Մոսկվա

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

325
(Թարմացված է 23:26 09.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Վլադիմիր Լենին. «մահափորձեր» մահվանից հետո

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։

325
թեգերը:
ԽՍՀՄ, Մոսկվա, դամբարան, մահափորձ, Վլադիմիր Իլյիչ Լենին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (351)
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՋոԲայդենը. արխիվային լուսանկար

C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից

126
(Թարմացված է 23:50 13.04.2021)
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին, քիչ ժամանակ է մնացել։ Եվ որքան մոտենում է ողբերգության 106-րդ տարելիցը, այնքան ավելի է ակտիվանում այն բանավեճը, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը։

Մեր սյունակագիրը նկատել է մի շարք անուղղակի ազդակներ, որոնք վկայում են, որ Ջոզեֆ Բայդենը պատրաստ է իրերն իրենց անուններով կոչելուն։

Ապրիլի 12–ին ամերիկյան հեղինակավոր «National Interest» պարբերականը հրապարակել է հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինի հոդվածը, որը կոչվում է «Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Չնայած վերնագիրը շատ բանի մասին է խոսում, հրապարակումն ավելի շատ նվիրված է այն խոչընդոտներին, որոնք խանգարում են Սպիտակ տանը համարժեք քաղաքական և իրավական գնահատական տալ երիտթուրքերի հանցագործություններին։

«Շատերը Բայդենի վարչակազմում, Պետդեպարտամենտում ու Պենտագոնում կարող են գտնել դրդապատճառներ, որոնք թույլ են տալիս հետ կանգնել Ցեղասպանության ճանաչման խոստումից կամ պարտադրում են «ցեղասպանություն» բառին այլ՝ բարոյական, հոմանիշ ընտրել։ Պետդեպարտամենտում դեռ կա ուժեղ թուրքական լոբբի, որը պատրաստ է պաշտպանել Անկարայի շահերը։ Իսկ Պենտագոնում կարող են մտածել, որ Էրդողանի հետ առճակատման սրումը կստիպի նրան ռազմական ագրեսիա նախաձեռնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Արդեն կան նշաններ, որ Բայդենն ու Բլինկենը տատանվում են», - գրում է Մայք Ռուբինը։

Այնուամենայնիվ, հեղինակը հակված է հավատալու, որ նախագահ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ դա «միաժամանակ և՛ ճիշտ, և՛ իմաստուն» քայլ կլինի: Սպիտակ տուն մտնող և օվալաձև աշխատասենյակում գտնվող մարդիկ ավելի ու ավելի հաճախ են իրենց թույլ տալիս ակնարկել, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենը դրական է տրամադրված։ Վերջին նման ազդանշանը նախագահի վարչակազմի մամուլի ծառայության մեկնաբանությունն է, որը տարածվել է Աթենքում լույս տեսնող Kathimerini թերթի խնդրանքով:

Մարտի 20-ին հունական պարբերականի լրագրողը գրավոր հարց է ուղղել Ջեն Պսակիի գրասենյակ՝ խնդրելով պարզաբանել նախագահ Բայդենի վերաբերմունքը սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնության նկատմամբ։ Մենենդեսը գործընկերներին կոչ է արել միանալ Ցեղասպանության ճանաչման պահանջին: Չնայած Պսակին խուսափել է ուղիղ պատասխանից ու 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չի անվանել, նրա մեկնաբանության շեշտադրումները հուսադրող էին։ Նա հասկացրել է, որ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ հրաժարվել իր խոստումից, որը տվել էր դեռևս որպես նախագահի թեկնածու։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա ապրիլի 24-ին՝ ընտրարշավի թեժ պահին, Բայդենը Twitter-ի իր էջում գրել էր.

«Ընտրվելու դեպքում պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու մարդկանց համընդհանուր իրավունքները դարձնել գլխավոր առաջնահերթություն»։

Ավելի հստակ չես ասի` «ես պարտավորվում եմ...»։ Այստեղ խուսափելու տեղ չի մնում։ Կարևոր է, որ նախագահի թիմի անդամները չեն խուսափում հիշատակումներից, որ Բայդենն իր հայ ընտրողներին միանգամայն կոնկրետ խոստում է տվել։ Խորհրդարանական լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հիշեցել է այն մասին, որ նախագահը կարողանում է իր խոսքի տերը լինել։ Ի պատասխան 1915-ի իրադարձություններին գնահատական տալու` սենատորների խնդրանքին, նա հիշեցրել է, որ Ջոզեֆ Բայդենը, լինելով նախագահի թեկնածու, շատ հստակ է արտահայտվել այդ մասին:

Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը

Բայդենի հակառակորդները լավ փաստարկ ունեն։ Նրանք նշում են, որ նախագահն արդեն մեկ անգամ հիասթափեցրել է իր հայ ընտրողներին։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնում ժամանակին նա պաշտպանել է հերթական «հայկական բանաձևը» և խոստացել, որ հասնելու է Ցեղասպանության ճանաչմանը: Բայց հենց ընտրվել է փոխնախագահ, դադարել է այս հարցում որևէ նախաձեռնություն անելուց։ Սակայն դրանք այլ ժամանակներ էին։ Բացի այդ, Բայդենը աշխատակազմի միայն երկրորդ մարդն էր, և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշում էր ոչ թե ինքը, այլ նախագահ Բարաք Օբաման: Ի դեպ, Օբաման նույնպես ժամանակին խոստացել էր, որ կճանաչի Ցեղասպանությունը։ Նա իր խոսքի տերը չեղավ։

Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության մասին ավելի հաճախ է գրում ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական մամուլը։ Վերջերս այս թեմային ուշադրություն դարձրեց Newsweek ամսագիրը։ Անկարայում լույս տեսնող Ahval թերթը մեկ ամիս առաջ սյունակ է հատկացրել հայտնի քաղաքական վերլուծաբան Իլհան Թանիրին, որը հայրենակիցներին կոչ է արել համակերպվել այն բանի հետ, որ «Բայդենն, այնուամենայնիվ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Քաղաքագետ, քաղաքական խորհրդատվության ոլորտում մասնագիտացած Eurasia Group ընկերության առաջատար փորձագետ Յան Բրեմերը նույնպես վերջերս հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի կարծելու, որ նախագահ Բայդենը կկատարի խոստումը: Նրա խոսքով՝ ուղերձը, որը նախագահը կանի ապրիլի 24-ին, «Էրդողանին զայրացնելու է, բայց Սպիտակ տանը պատրաստ են դրան»: Բրեմերը հղում է անում վարչակազմի ոմն ներկայացուցչի, որը հավաստիացրել է, որ «Բայդենն իր խոսքի տեր մարդ է» ու որ «ամենայն հավանականությամբ, նա շուտով կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կանվանի»:

Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո

Այստեղ արժե մի բան հստակեցնել` եթե ապրիլի 24-ին Ջո Բայդենն ի վերջո արտասանի երկար սպասված բառը, նա իրականում չի դառնա այն առաջին ամերիկյան առաջնորդը, որն արել է դա։ Բանն այն է, որ 1982-ին ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդեն 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն է անվանել։ Դա տեղի է ունեցել մեր հայրենակից Քեն Խաչիկյանի մասնակցությամբ։ Խաչիկյանն այն ժամանակ զբաղեցնում էր Սպիտակ տան գլխավոր սփիչրայթերի պաշտոնը։

Մի քանի տարի առաջ հնարավորություն ունեցա առանձնազրույց ունենալ Խաչիկյանի հետ, ու նա հաստատեց, որ նախագահական ելույթում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության հիշատակումն իսկապես իր անձնական նախաձեռնությունն էր։ Բայց սփիչրայթերի նախաձեռնությունը պատշաճ կերպով համաձայնեցվել է նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի և պետքարտուղարի տեղակալի հետ։ Վարչակազմի արտաքին քաղաքականության պատասխանատուներն այն ժամանակ հավանություն են տվել 1915-ի դեպքերի նկարագրության համատեքստում «ցեղասպանություն» բառի օգտագործմանը։ Չնայած դրան՝ ընդունված է համարել, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Այնպես որ, Ջոզեֆ Բայդենը հնարավորություն ունի մտնելու պատմության մեջ որպես առաջին նախագահ, որը կանի դա։

Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Սպիտակ տունը երբեք այդքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչելու որոշմանը։ Դրան նպաստելու են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ հանգամանքներ։ Նախ նշենք, որ նման որոշումը լիովին կհամապատասխանի օրենսդիրների մոտեցումներին։ 2019-ի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը, իսկ հետո նույն տարվա դեկտեմբերին Սենատը, պաշտոնապես որպես ցեղասպանություն են ճանաչել երիտթուրքական ռեժիմի հանցագործությունները։

Երկու կուսակցություններից ավելի քան 100 կոնգրեսականներ ու 38 սենատորներ վերջերս դիմել են նախագահին՝ կոչ անելով հետևել օրենսդիրների օրինակին ու 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Հարկ է ընդգծել, որ այդ դիմումի տակ ստորագրել են նախագահի նախկին թեկնածուներ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Միթ Ռոմնին, Մարկո Ռուբիոն։ Նրանք Կապիտոլիումի ամենաազդեցիկ մարդիկ են։

Սենատորների ու կոնգրեսականների կոչին միացել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը ղեկավարում է ԱՄՆ-ի՝ մեծությամբ և նշանակությամբ երկրորդ մեգապոլիսը: Մնում է ավելացնել, որ գործող վարչակազմի երկրորդ մարդը՝ փոխնախագահ Կամալա Հարիսը, 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակն էր ու ընտրարշավի ընթացքում ևս այդ թեմայով ոչ երկիմաստ խոստում է տվել:

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը

Օբաման խոստացավ ու չարեց։ Թրամփը չխոստացավ ու չարեց։ Ռեյգանը չխոստացավ, բայց արեց։ Բայդենը խոստացավ, բայց կանի՞։ Եթե նախագահը ճանաչի Ցեղասպանությունը, ապա ոչ թե այն պատճառով, որ հավատարիմ է իր խոստմանը, ոչ թե հայերին շատ սիրելուց, այլ միայն այն պատճառով, Ամերիկայի շահերն են դա պահանջում։ Ստեղծվող քաղաքական կոնյունկտուրան իսկապես նպաստում է Ցեղասպանության ճանաչմանը։ Թուրքերի կողմից ռուսական C-400 համալիրների գնման պատճառով Անկարայի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը շարունակում է սրվել։ Հարաբերություններն աննախադեպ սառն են։ Բայդենի հետ երկխոսություն հաստատելու` Էրդողանի փորձերն ապարդյուն են անցնում։

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թուրք դիվանագետները երեք անգամ երկու նախագահների միջև հեռախոսազրույց անցկացնելու նախաձեռնություն են ցուցաբերել, սակայն անարդյունք։ Թուրքիան այն սակավաթիվ տարածաշրջանային տերություններից է, որի առաջնորդի հետ Բայդենն իր նախագահության օրոք ոչ մի ուղիղ շփում չի ունեցել։ Սպիտակ տանը ուղիներ են փնտրում` պատժելու ՆԱՏՕ-ի գործընկերոջը զենքի մատակարարների ընտրության հարցում «անհետևողական» լինելու համար: Ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ Վաշինգտոնի ցավոտ պատասխանն այն բանին, որ Անկարան չցանկացավ հրաժարվել ռուսական հրթիռային համալիրներից։

Ցեղասպանության ճանաչմանը նպաստող մեկ այլ գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի կտրուկ աճող քաղաքական ներկայությունը փոխհատուցելու ձգտումը։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը Ռուսաստանին թույլ տվեց տարածաշրջանում գործընթացների վրա ազդելու շատ գործուն մեխանիզմներ ստանալ։ Դրան հակազդելու համար Վաշինգտոնին պետք են ոչ ստանդարտ քայլեր, որոնք կարող են առաջին հերթին առաջացնել հայկական կողմի համակրանքը։

Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

Հայաստանն առավելապես դժգոհ է Ռուսաստանի արձանագրած պատերազմի արդյունքներից։ Եվ այստեղ ցեղասպանության թեման նույնպես կարող է օգտակար լինել։ Ինչևէ, Երևանում անկեղծորեն հույս ունեն, որ Միացյալ Նահանգները շուտով կդառնա թվով 22-րդ պետությունը, որը պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։ Նման հույս փայփայելու համար հիմքեր կան։

126
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, ԱՄՆ, Ջո Բայդեն
Արխիվային լուսանկար

Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը

89
(Թարմացված է 21:29 13.04.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ այսօր վերջապես սկսվել է բնակչության պատվաստումը Երևանում, հարկ է արձանագրել, որ չափազանց դժվար է համեմատել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը աշխարհի տարբեր երկրներում։
Համավարակի առանձնահատկությունները Հարավային Ամերիկայում՝ հրաժարվե′ք Թայվանը ճանաչելուց և պատվաստանյութ կստանաք

Դժվար է պնդել՝ Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում շատ ավելի ապաշնորհ են կամ ընդհակառակը՝ ավելի սրտացավ են , քան, ասենք, Նոր Զելանդիայի կառավարությունը։ Որովհետև վերջնական եզրակացության վրա ազդող բազմաթիվ գործոններ կան՝ սկսած բավարար ֆինանսական միջոցների առկայությունից մինչև տվյալ երկրի քաղաքացիների տարրական պարտաճանաչությունը և կարգապահությունը. ախր հենց երեկ մտել եմ դեղատուն՝ դիմակ գնելու, սիրունիկ վաճառողուհին՝ առանց դիմակի։ Ի՞նչ ասես։

​Իհարկե, նույնիսկ տարվա եղանակները պետք է հաշվի առնենք, չնայած էս դեպքում էլ անհասկանալի պահեր կան։ Մեզ մոտ ամառային արձակուրդային սեզոնը, որը միշտ նպաստում է հիվանդացության ցուցանիշների վատթարացմանը, դեռ չի էլ սկսվել, բայց վիճակը արդեն քանի շաբաթ է, ինչ լարված է՝ ամեն օր հազարից ավելի մարդ է վարակվում։ Իսկ Ավստրալիայում, ինչպես ամբողջ հարավային կիսագնդում, ամառն ավարտվել է, մինչդեռ իրավիճակի փոփոխությունը նվազագույն է։ 

Բայց տարբեր երկրների միջև զուգահեռներ անցկացնելու հետ կապված ամենամեծ բարդությունը գիտե՞ք որն է։ Չես հասցնում փաստել, որ այսինչ պետությունը կորոնավիրուսի պայքարի բնագավառում աննախադեպ հաջողություններ է գրանցել, երբ կարդում ես մի լուր, որը վկայում է ճիշտ հակառակի մասին՝ այդ ամենը մի քանի շաբաթ առաջ էր, հիմա իրավիճակը աննախադեպ վատ է։ Չիլին՝ ձեզ օրինակ։

​Պարզապես լսեք, թե ինչ է գրում «Լը Մոնդ» ֆրանսիական թերթը Չիլիի մասին։ «Մի քանի շաբաթ շարունակ Չիլին միայն գովասանքի էր արժանանում։ Լատինական Ամերիկայի առաջին պետությունն է, որտեղ մեծ հաջողությամբ զանգվածային պատվաստում է իրականացվել, աշխարհում երրորդն է Իսրայելից և Բրիտանիայից հետո։ «Սա հերոսություն է». հպարտորեն հայտարարում էր առողջապահության նախարարը, երկրի նախագահ Սեբաստյան Պինյերան երկրորդում էր. «Զանգվածային պատվաստումը հույս է տալիս, որ շատ շուտով մենք կվերադառնանք բնականոն կյանքին ու կգրկախառնվենք մեր հարազատների հետ»։

​Այժմ սակայն, Չիլին հակառեկորդներ է սահմանում։ Ապրիլի 8-ին հիվանդների թիվը մեկ օրում աճել է մոտ 8200-ով, զբաղված է հիվանդանոցային մահճակալների ավելի քան 95 տոկոսը։ Նման բան Չիլիում մեկ էլ եղել էր անցած տարվա մղձավանջային աշնանը։ «Լը Մոնդը» փաստում է՝ կորոնավիրուսային իրավիճակը Չիլիում դուրս է եկել վերահսկողությունից, և վարակը տարածվում է ավելի արագ, քան անցած տարվա ամռանը։

Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»

«Սրան նպաստեցին նաև երկրի ղեկավարության չափից ավելի ինքնավստահ հայտարարությունները», -կարծիք է հայտնում ֆրանսիական թերթի թղթակիցը։ Եվ այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե Չիլին հաջողությունների չի հասել։ Առավել ևս չի կարելի պնդել, թե երկրի ղեկավարությունը խիստ միջոցներ չի ձեռնարկում։ Միայն մի օրինակ բերեմ։ Եթե հիմա ձեզ հարցնեմ՝ շաբաթական քանի՞ օր կարող եք դուրս գալ տնից, երևի ինձ կնայեք զարմանքից կլորացած աչքերով. «Երբ ուզեմ՝ դուրս կգամ, նույնիսկ ֆուտբոլի էլ կգնամ»։ Դե իմացե՛ք, Չիլիում ուիքենդին, այսինքն` շաբաթ ու կիրակի օրերին, ընդհանրապես պարտավոր եք տանը նստել, իսկ ողջ շաբաթվա ընթացքում իրավունք ունեք փողոց դուրս գալ ընդամենը երկու անգամ։ Ու՝ վերջ։

​Բոլոր դեպքերում, իրավիճակը Չիլիում անհամեմատ ավելի բարեհաջող է, քան տարածաշրջանի շատ ու շատ երկրներում։ Թեկուզ այն պատճառով, որ Չիլիի իշխանությունները դեռ վաղուց շատ արագ սկսեցին տարբեր պատվաստանյութեր գնել ամեն տեղից, որտեղ դրանք արտադրվում էին, ու հիմա այնքան շատ պատվաստանյութ են կուտակել՝ 30 միլիոն սրվակ, որ մի մասը պարզապես նվիրել են այլ երկրների։ Այդ երկրներից մեկը Պարագվայն է, որտեղ պատվաստանյութերի պակասը քաղաքական հետևանքների է հանգեցրել՝ ընդդիմությունը փորձել է պաշտոնազրկել նախագահին, բայց չի ստացվել ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ընդդիմությունը գոնե առայժմ չի կարողանում հեռացնել վարչապետին։

​Բայց Պարագվայի դեպքում մեկ այլ՝ ուրույն հանգամանք կա։ Իշխանությունները փորձել են մեծ քանակությամբ պատվաստանյութ ձեռք բերել Չինաստանից։ Սակայն Պեկինն ասել է. «Դուք ողջ Ամերիկայում միակ երկիրն եք, որը ճանաչում է Թայվանը որպես ինքնիշխան պետություն։ Մենք Թայվանին չենք ճանաչում, ու շատ լավ իմանալով դա, դուք մեզնից պատվաստանյութ եք խնդրում»։

Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին

 Չեմ կարող ասել՝ համապատասխանո՞ւմ է արդյոք այս ամենը իրականությանը, որովհետեւ Պարագվայի պաշտոնյաներն են շրջանառության մեջ դրել այս վարկածը, այնինչ Չինաստանը կտրականապես հերքում է։ Բայց համաձայնեք՝ իրոք անսովոր տարբերակ է. պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց։ Նման բան, որքան հիշում եմ, մարդկության պատմության ընթացքում դեռ երբեք չէր եղել։

89
թեգերը:
Չինաստան, պատվաստանյութ, Լատինական Ամերիկա, կորոնավիրուս
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (351)
Ըստ թեմայի
«Երեխա չունեցա, բայց այստեղ հանգչող զինվորներն իմ որդիներն են». Արշալույս Խանջյան
Ի՞նչն է ստիպում մարդուն հրապարակայնորեն կարծիք հայտնել, կամ ամենամեծ վտանգի աղբյուրը
Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին
Գագիկ Մակարյան

Նոնսենս է. կարո՞ղ էր արդյոք հետպատերազմական շրջանում նվազել գործազուրկների թիվը

0
(Թարմացված է 00:02 14.04.2021)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի վերջին եռամսյակում   աշխատաշուկայում գործազրկության նվազման ցուցանիշներին, որոնք օրերս հրապարակել է ԱՎԾ-ն։ 
«Գործազրկության թվի նվազման ցուցանիշը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը». Մակարյան

Տնտեսական ճգնաժամի և հետպատերազմական շրջանում  2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության թվի աննախադեպ նվազումը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ԱՎԾ հրապարակած վիճակագրական տվյալները։

Վիճակագրության համաձայն` աշխատաշուկայում գործազրկության 2020 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշների համաձայն` 2020թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության ցուցանիշը կազմել է 227.000 մարդ, իսկ չորրորդ եռամսյակում` 185.000 մարդ։  

Դա նշանակում է, որ 2020-ի վերջին 3 ամիսներին Հայաստանում գործազրկության թիվը կրճատվել է 42.000-ով, ինչը համավարակի և պատերազմի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված տնտեսության դեպքում նոնսենս է։ 

Մակարյանն այս ամենը բացատրում է մի քանի գործոնով` պատերազմում զոհված կամ լուրջ վիրավորում ստացած քաղաքացիներին, որոնք ունեցել են այս կամ այն աշխատանքը, գործատուները փոխարինել են նոր մարդկանց աշխատանքի ընդունելով։ Քիչ թիվ չեն կազմում նաև համավարակի հետևանքով մահացածները։

«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է

«Կորոնավիրուսի պատճառով մահացածների մի մասը կարիքավոր են, բայց այդ մոտ 4500 մահացածների մեջ եղել են նաև աշխատող քաղաքացիներ, որոնց աշխատաշուկայում նոր կադրերով են փոխարինել»,- նշեց Մակարյանը։

Գործազրկության ցուցանիշի նման անկումը կարող է պայմանավորված լինել նաև երկրում ստեղծված սոցիալ-հոգեբանական պատճառներով, երբ մարդիկ կամ տրամադրություն չեն ունեցել պատասխանել հարցումներին, կամ այնքան էլ ճիշտ չեն պատասխանել դրանց։ 

Բացի այդ, ըստ աշխատաշուկայի միջազգային մեթոդաբանության` եթե քաղաքացին հարցումն իրականացնելու պահին վերջին երկու շաբաթներին աշխատանք չի փնտրել, ապա նա գործազուրկ չի համարվում։

Նշենք, որ օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակած տեղեկությունների համաձայն` 2020 թվականի վերջին եռամսյակում գործազրկության ցուցանիշը զգալի նվազել է` հասնելով 16 տոկոսի,  այն դեպքում, երբ 2019-ին` աճող տնտեսության պարագայում, ունեցել ենք 17.1 տոկոսանոց ցուցանիշ։   

Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք

0
թեգերը:
աշխատանք, Հայաստան, Գործազրկություն, Գագիկ Մակարյան
Ըստ թեմայի
Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում