Արմեն Բաքըրջըօղլու

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

853
(Թարմացված է 08:58 29.06.2020)
Թուրքական ժողովրդագրական ծառայությունների տվյալներով՝ հայերին վերագրվող 02 կոդը կրող մարդկանց թիվը Ադիյամանում գերազանցում է 40․000-ը, այսինքն` մոտ 15 տոկոս։

Երբ խոսում ենք Արևմտյան Հայաստանի հայերի մասին, առաջին պատկերացումը, որ ունենում է հայկական լսարանը, Մուշում, Ալաշկերտում, Սասունում կամ Կարսում իր ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին է։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ կարող են լինել նաև հայեր, որոնք ոչ միայն չեն թաքցնում իրենց հայկական ծագումը, այլև խոսում են այդ մասին, հայտարարում են թուրքական լրատվամիջոցներում, նույնիսկ ամուր կապեր են հաստատում հայրենակիցների հետ, անգամ ամուսնանում Հայաստանի հայուհու հետ։ Այդպիսի հայերի թիվն Արևմտյան Հայաստանում մեծ չէ, բայց շնորհիվ համարձակների` նրանք տարեցտարի շատանում են։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Սադըք Բաքըրջըօղլուն դեռևս 2000-ականներին է փորձել կապ հաստատել Արևելյան Հայաստանի հայերի հետ, հաճախ եղել Երևանում և մոտիկից ծանոթացել հայկական պետականությանը։ Մկրտվելով որպես քրիստոնյա՝ ստացել է Արմեն անունը՝ այդկերպ դառնալով Արմեն Բաքըրջըօղլու։ Նա Ադիյամանի շրջանի Քահթա քաղաքի բնակիչ է։

Армен Садык Бакырджыоглу с семьей
© Photo : provided by Armen Saryk Bakirjoghlu
Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլուի ընտանիքը

Արևմտյան Հայաստանի կենտրոնական հատվածին մոտ գտնվող այս պատմական բնակավայրը Ցեղասպանության կոտորածի ժամանակ դարձրել են հայ գաղթականների համակենտրոնացման հիմնական ճամբարներից մեկը։ Հնարավոր է` հենց այդ ճամբարից եղել են փախուստներ, ինչի շնորհիվ հայերը Ադիյամանում և շրջակա բնակավայրերում շատ են։ 2008-ին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով՝ Ադիյաման քաղաքում և հարակից գյուղերում ու գյուղաքաղաքներում ապրում է մոտ 270 հազար մարդ։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Թուրքական ժողովրդագրական ծառայությունների տվյալներով՝ հայերին վերագրվող 02 կոդը կրող մարդկանց թիվը Ադիյամանում գերազանցում է 40․000-ը, այսինքն` մոտ 15 տոկոս։ Մեզ արդեն ծանոթ Արմեն Բաքըրջըօղլուն փաստում է՝ 60,000 բնակչություն ունեցող Քահթա գյուղաքաղաքում 7000-ը հայ են։

«Իմ մանկության տարիներից չեմ հիշում որևէ հայկական ավանդույթ, որ Ադիյամանի հայերը նշած լինեն, բայց կար Նեմրութի հեթանոսական արձանախումբ, որի մոտ հավաքվում էին հայերը և ասում, որ դա հայկական պատմական արժեք է։ Իմ նախնիները մեզ հաճախ չեն ասել, որ հայ են, վախեցել են, դրա հետևանքով մենք շատ տուժեցինք՝ չստանալով մեր ազգային պատմության մասին գիտելիքը, բայց մենք շարունակում ենք ապրել որպես հայ։ Մանուկ ժամանակ ընկերություն եմ արել մարդկանց հետ, որոնց կարծել եմ թուրք կամ քուրդ։ Հետո, արդեն հասուն տարիքում, հանկարծ պարզվել է, որ նրանք էլ ինձ նման հայ են»,–պատմեց Արմեն Բաքըրջըօղլուն։

Армен Садык Бакырджыоглу читает на турецком историю Армении
© Photo : provided by Armen Saryk Bakirjoghlu
Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլու

Նա կարողացել է իր շուրջը համախմբել Ադիյամանի տարածաշրջանի շատ հայերի։ Քահթայում նրանք միավորվել են ասորական եկեղեցու տարածքում։ Հիմնականում այնտեղ են իրենց քրիստոնեական արարողություններն անում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Զատկի տոնին, որը դարձել է Ադիյամանի հայերի յուրահատուկ խորհրդանիշ։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Այսօր Քահթայում աշխատանքներ են կատարվում հայկական եկեղեցի կառուցելու ուղղությամբ։ Արմեն Բաքըրջըօղլուն ամենաակտիվ հայերից մեկն է, որը ձգտում է ավարտին հասցնել Արևմտյան Հայաստանի սրտում Ցեղասպանությունից մեկ դար հետո հայկական եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը։ Արմենը համոզված է՝ դա հայերին ազգային ինքնության վերադարձնելու հիմնական միջոցն է։

Армен Садык Бакырджыоглу
© Sputnik / provided by Nairi Hokhiyan
Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` Ծիծեռնակաբերդում

«Ինչքան ժողովրդավարական դառնա Թուրքիայի ներկա հանրապետությունը, այնքան ավելի մեծ զարգացում կունենա Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների՝ ազգային ինքնության վերադարձը։ Ցավոք, այսօր այնտեղ 100 հայից 40-ն իրեն համարում է թուրք կամ քուրդ։ Չնայած դրան, այդ մարդկանց միշտ մատնացույց են անում որպես հայի։ Այսինքն, նրանք չեն կարող խուսափել իրենց ազգային ինքնությունից։ Սա անկանխելի գործընթաց է։ Ես լավատես եմ, որ մենք բոլորս վերադառնալու ենք մեր իսկական հայկական արմատներին։ Ես վստահ եմ, որ Թուրքիայի տարածքում այսօր ավելի քան 4,5 մլն էթնիկ հայ է ապրում»,–ասաց նա։

Армен Садык Бакырджыоглу
© Sputnik / provided by Nairi Hokhiyan
Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` Ծիծեռնակաբերդում

Զրույցի ավարտին Արմեն Բաքըրջըօղլուն պատմեց նաև իր անձնական կյանքի մասին։ Հայաստանի Հանրապետություն հաճախակի այցերի ժամանակ ծանոթացել է հայաստանցի հայուհու հետ, ընտանիք կազմել։ Այսօր Արմենը թեև Թուրքիայի քաղաքացի է՝ Արևմտյան Հայաստանի բնակիչ, բայց տարվա մեծ մասն անց է կացնում Արևելյան Հայաստանում՝ կնոջ ու երեխաների հետ։ Ընտանիքին չի տեղափոխում Թուրքիա, որ կապը հայկական պետության հետ ամուր լինի, ինքն էլ չի հաստատվում Երևանում, որ չդադարի լինել Արևմտյան Հայաստանի՝ ազգային ինքնությունը պահպանող հայ։

Армен Садык Бакырджыоглу с армянскими детьми Адыямана
© Photo : provided by Armen Saryk Bakirjoghlu
Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլուն` երեխաների հետ
853
թեգերը:
ծպտյալ հայեր, Արմեն (Սադըք) Բաքըրջըօղլու, հայեր, հայ, Թուրքիա, Նաիրի Հոխիկյան
թեմա:
Զարթիր, լաո (12)
Ըստ թեմայի
700,000 համշենահայերը․ ինչո՞ւ են Հոպայի թեյը հայկական համարում
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում
Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը
Նիկիտա Խրուշչով

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

269
​Եկեք անկեղծ լինենք: Երբեմն նույն երևույթը, նույն իրադարձությունը, նույն դրվագը տարբեր մարդիկ այնքան տարբեր, հակասական ու իրարամերժ  տեսանկյուններից են նկարագրում, որ մարդ պարզապես զարմանում է՝ արդյոք խոսքը նույն իրականության մասին է:
Խռուշչովի կոշիկը

Երբ մի քանի օր առաջ Ամերիկայում մահացավ խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի որդին, հիշեցի նրա հոր հետ կապված երևի թե ամենաարտառոց ամերիկյան պատմությունը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուղիղ 60 տարի առաջ:

Երևի գիտեք, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում էքսկուրսիաներ են կազմակերպվում, մի անգամ ինձ էլ է բախտ վիճակվել մտնել այդ շենք: Եվ էքսկուրսավարը պատմում էր, որ ամենից հաճախ հնչող խնդրանքը սա է՝ ցույց տվեք այն տեղը, որտեղ 1960 թվականին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանել է իր կոշիկը և դրանով հարվածել սեղանին: Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ աշխարհում ՄԱԿ-ի հետ կապված ամենահիշարժան դրվագը Խրուշչովի կոշիկի հետ է կապված:  

​Իրականում չկա տեսագրություն կամ լուսանկար, որը հավաստեր, թե իրոք սովետական առաջնորդը հանել է կոշիկը ու սկսել է  դրանով թխկացնել սեղանին:  Ինքը՝ Նիկիտա Սերգեևիչը, իր հուշերում պնդում է, թե դա տեղի է ունեցել այսպես: 60 թվականին Իսպանիայում իշխում էր բռնապետ գեներալ Ֆրանկոն։ Նրա ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ում այնքան է զայրացրել Խրուշչովին, որ նա սկսել է բռունցքներով հարվածել սեղանին: Խրուշչովը գրում է. «Հետո հիշեցի, որ մի անգամ կարդացել էի, թե ինչ էին անում դարասկզբին ռուս պատգամավորները Պետական դումայում: Հանեցի կոշիկս ու սկսեցի դխկացնել սեղանին»։

Միանգամից ասեմ՝ Խրուշչովը սխալվել է՝ իսպանացու ելույթի ժամանակ նման բան չի եղել: Դա նշված է նաև նրա հուշերի ծանոթագրություններում։ Ինքը պարզապես շփոթել է. այդ դրվագը տեղի է ունեցել Ֆիլիպինների ներկայացուցչի ելույթի ժամանակ, երբ վերջինս պնդել է, թե Սովետական Միությունը, որը հանդես է գալիս գաղութատիրության դեմ, իրականում ինքն է գաղութացրել ողջ Արևելյան Եվրոպան: Խրուշչովը իբր վրդովվել է, հանել է կոշիկը ու սկսել է դրանով հարվածել սեղանին: Բայց «Նյու Յորք թայմզի» թղթակիցը վկայում է. «Ախր այդ օրը դահլիճում բացի ինձանից ներկա են եղել տասնյակ թղթակիցներ: Ոչ ես եմ նման բան տեսել, ոչ էլ իմ գործընկերները»։ 

​Մնում է եզրակացնել, որ հիշարժան դրվագը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Հարոլդ Մաքմիլանի ելույթի ժամանակ: Պարզապես մեջբերեմ նախկին վարչապետի պատմածը. «Երբ ես սկսեցի ամբիոնից խոսել, Խրուշչովն անմիջապես փորձեց ինձ ընդհատել: Ես նրա բնավորությանը լավ ծանոթ էի, բայց այն, ինչ ինքն արեց այդ հեղինակավոր կազմակերպությունում, պարզապես ամոթալի էր: Նա բռունցքներով հարվածում էր սեղանին, հետո էլ հանեց կոշիկը և սկսեց դրանով խփել սեղանին»։

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

Տարբեր վարկածներ են շրջանառվում նաև այն մասին, թե ինչպես պատահեց, որ Խրուշչովը որոշեց գործի դնել կոշիկը: Նրա թոռնուհին՝ Նինա Խրուշչովը, պնդում է, թե պապը այդ օրը նոր կոշիկներ էր հագել, որոնք սեղմում էին եւ նստելուց հանել էր դրանք: Երբ նա սկսեց բռունցքներով հարվածել սեղանին, ձեռքի ժամացույցը ընկավ հատակին, Խրուշչովը կռացավ, որպեսզի վերցնի ժամացույցը, տեսավ կողքին դրված կոշիկը, և  ծագեց այդ կոշիկն օգտագործելու միտքը:   

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Ի դեպ՝ գոյություն ունի նաև այսպես կոչված՝ «երրորդ կոշիկի» վարկածը: Ամերիկացի մի պրոֆեսոր պնդում է, թե Խրուշչովը կոշիկը ոտքից չի հանել, նա շորի մեջ փաթաթած լրացուցիչ կոշիկ էր բերել իր հետ նիստերի դահլիճ: Ամփոփելով այս վիճահարույց պատմությունը` անկեղծ ասեմ՝ ինձ ամենից շատ դուր է գալիս ռուսաստանցի պատմաբաններից մեկի ասածն այս դրվագի կապակցությամբ. «Ախր մենք, պատմաբաններս, իսկի չենք կարողանում ստույգ պարզել, թե ինչ է տեղի ունեցել  մի քանի տասնյակ տարի առաջ ՄԱԿ-ի դահլիճում, հարյուրավոր ականատեսների աչքի առջև, երբ արդեն կար ոչ միայն լուսանկարչություն, այլև ռադիո եւ հեռուստատեսություն,  այդ դեպքում ինչ իրավունքով ենք վստահ խոսում այն մասին, թե ինչ է տեղի  ունեցել հարյուրամյակներ, նույնիսկ հազարամյակներ առաջ»։ Համաձայնեք՝ այս միտքը իրոք մտորելու առիթ է տալիս:

 

269
թեգերը:
ԽՍՀՄ, կոշիկ, ելույթ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Նիկիտա Խրուշչով
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Արդյո՞ք մարդը մոտ ապագայում կապրի 150 տարի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Լոնդոն

Ինչով են տարբերվում բազմակողմանի զարգացած հայը և նման բրիտանացին, կամ մենք ամեն ինչ գիտենք

533
(Թարմացված է 21:22 01.07.2020)
​Եկեք անկեղծ լինենք: Քանզի նավթ ու գազ չունենք, մեր գլխավոր կապիտալը մարդն է։ Բայց արդյոք պարզել ենք, թե ինչպիսին է այդ մարդը։ Հայաստանցուն հարցնելը, հասկանում եք երևի, ավելորդ է՝ ում հարցնես, ասելու է՝ բազմակողմանի զարգացած մարդ եմ։
Եթե բազմակողմանի զարգացած եք, բա ինչո՞ւ սուշին փայտիկով չեք ուտում

Եկեք դիտարկենք բրիտանական փորձը։ Անգլիական  ընկերություններից մեկը հենց այդ հարցն է ուղղել մոտ 2000 բրիտանացու՝ արդյոք դուք ձեզ համարում եք բազմակողմանի զարգացած: 10 հարցվածներից 7-ը պատասխանել են. «Այո, ես բազմակողմանի զարգացած եմ»: Ենթադրում եմ, որ Հայաստանում 10-ից 10-ը այդ նույն պատասխանը կտար:

​Բայց կոնկրետ՝  ինչպիսին է այդ բազմակողմանի զարգացած մարդը: Մեծ Բրիտանիայում ընդհանուր պատասխանն այսպիսին է եղել՝ մարդ, որը գիրք է կարդում և հասկանում է երաժշտությունից: Չգիտեմ՝ կհամաձայնեք արդյոք նման ձևակերպման հետ, բայց սա, իհարկե, բրիտանացիների նկարագրած ընդհանրական կերպարն է: Իսկ հետո հարցվածները տվել են 40 շատ կոնկրետ բնորոշումներ, որոնք, բնականաբար, մեկ առ մեկ չեմ կարող թվարկել։ Առանձնացնեմ միայն այն բնորոշումները, որոնք մեզ էլ են, այսպես ասած, հոգեհարազատ:

Առաջին՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման թատրոն է հաճախում ու նաև բալետ դիտում: Խոստովանեք՝ երբ եք վերջին անգամ թատրոնում եղել, մանավանդ` բալետ դիտել: Երկրորդ՝ բազմակողմանին ամեն օր թերթ է կարդում: Թող ներեն ինձ մեր բազմաթիվ թերթերի խմբագիրները և լրագրողները, բայց անկեղծ ասենք՝ շատ քչերն են հիմա թերթ գնում: Անցնենք առաջ:

​Բրիտանացիների կարծիքով՝ բազմակողմանի զարգացած մարդն անպայման հետաքրքրվում է քաղաքականությամբ: Այս բնագավառում, ինձ թվում է, մենք բրիտանացիներին գերազանցում ենք՝ մեզ մոտ անխտիր բոլորն են հետաքրքրվում ու հասկանում քաղաքականությունից: Էլ չեմ ասում տաքսու վարորդների մասին, որոնք կարողանում են ընդամենը մի քանի րոպեում՝ Արաբկիրից մինչև Երրորդ մաս, խորը վերլուծություններ ներկայացնել միջազգային իրադրության մասին: Գնացեք շուկա: Եվ կանաչի վաճառողը ձեզ ամենայն մանրամասնությամբ կբացատրի, թե ինչու մեր իշխանությունները հենց հիմա որոշեցին նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները ու ինչ վտանգներ է  պարունակում այսինչ հոդվածը: Այս առումով, համաձայնեք, մենք ողջ ազգով ենք բազմակողմանի զարգացած:

​Կան նաև բավական ուրույն բնորոշումներ: Օրինակ` բրիտանացիների մի զգալի մասը համոզված է, որ բազմակողմանի զարգացած մարդը իսկական սուրճ է խմում, այլ ոչ թե լուծվող: Կարծում եմ այս առումով էլ ենք մենք` հայաստանցիներս, բավական բազմակողմանի: Որովհետեւ հայտնի է, որ հայերի ամենասիրած հարցն է. «Բա մեր վերջը ինչ է լինելու», իսկ այդ փիլիսոփայական հարցի պատասխանը կարելի է ստանալ միմիայն իսկական սուրճի բաժակի հատակին: Լուծվող սուրճի բաժակի հատակին ոչինչ չի երևում:

Մարդիկ կշարունակեն մեքենաների համարանիշների վրա գրել, կամ Վաշինգտոնը կդառնա՞ 51-րդ նահանգ

​Բրիտանացիները չգիտես ինչու նաև համոզված են, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով չինական կամ ճապոնական ռեստորան գնալիս օգտվում է ոչ թե դանակից ու պատառաքաղից, այլ այդ  զույգ փայտիկներից: Չգիտեմ՝ արդյոք ձեզ հաջողվում է սուշին բռնել այդ փայտիկներով, ինձ երբեք չի հաջողվել: Երևի դրա համար էլ նախընտրում եմ մեր հարազատ հայկական ռեստորանները, որտեղ չի պահանջվում քյաբաբը կամ խորովածը փայտիկով ուտել:

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

​Բայց այդ դեպքում էլ է խնդիր ծագում: Ինչ խմիչքով են ուտում այդ խորովածն ու քյաբաբը: Որովհետեւ շատ բրիտանացիներ գտնում են նաև, որ բազմակողմանի զարգացած մարդը նա է, ով գիտի, թե որ ճաշատեսակը ինչ գույնի գինիով են ըմբոշխնում: Խոստովանեմ՝ այս հարցում էլ են իմ գիտելիքները թերի, որովհետև նա, ով հորինել է մեր հայտնի ասացվածքը՝ «գինով կուտվին», ախր, ցավոք, չի մանրամասնել, թե ինչը և որ գինիով՝ կարմի՞ր, թե՞ սպիտակ, աղանդերային, թե թունդ, «Արենի», թե՞ «Վերնաշեն»։ Ու ես տեսնում եմ, որ իմ հայրենակիցներից շատերը ճիշտ ինձ նման, երևի չխայտառակվելու համար, ամեն ինչն էլ ուղղակի օղիով են ուտում: Որպեսզի ցույց չտան, թե որքան թերի ու միակողմանի են զարգացած:

533
թեգերը:
հայ, Անգլիա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար

33
(Թարմացված է 13:51 03.07.2020)
Նախագահը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գույքահարկի մասին օրենքին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե այդ իրավունքն ունենար։ Նա նման կարծիք է հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք օրենքը հետ ուղարկելու ԱԺ և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` օրենքն ունի դրական տարրեր, քանի որ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք, ըստ Սարգսյանի, հաշվի առնված չեն:

Նախագահը նշել է, որ, օրինակ, պետք է հաշվի առնել Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: «Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել»,–ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

Դիմելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներին` Սարգսյանը նշել է, որ եթե դրա առնչությամբ առաջարկությամբ հանդես գան, և եթե համաձայն լինի այդ առաջարկության հետ, ապա իր հնարավորության սահմաններում կպաշտպանի այն: Նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին կոչ է արել պաշտպանել իրենց բիզնեսը, քանի որ ՏՏ ոլորտը մեր երկրի ապագան է:

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից: 2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։

33
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան, Երևան, Անշարժ գույք, գույքահարկ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը
Ըստ թեմայի
Ասա՝ որտեղ ես ապրում, ասեմ՝ ինչքան ես վճարելու. պաշտոնյաների պատասխանը բնիկների ֆլեշմոբին
ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով
«Աշխարհը փոխել է մեր խնդիրները». նախագահը գյուղատնտեսներին առաջարկել է օգտվել իր կապերից