Ով էր Ստանիսլավ Պետրովը և ինչու են պնդում, թե նա փրկել է աշխարհը ատոմային աղետից։ Հիշենք 1983 թվականը։ Սառը պատերազմը կարծես թե հասել էր իր գագաթնակետին և ուր որ է կարող էր վերածվել իսկական պատերազմի։ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանեց չարիքի կայսրություն, իսկ այդ նույն թվականի սեպտեմբերի 1-ին խորհրդային կործանիչը Հեռավոր Արևելքում խոցեց հարավկորեական Բոինգը, որում 269 մարդ կար, այդ թվում ամերիկացիներ։ Միջազգային իրադրությունը ծայր աստիճան լարվել էր, մարդիկ սպասում էին վատթարագույնին։
Սեպտեմբերի 26-ի գիշերն էր։ Փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը հերթապահում էր Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի հրամանատարական կետում՝ Մոսկվայից ոչ հեռու՝ Սերպուխով քաղաքում։ Անվանումից հենց երևում է, որ այդ համակարգը նախատեսված է հակառակորդի հրթիռների հնարավոր արձակմանը հետեւելու համար։ Ու գիշերվա 12-ն անց 15 րոպեին պատի վահանակին հայտնվեց «ՍՏԱՐՏ» բառը ու միացավ ազդանշանային համակարգը, ինչը կարող էր միայն մի բան նշանակել՝ ամերիկացիները միջուկային մարտագլխիկով հրթիռ են արձակել, որը թռչում է դեպի Խորհրդային Միություն։
Բոլորը վեր թռան տեղերից ու շրջվեցին դեպի Պետրովը։ Նա պիտի որոշում կայացներ՝ զանգահարեր ղեկավարությանը և ասեր՝ ամերիկացիները միջուկային հրթիռ են արձակել, ինչից հետո, խորհրդային միջուկային հրթիռները, բնականաբար, կթռչեին դեպի Ամերիկա։ Պատկերացրեք Պետրովի վիճակը՝ բոլորը սպասում են, թե նա ինչ կանի։ Ուրիշ մեկը նրա փոխարեն պարզապես կգործեր այնպես, ինչպես նախատեսված է հրահանգներով, իսկ Պետրովը հապաղում էր։
Հետո տարիներ անց պատմել է․ «Բնազդն ինձ հուշում էր, որ սա այնուամենայնիվ հրթիռային հարձակում չէ»։ Համաձայնեք՝ կասկածելու տեղ ուներ։ Համակարգիչը ցույց էր տալիս, որ Ամերիկայից արձակված է ընդամենը մեկ հրթիռ՝ մի ռազմակայանից։ Ու Պետրովը մտածում էր՝ ախր էսպիսի հարձակում չի լինում։ Իհարկե, մի հրթիռն էլ կարող է հսկայական ավերածություններ առաջացնել, բայց այնուամենայնիվ մի հրթիռով չեն հարձակվում։ Մանավանդ հրաշալի գիտակցելով, որ այդ հարվածի պատասխանը հարյուր հրթիռով կարող էր լինել։
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
Պետրովը նաև բոլոր հնարավոր միջոցներով ստուգեց ամերիկյան հրթիռի արձակման հնարավորությունը՝ հրթիռ չկար, ռադարների էկրաններին չէր երևում։ Վերջապես վերցրեց հեռախոսի լսափողը, զանգահարեց ղեկավարությանն ու ասաց․ «Համակարգչային խափանում է տեղի ունեցել»։ Վազելով եկավ հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Վսևոլոդ Վոտինցևը։ Խոստացավ պարգևատրել Պետրովին ու բարձրացնել նրա կոչումը։ Հետո կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որը պարզեց, որ իրոք համակարգի խափանում է տեղի ունեցել հանգամանքների եզակի զուգադիպության պատճառով՝ արևի շողերը արտացոլվել են ամպերից, հետո էլ ընկել են արբանյակի սարքերի վրա այնպիսի հազվադեպ անկյունով, որ հրթիռի պատրանք են ստեղծել։
Իսկ Պետրովին այդպես էլ չպարգևատրեցին։ Ընդհակառակը՝ նկատողություն հայտարարեցին։ Ինչի համար։ Որովհետեւ համապատասխան գրառում չէր կատարել մարտական գրանցամատյանում։ Չընդունեցին նրա բացատրությունը՝ բայց ախր այդ լարված իրավիճակում ես ինչպես գրառում անեի, ասացին՝ հետո գրեիր։ Հակադարձեց՝ բայց դեպքից հետո չի թույլատրվում մատյանը լրացնել, ակնհայտ խախտում է։ Դա էլ չընդունեցին։ Մի տարի անց էլ Պետրովը թողեց ծառայությունը ոեւ թոշակի անցավ։ Այս դեպքի պատճառով չէր, կինն էր հիվանդ, պիտի խնամեր։
Մի քանի տարի առաջ Պետրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել էր, որ մի անգամ փող է ստացել Քևին Քոսթներից։ Ամերիկացի հայտնի դերասանը 500 դոլար էր փոխանցել։ Առանձնապես մի գումար չէր, իհարկե, բայց ուրախացել էր, որովհետեւ թոշակը բավական համեստ էր և ստիպված շինարարությունում պահակ էր աշխատում ծայրը ծայրին մի կերպ հասցնելու համար։ Ահա այսպես է դասավորվել այն մարդու ճակատագիրը, որը փրկել էր աշխարհը։ Ինքը այդ բնորոշումը երբեք չէր ընդունում, միշտ ասում էր․«Լավ էլի, ինձանից ինչ փրկիչ, սովորական աշխատանքային դրվագ էր»։ Դե ինչ, իրական փրկիչները երևի համեստ են լինում։
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
Հեռու չգնանք՝ հենց հիմա, երբ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ծավալվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, գլխավոր հարցերից մեկը սա է՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը. արդյոք պառլամենտում այժմ շատ մեծ առավելություն ունեցող մեծամասնությունը կկարողանա՞ եթե ոչ պահպանել դիրքերը, գոնե առաջ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժերից, որոնք երևի թե գիտակցում են, որ իրենց բոլոր դեպքերում սպասում է շատ ծանր պայքար պատգամավորական մանդատների համար։
Այնուամենայնիվ, համոզված եմ, որ թե′ իշխանությունները, թե′ ընդդիմությունը հրաշալի հասկանում են, որ իրենց հրավիրած միտինգներում հավաքվածների թվով չի որոշվելու ամեն ինչ, և ոչ էլ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներին կարելի է հավատալ։
Ինչո՞ւ։ Բերեմ մի քանի օրինակ։
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Շոտլանդիան ուզում էր անկախանալ Մեծ Բրիտանիայից։ Հանրաքվեից առաջ գրեթե ամեն օր սոցիոլոգիական գործակալությունները հարցումներ էին անցկացնում ու միաբերան պնդում՝ այո′, ընտրողների տրամադրությունները հաշվի առնելով, հաստատ կարելի է պնդել, որ Շոտլանդիան կանջատվի։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք, և այժմ Շոտլանդիան Լոնդոնին ասում է՝ թույլ տվեք նորից հանրաքվե անցկացնել, բայց վարչապետ Բորիս Ջոնսոնը անդրդվելի է. «Շանսը ձեզ տրված էր, օգտագործեիք»։
Շարունակեմ, այսպես ասած, բրիտանական թեման։ 1971 թվականին բարոնուհի Մարգրետ Թետչերը առաջին կինն էր ողջ Եվրոպայում, որը վարչապետ դարձավ։ Նրա վարկանիշը մե′կ բարձրանում էր, մե′կ իջնում, բայց 1990 թվականին, երբ նա ի վերջո հրաժարական տվեց, բրիտանացիների գրեթե 75 տոկոսը հավանություն տվեց «երկաթյա լեդիի» այդ քայլին։ Հիմա, ուշադրություն՝ միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հավանություն տվեց Մարգրետ Թետչերի գործունեությանը վարչապետի պաշտոնում։ Հայերը մի լավ ասացվածք ունեն՝ «Գնա մեռի′, արի սիրեմ»։
Ի դեպ, երբ բրիտանացիներին հարցրել են՝ ո՞վ է հետպատերազմյան ժամանակաշրջանի ամենամեծ բրիտանացի գործիչը, արդյունքն այսպիսին է եղել. առաջին տեղում՝ Ուինսթոն Չերչիլը, երկրորդ տեղում՝ Մարգրետ Թետչերը։
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Դե, քանզի Չերչիլին հիշատակեցինք, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ նաև նրա տարօրինակ վարչապետական ճակատագրին։
2002 թվականին ԲիԲիՍի հեռուստառադիոկայանի անցկացրած հարցման արդյունքներով Ուինսթոն Չերչիլը ճանաչվել է ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանի, այլև Մեծ Բրիտանիայի պատմության ողջ ընթացքում ամենահզոր գործիչը։ Համաձայնե′ք, արդարացի է, մարդը պաշտոնավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը հաղթական ավարտ ունեցավ։ Եվ ինչ, 1945 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո անցկացված ընտրություններում նրա Պահպանողական կուսակցությունը անսպասելիորեն պարտություն կրեց։ Տարբեր պատճառներ են նշում վերլուծաբանները, այդ թվում, որքան էլ զարմանալի է՝ այն հանգամանքը, որ Չերչիլը, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք ոսկե սարեր են խոստանում ընտրողներին, բավական անկեղծ էր մարդկանց հետ։
Միայն մի հայտնի օրինակ բերեմ։ 1940 թվականին դառնալով վարչապետ, նա իր առաջին ելույթում ասաց. «Ես բրիտանացիներին այլ բան չունեմ առաջարկելու, բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից ու քրտինքից»։ Սա սկզբունքային դիրքորոշում էր, քանզի բրիտանացի որոշ գործիչներ, մասնավորապես արտգործնախարար լորդ Հալիֆաքսը հակված էին լեզու գտնել Ադոլֆ Հիտլերի հետ։ Ուինսթոն Չերչիլը շատ ծանր տարավ ընտրություններում իր պարտությունը, ու երբ թագավորը նրան պատվո շքանշան էր հանձնում, Ուինսթոնն ասաց. «Ընտրողներն արդեն շնորհել են ինձ կոշիկի շքանշանը»։ Նկատի ուներ՝ ոտքով խփել ու դուրս են շպրտել վարչապետի աթոռից։
Արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն մեկ դեպքում. ինչի՞ է սպասում իշխանությունը
Միգուցե հենց մարդկանց երեսին ճշմարտությունն ասելու սովորությունը նպաստեց Չերչիլի պարտությանը։։ Չէ՞ որ, ըստ որոշ մասնագետների, ընտրողն այնքան էլ չի սիրում, երբ իրեն ասում են ճշմարտությունը ու ավելի շատ անձնական նախասիրություններով է ղեկավարվում, ընդ որում, եթե կարծում եք, թե ինտիլիգենտ մարդկանց դա չի վերաբերում, չարաչար սխալվում եք։
Դեյվիդ Փերկինսը՝ Հարվարդի համալսարանից, փաստում է. «Ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ եթե ինտիլիգենտ ընտրողին դուր է գալիս այսինչ թեկնածուն, այդ ընտրողը իր ողջ մտավոր կարողությունները կօգտագործի իր սիրելի թեկնածուի ակնհայտ սուտը հիմնավորելու և արդարացնելու համար»։ Համաձայնե′ք, սա մենք ամեն քայլափոխի ենք տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



