Դոնալդ Թրամփ

Կորոնավիրուսը` օգնական, կամ Թրամփի աննախադեպ հայտարարությունը

433
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ էր Դոնալդ Թրամփի երեկվա առաջարկությունը՝ այս տարվա նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ։
Ավարտվող ամսվա աննախադեպը՝ Ամերիկայի նախագահն առաջարկում է հետաձգել նախագահական ընտրությունները

Անմիջապես հարց է ծագում՝ լավ, բա երբ պիտի կայանան ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Կորոնավիրուսից հետո՞։ Իսկ երբ է տեղի տալու այդ անտեր վիրուսը՝ որևէ մեկը կհամարձակվի այժմ կանխատեսել։ Երևի հիշեցնելու կարիք էլ չկա, որ համավարակի տարածման տեսակետից ԱՄՆ-ն աշխարհի ամենավատ վիճակում գտնվող պետությունն է՝ վարակվել է մոտ 4,5 միլիոն մարդ, մահացել են շուրջ 150 հազարը։

​Այսինքն ինչ՝ քանի դեռ մոլեգնում է հիվանդությունը, Ամերիկայի գործող նախագահը նախագահ պետք է մնա՞։ Լավ, եթե նման առաջարկով ինչ-որ քաղաքական ուժ կամ առնվազն հասարակական կազմակերպություն հանդես գար, ինչ-որ չափով հասկանալի կլիներ, բայց ամենահետաքրքիրն էլ հենց այն է, որ նախագահն է ասում՝ եկեք երկարաձգենք իմ լիազորությունները։ Ինքը, իհարկե, կարող է արդարանալ՝ ախր ես միայն ու միայն ժողովրդիս առողջության մասին եմ մտածում։ Նրան հակադարձում են՝ դե եկեք փոստով անցկացնենք ընտրությունները, մանավանդ, որ ամերիկյան 6 նահանգ, այդ թվում նաև հայաշատ Կալիֆոռնիան, արդեն հայտարարել են՝ հենց փոստով էլ անցկացնելու ենք ընտրությունները։  Դոնալդ Թրամփն էլ իր հերթին է հակադարձում՝ փոստով անցկացրած ընտրությունների արդյունքներն արժանահավատ չեն լինելու։

​Իրականում Դոնալդ Թրամփի առաջարկը հենց ընդամենը առաջարկ է, միգուցե ընտրողների տրամադրությունները շոշափելու միջոց՝ որքանով եք ինձ աջակցում։ Փաստն այն է, որ դեռ 1800-ականների կեսերին օրենսդրորեն ամրագրվել է, որ նախագահական ընտրություններն Ամերիկայում պետք է անցկացվեն նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը։ Եվ այդ կանոնը մինչև հիմա չի խախտվել երբեք։ Ավելին՝ ընտրությունների օրը տեղափոխելու որոշումը պետք է կայացվի Կոնգրեսի զույգ պալատներում՝ ձայների մեծամասնությամբ, իսկ դա այժմյան պայմաններում պարզապես անհնար է։ Խոսքը նույնիսկ դեմոկրատների մասին չէ, իսկի հանրապետականները նման արտառոց քայլի օգտին չեն քվեարկի։ Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլեն Վայնթրաուբն ասել է. «Քվեարկության օրը փոխելու որեւէ կարիք չկա, եթե ուզում եք ապահովել ընտրողների անվտանգությունը, պարզապես լրացուցիչ միջոցներ հատկացրեք բյուջեից»։

​Ամերիկյան ընտրություններն, իհարկե, միշտ էլ յուրահատուկ են եղել։ Տարբեր նահանգներում տարբեր կանոններ են գործում։ Ընդամենը մի օրինակ բերեմ։ Ասենք թե, գործատուս ինձ ասել է՝ կգնաս ընտրության, այսինչ մարդու օգտին կքվեարկես, բջջայինով կնկարես քվեաթերթիկդ ու կդնես Ֆեյսբուքում, որ ես տեսնեմ։ Կարո՞ղ եմ անել, թե՞ ոչ։ Պատասխանը հետևյալն է՝ որոշ նահանգներում շատ հանգիստ կարող եք սելֆի անել ձեր քվեաթերթիկի հետ ու ցույց տալ բոլորին, որոշ նահանգներում ձեզ դրա համար առնվազն 1000 դոլարով կտուգանեն։ Այսինքն՝ մոտավորապես այսպես՝ Շիրակի մարզում դա գաղտնիության սկզբունքի խախտում է համարվում, բայց Լոռվա մարզի իշխանությունները ասում են՝ նկարիր որքան սիրտդ ուզի։

Դոնալդ Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ չի ուզում հետաձգել ընտրությունները

​Բայց ինչու հեռու գնանք։ Հասարակ հարց տամ՝ Դոնալդ Թրամփն Ամերիկայի որերորդ նախագահն է։ Կծիծաղեք ու կասեք՝ նույնիսկ երրորդ  դասարանցին գիտի, որ նա հոբելյանական՝ 45-րդ նախագահն է։ Այնինչ իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում մինչև Թրամփը նախագահ է ընտրվել ընդամենը 43 մարդ։ Այսինքն՝ Թրամփը ոչ թե 45-րդ, այլ 44-րդ նախագահն է։ Ինչու։ Շատ պարզ՝ ժամանակին Գրովեր Քլիվլենդը սկզբից դարձավ 22-րդ նախագահ, չորս տարի պաշտոնավարեց, հետո նրան փոխարինեց 23­րդ նախագահը, այնուհետև նույն Քլիվլենդը կրկին ընտրվեց ու դարձավ 24-րդ նախագահ։

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

Որպեսզի այս տարօրինակ թվաբանությունը հասկանալի լինի, բերեմ շատ կոնկրետ օրինակ մեր իրականությունից։  91 թվականին ընտրվեց Հայաստանի առաջին նախագահը։ 98 թվականին նա հրաժարական տվեց, և նրան փոխարինեց երկրորդ նախագահը։ Բայց դրանից 10 տարի անց առաջին նախագահը կրկին ցանկացավ ընտրվել։ Հիմա եթե նա 2008 թվականին ընտրվեր՝ որերորդ նախագահն էր լինելու։ Երրորդ՝ չէ՞։ Որովհետեւ երկրորդ նախագահից հետո, բնականաբար, գալիս է երրորդ նախագահը։  Այսինքն` նույն մարդուն մենք ստիպված պիտի անվանեինք համ առաջին, համ էլ երրորդ նախագահ։

433
թեգերը:
կորոնավիրուս, Ընտրություններ, Նախագահ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Թերթեր, արխիվային լուսանկար

Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի

94
(Թարմացված է 20:45 03.08.2020)
Եկեք անկեղծ լինենք: Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում թաքնված է երկու էություն: Մեկն անընդհատ ձգտում է փոփոխության, մյուսը վախենում է այդ փոփոխություններից:

 

Բեն Բրեդլի. «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա գործը չէ՝ հոգալ հետևանքների մասին»

Չգիտեմ, միգուցե ես չափազանցնում եմ, որովհետև  Երկվորյակների նշանի տակ եմ ծնվել: Բայց ախր Բուլատ Օկուջավան էլ է ժամանակին նկատել․ «Բոլորն ուզում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, բայց բոլորը վախենում են՝ հանկարծ մի բան չպատահի»։

​Եվ հաճախ փոփոխությունները տեղի են ունենում միանգամայն անսպասելի՝ անկախ այն բանից՝ հավատում ենք մենք, թե չենք հավատում, վախենում ենք, թե չենք վախենում, դիմադրում ենք, թե չենք դիմադրում:  Մի շատ հայտնի օրինակ բերեմ։ 1974 թվականին հրաժարական տվեց Ամերիկայի նախագահը: Նման բան ո՛չ Ռիչարդ Նիքսոնից առաջ, ո՛չ էլ նրանից հետո չի եղել: Եվ ով պաշտոնանկ արեց նախագահին՝ իմ գործընկերը՝ ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն փոստ» օրաթերթի թղթակից Բեն  Բրեդլին, որը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ 93 տարեկան հասակում:

​Հիմա չեմ կարող շատ մանրամասն անդրադառնալ Ուոթերգեյթի այդ սկանդալին: Եվ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ, ինչպես ասում են՝ տոննաներով գրքեր ու հոդվածներ են գրվել այդ մասին, ֆիլմեր նկարահանվել: Բոլորդ գիտեք՝ 1972 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում, ի դեպ, Ռիչարդ Նիքսոնը վերընտրվեց ձայների զգալի առավելությամբ, նրա ղեկավարած հանրապետականները փորձեցին գաղտնալսում իրականացնել հակառակորդների՝ դեմոկրատների գրասենյակում ու բռնվեցին: Եվ Նիքսոնն ամեն ինչ արեց կոծկելու այս ամենը, որպեսզի հասարակությունը չիմանա, որ հետքերը տանում են ուղիղ նախագահական:  Եվ, երբ Ուոթերգեյը սկսեց փորփրել «Վաշինգտոն փոստը», Ամերիկայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ջոն Միթչելը թերթի կին հրատարակիչ Քեթրին Գրեհեմին իր մարդկանց միջոցով փոխանցեց հետևյալը․ «Այդ կնոջը ասեք, որ կբռնենք ու ծիծիկները մեծ քամիչով կքամենք»: Համաձայնեք՝ բավական օրիգինալ սպառնալիք է:

​Իսկ Բեն Բրեդլին չընկրկեց: Նրան վերևից՝  նախագահականից անընդհատ հասկացնում էին․ «Դու գիտե՞ս, թե քո սկսած հետաքննությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ Ամերիկայի համար, ապակայունացնում ես իրավիճակը, երբ մենք Վիետնամական պատերազմի մեջ ենք խրված»։ Համաձայնեք՝ շատ ծանոթ փաստարկ է՝ չի կարելի իշխանությունների հանդեպ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ փաստացի պատերազմական վիճակում ենք:

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Հայաստանում էլ այդ փաստարկը միշտ համոզիչ ու տրամաբանական է թվացել: Այնինչ, Բրեդլին ասում էր․ «Եթե լրագրողը ճշմարտությունն է ներկայացնում, նրա ինչ գործն է հոգալ հետևանքների մասին»: Կներեք, պարզապես համոզված եմ, որ  Բեն Բրեդլիին, որին տարիներ առաջ Բարաք Օբաման հանձնեց Ամերիկայի քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Ազատության մեդալը, և, որի գործունեությունը օրինակ է դարձել ամերիկացի լրագրողների մի քանի սերունդների համար, Հայաստանում  շատերը միանշանակ կորակեին որպես անպատասխանատու լրագրող:

​Ու դժվար է դատապարտել այդ մարդկանց։ Ակնհայտ է, որ մեզ մոտ կա հասարակության որոշակի շերտ՝ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք համոզված են՝ չի կարելի ոչինչ անել իշխանությունների դեմ, ինչպիսին էլ նրանք լինեն, չի կարելի ապակայունացնել իրադրությունը, մանավանդ որ բոլորովին միանշանակ չէ, թե ինչի կհանգեցնեն փոփոխությունները, արդյոք ավելի արժանի մարդիկ կգան, արդյոք կբարելավվի իրավիճակը, արդյոք ես անձամբ և իմ ընտանիքը, իմ հարազատները կշահենք դրանից: Լիովին հասկանում եմ, թե՛ այդ մարդկանց, թե՛ նրանց մտահոգությունները:  Այս հարցերը բոլորիս են հուզում:

​Ինչևէ, մինչ «Վաշինգտոն փոստը» փորձում էր պարզել ճշմարտությունը, նախագահականն ամեն ինչ արեց մամուլը վարկաբեկելու համար: Մոտավորապես այսպես․ «Մենք մաս մաքուր ենք, այ սրանք՝ այս սրիկա լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր երկրում»: Ու դա ազդեց: Լրատվամիջոցների վարկանիշը իջավ մինչև 40 տոկոս, այսինքն՝ ամերիկացիների մեծ մասն այլևս մամուլին չէր հավատում:

​Բայց գիտե՞ք, թե ինչ կատարվեց հետո: 74-ին Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց, նրա շրջապատից մի քանի տասնյակ մարդ  ձերբակալվեց և դատվեց: Իսկ այդ նույն թվականին սկսվեց դիմորդների աննախադեպ հոսք դեպի ժուռնալիստիկայի ֆակուլտետներն ու դպրոցները՝ բոլորը ուզում էին լրագրող դառնալ: Այսպես հաղթեց ճշմարտությունը:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

94
թեգերը:
Բարաք Օբամա, ԱՄՆ, լրագրություն, Լրագրող
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (198)
Ըստ թեմայի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Վանաձորի մանկատան երեխաները

Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո

1932
(Թարմացված է 08:59 03.08.2020)
Նրանք տարբեր վայրերում, տարբեր ընտանիքներում են ծնվել, բայց ինչ-որ պահի բոլորի ճակատագրերն ու նաև երազանքները նմանվել են։ Sputnik Արմենիան պատմում է մանկատան շրջանավարտների ու նրանց հետագա կյանքի մասին։

Նունեն և Իննան արդեն ուսանողներ են, Քրիստինան պատրաստվում է հեռակա բաժնի համար քննություններին։ Այս աղջիկներին միավորում է ոչ միայն սովորելու, մասնագիտություն ձեռքբերելու ցանկությունը, այլև նման ճակատագրերը։ Նրանք երեքն էլ Վանաձորի մանկատան շրջանավարտներ են։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Նունեն ու Քրիստինան նույնիսկ կես տարի կենցաղ են կիսել մանկատան երեք այլ աղջիկների հետ Anna Kara  հիմնադրամի վարձակալած բնակարանում: Իսկ մենթոր դայակներն էլ իրենց խորհուրդներով օգնել են ինքնուրույն կյանք սկսել՝ առօրյա գնումներ կատարել, կենցաղային տարբեր խնդիրներ լուծել և այլն։ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Նունեն, Քրիստինան և Իննան գրեթե մեկ տարի քաղաքի լավագույն մասնագետների մոտ բուհական ընդունելության քննությանն են պատրաստվել։ Հիմա աղջիկներն արդեն միասին չեն ապրում. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բնակարանի գնման հավաստագրեր են ստացել, բայց մանկատնից սկսված ընկերությունը մնացել է։

Նունեի պատմությունը

Նունե Պապյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 8 տարեկանում ավագ երկու եղբայրների և քրոջ հետ։ Այնտեղ 10 տարի է անցկացրել։ Թե ինչու ընտանիքի 4 երեխաները մանկատուն տեղափոխվեցին, շատերի նման ինքն էլ պատմել չի ցանկանում։ Ասում է՝ ծնողները ողջ են, հարազատներ էլ ունեն, նրանցից ոմանք Նունեի սոցցանցերի անձնական էջերի ընկերների թվում են, բայց շփում նրանց ու ծնողների հետ չկա։

Нуне Папян
© Photo : provided by Koryun Aslanyan
Նունե Պապյանը

Մանկատանը հայտնվելու պատճառները ցավեցնում են, բայց այնտեղ անցկացրած տարիներից լուսավոր հիշողություններ կան, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողները։ Հենց նրանց աշխատանքին հետևելով էլ իր մասնագիտության ընտրությունն արեց. արդեն Վանաձորի պետական համալսարանի «Սոցիալական մանկավարժության» ֆակուլտետի ուսանողուհի է, անհամբեր սպասում է սեպտեմբերին։

Նունեի համար նոր կյանք է սկսվել՝ մանկատնից դուրս, ինքնուրույն և սեփական բնակարանում։ Ուրախությամբ ասում է՝ արդեն ճաշ եփել գիտի. նոր հմտությունը ձեռք է բերել ընկերուհիների հետ կես տարի առանձին ապրելիս։

Նունեի լավագույն ընկերուհին Իննան է։ Թեպետ ապրում են քաղաքի տարբեր հատվածներում, բայց օրվա գրեթե մեծ մասը միասին են անցկացնում։ Միասին նույն դպրոցն են հաճախել, միասին նույն կրկնուսույցի մոտ պարապել։ Հիմա էլ արդեն համակուրսեցիներ են։ Հարցազրույցի ժամանակ ևս իրար կողքի են։

Իննայի պատմությունը

Իննա Աղաբեկյանն ավագ քրոջ՝ Անիի հետ մանկատանն է հայտնվել 2 տարեկանում։ Հորը չի էլ տեսել, մայրը մենակ է մնացել սոցիալական, առողջական խնդիրների և երկու աղջիկների հետ. նրանց ստիպված մանկատուն է տարել։ Անկեղծանում է՝ մոր դեմ չարացած չէ, տարիների ընթացքում հասկացել է, որ նման որոշում ստիպված է կայացրել։ Բնակարանի գնման հավաստագիր քույրը՝ Անին է ստացել, հիմա քույրերով վերանորոգում են բնակարանը։ Հույս ունեն շուտով ավարտել և մայրիկին էլ իրենց նոր բնակարան բերել։ Առաջին անգամ Նոր տարին նոր տանն ու երեքով են անցկացնելու, այնպես որ կես տարի առաջ արդեն որոշակի ծրագրեր ունեն։

Инна Агабекян
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյանը

Նունեի նման ինքն էլ է սոցիալական մանկավարժի մասնագիտությունն ընտրել։

«Սիրում եմ մարդկանց հետ խոսել, նրանց լսել, կարծում եմ՝ կարողանում եմ խորհուրդներ տալ։ Բացի այդ, ես անցել եմ այդ ամենի միջով, եղել եմ մանկատանը, եղել եմ նաև խնամատար ընտանիքում, գիտեմ, թե այդ իրավիճակում հայտնված երեխան ինչ է զգում, ինչի կարիք ունի, ուզում եմ օգնել նրանց իմ աշխատանքով»,- պատում է Իննան։

Խնամատար ընտանիքում երեք տարի է անցկացրել, այնտեղից մանկատուն է վերադարձել։

Инна Агабекян с сестрой Ани
© Photo : provided by Inna Aghabekyan
Իննա Աղաբեկյաննը քրոջ` Անիի հետ

«Չստացվեց, իրար չէինք հասկանում»,- խոստովանում է Իննան։ Մի քիչ մասնագիտական վերլուծություն է անում՝ խնամատար ընտանիքում հայտնվեց 14 տարեկանում։ Ինքն արդեն բավականին կայացած մտածելակերպ ուներ, խնամատար ընտանիքում էլ իրենց կարգ ու կանոնն էր հաստատված, երևի խնդիրը դա էր։ Բայց և ավելացնում է՝ եթե ինչ-որ պատճառով սեփական երեխաներն ունենալ չկարողանա, ապա երեխա է որդեգրելու, որ երկու կողմի համար էլ ընտանեկան կայունություն լինի։

Քրիստինայի պատմությունը

Քրիստինա Մաթոսյանը Վանաձորի մանկատանն ամենաքիչն է մնացել՝ չորս տարի, մինչ այդ կրտսեր երկու եղբայրների ու քրոջ հետ խնամքի այլ հաստատությունում էր։ Ինչու են մանկատանը հայտնվել. այս հարցն ակտիվ խոսող, ուրախ ձայնով աղջկան ակնհայտ ցավ է պատճառում. ասում է՝ ընտանեկան խնդիրներ էին, հայրն էլ, մայրն էլ ողջ են, ամուսնալուծված են։ Նրանց հետ կապ չունի, երկար ժամանակ չի տեսել, անկեղծանում է՝ որևէ բան իմանալ չի էլ ցանկանում։ Հետ չի նայում, հիմա՝ միայն առաջ, բայց և սիրով է հիշում այն օրերը, երբ չորս ընկերուհիների հետ մի բնակարանում էին ապրում։

Кристина Матосян
© Photo : provided by Koryun Aslanyan
Քրիստինա Մաթոսյանը

Կենցաղային գրեթե յուրաքանչյուր գործի համար հատուկ գրաֆիկ էին սահմանել, բացի սուրճ եփելուց։ Դա կամավորության սկզբունքով էր։ Արդեն տասն օր է՝ իր սիրուն, հարազատ դարձած բնակարանում է։ Ի տարբերություն Նունեի ու Իննայի՝ Քրիստինա Մաթոսյանի բուհական ընդունելության քննությունն առջևում է։ Դիմել է ՎՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի հեռակա բաժին։ Հեռակա սովորելով՝ զուգահեռ աշխատել էլ կկարողանա.

«Ինձ պատկերացնում եմ գրասենյակում՝ սեղանի մոտ նստած, վրան լիքը թղթեր լցված, ես էլ թարգմանություններ եմ անում»,- ասում է Քրիստինան։

Կառավարությունը բարձրացնում է աշխատավարձերը. երեխաներին խնամողները պետք է լավ վարձատրվեն

Մի քիչ վախենում է «մեծ–մեծ բաներ» երազել, բայց մտքերն ուժ ունեն. տուն ունի, երազում է մի օր ավտոմեքենա ու իր երազած աշխատանքն ունենալ, գնալ ՌԴ, Սարատովի մարզ՝ իր ծննդավայր, պարզապես պտտվելու, այլ ոչ թե մնալու։ Հստակ որոշել է՝ ընտանիք շուտ չի կազմելու, դեռ պետք է սովորի, աշխատի, գումար վաստակի և կուտակի։ Բայց երբ էլ կազմի՝ երազում է ամուր ընտանիք ստեղծել, լավ կին ու լավ մայր լինել, իր երեխաներին տալ ընտանեկան այն ջերմությունն ու մայրական հոգատարությունը, որից ինքը, եղբայրներն ու քույրը զրկված են եղել։

Воспитанники ванадзорского интерната
© Photo : provided by Koryun Aslanyan
Վանաձորի մանկատան երեխաները

Հ.Գ. Նշենք, որ հոդվածի հերոսները Վանաձորի մանկատան վերջին շրջանավարտներն են։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ անցյալ տարի 4 գիշերօթիկ հաստատություն և 1 մանկատուն է լուծարվել՝ Վանաձորինը։ Գավառի մանկատան 4 շրջանավարտներից երեքը տղաներ են, որոնք այս տարվա նորակոչիկներն են, իսկ աղջիկը դիմել է Գավառի պետական բժշկական քոլեջ, քննություններն ու արդյունքները դեռ առջևում են։ Վիճակագրություն, թե մանկատան շրջանավարտների որ տոկոսն է բուհեր դիմում և ընդունվում, չկա։ Մանկատնից դուրս գալուց հետո ոչ բոլոր շրջանավարտներ են կապ պահում հաստատության հետ, հետևաբար՝ շրջանավարտների հետագա կյանքի մասին ամբողջական տեղեկություններ հնարավոր չի լինում հավաքագրել։

1932
թեգերը:
տուն, շրջանավարտ, Ուսանող, դիմորդ, բուհ, աղջիկ, Վանաձոր, մանկատուն
Ըստ թեմայի
Երեխաներն այլև չեն բնակվում այդ տխուր հաստատություններում. Փաշինյան
Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Երեխայի երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է. Զարուհի Բաթոյան
Արտավազդ Փելեշյան

Փարիզում կկայանա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան

0
Ֆիլմի համաշխարհային պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021թ-ի մարտի 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Փարիզում հոկտեմբերին կկայանա աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական «Fondation Cartier»-ի կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայացնելու ենք լեգենդար ռեժիսորի ֆիլմի պրեմիերան։ «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ ֆիլմը ռեժիսորի 15 տարվա աշխատանքի գագաթնակետն է։

Ըստ տեղեկության`«Բնությունն» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ անդրադարձ է եղել բնությանը՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի և Համասյանի երաժշտությունը։

Փելեշյանը մրցանակ բերեց գործընկերոջը. «ՏԷՖԻ Համագործակցությունը» ամփոփեց արդյունքները

Ֆիլմի պրեմիերային կհաջորդի Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև 2021 թ-ի մարտի 7-ը։

Գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին` Վանաձորում։ Ամբողջ աշխարհում նա Հայաստանի ու հայկականության մարմնացումն է։ Արտավազդ Փելեշյանը «Տարածական մոնտաժի» հիմնադիրն է։ Նրա համանուն գիրքը վերածվել է ուսանողների համար դասագրքի։

Փելեշյանի «Բնակիչները» շրջագայում է աշխարհով մեկ

0
թեգերը:
ռեժիսոր, հայ, Ֆրանսիա, Փարիզ, ֆիլմ, Արտավազդ Փելեշյան
Ըստ թեմայի
Արտավազդ Փելեշյանի տիեզերքը ստեղծվել է 40 տարում
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը»
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն
Փելեշյանական աշխարհի սիմֆոնիան