Կարլեն Ճաղարյանը իր ստեղծած կացարան-փոխադրամիջոցի մոտ

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

1008
(Թարմացված է 09:53 28.06.2020)
Գորիսեցի մեղվապահի հնարամտության շնորհիվ մեղուները ճանապարհ գնալիս սթրես չեն տանում, մեղվապահին էլ չեն խայթում:

Գորիսեցի մեղվապահ Կարլեն Ճաղարյանը հետաքրքիր «նորարարություն» է մտածել։ Նրա գյուտը ոչ միայն մեղուների, այլ նաև մեղվապահի օգտին է։

 Նախկինում 180, հիմա 120 փեթակ ունի: Լավ արդյունքի համար մեղուների մասին պետք է լավ հոգ տանել, իսկ դա աշխատատար է: Պարծենում է, որ չնայած 70–ից անց տարիքին, իր աշխատունակությանը շատերը չեն հասնի: Մեղուն ստիպում է աշխատել, ու սա միայն բիզնես չէ…

Մասնագիտությամբ տեխնոլոգ-ինժեներ է, չնայած որ 30 տարուց ավելի է մեղվապահությամբ է զբաղվում: Երկու տարի առաջ մի դեպք եղավ, որը միանգամից ստիպեց տեխնոլոգ-ինժեների հմտությունները գործի դնել: Փեթակները պետք է տեղափոխեր Գորիսից 20-22 կմ հեռավորության վրա գտնվող տարածք:

Передвижная пасека жителя Гориса Карена Чагаряна
© Photo : provided by Karen Chagharyan
Կարլեն Ճաղարյանը իր ստեղծած կացարան-փոխադրամիջոցի մոտ

«180 փեթակի համար 5 գրուզավիկ էր պետք, դե իմ ՈՒԱԶ-ն էլ կա, 18 էլ բանվոր: Ուշ որոշեցի տեղափոխել, դժվարությամբ ամեն ինչը գլուխ եկավ, մինչև տեղ հասանք, արդեն լուսաբաց էր»,- պատմում է Կարլեն պապիկն ու ավելացնում՝ ճանապարհից մեղուներն ագրեսիվացել էին, տեղում էլ ուժեղ արևն ավելացավ, փեթակները փակելիս մեղուները բազմաթիվ խայթոցներ հասցրեցին: Ասում է՝ ոտքերն այնքան էին խայթել, մեքենան վարել չէր կարողանում: Տուն հասավ թե չէ, սառը թրջոցներ դրեց:

«Ընկերս զանգեց, ասի՝ ուզում ես իմանաս՝ սաղ եմ, թե չէ, սաղ եմ, հանգիստ եղիր: Դրանից հետո որոշեցի էս ավտոբուսները սարքել»:

Ավտոբուսների միտքը վաղուց էր գլխում պտտվում, բայց հերթը չէր հասնում: Գնեց ԼԱԶ ավտոբուսներ ու սկսեց դրանք հարմարեցնել մեղուների բնակության համար: Ավտոբուսներից մեկում տեղավորեց 45 փեթակ, մյուսում՝ 38: Երկրորդում քիչ ստացվեց, որովհետև այս մի ավտոբուսում VIP պայմաններ են՝ անգամ առանձնացված ննջարանային հատված կա մեղվապահի համար: Մեղուների կացարան-փոխադրամիջոց ավտոբուսներում ամեն ինչ մտածված է, անգամ վարորդի սրահն է առանձնացված, որ հանկարծ չարաճճի մի մեղու նրան չխայթի:

«Էս տարբերակով շատ հանգիստ կարող ես գործ անել. Էն ժամանակվա հարյուր տոկոս «նագրուզկայի» փոխարեն հիմա հիսուն տոկոսն եմ գործադրում, բայց ավելի շատ արդյունք եմ ստանում` մեղուներն ավելի բերքատու են, իրենց համար էլ ավելի հաճելի է այսպես»,- պատմում է Կարլեն պապիկն ու մանրամասնում՝ ավտոբուսում զով է, ջերմաստիճանը 25-ից չի բարձրանում, ձմռանն էլ ցուրտ չի լինում: Բայց եթե ջերմաստիճանը ցանկալիից ավելի բարձրանում կամ իջնում է, անխափան գործում է ԼԱԶ-ի օդափոխության համակարգը, կարելի է զովացնել կամ ջերմացնել: Իր հաշվարկներով՝ ձմռանը մոտ 500 կգ մեղրի օգուտ է ունենալու, քանի որ ցուրտ չի լինելու, մեղուները չեն մրսելու, հետևաբար շատ մեղր էլ չեն ուտելու: Այստեղ հատուկ շեշտում է՝ իր մեղրն անարատ է, մեղուներին էլ այդ անարատով է կերակրում: Ավտոբուսի «ռեժիմին» անցնելով՝ լրացուցիչ աշխատուժ և մեքենաներ էլ պետք չեն մեղվափեթակները տեղից տեղ տանելու համար: Այսպիսով իր ծախսերն էլ համարյա 50 տոկոսով կրճատվելու են:

Передвижная пасека жителя Гориса Карена Чагаряна
© Photo : provided by Karen Chagharyan
Կարլեն Ճաղարյանի ստեղծած կացարան-փոխադրամիջոցը

«Հիմա ինձ մի հոգի է պետք, որ կողքս նստի, ընկեր լինի ճանապարհին, քշեմ, դաշտ հասցնեմ մեղուներին: Ճանապարհին էլ 3-4 անգամ որտեղ ուզեմ կարող եմ կանգնել, մեղուները բերք հավաքեն, նոր շարունակեմ: Մեղվափեթակներն էլ տեղափոխությունից չեն փչանում»:

Այս տարբերակով, ասում է, ոչ մի հատ մեղու չի խայթում, հանգիստ աշխատում ես: Իր մտահղացումը կարճ ու պատկերավոր համեմատում է հիվանդանոցի հետ: Ասում է՝ սա այն հիվանդանոցն է, որտեղ անհրաժեշտ բոլոր բաժանմունքները կան:

Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց

«Մեղուներն ագրեսիվ չեն, եթե դու ագրեսիվ չես: Եթե մեղուն խայթում է, ուրեմն դու ես մի բան սխալ արել։ Ես կարողանում եմ հետները լեզու գտնել, քիչ աշխատում եմ, շատ բերք վերցնում »,- պատմում է Կարլեն պապիկն ու ավելացնում, որ մեղուն առողջություն է: Երեխեք, հարսներ, թոռներ ունի, ու ոչ մեկը չգիտի, թե հիվանդանոցն ինչ է, որովհետև ամեն առավոտն անարատ մեղրով է սկսվում:

Передвижная пасека жителя Гориса Карена Чагаряна
© Photo : provided by Karen Chagharyan
Կարլեն Ճաղարյանը իր ստեղծած կացարան-փոխադրամիջոցի մոտ

Հիմա Կարլեն պապիկը երրորդ ավտոբուսի վրա է աշխատում, մի քանի օրից այդ մեկն էլ պատրաստ  կլինի, կբեռնվի փեթակներով ու ճանապարհ կընկնի դեպի գորիսյան դաշտեր:

1008
թեգերը:
ավտոբուս, մեղվապահ, մեղու, Գորիս, մեղր
Ըստ թեմայի
Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ
Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն
Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը
Երեխաներ, արխիվային լուսանկար

Արժե՞ արդյոք երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնել, եթե դա նրանց գրեթե պետք չի գա

279
(Թարմացված է 22:51 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Երբեմն արժե մտածել այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանները առաջին հայացքից ակնհայտ են թվում և կասկած չեն հարուցում։ Թույլ տվեք այսօր նման մի անսովոր հարցադրում անել՝ արդյո՞ք արժե մեր երեխաներին գրել սովորեցնել։
Մենք թանաքամանի սերունդ էինք. արդյոք նոր սերունդն էլ պետք է ձեռքով գրել սովորի

Համաձայնեք՝ այս հարցը կարծես թե միանգամայն անհեթեթ է թվում։ Ինչպես թե երեխաները գրել չսովորեն։ Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Խոսքը հենց ձեռքով գրելու, այսինքն՝ ձեռագրի մասին է։ Իզուր չէ, որ հին փաստաթղթերը, գրքերը ձեռագիր էին կոչվում՝ ուղղակի ձեռքով էին գրվում, վերջում էլ դրանով զբաղվողը լուսանցքում ավելացնում էր․ «Զի կար մեր այս էր», այսինքն՝ լա՞վն է այս ձեռագիրը, թե՞ ոչ՝ դատեք ինքներդ, բայց իմ կարողություններն ընդամենը այսքան էին։

​ Բայց դառնանք մեր օրերին, ավելի ճիշտ մեր մանկության օրերին։ Համակարգիչների այս դարում շատերը  չեն էլ պատկերացնի, բայց մեր ժամանակ, երբ սկսեցինք դպրոց գնալ, իսկի ինքնահոս էլ գոյություն չուներ։ Դասի էինք գալիս սովորական գրիչով, որն ուներ գրչածայր, մի բան էլ թանաքաման էինք քարշ տալիս պայուսակում, թանաքը թափվում էր, գրքերն ու շորերն էին կեղտոտվում, մի խոսքով՝ ամենօրյա փոքրիկ աղետ։ Բա դասատուներն ինչպիսի աչալրջությամբ և ուշիուշով էին հետևում, որ մենք գեղեցիկ գրենք, հատ-հատ շարենք տառերը ադամանդների նման։ Իսկ հիմա խոստովանեմ՝ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում՝ բայց դա ում էր պետք։ Ճիշտն ասած ինձ մոտ հաճախ են նման հանցավոր մտքեր ծագում, օրինակ, երբեք չեմ հասկացել, թե քիմիան ինչու էինք սովորում։ Թող ներեն ինձ քիմիայի բոլոր ուսուցիչները, բայց ախր այդ առարկայի գործնական օգուտը կյանքումս երբեք չեմ զգացել։ Բայց եթե դուք զգացել եք, չեմ վիճի։

Ձեռագրի մասին էի խոսում։ Դուք վերջին անգամ երբ եք ձեռագրով մի բան գրել։ Մեծ Բրիտանիայում դեռ մի քանի տարի առաջ հարցում է անցկացվել 2 հազար մեծահասակների շրջանում և պարզվել է, որ միջին բրիտանացին վերջին անգամ գրիչով մի բան է գրել 41 օր առաջ, ընդ որում՝ մեծ մասը խոստովանել էր, որ ուղղակի գրառումներ էր արել, թե ինչ պիտի գնի խանութից։ Այդ գրառումները կարելի է նաև տպագիր գրել, այսինքն՝ հիմա արդեն բավական է ընդամենը իմանալ, թե ինչպես են նկարում տառերը կոպիտ գծերով։ Ավելին պետք չէ՝ բոլորը կհասկանան Ձեր գրածը։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

​Ու մի բան էլ ասեմ․ ես հո պատահաբար չեմ այս հարցին անդրադառնում, այն քննարկում են աշխարհով մեկ։ Մի քանի տարի առաջ Իլինոյս ամերիկյան նահանգի տեղական խորհրդարանը հաղթահարեց նահանգապետի վետոն և օրենք ընդունեց, ըստ որի դպրոցներում երեխաներին այնուամենայնիվ պետք է պարտադիր սովորեցնեն ձեռագրով գրել։ Բայց ամերիկյան այլ նահանգներում դա արդեն պարտադիր չէ։ Ֆինլանդիայի դպրոցներում էլ են արդեն հրաժարվել ձեռագրի դասերից՝ հենց առաջին դասարանից երեխաներին տպել են սովորեցնում համակարգչի ստեղնաշարով։

Եթե կասեք, որ Եվրոպայում հերթական հիմարությունն են արել, տեղեկացնեմ, որ ինչպես վկայում է հնդկական մամուլը, այդ երկրի որոշ դպրոցներում էլ այլևս երեխաներին ձեռքով գրել չեն սովորեցնում։ Ճիշտ է՝ ավանդապաշտ  Բրիտանիայում գործը դրան դեռ չի հասել, բայց մարդիկ ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ իսկ արդյոք արժե այդքան ժամանակ վատնել երեխաներին գեղեցիկ գրել սովորեցնելու համար, երբ արդեն ակնհայտ է, որ դա նրանց հետագա կյանքում երբեք պետք չի գա կամ գրեթե պետք չի գա։

​Լավ, ավարտեմ, քանի դեռ ինձ չեն մեղադրել գրագիտության դեմ պայքար ծավալելու մեջ։ Ախր, կներեք, ձեռքով գրելը գրագիտության հետ այնքան էլ մեծ կապ չունի։ Կարելի է ասել՝ ամենեւին կապ չունի։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

279
թեգերը:
երեխա, դպրոց, Եվրոպա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները
Անձնագիր, արխիվային լուսանկար

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

178
(Թարմացված է 10:35 24.09.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Եթե հիմա մի հարցադրում անեմ՝ արդյո՞ք աշխարհը կարող է լինել առանց անձնագրերի, ինձ պարզապես կհոշոտեն՝ բայց ինչպես կարող է մարդը չունենալ անձը հաստատող հիմնարար փաստաթուղթ։
Չլինեին համաշխարհային պատերազմները` անձնագրեր էլ չէին լինի

Այդ ժամանակ երկրորդ հարցադրումը՝ իսկ չէ՞ որ ժամանակին անձնագրեր ընդհանրապես գոյություն չունեին ու ոչ մի սարսափելի բան էլ չէր կատարվում, աշխարհը չէր քանդվում։ Ասեմ ավելին՝ դեռ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության գիտե՞ք՝ քանի տոկոսն անձնագիր ուներ։ Չեք հավատա, բայց ընդամենը 4 տոկոսը։ Հիմա էլ ամերիկացիների մոտ կեսն անձնագիր չունի։ Որովհետև, եթե արտասահման չես մեկնում, անձնագիրը քեզ ընդհանրապես պետք չի։ Անձը հաստատող փաստաթուղթ կարող է լինել վարորդական իրավունքը։

​Բա ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Իրականում սկզբում բոլորովին այնպես չէր, ինչպես հիմա, երբ օտար երկիր ժամանելիս անձնագիրը սահմանապահին մեկնում ես ու սրտատրոփ սպասում՝ հո ինչ-որ թերություն չի գտնի ու ասի՝ Ձեր փաստաթղթի ժամկետը մի ամսից լրանում է, իրավունք չունեք մտնել մեր երկիր։ Ընդհակառակը՝ այն ժամանակ, երբ սկսեցին շրջանառվել առաջին անձնագրերը, դրանք արտոնություն էին, որը տրամադրվում էր ընտրյալներին և նշանակում էր մի բան՝ այդ փաստաթուղթը ցույց տվողին հանկարծ չխոչընդոտեք, այլ ամեն կերպ աջակցեք, նա կարևոր մարդ է, որը կապեր ունի վերևներում՝ դրա համար էլ կարողացել է անձնագիր ձեռք բերել։

Հետո անձնագրերը սկսեցին տարածում ստանալ և դարձան սոցիալական և տնտեսական ճնշում բանեցնելու միջոց։ Ֆրանսիայում, օրինակ, արդեն անձնագիր էր պահանջվում նույնիսկ մի քաղաքից մյուսը գնալու համար։ Չունեիր անձնագիր՝ չէիր կարող ազատ տեղաշարժվել։ Այսինքն՝ անձնագիրը զսպող, խանգարող հանգամանքի վերածվեց։ Եվ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն երրորդն, ի վերջո, անձնագիրն անվանեց «դեսպոտիկ գյուտ» ու 1860 թվականին վերացրեց անձնագրային համակարգն ընդհանրապես։ Այլ երկրներում էլ սկսեցին նույնն անել, կամ առնվազն չէին պահպանում սահմանված կանոնները։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Նախանցած դարի վերջին՝ 1890-ական թվականներին, դուք կարող էիք հանգիստ մտնել Ամերիկա՝ առանց անձնագրի։ Հարավային Ամերիկայի որոշ երկրներ նույնիսկ իրենց սահմանադրություններում ամրագրեցին, որ քաղաքացին պարտավոր չէ անձնագիր ունենալ ազատ տեղաշարժվելու համար։ Եվ այնպես ստացվեց, որ քսաներորդ դարի սկզբին աշխարհում ընդամենը հատուկենտ երկրներ էին անձնագիր պահանջում սահմանին։ Դրանց թիվը կարելի էր մատների վրա հաշվել։ Մի պահ թվաց, թե անձնագրերն ուր որ է ընդհանրապես կվերանան աշխարհի երեսից։ Բա ինչու այդպես չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։

Սկսվեցին կռիվները, սպառնալիքի տակ հայտնվեց պետությունների անվտանգությունը, իշխանությունները սկսեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունը պաշտպանելու համար, սահմանները, բնականաբար, փակվեցին և առանց անձնագրերի աշխարհի հեռանկարը պարզապես վերացավ հաշված տարիների ընթացքում։ Իսկ երբ պատերազմը վերջապես ավարտվեց, վերահսկողության խիստ միջոցները պահպանվեցին։

​Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920 թվականին, Ազգերի նորաստեղծ լիգան համաժողով հրավիրեց, որը նվիրված էր անձնագրային համակարգին։ Եվ, փաստորեն հենց այն ժամանակ որոշվեց, որ բոլոր պետությունների անձնագրերը պետք է ունենան որոշակի ընդհանուր չափանիշներ՝ չափսը՝ 15,5 սանտիմետրը 10,5-ի վրա, էջերի թիվը՝ 32, շապիկը՝ ստվարաթղթե, լուսանկարն էլ՝ պարտադիր։

​Մնացած մանրամասներն ամեն պետություն ինքն է որոշում։ Մենք, օրինակ, անկախության առաջին տարիներին աննախադեպ բան արեցինք, որն արտերկրում ուղղակի անկեղծ ծիծաղ էր առաջացնում, մտցրեցինք այսպես կոչված՝ դրսի վիզան։ Պատկերացնո՞ւմ եք՝ անձնագրում գրված է, որ այն վավեր է, ասենք՝ մինչև 2020 թվականը, բայց կա կնիք, որն ասում է՝ ոչ, դրսում սա վավեր է ընդամենը մինչև 2017 թվականը։ Անհեթեթության գագաթնակետ։ Ու պատկերացրեք՝ սա մենք արել էինք պետական մակարդակով։ Ինչևէ՝ եթե չլինեին համաշխարհային պատերազմները, միգուցե այսօր չլիներ նաև անձնագրային համակարգը։ Բայց պատմությունը, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ճանաչում։

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

178
թեգերը:
Վիզա, ԱՄՆ, անձնագիր, Պատերազմ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան
Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները
Ցանկանում եք ճշմարտությո՞ւնն իմանալ՝ գնացեք Բարբադոս
Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн

Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ. ԲՀԿ

0
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

0