Վերակենդանացման բաժանմունք

5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո

37332
(Թարմացված է 14:13 17.05.2020)
Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Նա անգամ կլինիկական մահ է տարել։ Իր զգացողությունները, տեսածն ու լսածը Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։

Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր՝ դեմքիս կկպչի։ Շուրջս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ մարդիկ էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։

«Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պատերազմի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու ու քո այս պահի վիճակը։ Օգնիր, որ մենք ու դու հաղթենք։ Լսեցի՞ր, Գայ... Ու չվախենաս, հիմա խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացված։ Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ պետք է, գրի»։

Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա առաջին մարդն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց հետո։

-Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։   

-Ամբողջ գիշեր էստեղ են եղել, հիմա էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։

-Ամբողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց, ի՞նչ ամբողջ գիշեր,– էլի մի կերպ գրում եմ։  

-է՜ Գայ, 4-րդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։                                      

Շաբաթներ անց պիտի հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «5 րոպե կլինիկական մահն էր»... Հիմա շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։ Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են աշխատում։ Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում հասկանալ, ի մի բերել գլխովդ անցածը, միայն դրվագներ են աչքիդ առաջով անցնում։      

Շտապօգնության մեքենայի ներսում առաջին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ դեմքիս։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգ։ Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում...

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Արդեն երկու շաբաթ անց հազիվ էի հավատալու, որ հասարակ թոքաբորբը կարող էր թերի բուժվել ու ամիսների ընթացքում ինձ հասցնել վերակենդանացման բաժանմունք։ Սա շատ դաժան տեղ է, այդտեղ 10 օր մնալուցս 3 ամիս է անցել, բայց դեռ գիշերները մղձավանջից վեր եմ թռչում, ինձ թվում է` խողովակներով եմ շնչում, սնվում, ապրում, դեռ խողովակներն ինձ խեղդում են։ Ու ամեն անգամ 5-7 րոպե է պահանջվում, որ հետ գամ մղձավանջից ու հասկանամ՝ սա իմ ննջասենյակն է ու կողքերս ոչ թե բաժանմունքի սարսափելի մահճակալներն են, այլ՝ աղջիկներիս օրորոցները։ 

Երբ ամուսինս ու քույրս ինձ հիվանդանոցից տուն էին բերում, 15-րդ թաղամասից Դավթաշեն տանող նորակառույց ճանապարհի մի հատվածում շատ անբնական ձայնով բղավեցի, որովհետև տարածքը ճանաչեցի. ցածր առաստաղով սենյակն այդտեղ էր, գետնի տակ, ու ես, մեծ քթերով մարդիկ` բոլորս հենց էդտեղ էինք։ Գուցե մինչև կյանքիս վերջը չհասկանամ՝ ինչու՞ հենց այդ հատվածում, ի՞նչ կա այդ նորակառույց ճանապարհի տակ, բայց էպիկրիզի «5 րոպե սրտի կանգը» փաստորեն, ինձ այդտեղ էր բերել։

Սահմանաբաժանի 10 օրերից 10 դրվագ հազիվ եմ հիշում... Ձեռքս ինչ -որ մեկը շատ ջերմ ու ամուր բռնել էր։ Մթագնած գիտակցության մշուշում հանկարծ այնքան ապահով զգացի։ Աչքերս բացեցի ու... Արտավազդ Բագրատիչն էր, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Ասաց. «Գայուշ ջան, լավ ես լինելու, չվախենաս». ու իր ասածին երևի ինքն էլ չհավատաց։ Ու փառք Աստծո, որ բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ։ Հավանաբար կողքերս շատ մահճակալներ կային, որովհետև ապարատներին միացված բազմաթիվ սրտերի աշխատանքի ձայներ էի լսում։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես այդ սրտերից մեկի ձայնը հանկարծ տարբերվեց մյուսներից... ուղիղ ու անիմաստ ազդանշան էր, ու բժիշկները վազեցին դեպի այլևս չբաբախող սիրտը։ Բայց ես ամենաշատը վախենում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա խոսել, արհեստական շնչառության ապարատով ձայն անգամ արձակել հնարավոր չէ։ Կարծում էի, եթե ապրեմ էլ, ընդմիշտ պետք է ապարատին միացված մնամ։ Դժվար էր հավատալ, որ երբևէ կկարողանամ ինքնուրույն շնչել։ Սահմանաբաժանում մնացի ճիշտ 10 օր։

«Ապաքինվելու կատաղի ցանկություն առաջացավ»․ ինչպես է Լև Լեշչենկոն հաղթահարել COVID-19-ը

Ես հիմա դողում եմ իմ ամեն օրվա ու ամեն ժամի համար։ Ես  հիմա շատ վախեր ունեմ, բայց կհաղթահարեմ, որովհետև եկել եմ սահմանաբաժանից ու լավ գիտեմ ապրելու արժեքը։ Ու ամենակարևորը՝ ինձ կյանք վերադարձած բժիշկներ, ես բոլորիդ առաջ խոնարհվում եմ, Աստված ձեզ պահապան։

37332
թեգերը:
կլինիկական մահ, վերակենդանացման բաժանմունք, հիվանդանոց, հիվանդ
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  

175
(Թարմացված է 17:58 28.05.2020)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է՝ ինչով են եզակի Գնիշիկի կիրճի էնեոլիթի ժամանակաշրջանի բնակավայրի տարածքի պեղումների արդյունքները։

Արենիի հայտնի քարանձավից երեք կիլոմետր հեռավորության վրա մի քանի դար առաջ խաղողի այգի է եղել։ Այստեղ աճում էր նույնանուն հայկական խաղողի էնդեմիկ տեսակը, որից իսկական «աստվածների նեկտար» էին արտադրում։

Այսօր այգիներից միայն փլատակներ են մնացել։ Տարածքում հայտնաբերված շինությունները թվագրվում են XIII-XIV դարերով։

Средневековый комплекс в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը

Կարստային Գնիշկի ձորում գտնվող էնդեմիկ այգին հայտնաբերվել է 2014 թվականին։ Այն բացահայտել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի ղեկավարած գիտական արշավախումբը։

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը

Հնագետների նույն խումբը 2007 թվականին աշխարհի համար բացահայտել է Արենիի նեոլիթյան քարանձավների համալիրը որպես գինեգործության բնօրրան. այստեղ գտել են աշխարհի ամենահին գինու հնձանը։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ, խաղողի այգի

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ հայտնի չէ, թե երբ է այգին հիմնվել, սակայն նման եզակի գտածոյի մասին պետք է իմանան բոլորը։

«Կորոնավիրուսի համավարակից հետո այգին բաց կլինի զբոսաշրջիկների համար», - խոստացավ Գասպարյանը։

Ինչո՞վ է այն եզակի

Ժամանակակից հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ պեղումները հին այգու տարածքում էին իրականացվում։ Պեղումները եզակի են այնտեղ հայտնաբերված գտածոների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանում դեռ էնեոլիթի ժամանակաշրջանից գինեգործության ավանդույթներ են եղել։

«Մենք Գնիշիկի ձորում էնեոլիթի շրջանի բնակավայրեր ենք հայտնաբերել․ միջնադարը «ջնջել» էր դրանք։ Այստեղ հայտնաբերված վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ տեղի բնակիչները վայրի խաղող են մշակել»,-ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ առաջիկա պեղումները պետք է հաստատեն՝ որքանով են ճշմարիտ իրենց դատողությունները։

Ինչպե՞ս է դա եղել

Այգին հայտնաբերվել է 2012 թվականին։ Այնտեղ որոշվել է պեղումներ անցկացնել այն բանից հետո, երբ հնագետները Արենիի քարանձավում խաղողի կորիզներ են հայտնաբերել։ Մինչև պեղումների մեկնարկը գիտնականներն անգամ պատկերացնել չէին կարող, որ այգի կգտնեն։

«Մենք կարծում էին, որ եթե փորենք, գինու գործարան կամ երևէ այլ բան կհայտնաբերենք», - ասաց Գասպարյանը։

Արդյունքում, սակայն, խոշոր արտադրական տնտեսական համալիր է հայտնաբերվել, որի ծագումն ու էությունը դեռ ուսումնասիրվում են։

Раскопки в Гнишикадзоре
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճի գտածոները

Քանի որ այգին շատ մոտ է եղել քարավանի ուղուն՝ Մետաքսի ճանապարհին, կարելի է ենթադրել, որ խաղողը տնտեսական նպատակներով է աճեցվել։ Դրա մասին են վկայում նաև այնտեղ հայտնաբերված կերամիկան ու մետաղադրամը։ Ամենայն հավանականությամբ, այգին Նորավանքին է պատկանել։ Խաղողից գինի են ստացել, դրա վաճառքից ստացած գումարով խաչքարեր սարքել, աշխատել ձեռագրերի վրա, անձնակազմ պահել։

Այգի հայերի համար

«Երբ ասում եմ այգի, նկատի ունեմ խաղողի այգի, քանի որ գրաբարում այգին հենց խաղողի այգին է։ Այգիների մյուս տեսակներն իրենց անուններն ունեին, օրինակ՝ խնձորի այգուն ասում էին «խնձորի» և այլն»,- պարզաբանեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այգի գաղափարը մեծ նշանակություն ունի հայերի ազգային ինքնության ձևավորման վրա։ Արարչի ստեղծած դրախտային այգու  նմանությամբ` արքաները, որպես երկրում Աստծու փոխարքաներ, իրենց սեփական այգիներն էին հիմնում։ Այդ պատճառով էլ մեր նախնիները խաղողի այգին դրախտ էին համարում։

Հետո արդեն այգիները, որպես հզորության խորհրդանիշ, «գնացին» Եվրոպա, ու ամեն միապետ դղյակի մոտ անպայման այգի էր հիմնում։

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

Գասպարյանը նշեց, որն մարդիկ այսօր էլ ձգտում են քաղաքից դուրս տուն կառուցել ու այնտեղ այգի տնկել, որ քաղաքի վազվզոցից հեռանալու տեղ լինի։

Համավարակից հետո Գնիշիկի ձորի «դրախտային այգին» բաց կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ գեղատեսիլ Գնիշիկի ձորը հարուստ է բնական հուշարձաններով, աղբյուրներով, որոնք հին ժամանակներից օգտագործվել են կենցաղային ու գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես՝ ընդարձակ հին էնդեմիկ խաղողի այգիները ոռոգելու համար։

 Виноградник в каньоне Гнишикадзор
© Photo : provided by Boris Gasparyan
Գնիշիկի կիրճ
175
թեգերը:
Հայաստան, Գնիշիկի կիրճ, Արենի, Խաղող
Ըստ թեմայի
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Խաղաղապահներ. արխիվային լուսանկար

Ի՞նչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց այն մարելու իրավունք չունի

124
(Թարմացված է 22:44 29.05.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Խաղաղապահ գործունեությունը բավական տարօրինակ կողմեր ունի, որոնց շուրջ խորհելու առիթ կա, քանզի Խաղաղապահների միջազգային օրն է։
Խաղաղություն մաղթենք խաղաղապահներին

Վերցրեք, թեկուզ, Ղարաբաղյան հակամարտությունը։ Հայերն ու ադրբեջանցիները գրեթե 30 տարի է, ինչ փաստացի պատերազմական իրավիճակում են և դրան զուգահեռ` երկուսն էլ տարիներ շարունակ խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ Այսինքն՝ միմյանց հետ լեզու չենք կարողանում գտնել ու վերջնական խաղաղություն չենք կարողանում հաստատել, բայց փորձում ենք այնպես անել, որ երրորդ երկրում խաղաղություն հաստատվի։ 

Ավելին՝ փորձեք ակնարկել, որ Ղարաբաղում կարելի է խաղաղապահ ուժեր տեղակայել, անմիջապես էլ դիմադրության կհանդիպեք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Այսինքն՝ ես պատրաստ եմ աջակցել ուրիշներին՝ հայաստանցի խաղաղապահները ներկա են Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում, բայց ինձ մոտ, խնդրում եմ, խաղաղապահներ մի բերեք, ես նրանց հանդեպ խիստ վերապահումներ ունեմ։ Վերապահումները հայտնի են, և դրանք հիմնականում երեքն են։

Առաջին՝ խաղաղապահները անաչառ չեն։ Երկրորդ՝ իրական վտանգի դեպքում խաղաղապահներն այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Եվ երրորդ՝ եթե պատերազմը վերսկսվի, այդ խաղաղապահները մի օր էլ չեն մնա, անմիջապես կհեռանան։

Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Խոստովանենք՝ այս կասկածները հիմք ունեն։ Ամենաերկար խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ն իրականացնում է Մերձավոր Արևելքում։ Արաբները բողոքում են, որ խաղաղապահները չեն կարողանում սանձել հրեաներին և շատ կոնկրետ օրինակ են բերում՝ 82 թվականին իսրայելական բանակը մտավ ու գրավեց գրեթե ողջ Լիբանանը, և որևէ մեկը դրան չխոչընդոտեց։ Մյուս կողմից՝ հրեաներն են բողոքում, թե խաղաղապահները միայն արաբներին են պաշտպանում և բոլորովին չեն արձագանքում, երբ արաբական բնակավայրերից հրթիռակոծվում է Իսրայելի տարածքը։ 

Իսկ այն, որ խաղաղապահները վտանգի դեպքում կարող են հեռանալ` անպաշտպան թողնելով խաղաղ բնակիչներին, նույնպես հնարավոր չի հերքել. Ռուանդայի սարսափելի իրադարձություններն են այդ մասին վկայում։

Հենց այդպես եղավ 94 թվականին, երբ խաղաղապահների ռազմակայանում ապաստան էին գտել թութսի ցեղախմբի մոտ 2000 ներկայացուցիչներ, նրանց դեմ ատելությամբ լցված հութուները շրջապատել էին ռազմակայանը, և խաղաղապահները պարզապես թողեցին ու գնացին` հրաշալի իմանալով, թե ինչ է հետևելու, որովհետև երբ նրանք հեռանում էին, թութսիները վազում էին նրանց հետևից ու այլևս օգնություն էլ չէին խնդրում, ուղղակի ասում էին.

«Սպանեք մեզ, գոնե առանց տանջանքների կմեռնենք»։

Բանական արարածներ լուսնի վրա․ խաբեություն, որը հաջողությամբ իրականացրեց ամերիկյան թերթը

Իհարկե, կան նաև հաջողված խաղաղապահ առաքելությունների օրինակներ։ Արևելյան Թիմորում, փաստորեն, հենց խաղաղապահները կազմակերպեցին անկախության հանրաքվեն, ինչից հետո աշխարհի քարտեզի վրա նոր պետություն առաջացավ։ Ընդհանրապես վերջին տասնամյակների ընթացքում խաղաղապահներն օգնել են քվեարկություն անցկացնել 25 երկրներում, զինաթափել են ավելի քան 400 հազար զինյալի։ 

Բայց իրավացի են նաև նրանք, ովքեր պնդում են՝ խաղաղապահի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն։ Երևի արդեն չեք հիշում, թե ինչ էր կատարվում 90-ականներին` Բոսնիայում, որտեղ խաղաղապահների թիվը հասնում էր 30 հազարի։ ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն էր ուղարկում, մեքենաների շարասյունը շարժվում էր անտառով, այդ պահին ճանապարհին հայտնվում էր դաշտային հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Ու այդ մարդն ասում էր.

«Թույլ չեմ տա ձեզ անցնել իմ վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Դուք, փաստորեն, ուզում եք օգնել իմ թշնամիներին»։

Ու վերջ։ 30 բեռնատարներից բաղկացած շարասյունը, ինչպես ասում են, լռվում էր։ Դեպք է եղել, երբ մարդասիրական բեռ փոխադրողները ստիպված են եղել այդպես կանգնել վեց օր շարունակ։ Որովհետև խաղաղապահն, իհարկե, հրազեն ունի, բայց կարող է այն կիրառել միայն մի դեպքում՝ եթե իր կյանքին անմիջական վտանգ է սպառնում։ 

Անջեյ Սիտկովսկին, որը բազմաթիվ առաքելությունների է մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում, գիրք է գրել, որը կոչվում է «ՄԱԿ-ի խաղաղապահությունը՝ միֆ և իրականություն»։

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

Ուղղակի մի մեջբերում այդ գրքից. «Ինչ կարելի է սպասել հրշեջից, որը հրդեհը տեսնում է, բայց իրավունք չունի այն մարել` մինչև չստանա քաղաքապետարանի համաձայնությունը, իսկ ջուրը կարող է օգտագործել միայն այն դեպքում, երբ կրակը մոտեցել է իրեն, և կոշիկներն են սկսել այրվել»։

Բոլոր դեպքերում՝ խաղաղապահի առաքելությունը հարգանքի է արժանի, որովհետև վտանգի հետ է կապված։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո խաղաղապահ առաքելություններին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն մարդ, կորուստները կազմել են ավելի քան 2500 հոգի։ Եկեք, ուրեմն, ուղղակի խաղաղություն մաղթենք մեր խաղաղապահներին, որովհետև խաղաղապահին էլ ինչ է պետք՝ խաղաղություն։ 

124
թեգերը:
խաղաղապահ, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը
Ուրբաթ 13. պետք է ամեն ինչից զգուշանա՞լ, թե՞ դատարկ բան է
Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը
Հայկ Կոնջորյան

«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

0
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել 8676–ի։

0