Ալիկ Ավդալյանի նախնիների տունը Մուշում

Մուշ-Անապա-Մուշ․ Ավդալի գերդաստանի ոդիսականը

1176
(Թարմացված է 09:11 06.07.2020)
Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Արևմտյան Հայաստանում հերթական դաշտային աշխատանքի ու ֆիլմի նկարահանումների ժամանակ Մուշի հայերի հետ այցելեցի տեղի այն գյուղերը, որոնցում առավել շատ են պահպանվել հայկական պատմամշակութային հուշարձաններն ու ազգային ինքնությանը տեր կանգնող հայերը։ Մուշից մի քանի կիլոմետր հեռու Քրդագոմ գյուղն է։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Անվանումից պարզ է դառնում, որ նախկինում ևս այն հիմնականում քրդերով է բնակեցված եղել։ Այսօր նույն վիճակն է։ Տեղացի տարեց քրդերից մեկը ներկայացնում է գյուղի պատմությունը.

-Սա Ավդալ աղայի գյուղն է եղել։
-Ո՞վ է Ավդալ աղան,- հարցնում եմ։

Հարցուփորձը վերածվում է մի մեծ ու ողբերգական պատմության սկզբի։ Քուրդը պատմում է ինչպես Ավդալ աղայի, այնպես էլ նրա թողած ժառանգության մասին։  

Курд села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի քուրդ բնակիչ

«Մեծ մարդ էր Ավդալ աղան։ Հարուստ մարդ էր, բայց բարի մարդ էր»,-նշում է քուրդ գյուղացին։

Մեզ ուղեկցող մշեցի հայ Արմեն Գալուստյանից հետաքրքրվում եմ, թե ով է եղել Ավդալը, որ այդպիսի հետք է թողել քրդերի հիշողության մեջ։ Մուշում ապրող և հայկականությունը ամուր պահող մեր հայրենակիցը ցավով է պատմում, որ 1915-ի կոտորածի ժամանակ Ավդալը սպանվել է դաժանաբար, սպանվել հենց այն մարդկանց կողմից, որոնց ինքը տարիներ շարունակ օգնել է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հարյուրավոր հայերի լցրել են Ավդալի կառուցած ցորենի ամբարները և այրել դրանք։ Մի քուրդ երեխայի օգնությամբ, սակայն, փրկվել են Ավդալի որդին ու թոռը։ Ամիսներ անց սովի ու տառապանքի ճանապարհին մահացել է նաև որդին՝ 12-ամյա երեխային թողնելով բախտի քմահաճույքին։

Армянин из Муша Армен Галустян в селе Крдагом
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Մշեցի հայ Արմեն Գալուստյան

Քրդագոմի՝ մեզ արդեն ծանոթ քուրդը շարունակում է պատմությունը՝ նշելով, որ մի քանի տարի առաջ իրենց են այցելել Ավդալի հետնորդները՝ Ցեղասպանությունից հրաշքով փրկված 12-ամյա թոռան՝ Տիգրան Ավդալյանի զավակները։ Այսօր նրանք ապրում են Ռուսաստանում և ոչ միայն չեն մոռացել իրենց ազգային արմատները, այլև վերադարձել ու գտել են իրենց բնօրրանը։

Алик Авдалян с Арменом из Муша у родового дома
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյանն ու Արմեն Գալուստյանը

Մշեցի Արմենի օգնությամբ կարողանում եմ կապ հաստատել Ավդալի՝ Ռուսաստանում բնակվող հետնորդների հետ։ Երկու եղբայր, որոնք իրենց կյանքը նվիրել են հայկական ինքնության խնդիրների բարձրաձայնմանը և ազգային արժեքների պահպանմանը։ 12 տարեկանում Ցեղասպանության արհավիրքի միջով անցած նրանց հայրը բոլոր մանրամասնություններով նկարագրել է այն դաշտերը, լեռներն ու շինությունները, որոնք շրջապատել են իրեն Մուշում։

Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում

Որդիները հիմա պարբերաբար այցելում են Մուշ, իրենց աչքերով տեսնում այդ դաշտերը, լեռներն ու կիսավեր շինությունները՝ հագեցնելով Ավդալին միացած իրենց հոր կարոտը։

Алик и Петрос Авдаляны
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ և Պետրոս Ավդալյանները

«300-ից մեկը մնաց, ու դա, երևի, մերանի համար մնաց, Մշո մերանի համար, իսկ Մշո մերանը շատ ձիգ մերան է»,-հուզմունքով ասում է Ալիկ Ավդալյանը՝ Տիգրանի ավագ որդին։

Алик Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Ալիկ Ավդալյան

Եղբոր խոսքը շարունակում է Պետրոսը՝ անդրադառնալով Մուշի հայերի հետ իրենց կապերին։ Նրա խոսքով` Քրդագոմում և Մուշի մյուս բնակավայրերում իրենք հանդիպել են բազմաթիվ հայերի, խոսել ինչպես իրենց նախապապի մասին պահպանված հուշերի, այնպես էլ յուրաքանչյուրի անցած ճանապարհի, այսօրվա կենսակերպի մասին։

Петрос Авдалян
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Պետրոս Ավդալյան

Նրանք նշում են, որ եթե Արևմտյան Հայաստանում ապրող էթնիկ հայերն այսօր չեն թաքցնում իրենց ծագումն ու անկաշկանդ խոսում են այդ մասին, ապա սփյուռքում մեծ արագությամբ ձուլում է ընթանում։ Պետրոս Ավդալյանն առաջարկում է օրինակ վերցնել Մուշի, Դիարբեքիրի, Սասունի և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի հայերից։

Армяне села Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղի հայ բնակիչներ

«Ես պատկերացնում եմ, որ ամեն մի հայ պետք է մտածի բոլորիս ապագայի մասին, որ մենք մեր ազգությունը չկորցնենք։ Ես ցանկանում եմ, ձգտում եմ, որ մեր գերդաստանն էլ չվերջանա մեզանով, մեր երկու եղբայրներով»,–ասում է Պետրոսը։

Село Крдагом в Муше
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քրդագոմ գյուղը

Մուշում ապրող հայերի թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե 2011թ.-ին Մուշում ու շրջակա գյուղերում պաշտոնապես հայ ներկայացող բնակիչների թիվը չէր անցնում 2000-ը, ապա այսօր նրանք ավելի քան 29․000 են։

Մշեցի Արմեն Գալուստյանն այդ բազմաթիվ հայերից մեկն է։ Նրա կյանքի ոդիսականի մասին, սակայն, կպատմեմ հաջորդ ակնարկներում։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

1176
թեգերը:
քուրդ, Նաիրի Հոխիկյան, Արևմտյան Հայաստան, հայեր, հայ, Մուշ
թեմա:
Զարթիր, լաո (19)
Ըստ թեմայի
«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները
Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Երևան, 1960-ականներ

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

230
(Թարմացված է 09:08 07.05.2021)
Ինչպե՞ս էին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում ԽՍՀՄ-ի տարիներին։ Եվ ինչու պայքար, ըստ էության, չկար և հիմա էլ չկա, իսկ կոռուպցիան կար և հիմա էլ կա։

Ինչպես էլ դասավորվի հետընտրական պասյանսը, ով էլ իշխանության գա Հայաստանում, անպայման հիշեցնելու է այդ չարիքի մասին։

Խորհրդային Հայաստանի 16 առաջին դեմքերից 10-ն են եղել իմ կյանքի ընթացքում (հետխորհրդայիններից՝ չորսը), բայց եթե Գրիգորի Հարությունովի ժամանակ (1937-1953թթ․) ես դեռ դպրոց էի գնում, ապա Սուրեն Թովմասյանի ժամանակ (1953-1960թթ,) արդեն ուսանող էի և սկսել էի պատկերացնել, թե Հայաստանում ինչն ինչից հետո է, ինչու մշտապես կոռուպցիայի դեմ պայքար կար։

Ութսունականներից առաջ դա կոչվում էր «պայքար սոցիալիստական ունեցվածքը թալանողների դեմ», բայց հարցը ունեցվածքի տեսակը չէր, այլ մի բան թռցնելու ցանկությունը։ Միշտ էլ տարել են, հարցը մասշտաբներն են։

Սուրեն Թովմասյանի և Յակով Զարոբյանի օրոք ավելի քիչ էին գողանում ոչ միայն այն պատճառով, որ դեռ հետստալինյան ժամանակներ էին, և օրենքներն ավելի խիստ էին, այլ որովհետև Հայաստանն ավելի աղքատ էր, կենսակերպը պուրիտանականի էր նման, բարոյական արժեքները նյութական արժեքներից բարձր էին։

Պատերազմից հետո, ինչպես ասում են, յուղի մեջ լող տալու ժամանակը չէ, ողջ ես՝ արդեն լավ է, իսկ լավ ապրելը, երբ շուրջբոլորը աղքատություն է, ավերածություններ ու սով, կարելի է ասել՝ անպարկեշտ է։ Հիշում եմ, որ դպրոց էինք գնում հայրիկների կոշիկներով, և դա ոչ մեկին չէր զարմացնում։ Հարցեր էին առաջանում, եթե լավ էիր հագնվում։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Անտոն Քոչինյանը Հայաստանի առաջին դեմքը դարձավ 1966թ․-ին, երբ շինարարությունն ու զանազան բարձր տեխնոլոգիական (այն ժամանակների համար) արտադրությունները սկսեցին ամբողջ ուժով ընդլայնվել, և ի հայտ եկան մեր տնտեսական, գիտական և մշակութային հզորության առաջին նշանները։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ազնիվ ապրել չի ուզում»,-երգում էինք այդ տարիներին՝ զարմանքով նկատելով, որ այդպիսիք, պարզվում է, ամենևին էլ քիչ չէին։ Բայց հույս էր ներշնչում միլիցիային նվիրված հանրահայտ երգի հաջորդ տողը․ «Ուրեմն մենք նրանց դեմ անտեսանելի կռիվ ենք մղելու»։ Հետո հայտնվեցին առաջին «ցեխավիկները»՝ մեծ փողերով, բայց առաջին հերթին՝ կուսակցական-կառավարական շրջանակներում ունեցած կապերով, ու սկսվե՜ց․․․

Կարեն Դեմիրճանը հերթապահության անցավ 1974թ․-ին, երբ ժողովուրդը սկսեց Անտոն Երվանդովիչին անվանել Անտոն Բրիլյանտովիչ, բայց այդքանով հանդերձ Քոչինյանն իրենից հետո ծաղկուն երկիր թողեց, և Երևանում կանգնեցված նրա արձանը միանգամայն տեղին է։

Ինչի՞ց սկսեց Դեմիրճյանը, երբ զբաղեցրեց Հայաստանի գլխավոր մենեջերի աթոռը։ Ճիշտ է, սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ։ Դա միշտ էլ ականջ է շոյում, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել կատարել խոստումը։ Այնուամենայնիվ, Դեմիրճյանի ժամանակ հարցը շարունակում էր օրակարգում մնալ, բայց գլխավոր ջանքերն ամեն դեպքում տնտեսության զարգացմանն էին ուղղված։

Կոռուպցիայի դեմ պայքարը ամենից լավ ստացվեց Կենտկոմի վերջին առաջին քատուղար Սուրեն Հարությունյանի մոտ․ Սպիտակի երկրաշարժ, «Ղարաբաղ» շարժում, ԽՍՀՄ-ի փլուզում․․․ կոռուպցիայի ժամանակը չէր, թեև այն ոչ մի տեղ էլ չէր անհետացել։

Ամփոփեմ իմ աչքի առաջ տեղի ունեցած հակակոռուպցիոն արշավները։ Աղմուկը շատ էր, օգուտը՝ քիչ։ Երկու աղմկահարույց գործ եղավ, որոնք, ներկայիս չափորոշիչներով, մի հոտած ձու չարժեին։ Կենտկոմի քարտուղար Մհեր Մելքոնյանը Երևանում կայացած միջազգային ցուցահանդեսում գնել էր բոլոր երևանցիների երկնագույն երազանքը՝ ֆիննական «Ռոզենլև» սառնարանը (ցուցանմուշները հետ չէին տանում, այլ, որպես կանոն, տեղում վաճառում էին)։ Սառնարանը դռնից չէր մտել, վերամբարձ կռունկով բարձրացրել էին, որ պատուհանից մտցնեն, ով պետք է՝ տեսել էր, լուսանկարել, ուղարկել Մոսկվա։ Մելքոնյանին աշխատանքից հանեցին։

Իշխանափոխության փորձ Խորհրդային Հայաստանում. հեղաշրջումը կարո՞ղ է վերացնել կոռուպցիան

Երևանի «Բաքվի 26 կոմիսարների» շրջանի առաջին քարտուղար Միխայիլ Մինասյանը բնակարան էր ստացել Սայաթ-Նովա փողոցում, մի թեթև ձևափոխել էր ու բնակտարածքն ավելացրել լրացուցիչ տարածքի հաշվին։

Մինասյանին ազատեցին պաշտոնից։ Այսօրվա պատկերացումնեով՝ դատարկ բան է, եփավ հավի ծիծաղը կգա, ի՞նչ կոռուպցիա, գրողը տանի․․․ այնուամենայնիվ, գրանցեցին որպես ծառայողական դիրքի չարաշահում, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի բաղկացուցիչ է համարվում։

Միևնույն ժամանակ, եթե նույն «Ռոզենլևը» գներ կամ հյուրասենյակը միջանցքի հաշվին (կամ էլ հակառակը) մեծացներ Երևանի «Հայէլեկտրոմաշի» խառատը, ոչ մի խնդիր չէր լինի։ Մոտեցումն այսպիսին է՝ այն, ինչ կարելի է հասարակ մահկանացուներին, պաշտոնյային չի կարելի։ Համաձայնեք՝ ինչ-որ տրամաբանություն կա։

Եկան հետխորհրդային ժամանակները։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հայաստանն ավերածությունների մեջ է, շրջափակում, սով, հացը՝ կտրոնով, մութ։ Նոր իշխանությունը նախկին իշխանություններին գող ու ավազակ անվանեց, ինչի պատճառով «թալանի՛ր թալանվածը» վիճակում ինչ-որ ռոբինհուդյան տրամադրություն ծնվեց։

Արցախում պատերազմ էր, հայրենիքը՝ վտանգի մեջ, թվում էր՝ գողանալու ժամանակը չէ, բայց, ինչպես կասեր իմ բազմափորձ ընկերներից մեկը․ «Ժողովուրդ, խուճապի չմատնվեք․ ռազմական դրության պայմաններում բոլոր կոռուպցիոն սխեմաները աշխատում են սովորական ռեժիմով»։

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

Խառնաշփոթի մեջ ձեռնարկությունները սեփականաշնորհվում էին, ջարդոնի վերածվում, երկրից դուրս էին բերվում ու վաճառվում թանկարժեք սարքավորումները։ Կոռուպցիայի մասին խոսակցությունները չէին դադարել, բայց մի տեսակ խեղճացել էին, մարել, լուծվել դժվար ժամանակների հոգսերում։

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Երկիրը ոտքի էր կանգնում, բայց կոռուպցիոները չէր ննջում։ ԽԾԲ-ի, ընտանեկան ու հովանավորչական կապերի մասին խոսում էին բոլորը, բացի հանրային հեռուստատեսությունից։ Անուններ էին հնչում, որոնք հետո բնորոշիչ դարձան՝ «Սաշիկ», «Լֆիկ Սամո», «Նեմեց Ռուբո»․․․
․․․ Սերժ Սարգսյանը գնաց, եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ասաց․ «Ասֆալտին կփռեմ», «Արմատախիլ կանեմ» ու էլի մի շարք բաներ՝ կապիտալիստական ունեցվածքը թալանողների դեմ պայքարողի ողջ կրքով։

Կարճ ժամանակ անցավ, ու հանկարծ․ «Հայաստանում ընդհանուր առմամբ կոռուպցիա այլևս չկա»։ Բոլորը ծիծաղեցին։ Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Սինգապուրում չկարողացան, իսկ մենք մեկուկես տարում՝ խնդրեմ, համեցեք․․․

230
թեգերը:
պաշտոն, կոռուպցիա, Հայաստան
Ըստ թեմայի
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը
«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»
Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

360
(Թարմացված է 23:44 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Церковь Сурб Казанчецоц на фото-открытке 1911 года
© Photo : Public domain
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, 1911 թվականի բացիկ

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

Церковь Сурб Казанчецоц, 1990-е годы
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 1990-ականներին

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

360
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ
Ցենտրիֆուգներ`Թեհրանից հարավ գտնվող Նատանզի ուրանի հարստացման գործարանի միջանցքում

Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է

0
(Թարմացված է 20:24 07.05.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Վիեննայում` ԱՄՆ-ին իրանական միջուկային գործարքի շրջանակ վերադարձնելու բանակցություններին: Հեղինակի պնդմամբ`կողմերը դիմում են դիվանագիտական հնարքների` Վաշինգտոնը ժամանակ է ձգում, մինչդեռ Թեհրանը շտապում է։
Միջուկային գործարքի շուրջ Վիենայի բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է

Իրականում մի պահ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Վիեննայում իրանական միջուկային գործարքի հետ կապված առաջխաղացում արձանագրելը իրականությանը մոտ էր թվում։ Հանգստյան օրերին Ավստրիայի մայրաքաղաքում բանակցություններ էին ընթանում ԱՄՆ-ին միջուկային գործարքի շրջանակ վերադարձնելու շուրջ։

Կարծես  թե կողմերը շփման եզրեր էին գտել, կոնկրետ ցուցակներ ու հերթականություն կազմել…

Միջազգային քաղաքական հարթակներն արդեն որերրորդ օրն է` խոսում են այն մասին, որ ամերիկյան դիվանագիտությունը կարծես թե այս անգամ շատ ավելի կոնստրուկտիվ մոտեցում է ցուցաբերում։

Իսրայելն ԱՄՆ–ին ակնարկում է, որ Իրանի հարցում կարող է գնալ արկածախնդրության. Պողոսյան

Բավականին լուրջ փորձագետների կարծիքով` Միացյալ Նահանգները հատուկ ուզում է Իրանի հետ տարաձայնությունները հարթել, որ ձեռքերն ազատի ու իր` թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական սևեռի նախ` Ռուսաստանի արևմտյան սահմանին կից տարածքների ուղղությամբ, ապա Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Չինաստանի հետ լուրջ առճակատվելու համար։

Զենքի արտադրության տեխնոլոգիաներ ունեցող երկրները շատ ավելի մեծ միջազգային կշիռ ունեն

Այդ լուրերը անհանգստացնում են տարածաշրջանային մի շարք երկրների։ Մյուս մասին հակառակը, ապագայի նկատմամբ լավատեսությամբ զինվելու առիթ են։

Նույն Թեհրանը մի պահ կարծես թե իսկապես մտածում է, որ պատժամիջոցները կհանվեն ու երկիրը վերջապես կկարողանա գոնե իր տնտեսական ու սոցիալական խնդիրները լուծել։

0
թեգերը:
Չինաստան, Ավստրիա, Վիեննա, Միջուկային պայմանագիր, Վաշինգտոն, Թեհրան, բանակցություն, ԱՄՆ
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
Ռուսաստանի և Իրանի նախագահները Երևանում կքննարկեն «միջուկային գործարքը»
Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
Իրանը մտադիր է ավելի շատ կրճատել «միջուկային գործարքի» պարտավորությունները. Ռոհանի