Կարմիր հրապարակ

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

755
(Թարմացված է 11:40 14.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Եթե ասեմ, որ ժամանակին ԱՄՆ անկախացմանը նպաստել են ռուսները, շատերի համար բավական տարօրինակ կթվա։ Սակայն փաստն այն է, որ Ռուսաստանը երբեք չմասնակցեց Մեծ Բրիտանիայի և ամերիկացիների կռվին և հենց դրանով հսկայական օգնություն ցուցաբերեց անկախականներին:
Թե ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

Դրա վկայությունը պատմությունն է: Մոտ երկուսուկես դար առաջ Բրիտանիայի ամերիկյան գաղութներն ըմբոստացան: 1775 թվականին Անգլիայի թագավոր Ջորջ Երրորդը անձնական ուղերձ հղեց Ռուսաստանի թագուհի Եկատերինա Երկրորդին: Միտքը մոտավորապես սա էր՝ դուք էլ եք կայսրություն, մենք էլ, հիմա միապետություններին վտանգ է սպառնում, քանզի մեր ամերիկյան գաղութներն ապստամբել են և չեն ցանկանում հնազանդվել՝ սա մեր ընդհանուր մարտահրավերն է:

Թույլ տվեք մի փոքր շեղվել՝ այդ անհնազանդությունը իր կոնկրետ պատճառներն ուներ: Մենք հո շատ լավ գիտենք՝ երբ կենտրոնից ճնշումները սաստկանում են, անխուսափելիորեն ուժեղանում են անկախական տրամադրությունները: Ղարաբաղցիների նոր սերունդը, իհարկե, տեղյակ չէ, բայց իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, թե ինչպիսի սահմանափակումներ էին գործում կրթության, մշակույթի և այլ բնագավառում: Նույնիսկ, եթե ստեփանակերտցիները ցանկանում էին Հայաստանից որևէ երգչի հրավիրել, Բաքուն անպայման պիտի իր համաձայնությունը տար: Ամերիկայում վերջին կաթիլը այսպես կոչված Բոստոնի թեյի խռովությունն էր: Լոնդոնը խստորեն պարտադրեց՝ ամերիկյան գաղութների բնակիչները պիտի գնեն միմիայն Հնդկաստանից արտահանվող բրիտանական ընկերության թեյը: Ամերիկացիներն ընդվզեցին, նավերից մեկի ողջ բեռը ծովը նետեցին ու հենց այդպես էլ սկսվեց հեղափոխությունը:

«Նա վեկ»–ի ու «նավեկ»–ի պատմությունից մինչև ցար. ով, ինչու և ինչպես վաճառեց Ալյասկան

​Բայց վերադառնանք Անգլիայի թագավորի խնդրանքին: Ջորջ Երրորդը փաստորեն ուզում էր, որ Եկատերինան զորք ուղարկի Ամերիկա՝ ապստամբների դեմ կռվելու և ըմբոստությունը ճնշելու համար: Սանկտ-Պետերբուրգում բրիտանացի բանագնացին հրահանգ էր տրված՝ համոզել ռուսներին, որ 30-հազարանոց զորախումբ գործուղեն Ամերիկա: Երևի պատկերացնում եք, թե ինչ էր նշանակում 30-հազարանոց ռուսական զորքի միջամտությունը՝ կարող էին պարզապես ճնշել անկախականներին և պատմությունը միգուցե բոլորովին այլ հունով ընթանար: Բայց Ռուսաստանի թագուհին չհամաձայնեց, թեև կարող էր, որովհետև ռուս-թուրքական պատերազմը նոր էր ավարտվել և զինվորները, այսպես ասած, պարապուրդի մեջ էին:

Հնարավո՞ր է հայրենադարձություն կազմակերպել՝ ուժեղացնելով հայ համայնքները տարբեր երկրներում

Ամերիկյան գաղութներում ռուսների դիրքորոշումը գնահատեցին: Ջորջ Վաշինգտոնն իր զինակիցներից մեկին գրեց. «Շատ ուրախացանք՝ հավաստի աղբյուրներից տեղեկանալով, որ Ռուսաստանի կայսրուհուն ուղղված Մեծ Բրիտանիայի խնդրանքներն ու դիմումները մերժվել են՝ արհամարհանքով»։ Ռուսաստանն, ի դեպ, ավելի հեռուն գնաց: Երբ Բրիտանիան հայտարարեց, թե կանգնեցնելու և ստուգելու է ամերիկացիներին տարբեր ապրանքներ մատակարարող եվրոպական նավերը, Ռուսաստանը հռչակեց այսպես կոչված զինված չեզոքություն: Այսինքն՝ փորձեք կանգնեցնել՝ միանգամից հակահարված կստանաք: Ռուսների այդ նախաձեռնությանը միացան այլ երկրներ՝ Շվեդիան, Հոլանդիան, Դանիան, փաստորեն ստեղծվեց ամերիկացի անկախականներին սատարող միջազգային լիգա: Այսինքն՝ Ռուսաստանն իրոք ամեն ինչ արեց, որպեսզի ամերիկացիներն անկախանան:

​Մեկ այլ հանգամանք էլ կար: Տեսեք: Դեռ մինչև Ամերիկայի անկախացումը, Ռուսաստանը ցանկանում էր Անգլիայի հետ համաձայնագիր կնքել, բայց պահանջում էր, որ այդ համաձայնագրում տեղ գտնի այն դրույթը, որը հիմա ամրագրել են թե ՆԱՏՕ-ի, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները՝ պետություններից մեկի վրա հարձակումը դիտվում է որպես հարձակում համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրների վրա: Իսկ Անգլիան չէր ուզում: Չէր ուզում Թուրքիայի պատճառով՝ պարզապես չէր ցանկանում վատթարացնել հարաբերությունները թուրքերի հետ, առավել ևս՝ կռվել նրանց դեմ: Ու Ռուսաստանը որոշեց պատժել անգլիացիներին, հասկացնելով նրանց՝ կներեք՝ այդ ինչ երեսով եք մեզ առաջարկում կռվել ամերիկացիների դեմ, որոնք ամենևին էլ մեր թշնամին չեն, երբ ինքներդ կտրականապես հրաժարվում եք մի թթու խոսք անգամ ասել մեր երդվյալ թշնամի թուրքերին:

Էլ չձանձրացնեմ պատմական մանրամասներով: 1783 թվականին Մեծ Բրիտանիան, ի վերջո, ճանաչեց Ամերիկայի միացյալ նահանգների անկախությունը: Եվ փաստն այն է, որ դրան իրոք նպաստեց Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը։

755
թեգերը:
Անկախության օր, Ռուսաստան, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)
Շվեյցարիա

«Շվեքզիտը» չստացվեց

113
(Թարմացված է 22:21 28.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բրեքզիտը դեռ չավարտված Եվրոպայում կարող էր սկսվել Շվեքզիտ, եթե սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեր ներգաղթյալների մուտքը Շվեյցարիա արգելելու օգտին։
«Շվեքզիտը» չստացվեց

Միանգամից էլ երկու ճշտում։ Նախ` խոսքը ոչ թե, ասենք, Աֆղանստանից կամ Լիբիայից եկած ներգաղթյալների մասին էր, այլ հենց Եվրամիության քաղաքացիների։ Բայց ամենակարևորը՝ ախր Շվեյցարիան ի տարբերություն Մեծ Բրիտանիայի երբեք էլ Եվրամիության անդամ չի եղել։ Սակայն եթե դուք ունեք այսպես կոչված շենգենյան վիզա, հանգիստ կարող եք գնալ Բեռն ու Ժնև, որովհետև Շվեյցարիան, չանդամակցելով Եվրամիությանը, այնուամենայնիվ Շենգենյան գոտու անդամ է։

Բա ո՞րն էր երեկ կայացած հանրաքվեի իմաստը։ Նախ` Շվեյցարիան, այսպես ասենք, հանրաքվեների երկիր է։ Ամեն տարի այնտեղ անցկացվում է առնվազն 4 հանրաքվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն եռամսյակ գնում եք քվեարկելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։

Համաձայնեք` հաճելի է, երբ իշխանությունները անընդհատ քո կարծիքն են հարցնում որոշումներ ընդունելուց առաջ։ Օրինակ` մոտ 10 տարի առաջ հանրաքվեի դրվեց հետևյալ հարցը՝ արդյոք մահմեդականներն պե՞տք է թույլատրել նոր մինարեթներ կառուցել մզկիթներում։ Ընտրողների մեծ մասը դեմ արտահայտվեց նոր մինարեթների կառուցմանը, և կառավարությունը մահմեդական հավատացյալներին ասաց. «Դե, տեսնում եք` հո մենք չենք սահմանափակում ձեր իրավունքները, մեր բնակիչները չեն ուզում»։ Ու հարցը փակվեց։

Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս

Երեկվա հանրաքվեն նախաձեռնել էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն իշխող է համարվում, թեև խորհրդարանում ունի ընդամենը 26 տոկոս ձայն, այսինքն` զբաղեցնում է պատգամավորական տեղերի մոտ մեկ երրորդը, բայց առաջատարն է, որովհետև հաջորդ կուսակցության ցուցանիշը 17 տոկոս է։ Այս կուսակցությունն ընդհանրապես ժողովրդականություն է վայելում և բոլոր ընտրություններից հետո հայտնվում է առաջատարների շարքում։ Իհարկե, գաղտնիք չէ, որ անընդհատ առաջատարների շարքում մնալու համար դու պետք է նաև պոպուլիստական խոստումներով հանդես գաս։ Եվ այս դեպքը բացառություն չէր։

Այս հանրաքվեն պարզապես նախընտրական խոստման կատարումն էր, որովհետև երբ անցած ամիս առաջատար այդ կուսակցության նոր առաջնորդ ընտրվեց Մարկո Կյոզան, նա ասաց. «Եվրամիությունից եկած միլիոնավոր ներգաղթյալները խլում են շվեյցարացիների աշխատանքը և ծանր կացությունում են հայտնվում մեր հայրենակիցները»։ Այստեղ ճշմարտության հատիկ կա։ Վիճակագրական տվյալներ բերեմ։ Շվեյցարիան, անշուշտ, գրավիչ երկիր է, աշխատավարձն այնտեղ ամենաբարձրերից մեկն է ողջ Եվրոպայում, նաև աշխարհում։ Լեզվի խնդիր էլ առանձնապես չկա, որովհետև պաշտոնական են համարվում մի քանի լեզուներ։ Եվ այժմ Շվեյցարիայում աշխատում է ավելի քան երկու միլիոն մարդ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են՝ իտալացիներ, գերմանացիներ և պորտուգալացիներ։ Ավելին ասեմ, ամեն օր Շվեյցարիայի սահմանը հատում է կամ առնվազն այս կորոնավիրուսից առաջ հատում էր մոտ կես միլիոն մարդ, որոնք ապրում էին հարևան երկրներում, բայց առավոտյան գալիս էին աշխատելու Շվեյցարիայում, երեկոյան էլ վերադառնում էին տուն։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Ինչևէ, երեկվա հանրաքվեում շվեյցարացիների մեծ մասը՝ 61 տոկոսն ասաց՝ ոչինչ, թող այսպես էլ լինի, չենք կարծում, որ պետք է արգելել Եվրամիության երկրներից եկած ներգաղթյալների մուտքը մեր երկիր։ Էստեղ երկու հանգամանք դեր խաղաց։ Ախր շվեյցարացիներն էլ իրենց հերթին գնում են Եվրամիության այլ երկրներում աշխատելու։ Ըստ ԲիԲիՍի-ի` նման շվեյցարացիների թիվը բավական մեծ է։ Տեսեք։ Շվեյցարիայի բնակչությունը կազմում է 8,5 միլիոն, և մի քանի հարյուր հազար շվեյցարացի ապրում և աշխատում է Եվրամիության տարբեր երկրներում։ Բայց դա չէ էականը։ Կիրակի օրը գնալով քվեարկության` շվեյցարացիները քաջ գիտակցում էին, որ իրենց երկրի դեպքում Բրյուսելը նույն վերաբերմունքը չի դրսևորելու, ինչ հիմա դրսևորում է Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Այսինքն՝ քանզի Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, նրա հետ բանակցությունները շատ կարճ կարող են տևել՝ մոտավորապես այսպես՝ հեռանում եք հեռացեք, տեսնենք, թե ով է տուժելու, համենայնդեպս Եվրամիությունը հազիվ թե շատ բան կորցնի, դուք եք կորցնելու։ Համաձայնեք` ծանրակշիռ փաստարկ է։

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից

113
թեգերը:
Շվեյցարիա
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)
Ըստ թեմայի
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Ողբերգություն քաղաքացիական հերոսությամբ. ինչ կանխվեց ԱՄՆ–ում սեպտեմբերի 11–ին
Хусейн Айджан

Քահանաները փաստաթղթեր են ուզում. Բուլանըխի հայերը կանգնել են երկընտրանքի առաջ

403
(Թարմացված է 16:52 25.09.2020)
Արևմտյան Հայաստանի հայերն աստիճանաբար թոթափում են վախն ու հրապարակային խոսում իրենց ինքնության մասին, նույնիսկ փորձում կապեր հաստատել Արևելյան Հայաստանում։ Այս անգամ իր հայկական արմատների մասին խոսելու ցանկություն հայտնեց Մուշի Բուլանըխ բնակավայրի մեր հայրենակիցը։

Բուլանըխը պատմականորեն եղել է Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Կենտրոնը Կոփ ավանն է։ Այստեղ սերնդեսերունդ իրար են փոխանցել Սասունցի Դավթի դյուցազներգությունը։ 1909 թվականին Բուլանըխն ուներ 63 գյուղ, որից 29-ը` հայաբնակ։ Ցեղասպանությունից հետո Բուլանըխի բնակչությունն աճել է, զուգահեռ աճել է նաև տեղացի հայերի թիվը։ Մինչև վերջին 10 տարին Բուլանըխի հայերը ևս ծպտյալ էին՝ հիմնականում ներկայանում էին թուրք կամ քուրդ։ Այսօր տեղի հայերից հատուկենտ մարդ կներկայանա քրդի կամ թուրքի ինքնությամբ։

Город Булан в провинции Муш
© Sputnik / Nairi Hokhikyan
Բուլանըխ

«Իմ անունը Հուսեյն Այջան է։ Ծնվել, մեծացել և այսօր էլ ապրում եմ Մուշի Բուլանըխում։ Հայրական պապս և տատս Յոնջալուից էին։ Պապիկիս անունը Խաչատուր էր։ Ես միայն 30 տարեկանում իմացա իմ հայ լինելու մասին։ Ծնողներս խնամքով թաքցրել էին՝ մտածելով իմ անվտանգության մասին։ Ես իմ հայկական արմատների մասին պատահաբար իմացա հորեղբորիցս, իսկ հայկական հայրենիքի մասին` մեր նկուղում գտնված օրագրից, և դա ինձ ներշնչեց փնտրել ազգականներիս Թուրքիայի տարածքում և ամբողջ աշխարհում»,-պատմում է մեր մշեցի հայրենակիցը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Хусейн Айджан
© Sputnik / Nairi hokhikyan
Հուսեյն Այջան

Հուսեյնի հետ Երևանում ծանոթացա։ Արևելյան Հայաստան էր եկել՝ ծանոթանալու քրիստոնեական ավանդույթներին ու գաղափարախոսությանը։ Ասում էր՝ իր նման շատ հայեր Արևմտյան Հայաստանում երկընտրանքի առաջ են կանգնել՝ լինել մահմեդական հա՞յ, թե՞ մկրտվել և դառնալ քրիստոնյա։ Առաջինի դեպքում իրենք լիարժեք հայ չեն կարողանա զգալ իրենց, նաև ընդունված չեն քրիստոնյա հայերի կողմից, մկրտվելու դեպքում դավաճանած կլինեն իրենց կրոնական հայացքներին, քանի որ քրիստոնեության իրական խոսքը դեռևս չեն յուրացրել։

«Չնայած դրան՝ պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանում բնակվող ծպտյալ հայերը հիմնականում առերես, ձևական առումով են մահմեդականության հետևորդներ։ Մարդիկ որևէ կրոնի չեն պատկանում, մեր կրոնը մեր հայրենիքն է և մեր ժողովուրդը։ Ես իհարկե շատ կուզեմ քրիստոնյա լինել, բայց մենք մերժված ենք հայ առաքելական եկեղեցու կողմից։ Քահանաները փաստաթղթեր են ուզում մեր հայկական արմատների մասին, բայց նույն քահանաները լավ գիտեն, որ արխիվները խնամքով մաքրված են, և հայկականության մասին վկայությունների մեծ մասը ոչնչացվել է»,– ասաց Հուսեյնը։

Նա Մուշում բիզնեսով է զբաղվում։ Ասում է՝ նախկինում դժվար էր բարձրաձայն խոսել հայ լինելու մասին և ազատ ապրելու հնարավորություն ունենալ։ Այսօր հայ լինելն առավելություն է, այնքան մեծ առավելություն, որ հաճախ քրդերն իրենք են հայ ներկայանում հաջողության հասնելու համար։ Հարցնում եմ պատճառի մասին, ասում է` թուրքական իշխանությունը ձգտում է հայերին տրվող լայն հնարավորություններով սահմանափակել քրդերի հնարավորությունները, իսկ հետո գուցե նաև հայերին շարունակի ճնշել։

«Ասացին, որ ես քուրդ եմ». 111 տարի ապրած մշեցի Ջեմիլն ու նրա որդի Սերոբը

Այսօր Արևմտյան Հայաստանի հայերն ունեն իրենց ինքնությամբ ապրելու և միավորվելու փորձ, և դա հնարավորինս զարգացնելը բխում է նաև այնտեղ ապրող մեր հայրենակիցների շահերից։

Հուսեյնը ոչ միայն Արևելյան Հայաստանի և սփյուռքի հայերին, այլև հայ առաքելական եկեղեցուն կոչ է անում ընդունել իրենց այնպես, ինչպես մյուս հայերին. ի վերջո, Արևմտյան Հայաստանում ապրող հայերը նույնպես հայ են, թեկուզ հիմնականում մահմեդական, բայց ոչ իրենց մեղքով։ Բացի այդ, նրա խոսքով` մահմեդականությունը ևս մարդասիրական կրոն է։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մուշի Բուլանըխում ապրող մեր հայրենակիցը խնդրում է Արևմտյան Հայաստանում իր տուն հաճախ այցելել և նվերի փոխարեն տանել հայերենի դասագրքեր․ դա տեղացի հայերին ոգևորելու և ազգային ինքնությանն ավելի մոտենալու ամենակարճ ճանապարհն է։

403
թեգերը:
հայեր, հայ, Մուշ, Արևմտյան Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը
«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները
Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ

0
Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնիի հետ:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:

Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

0
թեգերը:
Արցախ, Ստեփանակերտ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Կարմիր խաչ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան