդիր, որը սպառնում է վարչական շրջանի (Նուբարաշենի – խմբ․) բնակչության առողջությանը»։

Բայց եթե «Նաիրիտ» և «Քիմպրոմ» գործարաններում վերահսկողության պարտականությունները կատարում է սնանկության կառավարիչը, ապա այս դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։

Շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման օբյեկտներում ստուգումներ և վերահսկողություն իրականացնելու լիազորություններից իրենց զրկել են դեռ երեք տարի առաջ։

Свалка химикатов в Нубарашене
© Sputnik / Aram Nersesyan
Նուբարաշեն

«Այս բոլոր գործառույթները փոխանցվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Նախարարությունը, օրինակ, թափոնների կառավարման քաղաքականությունն է մշակում»,-ասաց նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը։

Առանձին հարցում ուղարկեցինք նախարարություն՝ խնդրելով հայտնել քիմիական թափոնների ոչնչացման, վերամշակման և պահպանման պայմանների բարելավման ծրագրերի մասին։

Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը տեսչական մարմնին կարող է դիմել որևէ ահազանգ ստանալուց հետո, կամ եթե

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վտանգավոր նյութի խտացում արձանագրի:

Մենք, բնականաբար, դիմեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նման օբյեկտներում ստուգումներ են իրականացվում, եթե դիմումներ ու բողոքներ են լինում։

«Դրանց հաշվառումը փորձեք պարզել Շրջակա միջավայրի նախարարությունից և ԱԻՆ-ից»,-առաջարկեց կառույցի ներկայացուցիչը։

Հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում ստուգումներ եղել են, օրինակ, Նուբարաշենի քիմիկատների գերեզմանոցում, չպատասխանեցին՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել։

Свалка химикатов в Нубарашене
© Sputnik / Aram Nersesyan
Նուբարաշեն

Սակայն պարզվեց, որ Նուբարաշենի խնդրով և լուծման մշակմամբ իշխանությունների հետ միասին զբաղվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրը։

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը հայտնեց, որ գերեզմանոցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Առաջիկայում պետք է կայանա նախագծի ղեկավար կազմի խորհրդակցությունը, ինչից հետո շատ բան պարզ կդառնա։

Թունաքիմիկատների գերեզմանոցի և շրջակայքի այսօրվա վիճակի մասին Sputnik Արմենիային պատմեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, որը երկար է զբաղվել այդ խնդրով։

Նրա խոսքով՝ այստեղի թափոնների մեծ մասը քլոր պարունակող են (մոտ 60%)․ ԴԴՏ՝ դիքլորդիֆենիլտրիքլորմեթիլմեթան, հեքսաքլորցիկլոհեքսան։ Կան նաև սնդիկ պարունակողներ, իսկ ֆոսֆոր պարունակողներն, ամենայն հավանականությամբ, արդեն քայքայվել են։

Արգելված և ժամկետանց թունաքիմիկատների մաքուր ծավալը կազմում է շուրջ 600 տոննա: Դրան ավելանում է 400 տոննա աղտոտված տարածքը (3-րդ աստիճանի)։ Այսպիսով՝ ընդհանուր առմամբ 1000 տոննա թունավոր զանգված:

Առողջության համար ռիսկերի մասին կարելի է դատել անգամ կենցաղային մակարդակում․ օրինակ՝ անձրևից հետո, երբ ամբողջ շրջակայքում քլոր պարունակող նյութերի սուր հոտ է տարածվում։ Այս գերեզմանոցը երկու անգամ քանդել են, և չնայած հիմա այն հողածածկ է, բայց դա բավարար պաշտպանություն չի ապահովում։

«Իհարկե, վտանգավոր է։ Կեղտաջրերն այդ ամենը տանում են ջրային ավազաններ։ Վտանգավոր է անգամ այդ նյութերի դուրսբերումը, որը նախատեսվում է իրականացնել օգտահանման ընթացքում։ Այնտեղ դրանք պետք է փաթեթավորել, ժամանակավոր պահեստարաններ ստեղծել, մինչև վերամշակման հարցի լուծումը։ Այնտեղից 10 մետր հեռու տեղակայված է մեր բացառիկ արգելոցը՝ ցորենի վայրի տեսակներով։ Դրանց կորուստն իսկական աղետ կդառնա»,-ասաց Մանվելյանը։

Գերեզմանոցին կողքին նաև ամառանոցային բնակավայր կա։

Ընդ որում` գերեզմանոցը տեղակայված է արգելոցից և ամառանոցներից վերև, իսկ դա նշանակում է, որ եթե ջուրը «լվանում» է գերեզմանոցը, ապա վտանգավոր նյութերը հոսում են ուղիղ դրանց վրա։

Свалка химикатов в Нубарашене
© Sputnik / Aram Nersesyan
Նուբարաշեն

Գերեզմանոցը սողանքների գոտում է, անմիջապես աչքի է զարնում, որ հողն այստեղ չափազանց փխրուն է ու «հոսուն»։

«Հայգյուղքիմիա» արտադրական միավորման պահեստներ

Նմանատիպ պատկեր է նաև «Հայգյուղքիմիա» նախկին արտադրական միավորման 64 պահեստային տարածքներում։ Բնապահպանները պնդում են, որ պահեստներից շատերը խարխլված են, տանիքները քանդվել են, և քիմիական նյութերը պահվում են գրեթե բաց երկնքի տակ: Անգամ մի թեթև անձրևի դեպքում վտանգավոր նյութերը ջրի հետ տարածվում են շրջակայքում։

«Մենք ուսումնասիրություն ենք արել մի քանի վայրերում։ Մարդիկ բառացիորեն մի քանի մետր հեռու այգիներ են տնկում։ Մենք ուշադրություն դարձրինք, օրինակ, որ այստեղ բնակվող մի երիտասարդ ընտանիք արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում երեխա ունենալ։ Իսկ ԴԴՏ-ն հարվածում է հենց վերարտադրողական ֆունկցիային։ Իսկ նրանք, չնայած սուր հոտին, հող են մշակում այդտեղ»,-պատմեց Ելենա Մանվելյանը։

Նրա խոսքով՝ հետևանքներն իսկույն ի հայտ չեն գալիս, բայց թունավորումը խրոնիկ բնույթ է ստանում։ «Սա այն էկոլոգիան չէ, որը պետք է մեր երկրին»,– ասում է Մանվելյանը։

Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը

Ալավերդու Լեռնահանք (Մադան) շրջանում գտնվող մկնդեղի պահեստը կառուցվել է 1978-80-ական թվականներին՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի թափոնները պահելու համար։ Ընդ որում՝ գտնվում է հենց քաղաքի արվարձանում՝ քաղաքի վրա կախված։ Այս պահին, բնապահպանների խոսքով, պահեստ-գերեզմանոցը ողբալի վիճակում է։

Территория могильника отходов мышьяка в районе Мадан (Лернаханк) города Алаверди
© Sputnik / Stringer
Մկնդեղի թափոնների գերեզմանոցի տարածքը Ալավերդիում

Անհասկանալի իրավիճակ է նաև վերահսկողության հարցում․ հայտնի չէ, թե ով պետք է հետևի պահեստին։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի հրահանգով 2015թ․-ին ACP (Armenian Copper Programme) ընկերությանը տրամադրվել է հանքային իրավունքի օբյեկտ համարվող տեղամասից հրաժարվելու հավաստագիր ։ Եվ 2018թ․-ից սկսած` հանքը (որի տարածքում է պահեստը) ընդերքի օգտագործման օբյեկտ չի հանդիսանում։

«Տարածքում կուտակված ընդերքօգտագործման թափոնները դիտարկվում են որպես տիրազուրկ/լքված»,-ասված է նախարարության հաշվետվության մեջ։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ Մանվելյանի գլխավորությամբ, ժամանակին լաբորատոր ուսումնասիրություններ են իրականացրել չեխական Arnica կազմակերպության հետ։ Այնտեղ իսկապես մեծ քանակությամբ մկնդեղ կա, գերեզմանոցն արդեն կիսով չափ քանդված է և շարունակում է քանդվել։ Նրա խոսքով՝ դա Հայաստանի «թեժ կետերից» մեկն է։

Территория могильника отходов мышьяка в районе Мадан (Лернаханк) города Алаверди
© Sputnik / Stringer
Մկնդեղի թափոնների գերեզմանոցի տարածքը Ալավերդիում

Նշենք, որ 2018-19թթ․ Arnica-ն և նրա գործընկերները (CCMS և EcoLur) երկու ուսումնասիրություն են իրականացրել (հող և ջուր, մրգեր և բանջարեղեն)։ Հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի պարունակությունը բարձր է եղել։

Sputnik Արմենիան հարցում ուղարկեց Arnica՝ խնդրելով հայտնել` վերոնշյալ գերեզմանոցը մկնդեղով թունավորման աղբյուր հանդիսանում է, թե ոչ։ Առայժմ պատասխան չենք ստացել։

Պահեստի մասին մեզ առավել մանրամասն պատմեց Ալավերդու բնապահպանական հարցերով զբաղվող «Օրհուս» կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը։ Նրա խոսքով՝ ալավերդցիները թափոնավայրը «մկնդեղի գերեզմանոց» են անվանում։

«Այդ եռահարկ տեխնիկական կառույցը ժամանակին պատկանել է այժմ չգործող պղնձաձուլական գործարանին։ Ժամանակին դա նորմալ բետոնե շենք էր, բայց 90-ականներին տեղի բնակիչները սկսեցին քանդել՝ ոսկի որոնելով»,-պատմեց Էվոյանը։

Меднохимический комбинат полного цикла в городе Алаверди (1 мая 1970).
© Sputnik / Юрий Абрамочкин
Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ (1970թ.)

Թանկարժեք մետաղը նրանք ստանում էին այսպես կոչված շլամից՝ ապարախյուսից (հանքարդյունաբերական արտադրանքի ինժեներական մշակման թափոններ, կազմում են դրա ամենամանր, փոշենման մասը): Ընդ որում` այդ ամենը անում էին տնային պայմաններում։ Մի ընտանիք (և սա լեգենդ չէ) դրա պատճառով մահացել է:

Իրավիճակն էլ ավելի խորացրեց 1988թ․-ի երկրաշարժը, ինչից հետո անձրևները սկսեցին «լվանալ» գերեզմանոցը։ 2010 թ․-ին «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնի հետ համատեղ իրականացվեց հողի մեջ թունավոր նյութերի և գերեզմանոցի տեխնիկական վիճակի հետազոտություն։ Քաղաքի համար լուրջ վտանգի առկայությունը հաստատվեց։

«Մկնդեղը փակ վիճակում վտանգավոր չէ։ Բայց հիմա պահեստի ամբողջականությունը խախտված է, շուրջբոլորը սուր հոտ է։ Այնուամենայնիվ այն գտնվում է բնակելի տներից ոչ հեռու, մարդիկ ստիպված են շնչել դա»,-ասում է քիմիկոս Էվոյանը։

Բնապահպանների օգնությամբ 2014-2015 թթ. մշակվեց պահեստի ամրացման, վերականգնման ծրագիր, որը փողի բացակայության պատճառով մինչև հիմա թղթի վրա է մնացել։

Էվոյանը դժվարանում է ասել` արդյոք գերեզմանոցից մկնդեղը հոսում է Դեբեդ, թե ոչ։ Շրջակայքում աղտոտման, այդ թվում՝ մկնդեղով աղտոտման աղբյուրներ շատ կան։

Территория могильника отходов мышьяка в районе Мадан (Лернаханк) города Алаверди
© Sputnik / Stringer
Մկնդեղի թափոնների գերեզմանոցի տարածքը Ալավերդիում

Նշենք, որ գետի աղտոտման կապակցությամբ բնապահպանների բարձրացրած աղմուկից հետո օգոստոսի 3-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը այս տարածքում (Լալվար գետի գետաբերանում ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն) ուսումնասիրություն է իրականացրել։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրի որակը 5-րդ դասի է (վատ որակի է)։ Arsen քիմիական նյութի՝ մկնդեղի մակարդակը կազմել է 0,00110 մգ/լ (այնքան շատ չէ, որքան սպասվում էր)։

Sputnik Արմենիան դիմեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն», որտեղից մեզ հայտնեցին, որ գետերում ջրի որակը մշտապես փոփոխվում է։ Դա կախված է ծավալներից, ձնհալից, անձրևներից։

Территория могильника отходов мышьяка в районе Мадан (Лернаханк) города Алаверди
© Sputnik / Stringer
Մկնդեղի թափոնների գերեզմանոցի տարածքը Ալավերդիում

«Մենք Լալվար գետից փորձանմուշներ էին վերցրել անձրևից մեկ-մեկուկես օր հետո։ Հասկանալի է, որ ջրի որակը և, օրինակ, ծանր մետաղների պարունակությունը տեղատարափից մեկ ժամ անց և մեկ օր անց խիստ տարբեր է: Մենք կշարունակենք ուսումնասիրությունները՝ հասկանալու համար, թե ինչպիսին է դինամիկան, այդ թվում՝ մկնդեղի պարունակության հարցում»,-ասաց կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը` նշելով, որ պարբերաբար նոր տվյալներ կհրապարակեն։

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրավիճակի վերաբերյալ զանազան հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում։

«Այստեղ հողի մեջ կավ կա․ ես 48 տարեկան եմ, վերջին 40 տարում ամեն անձրևից հետո Մադան գետը դեղին է ներկվում։ Ասում են` մկնդեղն է, պոչամբարից է, բայց այդպես չէ ,-ասաց Խեչումյանը։

Քաղաքապետը չմեկնաբանեց այն հարցը, թե արդյոք թափոնապահեստի մկնդեղը սպառնում է մարդկանց առողջությանը` պատճառաբանելով, որ ինքը մասնագետ չէ։

Նրա խոսքով՝ իրենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ ակտիվ աշխատանք են իրականացնում` փորձելով հասկանալ, թե ինչ կարելի է անել գերեզմանոցի հետ և որքան դա կարժենա։ Հաջորդ տարի, քաղաքապետի խոսքով, նախատեսում են հատկացնել բնապահպանական ծրագրերի համար նախատեսված գումարների մի մասը։ Այնուհետև կդիտարկեն ֆինանսավորման լրացուցիչ հնարավորությունները։

Խեչումյանը նշեց, որ կոնկրետ ծրագրեր բարձրաձայնել չի կարող, քանի որ մասնագիտական եզրակացություններ են պետք: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նույնպես լիազորված չէ ստուգումներ անցկացնել այդ օբյեկտում։

Գերեզմանոցի տարածքում շնչելը շատ դժվար է, օդը խեղդող է։ Ընդ որում` այժմ թունաքիմիկատների գերեզմանոցի հենց կողքին շարունակում են մարդիկ ապրել։ Տեղի բնակիչների կարծիքով ՝ լանջերի սև «նստվածքը» հենց պահեստի տարածքից լվացված մկնդեղն է, որը թափվում է Դեբեդ գետը։

Տեղացիները պնդում են, որ ճանապարհների ձյունը մաքրելու համար (մասնավորապես Սարահարթ շրջանի վերընթաց ճանապարհի) ձմռանը իշխանություններն օգտագործում են լքված գործարանային տարածքների խարամը (շլակ):

Քիմիական նյութերն այստե՞ղ այրել, թե՞ ուղարկել արտասահման

Վերոնշյալ քիմիկատների օգտահանման խնդիրը Հայաստանի համար բավականին սուր է։ Այստեղ դրանց ոչնչացմամբ կամ վերամշակմամբ չեն զբաղվում, իսկ արտահանելը բավական խնդրահարույց է։ Ինքնաթիռներով չափազանց թանկ է, Վրաստանն էլ դեռևս թույլ չի տալիս դրանց տարանցումը, թեև այնտեղ կարծես քննարկվում է օրենսդրության փոփոխության հնարավորությունը։

«Քիմպրոմի» և «Նաիրիտի» սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում մի միջազգային կազմակերպության հետ (որի անվանումն առայժմ չի ուզում բարձրաձայնել), որը կարող է զբաղվել նմանատիպ թափոնների օգտահանմամբ։ Ընդ որում՝ ոչ միայն «Վանաձորի» և «Նաիրիտի»։

«Այդ ընկերությունը պետք է անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերջին փուլը։ Դրանից հետո հավատարմագիր կստանա (ԵԱՏՄ հավաստագիր կա, բայց պետք է նաև հայկականը) նման աշխատանքներ իրականացնելու համար»,-նշեց Ասատրյանը։

Աշխատանքները սկսելու մոտավոր ժամանակը սեպտեմբերի վերջն է, համապատասխան սարքավորումները Հայաստան տեղափոխելու նախնական պայմանավորվածությունն արդեն կա։

Նա նշեց, որ քիմիկատների օգտահանման խնդրին նվիրված բազմաթիվ քննարկումների է մասնակցել։ Ընդամենը երկու հնարավոր ելք կա․ կա՛մ պետք է ուղիներ գտնել՝ դրանք արտահանելու այլ երկրներ, որտեղ վերամշակման անհրաժեշտ տեխնոլոգիաներ կան, կա՛մ էլ համապատասխան սարքավորումներ ներմուծել Հայաստան։

Ասատրյանն ինքը երկրորդ տարբերակի կողմնակիցն է։

«Արդյունքում Հայաստանում նոր արտադրություն կհայտնվի։ Ես կողմ եմ երկրում այդ փակ ցիկլի գոյությանը, իհարկե պետական խիստ վերահսկողության ներքո»,- ասաց Ասատրյանը` ավելացնելով, որ դա շահավետ կլինի նաև բիզնեսի տեսանկյունից։

Նրա խոսքով՝ հարևանների տարածքով տեղափոխումը չափազանց խնդրահարույց է։ Ուստի գոյություն ունեցող լոգիստիկայի պայմաններում առավել պրակտիկ տարբերակը թափոնները երկրի ներսում ոչնչացնելու հնարավորություն ստեղծելն է։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված շրջանների վնասազերծում՝ քիմիական նյութերի անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» նախագծի համակարգող Գայանե Ղարագեբակյանն իր հերթին կարծում է, որ Նուբարաշենի քիմիկատները, որպես տարբերակ, նույնպես կարող են ոչնչացվել Ասատրյանի նշած ըներության օգնությամբ։

Նա հավելեց` խոսքը հայ գործարարի մասին է, որը պետք է սարքավորում մատակարարի Ռուսաստանից: Բանակցություններ են ընթանում, որպեսզի սարքավորումը հագեցած լինի Նուբարաշենի քիմիական թափոնների վերամշակման համար անհրաժեշտ ֆիլտրերով։

Բայց սարքավորումը պետք է նաև անվտանգության միջազգային հավաստագիր ունենա, մինչդեռ այն միայն ռուսական հավաստագիր ունի։

«Վրաստանի միջով տարանցումը կարծես թե դեռ անհնար է, այլ տարբերակներ են դիտարկվում»,-ասաց Ղարագեբակյանը` նշելով, որ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում նաև որոշ աշխարհաքաղաքական հարցերը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանն էլ նշեց, որ ՀՀ իշխանությունները դեռ լիովին չեն բացառել թափոնները տեղում այրելու տարբերակը։

«Բայց մենք կտրականապես դեմ ենք, քանի որ թափոնների գրեթե 65%-ը կայուն օրգանական աղտոտիչներ են։ Եվ այրման ժամանակ արտանետվում են հսկայական քանակությամբ դիօքսիններ (թունավոր նյութեր, խմբ.), որոնք օնկոգեն, քաղցկեղածին գործոններ են: Եվ մենք, ինչպես ասում են, աշխարհում առաջինն ենք ուռուցքների քանակով: Եթե սա էլ ավելացնենք, բոլորս ուղղակի կոչնչանանք»,-ասաց Մանվելյանը։

Հայաստանում, նրա խոսքով, ուզում էին մոմային «գործարանիկ» կառուցել։ Բայց որպեսզի այն համապատասխաներ անվտանգության պահանջներին, պետք էր հարյուր միլիոնավոր դոլար ներդնել։ Ոչ ոք այդքան չէր հատկացնի։ Իսկ 10 միլիոնանոց գործարանը, իհարկե, չէր համապատասխանի պահանջներին։

Նա հույս ունի, որ դժգոհության հնարավոր ալիքի պատճառով իշխանություններն այդ քայլին չեն գնա։

Մեկ այլ տարբերակ է (որին նույնպես նրանք առանձնապես հավանություն չեն տալիս) շարժական աղբայրիչ սարքավորումների ներկրումն է, ինչի մասին խոսեցինք վերևում։ Դա կրկին կապված է դիօքսինների արտանետումների հետ, չնայած հեղինակները պնդում են, որ այրման ջերմաստիճանը շատ բարձր է։

Առաջարկվել է սարքավորումներ ներկրել Իրանից կամ Ֆրանսիայից։ Վստահեցնում են, որ դրանք այրման ժամանակ 1200 աստիճան են ապահովում։

«Բայց դրան էլ թերահավատորեն եմ վերաբերվում։ Միևնույնն է, արտանետում լինելու է։ Բացի այդ, նրանք ասում են, որ դիօքսին պարունակող այդ մոխիրը կարելի է օգտագործել շինարարական նյութի արտադրության համար: Բայց դիօքսինով ի՞նչ շինարարական նյութ: Մենք, իհարկե, դեմ ենք։ Բայց ես համոզված եմ, որ ինչպես Ամուլսարի հարցը ոչ ոք չի լսում, այնպես էլ այդ դեպքում նրանք կանեն այն, ինչ հարմար է և ինչի մեջ կտեղավորվեն»,-ասաց Մանվելյանը։

Նրա խոսքով` ՄԱԿ-ի ծրագիրը Նուբարաշենի նախագծի համար 4,7 միլիոն դոլար էր հատկացրել։ Դրանից մոտ 5 անգամ ավելին էլ պետք է երկիրը հատկացնի՝ զտում, փաթեթավորում և այլ գործընթացներ իրականացնելու համար։ Բայց բոլորն ասում են, որ փող չկա։

Ինչ վերաբերում է դուրս տանելուն, Վրաստանն առայժմ թույլ չի տալիս (այլապես կարելի էր ուղարկել Ֆրանսիա, Գերմանիա կամ Հունաստան)։ Իրան ուղարկելու տարբերակ կար, բայց Ամերիկայի պատժամիջոցների պատճառով (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հիմնական ֆինանսավորումն ԱՄՆ-ից է) այդ ուղին նույնպես փակ է։

«Բայց դա շատ լավ տարբերակ էր։ Այնտեղ պեստիցիդների ոչնչացման հրաշալի, արդիականացված գործարան կա։ Բայց իմ տվյալներով՝ մեզ թույլ չտվեցին»,-նշեց Մանվելյանը։

ԱԻՆ-ը օբյեկտներում վթարների նախադրյալներ չի տեսնում

ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ նշված օբյեկտներում գերատեսչությունը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում առկա քիմիական նյութերի պահպանման պայմանների հստակեցման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Ներկայացված օբյեկտները ԱԻՆ-ի կողմից դիտարկվում են որպես քիմիապես վտանգավոր օբյեկտներ, և մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ այս պահին վթարների առաջացման նախապայմաններ չկան։

436
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Նաիրիտ, գերեզման, թունաքիմիկատ, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել
Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից
Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են
Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

129
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

129
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

425
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

425
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Վրաց-թուրքական սահման

Սամցխե Ջավախքի հայերը փակել են Թուրքիայի հետ սահմանը. ո՞րն է նրանց պահանջը

12
(Թարմացված է 03:01 30.09.2020)
Այս պահին ցուցարարները հեռացել են: Նրանք մտադիր են հայ-վրացական սահմանի բացման հարցը լուծել այլ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի Sputnik. Սամցխե Ջավախքի տարածաշրջանից հարյուրավոր հայեր ի նշան բողոքի մի քանի ժամով փակել են վրաց-թուրքական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջել են բացել հայ-վրացական սահմանը ՝ հումանիտար բեռը Ղարաբաղ հասցնելու համար և թույլատրել կամավորների մեկնումը Արցախ։ Բացի այդ, ցուցարարները կասկածներ են հայտնել, որ Թուրքիան Վրաստանի տարածքով ռազմական բեռ է հասցնում Ադրբեջան։

Նշենք, որ նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի բռնկման պահից երկու երկրների միջև սահմանը փակ է։ Բացառություն են կազմում բեռնափոխադրումները։

«Սա մեզ համար առանձնակի ցավոտ է». Վրաստանի պատրիարք Իլյա II–ը դիմել է Երևանին և Բաքվին

Պետրոսյանը նշել է, որ ցուցարարները հասկացել են՝ արմատական (ռադիկալ) միջոցներով հարցը չի կարող լուծվել, և որոշել են չվնասել հայ-վրացական հարաբերությունները:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքը չի կարող օգտագործվել որևէ երկրի ռազմական շահերից ելնելով, և, որ դրանով է պայմանավորված Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցման արգելքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Պաստառներ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

 

12
թեգերը:
Բողոքի ակցիա, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինծառայողները մի քանի վայրկյանում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Որտե՞ղ են տեղավորվել Արցախից տարհանված մարդիկ. ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնում