Սևանի ափի գերեզմանատունը

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը

1612
Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

1612
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան
Ըստ թեմայի
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

281
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

281
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

178
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

178
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Զինծառայող

Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

0
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

0