Դոնալդ Թրամփ

Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

1446
Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, մեղմ ասած, բարվոք չէ։ Վերջին շաբաթներին հիվանդության նոր դեպքերի օրական տեմպերով մենք աշխարհի առաջատարներից ենք։

 

Կորոնավիրուս. ով է մեղավոր

Համեմատեք՝ մեզ մոտ այդ ցուցանիշը կազմել է գրեթե 8 տոկոս, այնինչ, օրինակ, Շվեդիայում, որը նույնիսկ կարանտին էլ չի հայտարարել՝ 0,8 տոկոս, մեր հարևան Վրաստանում՝ 0,9 տոկոս, Իտալիայում, որտեղ իրադրությունը մի ժամանակ սարսափելի էր, 0,2 տոկոս և այլն։ Այսինքն՝ մեր և աշխարհի գրեթե բոլոր մյուս երկրների վիճակը, կարելի է ասել, անհամեմատելի է։

 

Այնուամենայնիվ համեմատության եզրեր կան։ Հիմա, երբ արդեն պարզ է, թե ինչ է կատարվել, թե մեզ մոտ, թե ողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ է հնչում գլխավոր հարցը՝ բա ինչո՞ւ այսպես եղավ։ Չեմ ուզում անդրադառնալ այն հարցադրմանը, թե մեզ մոտ ինչու այսպես եղավ՝ ինչո՞ւ հենց սկզբից չհասկացանք կատարվողի ողջ լրջությունը, ինչո՞ւ հիմա էլ են ոմանք համոզված, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա կամ ձև են անում, թե համոզված են, ինչո՞ւ ենք մինչև հիմա քննարկում այն հարցը, թե արդյոք փողոցում էլ անհրաժեշտ է դիմակ կրել, այնինչ դրա պատասխանը վաղուց պետք է տրված լիներ։ Ով է մեղավոր՝ այս հարցը հիմա ողջ աշխարհում են տալիս։

Եթե Դոնալդ Թրամփին հարցնեք, միանշանակ կպատասխանի՝ կա երկու մեղավոր՝ Չինաստանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Բոլորս գիտենք, որ Ամերիկայի նախագահը միշտ էլ հակված է եղել ծայրահեղական հայտարարություններ անելու, բայց այս դեպքում իրոք կան հարցեր, որոնց պատասխանը պետք է տրվի։ Սկսենք Չինաստանից։

Ֆաթիմայի հրաշքը․ հավատա՞լ, թե՞ ոչ

Դոնալդ Թրամփն այդ երկրի ղեկավարությունից մանրամասն հաշվետվություն է պահանջում և սպառնում՝ եթե չբացատրեք, թե ինչպես ձեզ մոտ ծագեց այդ վիրուսը, ուղղակի կդադարեցնենք բոլոր առևտրային հարաբերությունները ձեր երկրի հետ և ոչ մի բան էլ չենք կորցնի դրանից, հակառակը՝ 500 միլիարդ դոլար կշահենք։ Մյուս մեծ տերությունների ղեկավարներն, իհարկե, այսքան սուր չեն դնում հարցը, բայց ակնարկում են, որ իրենք էլ կուզենային ստանալ որոշ հարցերի պատասխաններ։

Այստեղ, իրոք, հստակեցման կարիք կա։ Բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ կորոնավիրուսի առաջին դեպքերը Չինաստանում ի հայտ եկան դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Մի կողմ թողնենք այն մեղադրանքները, թե վիրուսը իրականում Ուհան քաղաքի լաբորատորիաներից մեկում է ծնվել։ Բայց ախր Չինաստանի իշխանությունները, արդեն իմանալով, որ մահաբեր վարակ է տարածքում, երեք շաբաթ շարունակ՝ մինչև այս տարվա հունվարի վերջերը, բացարձակ ոչինչ չարեցին դրա տարածումը կանխելու համար, չտեղեկացրեցին աշխարհին վտանգի մասին, չարգելեցին չինացի զբոսաշրջիկներին մեկնել Եվրոպա, մասնավորապես Իտալիա։

Չլիներ այդ երեքշաբաթյա անգործությունը, միգուցե համաճարակը հնարավոր կլիներ տեղայնացնել։ Համենայնդեպս հիմա արդեն Չինաստանի ղեկավարները դժվար թե կարողանան ապացուցել հակառակը։

Անցնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Նախ` թույլ տվեք մի երկու խոսք համաշխարհային կազմակերպությունների մասին ընդհանրապես։ Ախր գաղտնիք չէ, որ դրանք, այսպես ասեմ, բյուրոկրատացված են և դանդաղաշարժ։ Վերջերս Ինտերպոլի մասին մի քննադատական հոդված կարդացի։ Հեղինակը օրինակ է բերում՝ ասենք թե այդ կազմակերպության կենտրոնակայանից հրատապ էլեկտրոնային նամակ է ուղարկվում ինչ-որ երկրի՝ Իսպանիայի պատասխանատուին՝ այսօր երեկոյան ժամը 8-ին Մադրիդ է ժամանելու մի անձ, որը փնտրվում է Ինտերպոլի կողմից, կապ հաստատեք տեղի ոստիկանության հետ և ձերբակալեք նրան։ Իսպանացի պատասխանատուն, որը ամեն օր հարյուրավոր էլեկտրոնային նամակներ է ստանում, չի էլ բացում այս մեկը, ասում է՝ լավ, վաղը կկարդամ։ Դե գնա ու վաղը փնտրիր այդ կասկածյալին 3,5 միլիոնանոց Մադրիդում։

Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը

Արդյոք կասկածում եք, որ այս իմաստով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարբերվում է մնացած նման կառույցներից։ Պատկերացրեք, որ ես աշխատում եմ առողջապահության այդ կազմակերպությունում, հսկայական աշխատավարձ եմ ստանում, դուք ինձ հարցնում եք` լավ, ի՞նչ անեմ, որ չվարակվեմ, ես էլ լուրջ դեմքով ձեզ պատասխանում եմ՝ տուն մտնելուց հետո լվացեք ձեր ձեռքերը»։ Ախր այդ նույն խորհուրդը ծնողներս էին տվել տասնամյակներ առաջ, և ես մանկուց ամեն օր լվանում եմ ձեռքերս տուն մտնելիս։

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

1446
թեգերը:
Չինաստան, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Ի՞նչ արդյունք կտա Շվեդիայի համաճարակային էքսպերիմենտը
Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում
Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները
Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ
Վերջին զանգ

Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

122
(Թարմացված է 22:16 26.05.2020)
Եկեք անկեղծ լինենք: Այս տարվա շրջանավարտների բախտը, մեղմ ասած, չի բերել։ Ոչ միայն ավարտական երեկո չունեն դպրոցն ավարտողները, այլև կարծես մոռացել ենք նրանց մասին, չենք էլ խոսում։ Եկեք խոսենք։
Գոնե խոսենք ավարտական երեկոյից զրկված մեր խեղճ շրջանավարտների մասին

Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:

Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:

Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:

Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:

Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:

Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:

Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ

Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի մեկը երեքում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։

Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։

Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը

122
թեգերը:
շրջանավարտ, մասնագիտություն, դպրոց, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (148)
Ըստ թեմայի
Պատրաստեք ձեր երեխաներին բարդ կյանքին
Պատմությունը շատ լուրջ բան է, մի՛ վստահեք այն պատմաբաններին 
Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել
Անհավանական, բայց իրական. տուգանվել է, պատիժ կրել, բայց տղամարդ է` ասել է ու արել
Համակարգիչ

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

287
(Թարմացված է 18:06 26.05.2020)
Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներն այս օրերին շատերիս բարի նախանձով էին նայում. նույնիսկ գնում կատարելու համար տանից դուրս չգալն ու անհրաժեշտ ամեն ինչի համար առաքում պատվիրելն արտասահմանում ճոխություն է, մեզ մոտ առօրյա դարձավ։

Կորոնավիրուսը շատերիս կյանքն ու սովորությունները փոխեց, ու խոսքը միայն անվտանգության կանոններին հետևելու և սոցիալական հեռավորություն պահպանելու մասին չէ։ Այս իրավիճակը ստիպեց նոր հմտություններ ձեռք բերել՝ մեր առօրյայում ավելի մեծ տեղ հատկացնելով առցանց ծառայություններին։ Ես ու ինձ նման շատերը բացահայտեցինք, որ առօրյա օգտագործման, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի գնումներն առցանց անելն իսկապես հեշտացնում է կյանքը։ Կորոնավիրուսից առաջ առցանց գնման միայն մեկ անհաջող փորձ էի ունեցել՝ տաբատ էի պատվիրել, որն ինձ բացարձակ չէր սազում և անհասկանալի կարճ էր. ասեմ, որ նման բան ինձ հետ հինգերորդ դասարանից հետո չէր եղել, հակառակը՝ տաբատները միշտ երկար են լինում, որովհետև ես, մեղմ ասած, բարձրահասակ չեմ։

Արտակարգ դրության առաջին օրն իսկ ամբողջ ընտանիքով փակվեցինք տանը. հացը որոշեցինք ինքներս թխել երկու օրը մեկ անգամ, իսկ անհրաժեշտ ամեն ինչը՝ պատվիրել։ Այդպես երկու ամիսների ընթացքում ես փորձարկեցի մրգի, բանջարեղենի, սննդամթերքի առաքմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ։ Անշուշտ, առաջին օրերին եղան հիասթափություններ, նյարդային իրավիճակներ, որովհետև պարզվեց՝ իրավիճակը նոր էր ոչ միայն ինձ ու ինձ նման օնլայն գնումներ նախկինում չկատարած մարդկանց համար, այլև հենց այդ ընկերությունների. որովհետև ես և ինձ նմանները միանգամից մի գիշերում շատացանք։

«Gazar.am» ընկերությունը հիմնադրվել է մոտ երկուսուկես տարի առաջ։ Առաջին իսկ օրերից ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց, որովհետև շուկայում նորություն էր՝ մրգի և բանջարեղենի առաջին մասնագիտացված առցանց խանութն էր։ Պատվերների մեծ թիվ սկզբում չկար, քանի որ գրանցումը բացառապես առցանց էր արվում։ Հասկացան, որ ոչ բոլորն են կարողանում օգտվել համակարգչից, իսկ եթե օգտվում էլ են, հատկապես մեծերի մոտ մտավախություն կա, թե առցանց պատվեր գրանցելիս մի բան սխալ կանեն։ Որոշեցին նաև հեռախոսով պատվերներ գրանցել, այդպես այս տարիների ընթացքում ձեռք բերեցին հավատարիմ հաճախորդներ, իսկ արտակարգ դրությունը իսկապես փորձություն դարձավ ընկերության ամբողջ թիմի համար։ Հիմնադիր տնօրեն Էլեն Թադևոսյանն ասում է՝ պատվերների թիվն այնքան կտրուկ ավելացավ կարանտինի օրերին, որ իր ամբողջ ընտանիքը կամավոր միացավ աշխատանքին. հենց՝ ինքը, տնօրենը սկսեց նաև հեռախոսազանգերի պատասխանել, առաքվող փաթեթների հավաքմանը մասնակցել և այլն։

Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում

«Մեր պատվերները բառի բուն իմաստով մեկ օրվա մեջ քսանապատկվեցին, հիսունապատկվեցին։ Օր է եղել՝ ամբողջ թիմը ջուր էլ չի խմել»,- պատմում է Էլենն ու անկեղծորեն ասում՝ թերություններ լինում էին՝ կապված նաև այդ օրերին խափանումներով աշխատող ինտերնետի հետ, բայց իր գնահատականով՝ մոտ իննսուն տոկոսով աշխատանքի որակը պահվել է։ Նրա խոսքով՝ ավելացավ ոչ միայն պատվերների թիվը, այլև պատվերը՝ հաճախորդին հասցնելու եղանակները։

«Շատ հետաքրքիր դեպքեր էին լինում, որովհետև նաև պատվերներ էինք հասցնում ինքնամեկուսացած, մեկուսացած մեր հայրենակիցներին։ Դուռը ծեծում էին, պատվերը թողնում դռան առջև, պատշգամբից թել էին կախում, կապում էին առաքիչները, այդպես էին բարձրացնում»։

Ծավալն այնքան մեծ էր, որ մարզերը չկարողացան էլ ներառել աշխատանքում, թեպետ տնօրենի խոսքով` բացառություններ արվում էին հատկապես տարեց պատվիրատուների դեպքում։

«Քանի որ սահմաններն էլ փակ էին, լինում էր, որ առաքիչները հասցնում էին մարզային սահմանահատված, այնտեղից գալիս, վերցնում էին»։

Ինքնամեկուսացած պատվիրատուների համար Էլենը հետաքրքիր անակնկալներ էլ մտածեց. ծաղկեփնջերի նման կանաչիներ էր փնջում և պատվերի հետ ճանապարհ դնում՝ փորձելով բարձրացնել տանը փակված կանանց տրամադրությունը

Էլենի խոսքով՝ թեպետ «պիկն» անցել է, բայց իրենց հաճախորդների թիվն ավելացել է, որովհետև այս ընթացքում շատերն իմացան իրենց մասին, փորձեցին ու համալրեցին հավատարիմների շարքերը։ Բացի այդ, առցանց գնումներ կատարելը նաև սովորության հարց է, իսկ այս ընթացքում մարդկանց սովորություններն էլ փոխվեցին։ Հիմա արդեն, երբ վիճակը քիչ թե շատ խաղաղվել է, մտածում են օնլայն հարթակ ստեղծել նաև հայ ֆերմերների հետ, որպեսզի գյուղացու ապրանքն ուղիղ ու առանց բազմաթիվ միջնորդների ու արհեստական գնաբարձրացման գնորդին հասնի։

Առհասարակ, մեկուսացման օրերին ամենատարածված ու ամենաշատ գովազդվող օնլայն հարթակներն առաջարկում էին անմիջապես գյուղից առաքվող ապրանքներ։ Այդպես միանգամից մի քանի հարթակներ ստեղծվեցին։

IrindNatural.am-ը դրանցից ամենաառաջինն է, որովհետև դեռ կորոնավիրուսից մոտ մեկ տարի առաջ է հիմնվել։ Ընկերությունն առաջարկում է Թալինի շրջանի Իրինդ գյուղի արտադրանքը։ Պատվերները գրանցում են երեք եղանակով՝ զանգով, Facbook-ի էջով և առցանց հարթակով։ Մեկ տարեկան դառնալը նոր էին նշել, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց։ Որոշեցին իրավիճակից չօգտվել ու գնի արհեստական բարձրացում չանել, դրա կողքին էլ հայտարարեցին՝ առաքումներն անվճար են արվելու։ Ի՞նչ եղավ։ Պատվերների այնպիսի մեծ թիվ «թափվեց» ընկերության գլխին, որ մտքներով անցնել էլ չէր կարող։ Արդյունքում ինչ-որ առումով վիճակը հենց իրենց դեմ շրջվեց։

«Մի գիշերում պատվերների թիվը քառասուն, հիսուն, հետո մինչև հարյուր անգամ ավելացավ»,- այդ օրերը սարսափով հիշելով՝ պատմում է հիմնադիր տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Դա բազմակի խնդիրներ բերեց, մի կողմից՝ թիմի պակաս, մյուս կողմից՝ ինտերնետային խնդիրներ ի հայտ եկան. համակարգում կարող էր նույն պատվերը մի քանի անգամ գրանցվել, իսկ ֆորսմաժորային վիճակում ամեն ինչ ստուգելու հնարավորություն չկար։

«Իրականում ֆինանսական կորուստներ ունեցանք, որովհետև լինում էին դեպքեր, որ ապրանքը փչանում էր, մեքենաների հետ էին խնդիրներ լինում»,- պատմում է նա ու ավելացնում, որ ապրիլից իրավիճակը սկսեց կարգավորվել, նաև ռազմավարությունը փոխեցին։ Նոր մոտեցումն ու երկրում փոխված իրավիճակը պատվերների քանակը հավասարակշռեցին։ Գագիկն ասում ՝ «պիկն իջել է», բայց լավն այն է, որ նոր հաճախորդներ էլ ունեցան՝ մարդիկ, որոնք նախկինում չէին օգտվել, որովհետև դրա կարիքը չէր եղել, իրենք էին խանութ գնում, իսկ հիմա փորձեցին այս տարբերակն ու հաճախորդ դարձան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը պետության թվայնացման գործում կարևոր հարցերից է, այն չափանիշներից մեկը, որով կարող ենք արձանագրել, թե որքանով է մեր հասարակությունն օգտվում էլեկտրոնային համակարգերից և տիրապետում թվային հմտություններին։

«Թվերն օրեցօր փոփոխվում են, բայց շատ մոտավոր մոտ երեք անգամ ծավալի մեծացում ունենք»,- ասում է փոխնախարարն ու մեկնաբանում, որ էլեկտրոնային առևտուր ասելով՝ հասկանում ենք էլեկտրոնային վճարումը՝ մի դեպքում, երբ քաղաքացին այցելեց էլեկտրոնային կայք, ընտրեց համապատասխան ապրանքը, կատարեց վճարում, նշեց հասցեն և ստացավ ապրանքը։ Մյուս տարբերակը՝ քաղաքացին այցելեց խանութ, էլեկտրոնային քարտով վճարում կատարեց և վերցրեց իր ապրանքը։ Այսինքն՝ եթե առցանց հարթակով ապրանք ես պատվիրում, բայց դրա համար վճարում ես կանխիկ, ապա ստացվում է, ըստ էության, առաքման պատվեր, այլ ոչ թե էլեկտրոնային գնում։

Փոխնախարարը վստահ է՝ էլեկտրոնային գնում կատարելու համար պետք է նման սովորություն ու վստահություն ձևավորել գործարքի հանդեպ։ Այդ նպատակով առաջիկայում նախարարությունը կընդունի կիբեռանվտանգության ստանդարտներ, որոնք կլինեն ուղեցույց նման համակարգերը ստեղծելիս՝ դրանք պարտադիր պետք է բավարարեն նվազագույն պահանջները՝ ռիսկերը նվազեցնելով։

Մեր երկրում էլեկտրոնային առևտրի զարգացման համար նախարարությունը տնտեսվարողների գործընկեր է դիտարկում «Հայփոստին»։ Համաշխարհային մեծ ընկերությունները՝ Amazon, eBay և մյուսները, կարողանում են ապրանքը հասցնել գրեթե ցանկացած կետում գտնվող պատվիրատուին, որովհետև համագործակցում են մեծ ընկերությունների հետ։ Հայաստանում էլ «Հայփոստը» կարող է դառնալ այն գործընկերը, որը ծառայությունների մատուցման աշխարհագրությունը մեծացնելու հնարավորություն կտա տնտեսվարողներին։

287
թեգերը:
մթերք, առցանց վաճառք, Հայաստան
Ըստ թեմայի
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Առաջին դասարանցիների ընդունելության առցանց ստուգման փուլը սկսվել է. ի՞նչն է փոխվել
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

30
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

30
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում