Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. արխիվային լուսանկար

Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում․ ինչ է ուզում Փաշինյանը, և ինչ կապ ունի դրա հետ Վանեցյանը

1163
(Թարմացված է 22:15 20.05.2020)
Հայաստանի ուժային կառույցներում վերջերս տեղի ունեցած վերադասավորումները հիմնականում կադրից դուրս են մնացել։ Սակայն մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում շատ նշանակալի գործընթացներ են ուրվագծվում։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմում հետաքրքիր կադրային իրադարձություններ են տեղի ունենում։ Մայիսի 19–ին պաշտոնից հեռացավ քննչական բաժնի պետ Արթուր Աղաջանյանը: Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու է եկել Արթուր Պողոսյանը։ Առաջին հայացքից սովորական կադրային առօրյա է. ոմանք հեռանում են, գալիս են ուրիշները։ Բայց ոչ հատուկ ծառայության դեպքում, առավել ևս ՝ ոչ Հայաստանում։ Իրավիճակն առավել լայն համատեքստում դիտարկելու դեպքում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է։

Ամեն ինչ սկսվեց ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակումից։ Մայիսի 5-ին այդ պաշտոնում նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, որը նախորդ օրն ազատվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ԺՊ-ի պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այդպիսով, նա այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկ օր։ Հետագայում նման տարօրինակ փոխատեղումը բացատրեցին օպերատիվ-քննչական աշխատանքի` թեկուզ ձևական փորձ ունենալու անհրաժեշտությամբ։

28-ամյա Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը վրդովմունքի ալիք բարձրացրեց հանրության շրջանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բացատրել՝ սա քաղաքական որոշում է։ Նրա խոսքով՝ երկար տարիներ ոստիկանությունում և ԱԱԾ-ում «դրսից» բարձր պաշտոնների չեն նշանակվել։ Փոխարենը խոստումներ հնչեցին, որ նրանք արդյունավետ կաշխատեն։ Հիմա ժամանակն է գնահատել այդ արդյունավետությունը։

ԱԱԾ տնօրենի նոր տեղակալը, Լենինը, Ստալինն ու Ախմատովան. Փաշինյանը մեկնաբանեց իր նշանակումը

Եվ այժմ ահա պարզվում է, որ ոչ բոլոր «չեկիստներին» է դուր եկել վարչապետի նման որոշումը, քանի որ Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հենց նույն օրը՝ մայիսի 5-ին։ Ղեկավարությունը դիմումը հաստատել է մայիսի 12-ին, բայց այդ մասին հայտնի դարձավ դրանից ուղիղ մեկ շաբաթ անց։ Հենց այդ ժամանակ էլ մամուլում արդեն լուրեր էին պտտվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացման մասին։

Վարչապետի կադրային որոշումը կարող է ԱԱԾ-ն «թափ տալու» ձգանը դառնալ, իսկ գուցե արդեն դարձել է։ Բանն այն է, որ Աղաջանյանին փոխարինած Պողոսյանը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Քյարամյանի մտերիմ ընկերն է։

Նոր նշանակումից առաջ նա դատախազի օգնական է եղել Շիրակի մարզում, որտեղ ժամանակին աշխատել է նաև Քյարամյանը։ Ինչպես երևում է՝ վարչապետը Քյարամյանին ԱԱԾ-ում սեփական կադրային քաղաքականություն վարելու թույլտվություն է տվել։ Եվ ԱԱԾ տնօրենի նորաթուխ տեղակալը համակարգի «երիտասարդացման» (որի մասին գրել էինք ամսվա սկզբում) առաջին ծիծեռնակն է։

Մենք հիմա չենք խոսի այն մասին, թե որքանով է արդարացված ընտրված ռազմավարությունը, քանի որ դրա համար ժամանակ է պետք։ Բայց ակնհայտ է, որ վարչապետը գտել է հատուկ ծառայությունների «ռեստարտի» հնարավորինս անցավ եղանակը՝ նշանակելով դրսից եկած երիտասարդների և դրանով «վախեցնելով» հնաբնակներին։

Բանն այն է, որ ՀՀ նոր իշխանությունն այդ հնաբնակներին ուղղված բազմաթիվ հարցեր ունի։ Առաջին հերթին այդ հարցերը կապված են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների փախուստի հետ (քրեական գործերում նրանց ներգրավելուց առաջ)։ Հայաստանում հիմա հետախուզման մեջ են երրորդ նախագահի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, երրորդ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Մի քանի օր առաջ ԱԱԾ-ի տեսադաշտից բառացիորեն անհետացավ ֆինանսների նախկին նախարարի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։ Ցանկը, ինչպես տեսնում ենք, բավական ազդեցիկ է։ Իսկ Ազգային անվտանգության ծառայությունն այս բոլոր քրեական գործերում ամենևին էլ վերջին դերում չէ։

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Արդյո՞ք Աղաջանյանի հետ այս անհետացումների թեմայով զրույց եղել է՝ հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ եղել է, բայց խնդրի առանձնահատկությունների պատճառով այդպիսի զրույցի մանրամասները հանրության սեփականությունը չեն դառնա։ Չի կարելի բացառել նաև, որ ամեն տեսակ բախումներից և սկանդալներից խուսափելու համար Աղաջանյանին խորհուրդ են տվել գեղեցիկ հեռանալ։

Սակայն սխալ կլիներ կարծել, թե ԱԱԾ-ից հեռացած կադրերը իշխանության և անձամբ Փաշինյանի համար ընդդիմություն չեն դառնա։ Անցած տարվա սեպտեմբերին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանը վարչապետի մոլի հակառակորդը դարձավ և հիմա կուսակցություն է ստեղծում։ Մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ նրան կարող են միանալ նախկին ուժայինները, այդ թվում՝ նույն Աղաջանյանը։ Վանեցյանի մամուլի ծառայությունն առայժմ չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը, բայց հայկական ներքին քաղաքականության առանձնահատկությունը բազմիցս ցույց է տվել, որ առանց կրակ ծուխ չի լինում։

Հանդիպում ԱԱԾ-ում․ Հակոբ Ճաղարյանն ասել է, թե ինչի մասին է խոսել 2 ժամվա ընթացքում

1163
թեգերը:
հետախուզվող, Հայաստան, Արթուր Վանեցյան, Նշանակում, պաշտոնանկություն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Էյֆորիան նվազել է, բայց դա չի մեծացնում նախկին իշխանության շանսերը. քաղաքագետ
Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
Վաղ թե ուշ սա պիտի լիներ, կամ ի՞նչ կփոխվի, երբ ոստիկանությունն ընդգրկվի ՆԳՆ–ի կազմում
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  

140
(Թարմացված է 17:58 28.05.2020)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է՝ ինչով են եզակի Գնիշիկի կիրճի էնեոլիթի ժամանակաշրջանի բնակավայրի տարածքի պեղումների արդյունքները։

Արենիի հայտնի քարանձավից երեք կիլոմետր հեռավորության վրա մի քանի դար առաջ խաղողի այգի է եղել։ Այստեղ աճում էր նույնանուն հայկական խաղողի էնդեմիկ տեսակը, որից իսկական «աստվածների նեկտար» էին արտադրում։

Այսօր այգիներից միայն փլատակներ են մնացել։ Տարածքում հայտնաբերված շինությունները թվագրվում են XIII-XIV դարերով։

Средневековый комплекс в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը

Կարստային Գնիշկի ձորում գտնվող էնդեմիկ այգին հայտնաբերվել է 2014 թվականին։ Այն բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած գիտական արշավախումբը։

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը

Հնագետների նույն խումբը 2007 թվականին աշխարհի համար բացահայտել է Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը որպես գինեգործության բնօրրան. այստեղ գտել են աշխարհի ամենահին գինու հնձանը։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հայտնի չէ, թե երբ է այգին հիմնվել, սակայն նման եզակի գտածոյի մասին պետք է իմանան բոլորը։

«Կորոնավիրուսի համավարակից հետո այգին բաց կլինի զբոսաշրջիկների համար», - խոստացավ Գասպարյանը։

Ինչո՞վ է այն եզակի

Ժամանակակից հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ պեղումները հին այգու տարածքում էին իրականացվում։ Պեղումները եզակի են այնտեղ հայտնաբերված գտածոների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում դեռ էնեոլիթի ժամանակաշրջանից գինեգործության ավանդույթներ են եղել։

«Մենք Գնիշիկի ձորում էնեոլիթի շրջանի բնակավայրեր ենք հայտնաբերել․ միջնադարը «ջնջել» էր դրանք։ Այստեղ հայտնաբերված վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ տեղի բնակիչները վայրի խաղող են մշակել»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ առաջիկա պեղումները պետք է հաստատեն՝ որքանով են ճշմարիտ իրենց դատողությունները։

Ինչպե՞ս է դա եղել

Այգին հայտնաբերվել է 2012 թվականին։ Այնտեղ որոշվել է պեղումներ անցկացնել այն բանից հետո, երբ հնագետները Արենիի քարանձավում խաղողի կորիզներ են հայտնաբերել։ Մինչև պեղումների մեկնարկը գիտնականներն անգամ պատկերացնել չէին կարող, որ այգի կգտնեն։

«Մենք կարծում էին, որ եթե փորենք, գինու գործարան կամ երևէ այլ բան կհայտնաբերենք», - ասաց Գասպարյանը։

Արդյունքում, սակայն, խոշոր արտադրական տնտեսական համալիր է հայտնաբերվել, որի ծագումն ու էությունը դեռ ուսումնասիրվում են։

Раскопки в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճի գտածոները

Քանի որ այգին շատ մոտ է եղել քարավանի ուղուն՝ Մետաքսի ճանապարհին, կարելի է ենթադրել, որ խաղողը տնտեսական նպատակներով է աճեցվել։ Դրա մասին են վկայում նաև այնտեղ հայտնաբերված կերամիկան ու մետաղադրամը։ Ամենայն հավանականությամբ, այգին Նորավանքին է պատկանել։ Խաղողից գինի են ստացել, դրա վաճառքից ստացած գումարով խաչքարեր սարքել, աշխատել ձեռագրերի վրա, անձնակազմ պահել։

Այգի հայերի համար

«Երբ ասում եմ այգի, նկատի ունեմ խաղողի այգի, քանի որ գրաբարում այգին հենց խաղողի այգին է։ Այգիների մյուս տեսակներն իրենց անուններն ունեին, օրինակ՝ խնձորի այգուն ասում էին «խնձորի» և այլն»,- պարզաբանեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այգի գաղափարը մեծ նշանակություն ունի հայերի ազգային ինքնության ձևավորման վրա։ Արարչի ստեղծած դրախտային այգու  նմանությամբ` արքաները, որպես երկրում Աստծու փոխարքաներ, իրենց սեփական այգիներն էին հիմնում։ Այդ պատճառով էլ մեր նախնիները խաղողի այգին դրախտ էին համարում։

Հետո արդեն այգիները, որպես հզորության խորհրդանիշ, «գնացին» Եվրոպա, ու ամեն միապետ դղյակի մոտ անպայման այգի էր հիմնում։

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

Գասպարյանը նշեց, որն մարդիկ այսօր էլ ձգտում են քաղաքից դուրս տուն կառուցել ու այնտեղ այգի տնկել, որ քաղաքի վազվզոցից հեռանալու տեղ լինի։

Համավարակից հետո Գնիշիկի ձորի «դրախտային այգին» բաց կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ գեղատեսիլ Գնիշիկի ձորը հարուստ է բնական հուշարձաններով, աղբյուրներով, որոնք հին ժամանակներից օգտագործվել են կենցաղային ու գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ընդարձակ հին էնդեմիկ խաղողի այգիները ոռոգելու համար։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ
140
թեգերը:
Հայաստան, Գնիշիկի կիրճ, Արենի, Խաղող
Ըստ թեմայի
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Խաղաղապահներ. արխիվային լուսանկար

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

120
(Թարմացված է 22:44 29.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Խաղաղապահ գործունեությունը բավական տարօրինակ կողմեր ունի, որոնց շուրջ խորհելու առիթ կա, քանզի Խաղաղապահների միջազգային օրն է։
Խաղաղություն մաղթենք խաղաղապահներին

Վերցրեք, թեկուզ, Ղարաբաղյան հակամարտությունը։ Հայերն ու ադրբեջանցիները գրեթե 30 տարի է, ինչ փաստացի պատերազմական իրավիճակում են և դրան զուգահեռ` երկուսն էլ տարիներ շարունակ խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ Այսինքն՝ միմյանց հետ լեզու չենք կարողանում գտնել ու վերջնական խաղաղություն չենք կարողանում հաստատել, բայց փորձում ենք այնպես անել, որ երրորդ երկրում խաղաղություն հաստատվի։ 

Ավելին՝ փորձեք ակնարկել, որ Ղարաբաղում կարելի է խաղաղապահ ուժեր տեղակայել, անմիջապես էլ դիմադրության կհանդիպեք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Այսինքն՝ ես պատրաստ եմ աջակցել ուրիշներին՝ հայաստանցի խաղաղապահները ներկա են Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում, բայց ինձ մոտ, խնդրում եմ, խաղաղապահներ մի բերեք, ես նրանց հանդեպ խիստ վերապահումներ ունեմ։ Վերապահումները հայտնի են, և դրանք հիմնականում երեքն են։

Առաջին՝ խաղաղապահները անաչառ չեն։ Երկրորդ՝ իրական վտանգի դեպքում խաղաղապահներն այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Եվ երրորդ՝ եթե պատերազմը վերսկսվի, այդ խաղաղապահները մի օր էլ չեն մնա, անմիջապես կհեռանան։

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Խոստովանենք՝ այս կասկածները հիմք ունեն։ Ամենաերկար խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ն իրականացնում է Մերձավոր Արևելքում։ Արաբները բողոքում են, որ խաղաղապահները չեն կարողանում սանձել հրեաներին և շատ կոնկրետ օրինակ են բերում՝ 82 թվականին իսրայելական բանակը մտավ ու գրավեց գրեթե ողջ Լիբանանը, և որևէ մեկը դրան չխոչընդոտեց։ Մյուս կողմից՝ հրեաներն են բողոքում, թե խաղաղապահները միայն արաբներին են պաշտպանում և բոլորովին չեն արձագանքում, երբ արաբական բնակավայրերից հրթիռակոծվում է Իսրայելի տարածքը։ 

Իսկ այն, որ խաղաղապահները վտանգի դեպքում կարող են հեռանալ` անպաշտպան թողնելով խաղաղ բնակիչներին, նույնպես հնարավոր չի հերքել. Ռուանդայի սարսափելի իրադարձություններն են այդ մասին վկայում։

Հենց այդպես եղավ 94 թվականին, երբ խաղաղապահների ռազմակայանում ապաստան էին գտել թութսի ցեղախմբի մոտ 2000 ներկայացուցիչներ, նրանց դեմ ատելությամբ լցված հութուները շրջապատել էին ռազմակայանը, և խաղաղապահները պարզապես թողեցին ու գնացին` հրաշալի իմանալով, թե ինչ է հետևելու, որովհետև երբ նրանք հեռանում էին, թութսիները վազում էին նրանց հետևից ու այլևս օգնություն էլ չէին խնդրում, ուղղակի ասում էին.

«Սպանեք մեզ, գոնե առանց տանջանքների կմեռնենք»։

Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը

Իհարկե, կան նաև հաջողված խաղաղապահ առաքելությունների օրինակներ։ Արևելյան Թիմորում, փաստորեն, հենց խաղաղապահները կազմակերպեցին անկախության հանրաքվեն, ինչից հետո աշխարհի քարտեզի վրա նոր պետություն առաջացավ։ Ընդհանրապես վերջին տասնամյակների ընթացքում խաղաղապահներն օգնել են քվեարկություն անցկացնել 25 երկրներում, զինաթափել են ավելի քան 400 հազար զինյալի։ 

Բայց իրավացի են նաև նրանք, ովքեր պնդում են՝ խաղաղապահի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն։ Երևի արդեն չեք հիշում, թե ինչ էր կատարվում 90-ականներին` Բոսնիայում, որտեղ խաղաղապահների թիվը հասնում էր 30 հազարի։ ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն էր ուղարկում, մեքենաների շարասյունը շարժվում էր անտառով, այդ պահին ճանապարհին հայտնվում էր դաշտային հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Ու այդ մարդն ասում էր.

«Թույլ չեմ տա ձեզ անցնել իմ վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Դուք, փաստորեն, ուզում եք օգնել իմ թշնամիներին»։

Ու վերջ։ 30 բեռնատարներից բաղկացած շարասյունը, ինչպես ասում են, լռվում էր։ Դեպք է եղել, երբ մարդասիրական բեռ փոխադրողները ստիպված են եղել այդպես կանգնել վեց օր շարունակ։ Որովհետև խաղաղապահն, իհարկե, հրազեն ունի, բայց կարող է այն կիրառել միայն մի դեպքում՝ եթե իր կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ 

Անջեյ Սիտկովսկին, որը բազմաթիվ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում, գիրք է գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

Ուղղակի մի մեջբերում այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել»։

Բոլոր դեպքերում՝ խաղաղապահի առաքելությունը հարգանքի է արժանի, որովհետև վտանգի հետ է կապված։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խաղաղապահ առաքելություններին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ, կորուստները կազմել են ավելի քան 2500 հոգի։ Եկեք, ուրեմն, ուղղակի խաղաղություն մաղթենք մեր խաղաղապահներին, որովհետև խաղաղապահին էլ ինչ է պետք՝ խաղաղություն։ 

120
թեգերը:
խաղաղապահ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը
Ուրբաթ 13. պետք է ամեն ինչից զգուշանա՞լ, թե՞ դատարկ բան է
Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

13
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

13
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ