Դավիթ Քոչարյանը

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

1535
(Թարմացված է 10:09 27.05.2020)
Կորոնավիրուսն այս տարի նաև «Վերջին զանգի» միջոցառումները չեղարկեց։ Դպրոցականներից շատերը տխրեցին՝ չէ որ սեպտեմբերից մտածում էին 12 տարիների ամենասպասված խնջույքի մասին։ Դավիթի ծրագրերն այս դեպքում ամենաքիչը տուժեցին՝ միայնակ քեֆ անել, այսպես թե այնպես, չէր լինի։

Դավիթին արդեն գիտի ոչ միայն ամբողջ Չինչինը։ Նրա մասին այս տարի իմացան նաև հարևան գյուղերում ու շրջկենտրոնում։ Բերդ համայնքն այս տարի 271 շրջանավարտ ունեցավ (նախորդ տարի՝ 280). խոշորացված համայնքում ընդգրկված Չինչին գյուղը միակն էր, որ միայն մեկ շրջանավարտ ուներ։

Երբ բացակա ես` ամբողջ դասարանն է բացակա

Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։ Այն հարցիս՝ բա ինչպես ես դասից փախել, զարմանում է՝ դասարանում միակը լինելու պատասխանատվությունն այնքան մեծ է, որ դպրոցական նման չարաճճիությունները մարդու մտքով էլ չի անցնում։ Իր դպրոցական 12 տարիների ընթացքում մատների վրա է հիշում հիվանդանալու պատճառով բացակայելու դեպքերը։ Ասում է՝ դասարանում միակը լինելը և՛ առավելություն ունի, և՛ թերություն։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by Berd administration
Դավիթ Քոչարյանը

«Մի կողմից ստացվում է, որ ուսուցչի ամբողջ ուշադրությունը դեպի քեզ է ուղղված, բայց այս դեպքում էլ մրցակցություն չկա»։

Աշակերտները քիչ են, բայց ուսուցիչները լավն են. Դավիթը հպարտությամբ է ասում ՝ գյուղի գրեթե բոլոր շրջանավարտները, որ ցանկանում են ուսումը շարունակել, բարձրագույն են ընդունվում անգամ առանց կրկնուսույցի։ Օրինակներից մեկն իր քույրն է, որն արդեն Բրյուսովի ուսանող է։

Դավիթը ոչ միայն այս, այլև 2019-2021թթ. Չինչինի միակ շրջանավարտն է

Այն, որ «Վերջին զանգի» միջոցառում չունեցավ, առանձնապես չի տխրեցրել ու չի հիասթափեցրել Դավիթին. կարևորը՝ բոլորը ջերմ ու անկեղծ շնորհավորել են իրեն, անուշադրության չեն մատնել։ Նույնիսկ օրեր առաջ խնդրել էին սպիտակ վերնաշապիկով լուսանկարվել, որ «Վերջին զանգի» օրը հատուկ շնորհավորեն ու պատմեն Չինչինի միակ շրջանավարտի մասին։

«Հարևանները, ուսուցիչները, բարեկամները, մանկապարտեզի դաստիարակները՝ բոլորը շնորհավորել են»,-ասում է Դավիթն ու միանգամից ավելացնում՝ հեռախոսազանգով։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Չինչինի դպրոցը նախանցած տարի շրջանավարտ չի ունեցել, եկող տարի էլ չի ունենա։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Մանկապարտեզի անձնակազմը Դավիթի համար հետաքրքիր անակնկալ էլ էր պատրաստել. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։

Скала Камень Кузана близ села Чинчин, Тавуш
© Photo : Jemma Manukyan
Չինչին գյուղը

Հիմա Դավիթը կենտրոնացած իր հետագա ծրագրերի մասին է մտածում։ Մաթեմատիկայի միասնական քննության է մասնակցելու. ցանկանում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան, ռոբոտատեխնիկա ու մեխատրոնիկա սովորել։ Համագյուղացի տղաներից մեկը հիմա այնտեղ է սովորում, մասնագիտության գրավչության մասին հենց նա է պատմել։ Դավիթն ուզում է սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծել։       

Չինչինն աշխարհի ամենալավ տեղն է

Ուսումն ավարտելուց հետո Դավիթն անպայման ուզում է գյուղ վերադառնալ, այլ ծրագրեր այս պահին չունի։ Հավատում է, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ընտանիքին նվիրվածությունն ու հոգատարությունը հորից է ժառանգել։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց Դավիթի համար կարևոր է նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

«Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»,–ասում է նա։

Монастырь Шхмурада близ сел Чинчин и Верин Цахкаван, Тавуш
Չինչին գյուղի տեսարժան վայրերից

Հետո Դավիթը սկսում է մեկը մյուսի հետևից պատմել, թե ինչքան սիրուն է իրենց գյուղը, ինչքան տեսնելու բան կա՝ Ղուզանի քարը, Կապտավանքը, Շխմուրադի վանքը։

Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը

«Անգամ մարդկանց տնամերձերում հին խաչեր կան, մեր գյուղում շատ բան կա, որ տուրիստներին կհետաքրքրի»,- առանձնահատուկ սիրով պատմում է Դավիթն ու կրկնում, որ գյուղն ավելի լավ էլ կարող է լինել, եթե զարգացման ծրագրերն իրականություն դառնան։

Երբ գյուղի 60-70 տոկոսը ծերերն են...

Խորհրդային տարիներին Չինչինը 1000-ից ավելի բնակիչ ուներ, դպրոցն այնքան շատ աշակերտ էր ունենում, որ Ա, Բ, Գ դասարաններ էին կազմվում։ Գյուղապետը՝ Կարեն Դարբինյանը, 1998-ին է դպրոցն ավարտել, դասարանում 13 հոգի էին։ Բայց տարեց տարի շրջանավարտների թիվը պակասեց։

«Հիմա գյուղի 60-70 տոկոսը ծերերն են»,- ցավով ասում է գյուղապետը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян
© Photo : provided by David Kocharyan
Դավիթ Քոչարյանը հայրենի Չինչինում

Չինչինում 180 տնտեսություն կա, գրանցված բնակիչների թիվը մոտ 630 է, փաստացի ապրում են 400-430-ը։ Մյուսները տան դռները փակել, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնել։

Գյուղը զարգանալու, գրավիչ դառնալու մեծ ներուժ ունի։ Գյուղապետի խոսքով՝  եթե վիրուսը չլիներ, զբոսաշրջության զարգացման համար այս տարի արդեն բավականին շատ բան արած կլինեին, հյուրատներից մեկն արդեն պատրաստ է, մի քանիսն էլ են լինելու։

Նորշեն սահմանամերձ գյուղի միակ բնակչուհին արժանացավ շնորհակալագրի ու դրամական պարգևի

Հիմա Չինչինի պատմության, միգուցե, լավագույն շրջանը չէ, բայց գյուղն ապագա ունի. մանկապարտեզում հիմա քսանից ավելի երեխա կա, նախկինում վեց-յոթն էին։ Այս տարի արդեն երկու ծնունդ են ունեցել, մի քանիսն էլ դեռ սպասվում են։ Ամեն ինչ կորած չէ՝ նախորդ տարի շրջանավարտ չեն ունեցել, հաջորդին էլ չեն ունենա, բայց այս տարի Դավիթը կար, երկու տարի հետո էլ նոր շրջանավարտներ կլինեն։

Հ.Գ. Ու էլի Դավիթի մասին...

Մինչև աշխատելն ու անգամ մինչև սովորելը Դավիթին զինվորական ծառայությունն է սպասում, որին տղան ինքն իր հերթին է անհամբերությամբ սպասում։ Ասում է՝ չէր ուզի բնակավայրին շատ մոտ ծառայեր, որ ընտանիքին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառեր, ստիպված չլինեին գործից հաճախ կտրվել ու իրեն տեսակցության գալ։

-Իսկ եթե հանկարծ, Աստված չանի, պատերազմ սկսվի,- հարցնում եմ ես։

Рассвет в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից

-Եթե հանկարծ նման բան լինի, կամավոր կգրվեմ ու կգնամ, սովորելը կսպասի։ Եթե հայ ես ու առողջ ես, կարծում եմ՝ չծառայելն ամոթ է»,-ասում է Դավիթն ու ավելացնում՝ իննսունականներին, երբ Շամշադինի սահմաններն էլ հանգիստ չէին, հայրն ու պապիկն են կռվել, մեծ պապը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, այնպես որ իրենց ընտանիքում կռվից խուսափելը պախարակելի է։

Իսկ մինչ ծառայության մեկնելը տղան նաև իր հոբբիով է զբաղում` անմահացնում է սիրելի գյուղի չքնաղ լուսաբացներն ու խորհրդավոր մայրամուտները։

Закат в селе Чинчин, Тавуш
© Photo : David Kocharyan
Չինչին գյուղի մայրամուտը. Դավիթի լուսանկարներից
1535
թեգերը:
Գյուղապետ, Գյուղ, Վերջին զանգ, դպրոց, շրջանավարտ, Տավուշ
Ըստ թեմայի
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի
Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ
Միշա Ալոյան

Կյանքը սկսվում է մայրիկից. ինչպես չեմպիոն Ալոյանը հաղթեց Բաքվում

48
(Թարմացված է 14:47 25.09.2020)
Հայաստանում ծնվածների թվում շատ են տաղանդավոր մարզիկները, որոնք հայրենիքից դուրս փառքով են պսակում իրենց տաղանդը։ Նրանցից մեկը բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանն է։ Նա հանդես է գալիս ՌԴ դրոշի ներքո, բայց չի մոռանում իր հայրենիքի մասին՝ գործնականում ապացուցելով սերը ՀՀ հանդեպ։

Տոկիոյում Օլիմպիական խաղերը կկայանան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։ Այդպես է որոշել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։ Մեր մարզիկն այդ նորության համար միայն ուրախ է և պատրաստվում է Տոկիո մեկնել` իրագործելու իր երազանքը։

Բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը երազում է ոչ միայն մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք նրա համար թվով երրորդն են, այլ Տոկիոյում ոսկի նվաճել․ բրոնզե և արծաթե մեդալներ նա արդեն ունի։ Բայց սա դեռ ամենը չէ, ամեն ինչ առջևում է` չէ՞ որ Ալոյանն ընդամենը 32 տարեկան է։

Миша Алоян во время поединка против Марвина Солано
© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսական բռնցքամարտի օրը Կարմիր հրապարակում

Հետագա մեր շարադրանքն ավելի շատ կլինի ոչ այնքան բռնցքամարտի, որքան ուժեղ բնավորության տեր տղամարդ ձևավորելու մասին, և որ ամենակարևորն է՝ ոչ միայն ռինգում։ Դրանից էլ ավելի կարևոր է այն, որ նա ինքնուրույն է իրենից իսկական տղամարդ կերտել։

Ինչպե՞ս իջևանցի Միշան հայտնվեց Ռուսաստանում և ինչո՞ւ դարձավ Միխայիլ։ Պատասխանը շատ պարզ է․«Որովհետև մրցումներին անդադար հարցնում էին՝ ինչպես Ձեզ ներկայացնենք` անձնագրո՞վ, թե՞ օնոմաստիկայի նորմերով» ։

Արդյունքում՝ իր անվան գրությունը նա փոխեց նաև անձնագրում, դարձավ Միխայիլ, սակայն ընկերների համար այդպես էլ մնաց Միշա։ Եվս մեկ պատճառ, որը նրան դրդեց փոփոխություն կատարել անվան մեջ. Ալոյանի կարծիքով՝ երեխաները պետք է «ճիշտ» հայրանուն ունենան։

... Իջևանից «հեռավոր երկրներ» տեղափոխվելու մասին․ նրանց տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես այն ժամանակվա հայկական ընտանիքների մեծ մասում։ Հայրը մեկնում էր արտագնա աշխատանքի, այնուհետև որոշեց ընտանյոք Ռուսաստան տեղափոխվել։  Ընտրեցին Նովոկուզնեցկը, որտեղ ածուխ են արդյունահանում և մետաղ հալեցնում։ Հասունացման շրջանում գտնվող տղայի ձևավորման համար ճիշտ ընտրություն էր։ Ճիշտ չի լինի ասել, որ եթե Ալոյաններն ընտրեին բոլորին քաջ հայտնի հարսների քաղաքը, Միշան ավելի հանգիստ բնավորություն կունենար, սակայն...

Ով է բռնցքամարտիկ Ալոյանի հիմնական հակառակորդը օլիմպիական ուղեգրի համար պայքարում

Ռինգում հաղթանակներ տոնելուց առաջ, տղան ստիպված էր պաշտպանել ինքն իրեն և բնավորություն ձևավորել Նովոկուզնեցկի փողոցներում։ Եկվոր տղայի ոչ հռոմեական քիթը բազմաթիվ հարցեր էր առաջացնում, և չի կարելի ասել, թե դրանք բացառապես քաղաքակիրթ ձևով էին հնչում։ Որոշ ժամանակ անց քթի հետ կապված հարցեր ուղղելու ցանկությունն անհետացավ, փոխարենը քաղաքի բնակիչները սկսեցին հետաքրքրվել բռնցքամարտում նրա հաջողություններով, հետո սկսեցին հպարտանալ դրանցով և վերջապես ասել, որ «Միշա–նովոկուզնեցկին» աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է։  Իրավունք ունեին, նա դարձել էր այդպիսին, սակայն արդեն հասունանում էր Նովոսիբիրսկ տեղափոխվելու գործընթացը։

Շատերը կարող են մեզ նախանձել. բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը` Տետեի հետ առաջիկա մարտի մասին

... 2011 թվականին Ալոյանը մեկնեց Բաքու`մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այնտեղ Միխայիլ Ալոյանը ռինգում հանդիպեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, դահլիճը վանկարկում էր նրա անունը և սպասում հայրենակցի հաղթանակին և «յան» ազգանունը կրողի պարտությանը։ Ալոյանը, որը մինչ այդ ոչ միայն մարզել էր մկանները, այլև իր մեջ տղամարդու բնավորություն և երկաթե կամք դաստիարակել (շնորհակալություն Նովոկուզնեցկին), հաղթեց՝ դառնալով ռուսաստանյան միակ բռնցքամարտիկը, որը հասավ եզրափակիչ և այդ մրցումներում ոսկե մեդալ նվաճեց։

Миша Алоян
© Sputnik / Михаил Фомичев
Միշա Ալոյան

Ալոյանին հաղթանակի առթիվ շնորհավորեց ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Բաքվում գտնվելու ժամանակ բռնցքամարտիկի անվտանգությունն ուժեղացրել էին։

Չեմպիոն, մեդալներ, գավաթներ, գովասանագրեր... Բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չէր և միշտ չէ, որ հաջողվում էր հեշտ դուրս գալ իրավիճակից։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին Ալոյանը պարգևատրվեց արծաթե մեդալով, ապա դոպինգ ընդունելու կասկածով, այն հետ վերցրին։

«Ինձ մեղադրում էին ոչ թե դոպինգ ընդունելու, այլ հակադոպինգային կանոնները խախտելու մեջ։ Սփրեյը դոպինգ չէ։ Քննությունը կես տարի տևեց, ես մարզվում էի, բայց ելույթ չէի ունենում»,– պարզաբանում է բռնցքամարտիկը և հավելում, որ ամեն մարզիչը ոչ մի բանում մեղավոր չէ։

«Այստեղ պետք է պատասխանատվության կանչել բժշկին և բռնցքամարտիկին։ Ինձ համար, որպես ինքնաքննադատող և բացառապես սեփական ուժերի վրա հույս դնող մարդու, ավելի հեշտ է մեղադրել ինքս ինձ, քան մարզիչին»,- վստահեցնում է մարզիկը։

Միշա Ալոյանը նվաճեց WBA International գոտին թեթևագույն քաշային կարգում

Ընտանիքի վերաբերյալ մարզիկի պատկերացումները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների։ «Ունեմ մայր, հայր, եղբայր, որը մեկ տարի ինձնից մեծ է, իր ընտանիքի հետ միասին, իհարկե։ Կին, որդի։ Եվ պատահական չէ, որ սկսեցի մայրիկից, քանի որ կյանքը սկսվում է մայրիկից» ։

Հայաստանի մասին ևս Ալոյանը շատ հակիրճ է խոսում․ «Իմ հայրենիքն է, առաջին հայրենիքս։ Այնտեղ եմ ծնվել, մեծացել։ Այստեղ կարելի է երկար խոսել ընկերների և ծանոթների մասին, բայց, եթե անկեղծ, չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել»։

Ալոյանը Հայաստանում

18 տարի անց ընկերոջ` Դավիթ Հայրապետյանի հետ, որը ևս բռնցքամարտիկ է և կրկին ճանաչված, այցելեց Հայաստան։ Զբոսնեցին, ընկերներին տեսակցեցին, համադասարանցուն հանդիպեցին։

«Այստեղ շուրջբոլորը յուրային են, բոլորը քեզ նման են։ Քեզ զգում ես, ինչպես տանը։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է։ Շատ են գեղեցիկ հուշարձանները։ Նախկինում ես դա չէի նկատում։ Գիշերային Երևանը նույնպես շատ գեղեցիկ է։ Ես հիացած եմ», – ասում է Հայրապետյանը։

Ալոյանի խոսքով՝ իրենց ուղևորության պարտադիր մաս էր կազմում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցելելը։

«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը»,- եզրափակում է նա։

Միշան ճիշտ է մտածում։  Առավել ևս, որ նա Հայաստանի մարզային պատմության մի մասն է։  Սպասենք օլիմպիական ոսկուն, իսկ Օլիմպիադան ինչպես հայտարարեց ՄՕԿ–ը, պետք է կայանա՝ ի հեճուկս կովիդի։

48
թեգերը:
Դմիտրի Մեդվեդև, Բաքու, դոպինգ, մեդալ, հաղթանակ, բռնցքամարտիկ, բռնցքամարտ
Ըստ թեմայի
Ֆանտաստիկ «come back». «Արարատ-Արմենիան» գերկամային հաղթանակ տարավ
Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Երբ միավորում է ընդհանուր հաղթանակը. նախկին ԽՍՀՄ երկրների զինծառայողները Մոսկվայում
Լևոն Արոնյանի հերթական հաղթանակը. հայ գրոսմայստերն ունի 9 միավոր և 5–րդ տեղում է
Ալեքսանդր Շիրվինդտ

Շիրվինդտի երևանյան արկածները, կամ ինչու հայտնի դերասանն այլևս սալորի օղի չի խմում

151
(Թարմացված է 22:03 26.09.2020)
Հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտը «Մահախոսականին ընդառաջ» վերնագրով ինքնակենսագրական գիրք է գրել։ Sputnik Արմենիայի սյունակագիրը ներկայացնում է այդ գրքի` Հայաստանի հետ կապված հատվածները։

«Ուշադրություն։ Գիրքն անպարկեշտ բառեր է պարունակում», – զգուշացրել են Ալեքսանդր Շիրվինդտի` վերջերս լույս տեսած «Մահախոսականին ընդառաջ» վերնագրով հուշագրության հրատարակիչները։

«Ուշադրություն։ Գիրքը հետաքրքրաշարժ դրվագներ է պարունակում Ալեքսանդր Շիրվինդտի հայաստանյան այցի մասին», – Sputnik Արմենիայի ընթերցողներին է հայտնում մեր սյունակագիրը։

Խորհրդային Միության ամենաճանաչված արտիստներից մեկը Երևանը տեսել է այնպիսին, ինչպիսին այն կարող են հիշել միայն հնաբնակները։ Ես հիշում եմ։ Չեմ փորձի շատ հեռուներ գնալ, կպատմեմ միայն այն մասին, ինչի մասին պատմում է Շիրվինդտը` «Երևան» հյուրանոցի մասին։

Հիմա է, որ մեզ մոտ հյուրանոցների թիվն ավելի շատ է, քան հյուրերինը, իսկ 70-ականների վերջին կարգին հյուրանոց (եթե կարգին, ուրեմն «ինտուրիստական») միայն «Երևանն» էր, ուրիշ չկար։ Ալեքսանդր Անատոլևիչ Շիրվինդտին (այն ժամանակ` պարզապես Շուրիկ), առաջարկեցին Երևանում եղած լավագույնը, այն է` համանուն հյուրանոցը, որտեղ էլ նա հանգրվանեց։

Երևանը ձեզ համար Փարիզ չէ. ադամանդ ձայնով Այդինյանի վիրահատությունն ու հայրենադարձությունը

Վերևի հարկերում կասկածելի հարմարավետության համարներ էին, առաջինում` ռեստորան, շուրջբոլորը` միայն հայեր։ Քանի որ հայտնի դերասանին տպավորեց հենց ռեստորանը, մի քանի դիտարկում անենք այդ թեմայի վերաբերյալ։

Մեծ հաշվով (սպասարկում, ուտեստների որակ, սպասք) այն միջին կարգի ճաշարան էր, միայն մի տարբերությամբ` երեկոյան 8-ից հետո կենդանի երաժշտություն էր հնչում և կերած–խմածի հաշիվը (մեծ) համապատասխանում էր ռեստորանի կարգավիճակին։

Ճաշացանկի առումով էլ գերազանց չէր։ Վարունգ, լոլիկ, կանաչեղեն, պանիր, սելյոդկա` որպես նախուտեստ։ Ոչխարի խորոված, բեֆստրոգանով, ճուտ. այս ամենը որպես գլխավոր ուտեստներ` օղու, կոնյակի (մսի հետ կոնյակը սովորական երևույթ էր) կամ գինու հետ։ Կարելի էր նաև գարեջուր պատվիրել. քանի որ տեսականի չկար, միայն «Ժիգուլյովսկոյե» էին մատուցում։

Աղմուկ, աղաղակ, ծուխ, պարեր, բայց միայն մինչև երեկոյան 11-ը, դրանից հետո դուրս էին հրավիրում. դռները փակելու ժամն էր։

Այնպես ստացվեց, որ այդ օրը Շիրվինդտը ռեստորան եկավ 11-ից հետո, եկավ սոված, կանգնեց փակ դռների դիմաց, վախվխելով թակեց։ Հայտնվեց մատուցողուհին, արտիստին ճանաչեց, բացեց դուռը, սակայն զգուշացրեց. խոհանոց չկա, ուտելիք` ևս։

– Ընդհանրապե՞ս չկա, – հայավարի երկրորդ անգամ հարցրեց Շիրվինդտը։

– Ընդհանրապես, – հաստատեց մատուցողուհին։

Բայց... աղջիկը շարունակեց.

– Լավ, նստի՛ր, մի բան կմտածենք։

Մտածածը լիովին բավարարեց Շիրվինդին, այնքան, որ ուտելու ժամանակ բացված ախորժակը ինչ–որ թունդ բան պահանջեց, և նա, համարձակություն ձեռք բերելով, հարցրեց.

– Իսկ եթե օղի խնդրեմ, կարելի՞ է։

– Սալորի օղի կուզե՞ս, – հարցրեց մատուցողուհին` չխորանալով մանրուքների մեջ։

– Թանկագինս, ես այն պաշտում եմ, – ուրախացավ Շիրվինդտը։

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից

Մատուցողուհին զարմանքով նայեց նրան, և րոպեներ անց գրաֆինն արդեն սեղանին էր։ Հետագա շարադրանքը ներկայացնում ենք արտիստի խոսքերով. «Խմում եմ։ «Սա սալորի օղի չէ», – ասում եմ։ – Նա վստահեցնում է. «Սալորի է»։ Եվ այդ պահին ես կռահում եմ, որ սալորի օղին ոչ թե սալորից է, այլ չխմած բաժակներից մեկի մեջ դատարկած օղիներից։ Այդ օրվանից ես սալորի օղի չեմ խմում»։ (Ռուսերեն բառախաղ է. սալորի օղին` «сливовица», իսկ «сливать из рюмок» արտահայտությունը` «թափել բաժակներից»)։

... Հասկանալի է, որ արտիստը սալորի օղու համար չէր Երևան եկել, այլ «Հայֆիլմում» նկարահանվելու։ Տքնաջան աշխատում էին առավոտյան 6-ից, 18 ժամ անընդմեջ, կիզիչ արևի տակ, լեռներում։ Նկարահանում էին այն ժամանակ մեծ ճանաչում ունեցող «Ատամնաբույժն արևելյան» ֆիլմ–օպերետի երկու սերիաները։ Եվ ի՞նչ։

«Ցավոք, ինձնից բացի, կարծում եմ, այն ոչ ոք չի տեսել։ Թեև ես էլ ամբողջությամբ չեմ տեսել», – խոստովանում է Շիրվինդտը։

Ցավալի է։ Թեկուզ այն պատճառով, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Գեորգի Գարանյանը, դերերը կատարել են Կարպ Խաչվանքյանը, Անահիտ Թոփչյանը, Իրակլի Կավսաձեն, էլ չենք խոսում Ալեքսանդր Շիրվինդտի մասին։ Բոլորը` աստղեր, թեև այն ժամանակ նման հասկացություն չկար։

Ինչի՞ մասին էր ֆիլմ–օպերետը, որը նույնիսկ Շիրվինդտը մինչև վերջ չէր դիտել։ Թափառնիկոս (Ալեքսանդր Շիրվինդտ) անունով ատամնաբույժը, շահադիտական նկատառումներից ելնելով, ամուսնանում է մեծահարուստ կնոջ հետ և անդադար հայտնվում տարատեսակ ծիծաղելի իրավիճակներում իր սիրային արկածների պատճառով։ Նրա դուստրը` Երանյակը, սիրահարված է Լևոն անունով աղքատ մի պատանու, սակայն հայրն ուզում է ամուսնացնել նրան ունևորի հետ, որին մեծ գումար է պարտք։ Թափառնիկոսի կինը որոշում է պատժել նրան և օգնել դստերը ամուսնանալ Լևոնի հետ։ Եվ դա նրան հաջողվում է։

... Շիրվինդտն ի վերջո կարողացավ ծանոթանալ Երևանին, ուր նա այցելում էր նաև այն տարիներին, երբ ռեստորաններն արդեն նորմալ էին գործում, սեղանին մատուցվում էր հայկական խոհանոցի լավագույն ուտեստները, բաժակների մեջ էլ լցվում էր այն, ինչ ուզում էր հաճախորդը, այդ թվում` անկրկնելի հայկական սալորի օղի։

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

151
թեգերը:
Ալեքսանդր Շիրվինդտ, օղի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրունզիկի հետ ապրել նույն շենքում. ինչպիսին էր դերասանն իրական կյանքում
Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը
Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ
Армянский военнослужащий на боевой позиции

Արցախում թեժ մարտերը շարունակվում են, կորուստները ճշտվում են. Հովհաննիսյան

0
(Թարմացված է 13:27 27.09.2020)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում այս պահին էլ մարտերն ընթանում են, դրանք բավականին թեժ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը օդային և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրթիռային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տեղակայման, տարբեր նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»,- ասաց Հովհաննիսյանը:

Կորուստների ճշգրիտ չափերն այս պահին ճշտվում են: ՊՆ-ն դրանք կներկայացնի ավելի ուշ:

Հայկական կողմից զինվորականների մահվան մասին լուրերn Արծրուն Հովհաննիսյանը ևս չմեկնաբանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը՝ կեղծ լուրեր չտարածելու համար:

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչության կրած կորուստներին, Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն կան տեղեկություններ շենք-շինությունների զգալի ավերածությունների մասին՝ Արցախի փոքր բնակավայրերում ու Ստեփանակերտում:

«Արդեն մեր ձեռքի տակ կան որոշակի տեսանյութեր, ամփոփում ենք, օրվա ընթացքում կհրապարակենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Հորդորում ենք կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ-ի կոչը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

 

 

0